ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 690-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2026 թվականի N 690-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1238-Լ որոշման հավելվածի 9-րդ կետը և 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Արարատ Շահումյան փողոց 62 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան հ. 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի կազմից առանձնացվող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Արարատ Շահումյան փողոց 62/4 հասցեում գտնվող, 6.2 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված, սեփականություն հանդիսացող 1.09260 հեկտար մակերեսով հողամասը (հիմք ընդունել տարածքի չափագրման արդյունքների տվյալները) (այսուհետ՝ գույք 1) հետ վերցնել կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով:

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի չափագրման, առանձնացման և որպես առանձին գույքային միավորների գրանցման աշխատանքները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված տվյալները, ապահովել կազմակերպության հետ 2018 թվականի նոյեմբերի 13-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 210/0018 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագրի) կնքումը՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ու կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել 1-ին կետում նշված գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքները: Գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնել նախարարության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) համապատասխան փաստաթղթերի փաթեթը (մարզադահլիճի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն, գույքի չափագրում և այլն) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից նախարարություն ներկայացվելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սպորտային համալիրի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սպորտային համալիրի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով նախարարության հաշվեկշռում.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո ներկայացնել առաջարկություն սպորտային համալիրը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ:

5. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արարատ համայնքի Խ. Աբովյան փողոցի 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող 0.17608 հեկտար (այսուհետ՝ գույք 2, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 11032026-03-0051, 003-002-0003-0173 կադաստրային ծածկագիր) մակերեսով հողամասի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և գույք 2-ն ամրացնել նախարարությանը՝ սպորտային համալիրի ավտոկայանատեղի կառուցման նպատակով։

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 5-րդ կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի միջոցների հաշվին:

7. Նախարարությանն ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Արարատ Շահումյան փողոց 62/2 հասցեում գտնվող, 150.4 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված, սեփականություն հանդիսացող 0.12399 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 07082025-03-0037 վկայական) (այսուհետ՝ գույք 3) հետ վերցնել նախարարությունից և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքին՝ իր միջոցների հաշվին նոր մարզադպրոց կառուցելու նպատակով։

8. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել գույք 3-ի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ նվիրաբերության պայմանի խախտման հիմքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողի կողմից գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն:

9. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 8-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

21.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան