ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 240-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
Հրազդան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
11.12.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
11.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2025 թվականի N 240-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ, 85-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2026 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարին՝ 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել ավագանու որոշմանը չհակասող վերաբաշխումներ՝ բյուջեի 15 տոկոսի չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

11 դեկտեմբերի 2025 թ.

ք. Հրազդան

 

 

 

 

Հավելված

Հրազդան համայնքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 11-ի

N 240-Ն որոշման

(հավելվածը խմբ. 15.01.26 N 12-Ն, 10.02.26 N 25-Ն, 10.03.26 N 62-Ն, 09.04.26 N 99-Ն, 12.05.26 N 131-Ն)

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

Հրազդան համայնքի 2026 թվականի բյուջեն մշակվել և կազմվել է համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման և 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերով:

Համայնքի գործունեության նպատակը համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավումն է՝ բյուջետային գործընթացի լավ կազմակերպման, բյուջեի մուտքերի հավաքագրման միջոցով:

Համայնքի 2026 թվականի բյուջետային քաղաքականության իրականացման համար հիմք են հանդիսացել եկամուտների հավաքագրման ցուցանիշների համեմատական վերլուծությունը, նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաստատված և հաշվարկային ցուցանիշները, իրականացվող ծրագրերի շարունակականությունը,նոր ծրագրերի իրականացման լուծումները և միջոցները:

 Բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝ բարձրացնել համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը, բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ վերանայելով անշարժ գույքի միասնական հարկի բազան, բարձրացնել սեփական եկամուտների հավաքագրման և ծախսերի արդյունավետ կառավարման մակարդակը, իրականացնել մշակութային և երիտասարդական միջոցառումներ՝ աշխուժացնելով համայնքի բնակիչների մշակութային, ստեղծագործական, սպորտային և հասարակական կյանքը, կազմակերպել սոցիալական տարաբնույթ ծրագրեր, բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակն ու որակը, կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, ճանապարհային տնտեսության,արտաքին լուսավորության համակարգի ընդլայնման, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման,վերապատրաստումների, մանկապարտեզների նոր շենքերի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման միջոցով կրթության որակի բարձրացման, բնակելի թաղամասերում կոյուղագծերի,հեղեղատարների մաքրման,վերանորոգման ուղղություններով:

Համայնքի 2026 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը,Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածների խնդիրների առավել խորը ուսումնասիրմանը և հնարավոր լուծումներ տալուն, շրջակա միջավայրի պահպանմանը, զբոսաշրջության, արդյունաբերության զարգացմանը, համայնքի հարմարավետ և բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, համայնքային ներդրումների և բարեգործությունների արդյունավետության բարձրացմանը,արդեն մշակութային համայնք դարձած մշակութային օջախների շենքերի պայմանների առավել բարելավմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:

Ես դիմում եմ Հրազդան համայնքի գործարարներին,բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ և սրտացավ մոտեցում ցուցաբերելու համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների ձևավորման,հավաքագրման, դրանց նպատակային, հասցեական և արդյունավետ օգտագործման՝ բյուջեի կատարման և վերահսկման աշխատանքներում,որոնց արդյունքում կապրենք ավելի բարեկարգ,խաղաղ և ապահով հայրենիքում :

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան