ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 77120/16
Վահե ԲԱԲԱՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի փետրվարի 12-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovsky],
Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2016 թվականի դեկտեմբերի 7-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 77120/16) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 1969 թվականին ծնված և Երևանում բնակվող Հայաստանի քաղաքացի պրն Վահե Բաբայանի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Հ. Գրիգորյանը,
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ խախտմանն առնչվող բողոքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն)՝ ի դեմս միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի, ծանուցելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը․
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գանգատն առնչվում է դիմումատուի այն պնդմանը, որ վերջինս զրկվել է քրեական գործերով վերաքննիչ դատարանի մատչելիության իրավունքից՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի չհիմնավորված կիրառման պատճառով: Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի վրա։
2. 2015 թվականի դեկտեմբերի 29-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը (Վարչական շրջանների դատարան) դիմումատուին մեղավոր է ճանաչել նախկին Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մեջ (դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելը), սակայն ազատել է վերջինիս քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Նախկին քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոք է ներկայացվում վճռի հրապարակման օրվանից հետո մեկամսյա ժամկետում։
3. 2016 թվականի փետրվարի 16-ին դիմումատուն ստացել է Վարչական շրջանների դատարանի որոշումը։
4. 2016 թվականի փետրվարի 29-ին դիմումատուն միջնորդություն է ներկայացրել Վարչական շրջանների դատարան՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված ժամկետը վերականգնելու խնդրանքով՝ այն հիմքով, որ վերջինս վճիռն ստացել էր ուշացումով։
5. 2016 թվականի մարտի 4-ին, Վարչական շրջանների դատարանը քննել է միջնորդությունն ու բավարարել այն՝ վերականգնելով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետը։ Դատարանի որոշման մեջ նշվում էր, որ այն ուժի մեջ կմտնի հրապարակման ամսաթվից: Դիմումատուն ներկայացել է նիստին, սակայն հեռացել է, երբ այն ավարտվել է ՝ չսպասելով որոշման հրապարակմանը։
6. 2016 թվականի մարտի 12-ին դիմումատուն դատարանի որոշումն ստացել է փոստով։
7. 2016 թվականի ապրիլի 6-ին դիմումատուն Վարչական շրջանների դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։
8. 2016 թվականի ապրիլի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը վարույթ ընդունել այն հիմքով, որ դիմումատուն խախտել է վերաքննիչ բողոք ներկայացնելու մեկամսյա ժամկետը, որը դատարանի որոշմամբ վերսկսվել էր ամենաուշը 2016 թվականի մարտի 4-ին:
9. Դիմումատուն Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն 2016 թվականի օգոստոսի 16-ին բողոքը ճանաչվել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
10. Դիմումատուն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, բողոքել է, որ ինքը զրկվել է Վերաքննիչ քրեական դատարանի մատչելիության իրավունքից՝ բողոքարկման ժամկետի չհիմնավորված կիրառման պատճառով։ Նա պնդել է, որ վերը նշված ժամկետը վերսկսվել է 2016 թվականի մարտի 12-ից՝ այն ամսաթվից, երբ նախնական ժամկետը վերականգնելու մասին որոշումն ուղարկվել է իրեն:
11. Բարձր ատյանի դատարանների մատչելիության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ կիրառվող սկզբունքները դատարանի կողմից ամփոփվել են Զուբաքն ընդդեմ Խորվաթիայի [Zubac v. Croatia] գործում ([ՄՊ][GC], թիվ 40160/12, §§ 78-86, 2018 թվականի ապրիլի 5):
12. Դատարանը վերահաստատում է, որ առաջին հերթին ազգային դատարաններն են լիազորված կարգավորելու դատավարական կանոններին առնչվող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բողոքարկման ժամկետները։ Նշված կանոնները նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և մասնավորապես՝ իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը: Դատավարության մասնակիցները պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կիրառվելու են։ Այսպիսով, վիճարկվող կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցներին օգտվելու առկա իրավական պաշտպանության միջոցներից (տե՛ս Կանյետե դե Գոնին ընդդեմ Իսպանիայի [Cagnete de Goni V. Spain] գործը, թիվ 55782/00, §36, ՄԻԵԴ 2002-VIII և Միրագալ Էսկոլանոն և այլք ընդդեմ Իսպանիայի [Miragall Escolano and others V. Spain], թիվ 38366/97 և 9 այլ գործեր, §§ 33 և 36, ՄԻԵԴ 2000-I):
13. Դատարանը նկատում է, որ դիմումատուն բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված սկզբնական ժամկետը՝ վճիռն ուշացումով ստանալու պատճառով։ Հետևաբար Վարչական շրջանների դատարանը վերականգնել է ժամկետը 2016 թվականի մարտի 4-ին կայացրած իր որոշմամբ, որը հանձնվել է դիմումատուին 2016 թվականի մարտի 12-ին։
14. Որոշման մեջ հստակ նշվում էր, որ այն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը): Դրանից հետևում է, որ վերականգնված մեկամսյա ժամկետը վերսկսել է այդ ամսաթվից, այն է ՝ 2016 թվականի մարտի 4-ից։
15. Դիմումատուն իր հաշվարկները կատարելիս հիմնվել է Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման վրա: Տվյալ որոշման մեջ նշվում էր, որ բողոքարկողները պետք է իրենց տրամադրության տակ ունենային բողոքարկվող դատարանի որոշումը՝ այն ուսումնասիրելու և իրենց վերաքննիչ բողոքը հիմնավորելու համար. սույն կետը, ըստ էության, ընդունվել է նաև Դատարանի կողմից իր նախադեպային իրավունքում (տե՛ս վերևում հիշատակված՝ Միրագալ Էսկոլանոյի և այլոց [Miragall Escolano and Others] գործը, § 37-ի վերջում): Սահմանադրական դատարանը նաև գտել է, որ inter alia (ի թիվս այլնի) բողոքարկման ենթակա որոշման հանձնումն ուշացնելու հետևանքով բաց թողնված ժամկետները պետք է վերականգնվեն ex jure (իրավունքի ուժով)՝ առանց դատական հայեցողության (տե՛ս Վաչիկ Կարապետյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Vachik Karapetyan and Others v. Armenia] գործը, թիվ 15736/16, §§ 54-58, 2025 թվականի մայիսի 15): Դատարանը, սակայն, նշում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը վերաբերում էր բողոքարկվող որոշման հանձնման հետ կապված ուշացումներին, այլ ոչ թե սահմանված ժամկետի վերականգնմանն առնչվող դատավարական որոշումներին: Հետևաբար այդ որոշմամբ չի հիմնավորվում դիմումատուի այն առարկությունը, որ բողոքարկման ժամկետը վերականգնվում է դատարանի որոշումը հանձնելուց հետո։
16. Բողոքարկման ենթակա որոշումը հանձնվել է դիմումատուին 2016 թվականի փետրվարի 16-ին՝ հնարավորություն ընձեռելով վերջինիս ծանոթանալու դրա բովանդակությանը, հետևաբար նաև կազմելու իր վերաքննիչ բողոքը։ Այս առումով ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշման առկայությունն էական նշանակություն չուներ, քանի որ դրա միակ դատավարական գործառույթն էր հնարավորություն տալ դիմումատուին վերաքննիչ բողոքը ներկայացնել դատարան: Մասնավորապես դիմումատուն ողջամտորեն կարող էր ենթադրել, որ այդ ժամկետը կվերականգնվի՝ հաշվի առնելով, որ Վարչական շրջանների դատարանը այդ հարցում չուներ դատական հայեցողություն (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Ավելին, դիմումատուն ներկա է գտնվել Վարչական շրջանների դատարանի նիստին և տեղեկացվել է, որ որոշումը կհրապարակվի նույն օրը, սակայն նախընտրել է չսպասել դրա հրապարակմանը: Չնայած դիմումատուն պնդում էր, որ որոշումը հրապարակելու կոնկրետ ժամանակ չի նշվել, նախագահող դատավորի և դատարանի քարտուղարի կողմից ստորագրված դատական նիստի արձանագրության մեջ նշվում է, որ դատարանը հայտարարել է, որ որոշումը հրապարակվելու է նույն օրը՝ ժամը 12:30-ին: Այդ արձանագրությունը չի վիճարկվել ներպետական դատարաններում, և Դատարանը հիմք չի տեսնում դրա ճշգրտությունը կասկածի տակ դնելու համար: Ամեն դեպքում, քանի որ դիմումատուն հնարավորություն ուներ նախապատրաստելու իր վերաքննիչ բողոքը դատարանի որոշումը ստանալուց հետո, 2016 թվականի մարտի 12-ի ժամկետը վերականգնելու վերաբերյալ որոշումը հրապարակելուց հետո մնացած ժամանակահատվածը նրան դեռ բավարար ժամանակ էր տալիս այն ներկայացնելու մինչև 2016 թվականի ապրիլի 4-ի վերջնաժամկետը:
17. Նշված հանգամանքներում և հաշվի առնելով ազգային դատարանների առաջնային դերը ժամկետների վերաբերյալ կանոնները մեկնաբանելու գործում՝ չի կարելի ասել, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը անհամաչափ խոչընդոտ է հանդիսացել, որը խաթարել է դիմումատուի՝ դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը կամ դուրս է եղել ազգային իշխանությունների հայեցողության շրջանակներից։ Հետևաբար դիմումատուի՝ 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ներկայացված բողոքն ակնհայտորեն անհիմն է:
18. Դիմումատուն վերահաստատել է միևնույն բողոքը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի և Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածին համապատասխան։ Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ սույն բողոքները նույնպես ակնհայտորեն անհիմն են։
19. Հետևաբար գանգատը պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի մարտի 12-ին։
|
Մարտինա Կելլեր`
Բաժանմունքի քարտուղարի տեղակալ |
Անդրեաս Զունդ`
Նախագահ |