ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿՈԲ ԱԲԱՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 30223/15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 29.05.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.03.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատ թիվ 30223/15

 

Հակոբ ԱԲԱՋՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի փետրվարի 12-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovsky],

Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 1990 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի պրն Հակոբ Աբաջյանի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Հ. Գյուրջինյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2015 թվականի հունիսի 16-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 30223/15),

գանգատի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն), որը ներկայացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու վերաբերյալ որոշումը,

կողմերի դիտարկումները,

գանգատը Հանձնաժողովի կողմից քննելու վերաբերյալ Կառավարության առարկությունը մերժելու մասին որոշումը,

անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը․

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Գանգատը վերաբերում է քրեական վարույթի վաղ փուլերում իրավաբանի ծառայություններին մատչելիության ենթադրյալ մերժմանը և դատաքննության ընդհանուր արդարացիության վրա դրա թողած ազդեցությանը, ինչն առաջացնում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն հարցեր:

2. 2011 թվականի օգոստոսի 31-ին Ա.-ն և նրա ամուսինը սպանվել են։

3. 2011 թվականի սեպտեմբերի 1-ին Ա.-ի մարմինը հայտնաբերվել է, սակայն Յ.-ի մարմնի գտնվելու վայրն այդ ժամանակ անհայտ էր:

4. 2011 թվականի հոկտեմբերի 26-ին դիմումատուն և նրա հայրը, որոնք երկուսն էլ ճանաչել են զոհերին, սպանության կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության բաժին: Դիմումատուն գրավոր հայտարարել է, որ իր իրավունքներն իրեն պարզաբանվել են, և որ վերջինս չի ցանկանում օգտվել իրավաբանի ծառայություններից: Ապա նրան հարցաքննել են, և նա ցուցմունք է տվել սպանության օրը իր գտնվելու վայրի և հեռախոսազանգերի վերաբերյալ։ Այնուհետև նա պաշտոնապես ձերբակալվել է Ա.-ի սպանության կասկածանքով: Ձերբակալման արձանագրությունը պարունակում էր դիմումատուի՝ որպես կասկածյալի դատավարական իրավունքները, ներառյալ՝ իրավաբանական օգնություն ստանալու, ինչպես նաև ինքնամեղադրական բնույթի ցուցմունք չտալու իրավունքը, և այն ստորագրվել էր վերջինիս կողմից:

5. Ժամը 21։40-ի և 23։10-ի միջև ընկած ժամանակահատվածում դիմումատուն կրկին հարցաքննվել է և խոստովանել, որ ինքն ու իր հայրն են սպանել երկու զոհերին՝ մանրամասն տեղեկություններ տրամադրելով սպանությունների մասին։ Մինչ հարցաքննությունը սկսելը դիմումատուն կրկին գրավոր հայտարարել է, որ չի ցանկանում օգտվել իրավաբանի ծառայություններից և ի վիճակի է պաշտպանել իրեն։

6. Կեսգիշերին մոտ իրավաբաններ Ն.-ն և Ռ.-ն, որոնց վարձել էր դիմումատուի մայրը, ժամանել են ոստիկանության բաժին, սակայն նրանց թույլ չեն տվել տեսնել դիմումատուին։ Այնուհետև դիմումատուն գրավոր ցուցմունք է տվել՝ նշելով, որ չի ցանկանում այդ իրավաբանների կամ առհասարակ որևէ այլ իրավաբանի ծառայություններից օգտվել։

7. 2011 թվականի հոկտեմբերի 28-ին քննիչները կատարել են հանցագործության վայրի վերականգնում, որի ընթացքում դիմումատուն հաստատել է, որ ինքը չի ցանկանում օգտվել իրավաբանական օգնություն ստանալու իր իրավունքից և ներկայացրել է իրադարձությունների մանրամասն շարադրանքը: Նա ցույց է տվել, թե որտեղ էր թաղված Յ.-ի մարմինը և սպանությանն առնչվող այլ առարկաներ։ Նույն օրը՝ ավելի ուշ, նա կրկին հարցաքննվել է՝ կրկին հրաժարվելով իրավաբանի աջակցությունից և վերահաստատել իր խոստովանությունը։ Ե՛վ հանցագործության վայրի վերականգնումը, ե՛ւ հաջորդող հարցաքննությունը տեսաձայնագրվել են, գրավոր փաստագրվել և փաստաթուղթը ստորագրվել է դիմումատուի կողմից։

8. 2011 թվականի հոկտեմբերի 29-ին դիմումատուին և նրա հորը մեղադրանք է առաջադրվել ծանրացնող հանգամանքներում կատարված սպանության համար: Վարույթի ավելի ուշ փուլում այդ մեղադրանքներն ընդլայնվել են՝ ներառելով ծանրացնող հանգամանքներում առևանգումն ու ապօրինի կերպով զենք պահելը, իսկ դիմումատուի հոր նկատմամբ՝ նաև ծանրացնող հանգամանքներում խարդախությունն ու սուտ ցուցմունք տալուն դրդելը։

9. Նույն օրը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (Վարչական շրջանների դատարան) որոշում է կայացրել դիմումատուին և նրա հորը կալանավորելու մասին։ Իր կալանքի մասով նիստի ընթացքում դիմումատուն դատավորի ներկայությամբ պնդել է, որ չի ցանկանում օգտվել իրավաբանի ծառայություններից։

10. Նույն օրը դիմումատուն տեղափոխվել է Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

11. 2011 թվականի հոկտեմբերի 31-ին դիմումատուն քննիչին ներկայացրած գրավոր միջնորդությամբ խնդրել է թույլատրել իրավաբաններ Ն.-ի և Ռ-ի մասնակցությունը վարույթին։

12. 2011 թվականի նոյեմբերի 8-ին իրավաբաններ Ն.-ն և Ռ.-ն ներառվել են որպես դիմումատուի պաշտպաններ։

13. 2011 թվականի դեկտեմբերի 23-ին դիմումատուն բողոք է ներկայացրել քրեական հետապնդում իրականացնող մարմիններին՝ պնդելով, որ իրեն ծեծի են ենթարկել և հարկադրել հրաժարվել իրավաբանի ծառայություններից օգտվելու իր իրավունքից և ինքնամեղադրական բնույթի ցուցմունքներ տալ: Նա պնդել է, որ իր հայտարարությունները թելադրված են եղել իրեն և չեն համապատասխանել իրականությանը: 2012 թվականի հունվարի 1-ին նա ևս մեկ բողոք է ներկայացրել՝ պնդելով, որ մարմնական վնասվածքներն ստացել է այդպիսի դաժան վերաբերմունքի հետևանքով և պահանջել քրեական վարույթ հարուցել ոստիկանության ծառայողների դեմ: Երկու բողոքներն էլ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ քննության։

14. 2012 թվականի փետրվարի 20-ին ՀՔԾ-ն եզրակացրել է, որ դիմումատուի պնդումների համաձայն չեն բացահայտվում քրեական հանցագործության հատկանիշներ, և մերժել է քրեական վարույթ հարուցելը: Իր եզրակացությունը կայացնելիս ՀՔԾ-ն, inter alia (ի թիվս այլնի), ապավինել է իր քննության արդյունքներին, քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս դիմումատուի մարմնի տեսողական զննության արձանագրությանը, հանցագործության վայրի վերականգնման տեսագրությանը և դիմումատուի հետագա հարցաքննությանը, վկաների ցուցմունքներին և դիմումատուի մարմնի դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։ Դատաբժշկական փորձաքննության համապատասխան եզրակացության մեջ նշվել է դիմումատուի ձեռքի մաշկի գույնի թեթև փոփոխության և վերջինիս ոտքի մատներից մեկի եղունգի տակ գտնվող հեմատոմայի առկայության մասին, սակայն ըստ եզրակացության՝ դրանք չեն կարող առաջացած լինել նշված ժամանակահատվածում, մասնավորապես՝ 2011 թվականի հոկտեմբերի 26-ից 29-ը։ Դիմումատուն բողոքարկել է ՀՔԾ-ի որոշումը դատարաններում, սակայն նրա բողոքարկումները մերժվել են անհիմն լինելու հիմքով:

15. 2012 թվականի հունիսի 5-ին գործն ուղարկվել է Վարչական շրջանների դատարան՝ ըստ էության քննության համար։

16. Դատավարության ընթացքում դիմումատուի հայրն ընդունել է, որ ինքն է Յ.-ին մահ պատճառել, պնդելով որ դա տեղի է ունեցել կռվի ընթացքում՝ պատահական, և որ ինքը չի հիշում մանրամասները։ Նա հերքել է Ա.-ի սպանության մեջ իր ներգրավվածությունը։ Դիմումատուն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ինքնամեղադրական բնույթի ցուցմունքներից՝ պնդելով, որ դրանք ստացվել են ճնշման արդյունքում, մասնավորապես՝ ծեծի ենթարկվելու և իր հոր նկատմամբ ցմահ ազատազրկում չպահանջելու խոստումներով մանիպուլյացիայի ենթարկելու միջոցով: Նա նաև պնդել է, որ խախտվել է իրավաբանի ծառայություններից օգտվելու իր իրավունքը և խնդրել է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներն անընդունելի ճանաչել։ Այնուհետև նա պնդել է, որ ըստ էության, համաձայն է դատարանում իր հոր կողմից տրված ցուցմունքների հետ և հրաժարվել է իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ որևէ նոր ցուցմունք տալ:

17. 2013 թվականի նոյեմբերի 4-ին Վարչական շրջանների դատարանը դիմումատուի հորը և դիմումատուին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել նրանց համապատասխանաբար ցմահ ազատազրկման և 16 տարի ազատազրկման: Դատարանը հենվել է, inter alia, դիմումատուի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների, 2011 թվականի հոկտեմբերի 28-ի հանցագործության վայրի վերականգնման արձանագրության, դիմումատուի հոր ցուցմունքների, բազմաթիվ վկաների ցուցմունքների, հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների, դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրությունների, դիահերձման արձանագրությունների, այլ փաստաթղթերի և իրեղեն ապացույցների վրա: Վարչական շրջանների դատարանն ուսումնասիրել է նաև դիմումատուի պնդումները իր նկատմամբ վատ վերաբերմունքի և իր պաշտպանության իրավունքների խախտման առնչությամբ և դրանք ճանաչել անհիմն։

18. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։

19. 2014 թվականի հուլիսի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել որոշումը։

20. Այնուհետև դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել։

21. 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

22. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ վարույթի նախնական փուլում իրավաբանի ծառայություններից օգտվելու հնարավորություն չունենալու և իրավաբանի բացակայության պայմաններում ձեռք բերված ապացույցների հետագա օգտագործման արդյունքում իր նկատմամբ իրականացված դատաքննության անարդարացի լինելու վերաբերյալ: Նա պնդել է, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից հրաժարվելը չի եղել կամավոր։

23. Իրավաբանական ծառայություններից օգտվելու իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Բեուզեն ընդդեմ Բելգիայի [Beuze v. Belgium] գործում ([ՄՊ], թիվ 71409/10, «« 119-50, 2018 թվականի նոյեմբերի 9), իսկ այդ իրավունքից հրաժարվելու վերաբերյալ՝ Սիմեոնովին ընդդեմ Բուլղարիայի [Simeonovi v. Bulgaria] գործում ([ՄՊ], թիվ 21980/04, « 115, 2017 թվականի մայիսի 12):

24. Դատարանը նկատում է, որ այն պահից սկսած, երբ դիմումատուն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, նրան «քրեական մեղադրանք» է առաջադրվել, և իրավաբանի ծառայություններից օգտվելու վերջինիս իրավունքը սկսում էր գործել (տե՛ս վերևում՝ Բեուզեի [Beuze] գործը, « « 119 և 124):

25. Անվիճելի է, որ դիմումատուն չի ստացել իրավաբանական օգնություն 2011 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում։ Գլխավոր հարցն այն է, թե արդյոք նա օրինական կերպով է հրաժարվել իրավաբանական օգնություն ստանալու իր իրավունքից։ Դատարանը նկատում է, որ դիմումատուն նախքան որևէ ցուցմունք տալը գրել և ստորագրել է մի քանի հրաժարումներ։ Սույն հրաժարումները հստակ և միանշանակ էին և հաստատված՝ հանցագործության վայրի վերակառուցման տեսագրություններով և դրան հաջորդած հարցազրույցով 2011 թվականի հոկտեմբերի 28-ին: Նա նաև ևս մեկ անգամ վերահաստատել էր իր հրաժարումը դատավորի ներկայությամբ՝ կալանքի մասով, 2011 թվականի հոկտեմբերի 29-ի նիստի ընթացքում։

26. Դիմումատուի պնդումն այն մասին, որ նա ծեծի է ենթարկվել և հարկադրվել է հրաժարվել իրավաբանի ծառայություններից օգտվելու իր իրավունքից, չի հիմնավորվում ապացույցներով: Քրեակատարողական հիմնարկ ընդունելիս նրա մարմինը տեսողական զննության է ենթարկվել, և վնասվածքներ չեն արձանագրվել։ Նա ստորագրել է համապատասխան արձանագրությունն առանց առարկությունների։ Ավելին, չնայած դիմումատուն օգտվել է պաշտպանի ծառայություններից 2011 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ, վերջինս հաջորդող ավելի քան վեց շաբաթվա ընթացքում որևէ բողոք չի ներկայացրել վատ վերաբերմունքի կամ հարկադրանքի մասով: Նույնիսկ 2011 թվականի դեկտեմբերի 23-ին դա ներկայացնելիս նա չի նշել որևէ վնասվածք: Նա միայն 2012 թվականի հունվարի 1-ի իր հայտարարության մեջ է նշել ենթադրյալ վնասվածքների մասին՝ պնդելով, որ մոռացել է դրանք ավելի վաղ նշել իր հուզական վիճակի պատճառով: Նույնիսկ եթե Դատարանը ընդունի, որ նա կարող էր մոռացած լինել, այն հավանական չի համարում, որ վերջինիս երկու իրավաբանները նույնպես ուշադրություն չէին դարձնի այդպիսի վնասվածքներին:

27. Ավելին, այն բանից հետո, երբ նա հրաժարվել էր իր նախորդ ցուցմունքներից, նա նոր, հակասական բացատրություններ էր ներկայացրել այն մասին, թե ինչպես է իմացել Յ.-ի մարմնի գտնվելու վայրի մասին. նախ պնդել էր, որ այդ մասին իմացել է իր հորից, իսկ ավելի ուշ, որ տեղեկությունը տրամադրել է ոստիկանության ծառայողը: Այդպիսի հակասություններն է՛լ ավելի են խաթարում նրա պնդումների արժանահավատությունը։

28. Ավելին, նրա պնդումները քննվել են ոստիկանությունից առանձնացված հատուկ քննչական մարմնի՝ ՀՔԾ-ի կողմից, սակայն դրանք հիմնավորող որևէ ապացույց չի հայտնաբերվել: Վարչական շրջանների դատարանը նույնպես մանրամասնորեն քննել է դիմումատուի պնդումները և դրանք անհիմն ճանաչել։ Ավելին, դատարանը քննել է հանցագործության վայրի վերականգնման և դիմումատուի հետագա հարցաքննության տեսագրությունները և պարզել, որ տվյալ պահին դիմումատուն ակնհայտորեն չի ունեցել տեսանելի վնասվածքներ:

29. Այսպիսի հանգամանքներում Դատարանը որևէ հիմք չի գտնում եզրակացնելու, որ դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվել, կամ որ նրան հարկադրել են հրաժարվել իրավաբանի ծառայություններից օգտվելու իր իրավունքից:

30. Ինչ վերաբերում է դիմումատուի այն փաստարկին, որ իր հրաժարումը չի կատարվել իր պաշտպանի ներկայությամբ, ինչպես պահանջվում էր նախկին քրեական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետով (տվյալ ժամանակահատվածում գործող), Դատարանը նշում է, որ դիմումատուն հրաժարվել է իր այդ իրավունքից ոստիկանության բաժին ժամանած իրավաբանների ներկայությամբ, որոնց վարձել էր իր մայրը։ Ամեն դեպքում, այդ դատավարական պահանջին չհամապատասխանելը ինքնին չէր կարող անվավեր դարձնել դիմումատուի հրաժարումը (տե՛ս Ֆարիզ Ահմադովն ընդդեմ Ադրբեջանի [Fariz Ahmadov v. Azerbaijan] գործը, թիվ 40321/07, « 55, 2021 թվականի հունվարի 14):

31. Վերոնշյալի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն օրինական կերպով է հրաժարվել իրավաբանի ծառայություններից օգտվելու իր իրավունքից։

32. Այնուամենայնիվ, 2011 թվականի հոկտեմբերի 31-ին դիմումատուն բացահայտ կերպով խնդրել է վարույթում ներգրավել իրավաբաններ Ն.-ին և Ռ.-ին։ Այդ պահից սկսած՝ վերջինիս նախկին հրաժարումները կորցրել են իրենց ուժը (տե՛ս Արթուր Պարկոմենկոն [Artur Parkhomenko v. Ukraine], թիվ 40464/05 գործը, « 81, 2017 թվականի փետրվարի 16): Այդուհանդերձ, նրա իրավաբաններին թույլատրվել է իրավաբանական աջակցություն տրամադրել նրան միայն ութ օր անց՝ 2011 թվականի նոյեմբերի 8-ին։ Դատարանը գտնում է, որ այդպիսի հետաձգումը համարվել է դիմումատուի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի սահմանափակում, և որ այդպիսի սահմանափակման համար որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացվել:

33. Հետևաբար Դատարանը պետք է որոշի, թե արդյոք այդ ընթացակարգային խախտումն անդառնալի վնաս է հասցրել դատավարության ընդհանուր արդարացիությանը՝ կատարելով շատ մանրակրկիտ ուսումնասիրություն և հաշվի առնելով իր նախադեպային իրավունքում շարադրված գործոնների ոչ ամբողջական ցանկը (տե՛ս վերևում հիշատակված՝ Բեուզեի [Beuze] գործը, «« 145 և 150):

34. Դատարանը նշում է, որ դիմումատուն առանձնապես խոցելի չի եղել, օրինակ՝ տարիքի կամ մտավոր ունակություններով պայմանավորված։ Չկա որևէ տվյալ այն մասին, որ վերջինս հարցաքննվել է կամ մասնակցել որևէ քննչական գործողության այն ժամանակահատվածում, երբ սահմանափակվել էր իրավաբանական օգնություն ստանալու նրա իրավունքը: Ապացույցների ընդունելիությունը կարգավորող կիրառելի իրավական դաշտը պահպանվել է, և հիմք չկա ենթադրելու, որ մեղադրական դատավճիռ կայացնելիս օգտագործված ապացույցներն ապօրինի են ձեռք բերվել: Դիմումատուն հնարավորություն է ունեցել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկել դրանց օգտագործման դեմ: Դիմումատուի մեղավորության ապացույցները շատ էին: Ապացույցների որակը մտահոգություն չի առաջացնում, և այն հանգամանքները, որոնցում դրանք ձեռք են բերվել, կասկածի տակ չեն դնում դրանց հուսալիությունը կամ ճշգրտությունը: Հատկանշական է, որ դիմումատուի ցուցմունքները մանրամասն էին և բացահայտում էին բազմաթիվ փաստեր, ներառյալ՝ Յ.-ի թաղված մարմնի գտնվելու վայրը և նույնիսկ արտաշիրիմումից առաջ նրա հագուստի նկարագրությունը, որոնք հայտնի չէին իշխանություններին: Նրա ցուցմունքները հիմնավորվել են նաև այլ ապացույցներով: Հանցագործության վայրի վերականգնումը և դիմումատուի հետագա հարցաքննությունն ամբողջությամբ փաստագրվել և տեսանկարահանվել են: Ավելին, դիմումատուն անմիջապես չի հրաժարվել իր խոստովանությունից և ինքնամեղադրական բնույթի ցուցմունքներից, այլ սպասել է մեկուկես ամիս՝ մինչ այդպես վարվելը: Դիմումատուի մեղավորությունը գնահատվել է երկու ատյանների մասնագիտացված դատավորների կողմից, որոնք մանրամասն քննել են գործի հանգամանքները: Երկու սպանությունների մեջ մեղադրվող անձանց պատասխանատվության ենթարկելու հանրային շահը հատկապես մեծ նշանակություն ուներ։ Վերը նշված գործոնների ամբողջությունը վկայում է այն մասին, որ դատավարությունն ընդհանուր առմամբ արդարացի է եղել:

35. Ի վերջո, Դատարանը գտնում է, որ դիմումատուն օրինական կերպով հրաժարվել է իրավաբանական օգնություն ստանալու իր իրավունքից այն ժամանակահատվածում, երբ տրամադրել է իր խոստովանություններն ու ինքնամեղադրական բնույթի ցուցմունքները: Չնայած համապատասխան խնդրանքով դիմելուց հետո վերջինիս իրավաբանական օգնության տրամադրումն անհիմն հետաձգվել է, սակայն այդ սահմանափակումն անուղղելի վնաս չի հասցրել դատավարության ընդհանուր արդարացիությանը:

36. Հետևաբար սույն գանգատն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի։

 

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Հայտարարում է գանգատն անընդունելի:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի մարտի 12-ին։

 

Մարտինա Կելլեր`

Անդրեաս Զունդ՝

Բաժանմունքի քարտուղարի տեղակալ

Նախագահ