ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2541-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
18.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2541-Ա

«18» մայիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված քաղաքացի Արսեն Սիմոնյանի 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ Դ-39645-26 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան՝ իրականացվել է վարչարարություն:

2026 թվականի ապրիլի 18-ի թիվ Դ-39645-26 դիմումի (այսուհետ՝ նաև Դիմում) առարկայի քննության կապակցությամբ 2026 թվականի մայիսի 8-ին հրավիրվել են լսումներ, որին ներկայացել և մասնակցել է դիմումատու Արսեն Սիմոնյանը:

Ուսումնասիրելով 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ Դ-39645-26 դիմումը, նույն դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև 2026 թվականի մայիսի 13-ի թիվ Դ-48468-26 դիմումին կից ներկայացված տեսագրությունը, վարույթի շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի մայիսի 8-ի արձանագրությունը, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Դիմումով Արսեն Սիմոնյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի ապրիլի 4-ին Ամիրյան փողոցում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Hyundai Sonata 2.5L» մակնիշի «10 UX 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենային աղբամանի հարվածի հետևանքով առաջացած վնասը, որը համաձայն՝ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2026 թվականի ապրիլի 18-ին կազմված հետքաբանական և ապրանքագիտական թիվ 26-1553 եզրակացության՝ կազմում է 242.000 (երկու հարյուր քառասուներկու հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև խնդրել է հատուցել փորձաքննության նպատակով կատարված ծախսը, որը կազմում է 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամ:

2023 թվականի հոկտեմբերի 4-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB464576 վկայագրի համաձայն՝ «Hyundai Sonata 2.5L» մակնիշի «10 UX 100» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Արսեն Սիմոնյանի սեփականությունը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի կողմից 2026 թվականի ապրիլի 4-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 574050 արձանագրությունը, որի համաձայն՝ նշված օրը Արսեն Սիմոնյանի «Hyundai Sonata 2.5L» մակնիշի «10 UX 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի և Հրայր Արամյանի ավտոմեքենայի մասնակցությամբ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 13 հասցեում տեղի է ունեցել ինքնավթար:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2026 թվականի ապրիլի 18-ին կազմված՝ թիվ 26-1553 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «4. Հետևություններ» բաժնի առաջին պարբերության համաձայն՝ փորձաքննության տրամադրված «Hyundai Sonata 2.5L» մակնիշի «10 UX 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնցից՝ առջևի ձախ անվաթևի և հետևի թափարգելի վնասվածքներն առաջացել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 574050 արձանագրությամբ ամրագրված պատահարի հետևանքով, դեպքի վայրում՝ ավտոմեքենան կայանված վիճակում, հանդիպակաց ուղեմասի մայթեզրի մոտ տեղակայված աղբամանը, անիվներն արգելակներով ֆիքսված չլինելու և դրա ինքնաբերաբար տեղաշարժը ապահովված չլինելու պայմաններում ինքնագլորվելու և կայանված ավտոմեքենայի նշված հատվածների՝ նախ առջևի ձախ անվաթևի հետ հարվածային, այնուհետև հետևի թափարգելի հետ սահող բնույթի փոխազդեցությունների մեջ մտնելու հետևանքով: Ըստ փորձագետի՝ աղբամանի ինքնագլորման հավանական պատճառ է հանդիսացել դրա անիվներն արգելակներով ֆիքսված և ինքնաբերաբար տեղաշարժը բացառող պայմանների ապահովված չլինելը: Նույն եզրակացության «4. Հետևություններ» բաժնի երկրորդ պարբերության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Hyundai Sonata 2.5L» մակնիշի «10 UX 100» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմում է 242.000 (երկու հարյուր քառասուներկու հազար) ՀՀ դրամ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04․10․2013 թվականի որոշումը)։»:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Դիմումով ներկայացված վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1661/02/19 քաղաքացիական գործով 2013 թվականի հոկտեմբերի 4-ին կայացված որոշմամբ անդրադառնալով փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությանը, նշել է հետևյալը. «Փորձագետի հետևությունների ձևը չի որոշում եզրակացության դերը և տեղն ապացուցման պրոցեսում: Հետևության ձևը (հավանական կամ կատեգորիկ) և փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունն այն երկու բաղադրամասերն են, որոնք հնարավոր չէ տարանջատել: Ոչ հավանական եզրակացությունն ինքնին և ոչ էլ եզրակացության մեջ նշված տվյալներն առանձին վերցրած չունեն ապացուցողական նշանակություն. այդպիսին չեն համարվում նաև հիպոթեթիկ եզրակացության համար հիմք հանդիսացող տվյալները: Հավանական հետևությունների թվից, որքան էլ որ դրանք շատ լինեն, չի առաջանում հավաստի և իրական եզրակացություն. հավանական հետևությունների քանակը չի ավելացնում փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը:

Հետևաբար փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց:»:

Որպես պահանջը հիմնավորող ապացույց՝ Դիմումին կից ներկայացվել է «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2026 թվականի ապրիլի 18-ին կազմված՝ թիվ 26-1553 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, որի ապացուցողական նշանակությունը վերը մեջբերված նախադեպային որոշումների մեջ արտահայտված դիրքորոշումներից ելնելով գնահատելիս, կարելի է փաստել, որ այն չի հանդիսանում վնասի առաջացման պատճառներն օբյեկտիվորեն բացահայտող պատշաճ ապացույց, քանի որ չի պարունակում Դիմումում նկարագրված ինքնավթարում տեղ գտած աղբամանի հետազոտություն, ինչպես նաև չի պարունակում հետևություններ աղբամանի պատկանելության վերաբերյալ:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ 26-1553 եզրակացության ուսումնասիրության արդյունքում կարելի է հանգել հետևության, որ փորձագետը գիտականորեն ընդունված մեթոդի կիրառմամբ չի հիմնավորել, թե ինչ գործոններով պայմանավորված և ինչ հանգամանքներում է մեկ ուղղությամբ գլորվող աղբամանն անշարժ գտնվող (կայանված) ավտոմեքենայի թափքի վրա թողնել միաժամանակ տարբեր ուղղվածության հետքեր: Եզրակացության մեջ նշված չէ պատահարի վայրի ճանապարհի թեքության աստիճանը, հետևաբար առանց տեղանքի թեքության չափագրման և աղբամանի զանգվածի ու իներցիոն ուժի հաշվարկի, աղբամանն ինքնաբերաբար շարժվելու վերաբերյալ հետևությունը կրում է ենթադրական բնույթ և հիմնված չէ օբյեկտիվ տվյալների և գիտականորեն հիմնավորված հաշվարկների վրա: Փորձագետը չի հիմնավորել ավտոմեքենայի անվաթևի վրա արձանագրված կոշտ ներխրված դեֆորմացիայի առաջացման մեխանիզմը, բացի այդ չի նկարագրել աղբամանի կոնտակտային մակերեսների և մեքենայի վնասվածքների երկրաչափական համադրման արդյունքները, չի հստակեցրել, թե աղբամանի կոնկրետ ո՞ր մասն է թողել ուղղաձիգ դրվածքով ներխրվածքը, չի պարզել ավտոմեքենայի վրա առկա սև քսվածքի ծագումնաբանությունը, չի հստակեցրել ենթադրյալ վնասին հանգեցրած աղբամանի տեսակը, քանի որ աղբամաններն իրենք տեխնիկական բնութագրով (բարձրություն, նյութ, քաշ և այլն) տարբեր են:

Ինչ վերաբերում է 2026 թվականի մայիսի 13-ի թիվ Դ-48468-26 դիմումին կից ներկայացրած տեսագրությանը, ապա դրա ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն չի հանդիսանում պատահարի անմիջական (ուղիղ) տեսագրություն և չի բացահայտում աղբամանի հարվածի պահը, հետևաբար այն չի հանդիսանում բուն պատահարը տեղի ունենալու հանգամանքները բացահայտող ապացույց: Միաժամանակ՝ ներկայացված տեսագրությունում տեսանելի են ճանապարհի տարբեր հատվածներում առկա աղբի տեսակավորման համար նախատեսված այլ աղբամաններ, սակայն ներկայացված ապացույցներով հիմնավորված չէ, թե ստույգ որ աղբամանն է հարվածել ավտոմեքենային, հետևաբար նաև հիմնավորված չէ ավտոմեքենային հարվածած աղբամանը Երևան համայնքի սեփականությունը հանդիսանալու և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից սպասարկվելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով թիվ Դ-39645-26 և թիվ Դ-48468-26 հանձնարարականների շրջանակներում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից ներկայացված դիրքորոշումները, հաշվի առնելով, որ դիմումատուի կողմից չի հիմնավորվել Դիմումով պահանջված վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/1661/02/19 քաղաքացիական գործով 2013 թվականի հոկտեմբերի 4-ի և թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ի նախադեպային որոշումներով արտահայտված եզրահանգումների համատեքստում «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ 26-1553 եզրակացությունը գնահատվում է ոչ արժանահավատ ապացույց, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ 

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Արսեն Սիմոնյանի 2026 թվականի ապրիլի 18-ի թիվ Դ-39645-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. Փամբուխչյան