Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2026 թվականի N 757-Ա
«ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող, 21 407 868.92 դրամ անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, քաղաք Վանաձոր Բանակի փողոց թիվ 8 գ-1 հասցեում գտնվող, 214,64 քառ. մետր մակերեսով շենքով և 5,6 քառ. մետր մակերեսով հարթակով, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.02334 հեկտար մակերեսով հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2056782 վկայական, այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին (այսուհետ՝ նախարար)՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը՝ առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.
2) գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով։
4. Գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
5. Նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կոմիտեի նախագահի հետ համատեղ, սահմանված կարգով, ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնելով կոմիտեի միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
27.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |