ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.05.2026
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» մայիսի 2026 թ․

ԹԻՎ 7-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել ոստիկանության ծառայողի նկատմամբ անցկացվող ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը աջակցող մասնագետի ընտրությանը ներկայացվող չափանիշները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Ա. Սարգսյան

 

«20» մայիսի 2026 թ.

ք․ Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2026 թվականի մայիսի 20-ի

թիվ 7-Ն հրամանի

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1․ Ոստիկանության ծառայողի նկատմամբ անցկացվող ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը աջակցող մասնագետը կարող է ներգրավվել ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը, եթե`

1) ունի համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ աշխատանքային փորձ այն ոլորտում, որի շրջանակներում նախատեսվում է նրա ներգրավումը․

2) անկախ և անաչառ է, չունի անձնական, ծառայողական կամ այլ շահագրգռվածություն ծառայողական քննության կամ ուսումնասիրության արդյունքի նկատմամբ․

3) նրա և ծառայողական քննության մասնակիցների կամ ուսումնասիրությանը ներգրավված անձանց միջև առկա չէ շահերի բախում․

4) ունի բարեվարք վարքագիծ և անբասիր մասնագիտական հեղինակություն․

5) ունակ է ներկայացնել հիմնավորված և փաստարկված խորհրդատվություն, այդ թվում՝ գրավոր․

6) ունի պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն՝ նման տեղեկություններին առնչվող աշխատանքներին ներգրավվելու դեպքում։

2․ Սույն հավելվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված չափանիշներին համապատասխանությունը հաստատելու համար ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը ներգրավվող մասնագետը պետք է ներկայացնի համապատասխանաբար կրթության, ունակության, հմտության կամ աշխատանքային փորձի վերաբերյալ փաստաթղթեր, իր անկախության, անաչառության ու շահերի բախման բացակայության վերաբերյալ գրավոր հավաստում, ինչպես նաև` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն ունենալու վերաբերյալ փաստաթուղթ՝ նման տեղեկություններին առնչվող աշխատանքներին ներգրավվելու դեպքում։

3․ Մասնագետը նախազգուշացվում է օրենքով պահպանվող տեղեկությունների ապօրինի հրապարակման համար նախատեսված պատասխանատվության մասին, որի վերաբերյալ նրանից վերցվում է ստորագրություն։

4. Եթե ծառայողական քննության կամ ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս մասնագետի անկախությունը, անաչառությունը կամ շահերի բախման բացակայությունը կասկածի տակ դնող հանգամանքներ, ապա ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն անցկացվող անձի որոշմամբ դադարեցվում է մասնագետի ներգրավումը ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: