ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԽԱՂՈՂ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 387-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2026 թվականի N 387-Լ

 

ԽԱՂՈՂ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 15-րդ կետերով և 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով տրամադրվող վարկերի գծով շահառուների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք։

3. Հաստատել խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագրով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

4. Սահմանել, որ՝

1) բյուջետային երաշխիքները տրամադրվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրվող վարկերի համար այն տնտեսավարողներին, որոնք 2025 թվականին իրականացրել են առնվազն 10000 տոննա խաղողի մթերումներ.

2) բյուջետային երաշխիքները տրամադրվում են առանց ապահովման լրացուցիչ միջոցների.

3) վարկի մայր գումարի մարումներն առաջնային կարգով ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը.

4) բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը մինչև երեսունինը ամիս մարման ժամկետով.

5) բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը։

(4-րդ կետը փոփ., լրաց. 21.05.26 N 683-Լ)

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2026 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 387-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԽԱՂՈՂ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է աջակցել հանրապետության խաղող վերամշակող տնտեսավարողներին արտահանման խնդիրներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը մեղմելու, ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն ստեղծելու, մարտահրավերներին դիմակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու համար:

 

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Ծրագրի մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) 2025 թվականին խաղողի մթերումներ իրականացրած իրավաբանական անձինք (այսուհետ՝ կազմակերպություն).

3) ցանկացած բանկ և վարկային կազմակերպություն (այսուհետ՝ ՖԿ), որը բավարարում է ծրագրի պահանջները և ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում 2025 թվականին խաղողի մթերումներ իրականացրած կազմակերպություններին.

4) նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկ (այսուհետ՝ ՏԶՖԿ)։

3․ Ծրագրի իմաստով շահառու է համարվում 2025 թվականին առնվազն 10000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած կազմակերպությունը։

4․ Ծրագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում շահառուն կարող է դիմել ՖԿ-ին ծրագրի պահանջներին համապատասխան վարկեր ներգրավելու համար։

5. Աջակցությունը տրամադրվում է ՖԿ-ների կողմից շահառուներին տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով:

6. Սուբսիդավորվում են այն վարկերի տոկոսադրույքները, որոնք տրամադրվում են շահառուներին հետևյալ ծախսերի իրականացման նպատակով՝

1) շահառուի աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ․

2) պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ։

7. Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի հանրագումարի առավելագույն սահմանաչափը չի կարող գերազանցել 1000․0 մլն դրամը, իսկ ծրագրի վարկային պորտֆելը՝ 4000․0 մլն դրամը։

8. Վարկային միջոցների հաշվին շահառուն վճարում է աշխատակիցներին աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և պետական կամ համայնքի բյուջե հարկերի ու պարտադիր վճարումների գումարի այն տոկոսի չափով, որը հավասար է շահառուի կողմից 2025 թվականին արտահանված արտադրանքի ընդհանուր արժեքի և իրացված արտադրանքի ընդհանուր արժեքի հարաբերակցության տոկոսին։

9. Վարկի ներգրավման գործընթացը նախաձեռնում է շահառուն, որն այդ նպատակով դիմում (այսուհետ՝ դիմում) է ՖԿ-ին՝ դիմումին կցելով ծրագրի 3-րդ կետում նշված պահանջը հիմնավորող փաստաթղթերը, տեղեկանք շահառուից՝ 2025 թվականին իրացված արտադրանքի ընդհանուր արժեքի չափի մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ 2025 թվականին արտահանված արտադրանքի ընդհանուր արժեքի մասին:

10․ ՖԿ-ն շահառուից դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին ներկայացնում է տեղեկատվություն՝ շահառուի անվանման և ներգրավվող վարկի գումարի չափի վերաբերյալ՝ ըստ ուղղությունների։

11. Նախարարությունից ծրագրի 10-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ՖԿ-ին ներկայացնում է դրական կամ բացասական դիրքորոշում։ Դրական դիրքորոշում ստանալուց հետո ՖԿ-ն սկսում է վարկային դիմումի ուսումնասիրության գործընթացը։

12․ Դիմումի հիման վրա ծրագրի 3-րդ կետում նշված պահանջի ապահովման և վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման դեպքում ՖԿ-ն հաստատում է վարկային գիծ կամ վարկային սահմանաչափ: Վարկային սահմանաչափի շրջանակներում շահառուի կողմից ներկայացված դիմումների հիման վրա տրամադրում են առանձին վարկեր։ Վարկերի տոկոսադրույքները հաշվարկվում են ոչ թե ՖԿ-ի կողմից հաստատված վարկային սահմանաչափի հիման վրա, այլ դրա շրջանակներում տրամադրված առանձին վարկերի մնացորդների վրա։

13. Յուրաքանչյուր շահառուի համար վարկային գիծը կամ վարկային սահմանաչափը հաստատվում է մեկ անգամ։

14. Վարկային դիմումի ուսումնասիրության գործընթացի ավարտից հետո ՖԿ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին ներկայացնում է տեղեկատվություն՝ դիմումի մերժման, կամ վարկի տրամադրման մասով կայացված որոշման մասին՝ նշելով հաստատված վարկային գծի չափը, կամ վարկային սահմանաչափը կամ տրամադրվող վարկի չափը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքի տրամադրման անհրաժեշտությունը և չափը։

15. Վարկային միջոցների հաշվին պարտավորությունների դիմաց ծրագրի 8-րդ կետով հաշվարկված տոկոսի չափով վճարումները շահառուին կատարվում են ՖԿ-ի կողմից բացառապես անկանխիկ եղանակով՝ շահառուների կողմից ՖԿ-ին տրամադրված պարտավորությունների չափը հիմնավորող փաստաթղթերի (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով առկա պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք և հարկ վճարողի անձնական հաշվի քարտի քաղվածք) հիման վրա։

16. Վարկային միջոցների հաշվին շահառուն կարող է կատարել դիմումի հաստատմանը նախորդող ժամանակահատվածում առկա, ինչպես նաև դրանից հետո գոյացող պարտավորությունների ծրագրի 8-րդ կետով հաշվարկված տոկոսի չափով վճարումներ։

17. Ապագայում գոյացող պարտավորությունների վճարումների նպատակով ՖԿ-ի կողմից կարող է հաստատվել միայն վարկային սահմանաչափ՝ շահառուի կողմից ներկայացված գոյացող պարտավորությունների կանխատեսումների՝ ծրագրի 8-րդ կետով հաշվարկված տոկոսի չափի հիման վրա։

18. Ծրագրով ՖԿ-ների կողմից տրամադրվող նպատակային վարկերի պայմաններն են՝

1) վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով առավելագույնը տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ՖԿ-ի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն).

2) սուբսիդավորվում է տրամադրված վարկի տոկոսադրույքի տարեկան 10 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը).

3) վարկերն ունեն առավելագույնը 48 ամիս մարման ժամկետ, իսկ վարկի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 24 ամիս.

4) ՖԿ-ին ՏԶՖԿ-ի կողմից վարկի տոկոսադրույքի առաջին ամսվա սուբսիդավորվող գումարի փոխանցումն իրականացվում է վարկի տրամադրելու պահից մինչև 3 ամսվա ընթացքում, այնուհետև յուրաքանչյուր ամիս՝ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա մինչև 22-րդ աշխատանքային օրը.

5) վարկի մայր գումարը և վարկի տոկոսադրույքը վարկառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և (կամ) տուգանքներ չեն գանձվում.

6) տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.

7) տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ․

8) վարկի պայմանագրի գումարի մարումն իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով:

19. ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված վարկի տրամադրման մասին պայմանագրում պետք է նախատեսվեն դրույթներ հետևյալի մասին՝

1) վարկառուին տրամադրված վարկի չափը (գումարը) չպետք է գերազանցի ծրագրի 7-րդ կետով սահմանված սահմանաչափը, իսկ տոկոսադրույքը սուբսիդավորվում է ՏԶՖԿ-ի միջոցով․

2) վարկի ծախսի չափն ըստ ուղղությունների․

3) վարկի սուբսիդավորվող տոկոսագումարի և սուբսիդավորման դադարեցման պայմանների վերաբերյալ՝ ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան.

4) պայմանագրին կից վարկի մարման ժամանակացույցում պետք է առանձնացված տողով նշվեն վարկի ամբողջ տոկոսագումարը, վարկառուի կողմից ՖԿ-ին վճարման ենթակա տոկոսագումարի չափը և ՏԶՖԿ-ի կողմից վարկի սուբսիդավորվող տոկոսագումարի չափը:

20. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը՝

1) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ՖԿ-ները.

2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է ՏԶՖԿ-ի միջոցով՝ նախարարության և ՏԶՖԿ-ի միջև կնքված սուբսիդիայի հատկացման պայմանագրի հիման վրա՝ պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում․

3) ՏԶՖԿ-ի կողմից վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարները ՖԿ-ին հատկացվում են ՏԶՖԿ-ի և ՖԿ-ի միջև կնքվող երկկողմ պայմանագրի հիման վրա.

4) ՖԿ-ն հայտը ներկայացնում է ՏԶՖԿ-ին մինչև վարկառուների կողմից վարկի սուբսիդավորվող տոկոսների փաստացի մարումներին հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը, ընդ որում յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված (բացառությամբ ծրագրի 18-րդ կետի 4-րդ ենթակետում նշված վարկի տոկոսադրույքի առաջին ամսվա սուբսիդավորվող գումարների) սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքների գումարները․

5) ՏԶՖԿ-ն ՖԿ-ներից վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարների հայտերը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք և նախարարություն է ներկայացնում գրություն տվյալ ամսվա սուբսիդավորման գումարները հատկացնելու վերաբերյալ․

6) ՏԶՖԿ-ի կողմից տվյալ ամսվա սուբսիդավորման գումարների հատկացման վերաբերյալ նախարարություն ներկայացված գրության ստացման օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է սուբսիդավորման գումարների հատկացումը ՏԶՖԿ-ին․

7) ՏԶՖԿ-ն ՖԿ-ի և ՏԶՖԿ-ի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով և նախարարությունից սուբսիդավորման գումարների ստացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է հայտում նշված վարկի սուբսիդավորվող տոկոսադրույքի փոխանցումը ՖԿ-ի բանկային հաշվին.

8) ՖԿ-ն հայտը ներկայացնում է ՏԶՖԿ-ին էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով․

9) ՖԿ-ն վարկառուի հետ վարկի տրամադրման պայմանագրի կնքման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի և վարկի մարման ժամանակացույցի պատճենները ներկայացնում է ՏԶՖԿ-ին.

10) հայտի ձևը մշակվում է ՏԶՖԿ-ի կողմից։

21. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցումը և ավարտը՝

1) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարում է հետևյալ հիմքերով, եթե՝

ա. առկա են տվյալ վարկի վերաբերյալ վարկառուի նախորդ մեկ տարվա (12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ ՖԿ-ի հանդեպ կամ ՖԿ-ի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկերի դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ,

բ. վարկն օգտագործվել է ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան: Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործում է համարվում, եթե վարկային միջոցներն օգտագործվել են ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով սահմանված պայմաններին ոչ համապատասխան․

2) ՖԿ-ն, վարկի նպատակային օգտագործման իր կողմից կատարված մոնիթորինգի արդյունքի հիման վրա՝ վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստի արձանագրման կամ ՏԶՖԿ-ի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված ծրագրի պայմանների խախտումների մասին կազմված համապատասխան եզրակացության ստացման դեպքում՝ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման մտադրության մասին անմիջապես գրավոր տեղեկացնում է շահառուին՝ գրությունը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում բացատրություններ կամ դիտարկումներ ստանալու նպատակով․

3) շահառուից բացատրություններ կամ դիտարկումներ ստանալուց հետո ՖԿ-ն անմիջապես կազմակերպում է քննարկում շահառուի և ՏԶՖԿ-ի մասնակցությամբ և քննարկման արդյունքներով կայացնում որոշում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցնելու կամ սուբսիդավորումը շարունակելու վերաբերյալ․

4) սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում շահառուից բացատրություններ կամ դիտարկումներ չստանալու կամ սույն կետի 3-րդ ենթակետում նշված քննարկման արդյունքում վարկի սուբսիդավորումը դադարեցնելու մասին որոշում կայացվելու դեպքում ՖԿ-ն դադարեցնում է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է շահառուին, ՏԶՖԿ-ին և նախարարությանը․

5) ծրագրի շրջանակներում սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկառուի վերջին մարման օրվանից սկսած.

6) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործման դեպքում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման խախտումը հայտնաբերելու օրվան հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված հաշվարկային դրույքի չափով տուգանք: Սուբսիդավորված գումարի վերադարձը ՏԶՖԿ-ին իրականացնում է ՖԿ-ն.

7) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ավարտը համապատասխանում է այն ժամկետի ավարտին, որը պետք է սահմանված լինի ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով՝ ծրագրի 19-րդ կետի պահանջներին համապատասխան:

 

3. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

22. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում են ՖԿ-ն և ՏԶՖԿ-ն՝ ՖԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության և բոլոր վարկառուների ուսումնասիրության հիման վրա։ Մոնիթորինգն իրականացվում է փաստաթղթային ուսումնասիրության և հարցումների միջոցով։

23. Ծրագրի մոնիթորինգի իրականացման ընթացքում ՏԶՖԿ-ն ՖԿ-ներից և շահառուներից կարող է պահանջել լրացուցիչ այլ տեղեկատվություն: Ընդ որում՝ գաղտնիք պարունակող տեղեկությունների դեպքում ՖԿ-ն և շահառուն ապահովում են համապատասխան համաձայնությունների ձեռքբերումը։

24. Այն դեպքում, եթե ՏԶՖԿ-ն մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է ծրագրի պայմանների խախտում, ապա այդ մասին կազմվում է համապատասխան եզրակացություն և խախտումը հայտնաբերելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է նախարարությանը և ՖԿ-ին:

25. ՏԶՖԿ-ն յուրաքանչյուր ամիսը մեկ՝ ամսվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն՝ համաձայն ձևի:

 

Ձև

 

Սուբսիդավորող՝

ՀՀ ԷՆ «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկ

Հաշվետու ժամանակահատված՝ ․․․․ ..................... 20.....թ․ - ․․․․ .................... 20.....թ․

Հաշվետվության ներկայացման ամսաթիվ՝

Ներկայացվող կառույցի անվանումը՝

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _______

 

ԽԱՂՈՂ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Աճողական հաշվետվություն

NN

ը/կ

վարկառու

 

վարկ

սուբսիդավորում

այլ

(անվա- նումը)

հասցե

վարկի պայ- մանա- գրային գու- մարը (մլն

դրամ)

վարկի տրա- մա- դրման ամսա- թիվը

վարկի ծախսի չափը, ըստ ուղղու- թյունների

(մլն դրամ)

վարկի ավարտի ամսաթիվը

վարկի արտոնյալ ժամկետի ավարտի ամսա- թիվը

հաշվետու ժամանա- կահատ- վածում վարկի մնացորդը (մլն դրամ)

վարկի տարե- կան տո- կոսա- դրույքը (%)

հաշվետու ժամանա- կահատ- վածում վճարված տոկոսա- գումարը

(մլն դրամ)

սուբսիդա- վորման ենթակա տոկոսային կետը

սուբսիդա- վորված գումարը (աճողական) (մլն դրամ)

հայտնա-բերված խախտում-ները

մարզը

համայնքը

հարկ

աշխա- տա-

վարձ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

                               
                               
                               

Հարգանքով՝
_______________________
   


Սուբսիդավորող
___________________________________
Լիազորված անձ՝ պաշտոնը, անունը, ազգանունը

 


 
_________________________
ստորագրությունը, կնիքը

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 387-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԽԱՂՈՂ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագրով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման ընթացակարգը։

2. Սույն կարգի իմաստով օգտագործվող հասկացությունները և հապավումները՝

1) շահառու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, 2025 թվականին առնվազն 10000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած կազմակերպություն, որն ունի դրական վարկային (վարկի համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում շահառուն և (կամ) իր հետ փոխկապակցված որևէ իրավաբանական անձ չպետք է ունենա 90 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություն կամ «ոչ ստանդարտ» դասով դասակարգված վարկեր) պատմություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի N 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի N 39-Ն համատեղ որոշման.

2) ՏԶՖԿ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկ.

3) ՖԿ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկեր կամ վարկային կազմակերպություններ, որոնք խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրման համար սահմանված ընթացակարգով ՏԶՖԿ-ի հետ կնքել են պայմանագրեր.

4) բյուջետային երաշխիք՝ սույն որոշմամբ հաստատված խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում հաստատվող վարկային գծի կամ վարկային սահմանաչափի կամ տրամադրվող վարկերի համար ՖԿ-ներից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվող վարկի մայր գումարի վերադարձի ապահովման միջոց։

3. Սույն կարգի հիման վրա բյուջետային երաշխիքներն առանց ապահովման միջոցի կարող են տրամադրվել 2025 թվականին առնվազն 10000 տոննա խաղողի մթերումներ իրականացրած կազմակերպություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 180 օրվա ընթացքում տրամադրվող վարկերի համար՝ վարկի մայր գումարի մարումներն առաջնային կարգով բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով, առավելագույնը մինչև երեսունինը ամիս մարման ժամկետով։

4. Տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում ՖԿ-ի կողմից հաստատվող վարկային գծի կամ վարկային սահմանաչափի կամ տրամադրվող վարկերի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2025 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը։

5․ Տրամադրվող բյուջետային երաշխիքի չափը չպետք է գերազանցի սույն կարգի N 1 ձևի դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ շահառուի ակտիվների չափի 20 տոկոսը։

6. Բյուջետային երաշխիքով ապահովված վարկի գծով կնքված պայմանագրի կրկնօրինակը և մարման ժամանակացույցը հաստատելուց հետո ՖԿ-ն եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և ՏԶՖԿ-ին:

7. Բյուջետային երաշխիքով ապահովված վարկի մայր գումարի ամբողջական մարումից հետո եռօրյա ժամկետում ՖԿ-ն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն է վերադարձնում բյուջետային երաշխիքի բնօրինակը, ինչի վերաբերյալ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։

8. Ծրագրի ավարտի վերջում տրամադրված բյուջետային երաշխիքի դիմաց որպես վճար շահառուի կողմից վճարվում է միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 1 տոկոսի չափով:

9. Այն դեպքում, երբ տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակներում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը:

(9-րդ կետը խմբ. 21.05.26 N 683-Լ)

 

2. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

10. Բյուջետային երաշխիքի ստացման գործընթացը նախաձեռնում է շահառուն՝ սույն կարգի 11-րդ կետի պահանջի առկայության դեպքում։

11. Եթե շահառուի կողմից հայցվող վարկի գումարը գերազանցում է վերջինիս կողմից առաջարկվող գրավի առարկայի կամ բանկային երաշխիքի դիմաց ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարին, ապա շահառուն հայցվող վարկի գումարի չբավարարող մասի համար բյուջետային երաշխիք ստանալու նպատակով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ համաձայն N 1 ձևի։

12. Շահառուն սույն կարգի 11-րդ կետում նշված դիմումին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) տեղեկանք ՖԿ-ից՝ վարկի չապահովված մասի և վարկի ապահովման միջոցի գնահատված շուկայական արժեքի վերաբերյալ․

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ 2025 թվականին արտահանված արտադրանքի ընդհանուր արժեքի մասին.

3) ԱՔՌԱ վարկային բյուրոյից տեղեկություն՝ վարկային պատմության վերաբերյալ.

4) տեղեկություն՝ նախորդ երկու տարվա տնտեսական գործունեության մասին՝ համաձայն N 2 ձևի․

5) տեղեկություն շահառուից՝

ա․ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց անվանումների մասին,

բ․ երաշխիքի ստացման համար դիմելու օրվա դրությամբ շահառուի ակտիվների չափի մասին։

13. Եթե ներկայացված դիմումը թերի է կամ սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չեն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին՝ թերությունները և անհամապատասխանությունները վերացնելու և լրամշակված դիմում ներկայացնելու մասին։ Դիմումատուն պարտավոր է սույն կետով նախատեսված կարգով տեղեկացումն ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել սույն կարգի պահանջներին համապատասխան լրամշակված դիմում։

14. Սույն կարգի պահանջներին համապատասխան դիմումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ՏԶՖԿ-ի հետ համատեղ 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և՝

1) ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում գրությամբ պատասխանում է դիմումատուին` նշելով դիմումի մերժման պատճառները.

2) հիմնավոր ճանաչելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը շահառուին բյուջետային երաշխիք տրամադրելու մասին իր առաջարկություններով միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ կցելով շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը։

15. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից դիմումը մերժվում է, եթե՝

1) շահառուն չունի սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրական վարկային պատմություն.

2) պահանջվող բյուջետային երաշխիքի գումարի չափը գերազանցում է ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50 %-ը կամ 2025 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը.

3) դիմումատուի կողմից սույն կարգի 13-րդ կետով նախատեսված ժամկետում սույն կարգի պահանջներին համապատասխան լրամշակված դիմում չներկայացնելու դեպքում։

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

16. Շահառուի կողմից հայցվող վարկի գծով ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարը չբավարարող մասի համար բյուջետային երաշխիք տրամադրելու մասին միջնորդությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն և՝

1) միջնորդությունը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում այն գրությամբ վերադարձնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ նշելով միջնորդությունը մերժելու պատճառները.

2) միջնորդությունը հիմնավոր ճանաչելու դեպքում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է բյուջետային երաշխիքի տրամադրման մասին պայմանագիր և վերջինիս տրամադրում թողարկված բյուջետային երաշխիքի բնօրինակը՝ դրա մասին ծանուցելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

(16-րդ կետը փոփ. 21.05.26 N 683-Լ)

17. Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություն շահառուից՝ առկա վարկային պարտավորությունների կառուցվածքի վերաբերյալ։

18. Միջնորդությունը մերժվում է, եթե սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չեն, կամ դրանցում նշված տվյալները չեն համապատասխանում սույն կարգով նախատեսված պահանջներին:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

………………………………………………………...............………………………….........-ԻՑ

(նշել կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՐԱՎԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՉԲԱՎԱՐԱՐՈՂ ՄԱՍԻ ՉԱՓՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ................................................................................……………………...............-ին

(նշել կազմակերպության անվանումը)

խաղող վերամշակող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակներում

..........................................................-ից ............................. (...........................................) դրամ

(նշել ֆինանսական կառույցի անվանումը) (նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)

վարկի ներգրավման նպատակով գրավի ապահովման չբավարարող

.............................(..............................) դրամի չափով տրամադրել բյուջետային երաշխիք։

(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)

 

Առդիր …. էջ։

 

Ստորագրող    

....................................
         (պաշտոնը)

 

...........................................

(անունը, ազգանունը)

.................................

      (ստորագրությունը)

   

..... ..................... 20․․․․թ.

Կ.Տ.

   

 

Ձև N 2

 

Տեղեկություն ............................................................ տնտեսական գործունեության մասին

                           (նշել կազմակերպության անվանումը)

 

NN

ը/կ

1

2

3

 

Ցուցանիշը

2024 թվական

2025 թվական

1.

Արտադրանք (մլն դրամ)

   

2.

Իրացում (մլն դրամ)

   

3.

Արտահանում (մլն դրամ)

   

4.

Արտահանման երկրներ

   

5.

ԱԱՀ (մլն դրամ)

   

6.

Շահութահարկ (մլն դրամ)

   

7.

Եկամտային հարկ (մլն դրամ)

   

8.

Այլ հարկեր և տուրքեր (մլն դրամ)

   

 

Սույն կարգի N 1 ձևի դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ առկա պարտավորությունները (առկայության դեպքում) կազմում են ................. մլն դրամ, որից՝ աշխատավարձի կամ դրան հավասարեցված վճարումների գծով՝ ...................... մլն դրամ, իսկ պետական կամ համայնքի բյուջե հարկերի և պարտադիր վճարումների գծով՝ ..................... մլն դրամ։

 

Ստորագրող    

....................................
         (պաշտոնը)

 

...........................................

(անունը, ազգանունը)

.................................

      (ստորագրությունը)

   

..... ..................... 20․․․․թ.

Կ.Տ.

   

(հավելվածը խմբ., փոփ. 21.05.26 N 683-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ