ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՐԺ ՅՈՎՆԱՆԵԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1828
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.05.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2026

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 մայիսի 2026 թ.

 

ՍԵՐԺ ՅՈՎՆԱՆԵԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով.

դատավորներ`

Արման Դիլանյանի (նախագահող),

Արտակ Զեյնալյանի,

Դավիթ Խաչատուրյանի,

Երվանդ Խունդկարյանի (զեկուցող),

Հովակիմ Հովակիմյանի,

Էդգար Շաթիրյանի,

Սեդա Սաֆարյանի,

Արթուր Վաղարշյանի,

Վլադիմիր Վարդանյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝

ներկայացուցիչ՝

պատասխանողի՝

ներկայացուցիչ՝

Սերժ Յովնանեանի (այսուհետ նաև՝ Դիմող)

փաստաբան Հասմիկ Օհնիկյանի,

Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող)

Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական

վարչության պետ Մարի Ստեփանյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Սերժ Յովնանեանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Ուսումնասիրելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի կողմից Դատական դեպարտամենտից պահանջված և ստացված՝ էլեկտրոնային եղանակով վարվող թիվ ԵԴ2/7217/02/25 քաղաքացիական գործի նյութերը, սույն գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթն ու դրա հետ փոխկապակցված օրենսդրական այլ դրույթներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին, ուժի մեջ մտել՝ 2018 թվականի ապրիլի 9-ին:

2. Օրենսգրքի՝ «Բողոքարկման ենթակա որոշումները» վերտառությամբ 361-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները`

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը.

2) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը.

3) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները.

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը, վճռի վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին որոշումները.

5) գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները.

6) հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշումը.

7) գործի վարույթը կարճելու մասին որոշումը.

8) դատական տուգանք կիրառելու մասին որոշումը.

9) օտարերկրյա արբիտրաժային վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

10) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

11) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

12) օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

13) կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքով կայացված որոշումը.

14) դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

15) այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում»:

3. Վիճարկվող դրույթը փոփոխության է ենթարկվել 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-193-Ն օրենքով, որի 33-րդ հոդվածի համաձայն՝ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինվել են «որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու», իսկ 13-րդ կետի «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված» բառերը՝ «կատարողական վաղեմության» բառերով:

4. Գործի քննության առիթը Սերժ Յովնանեանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

 

Ա. Գործի դատավարական նախապատմությունը

5. Հուրի Քէօշկէրեանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ՝ Դատարան) ընդդեմ Սերժ Յովնանեանի՝ պաշտպանական որոշում կիրառելու պահանջի մասին։

6. Դատարանը թիվ ԵԴ2/7217/02/25 քաղաքացիական գործով 2025 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և դատական ակտի հրապարակման օրը նշանակել է 2025 թվականի հուլիսի 21-ին։ Դատարանի կողմից նշված որոշումը 2025 թվականի հուլիսի 17-ին ուղարկվել է Սերժ Յովնանեանի հասցեներով, մինչդեռ նշված առաքանիները վերջինիս չեն հանձնվել և հետ են վերադարձվել Դատարան։

7. 2025 թվականի հուլիսի 21-ին Սերժ Յովնանեանի անունից Դատարան է մուտքագրվել գրություն, որով վերջինս, ի թիվս այլնի, նշել է հետևյալը՝

«(…) Դատարանին հայտնում եմ, որ իմ առնչությամբ հարուցված գործի քննության մասին տեղեկացել եմ պատահմամբ, 19.07.2025թ. (ոչ աշխատանքային օր), երբ տեղեկություններ էի փնտրում կնոջս մեկ այլ՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրն իր բնակության վայրը սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջներով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հարուցված գործի մասին։

Դատարանին հայտնում եմ, որ ներկայումս գտնվում եմ Լիբանանի Հանրապետությունում, ուստի քաղաքացիական գործի վերաբերյալ ծանուցված չեմ եղել և հնարավորություն չեմ ունեցել իրացնել [Օրենսգրքի] 234.3 հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ հայցադիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում պատասխան ներկայացնելու իրավունքը (այլ կերպ՝ լսված լինելու իրավունք)։

(…) Քանի որ ծանոթ չեմ դատարան մուտքագրված հայցադիմումին, չունեմ նաև հայցադիմումում տեղ գտած յուրաքանչյուր պնդմանն առանձին անդրադառնալու օբյեկտիվ հնարավորություն (…)»։

8. Դատարանը, քննելով Հուրի Քէօշկէրեանի հայցն ընդդեմ Սերժ Յովնանեանի՝ պաշտպանական որոշում կիրառելու պահանջի մասին, 2025 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ որոշել է հետևյալը.

«1. Հուրի Գևորգի Քէօշկէրեանի հայցն ընդդեմ Սերժ Սեպուհի Յովնանեանի՝ պաշտպանական որոշում կիրառելու պահանջի մասին, բավարարել:

2. Պատասխանող Սերժ Սեպուհի Յովնանեանի նկատմամբ 8 (ութ) ամիս ժամկետով ձեռնարկել հետևյալ սահմանափակումները.

2.1. Արգելել պատասխանող Սերժ Սեպուհի Յովնանեանին 2000 մետր հեռավորությունից ավելի մոտենալ Հուրի Գևորգի Քէօշկէրեանին և նրա որդուն՝ 10.07.2019թ. ծնված անչափահաս Էդըն Սերժի Յովնանեանին,

2.2. Արգելել Սերժ Սեպուհի Յովնանեանին այցելել Երևան քաղաքի Գ․ Հովսեփյան 56/7 շենքի թիվ 21 բնակարան։

2.3. Արգելել Սերժ Յովնանեանին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել Հուրի Գևորգի Քէօշկէրեանի և 10.07.2019թ. ծնված անչափահաս Էդըն Սերժի Յովնանեանի հետ։

3. Սերժ Սեպուհի Յովնանեանից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք:

4. Որոշման պատճենները տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը և խնամակալության և հոգաբարձության մարմին:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման»։

9. Դատարանի 2025 թվականի հուլիսի 21-ի «Պաշտպանական միջոց կիրառելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Սերժ Յովնանեանը` ի թիվս այլնի, նշելով հետևյալը. «(…) Սերժ Սեպուհի Յովնանեանը հայցի հարուցման պահին գտնվել է Լիբանանի Հանրապետությունում և սույն քաղաքացիական գործի մասին տեղեկացել է պատահմամբ այն ժամանակ, երբ հաջորդ աշխատանքային օրը՝ 21.07.2025թ. սահմանված էր որպես դատական ակտի հրապարակման օր /գործի նյութերում չի կարող լինել քաղաքացիական գործի մասին [Սերժ Յովնանեանի] կողմից պատշաճ ծանուցված լինելու փաստը հավաստող ապացույց/»։

10. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2025 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ Սերժ Յովնանեանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «Տվյալ պարագայում բողոքարկվել է Դատարանի՝ 21.07.2025թ. «Պաշտպանական որոշում կիրառելու մասին» դատական ակտը, որը բողոքարկման ենթակա լինելու մասին որևէ դրույթ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված (Օրենսգրքի 361-րդ) հոդվածով նախատեսված չէ, այսինքն՝ առկա է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու օրենսդրական արգելք»:

11. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի օգոստոսի 20-ի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերժ Յովնանեանը՝ ի թիվս այլնի, նշելով հետևյալը.

- «21.07.2025թ. կայացված Պաշտպանական որոշումը, որի դեմ բերվել էր վերաքննիչ բողոք (…) կայացվել էր առանց գործի քննության վերաբերյալ [Սերժ Յովնանեանի] ծանուցումն ապահովելու, առանց պատշաճ դատական պաշտպանության հնարավորություն ընձեռելու (…)»,

- «Այնուամենայնիվ, գործի քննության մասին պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքը վերջինիս զրկել է իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից և թույլատրելի ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից»,

- «[Վերաքննիչ դատարանը] հաշվի չի առել այն իրողությունը, որ (…) [վերաքննիչ] բողոքը ներկայացվել է պատասխանողի կողմից, ում նկատմամբ կայացվել է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները սահմանափակող Պաշտպանական որոշում՝ դրանց հնարավոր խախտումներով»։

12. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2025 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Սերժ Յովնանեանի կողմից Վերաքննիչ դատարանի 2025 թվականի օգոստոսի 20-ի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է։

 

Բ. Դիմողի դիրքորոշումները

13. Դիմողը նշում է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի շրջանակը սահմանող՝ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում բացակայում է պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշումը, ընդ որում՝ սահմանվող որոշումների ցանկը սպառիչ չէ։ Դիմողի դիտարկմամբ՝ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի իրավակարգավորումն ուղղակիորեն վկայում է, որ վերաքննության կարգով բողոքարկելիությամբ կարող են օժտված լինել նաև տվյալ դրույթում չհիշատակվող, սակայն օրենքով սահմանված այլ ակտեր ևս։

14. Դիմողը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/22976/02/22 քաղաքացիական գործով պաշտպանական որոշման դատական կարգով անբողոքարկելիության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումները, գտնում է, որ վիճարկվող դրույթի նման մեկնաբանումը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքին, ինչպես նաև «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 8-րդ հոդվածի 7-րդ մասին, ըստ որի՝ պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը նախատեսվում են Օրենսգրքով։

15. Դիմողն ընդգծում է, որ պաշտպանական որոշման բողոքարկման կարգի՝ քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանելու պահանջի՝ Օրենքի վերոնշյալ դրույթում ամրագրված լինելը փաստում է, որ օրենսդիրը պաշտպանական որոշումը համարել է բողոքարկելի դատական ակտ։

16. Մասնավորապես՝ Դիմողը նշում է․ «(…) Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը չունի ուղղակի նշում պաշտպանական որոշումը վերաքննության կարգով բողոքարկելի դատական ակտ լինելու մասին, այնուամենայնիվ, այնքանով, որքանով նման հնարավորությունը նախատեսված է Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով, իսկ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը սահմանում է այլ օրենքներով նախատեսված որոշումների բողոքարկման հնարավորություն, յուրաքանչյուր ոք իրավունք ունի բողոք ներկայացնել իր իրավունքները սահմանափակող պաշտպանական որոշման դեմ առնվազն վերաքննիչ բողոք ներկայացնելու ընդհանուր կարգի և ժամկետների վկայակոչմամբ»։

17. Բացի այդ, Դիմողն ընդգծում է, որ պաշտպանական միջոցներից երկուսը՝ նախազգուշացում կիրառելու մասին որոշումը և անհետաձգելի միջամտության որոշումը, ի տարբերություն պաշտպանական որոշման, բողոքարկելի են, մինչդեռ պաշտպանական որոշման իրավական հետևանքներն առավել տևական և կայուն են։ Մասնավորապես՝ Դիմողը նշում է, որ «(…) առավել մեղմ հետևանքներ առաջացնող պաշտպանության երկու որոշումների բողոքարկելի լինելը, իսկ երրորդի՝ պաշտպանական միջոցի ոչ բողոքարկելի լինելը, առնվազն չի կարող դիտվել որպես նպատակ, որին ձգտել է օրենսդիրը խնդիրը կարգավորելիս։ (…) Նման օրենսդրական բացը կարող է առաջացնել բացառապես մեկ, այն է՝ պաշտպանական որոշումների բողոքարկումը Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով իրականացնելու իրավական հետևանք:

Հակառակ մեկնաբանությունը, ըստ որի՝ դատարանի ընդունած պաշտպանական որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, ոչ միայն հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, այլև ստեղծում է անդառնալի հետևանքներ»։

18. Ամփոփելով վերոնշյալը՝ Դիմողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, ըստ որի՝ այն բացառում է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված՝ Օրենքով նախատեսված պաշտպանական որոշումների դեմ վերաքննության կարգով բողոք ներկայացնելու հնարավորությունը, հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին։

 

Գ. Պատասխանողի դիրքորոշումները

19. Ըստ Պատասխանողի դիրքորոշման՝ վիճարկվող դրույթը պետք է ենթարկվի լայն մեկնաբանման՝ ներառելով այն բոլոր դեպքերը, երբ այլ օրենքներով կա՛մ ուղղակիորեն նախատեսված է որոշակի դատական ակտի՝ դատական կարգով բողոքարկելիություն, կա՛մ առնվազն հնարավոր է կատարել համապատասխան ենթադրություն՝ դրա բողոքարկելիության մասին՝ հաշվի առնելով համապատասխան ակտի բնույթը և դրանով վրա հասնող իրավական հետևանքները: Պատասխանողն արձանագրում է, որ պաշտպանական որոշումների բողոքարկելիությունն ուղղակիորեն նախատեսված է Օրենքում:

20. Այս համատեքստում Պատասխանողն ընդգծում է, որ «(…) պաշտպանական որոշումները (…) առաջացնում են անձի հիմնարար իրավունքների ոլորտում էական և տևական միջամտություն, չեն կարող դիտարկվել որպես բողոքարկման ոչ ենթակա միջանկյալ դատական ակտեր: Հետևաբար, օրենսդրի իրական կամքը ուղղված է դրանց նկատմամբ անմիջական բողոքարկման հնարավորության ապահովմանը՝ որպես Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ պայման»:

21. Պատասխանողը նաև նշում է, որ պաշտպանական որոշումների բողոքարկելիության անհրաժեշտությունը բխում է նաև այդ որոշումների առանձնահատկություններից այնքանով, որքանով դրանք ուղղված են ընտանիքում բռնության կանխարգելմանը, բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ու ընտանիքում համերաշխության վերականգնմանը: Ավելին՝ խնդրո առարկա որոշումներն ունեն երկարաժամկետ իրավական հետևանքներ: Այս իմաստով՝ սույն որոշումների անբողոքարկելիությունը կհակասի Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին՝ զրկելով անձին իր գործի վերանայման հնարավորությունից և խոչընդոտելով անձի իրավունքների լիարժեք իրացումը:

22. Արդյունքում՝ Պատասխանողը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը չի բխում այդ իրավադրույթի նպատակներից և դրա առնչությամբ առկա՝ օրենսդրի կամքից. «(…) պաշտպանական որոշումները ենթակա են բողոքարկման՝ կիրառելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր դրույթները, ինչն ապահովում է անձի արդար դատաքննության իրավունքը»:

23. Ամփոփելով վերոգրյալը՝ Պատասխանողը եզրակացնում է, որ վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը:

 

Դ. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները

24. Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակում վիճարկվող իրավադրույթի սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը․

- արդյո՞ք դատարանի կողմից կայացված պաշտպանական որոշումների վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացառումը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ դատական պաշտպանության և դրա բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքին՝ հաշվի առնելով նաև հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության՝ Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված սահմանադրաիրավական պահանջը:

 

Ե. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

25. Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխի՝ «Ընտանիքի պաշտպանությունը» վերնագրված 16-րդ հոդվածի համաձայն՝ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

26. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 16-րդ հոդվածը լոկ հռչակագրային բնույթ չունի, և այն ուղղված է համապատասխան սոցիալական, իրավական և կազմակերպական մեխանիզմների ստեղծմանը։ Մասնավորապես՝ նշված դրույթը սահմանում է պետության դրական պարտավորությունները՝ ուղղված ընտանիքի, մայրության և մանկության պաշտպանության ապահովմանը։ Ուստի՝ օրենսդիրը պետք է նախատեսի այնպիսի իրավակարգավորումներ, որոնք կամրապնդեն «ընտանիք» ինստիտուտը, կապահովեն երեխաների լավագույն շահերի պաշտպանությունը, կերաշխավորեն մայրության սոցիալական և իրավական պաշտպանությունը։

27. Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «ընտանիք» ինստիտուտի պաշտպանության սահմանադրական սկզբունքը չի կարող մեկնաբանվել որպես անհատական իրավունքների կամ ազատությունների անհամաչափ սահմանափակման հիմք: Պետության միջամտությունն ընտանեկան կյանքին տեղին է միայն այն դեպքերում, երբ դրա բացակայությունը կարող է վտանգել ընտանիքի անդամների, երեխաների իրավունքներն ու շահերը, ինչպես նաև վերջիններիս անվտանգությունը։

28. Նշված սահմանադրական պարտավորության իրականացման շրջանակում օրենսդիրն Օրենքով նախատեսել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և այդպիսի բռնության ենթարկված անձանց պաշտպանության իրավական կառուցակարգ, որի առանցքային բաղադրիչներից են պաշտպանության միջոցները։ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների տեսակները, որպիսիք են՝

1) նախազգուշացումը.

2) անհետաձգելի միջամտության որոշումը.

3) պաշտպանական որոշումը:

29. Օրենսդրի կողմից սահմանված այդ միջոցները նպատակաուղղված են ապահովելու ընտանեկան հարաբերություններում անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Դրանք դասակարգված են ըստ իրավասահմանափակիչ ազդեցության աստիճանի և կիրառման անհրաժեշտության։ Օրենսդրական կարգավորումներից հետևում է, որ յուրաքանչյուր միջոց ունի ինքնուրույն գործառույթ և կիրառման առանձնահատուկ հիմքեր։ Այսպես՝ նախազգուշացումը հանդիսանում է նվազագույն միջամտության միջոց, որը կրում է կանխարգելիչ բնույթ և կիրառվում է այն դեպքերում, երբ առկա է բռնության մեկանգամյա դրսևորում, և բացակայում է դրա կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգը։ Այն ուղղված է իրավախախտ վարքագծի՝ մասնավորապես բռնության կրկնման կամ շարունակման կանխմանը՝ անձին իրազեկելով հնարավոր իրավական հետևանքների մասին՝ առանց էականորեն սահմանափակելու նրա իրավունքները։

30. Ի տարբերություն նախազգուշացման միջոցի՝ անհետաձգելի միջամտության որոշումը կիրառվում է այն դեպքերում, երբ առկա է բռնության դրսևորում, ինչպես նաև բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգ, և պահանջվում է ոստիկանության իրավասու ծառայողի կողմից անհապաղ միջամտություն՝ պաշտպանելու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կյանքն ու առողջությունը։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ միջոցը նախատեսում է արդեն կոնկրետ սահմանափակումների կիրառում՝ ուղղված ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վարքագծի սահմանափակմանը և այդ բռնությանը ենթարկված անձի անվտանգության ապահովմանը։

31. Ինչ վերաբերում է պաշտպանական որոշմանը, ապա այն առավել ինտենսիվ և երկարաժամկետ իրավական ազդեցություն ունեցող պաշտպանության միջոց է, որը կիրառվում է ոչ միայն առկա վտանգը վերացնելու, այլև ընտանեկան և կենցաղային բռնության հետագա դրսևորումները կանխելու, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կայուն պաշտպանությունն ապահովելու նպատակով։

32. Օրենսդրական կարգավորումներից հետևում է, որ անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների միջև առկա է բովանդակային որոշակի նմանություն՝ կիրառվող սահմանափակումների մասով։ Երկու միջոցներն էլ ներառում են բռնություն գործադրած անձի բնակության վայրից հեռացում, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ հաղորդակցման արգելք, տեղաշարժման առումով որոշակի սահմանափակումներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ միջոցներ, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի անձնական անվտանգության ապահովմանը։ Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ նշված միջոցները տարբերվում են իրենց իրավական բնույթով, կիրառման ընթացակարգով և նպատակով։ Մասնավորապես՝ անհետաձգելի միջամտության որոշումը կրում է հրատապ, ժամանակավոր և կանխարգելիչ բնույթ, ընդունվում է վարչական կարգով և նպատակ ունի անհապաղ արձագանքել առկա վտանգին։ Մինչդեռ պաշտպանական որոշումը կայացվում է դատական կարգով, ունի առավել երկարաժամկետ ազդեցություն և ուղղված է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի իրավունքների կայուն պաշտպանությանը։ Բացի այդ, պաշտպանական որոշումը, ի տարբերություն այլ միջոցների, բռնություն գործադրած անձի համար կարող է ներառել ոչ միայն սահմանափակումներ, այլև որոշակի պարտականություններ, օրինակ՝ նյութական պարտավորությունների կատարումը, այն է՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների, ինչպես նաև իրենց համատեղ խնամքի տակ գտնվող անձանց խնամքի ծախսերը, ինչը վկայում է այս պաշտպանության միջոցի ավելի ընդգրկուն և համալիր բնույթի մասին։

33. Վերոնշյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտանեկան բռնության կանխարգելման և տուժած անձանց պաշտպանության նպատակով օրենսդրի կողմից ներդրված պաշտպանության միջոցների համակարգը կառուցված է համաչափության սկզբունքի հիման վրա՝ ապահովելով տարբեր աստիճանի միջամտություն՝ կախված վտանգի բնույթից և ինտենսիվությունից, իսկ պաշտպանական որոշումն այդ համակարգում առավել խիստ և երկարաժամկետ իրավական ազդեցություն ունեցող պաշտպանության միջոց է։

34. Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը, իրականացնելով Սահմանադրության 16-րդ հոդվածից բխող պարտականությունները, ոչ միայն նախատեսել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում պաշտպանության միջոցների համակարգ, այլև որոշ դեպքերում ապահովել է դրանց իրավական վերահսկողությունը՝ բողոքարկման կառուցակարգերի նախատեսմամբ։

35. Սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ նախազգուշացումը և անհետաձգելի միջամտության որոշումը հանդիսանում են վարչական ակտեր, որոնք կայացվում են իրավասու մարմնի՝ մասնավորապես ոստիկանության կողմից և անմիջականորեն առնչվում են անձանց իրավունքների սահմանափակմանը։ Նկատի ունենալով դրանց նկատմամբ արդյունավետ բողոքարկման իրավունքի ապահովման անհրաժեշտությունը՝ օրենսդիրը հստակ նախատեսել է դրանց բողոքարկման հնարավորությունը՝ ինչպես վերադասության կարգով, այնպես էլ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգերի շրջանակում։

36. Մասնավորապես՝ նախազգուշացման դեպքում օրենսդիրը նախատեսել է մեկամսյա ժամկետում վերադասության կարգով բողոքարկման հնարավորություն, ինչպես նաև դատական բողոքարկման իրավունք՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով։ Իսկ անհետաձգելի միջամտության որոշման պարագայում օրենսդիրը, հաշվի առնելով տվյալ միջոցի հրատապ և ինտենսիվ բնույթը, նախատեսել է գործի քննության սեղմ ժամկետներ և արագացված ընթացակարգեր, ինչպես նաև ամրագրել է, որ տվյալ որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը։ Հատկանշական է, որ անհետաձգելի միջամտության որոշման դատական բողոքարկումը կարգավորվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Հատուկ վարույթներ» բաժնում։ Այդ կարգավորումներից բխում է, որ դատարանը նման գործերով կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ սեղմ ժամկետներում, այն է՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում, և այդ ակտը ենթակա է վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկման։

37. Այսպիսով, նախազգուշացման և անհետաձգելի միջամտության միջոցների պարագայում մի կողմից՝ ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերը կարող են դառնալ դատական վերահսկողության առարկա, իսկ մյուս կողմից՝ այդ վերահսկողության արդյունքում կայացվող դատական ակտերը ենթակա են վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկման։ Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պաշտպանության վերոնշյալ երկու միջոցների պարագայում օրենսդիրը ձևավորել է այնպիսի իրավական կառուցակարգ, որի շրջանակում ապահովվում է ինչպես վարչական ակտերի օրինականության ստուգման մեխանիզմը, այնպես էլ անձանց իրավունքների լիարժեք և բազմաստիճան դատական պաշտպանությունը։

38. Մինչդեռ պաշտպանական որոշման պարագայում օրենսդիրը, Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսելով բլանկետային իրավակարգավորում, սահմանել է, որ պաշտպանական որոշման վերաբերյալ դիմումների ներկայացման, դրանց քննության, դատական ակտերի կայացման և դրանց բողոքարկման կարգը նախատեսվում է Օրենսգրքով։ Այսինքն՝ օրենսդիրը պաշտպանական որոշման հետ կապված դատավարական ընթացակարգի ամբողջական կարգավորումը վերապահել է Օրենսգրքին՝ հաշվի առնելով տվյալ միջոցի բնույթը և դրա կիրառման առանձնահատկությունները։

39. Օրենսգրքի համապատասխան դրույթներից հետևում է, որ պաշտպանական որոշման վերաբերյալ գործերը քննվում են հատուկ հայցային վարույթի կարգով։ Այս վարույթը բնութագրվում է արագացված ընթացակարգերով, դատարանի ակտիվ («ex officio») դերակատարությամբ և գործի քննության սեղմ ժամկետներով, ինչն ուղղված է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի իրավունքների արդյունավետ և անհապաղ պաշտպանությանը։ Մասնավորապես՝ դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է եռօրյա ժամկետում, իսկ այն քննում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու պահից` հնգօրյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու, միաժամանակ կաշկանդված չլինելով կողմերի ներկայացրած ապացույցներով և օժտված լինելով իր նախաձեռնությամբ գործի փաստական հանգամանքները պարզելու հնարավորությամբ։

40. Տվյալ վարույթի շրջանակում դատարանը հայցադիմումի քննության արդյունքով կայացնում է որոշում, որով կա՛մ բավարարում է հայցը և կիրառում պաշտպանական միջոցներ, կա՛մ մերժում այն, կա՛մ մասնակի է հայցը բավարարում՝ սահմանելով համապատասխան սահմանափակումներ։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բովանդակային առումով տվյալ դատական ակտով դատարանը, ըստ էության, ամբողջական լուծում է տալիս հայցվորի կողմից բարձրացված պահանջին։ Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված դատական պրակտիկայից հետևում է, որ օրենսդիրն Օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է եզրափակիչ դատական ակտերի տեսակները, որոնց թվում պաշտպանական որոշման վերաբերյալ գործերով կայացվող դատական ակտերն ուղղակիորեն նշված չեն։ Փաստորեն, օրենսդիրը, մի կողմից, տվյալ ակտին բովանդակային առումով վերագրել է դատարանի առջև բարձրացված հարցն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտի բնույթ՝ հաշվի առնելով նաև դրանց առաջացրած իրավական հետևանքները և անձանց իրավունքների վրա դրանց անմիջական ազդեցությունը, իսկ մյուս կողմից՝ այն չի դասակարգել որպես եզրափակիչ դատական ակտ՝ դատավարական կարգավորումների տեսանկյունից։ Իսկ Օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ միջանկյալ դատական ակտեր են համարվում այն բոլոր որոշումները, որոնք ներառված չեն տվյալ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրափակիչ դատական ակտերի շրջանակում։ Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված դատական պրակտիկայի համաձայն՝ օրենսդրական նման կառուցակարգից բխում է, որ դատական ակտի՝ եզրափակիչ դատական ակտերի ցանկում չընդգրկվելն ինքնին հանգեցնում է նրան, որ այդ դատական ակտը դիտարկվում է որպես միջանկյալ դատական ակտ։

41. Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ վիճարկվող՝ Օրենսգրքի 361-րդ հոդվածով սահմանվում է առաջին ատյանի դատարանի այն որոշումների շրջանակը, որոնք ենթակա են վերաքննության կարգով բողոքարկման։ Սակայն նշված հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված դատական պրակտիկայից հետևում է, որ պաշտպանական որոշման վերաբերյալ գործերով կայացվող դատական ակտերն այդ ցանկում ներառված չեն որպես բողոքարկման ենթակա դատական ակտեր։ Ավելին՝ նույն հոդվածը նախատեսում է, որ բողոքարկման ենթակա կարող են լինել նաև «այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում», այնուամենայնիվ Օրենսգրքի «Հատուկ վարույթներ» բաժնի 27.1-ին գլխում որևէ լրացուցիչ կամ հատուկ կարգավորում պաշտպանական որոշման վերաբերյալ գործերով կայացվող դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ նախատեսված չէ։

42. Այսպիսով, Օրենսգրքի վերաբերելի կարգավորումների, ինչպես նաև այդ կարգավորումների վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը չի նախատեսել հստակ և ուղղակի կարգավորում առավել ինտենսիվ և երկարաժամկետ իրավական ազդեցություն ունեցող պաշտպանության միջոցներից պաշտպանական որոշման բողոքարկման վերաբերյալ՝ ի տարբերություն նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների։ Վերոնշյալից հետևում է, որ թեև օրենսդիրը, Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով ձևականորեն նախատեսելով պաշտպանական որոշման վերաբերյալ գործերով կայացվող դատական ակտերի բողոքարկման կարգի սահմանման հնարավորություն քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ, այդուհանդերձ՝ Օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակում նման բողոքարկման հստակ և ուղղակի ընթացակարգ չի նախատեսել։ Ավելին՝ Օրենսգրքի 234.4-րդ հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը սահմանել է, որ պաշտպանական որոշման վերաբերյալ գործերով հայցադիմումի քննության արդյունքում դատարանի կայացրած դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման կարգավորումը պայմանավորված է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց անհապաղ պաշտպանության անհրաժեշտությամբ, և այդ առումով խնդրահարույց չէ պաշտպանական որոշման վերաբերյալ գործերով կայացվող դատական ակտերի՝ հրապարակման պահից ուժի մեջ մտնելու կարգավորումը։ Սահմանադրական դատարանի գնահատմամբ խնդրահարույց է նման դատական ակտերի բողոքարկման հնարավորություն չնախատեսելը, որպիսի իրավիճակում էլ չի ապահովվում վերադաս դատական ատյանի կողմից դրա օրինականության ստուգման արդյունավետ հնարավորությունը։

43. Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ պաշտպանական որոշման «վերանայման» միակ հնարավորությունը դրսևորվում է դրա վերացման հատուկ կառուցակարգի միջոցով, որը կարող է նախաձեռնվել բռնություն գործադրած անձի դիմումի հիման վրա, այն էլ, եթե ապացուցվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն: Սակայն այս կառուցակարգը չի ապահովում վերադաս դատական ատյանի կողմից դատական ակտի վերանայման, որպիսի հիմքով և առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալների վերացման հնարավորություն, ուստի՝ այն չի կարող հանդիսանալ դասական իմաստով դատական ակտի բողոքարկման մեխանիզմ։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը տվյալ ինստիտուտի շրջանակում սահմանել է դատարանի կողմից կիրառվող սահմանափակումների ժամկետայնության սկզբունքը՝ նախատեսելով, որ պաշտպանական որոշումը գործում է օրենքով սահմանված որոշակի ժամկետով։

44. Այսպիսով, վերոգրյալ իրավակարգավորումներից հետևում է, որ օրենսդիրը ձևավորել է տարբեր մոտեցումներ պաշտպանության տարբեր միջոցների բողոքարկման հարցում։ Մասնավորապես՝ մի կողմից՝ նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների պարագայում նախատեսվել է ինչպես վարչական, այնպես էլ դատական բողոքարկման հստակ և աստիճանակարգված համակարգ, որի շրջանակում ոստիկանության կողմից կայացված ակտերը կարող են դառնալ դատական վերահսկողության առարկա, իսկ դրանց վերաբերյալ կայացված դատական ակտերը՝ վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկման և քննարկման ենթակա, մյուս կողմից՝ պաշտպանական որոշման պարագայում, թեև այն հանդիսանում է առավել ինտենսիվ և երկարաժամկետ իրավական ազդեցություն ունեցող պաշտպանության միջոց և կայացվում է անմիջականորեն դատարանի կողմից, օրենսդիրը դրա բողոքարկման որևէ դատավարական կառուցակարգ չի նախատեսել։ Այս համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պաշտպանական որոշման դեպքում իրավական պաշտպանության հնարավորությունները փաստացի սահմանափակվում են երկու տարբերակով՝ կա՛մ օրենքով նախատեսված կոնկրետ դեպքում դիմել դրա վերացման պահանջով, կա՛մ սպասել դատարանի կողմից սահմանված ժամկետի լրանալուն, որի ավարտով որոշումը կկորցնի իր իրավական ուժը։

45. Բացի այդ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պաշտպանական որոշումների վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության հարցի առնչությամբ առկա է Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած իրավակիրառ պրակտիկա։ Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը թիվ ԵԴ/22976/02/22 քաղաքացիական գործով 2023 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ Օրենքով նախատեսված պաշտպանական որոշումը գործին մասնակցող անձինք վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք չունեն, և պատճառաբանել է, որ «(…) օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` պայմանով, որ այդ իրավունքը նախատեսված լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով։ Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում թվարկելով առաջին ատյանի դատարանի՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերը, միևնույն ժամանակ չի սահմանափակել դրանց շրջանակը՝ նշելով, որ վերաքննության կարգով կարող են բողոքարկվել նաև այլ որոշումներ՝ պայմանով, որ բողոքարկումը նախատեսված լինի օրենքով։

(…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ այլ օրենքով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման բողոքարկում նախատեսված չէ»:

46. Ավելին՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 2026 թվականի մարտի 13-ի ՍԴԴ-10 գրության՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահն իր՝ 2026 թվականի ապրիլի 14-ի ԴԴ-2Ա-Ե-6874/26 գրությամբ հայտնել է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի՝ թիվ ԵԴ/22976/02/22 քաղաքացիական գործով 2023 թվականի նոյեմբերի 1-ի որոշման կայացումից հետո դատական պրակտիկան ստացել է միասնական և հետևողական բնույթ, և ուսումնասիրված բոլոր համապատասխան գործերով վերաքննիչ բողոքների ընդունումը մերժվել է այն հիմքով, որ պաշտպանական որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չեն՝ անկախ բողոքում բարձրացված հիմնավորումներից, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ։

47. Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 2026 թվականի ապրիլի 17-ի ՍԴԴ-20 գրությանն առ այն, թե «(…) արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27․1 գլխով նախատեսված՝ պաշտպանական որոշումների վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության հարցի առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԴ/22976/02/22 որոշումից հետո ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից արտահայտվել է այդ որոշմամբ արտահայտված դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում, մասնավորապես այն դեպքերի համար, երբ դատավարության մասնակիցները վերաքննիչ բողոքում բարձրացրել են առաջին ատյանի դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տալու հանգամանքը», Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահն իր 2026 թվականի ապրիլի 23-ի թիվ ՎԴ-1 Ե-6452 պատասխան գրությամբ նշել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27․1-ին գլխով նախատեսված պաշտպանական որոշումների վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության հարցի առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը թիվ ԵԴ/22976/02/22 քաղաքացիական գործով 01․11․2023 թվականին կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշումից տարբերվող այլ դիրքորոշում չի հայտնել»։

48. Ելնելով վերոնշյալից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող դրույթով բարձրացված հարցի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկան ձևավորել է այն մոտեցումը, համաձայն որի՝ պաշտպանական որոշման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտերը, որոնք միջանկյալ դատական ակտեր են, չեն հանդիսանում վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտեր։

49. Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով Օրենսգրքի 234.3-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները, արձանագրում է, որ օրենսդիրը պաշտպանական որոշման վերաբերյալ գործերի քննության համար սահմանել է արագացված ընթացակարգ։ Մասնավորապես՝ կարգավորումներից բխում է, որ դատարանը հայցադիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու պահից սկսած, իսկ պատասխանող կողմին վերապահված է հայցադիմումի պատասխան ներկայացնելու հնարավորություն՝ հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում։ Փաստորեն, նման կառուցակարգի պայմաններում պատասխանողի դատավարական պաշտպանության հիմնական և, ըստ էության, միակ ձևը հանդիսանում է գրավոր դիրքորոշման՝ հայցադիմումի պատասխանի ներկայացումը, քանի որ դատական նիստի բացակայությունը բացառում է բանավոր լսումների միջոցով իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունը։

50. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև օրենսդրի կողմից այս հատուկ հայցային վարույթի կապակցությամբ սահմանված սեղմ ժամկետները նպատակաուղղված են ապահովելու տվյալ կատեգորիայի գործերի արագ և օպերատիվ քննությունը՝ հաշվի առնելով դրանց բնույթը և պաշտպանական որոշման միջոցով ենթադրվող անհապաղ միջամտության անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, նման սեղմ ժամկետների պայմաններում չի բացառվում այնպիսի իրավիճակի առաջացումը, երբ մինչև պաշտպանական որոշման կայացումը պատասխանողը պատշաճ կերպով չծանուցվի հայցադիմումի մասին կամ փաստացի հնարավորություն չունենա իրացնելու օրենքով իրեն վերապահված՝ հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքը։ Ստացվում է, որ նման իրավիճակում պաշտպանական որոշումը կարող է կայացվել առանց պատասխանող կողմի՝ գործի շրջանակներում լսված լինելու իրավունքի արդյունավետ ապահովման, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել դատավարության կողմերի «զենքերի հավասարության» սկզբունքի խախտման։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանը փաստում է, որ թեև օրենսդիրը նախատեսել է պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելու հնարավորություն, սակայն վերոնշյալ պայմաններում այդ իրավունքի իրացումը կարող է կրել ձևական բնույթ և չապահովել արդյունավետ դատական պաշտպանության պահանջներին համարժեք իրականացում։ Հետևաբար՝ նույնիսկ այն դեպքերում, երբ թույլ է տրվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, վիճարկվող իրավակարգավորման պայմաններում բացակայում է այնպիսի դատավարական գործիքակազմ, որի միջոցով հնարավոր կլիներ բողոքարկել տվյալ դատական ակտը և հասնել թույլ տրված խախտման վերացման։

51. Ավելին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ պաշտպանական որոշումների՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու իրավակարգավորման պայմաններում՝ այդ որոշումների նկատմամբ չի կարող կիրառվել նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ինստիտուտը, քանի որ վերջինս, ըստ Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի, կիրառելի է բացառապես բողոքարկման ենթակա դատական ակտերի նկատմամբ։ Նշված նորմի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վերանայման այս բացառիկ մեխանիզմը կապել է դատական ակտի բողոքարկելի լինելու հանգամանքի հետ՝ այն դիտարկելով որպես լրացուցիչ երաշխիք արդեն իսկ բողոքարկման հնարավորությամբ ապահովված դատական ակտերի համար։

52. Այսպիսով, պաշտպանական որոշումների՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու իրավակարգավորման պայմաններում տվյալ դատական ակտերը՝ որպես անձի իրավունքների նկատմամբ առավել ինտենսիվ սահմանափակումներ նախատեսող դատական ակտեր, միաժամանակ զուրկ են ինչպես վերաքննության կարգով բողոքարկման, այնպես էլ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման հնարավորությունից։ Նման պայմաններում անձը փաստացի զրկվում է դատական պաշտպանության արդյունավետ միջոցներից ոչ միայն այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալներ, այլև այն իրավիճակներում, երբ պաշտպանական որոշման կայացումից հետո ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, կամ բացահայտվում են նոր երևան եկած հանգամանքներ, որոնք գործի լուծման համար ունեն էական նշանակություն։

53. Սահմանադրական դատարանը, վիճարկվող դրույթը գնահատելով Oրենսգրքի 27.1-ին գլխով նախատեսված իրավակարգավորումների համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով ձևավորված իրավակիրառ պրակտիկան, արձանագրում է, որ պաշտպանական որոշումների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկման որևէ կառուցակարգ նախատեսված չէ։

54. Այս համատեքստում պաշտպանական որոշումների անբողոքարկելիությունն ուղղակիորեն փոխկապակցվում է անձի արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի հետ, մասնավորապես՝ վերջինիս բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի մասով:

55. Սահմանադրության՝ «Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

56. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական ակտի բողոքարկման իրավունքը դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության սահմանադրաիրավական բովանդակությունը երաշխավորող առանցքային բաղադրիչ է։ Արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն առաջնահերթորեն ենթադրում է բավարար օրենսդրական երաշխիքների ամրագրում՝ ապահովելու անձի «մուտքը» դատարան, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վերադաս դատական ատյաններ։ Արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, բովանդակելով արդար դատաքննության իրավունքի հետագա կենսագործումը երաշխավորող անհրաժեշտ, բավարար և հասանելի կազմակերպաիրավական միջոցների առկայության հրամայականը, առնչվում է արդարադատության իրականացման ֆորմալ-կառուցակարգային առանցքին։

57. Դատական պաշտպանության արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է, որ պոզիտիվ իրավունքում նախատեսված լինեն համապատասխան և այդ իրավունքին համարժեք կազմակերպաիրավական արդյունավետ կառուցակարգեր, հակառակ պարագայում՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, չունենալով իրացման իրական հնարավորություն, կկրի լոկ հռչակագրային բնույթ։

58. Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում բազմիցս անդրադարձել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը` ի թիվ այլնի, արձանագրելով նաև, որ.

- «(...) սահմանադրորեն նախատեսված է խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության (դրա արդյունավետության) երաշխավորման առանձնահատուկ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման՝ անձի իրավունքն է (դատական բողոքարկումը (...)։ Վերջինս նաև անձի իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրականացման խնդրում պետության առաջնային պարտականություն է՝ որոշակի ընթացակարգի, այդ թվում՝ դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործումը» (2011 թվականի փետրվարի 8-ի ՍԴՈ-936 որոշում),

- «Դատական բողոքարկման ինստիտուտն այն առանցքային իրավական գործիքակազմն է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, որպիսի պայմաններում դատավարության կողմը կարող է ակնկալել իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտի վերանայում վերադաս դատարանի անկախ դատավորի կամ դատավորների կազմի կողմից: Այս իմաստով՝ դատական բողոքարկման իրավունքի առանցքային գործառույթը հանգում է, ի թիվս այլնի, նաև նրան, որ դատական բողոքարկմամբ համապատասխան սխալները շտկելու հնարավորություն ընձեռելը նպաստում է նաև արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն այն հաշվառմամբ, որ անձը ձեռք է բերում վերադաս դատարանում իր նկատմամբ կայացված դատական ակտի վերաքննության իրական հնարավորություն՝ վերջնարդյունքում ակնկալելով ստանալ օրինական և հիմնավորված դատական ակտ» (2024 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1725 որոշում),

- «39. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ բողոքարկման իրավունքը գործում է օրենսդրի կողմից նախանշված ակտերի նկատմամբ՝ սահմանափակվելով վերջիններիս օրենսդրական շրջանակներով, ինչը, ի թիվս այլնի, ուղղված է իրավակարգում իրավական կայունությանն ու դատական պաշտպանության պատշաճ և արդյունավետ ապահովմանը:

40. Վերոնշյալից ելնելով` Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ բողոքարկման ենթակա ակտերի շրջանակի օրենսդրական որոշակիացումը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց մեկնաբանումն ու կիրառումը, մշտապես պետք է խարսխվեն մարդու իրավունքների պաշտպանության, դատական պաշտպանության արդյունավետության ապահովման և արդար դատաքննության իրավունքի կենսագործման վրա: Հետևաբար` բողոքարկման իրավունքի սահմանափակումները (թե՛ օրենսդրական մակարդակում, և թե՛ իրավակիրառ պրակտիկայում), հետապնդելով իրավական պետության գաղափարաբանությանը համահունչ իրավաչափ նպատակներ, պետք է լինեն սահմանադրաչափ» (2025 թվականի նոյեմբերի 11-ի ՍԴՈ-1802 որոշում):

59. Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի առարկան պաշտպանական որոշումների դատական կարգով բողոքարկման օրենսդրական արգելքով պայմանավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի սահմանափակումն է։ Նշված սահմանափակումը պայմանավորված է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նման որոշումների բողոքարկման կառուցակարգերի և ընթացակարգերի բացակայությամբ։

60. Նշվածի առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Սահմանադրության 75-րդ հոդվածն ունի յուրօրինակ սահմանադրաիրավական վերահսկողական դեր. այն օրենսդրի գործունեության համար չափանիշ է և թույլ է տալիս գնահատել՝ արդյո՞ք օրենսդրական մակարդակում իրականում ապահովվում է իրավունքի իրացումը, թե՞ օրենսդիրը միայն ձևականորեն է այն ճանաչում: Հիմնական իրավունքներն ու ազատություններն իրավական համակարգում արժեք ունեն միայն այն դեպքում, երբ օրենքը ոչ միայն ճանաչում է դրանք, այլ նաև ստեղծում է դրանց իրական, արդյունավետ և հասանելի իրացման կազմակերպական ու ընթացակարգային մեխանիզմներ։

61. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի «արդյունավետ դատական պաշտպանության իրավունք» ձևակերպումը հանդես է գալիս ոչ միայն որպես նպատակ, այլև որպես իրավական կարգավորման գնահատման օբյեկտիվ չափանիշ։ Օրենսդիրը չի սահմանափակվում իրավունքների իրացման ֆորմալ հնարավորության ստեղծմամբ, այլև պարտավոր է ապահովել այնպիսի կարգավորում, որը հանգեցնում է իրավունքի փաստացի, իրական և գործնական իրացմանը։

62. Տվյալ իրավիճակում պաշտպանական որոշումների բողոքարկման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի փաստացի բացակայությունը բերում է անձի արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտման:

63. Սահմանադրական դատարանը գտնում է, որ պաշտպանական որոշումների առնչությամբ բողոքարկման հնարավորություն չնախատեսելը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է՝ հատկապես հաշվի առնելով, որ Օրենքով հստակ արտահայտվել է օրենսդրի կամքը, ըստ որի՝ նման որոշումների բողոքարկման կարգը պետք է սահմանվեր Օրենսգրքով։ Միևնույն ժամանակ, չնայած օրենսդրի նման կամարտահայտմանը՝ Օրենսգրքում չեն սահմանվել համապատասխան ընթացակարգային կարգավորումներ, որոնք կապահովեին այդ իրավունքի գործնական իրացումը։ Արդյունքում՝ նշվածը հանգեցրել է այնպիսի իրավիճակի, որ դատարանի կողմից նման գործերով կայացվող դատական ակտերի բողոքարկման իրավունքը փաստացի զուրկ է իրացման կառուցակարգային հնարավորությունից, որպիսի պայմաններում պաշտպանական որոշումների իրավասահմանափակիչ հետևանքները գործնականում դառնում են անհաղթահարելի։

64. Սահմանադրական դատարանը կարևորում է նաև այն հանգամանքի արձանագրումը, որ պաշտպանական որոշման բողոքարկման իրավունքի կրողը ոչ միայն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրող անձն է, որի իրավունքները պաշտպանական որոշմամբ սահմանափակվում են, այլ նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձը, որի պաշտպանական որոշում կայացնելու վերաբերյալ հայցը դատարանի կողմից կարող է մերժվել կամ մասնակի բավարարվել։ Նման դեպքերում վերջինս ևս փաստացի զրկվում է այդ դատական ակտը բողոքարկելու և իր իրավունքների առավել բարձր մակարդակի պաշտպանություն հայցելու կառուցակարգային հնարավորությունից, ինչը համահունչ չէ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված կամ այդպիսի սպառնալիքի պայմաններում գտնվող անձանց պատշաճ պաշտպանության ապահովման իրավաչափ նպատակին։

65. Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող՝ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և «Հատուկ վարույթներ» բաժնի «Պաշտպանական որոշման վերաբերյալ գործերի վարույթը» 27.1-ին գլխով սահմանված իրավակարգավորումներով օրենսդիրը ոչ միայն չի նախատեսել պաշտպանական որոշումների բողոքարկման հնարավորություն, այլև չի ամրագրել որևէ բացառություն, որը հնարավորություն կտար վերաքննության կարգով վերանայելու տվյալ դատական ակտերն այն դեպքում, երբ բողոք բերող անձի կողմից կհիմնավորվեր արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալի առկայությունը։

66. Այս առումով Սահմանադրական դատարանը, հարկ համարելով քննարկվող իրավակարգավորումները համադրել Օրենսգրքի այլ դրույթների հետ, արձանագրում է, որ օրենսդիրը որոշ դեպքերում, նույնիսկ սահմանելով դատական ակտերի բողոքարկման ընդհանուր արգելք կամ սահմանափակ հնարավորություն, նախատեսել է այդ արգելքից և սահմանափակումներից բացառություններ։ Մասնավորապես՝ որոշ դեպքերում դատարանի դատական ակտերը, թեև ընդհանուր կանոնով ենթակա չեն բողոքարկման և օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, կամ որոնց բողոքարկելիությունը սահմանափակված է, այնուամենայնիվ կարող են դառնալ վերաքննության առարկա այն դեպքում, երբ բողոք բերող անձը հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ (օրինակ՝ Օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մաս և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ 372-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ, 345.5-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման մոտեցումը նպատակաուղղված է ապահովելու արդար դատաքննության իրավունքի նվազագույն երաշխիքները նույնիսկ այնպիսի վարույթների դեպքում, որտեղ առաջնահերթ է գործի արագ լուծումը։

67. Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պաշտպանական որոշումների դեպքում օրենսդիրը չի նախատեսել որևէ համանման բացառություն։ Իսկ նման իրավակարգավորումը հանգեցնում է նրան, որ անձը զրկվում է ոչ միայն դատական ակտի վերանայման հնարավորությունից, այլև արդյունավետ դատական պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորությունից նույնիսկ այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող խախտումներ։

68. Վերոգրյալ վերլուծությունների համատեքստում Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասը, համաձայն որի՝ որևէ նորմատիվ իրավական ակտի uահմանադրականությունը որոշելիu Սահմանադրական դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների uահմանադրականությունը, արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող՝ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասը, որն ամրագրում է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի դատական ակտերի շրջանակը, պաշտպանական որոշումների վերաքննության կարգով բողոքարկման հարցի համատեքստում համակարգային փոխկապակցվածության մեջ է գտնվում նույն Օրենսգրքի 234.4-րդ հոդվածի 3-րդ մասի հետ։ Նշված դրույթների համակցված իրավակարգավորումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որի պայմաններում բացառվում է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված պաշտպանական որոշումների վերաքննության կարգով բողոքարկելու որևէ հնարավորություն։

69. Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 234.4-րդ հոդվածի 3-րդ մասը և 361-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չեն նախատեսում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված պաշտպանական որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն, չեն ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով պահանջվող՝ իրավունքների արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի առկայությունը և հանգեցնում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խախտման։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64, 68 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.4-րդ հոդվածի 3-րդ մասը և 361-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չեն նախատեսում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված պաշտպանական որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

19 մայիսի 2026 թվականի

ՍԴՈ-1828

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան