ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2025 թվականի N 240-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ, 85-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2026 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարին՝ 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել ավագանու որոշմանը չհակասող վերաբաշխումներ՝ բյուջեի 15 տոկոսի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
|
11 դեկտեմբերի 2025 թ. ք. Հրազդան |
(հավելվածը խմբ. 15.01.26 N 12-Ն, 10.02.26 N 25-Ն, 10.03.26 N 62-Ն, 09.04.26 N 99-Ն, 12.05.26 N 131-Ն)
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
Հրազդան համայնքի 2026 թվականի բյուջեն մշակվել և կազմվել է համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման և 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերով:
Համայնքի գործունեության նպատակը համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավումն է՝ բյուջետային գործընթացի լավ կազմակերպման, բյուջեի մուտքերի հավաքագրման միջոցով:
Համայնքի 2026 թվականի բյուջետային քաղաքականության իրականացման համար հիմք են հանդիսացել եկամուտների հավաքագրման ցուցանիշների համեմատական վերլուծությունը, նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաստատված և հաշվարկային ցուցանիշները, իրականացվող ծրագրերի շարունակականությունը,նոր ծրագրերի իրականացման լուծումները և միջոցները:
Բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝ բարձրացնել համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը, բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ վերանայելով անշարժ գույքի միասնական հարկի բազան, բարձրացնել սեփական եկամուտների հավաքագրման և ծախսերի արդյունավետ կառավարման մակարդակը, իրականացնել մշակութային և երիտասարդական միջոցառումներ՝ աշխուժացնելով համայնքի բնակիչների մշակութային, ստեղծագործական, սպորտային և հասարակական կյանքը, կազմակերպել սոցիալական տարաբնույթ ծրագրեր, բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակն ու որակը, կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, ճանապարհային տնտեսության,արտաքին լուսավորության համակարգի ընդլայնման, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման,վերապատրաստումների, մանկապարտեզների նոր շենքերի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման միջոցով կրթության որակի բարձրացման, բնակելի թաղամասերում կոյուղագծերի,հեղեղատարների մաքրման,վերանորոգման ուղղություններով:
Համայնքի 2026 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը,Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածների խնդիրների առավել խորը ուսումնասիրմանը և հնարավոր լուծումներ տալուն, շրջակա միջավայրի պահպանմանը, զբոսաշրջության, արդյունաբերության զարգացմանը, համայնքի հարմարավետ և բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, համայնքային ներդրումների և բարեգործությունների արդյունավետության բարձրացմանը,արդեն մշակութային համայնք դարձած մշակութային օջախների շենքերի պայմանների առավել բարելավմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:
Ես դիմում եմ Հրազդան համայնքի գործարարներին,բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ և սրտացավ մոտեցում ցուցաբերելու համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների ձևավորման,հավաքագրման, դրանց նպատակային, հասցեական և արդյունավետ օգտագործման՝ բյուջեի կատարման և վերահսկման աշխատանքներում,որոնց արդյունքում կապրենք ավելի բարեկարգ,խաղաղ և ապահով հայրենիքում :
|
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: