ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԿԱՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՅՈՒՂԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՈՐՄԵՐԸ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2240-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.09.2024
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
06.09.2024
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«06» սեպտեմբերի 2024 թ.
ք. Երևան

N 2240-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԿԱՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՅՈՒՂԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՈՐՄԵՐԸ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝

 

Հրամայում եմ․

 

1. Հաստատել զբոսաշրջային գյուղեր հայտարարելու համար պահանջվող նվազագույն չափանիշները՝ համաձայն Հավելված 1-ի։

2. Հաստատել զբոսաշրջային կենտրոն հայտարարելու համար պահանջվող նվազագույն չափանիշները՝ համաձայն Հավելված 2-ի։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ ապահովել սույն հրամանի տեղադրումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում։

 

 

Գ. ՊապոՅԱՆ

 

 

Հավելված 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2024 թվականի սեպտեմբեր «06»-ի

N 2240-Լ հրամանի

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՅՈՒՂԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Հավելված 1-ում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) գյուղական զբոսաշրջություն (rural tourism)՝ գյուղական միջավայրում զբոսաշրջություն, որի ընթացքում զբոսաշրջիկը հնարավորություն ունի անմիջականորեն գյուղում օգտվելու մատուցվող ծառայություններից, որոնք կարող են համադրվել գյուղական բնակավայրի ներուժին և զբոսաշրջային ռեսուրսներին՝ ի թիվս այլնի, ներառելով արկածային զբոսաշրջությունը, մշակութային զբոսաշրջությունը, գաստրո զբոսաշրջությունը, էկոզբոսաշրջությունը, էթնոզբոսաշրջությունը, էնոզբոսաշրջությունը, ինչպես նաև ներառել գյուղական միջավայրին բնորոշ զբոսաշրջային փորձառություններ։

2) գյուղական միջավայր՝ ոչ ուրբանիզացված (մինչև կամ շուրջ տասը հազար մշտական բնակիչ ունեցող) տարածք կամ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գյուղ համարվող բնակավայր, որտեղ առկա են գյուղատնտեսական, անտառային ռեսուրսներ, ինչպես նաև պահպանված են ժողովրդական ավանդույթներ, ծեսեր, ավանդական սոցիալական կառուցվածք (social structure) և ապրելակերպ։

3) զբոսաշրջային գյուղ՝ «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով նախատեսված, սույն հավելվածին կից Աղյուսակ 1-ով սահմանված չափանիշներին համապատասխանող և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ զբոսաշրջային գյուղ հայտարարված բնակավայր, որտեղ այցելուն օգտվում է տեղի զբոսաշրջային արդյունքներից և առկա ենթակառուցվածքներից։

4) ազդակիր շահառուներ՝ գյուղական զբոսաշրջություն առաջարկելու հնարավորություն ունեցող բնակավայրի բնակիչներ, առևտրաարդյունաբերական պալատ, գործատուների կամ աշխատողների շահերը ներկայացնող կազմակերպություններ, կառուցապատողներ, այլ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներ։

2. Սույն հրամանով զբոսաշրջային գյուղ հայտարարելու նվազագույն չափանիշները հաստատելու նպատակն է խրախուսել գյուղական բնակավայրերին հասնելու միջազգային լավագույն փորձին համապատասխան զբոսաշրջային գյուղի կարգավիճակին։

3. Որպես երկարաժամկետ տեսլական՝ զբոսաշրջային գյուղի կարգավիճակի խրախուսումը նպատակ ունի բնակավայրում՝

1) ստեղծել նոր աշխատատեղեր և բարելավել բնակավայրի բնակիչների կենսամակարդակը և բարօրությունը,

2) ապահովել զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող ծառայությունների կեսակայունությունը (գոյապահպանությունը) և դրա հետագա զարգացումը,

3) կանխարգելել բնակչության նվազումը և բնակիչների արտագաղթն ուրբանիզացված բնակավայրեր,

4) նպաստել բնակավայրում տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը՝ կապված զբոսաշրջային ծառայությունների ակտիվացման հետ,

5) արժևորել բնակավայրի մշակութային առանձնահատկությունները, ավանդույթների վերականգնումը և պահպանությունը,

6) նպաստել տնտեսական համընդհանուր բարեկեցությանը,

7) ամրապնդել կլիմայի փոփոխություների նկատմամբ հարմարվողականությունը և դիմակայունությունը։

4. Սույն հրամանով հաստատված չափանիշներին բավարարելը թույլ կտա զբոսաշրջային գյուղի կարգավիճակին հավակնող բնակավայրին՝

1) աջակցել և խթանել զբոսաշրջային գործունեության ոլորտում ներգրավված անձանց ձեռնարկատիրական գործունեությունը,

2) բարելավել զբոսաշրջիկի համար գյուղական բնակավայրին հասանելիությունը և բնակավայրի կապն արտաքին աշխարհին կապող ենթակառուցվածքների հետ,

3) ապահովել ենթակառուցվածքների` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ջրի մաքրման կայանների, կոմունալ այլ ծառայությունների մատուցումը, բարելավել դրանց որակը, արդիականացնել այդ ծառայությունները, դրանց սպասարկմանն ուղղված ենթակառուցվածքները, ապահովել շարժական և անշարժ ինտերնետին հասանելիությունը կամ բարելավել ինտերնետ կապի որակը,

4) զարգացնել բնակավայրի բնակիչների ձեռնարկատիրական հմտությունները, կարողությունները և ներուժը,

5) խթանել գյուղական միջավայրում գենդերային հավասարության ապահովումը, երիտասարդների և խոցելի խմբերի զբաղվածությունը և տնտեսական գործունեությունը։

6) աջակցել բնակավայրերի կարիքների առավել թիրախային դիտարկմանը հարկաբյուջետային քաղաքականության մեջ։

5. Զբոսաշրջային գյուղի համար նախատեսված չափանիշների բավարարումը հնարավորություն կստեղծի ուղղորդել Հայաստանի Հանրապետության բնակավայրերին համապատասխանելու Միավորված ազգերի զբոսաշրջության կազմակերպության (UN Tourism) «զբոսաշրջային գյուղի» կարգավիճակ ստանալու համար հայտարարվող մրցույթներին դիմելու չափանիշներին։

6. Զբոսաշրջային գյուղի կարգավիճակին հավակնող կամ գյուղական զբոսաշրջության ներուժ ունեցող բնակավայրը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ազդակիր շահառուներին և պետական մարմիններին անհրաժեշտ է ՝

1) կարևորել և պաշտպանել զբոսաշրջային գյուղի ներուժ ունեցող բնակավայրերը, պահպանել և պաշտպանել գյուղական միջավայրի լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները,

2) ներդնել և զարգացման համար շարժիչ ուժ հաղորդել մոտեցումներին, որոնք աջակցում են կայունության երեք հիմնասյուներին՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական, ինչպես Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կայուն զարգացման նպատակներն են նախանշում,

3) իրականացնել զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում։

7. Որպես կարճաժամկետ և միջնաժամկետ արդյունքներ՝ անհրաժեշտ է դիտարկել հետևյալ նպատակների իրագործումը ՝

1) խթանել բնակչության աճը,

2) խթանել գենդերային հավասարությունը, երիտասարդների, խոցելի խմբերի դերի ուժեղացումը և աշխատուժի ընդլայնումը,

3) խթանել գյուղական դրական փոխակերպումը (տրանսֆորմացիան) և խրախուսել քաղաքացիական և տնտեսական նախաձեռնողականությունը,

4) լավարկել պետություն-մասնավոր գործընկերությունը և համայնքների ակտիվ ներգրավումը,

5) բարելավել հաղորդակցությունը, ենթակառուցվածքները, ներգրավել ներդրումներ և ապահովել հասանելիություն ֆինանսներին,

6) խթանել թվային տեխնոլոգիաների կիրառումը և նորարարությունը,

7) խթանել նորամուծությունները ապրանքների և ծառայությունների զարգացման մեջ և խրախուսել արժեշղթաների (value chain) ձևավորումն ու ինտեգրումը,

8) խթանել զբոսաշրջության բնագավառում ներգրավված սուբյեկտների կողմից բնական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը՝ ապահովելով կայուն զարգացում, նվազեցնել արտանետումները և թափոնները,

9) խթանել կրթությունը և բարելավել բնակիչների կարողություններն ու հմտությունները, որոնք կնպաստեն զբոսաշրջության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։

8. Սույն հրամանով հաստատված չափանիշներին բավարարելու համար զբոսաշրջային գյուղի կարգավիճակին հավակնող բնակավայրերին անհրաժեշտ է՝

1) ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների կայացման ժամանակ դիտարկել գյուղական զբոսաշրջության զարգացումը որպես առաջնահերթություն,

2) խստորեն հետևել զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլանին (առկայության դեպքում), ինչպես նաև ուսումնասիրել, ներդնել մշտադիտարկման և գնահատման արդյունքում ներկայացվող առաջարկությունները,

3) սերտորեն համագործակցել զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության հետ ու ավագանու և համայնքի ղեկավարի կողմից որոշումներ կայացնելիս հաշվի առնել դրա կողմից ներկայացվող առաջարկները (առկայության դեպքում),

4) ավագանու և համայնքի ղեկավարի կողմից որոշումներ կայացնելիս առաջնորդվել հետևյալ փաստաթղթերով՝

ա. Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակները.

բ. Միավորված ազգերի զբոսաշրջության կազմակերպության երաշխավորագրերը (recommendations).

գ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) զբոսաշրջության միտումների և քաղաքականության վերաբերյալ զեկույցը,

5) բացահայտել զբոսաշրջիկների թիրախային խմբերը, որոնք հետաքրքրված են գյուղի գրավչությամբ և առաջարկվող զբոսաշրջային արդյունքներով ու փորձառություններով,

6) բացահայտել զբոսաշրջիկների թիրախային խմբերի պահանջմունքները,

7) օտար լեզուներով պատրաստել և տարածել գովազդային նյութեր ուղղված զբոսաշրջիկների թիրախային խմբերին,

 8) մշակել և տեղադրել ուղղորդիչ և տեղեկատվական ցուցանակներ, վահանակներ,

9) դիտարկել զբոսաշրջային ծառայությունների մատուցման ընթացքում կիրառվող ժամանակակից միտումները, գործիքները, նորարարությունը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, մասնավորապես՝

ա. որպես մեկնարկ՝ ուսումնասիրել սույն չափանիշները որպես պարտադիր քայլերի ստուգաթերթ, ինչը հնարավորություն կընձեռնի բացահայտել զբոսաշրջային գյուղի կարգավիճակին հավակնող բնակավայրի մարտահրավերները և հնարավորությունները.

բ. մշակել գործողությունների պլան՝ նախապատվություն տալով մարտահրավերների հաղթահարմանը, նորարարությունների ներդրմանը, բրենդին, համայնքների կայուն զարգացմանը, բնական և մշակութային ռեսուրսների պահպանությանը,

10) կազմակերպել և անցկացնել դասընթացներ և աշխատաժողովներ՝ երիտասարդ մասնագետների, կրթական հաստատություններում սովորող աշակերտների և ուսանողների համար հետևյալ կարողությունները և հմտությունները ձևավորելու և զարգացնելու համար, այդ թվում՝

ա. նորարարական գաղափարների ներդրում և կիրառում,

բ. ձեռնարկատիրություն և ներդրումների ներգրավում,

գ. թվային կամ առցանց հարթակներում զբոսաշրջային գյուղի և տեղում ձևավորվող զբոսաշրջային արդյունքի ներկայացում և գովազդ։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1

 

Զբոսաշրջային գյուղ հայտարարելու նվազագույն չափանիշները

Չափանիշը

Նկարագրությունը՝ օրինակներով

ա) մշակութային և բնական ռեսուրսներ

Գյուղն ունի բնական և մշակութային ռեսուրսներ՝

1) որոնք ունեն զբոսաշրջային նշանակություն կամ ճանաչված են որպես այդպիսին ներպետական, տարածաշրջանային կամ միջազգային մակարդակով։

Ա. ոչ նյութական մշակութային արժեքներ և զբոսաշրջային յուրահատուկ փորձառություններ

Գյուղը հանձնառու է զբոսաշրջիկներին ընձեռելու հնարավորություն՝

1) մասնակցելու բերքահավաքի, մեղրաքամի, ոգելից և ոչ ոգելից խմիչքների պատրաստմանը, ձիավարության, քարշասայլակներով շրջայցի, կենդանիների խնամքի և նմանատիպ այլ փորձառությունների,

2) ավանդական կիրառական արհեստներով և արվեստներով զբաղվող իր բնակիչների առաջնորդությամբ պատրաստելու տեղական ուտեստներ, մասնակցելու այլ փորձառությունների և պատրաստելու հուշանվերներ,

3) կազմակերպելու տեղական ուտեստների և խմիչքների համտեսներ։

Բ. զբոսաշրջային ենթակառուցվածքներ

Գյուղը հանձնառու է՝

1) իր տարածքում ապահովելու մատչելի հյուրանոցային ծառայություններ առաջարկող հյուրանոցային տնտեսության օբյեկտների առկայություն, որոնք իրենց առաջարկող ծառայությունների բնույթով, չափով, արտաքին տեսքով առավել համապատասխան և ներդաշնակ են գյուղի կողմից առաջարկվող զբոսաշրջության տեսակներին,

2) ըստ անհրաժեշտության՝ իր տարածքում ապահովելու հանրային սննդի սպասարկման վայրեր,

3) ձեռնարկելու միջոցառումներ հիմնադրելու թանգարաններ (առկայության դեպքում՝ վերակառուցելու, բարեկարգելու) և ցուցասրահներ, որոնք կբացահայտեն և կցուցադրեն զբոսաշրջային գրավչությունները, կներկայացնեն դրանց պատմությունները կամ դրանց վերաբերյալ ցուցահանադեսները,

4) առանձանցելու, կահավորելու և կարգաբերելու զբոսաշրջային կենտրոնի բնակիչների կողմից իրենց արտադրանքն իրացնելու համար նախատեսված վաճառակետեր կամ հիմնելու գյուղմթերքի շուկա։

Գ. զբոսաշրջության բնագավառում որակավորված կամ վերապատրաստված մարդկային ռեսուրսներ

Գյուղն հանձնառու է՝

1) գյուղի մարդկային ռեսուրսների միջոցով ձևավորելու զբոսաշրջիկների պահանջմունքներին համապատասխան գրավիչ առաջարկներ, ապահովելու գյուղի մրցակցային առավելությունները։

բ) մշակութային ռեսուրսների պահպանություն և առաջախաղացում

Գյուղը հանձնառու է՝

1) առաջ մղելու և պահպանելու իր առանձնահատուկ մշակութային ռեսուրսները, այդ թվում՝ տեղական սովորույթները, լեգենդները, պատմությունները, ինչպես նաև ազգային երգուպարի ցուցադրությունը։

գ) բնական ռեսուրսների պահպանություն և առաջխաղացում

Գյուղը հանձնառու է՝

1) համագործակցելու իր վարչական սահմաններին սահմանակից կամ հարևանությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ առաջ մղելու և պահպանելու զբոսաշրջային գյուղի կարգավիճակ ստանալուն չհավակնող համայնքում առկա բնության հատուկ պահպանվող տարածքները, բնական հուշարձանները, քայլարշավային արահետները, որոնք կարող են գտնվել այլ համայնքների տարածքում կամ շարունակվել դեպի այդ համայնքներ:

դ) տնտեսական կայունություն

Գյուղը հանձնառու է՝

1) առաջ մղելու տնտեսական կայունությունը՝ աջակցելով տնտեսական զարգացմանը, ձեռնարկատիրության խթանմանը և ներդրումներին։

ե) սոցիալական կայունություն

Գյուղը հանձնառու է՝

1) առաջ մղելու, խրախուսելու ներառական միջավայրի, ենթակառուցվածքների ձևավորումը և ամրապնդելու սոցիալական համերաշխությունը։

զ) շրջակա միջավայրի կայունություն

Գյուղը հանձնառու է՝

1) առաջ մղելու կամ տարածելու շրջակա միջավայրի կայունության ապահովմանն ուղղված իր վարած քաղաքականությունները, միջոցները և նախաձեռնությունները, որոնք կոչված են ապահովելու իր մշակութային ռեսուրսների պահպանությունը և նվազեցնելու զբոսաշրջության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ որոշ դեպքերում սահմանափակելով որոշակի տարածքներ զբոսաշրջիկների մուտքը։

է) զբոսաշրջության զարգացում և արժեշղթաների ինտեգրում

Գյուղը հանձնառու է՝

1) խթանելու զբոսաշրջությունը, խրախուսելու արժեշղթայի ընդլայնումը և մրցունակության բարձրացումը՝ կապված շուկայի հասանելիության, մարքեթինգի և առաջխաղացման, նորամուծությունների, ապրանքների արտադրության և որակի բարելավման հետ։

2) բրենդավորելու իր առաջարկած զբոսաշրջային ծառայությունները, որը կհամապատասխանի զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականությանը և կհամաձայնեցվի Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի հետ։

ը) կառավարում և զբոսաշրջությանը նախապատվություն

Գյուղը հանձնառու է՝

1) զբոսաշրջությունը դարձնելու գյուղի զարգացման ռազմավարական հենասույն,

2) առաջ մղելու պետություն-մասնավոր գործընկերությունը,

3) պետական կառավարման բոլոր մակարդակներում համագործակցությունը։

թ) ենթակառուցվածքներ և կապն արտաքին աշխարհի հետ

Գյուղն ունի՝

1) ենթակառուցվածքներ, որոնք դյուրին են դարձնում բնական ռեսուրսներին հասանելիությունը և ապահովում են հաղորդակցությունը դեպի գյուղ և գյուղից դեպի այլ բնակավայրեր,

2) հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել հարմարեցված ենթակառուցվածքներ, որոնք կապահովվեն հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիությունը գյուղում առաջարկվող զբոսաշրջային փորձառություններին,

3) դեպի մշակութային, բնական հուշարձաններ, բնակավայրեր, քայլարշավային արահետներ և այլ վայրեր ուղղորդող տեղեկատվական ցուցանակներով, հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից շահագործվող օբյեկտներում առկա է տեղեկատվական կենտրոն կամ տեղեկատվական անկյուն,

4) հասանելիություն ֆինանսական գործառնություններին, վճարային տերմինալներին, պոս-տերմինալներին, որոնցով հնարավոր են անկանխիկ վճարումները։

ժ) բնապահպանական նորմերին համապատասխանություն

Գյուղը հանձառու է՝

1) ունենալու հստակ պարբերականությամբ գործող աղբահանության համակարգ՝ ապահովելով աղբահանության համար համայնքի բյուջեից ֆինանսական հատկացումներ,

2) վերանայելու և, ըստ անհրաժեշտության, փոփոխելու իր տարածքում տեղակայված որսահանդակների սահմանները կամ համագործակցելու իր վարչական սահմաններին հարակից համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ փոփոխելու դրանց տարածքում տեղակայված որսահանդակների սահմանները,

3) ձևավորելու կոյուղաջրերի և կենցաղային թափոնների ու արտանետումների հեռացման, հավաքման համակարգ,

4) հիմնելու կոյուղու, ջրի մաքրման կայաններ, ձևավորելու խմելու և ոռոգման ջրերի ցանց։

ժա) բնակավայրի արտաքին տեսքի ուղեցույցի առկայություն

Գյուղը հանձնառու է՝

1) միանական ոճով ձևավորելու շենքերի և շինությունների տանիքները, դարպասները,

2) արտաքին (փողոցային) լուսավորության համակարգ (ապահովել լուսավորման համակարգ), փողոցների, մայթերի երեսապատում, նստարանների, աղբամանների արտաքին տեսք, հանրային և մասնավոր տրասնպորտի, ավտոբուսների կանգառներ, վաճառակետեր, գովազդային վահանակներ և այլն։

ժբ) առողջություն, անձնական ապահովություն և անվտանգություն (safety and security)

Գյուղը հանձնառու է՝

1) ներդնելու կյանքի, առողջության անվտանգային համակարգեր և ապահովելու բնակիչների, այցելուների և զբոսաշրջիկների անվտանգությունը,

2) գյուղում կամ գյուղին հարակից կամ մերձակա տարածքներում ապահովելու փրկարար, առողջապահական ծառայությունների մատուցման հնարավորություններ։

 

Հավելված 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2024 թվականի սեպտեմբեր «06»-ի

N 2240-Լ հրամանի

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Հավելված 2-ում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) զբոսաշրջային կենտրոն` «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով սահմանված վարչատարածքային բաժանման սահմանների հետ համընկնող կամ չհամընկնող աշխարհագրական որոշակի տարածք, որն իր տարածքում գտնվող բնական ռեսուրսներով, իր տարածքում առաջարկվող մշակութային գրավչություններով և իր մասնագիտացված ենթակառուցվածքներով զբոսաշրջիկին առաջարկում է զբոսաշրջության առնվազն մեկ տեսակից օգտվելու հնարավորություն և իր տարածքում առաջարկվող ծառայությունների ուժով և դրանք մատուցող սուբյեկտների ներգրավմամբ կարող է մասնագիտացված կառույցների միջոցով ապահովել զբոսաշրջության այդ տեսակի սպասարկումը, բավարարում է սույն Հավելված 2-ի 2-րդ կետը և որում ներդրվել են սույն Հավելված 2-ի Աղյուսակ 2-ով նախատեսված չափանիշները։

2) ազդակիր շահառուներ՝ զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլանում ներառված առանձին բնակավայրերի, վարչական շրջանների կամ վարչատարածքային միավորների տարածքում գործող սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆիզիկական և իրավաբանական անձինք կամ դրանց միությունները։

2. Նշանակալի զբոսաշրջային ռեսուրս պարունակող բնակավայրը, վարչական շրջանը կամ վարչատարածքային միավորը, ինչպես նաև դրանց համախումբը զբոսաշրջային կենտրոն դառնալու համար առնվազն անհրաժեշտ է՝

1) հանդես գա որպես տվյալ տեղանքի ներուժին համապատասխան որոշ ընդհանրություններով զբոսաշրջային հանգույց․

2) ունենա միավորի զբոսաշրջային գրավչություններ՝ պատմամշակութային հուշարձաններ, բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնական հուշարձաններ, լանդշաֆտ, զբոսաշրջիկների հյուրընկալման համար նախատեսված ենթակառուցվածքներ և այլն․

3) ունենա զբոսաշրջային հստակ թեմատիկ ուղղություն․

4) իր կողմից ընդունված իրավական բնույթի փաստաթղթերում հստակ դրսևորի կամահայտնություն դառնալու զբոսաշրջային կենտրոն և այդ նպատակով միջոցներ ձեռնարկի նպաստելու տեղանքում և տարածաշրջանում բնակվող մարդկային ռեսուրսների, ավանդույթների և ոչ նյութական մշակութային արժեքների պահպանությանն ու զարգացմանը․

5) ձեռնարկի միջոցառումներ համալրելու առկա զբոսաշրջային ռեսուրսները և դրանք սնուցող կամ սպասարկող հարակից ենթակառուցվածքները՝ նպաստելով զբոսաշրջային կենտրոնում զբոսաշրջիկների այցի տևողության ավելացմանը,

զ) ապահովի պետություն-մասնավոր գործընկերություն:

3. Զբոսաշրջային կենտրոն դառնալու հավակնություն ունեցող բնակավայրում, վարչական շրջանում, վարչական միավորի կամ դրանց համախմբի տարածքում սույն որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 2-րդ կետով նախատեսված պայմանների առկայության վերաբերյալ առաջարկները Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեն զբոսաշրջության բնագավառում պետական իրավասու կառավարման մարմնի միջոցով ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ այդ նշանակալի զբոսաշրջային ռեսուրս պարունակող բնակավայրը, վարչական շրջանը կամ վարչատարածքային միավորը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին վերաբերյալ որոշում կայացնելու համար։

4. Զբոսաշրջային կենտրոնի նկատմամբ կիրառելի են սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 3-րդ, 5-6-րդ կետերի, 4-րդ կետի 2-5-րդ ենթակետերով, 7-րդ կետի 4-9-րդ ենթակետերով սահմանված կարգավորումներն այնքանով, որքանով դրանք վերաբերելի են զբոսաշրջային կենտրոնին, չեն հակասում սույն Հավելված 2-ով սահմանված կարգավորումներին և բխում են զբոսաշրջային կենտրոնի առանձնահատկությունից։

5. Որպես երկարաժամկետ տեսլական, զբոսաշրջային կենտրոնի ձևավորումը նպատակ ունի տվյալ աշխարհագրական տարածքում (տեղանքում)՝

1) բազմազանեցնել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային առաջարկը․

2) ավելացնել բարեկարգ զբոսաշրջային այցելավայրերի թվաքանակը․

3) ներգրավել օտարերկրյա ներդրումներ ուղղված զբոսաշրջության և մարզային կամ տեղական տնտեսական զարգացման ռազմավարական նպատակների իրագորմանը․

4) ստեղծել նոր աշխատատեղեր և բարելավել զբոսաշրջային կենտրոնի բնակիչների բարօրությունը.

5) բարձրացնել Հայաստանի Հանրապետության մարզերի մրցունակությունը․

6. Որպես կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներ և միջոցներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալ միջոցառումների իրականացումը՝

1) ստեղծել կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակների իրականացմանն ուղղված քայլերի և միջոցառումների իրականացումն ապահովող հաստատություն, կառույց, մարմին կամ իրավաբանական անձ, որի գործունեությունն ուղղված կլինի զբոսաշրջային կենտրոնի զարգացման ռազմավարության իրականացմանը․

2) ամրապնդել պետություն- մասնավոր համագործակցությունը, կառավարումը և համայնքների ակտիվ ներգրավումը.

3) պահպանել և բարձրացնել նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչելիությունը.

4) հանրային լսումների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշումների կայացման ընթացքում ակտիվ ներգրավել զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտներին ու հաշվի առնել և հասցեագրել անմիջականորեն կամ միջնորդավորված կերպով զբոսաշրջիկներին ապրանքներ մատակարարելու, ծառայություններ մատուցելու կամ աշխատանքներ կատարելու ընթացքում զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող անձանց արձանագրած խնդիրները և մտահոգությունները։

7. Սույն հրամանով հաստատված չափանիշներին բավարարելու համար զբոսաշրջային կենտրոնի կարգավիճակին հավակնող բնակավայրերի անունից որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմինները՝

1) պետք է համագործակցեն դոնոր կազմակերպությունների հետ մշակելու զբոսաշրջային կենտրոնի համար զարգացման ռազմավարություն և իրականացնելու տեխնիկատնտեսական և իրագործելիության ուսումնասիրություն, մասնավորապես․

ա․ դոնոր կազմակերպությունների հետ համատեղ իրականացնել զբոսաշրջային կենտրոնի ձևավորման փուլային աշխատանքները․

գ. մշակել սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 9-րդ կետի բ) պարբերությամբ նախատեսված գործողությունների պլան,

2) մշակված զարգացման ռազմավարությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ներդրումային կոմիտե՝ այն հաստատելու համար,

3) զարգացման ռազմավարությունը մշակելիս հաշվի առնեն իրականացնող կառույցների ինստիտուցիոնալ կարողությունները, սոցիալ-տնտեսական, բնապահպանական, կառավարման, այդ թվում՝ ֆինանսական կառավարման, նախագծերի իրականացման ընթացքում ի հայտ եկող ռիսկերը, և պետական կառավարման համակարգի գործունեության ընթացքում կիրառվող ընթացակարգերը, այդ թվում՝ գնումների ընթացակարգերը, ինչպես նաև պլանավորման ընթացքում նախատեսեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան իրենց գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ իրատեսական և ողջամիտ ժամկետներ։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2

 

Զբոսաշրջային կենտրոն հայտարարելու նվազագույն չափանիշները

Բաժին 1. Ենթակառուցվածքներ (hard infrastructure)

Չափանիշը

Նկարագրությունը՝ օրինակներով

ա) բարեկարգ հիմնական, երկրորդային ճանապարհներ, հարդարված քայլարշավային արահետներ, կածաններ

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է՝

1) ենթակառուցվածքների բարելավման միջոցով աջակցելու զբոսաշրջային կենտրոնի բնակավայրերի տնտեսական զարգացմանը, խրախուսելու ձեռնարկատիրական գործունեությունը և ներգրավելու ներդրումներ.

2) առաջարկելու զբոսաշրջային կենտրոնի տարածքն ապահովել տեղեկատվական, ուղղորդիչ ցուցանակներով, որոնք ուղղորդում են դեպի մշակութային, բնական հուշարձանները, քայլարշավային արահետները։

բ) զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության առկայություն (Destination Management Organisation կամ կրճատ՝ DMO)

Զբոսաշրջային կենտրոնի կայունության ապահովման համար անհրաժեշտ է մասնագիտացված կառույցի կամ հաստատության՝ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության առկայությունը և արդյունավետ աշխատանքը։ Այն առաջ է մղում պետություն-մասնավոր գործընկերությունը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը, պետական կառավարման բոլոր մակարդակներում համագործակցությունը, ինչպես նաև ազդակիր շահառուների ներգրավվածությունը։

Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունը հանձնառու է՝

1) զբոսաշրջությունը դարձնելու բնակավայրերի զարգացման ռազմավարական հենասույն,

2) համագործակցելու զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների հետ՝ ապահովելով կառավարման արդյունավետությունը։

գ) բարեկարգված կամ վերականգնված պատմական կամ մշակութային արժեք ունեցող տներ, կառույցներ, ոճային (դիզայներական) ձևավորումով տանիքներ

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է առաջարակել՝

1) զբոսաշրջային կենտրոնի տարածքում ապահովելու սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի Աղյուսակ 1-ի «ժա» կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնառության իրագործումը,

2) բարեկարգելու փողոցները և մայթերը,

3) տեղադրելու և բարեկարգելու նստարանները,

4) մշակելու աղբամանների արտաքին տեսք և տեղադրելու աղբամաններ՝ ապահովելով դրանց արդյունավետ և համաչափ տեղաբաշխում ամբողջ տարածքում,

5) առանձնացնելու և կահավորել զբոսաշրջային ավտոբուսների և հանրային տրանսպորտի համար նախատեսված կանգառներ,

6) հիմնելու տարածքի ոճին համապատասխան վաճառակետեր,

7) տեղադրելու գովազդային վահանակներ։

դ) բարելավված թանգարաններ և մշակութային տներ

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է առաջարկել՝

1) զբոսաշրջային կենտրոնի տարածքում հիմնելու սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի Աղյուսակ 1-ի Բ կետի 3-րդ ենթակետերով նախատեսված թանգարաններ և ցուցասրահներ,

2) մշակութային տներում հյուրընկալելու միջոցառումներ (այդ թվում՝ կորպորատիվ բնույթի միջոցառումներ), որոնք նախատեսված կլինեն մշակութային, ճանաչողական կամ զբոսաշրջիկների համար արտագնա միջոցառումների կազմակերպման համար՝ բացառելով դրանց օգտագործումը ոչ նպատակային միջոցառումների համար։

ե) բարեկարգրված այգիներ, զբոսայգիներ, հանգստյան և վերկանգնողական գոտիներ

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է առաջարկել՝

1) վերակառուցելու պուրակները, հանգստյան գոտիները կամ բարեկարգելու դրանք,

2) տեղադրելու թռչունների և կենդանիների տեսադիտարկման հարթակներ և սարքավորումներ,

3) առանձանցնելու և կահավորելու հանրային զուգարաններ։

զ) գործող կամ վերականգնված խմելու կամ ոռոգման, ջրամատակարարման, կոյուղու, ջրի մաքրման կայաններ, էներգետիկ ենթակառուցվածքներ

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է առաջարկել՝

1) հիմնելու սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի Աղյուսակ 1-ի «ժ» կետի 3-4-րդ ենթակետերով նախատեսված ենթակառուցվածքներ,

2) ապահովելու խնայող և շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունեցող ժամանակակից էներգասնուցման և էներգամատակարարման համակարգ։

է) զբոսաշրջիկների ժամանցի, գիշերակացի առկայություն և հանրային սննդի օբյեկտներ

Զբոսաշրջիկների ժամանցը զբոսաշրջային կենտրոնի տարածքում հնարավորինս երկարաձգելու համար զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է առաջարկել`

1) զբոսաշրջային կենտրոնի տարածքում ապահովելու սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի Աղյուսակ 1-ի Բ կետի 1-ին ենթակետով նախատեսված հյուրանոցային ծառայություններ առաջարկող հյուրանոցային տնտեսության օբյեկտների առկայություն,

2) իր տարածքում ապահովելու որոշմամբ հաստատված Հավելված 1-ի Աղյուսակ 1-ի Բ կետի 4-րդ ենթակետով նախատեսված վաճառակետեր և գյուղմթերքի շուկաներ,

3) խրախուսել հիմնելու ժամանցի վայրեր՝ ապահովելու երեկոյան ժամերին զբոսաշրջիկների կողմից ստեղծվող աղմուկի մեղմումը տեղի բնակիչների հանգիստը,

4) խրախուսել ձեռնարկատերերին հիմնելու հանրային սննդի սպասարկման վայրեր,

5) կազմակերպելու համտեսներ։

Բաժին 2. Ծառայություններ, գովազդ, կառավարում և վերլուծություն (soft infrastructure)

ա) կենտրոնի ներքին վիճակագրության հավաքման համակարգի ներդրում և վարում

Համայնքը կամ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունը հանձնառու են՝

1) վարելու զբոսաշրջային կենտրոն այցելած զբոսաշրջիկների և այցելուների վիճակագրություն։

բ) զբոսաշրջիկների ծախսերի մոնիթորինգի իրականացում

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է՝

1) զբոսաշրջային կենտրոնը կառավարող կազմակերպության միջոցով գործարկելու զբոսաշրջիկների ծախսերի մշտադիտարկման և գնահատման համակարգ՝ չափելու և փաստերի հիման վրա գնահատելու զբոսաշրջային կենտրոնի տարածքում մեկ զբոսաշրջիկի կողմից կատարված միջին ծախսերը և ծախսման ուղղությունները,

2) վերլուծելու զբոսաշրջիկների պահանջմունքների փոփոխությունները՝ հաշվի առնելով դրանք զբոսաշրջային կենտրոնի հետագա զարգացման համար:

գ) կենտրոնի և դրա տարածքում առկա մշակութային վայրերի համար կառավարման պլան (ըստ անհրաժեշտության)

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է՝

1) մշակելու և իրականացնելու մշակութային վայրերի զբոսաշրջային թողունակության սահմանաչափի պահպանման համար կարգավորումներ,

2) մշակելու և գործարկելու առանձնահատուկ կանոններ հատուկ պահպանվող տարածքներում, հատուկ պաշտպանություն ունեցող ռեսուրսների կամ սահմանափակ այցելություն ունեցող վայրերում կամ դրանց հարակից տարածքներում զբոսաշրջության կազմակերպման և անցկացման համար՝ դրանք ներառելով զբոսաշրջության կառավարման պլանում։

դ) կենտրոնում զբոսաշրջային թեմատիկ երթուղիների մշակում և ներկայացում

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է՝

1) հիմնական զբոսաշրջային վայրերի ներառմամբ ձևավորելու թեմատիկ երթուղիներ՝ մշակութային և բնության ժառանգությունն ավելի գրավիչ և մատչելի դարձնելու նպատակով։

ե) ոչ նյութական մշակութային արժեքների և յուրահատուկ փորձառություններ

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է առաջարկել՝

1) զբոսաշրջիկների համար հնարավորություն ստեղծելու մասնակցել տեղանքի յուրահատկություններին բնորոշ զբոսաշրջային փորձառություններին՝ արկածային զբոսաշրջության իրականացման ընթացքում պահպանելով անձի կյանքին և առողջության պահպանության, անվտանգության ապահովման անհրաժեշտ բոլոր կանոնները։

զ) մարքեթինգ, զբոսաշրջային կենտրոնի գովազդ և առաջմղում

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է՝

1) ընտրելու և թիրախավորելու դեպի Հայաստանի Հանրապետություն ներգնա զբոսաշրջության համար ներուժ ունեցող երկրներ կամ այդ երկրներում իրականացնել մարքեթինգային, գովազդային աշխատանքներ, որոնք միտված են զբոսաշրջային կենտրոնում զբոսաշրջային արժեշղթայի ընդլայնմանը և մրցունակության բարձրացմանը,

2) գովազդային նյութերում բացառելու աղավաղված կամ ոչ ստույգ տեղեկությունների ներառումը, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց իսկությունը համաձայնեցնելու Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի կամ վերջինիս միջոցով իրավասու պետական մարմնի հետ՝ Հայաստանի Հանրապետության պատմության, մշակույթի, բնական ռեսուրսների վերաբերյալ միայն հավաստի և ստուգված տեղեկությունների տարածումն ապահովելու և հակասական և չստուգված տեղեկությունների հրապարակումը բացառելու համար։

Բաժին 3. Համակարգային կարողություններ

ա) մշակութային ժառանգության գծով խորհրդատվական ծառայություններ

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է՝

1) առաջ մղելու և պահպանելու մշակութային ռեսուրսները՝ այդ ուղղությամբ մատուցելով խորհրդատվական աշխատանքներ։

բ) զբոսաշրջության բնագավառում որակավորված կամ վերապատրաստված մարդկային ռեսուրսների առկայություն

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է՝

1) ունենալ սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի Աղյուսակ 1-ի Գ կետի 1-ին ենթակետով նախատեսված մարդկային ռեսուրսներ,

2) զբոսաշրջիկին մատուցելու որակյալ ծառայություններ։

գ) զբոսաշրջային կենտրոնների թեմատիկ զարգացման նպատակով տեղական ինքնակառավարման մարմիններում վերապատրաստված աշխատակիցներ

Զբոսաշրջային կենտրոնը կամ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունը հանձնառու է՝

1) ակտիվ համագործակցելու տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ իրենց աշխատանքներում ներգրավելով համայնքային ծառայողների կամ այլ աշխատողների, խորհրդատուների, վերապատրաստելու վերջիններիս, բարձրացնելու նրանց կարողությունները, ինչը կնպաստի զբոսաշրջային կենտրոնի ձևավորմանը, կայացմանը և զարգացմանը։

դ) շրջակա միջավայրի կայունություն

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է առաջարկել՝

1) ապահվելու սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի Աղյուսակ 1-ի «զ» կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնառության իրագործումը,

2) սույն Աղյուսակ 2-ի Բաժին 3-ի «դ» կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնառությամբ պայմանավորված՝ զբոսաշրջության համար սահմանափակված տարածքներին հարակից վայրերում բնակվող անձանց համար մշակելու և առաջարկելու որոշակի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան տվյալ տարածքի բնակիչներին չզգալու զբոսաշրջության սահմանափակումից բխող ֆինանսական և այլ վնասները։

Բաժին 4. Պետություն-մասնավոր գործընկերություն

ա) կատարելագործված հանրային ենթակառուցվածքներ

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է առաջարկել՝

1) մշակված ծրագրերի հիման վրա ընտրելու մասնավոր ներդրումներ՝ նախընտրություն տալով երկարաժամկետ, շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունեցող կայուն և երկարաժամկետ ներդրումներին,

2) ըստ անհրաժեշտության իրականացնելու ենթակառուցվածքների բարելավում ներգրավվող ներդրումների իրագործման համար պետական մարմինների հետ համատեղ աշխատանքի միջոցով։

բ) նորագույն տեխնոլոգիաներով թվային արդյունքներ կիրառում

Զբոսաշրջային կենտրոնը հանձնառու է՝

1) աջակցելու մասնավորին կամ առաջարկել իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ստեղծելու անհրաժեշտ պայմաններ մասնավոր հատվածի կողմից զբոսաշրջային կենտրոնի տարածքում թվային զբոսաշրջային արդյունք ստեղծելու համար, օրինակ՝ քարանձավների համար քարանձավում ցուցադրվող ֆիլմերի նկարահանում, ցուցադրություն։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան