ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 744-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2021 թվականի N 744-Ն

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 744-Ն որոշման

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ

(վերնագիրը խմբ. 04.07.24 N 1020-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ է, որը բխում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից, սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների (ըստ տարիքային խմբերի) զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը (զարգացման ոլորտներով պայմանավորված վերջնարդյունքները), նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման վերջնարդյունքների ապահովման հիմքերը:

(1-ին կետը խմբ. 14.11.25 N 1594-Ն)

2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝

1) նախադպրոցական կրթության ավարտին ակնկալվող կարողունակությունները.

2) նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքները՝ ըստ տարիքային խմբերի.

3) նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը. ուսումնադաստիարակչական հիմնական ուղղությունները և, դրանցով պայմանավորված, կրթական ծրագրի բաղադրիչները.

4) նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաներին զարգացնող միջավայրի չափանիշները:

(2-րդ կետը խմբ. 14.11.25 N 1594-Ն)

3. Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը. Հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու ուսումնադաստիարակչական գործընթացում սանի ներգրավվածությունը, մասնակցությունը, ակտիվությունը։

4. Չափորոշչի պահանջների կատարումը պարտադիր է նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:

5. Չափորոշչային պահանջները հիմք են հանդիսանում միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների (բաժինների) ուսումնական ծրագրերը մշակելիս։

 

2. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Կարողունակությունները նախադպրոցական տարիքի երեխաների կողմից ուսուցման և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքների, կարողությունների, հմտությունների, արժեքների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևեր են։

7. Նախադպրոցական կրթության կարողունակություններն են՝

1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն.

2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն.

3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն.

4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.

5) թվային և մեդիա կարողունակություն.

6) մշակութային կարողունակություն.

7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն.

8) տնտեսական կարողունակություն.

9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն:

8. Լեզվական և հաղորդակցական կարողունակություն՝ սանը շփման ընթացքում կիրառում է խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման ձևերը, հաղորդակցվում է գրական հայերենով, հստակ է արտաբերում հայերենի հնչյունները: Ունի իր տարիքին համապատասխան բառապաշար, կառուցում է կապակցված խոսք: Քերականորեն ճիշտ է արտահայտում սեփական մտքերը, կարծիքը, վերաբերմունքը, ներգրավվում է երկխոսության մեջ: Կողմնորոշվում է լեզվական միավորներում՝ նախադասություն, բառ, վանկ, հնչյուն, տառ: Հաղորդակցման մեջ պատկերացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը և մեծահասակների օգնությամբ կիրառում է դրանք:

(8-րդ կետը լրաց. 14.11.25 N 1594-Ն)

9. Ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն՝ սանը ճանաչում է առարկաները, դրանց մասերի կապերը, հարաբերությունները, տեսնում է պարզ պատճառահետևանքային կապեր երևույթների, իրադարձությունների միջև։ Դրսևորում է ճանաչողական հետաքրքրություն, ակտիվություն շրջապատող աշխարհի, առարկաների և երևույթների, ինչպես նաև հետաքրքրասիրություն՝ հարաբերությունների կառուցման հանդեպ: Սեփական նախաձեռնությամբ ներգրավվում է գործունեության տարբեր ձևերում:

(9-րդ կետը խմբ. 14.11.25 N 1594-Ն)

10. Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն՝ սանը ճանաչում է իր արտաքին առանձնահատկությունները, ունի սեռադերային պատկերացումներ: Ունի պատկերացում սեփական հնարավորությունների մասին, վստահություն սեփական ուժերի և կարողությունների հանդեպ: Ընդունակ է ինքնակազմակերպվելու, դրսևորում է ինքնուրույնություն և ինքնասպասարկման հմտություններ: Գործունեությունը նպատակաուղղված է, գործողություններն իրականացնում է տրամաբանական հաջորդականությամբ: Ճանաչում է իր և այլոց հույզերը, կարողանում է կառավարել սեփական հույզերը, ապրումակցել: Տիրապետում է մեծահասակների և հասակակիցների փոխհարաբերություններում սահմանված վարքային կանոններին և դրսևորում է սոցիալապես ընդունված նորմերին համապատասխան վարք: Շփման մեջ նախաձեռնող և կառուցողական է, ունակ է համագործակցության:

(10-րդ կետը փոփ. 14.11.25 N 1594-Ն)

11. Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն՝ սանը տիրապետում է բարեվարքության և սոցիալական արդարության պարզագույն կանոններին. դրսևորում է հարգանք և հոգատարություն շրջապատի հանդեպ, գնահատում է արարքների բարոյական ուղղվածությունը: Ճանաչում է իր հայրենիքը, Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները (դրոշ, զինանշան, օրհներգ), դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ: Ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների մասին:

12. Թվային և մեդիա կարողունակություն՝ սանն ունի տարրական պատկերացումներ մեդիայի վերաբերյալ, վերլուծում և գնահատում է ներկայացված տեղեկատվությունը, այն համադրում սեփական պատկերացումներին՝ դրսևորելով քննադատական և ընտրողական մոտեցում։ Գիտակցում է հավաստի աղբյուրներից օգտվելու կարևորությունը: Պահպանում է մեդիա գործիքներից օգտվելու ժամանակակարգը: Կարողանում է օգտվել մեդիա տարրական գործիքներից՝ հասկանալով դրանց կիրառման հնարավոր վտանգները և այդ հարցում սեփական պատասխանատվությունը։ Դրսևորում է առարկաների, երևույթների մոդելավորման և ստեղծագործական կարողություններ, ընկալում է իրական և վիրտուալ աշխարհները, հասկանում դրանց տարբերությունները:

(12-րդ կետը փոփ. 14.11.25 N 1594-Ն)

13. Մշակութային կարողունակություն՝ սանը ճանաչում և կարողանում է գնահատել գեղեցիկը, ներկայացնում և վերլուծում է որոշ հանրահայտ հայ և արտասահմանյան մանկագիրների գեղարվեստական ստեղծագործությունները, ճանաչում է ազգային և համաշխարհային մշակութային նմուշներ: Ծանոթ է ազգային որոշ տոների ու ավանդույթների: Դրսևորում է հետաքրքրություն երաժշտության, կերպարվեստային գործունեության տարբեր տեսակների հանդեպ, դրանց միջոցով արտահայտում է սեփական հույզերը, զգացմունքներն ու տպավորությունները:

(13-րդ կետը լրաց., փոփ. 14.11.25 N 1594-Ն)

14. Մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն՝ սանը ճանաչում, հետազոտում, դասակարգում է առարկաները, համեմատում է դրանք ըստ հատկությունների՝ չափի, ձևի, գույնի, նյութի, տարբերակում է մասը և ամբողջը, գտնում դրանց միջև եղած կապերը, ճանաչում և անվանում է տարածական մարմինները և երկրաչափական պատկերներն ըստ հատկանիշների: Կողմնորոշվում է ժամանակի և տարածության մեջ: Սանը ճանաչում է 0-9 թվանշանները, գիտի թվի և թվանշանի տարբերությունը, թվի միավոր կազմը, կարողանում է որոշել առարկաների քանակը, գիտի կարգ ու կարգային հաշիվ: 10-ի սահմաններում կատարում է մաթեմատիկական պարզ գործողություններ, լուծում է պարզ տրամաբանական խնդիրներ։ Ունի տարրական պատկերացումներ պարզ օրինաչափությունների մասին, կազմում է գործողությունների քայլաշար (ալգորիթմ), պարզ թվաբանական խնդիրներ և առաջարկում լուծումներ: Ցուցաբերում է հետաքրքրություն կառուցողական խաղերի հանդեպ, նոր արդյունք ստանալու համար համադրում է ծանոթ մասերը:

(14-րդ կետը խմբ. 14.11.25 N 1594-Ն)

15. Տնտեսական կարողունակություն՝ սանը ճանաչում և վերլուծում է սեփական և այլոց աշխատանքի արդյունքները: Գիտի տնտեսական պարզ հասկացություններ, տարբեր մասնագիտությունների անվանումները և դրանց առանձնահատկությունները, իր կողմից կիրառվող առարկաների ձեռքբերման եղանակները: Հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների միասնականությունն ու փոխկապակցվածությունը: Գիտի բնության առանձին երևույթների վտանգների մասին, տիրապետում է դրանցից պաշտպանվելու տարրական կանոններին, դրսևորում է անվտանգ վարքագիծ բնության առանձին երևույթների՝ կայծակի, ամպրոպի, կարկուտի, անձրևի, մառախուղի ժամանակ: Ունի տարրական պատկերացումներ շրջակա միջավայրի և դրա պահպանման վերաբերյալ: Կարողանում է նկարագրել մարդու և տնտեսության ազդեցությունը բնության վրա: Հասկանում է շրջակա միջավայրի պահպանման գործում սեփական դերը, նշանակությունը, մասնակցում է այդ գործընթացին և դրսևորում է խնայողական վերաբերմունք:

(15-րդ կետը խմբ. 14.11.25 N 1594-Ն)

16. Ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն՝ սանը պատկերացում ունի առողջ սննդի, առողջ ապրելակերպի վարման, վարակների տարածման կանխարգելման հիմնական կանոնների՝ օրգանիզմի կոփման, օրվա կանոնակարգի, հիգիենիկ կանոնների, ճիշտ կեցվածքի պահպանման մասին: Հասկանում է անվտանգ կենսակերպ պահպանելու կարևորությունը: Դրսևորում է մերժողական վերաբերմունք վնասակար սովորությունների վերաբերյալ: Տարբերակում է առողջ ու անառողջ սննդակարգերը, ցուցաբերում է առողջ սնունդ ընտրելու կարողությունը` սեփական ալերգիաների, սննդային հակացուցումների և ընդհանուր առողջության պահպանման համատեքստում: Գիտակցում է ֆիզիկական վարժությունների առողջարարական նշանակությունը, ընդհանուր պատկերացում ունի շարժողական ընդունակությունների մասին: Ճիշտ է կատարում ֆիզիկական, մարմնամարզական, աթլետիկական վարժություններ, տարաբնույթ շարժողական գործողություններ շարժախաղերում, մարզախաղերում, շարժողական ակտիվության այլ ձևերում: Ինքնուրույն կատարում է նմանողական շարժումներ, ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանձին, զույգերով, խմբով, մարզագույքով: Վարժությունների կատարման ընթացքում, շարժախաղերում, թիմային խաղերում դրսևորում է բարոյակամային որակներ:

Ունի տարրական պատկերացումներ ամառային և ձմեռային տարածված մարզաձևերի, մարզագույքի, սպորտային հանդերձանքի մասին: Ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկների:

(16-րդ կետը խմբ. 14.11.25 N 1594-Ն)

 

3. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

 

17. Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքները նկարագրում են, թե տարիքային յուրաքանչյուր փուլի ավարտին ինչ գիտի, ինչ է կարողանում անել, ինչպիսի վերաբերմունք ու վարքագիծ է դրսևորում սանը։

18. Զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։

19. Նախադպրոցական տարիքի երեխաների կրթության բովանդակությունը ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`

1) շարժողական.

2) խոսքի և հաղորդակցման.

3) իմացական.

4) հուզական, սոցիալ-անձնային.

5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի:

(19-րդ կետը փոփ. 14.11.25 N 1594-Ն)

20. Շարժողական ոլորտում նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներն են.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ (ծննդից մինչև 1 տարեկան)՝

ա. սանն ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ կարողանում է սողալ, սողալով մագլցել ոչ բարձր առարկաների վրա և իջնել,

բ. կարողանում է ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ կքանստել ու կանգնել,

գ. կարողանում է նստել առանց հենվելու և որևէ առարկայից բռնվելու,

դ. կարողանում է կանգնած դրությունից առանց ոտքերը շարժելու թեքվել և ուղղվել,

ե. սկսում է ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ քայլել, ոչ բարձր առարկայի վրայից անցնել դեպի մյուսը.

զ. կարողանում է ձեռքերով հենարանից բռնած բարձրանալ և իջնել աստիճանի և բլրակի վրայից,

է. ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ կարողանում է քայլել ցույց տրված ուղղությամբ, քայլել գլորված առարկայի հետևից,

ը. վերցնում է մեծահասակի ձեռքից կամ գլխավերևում կախված խաղալիքը, կատարում տարբեր շարժումներ,

թ. կարողանում է կատարել առարկաներով ակտիվ գործողություններ` մեկ առարկան դասավորել մյուսի մեջ, բացել և փակել արկղի կափարիչը, օղակն անցկացնել ձողի վրա և հանել, նետել առարկաներ,

ժ. կատարում է պարային պարզ շարժումներ՝ ուրախ, առույգ և հանգիստ նվագակցությամբ,

ժա. դրական է արձագանքում մերսմանը, կոփման միջոցառումներին.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-ից մինչև 2 տարեկան)`

ա. սանը քայլում է առաջարկված ուղղությամբ,

բ. ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ կարողանում է բարձրանալ և իջնել աստիճաններով,

գ. կարողանում է անցնել հատակին դրված ոչ բարձր առարկայի վրայով, սողանցել,

դ. կարողանում է քայլել ոչ բարձր, թեք տեղադրված տախտակի վրայով,

ե. կարողանում է կատարել մեծահասակի կողմից ցուցադրված ընդհանուր զարգացնող պարզ վարժություններ,

զ. փորձում է վազել,

է. խաղում է շարժախաղեր՝ պարզ շարժողական գործողություններով,

ը. կատարում է պարային պարզ շարժումներ՝ նվագակցությամբ,

թ. կատարում է ակտիվ գործողություններ՝ առարկաներով,

ժ. դրական է արձագանքում կոփման միջոցառումներին,

ժա. շարժողական գործողությունների ժամանակ դրսևորում է ինքնուրույնություն.

3) կրտսեր առաջին խումբ (2-ից մինչև 3 տարեկան)՝

ա. սանն ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ կարողանում է կատարել պարզ մարմնամարզական, աթլետիկական վարժություններ` փոփոխելով շարժման ուղղությունը, ելման դիրքը,

բ. կարողանում է կատարել ընդհանուր զարգացնող և հավասարակշռության պարզ վարժություններ,

գ. խաղում է շարժախաղեր՝ դրսևորելով հիմնական շարժումները (քայլք, վազք, ցատկ, նետում, սողանցում, մագլցում),

դ. կարողանում է նստել, կանգնել, քայլել ջրի մեջ,

ե. մեծահասակի ուղղորդմամբ պահպանում է հիգիենայի և օրվա կանոնակարգի հիմնական պահանջները,

զ. ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է ինքնուրույնություն, կարգապահություն, ընկերասիրություն,

է. կատարում է պարային պարզ շարժումներ՝ նվագակցությամբ.

ը. փորձում է աշխատել մատիտով, վրձնով, ծեփանյութով.

4) կրտսեր երկրորդ խումբ (3-ից մինչև 4 տարեկան)`

ա. սանը կարողանում է կատարել և զուգակցել հիմնական շարժողական գործողությունները,

բ. խաղում է շարժախաղեր՝ հիմնական շարժումների զուգակցմամբ (քայլք, վազք, ցատկ, նետում, սողանցում, մագլցում) առանց առարկաների և առարկաներով,

գ. գիտի շարժախաղերի և մարզաձևերի անվանումներ,

դ. խաղում է ջրային խաղեր,

ե. կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,

զ. կատարում է ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխարգելման վարժություններ,

է. կատարում է պարզ զուգակցումներով պարային շարժումներ,

ը. պահպանում է հիգիենայի հիմնական պահանջները,

թ. ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է ակտիվություն, համագործակցություն, կարգապահություն,

ժ. կարողանում է վարել եռանիվ հեծանիվ, ինքնագնաց, սահել սահնակով,

ժա. ունի մատիտով, վրձնով, ծեփանյութով աշխատելու կարողություններ, փորձում է աշխատել մկրատով.

5) միջին խումբ (4-ից մինչև 5 տարեկան)`

ա. սանը կարողանում է ճիշտ կատարել և զուգակցել հիմնական շարժումները,

բ. խաղում է շարժախաղեր՝ հիմնական շարժողական գործողություններով, մասնակցում է մարզախաղերի տարրերով փոխանցումավազքերին՝ դրսևորելով անհրաժեշտ շարժողական ակտիվություն,

գ. գիտի ամառային և ձմեռային մարզաձևերը, ճանաչում է հայ անվանի մարզիկների,

դ. խաղում է ջրային խաղեր, ջրում կատարում է ոտքերի և ձեռքերի շարժումներ,

ե. կատարում է կեցվածքի շեղման, հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ,

զ. կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին ու ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,

է. կատարում է պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն,

ը. ինքնուրույն կատարում է տարբեր բնույթի ֆիզիկական վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,

թ. ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է կարգապահություն, ակտիվություն, ընկերասիրություն, համագործակցություն, բարեկիրթ վարքագիծ և հարգանք.

ժ. տիրապետում է սպորտային վարժություններին` սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, եռանիվ և երկանիվ հեծանիվ,

ժա. ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու կարողություններ.

6) ավագ խումբ (5-ից մինչև 6 տարեկան)`

ա. սանը կարողանում է ճիշտ կատարել հիմնական շարժումները, շարժողական գործողությունները (քայլք, վազք, ցատկ, նետում, մագլցում, սողանցում) տարբեր պայմաններում,

բ. ինքնուրույն կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին և ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,

գ. խաղում է տարբեր շարժախաղեր և մարզախաղեր, զուգորդում դրանց բնորոշ շարժողական գործողությունները` դրսևորելով անհրաժեշտ շարժողական ընդունակություններ,

դ. տարբեր պայմաններում կատարում է սպորտային վարժություններ՝ սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, երկանիվ հեծանիվ, դրսևորելով անհրաժեշտ շարժողական կարողություններ և հմտություններ,

ե. ջրում կատարում է լողի տարրերով պարզ վարժություններ,

զ. կատարում է ճիշտ կեցվածքի ձևավորման և հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,

է. կատարում է պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն և ռիթմոպլաստիկ շարժողական կարողություն,

ը. օրվա ընթացքում կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ, դրսևորում է շարժողական ակտիվություն,

թ. ինքնուրույն կամ մեծի օգնությամբ կատարում է առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն, ֆիզկուլտ-դադար,

ժ. ինքնուրույն կատարում է առարկաներով ֆիզիկական վարժություններ (գնդակ, ցատկապարան, օղ, մարմնամարզական փայտ),

ժա. կիրառում է կոփման միջոցներ, պահպանում է օրվա կանոնակարգին ներկայացվող պահանջները,

ժբ. ֆիզիկական ակտիվության բոլոր ձևերում դրսևորում է կարգապահություն, աշխատասիրություն, ազնվություն, ընկերասիրություն, փոխօգնություն, կամք, պատասխանատվություն, նախաձեռնություն, վճռականություն,

ժգ. գիտի օլիմպիական խաղերի ծագման և խորհրդանիշների մասին, ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկների,

ժդ. ունի պատկերացումներ օրգանիզմի վրա ֆիզիկական վարժությունների և սպորտի դրական ներգործության մասին,

ժե. ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու հմտություններ։

(20-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 14.11.25 N 1594-Ն)

21. Խոսքի և հաղորդակցության ոլորտում նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման և կրթական վերջնարդյունքներն են.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ`

ա. սանը փորձում է հաղորդակցվել մեծերի հետ,

բ. արձագանքում է իրեն ուղղված խոսքին համապատասխան վարքային դրսևորումներով,

գ. արտաբերում է միավանկ և նույն վանկից կազմված բառեր.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝

ա. սանը հասկանում է իրեն ուղղված խոսքը և արձագանքում դրան խոսքային և ոչ խոսքային միջոցներով,

բ. բառը վերագրում է առարկային, գործողությանը,

գ. մեկ բառով անվանում է որևէ հատկանիշով նման առարկաները,

դ. ներգրավվում է հաղորդակցական տարբեր իրավիճակներում,

ե. հաղորդակցման ընթացքում արտահայտում է սեփական ցանկություններն ու պահանջները՝ կազմելով 2-3 բառից բաղկացած նախադասություններ.

3) կրտսեր առաջին խումբ՝

ա. սանը խոսքային և ոչ խոսքային միջոցներով արտահայտում է իր մտքերը, կարծիքը, զգացողություններն ու պահանջները,

բ. կազմում է նախադասություններ՝ հետևելով քերականական պարզ կանոններին,

գ. պատասխանում է իրեն ուղղված պարզ հարցերին, միևնույն ժամանակ կազմում հարցեր «ո՞վ», «ի՞նչ» բառերով,

դ. ընկալում է առարկաների խմբերն ընդհանրացնող բառերի իմաստը և դրանք կիրառում իր խոսքում.

4) կրտսեր երկրորդ խումբ՝

ա. սանն ընկալում է ուրիշի բանավոր խոսքը և տալիս համարժեք պատասխաններ,

բ. տարբերում է հնչարտասանությամբ նման բառերը (տուն-շուն և այլն),

գ. ընկալում է բառի նշանակությունը, դրսևորում բառակազմության տարրական կարողություններ՝ բառերին ավելացնելով «փոքրացնող» վերջածանցներ (փիսիկ, շնիկ),

դ. ինքնուրույն ձևակերպում և արտահայտում է սեփական մտքերը՝ նախադասություններում բառերը կիրառելով ճիշտ հաջորդականությամբ,

ե. ձևակերպում է հարցեր՝ կիրառելով «ո՞վ», «ի՞նչ», «որտե՞ղ», «ե՞րբ», «ինչու՞» բառերը,

զ. ընկալում է ներկայացված նկարի բովանդակությունը և վերարտադրում այն,

է. իրավիճակից ելնելով՝ իրականացնում է հաղորդակցում մեծահասակների և հասակակիցների հետ,

ը. արտաբերում է հայերենի հնչյունները.

5) միջին խումբ՝

ա. սանն ընկալում և վերարտադրում է լսած փոքրիկ պատմությունները,

բ. նկարագրում է առարկաները, երևույթները, դրանց միջև եղած պարզագույն կապերը. բանավոր խոսքում կիրառում է այնպիսի առարկաների և երևույթների անվանումներ, որոնք իր անձնական փորձում չեն եղել,

գ. նկարների օգնությամբ կազմում է փոքրիկ պատմություններ, ամբողջացնում կիսատ թողնված միտքը,

դ. պատմում է սեփական փորձառության մասին,

ե. խոսքն արտահայտում է տարբեր արտահայտչամիջոցներով՝ փոխելով ձայնի ուժգնությունը, տեմպը, օգտվում է խոսքային դադարներից,

զ. քերականորեն ճիշտ է կազմում նախադասությունները՝ կիրառելով կապական միջոցներ,

է. դրսևորում է հետաքրքրություն գրքերի նկատմամբ, արտահայտում գրական ստեղծագործություն լսելու ցանկություն,

ը. հաղորդակցման ընթացքում ոչ միայն արտահայտում է սեփական վերաբերմունքը որևէ երևույթի նկատմամբ, այլև դրսևորում է դիմացինին լսելու կարողություն,

թ. տարբերում է հաղորդակցության անմիջական և միջնորդավորված ձևերը, պատկերացնում է տեխնոլոգիաների դերը հաղորդակցության մեջ.

6) ավագ խումբ՝

ա. սանը հորինում և կապակցված ներկայացնում է փոքրիկ պատմություններ, նկարագրում և բացատրում է որևէ երևույթ,

բ. մտքերն արտահայտում է տրամաբանական հաջորդականությամբ՝ կիրառելով հոմանիշ, հականիշ բառեր,

գ. ընկալում է ներկայացված պատմության կառուցվածքը՝ տարբերելով սկիզբը, ընթացքը և ավարտը,

դ. տրված բառում տարբերում է առանձին հնչյուններ, դրանցով կազմում նոր բառեր, ընկալում է բառի վանկերը, վանկատում է բառը,

ե. ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում է առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների,

զ. արտաբերում է ձայնավոր և բաղաձայն հնչյունները, ճանաչում է հայերենի տպագիր տառերը,

է. դրսևորում է հետաքրքրություն գրավոր խոսքի և ընթերցանության նկատմամբ,

ը. նախաձեռնում է հաղորդակցում մեծերի ու հասակակիցների հետ, հաղորդակցման ընթացքում գնահատում է ոչ միայն իր, այլև դիմացինի խոսքը՝ շտկելով սխալ արտաբերած հնչյունը, բառը կամ նախադասությունը,

թ. կողմնորոշվում է մեդիա տեղեկատվական դաշտում, հարցեր է տալիս լսած տեղեկատվության վերաբերյալ, դրսևորում է իր դիրքորոշումն ու վերաբերմունքը:

(21-րդ կետը փոփ., խմբ. 14.11.25 N 1594-Ն)

22. Իմացական ոլորտում նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման և կրթական վերջնարդյունքներն են.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝

ա. սանը, ինքնուրույն տեղաշարժվելով տարածության մեջ, ծանոթանում է իրեն շրջապատող առարկայական աշխարհին,

բ. առարկաներով կատարում է հարաբերակցված գործողություններ,

գ. ճանաչում է իրեն ծանոթ դեմքերը, առարկաները.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝

ա. սանն ուսումնասիրում և համեմատում է առարկաները,

բ. հետաքրքրություն է ցուցաբերում նոր առարկաների նկատմամբ,

գ. հասկանում է առարկայական գործողությունների և իրադարձությունների հաջորդականությունը, դրանց միջև գոյություն ունեցող կապերը,

դ. ծանոթ առարկաներով կատարում է ֆունկցիոնալ գործողություններ, հետաքրքրություն է դրսևորում մեծահասակների գործողությունների նկատմամբ.

3) կրտսեր առաջին խումբ՝

ա. սանը դասակարգում է առարկաներն ըստ կոնկրետ որևէ հատկանիշի,

բ. ուսումնասիրում է շրջապատող միջավայրը, փորձում է հարցերի միջոցով բավարարել իր հետաքրքրությունները,

գ. ունի առարկաների չափի, ձևի և քանակի մասին տարրական պատկերացումներ, ճանաչում է երկրաչափական պարզ պատկերները,

դ. ճանաչում է հիմնական գույները,

ե. մեկ առարկան փոխարինում է այլ առարկաներով, հասկանում դրանց նշանակությունը,

զ. ունի տարրական պատկերացումներ իր և իր ընտանիքի մասին,

է. առանձնացնում է իրեն մյուսներից, դրսևորում է համառություն ցանկություններում և գործողություններում.

4) կրտսեր երկրորդ խումբ՝

ա. ունի տարրական պատկերացումներ շրջապատող միջավայրի, բնության երևույթների, կենդանական ու բուսական աշխարհի և անկենդան բնության մասին,

բ. ունի տարրական պատկերացումներ փոխադրամիջոցների, մարդու կյանքում դրանց դերի մասին, տարբերում է մասնագիտությունները, դրանց հիմնական գործառույթները,

գ. մտապահում և վերարտադրում է ներկայացվող տեղեկատվությունը,

դ. կողմնորոշվում է տարածության և ժամանակի մեջ,

ե. նկարագրում է առարկաների, երևույթների առանձին կողմերը,

զ. ունի առարկաների չափի, ձևի և քանակի վերաբերյալ տարրական պատկերացումներ, ճանաչում է գույները, երկրաչափական մարմինները և պատկերները,

է. հասկանում է երևույթների միջև պատճառահետևանքային պարզագույն կապերը,

ը. դրսևորում է հասակակիցների հետ համատեղ գործելու ցանկություն, մտավոր ակտիվություն, հանդես է գալիս նախաձեռնողի դերում,

թ. կենտրոնացնում է ուշադրությունն առաջադրանքի կատարման, խաղի կանոնների պահպանման վրա,

ժ. դրսևորում է տարբեր նյութերով աշխատելու տարրական հմտություններ,

ժա. ունի տարրական պատկերացումներ ինչպես հայկական, այնպես էլ այլ ազգերի մշակութային տարրերի մասին.

5) միջին խումբ՝

ա. սանը ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի իմացություն, թվաբանական պարզ խնդիրներ լուծելու կարողություն, կռահում է պարզ օրինաչափությունները,

բ. մասնակցում է համատեղ կազմակերպվող աշխատանքներին և ավարտին հասցնում առաջադրանքը,

գ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է իմացական ակտիվություն, հայտնում է սեփական կարծիքը, դիրքորոշումը, վերաբերմունքը,

դ. ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների,

ե. հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ կենդանական աշխարհի և անկենդան բնության մասին,

զ. կարևորում է մարդու աշխատանքը, դրա արդյունքները,

է. ճանաչում է փոխադրամիջոցները, սպասքը, կահույքը, գիտի դրանց դերը մարդու կյանքում,

ը. ունի տարրական պատկերացումներ ազգերի մշակութային առանձնահատկությունների մասին,

թ. մեծահասակի օգնությամբ վերլուծում է տեղեկատվությունը և կատարում նպատակամետ ընտրություն.

6) ավագ խումբ՝

ա. սանն առաջադրանքներ կատարելիս դրսևորում է ճանաչողական հետաքրքրություն և ստեղծագործական մոտեցում,

բ. ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի, կարգային հաշվի իմացություն, լուծում է պարզ տրամաբանական խնդիրներ, կռահում է պարզ օրինաչափությունները, կազմում պարզ ալգորիթմներ՝ ներկայացնելով գործողությունների հաջորդականությունը,

գ. հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ բնության մասին,

դ. վերլուծում է երևույթների պատճառահետևանքային կապերը, ներկայացնում է իր պատկերացումներն ու վերաբերմունքը,

ե. նկարագրում և մեկնաբանում է շրջապատող միջավայրում ընթացող երևույթները, սեփական որոշումներն ու գործողությունները,

զ. մոդելավորում է առարկաները, հեքիաթի հերոսներին, բնության երևույթները պայմանական նշաններով, առանձին պատկերներով, տարբերում է ճանապարհային երթևեկության պարզ նշանները,

է. ունի պատկերացումներ տնտեսական պարզ հասկացությունների մասին, դրսևորում է գնահատողական վերաբերմունք աշխատանքի արդյունքի նկատմամբ, չափավորում է սեփական պահանջմունքները,

ը. գիտի իր հայրենի երկրի մասին, ճանաչում է ազգային, այդ թվում և այլ ազգերի մշակութային առանձնահատկությունները,

թ. դրսևորում է քննական վերաբերմունք ներկայացվող նյութի նկատմամբ, վերլուծում է այն, ընտրում է օգտակարը, կատարում է հետևություններ և այդ առնչությամբ արտահայտում իր կարծիքը,

ժ. դրսևորում է մեդիա և թվային գրագիտություն, նշում է իրական և մեդիա միջավայրերի տարբերությունները՝ մեդիայից ստացված տեղեկատվությունը համադրելով իրական կյանքին,

ժա. հասկանում է մեդիա գործիքների կիրառության բազմազանությունը, դրանց անհրաժեշտությունը, մեծահասակի աջակցությամբ հստակ նպատակով կարողանում է կիրառել դրանք կրթական և խաղային միջավայրում:

(22-րդ կետը լրաց. 14.11.25 N 1594-Ն)

23. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտում նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներն են.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝

ա. սանն արձագանքում է ծանոթ մարդկանց հուզական դրսևորումներին,

բ. արձագանքում է արտաքին աշխարհից եկող ազդակներին հուզականությամբ,

գ. արձագանքում է իր անվանը, հետաքրքրություն է ցուցաբերում սեփական մարմնի հանդեպ, ուսումնասիրում է շրջապատող առարկաներն ու խաղալիքները, մարդկանց դեմքերը,

դ. գործողություններում ձգտում է ինքնուրույնության.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝

ա. սանը սկսում է տարբերակված արձագանքել աշխարհին, նրա գործողություններն ունեն հուզական երանգավորում,

բ. արտահայտում է իր հույզերն ու զգացողությունները շարժումներով, երգի և պարի միջոցով,

գ. դրսևորում է դրական վերաբերմունք մարդկանց նկատմամբ, շփվում է ծանոթ մեծահասակների և հարազատների հետ,

դ. մեծահասակների հետ շփվելիս ուշադիր լսում և կատարում է նրանց պարզ առաջարկությունները,

ե. ցուցաբերում է հետաքրքրություն սեփական անձի նկատմամբ, ուսումնասիրում է իր արտաքին տեսքը, մարմնի մասերը, գիտի իր անունը.

3) կրտսեր առաջին խումբ՝

ա. սանը ճանաչում է հիմնական հույզերը, համարժեք արձագանքում է դիմացինի հուզական դրսևորումներին,

բ. դրսևորում է իրավիճակին համապատասխան սոցիալական հույզեր՝ զարմանք, ուրախություն, տխրություն, ամաչկոտություն,

գ. շփվում է ծանոթ մեծահասակների հետ, նրանց խոսքին արձագանքում է հույզերով և պարզ խոսքային արտաբերումներով,

դ. մեծահասակների հետ համատեղ գործունեության ընթացքում փորձում է կառավարել իր հույզերը և կատարել սոցիալական վարքի պարզ պահանջներն ու բարեկիրթ վարվեցողության կանոնները՝ մեծահասակների խնդրանքով կամ միջամտությամբ,

ե. հասակակիցների հետ շփվելիս դրսևորում է հուզական հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն,

զ. գիտի ծնողների և ընտանիքի անդամների անունները, ճանաչում է իրեն պատկանող իրերն ու խաղալիքները.

4) կրտսեր երկրորդ խումբ՝

ա. սանը կարողանում է ներկայացնել իր ցանկություններն ու հետաքրքրությունները, դրսևորում է իրավիճակին համապատասխանող հուզականություն,

բ. սոցիալական հույզերի միջոցով արտահայտում է իր վերաբերմունքը շրջապատող աշխարհին,

գ. հասակակիցների հետ հաղորդակցման դժվարությունները փորձում է լուծել մեծահասակների օգնությամբ, հասակակիցների հետ հարաբերություններում ձգտում է համառությամբ առաջ տանել սեփական ցանկություններն ու պահանջները,

դ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում ջանքեր է գործադրում սեփական վարքն ու հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ձգտում է հաճոյանալ մեծահասակներին,

ե. կողմնորոշվում է սոցիալական միջավայրում, հարաբերություններում փորձում է պահպանել սոցիալական վարքի պահանջներն ու բարեկիրթ վարվեցողության կանոնները,

զ. գիտի իր սեռը, ունի պատկերացումներ իր և ուրիշների մասին, սիրում է պատմել իր հաջողությունների մասին.

5) միջին խումբ՝

ա. սանը տարբերակում է շրջապատող մարդկանց հուզական վիճակն ու զգացմունքները, համադրում է իր և մյուսների ցանկությունները,

բ. հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում դրսևորում է ընդգծված վերաբերմունք, ընկալում է մարդկանց տրամադրվածությունն իր նկատմամբ, փորձում է դրսևորել հանդուրժողականություն, օգնելու, ապրումակցելու կարողություններ,

գ. մեծահասակների հետ շփվելիս պահպանում է բարեվարքության նորմերը,

դ. խմբային աշխատանքներում և խաղերում դրսևորում է համատեղ գործելու պատրաստակամություն, համագործակցելու ցանկություն, ակտիվ մասնակցում է մեծահասակների և հասակակիցների նախաձեռնություններին,

ե. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ընդհանուր նպատակին միտված անձնային հատկություններ և սոցիալական կարողություններ՝ իր և ընկերների ցանկություններն ու գործողությունները համադրելու կարողություն, սեփական վարքը կարգավորելու փորձեր, համբերատարություն, ընկերոջը հասկանալու և աջակցելու պատրաստակամություն,

զ. ուսումնասիրում է իր անձի, ընտանիքի անդամների, շրջապատող մարդկանց առանձնահատկությունները, ցուցաբերում է հստակ վերաբերմունք ընտանիքում կամ մանկապարտեզում կատարվող իրադարձություններին,

է. դրսևորում է սեփական հույզերի ու գործողությունների, մտքերի և վերաբերմունքի մասին խոսելու պատրաստակամություն.

6) ավագ խումբ՝

ա. սանն արտահայտում է իր հույզերն ու զգացմունքները խոսքային և ոչ խոսքային միջոցներով,

բ. տարբերակում և վերլուծում է իր ցանկություններն ու նախասիրությունները, կարողանում է ընտրել, հիմնավորել և բարձրաձայնել ընտրությունը,

գ. հասկանում և ընդունում է ընկերների հույզերն ու զգացմունքները, ցանկություններն ու նախասիրությունները,

դ. հարաբերություններում դրսևորում է սոցիալական զգացմունքներ, վերահսկում և կառավարում է իր հուզականությունը, կարողանում է հուզական մակարդակում կանխատեսել գործունեության արդյունքները,

ե. կառուցում է փոխվստահելի, գործընկերային հարաբերություններ մեծահասակների և հասակակիցների հետ, պահպանում է բարեվարքության կանոնները,

զ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ապրումակցման, համագործակցության և ինքնակառավարման հմտություններ,

է. ընկերների հետ հարաբերություններում դրսևորում է բարոյակամային հատկություններ և ինքնագնահատման տարրական հմտություններ,

ը. ունի սուբյեկտիվ վերաբերմունք արտաքին աշխարհի հանդեպ, ինքնավերլուծության է ենթարկում սեփական վարքագիծն ու անձնային հատկությունները,

թ. ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների, հասարակական արդարության պարզագույն կանոնների և արժանապատիվ կեցության մասին, դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ.

ժ. ընդունում է մարդկանց միջև եղած տարբերությունները, դրսևորում է հանդուրժողականություն, հարգանք մշակութային առանձնահատկություններ ունեցող անձանց նկատմամբ:

(23-րդ կետը փոփ., լրաց. 14.11.25 N 1594-Ն)

24. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներն են.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝

ա. սանն արձագանքում է հիգիենիկ միջոցառումներին և խնամք ենթադրող իրավիճակներին,

բ. արձագանքում է մեծահասակների նախազգուշացումներին՝ որոշակի գործողությունների վտանգավորության մասին,

գ. դրսևորում է ինքնասպասարկման պարզագույն կարողություններ՝ փորձում է ինքնուրույն խմել բաժակից, ձգելով քաշում և հանում է հագուստը.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝

ա. սանը մեծահասակի ուղղորդմամբ դրսևորում է ինքնասպասարկման որոշ կարողություններ,

բ. մեծահասակի օգնությամբ հետևում է հիգիենայի և անվտանգության տարրական կանոններին, լվանում է ձեռքերը, մաքրում է ատամները,

գ. փորձում է խուսափել իր կենսական փորձից բխող վտանգներից.

3) կրտսեր առաջին խումբ՝

ա. սանը դրսևորում է ինքնասպասարկման որոշ կարողություններ,

բ. մեծահասակի հսկողությամբ պահպանում է հիգիենայի կանոնները,

գ. մեծահասակի ուղղորդմամբ սկսում է հետևել անվտանգության տարրական կանոններին, լվանում է ձեռքերը, մաքրում է ատամները,

դ. մեծահասակների ուղղորդմամբ զգուշավորություն է ցուցաբերում՝ խուսափելով վտանգներից տարբեր իրադրություններում և վայրերում.

4) կրտսեր երկրորդ խումբ՝

ա. սանը դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, հետևում և պահպանում է անձնական հիգիենայի հիմնական կանոնները,

բ. մեծահասակի ուղղորդմամբ սկսում է գիտակցել առողջության պահպանման ու առողջապահպան միջոցառումների անհրաժեշտությունը,

գ. դրսևորում է առողջ ապրելակերպի տարրական սովորություններ, ունի տարրական պատկերացում առողջ և անառողջ սննդակարգերի վերաբերյալ, նախընտրում է առողջ և օգտակար սնունդը,

դ. բարձրաձայնում է կամ վարքով ցույց է տալիս իրեն անհանգստացնող առողջական խնդրի մասին,

ե. մեծահասակի հիշեցմամբ հետևում է անվտանգության հիմնական կանոններին.

5) միջին խումբ՝

ա. սանը դրսևորում է անձնական հիգիենայի կանոնների պահպանման կարողություններ և ինքնասպասարկման հմտություններ,

բ. պահպանում է օրվա կանոնակարգը և հիգիենայի հիմնական պահանջները,

գ. գիտի առողջության պահպանման հիմնական կանոնները, տարբերակում է առողջ և անառողջ սնունդը, պատկերացում ունի սեփական սննդային ալերգիաների վերաբերյալ, պատկերացնում է օգտակար և վնասակար սովորությունների հետևանքները, դրսևորում է բացասական վերաբերմունք վնասակար սովորությունների հանդեպ,

դ. կարողանում է նկարագրել իր և մյուսների առողջական վիճակը, բացատրել հիվանդության հիմնական ախտանիշներն ու հնարավոր պատճառները,

ե. հասկանում է սեփական անձի, վարքի և կենսագործունեության անվտանգության հիմնական կանոնները և հաճախ առանց հիշեցման հետևում է դրանց,

զ. ծանոթ է անվտանգության կանոններին տանը, մանկապարտեզում, փողոցում, այլ վայրերում և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց,

է. ծանոթ է երթևեկության հիմնական կանոններին և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց,

ը. ունի տարրական գիտելիքներ ֆիզիկական ակտիվության և մարմնի կոփման կարևորության մասին.

6) ավագ խումբ՝

ա. սանը դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն պահպանում է անձնական հիգիենայի կանոնները,

բ. ընտրում է հագուստի, սանրվածքի իր տարբերակը,

գ. ունի տարրական պատկերացումներ առողջ սննդակարգի վերաբերյալ, դրական վերաբերմունք է դրսևորում առողջ սննդակարգի հանդեպ, կարողանում է խուսափել այնպիսի սննդամթերքի օգտագործումից, որի հանդեպ ունի սննդային ալերգիա,

դ. դրսևորում է ֆիզիկական ակտիվության կարողություններ, ներկայացնում է առողջության և կյանքի համար հնարավոր վտանգները,

ե. ունի տարրական գիտելիքներ աղետների, դրանց հետևանքների, դրանցից պաշտպանվելու կանոնների մասին,

զ. հետևում է երթևեկության հիմնական կանոններին,

է. ունի տարրական գիտելիքներ վնասակար սովորությունների, դրանց հետևանքների մասին,

ը. բացատրում է շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը,

թ. հիմնավորում է տանը, միջավայրում, փողոցում անվտանգության կանոններին հետևելու անհրաժեշտությունը,

ժ. հասկանում է բժշկի մոտ այցի անհրաժեշտությունը, ունի պարզ պատկերացումներ համավարակների և դրանցից պաշտպանվելու մասին,

ժա. ունի տարրական պատկերացումներ թվային անվտանգության կանոնների մասին, գիտակցում է սեփական պատասխանատվությունը դրանց հետևելու գործում,

ժբ. դրսևորում է քնի, հանգստի և աշխատանքի հիգիենիկ կանոնների պահպանման կարողություն: Մեդիայի գործիքների օգտագործման ժամանակ պահպանում է հիգիենայի կանոնները:

 

4. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Չափորոշչով սահմանված կրթության բովանդակության հասանելի մակարդակն ապահովվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված Նախադպրոցական կրթական ծրագրերի (հիմնական, այլընտրանքային) միջոցով:

26. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և նպատակաուղղված են յուրաքանչյուր սանի գիտելիքի, կարողությունների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը:

(26-րդ կետը խմբ. 14.11.25 N 1594-Ն)

26.1. Նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման հետևյալ ուղղություններով՝

1) սանի ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորում.

2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում, գրաճանաչության նախապատրաստում.

3) ճանաչողության զարգացում, փորձարարության և հնարամտության խթանում, խաղային գործունեության խրախուսում.

4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորում.

5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորում.

6) անձնային աճ, հուզակամային ոլորտի զարգացում, համատեղ գործունեության և համագործակցության խթանում, սոցիալականացում.

7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորում։

(26.1-ին կետը լրաց. 14.11.25 N 1594-Ն)

27. Նախադպրոցական կրթական ծրագիրը սահմանում է յուրաքանչյուր տարիքային խմբի կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, ուսումնական տարվա սկիզբը, ավարտը, սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը, ծրագրային բաղադրիչներին հատկացվող շաբաթական պարապմունքների քանակը, ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ ծրագրային բաղադրիչների և գործունեության ձևերի:

(27-րդ կետը փոփ. 14.11.25 N 1594-Ն)

28. Նախադպրոցական կրթական ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները՝

1) համապատասխանությունը նախադպրոցական կրթության չափորոշչին.

2) կրթության աշխարհիկ բնույթը.

3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության ընթացքում անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը.

4) ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման դիդակտիկական սկզբունքների ապահովումը.

5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը:

(28-րդ կետը փոփ. 14.11.25 N 1594-Ն)

29. Նախադպրոցական կրթության բովանդակությունը կազմում են նախադպրոցական կրթության ավարտին սաների զարգացման և կրթական ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված կարողունակությունները:

30. Նախադպրոցական կրթության ավարտին ակնկալվող կարողունակությունների ձևավորման հիմնական պայմանը դաստիարակության և ուսուցման միջոցով զարգացման ոլորտներում ներառված վերջնարդյունքների ապահովումն է:

31. (կետը հանվել է 14.11.25 N 1594-Ն)

32. Նախադպրոցական կրթության հիմնական ծրագրերում այս ուղղություններն արտացոլվել են ծրագրային հետևյալ բաղադրիչներում՝

1) Խոսքի զարգացում.

2) Ինձ շրջապատող աշխարհը.

3) Մաթեմատիկական տարրական պատկերացումներ.

4) Երաժշտություն.

5) Կերպարվեստ և կառուցողական աշխատանք.

6) Ֆիզկուլտուրա:

(32-րդ կետը փոփ. 14.11.25 N 1594-Ն)

33. Կրթական ծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն սանի`

1) ֆիզիկական ակտիվության և առողջության պահպանմանը միտված վարքագծի ապահովմանը.

2) հաղորդակցման, համագործակցային հմտությունների ձևավորմանը․

3) հետաքրքրասիրության զարգացմանը` որպես նախադպրոցականի ճանաչողական (իմացական) ակտիվության գործոնի.

4) ընդունակությունների զարգացմանը.

5) ստեղծագործական երևակայության, քննադատական մտածողության, հույզերի զարգացմանը:

(33-րդ կետը փոփ. 14.11.25 N 1594-Ն)

34. Կրթական ծրագրերը պետք է ապահովեն սանի`

1) ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը, ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացումը.

2) ստեղծագործական ունակությունների զարգացման համար միջավայրի և պայմանների ստեղծումը.

3) ազգային, համամարդկային արժեքներին, օրինականության գաղափարին հաղորդակցումը, շփումը.

4) ընտանիքի հետ համագործակցությունը՝ սանի լիարժեք զարգացման նպատակով։

35. Կրթական ծրագրերը պետք է նախատեսեն սանի առօրյայի՝ համատեղ գործունեությամբ կազմակերպվող 3 ձև`

1) խաղային գործունեություն.

2) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.

3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում:

36. Կրթական ծրագրերը պետք է ներառեն սաների անհատական և համատեղ գործունեության արդյունավետ համադրումը՝ նրանց տարիքին բնորոշ գործունեության տեսակների հաշվառմամբ:

37. Սաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը և հարաբերակցությունը փոխկապակցված են կրթության բովանդակության, սաների տարիքային առանձնահատկությունների և անհատական հնարավորությունների, ուսուցման ձևերի և մեթոդների, հաստատության աշխատանքային կանոնակարգի հետ:

38. Ուսումնական և խաղային բեռնվածության հարաբերակցությունում գերակշռում է խաղայինը. կանոնակարգային բոլոր պահերն ուղեկցվում են տարբեր խաղերով և խաղային մեթոդներով:

39. Լրացուցիչ կրթական ծրագիրը կարող է իրականացվել կրտսեր առաջին տարիքային խմբից սկսած՝ սաների տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ՝

1) կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ խմբերում թույլատրվում է իրականացնել 1 լրացուցիչ կրթական ծրագիր.

2) միջին և ավագ տարիքային խմբերում կարող է իրականացվել մինչև 2 լրացուցիչ կրթական ծրագիր:

40. Պարապմունքների քանակն ըստ տարիքային խմբերի, այդ թվում՝ լրացուցիչ կրթական, հետևյալն է՝

1) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝ նվազագույնը՝ 5, առավելագույնը՝ 8 հիմնական.

2) կրտսեր առաջին խումբ՝ նվազագույնը՝ 8, առավելագույնը՝ 10 հիմնական, 2 լրացուցիչ կրթական.

3) կրտսեր երկրորդ խումբ՝ նվազագույնը՝ 10, առավելագույնը՝ 12 հիմնական, 2 լրացուցիչ կրթական.

4) միջին խումբ՝ նվազագույնը՝ 10, առավելագույնը՝ 12 պարապմունք, 4 լրացուցիչ կրթական.

5) ավագ խումբ՝ նվազագույնը՝ 12, առավելագույնը՝ 14 պարապմունք, 4 լրացուցիչ կրթական:

41. Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ընթացքի գնահատումն իրականացվում է կրթական ծրագրի պահանջներին համապատասխան՝ մանկավարժական աշխատողների կողմից շարունակական դիտարկման և փաստագրման միջոցով:

42. Նախադպրոցական կրթական ծրագրի հիման վրա մշակվում և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատվում են նախադպրոցական կրթության իրականացման ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկներ:

 

5. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԸ

 

43. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում մինչև 1 տարեկան սաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներն են (զարգացնող միջավայր, անվտանգության ապահովում, առողջության պահպանում)՝

1) խմբասենյակի տարածքում (այսուհետ` տարածք) առկա են մանեժներ կամ այլ սարքավորումներ, որոնք ապահովում են սաների անվտանգությունը.

2) տարածքում առկա է փափուկ հատակ` չորեքթաթ շարժվող սաների համար.

3) տարածքում առկա են սարքավորումներ, միջոցներ` սաների նստակյաց խաղերի համար.

4) տարածքում առկա են սարքավորումներ, միջոցներ` սաների հենաշարժողական ակտիվության համար` ճոճանակ, ճոճաթոռ, շարժաթոռ.

5) տարածքում առկա են գունեղ նկարներ, խաղալիքներ` ինքնուրույն և մեծերի հետ գործունեության ընթացքում կիրառելու համար.

6) տարածքում առկա են սաների ձեռքի շարժումներն ու գործողությունները խթանող խաղալիքներ և պարագաներ.

7) խմբում առկա են սյուժետային խաղալիքներ (մանկական կահույք, սպասք, տիկնիկներ, մեքենաներ, կենդանիներ և այլն).

8) առկա են մանկական երաժշտական գործիքներ, ձայնային հնչեղությամբ խաղալիքներ.

9) առկա են նկարազարդ, կտորից գրքեր, գունավոր մատիտներ.

10) առկա են նվագարկիչ, ձայնարկիչ, այլ տեխնիկական միջոցներ:

44. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում 1-ից մինչև 3 տարեկան սաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներն են`

1) խմբասենյակում առկա են խաղային պարագաներ սաների ճանաչողական զարգացման համար` խճանկար, բուրգ, երկրաչափական տարբեր անցքերով աղյուսիկներ, բազմագույն խորանարդիկներ, գնդակներ, փոքրիկ մեքենաներ, գունեղ նկարներով գրքեր.

2) առկա են սաների սյուժետային խաղերի համար նյութեր. տիկնիկներ, տարբեր չափերի կենդանիներ, տիկնիկների հագուստ, խաղալիք կահույք, տարբեր ձևերի և գույների կառուցողական նյութեր, խաղալիք-հեռախոսներ, խորանարդիկներ, փայտիկներ և այլն.

3) առկա են խաղային նյութեր և սարքավորումներ` սաների երաժշտական ունակությունների զարգացման համար.

4) առկա են նյութեր և սարքավորումներ` սաների ստեղծագործական գործունեության համար. ալբոմներ, թղթեր, վրձիններ, մատիտներ, ներկամատիտներ (ֆլոմաստերներ), ծեփանյութ և այլն.

5) բոլոր նյութերն անվտանգ են, հասու և մատչելի սաներին` աշխատելու համար. մատիտները սրված են, ներկամատիտները (ֆլոմաստերներ)` թարմ, վրձինները` մաքուր.

6) առկա են խաղալիքներ` զբոսանքի ժամանակ խաղալու համար. փոքրիկ դույլեր, կաղապարներ, բահեր և այլն.

7) առկա են խաղեր և սարքավորումներ` քայլքի և այլ շարժումների համար.

8) տարածքում առկա է սաների համատեղ խաղերի համար առանձնացված հատված.

9) բոլոր խաղալիքները, նյութերը սաների համար հասանելի են.

10) տարածքում առկա են ծաղիկներ, բույսեր.

11) խմբասենյակում առկա են դիդակտիկ նյութեր և խաղեր՝ սաների զգայարանների, ընդհանուր և մանր շարժունակության զարգացման և սյուժետադերային խաղերի իրականացման համար.

12) խմբասենյակում և դրանից դուրս ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար. հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի հարմարեցումներ՝ ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ:

(44-րդ կետը փոփ., խմբ. 14.11.25 N 1594-Ն)

45. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում 3-ից մինչև 6 տարեկան սաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներ.

1) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղագիտական զարգացման համար. առկա են գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.

2) ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.

3) առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.

4) ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.

5) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.

6) ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.

7) հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).

8) առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.

9) ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.

10) հաստատությունում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր), ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).

11) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).

12) ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար. առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ, օժանդակ հարմարություններ.

13) ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար. առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.

14) առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).

15) առկա է համակարգիչ՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.

16) առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).

17) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար. առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք, դեկորատիվ կամ իսկական լողավազան.

18) առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ՝ երթևեկության կանոնները կիրառելու համար.

19) գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար (մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.

20) ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.

21) ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.

22) առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.

23) ստեղծված են ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.

24) ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.

25) առկա են հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.

26) բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.

27) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար:

(45-րդ կետը խմբ. 14.11.25 N 1594-Ն)

46. Հաստատությունում առկա են խելամիտ հարմարեցումներ սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան:

(46-րդ կետը լրաց. 14.11.25 N 1594-Ն)

47. Հաստատություններում կիրառվող խաղալիքները պետք է համապատասխանեն սաների տարիքին, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

(47-րդ կետը լրաց. 14.11.25 N 1594-Ն)

(հավելվածը խմբ. 04.07.24 N 1020-Ն, խմբ., լրաց., փոփ. 14.11.25 N 1594-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2021 թվական: