ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26522/15 և 59819/19
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 29.05.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.03.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2026

 

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատներ թիվ 26522/15 և 59819/19)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

12 մարտի 2026թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Առուշանյանը և Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Դիանա Սարկու [Diana Sârcu],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

2026 թվականի մարտի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։

2. Գանգատներն ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն)։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

3. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։

4. Դիմումատուները բողոք են ներկայացրել իրենց դեմ հարուցված քրեական վարույթի ընթացքում ոչ արդար դատաքննության մասով, մասնավորապես՝ դիմումատուների մեղադրական դատավճռի կայացման գործում կարևոր նշանակություն ունեցող ցուցմունք տվող վկաներին դատարանում հարցաքննելու հնարավորություն չունենալու համար։ Թիվ 26522/15 գանգատի հիման վրա դիմումատուն այլ բողոքներ է ներկայացրել՝ Կոնվենցիայի դրույթների համաձայն։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ

 

5. Հաշվի առնելով գանգատների քննության առարկաների համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք համատեղ քննել մեկ վճռով։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Դ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

6. Դիմումատուները բողոք են ներկայացրել հատկապես իրենց դեմ հարուցված քրեական վարույթի ընթացքում ոչ արդար դատաքննության վերաբերյալ, մասնավորապես՝ իրենց դեմ ցուցմունք տված վկաներին դատարանում հարցաքննելու հնարավորություն չունենալու համար։ Նրանք հստակորեն կամ ըստ էության հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի վրա։

7. Ընդհանուր սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այն դեպքերում, երբ հետապնդում իրականացնող մարմնի վկան ներկա չի գտնվել դատաքննության ընթացքում, իսկ նրա կողմից նախկինում արված հայտարարությունները ընդունվել են որպես ապացույց, հստակ սահմանված են դատարանի նախադեպային իրավունքում (տե՛ս Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]] գործը, թիվ 9154/10, §§ 100-31, ՄԻԵԴ 2015 թ.)։ Շաչաշվիլիի գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել խախտում, քանի որ իշխանությունները հնարավորություն չեն տվել դիմումատուին վարույթի որևէ փուլում հարցաքննել հետապնդում իրականացնող մարմնի երկու առանցքային վկաներին (նույն տեղում՝ §§ 161-65)։

8. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին և ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, ներառյալ՝ Կառավարության առարկությունները, Դատարանը չի հայտնաբերել սույն բողոքի ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Նույնիսկ լուծված չհամարելով այն հարցը, թե արդյոք եղել են հիմնավոր պատճառներ առանցքային վկաների չներկայանալու համար՝ Դատարանը գտնում է, որ այն փաստը, որ դիմումատուներին հնարավորություն չի տրվել այդ վկաներին խաչաձև հարցաքննելու, մեծ նշանակություն ունի վերջիններիս նկատմամբ իրականացված քրեական վարույթի ընդհանուր արդարացիության գնահատման համար: Դատարանը հաշվի է առնում նաև, որ իր տրամադրության տակ գտնվող նյութերում չկա որևէ փաստ, որի համաձայն ազգային դատական մարմինների կողմից ջանք է գործադրվել օգտագործելու որևէ հակակշռող միջոց՝ փոխհատուցելու համար այն դժվարությունները, որոնց բախվել է դիմումատուն՝ վկաների չստուգված ցուցմունքները որպես ապացույց ընդունելու հետևանքով։

9. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են և բացահայտում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում։

 

III. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

10. Թիվ 26522/15 գանգատում դիմումատուն ներկայացրել է նաև բողոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ ոչ պատշաճ իրավաբանական ներկայացուցչության մասով։ Հաշվի առնելով սույն գործով փաստերը, կողմերի փաստարկները և կատարած վերոնշյալ եզրահանգումները՝ Դատարանը գտնում է, որ այն քննել է սույն գործով հիմնական իրավական հարցերը, և մյուս բողոքը քննելու անհրաժեշտություն չկա (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania [GC]] գործը, թիվ 47848/08, § 156, ՄԻԵԴ 2014)։

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի [Avetisyan v. Armenia] թիվ 13479/11 գործը, §§ 73-74, 2016 թվականի նոյեմբերի 10)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները և մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Որոշում է միացնել գանգատները․

2. Հայտարարում է 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն ներկայացված բողոքներն ընդունելի և վճռում, որ կարիք չկա քննելու թիվ 26522/15 գանգատում ներկայացված մյուս բողոքի ընդունելիության և ըստ էության քննության հարցը․

3. Վճռում է, որ սույն գանգատները բացահայտում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում այն հիմքով, որ դատարանում հնարավորություն չի տրվել հարցաքննելու վկաներին, որոնց ցուցմունքները կարևոր նշանակություն են ունեցել դիմումատուների մեղադրական դատավճռի կայացման գործում․

4. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ․

5. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի մարտի 12-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վիկտորիա Մարադուդինա՝

Անդրեաս Զունդ՝

Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

Նախագահ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով ներկայացված բողոքներ պարունակող գանգատներ

(ոչ արդար դատաքննություն՝ վկաներին հարցաքննելու իրավունքի սահմանափակումների պատճառով)

 

Թիվ

Գանգատ թիվ, ներկայա-ցնելու ամսաթիվը

Դիմումա-

տուի անունը

Ծննդյան ամսաթիվը

Ներկայացուցչի անունը և գտնվելու վայրը

Ներպետական վերջնական որոշումը

Առաջադրված մեղադրանքները

Դատաքննության ընթացքում չներկայացած վկա (նշվում են անվան և ազգանվան սկզբնա-

տառերը)

Վկայի ցուցմունքի համառոտ շարադրանքը

Չներկայա-

նալու պատճառները

Վկաների չներկայանալու դեպքում ձեռնարկված փոխարինող միջոցները

Դիմումատու-ներից յուրաքան-չյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)1

Յուրա-քանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը (եվրոյով)2

1.

26522/15

25.05.2015

Աշոտ ԱՐՈՒՇԱՆՅԱՆ

1986

Սիմոնյան Լիպարիտ

Երևան

Վճռաբեկ դատարան 05.03.2015

Ծանրացնող հանգամանքներում գողություն կատարելուն օգնելն և օժանդակելը

Ա.Գ.

Ա.Գ.-ի ցուցմունքը միակ ապացույցն էր, որում նշվում էր դիմումատուի անմիջական մասնակցությունը գողության կատարմանը և վճռորոշ դեր է ունեցել վերջինիս մեղադրական դատավճռի կայացման գործում

Մահ՝

Անբավարար՝ դիմումատուի և Ա. Գ.-ի միջև մինչդատական վարույթի ընթացքում տեղի է ունեցել առերեսում, որը, սակայն, կատարվել է դիմումատուի պաշտպանության իրավունքների խախտմամբ

2,400

1,500

2.

59819/19

09.10.2019

Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1982

Ղազարյան Արա

Երևան

Վճռաբեկ դատարան

09.04.2019

սպանության դրդելը

Ա.Հ.

Նախաքննության ընթացքում վկան ցուցմունք է տվել՝ նշելով, որ դիմումատուն վերջինիս հայտնել է սպանության դրդելու մասին իր գաղտնիքը, և որ դիմումատուի խնդրանքով նրա ընկերոջ հետ միասին նա գումար է փոխանցել այն անձին, որը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ (Ա.Ա.)։ Սակայն դիմումատուի հետ միևնույն քրեական գործի շրջանակներում մեղադրվող անձի գործով դատավարության ժամանակ վկան հրաժարվել է իր ցուցմունքից և պնդել, որ ինքը մինչդատական վարույթի ընթացքում ցուցմունք է տվել քննչական մարմինների ճնշման պայմաններում: Մյուս ապացույցը կրում էր միայն անուղղակի բնույթ և համոզիչ չէր դիմումատուի կողմից հանցագործությունը կատարելու հանգամանքը ապացուցելու մասով: Մասնավորապես, մյուս ապացույցները ներառում էին տեղեկություններ այն մասին, որ դիմումատուն և տուժողը լարված հարաբերություններ են ունեցել, որ դիմումատուն սպանության օրը գտնվել է իր հետ միևնույն քրեական գործի շրջանակներում մեղադրվող անձի տանը և զանգահարել է իր հեռախոսից, անանուն վկայի՝ մինչդատական վարույթի ժամանակ տված ցուցմունքներն այն մասին, որ Ա. Ա.-ի խոսքերով Ա. Հ.-ն իրեն է փոխանցել գումար սպանության համար, դիմումատուի ընկերոջ ցուցմունքն այն մասին, որ նա օգնել է դիմումատուի խնդրանքով ինչ-որ մեկին փոխանցել այն փաթեթը, որը նա կարծել է, թե մաքսազերծմանն առնչվող փաստաթղթերի փաթեթ է, և այլ ցուցմունքներ (հիմնականում սպանության հանցակիցների՝ մինչդատական վարույթի ընթացքում տված ցուցմունքները, որոնք հրաժարվել են իրենց՝ մինչդատական վարույթի ընթացքում տված ցուցմունքներից դիմումատուի հետ միևնույն քրեական գործի շրջանակներում մեղադրվող անձի գործով դատավարության ժամանակ և հրաժարվել են ցուցմունք տալ դիմումատուի գործով դատավարության ընթացքում), որոնք վերաբերում են գումարի փոխանցմանը, և բոլորն էլ ունեցել են սահմանափակ ապացուցողական արժեք Ա.Հ.-ի ցուցմունքի բացակայության պայմաններում

հեռավոր տարածաշրջան/այլ երկիր

առկա չեն

2,400

250

 

_____________

1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ:

2 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ: