ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 672-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2026 թվականի N 672-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 17.5-րդ մասը և 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը հաստատելու մասին» N 175-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը հաստատելու և կապիտալ ծախսերի առանձին տեսակների նկատմամբ կիրառելի լրացուցիչ պահանջները սահմանելու մասին».

2) որոշման նախաբանը «10-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը» բառերից հետո լրացնել «, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 17.5-րդ մասը և 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը» բառերով.

3) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով՝

«2. Սահմանել կապիտալ ծախսերի առանձին տեսակների նկատմամբ կիրառելի լրացուցիչ պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:».

4) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով` համաձայն հավելվածի.

5) սահմանել, որ որոշման N 2 հավելվածով սահմանված պահանջները չեն տարածվում այն կապիտալ ծախսերի վրա, որոնք սույն հավելվածի ուժի մեջ մտնելու պահին մեկնարկել են (առկա է կնքված պայմանագիր, հայտարարված մրցույթ, այդ թվում՝ պայմանով), իսկ շինարարական աշխատանքների դեպքում առկա են դրական փորձագիտական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերը կամ տեղակապման նախագծման աշխատանքների կատարումը նախատեսող կապալառուի հետ կնքված գնման պայմանագիր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

15.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 14-ի N 672-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 175-Ն որոշման

 

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի (այսուհետ՝ նաև կապիտալ ծախսեր) առանձին տեսակների նկատմամբ կիրառելի լրացուցիչ պահանջները, որոնց վրա չի տարածվում սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգը:

2. Սույն հավելվածում օգտագործվող և սույն կետով չնախատեսված հասկացությունները գործածվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված իմաստով, եթե այլ բան չի բխում համապատասխան նորմի բովանդակությունից։ Սույն հավելվածի իմաստով ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝

1) կապիտալ ծախսեր՝ պետական բյուջեի շրջանակում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են ոչ ֆինանսական ակտիվների ստեղծմանը (ձեռքբերմանը) կամ գոյություն ունեցող ոչ ֆինանսական ակտիվների արժեքի ավելացմանը.

2) նպատակային ծրագիր՝ կապիտալ ծախսերի հաշվարկման համար հիմք հանդիսացող ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող փաստաթուղթ, որն ուղղված է որևէ կոնկրետ խնդրի լուծմանը և նպատակի իրականացմանը, որն ունի հստակ ժամկետ և ուղղակի արդյունք(ներ).

3) հայտատու մարմին՝ ոլորտի քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական կառավարման մարմին, որն իրավասու է ներկայացնելու կապիտալ ծախսերի գծով բյուջետային հայտ.

4) կապիտալ ծախսերի գծով բյուջետային հայտ՝ առաջիկա տարվա բյուջետային հայտով ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման կամ գոյություն ունեցող ոչ ֆինանսական ակտիվի արժեքի ավելացման նպատակով մշակված ծախսերի նկարագիր և նախնական տնտեսական վերլուծություն, որը հայտատու մարմնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ՝ ֆինանսների նախարարություն).

5) էլեկտրոնային HDM-4 տնտեսագիտական վերլուծությունների մոդել՝ Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ մշակված՝ ավտոճանապարհների զարգացման և կառավարման միջազգային ծրագրային մոդել (չի ներառում նոր կառուցվող ճանապարհները):

 

2. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

3. Սույն հավելվածի շրջանակում սահմանվում են պետական բյուջեում ներառվող կապիտալ ծախսերի հետևյալ տեսակները՝

1) մինչև մեկ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝

ա. կառուցման, վերակառուցման, կապիտալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների (այսուհետ՝ շինարարական աշխատանքներ)՝ ներառյալ նախագծահետազոտական ծախսեր, շենքերի, շինությունների, մեքենաների և սարքավորումների, այլ հիմնական միջոցների, պաշարների, բարձրարժեք և չարտադրված ակտիվների գծով ծախսեր.

բ. օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում նախատեսվող կապիտալ ծախսեր.

2) կապիտալ ծախսեր, որոնք ունեն պարբերական բնույթ և ուղղված են հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվի ներկա վիճակի պահպանմանը կամ գոյություն ունեցող մաշված ակտիվի փոխարինմանը.

3) վարչական բնույթի կապիտալ ծախսեր (այն ծախսերը, որոնք ուղղված են տվյալ մարմնի ընդհանուր ղեկավարման, համակարգման և ներքին գործառույթների իրականացմանը և անհրաժեշտ են տվյալ մարմնի ինստիտուցիոնալ և գործառնական կարողությունների պահպանման համար).

4) հրատապ կապիտալ ծախսեր (այդ թվում՝ բնական և (կամ) տեխնածին աղետներին, արտակարգ և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման նպատակով իրականացվող կապիտալ ծախսեր).

5) գաղտնիք պարունակող կապիտալ ծախսեր (այդ թվում՝ պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներին առնչվող).

6) բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից և ռազմավարական նպատակներից ուղղակիորեն բխող ծրագրեր: Ընդ որում` սույն ենթակետը կիրառելի է միայն մինչև 2028 թվականի պետական բյուջեում ներառման ենթակա հանրային ներդրումային ծրագրերի նկատմամբ:

 

3. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում հայտատու մարմինը կապիտալ ծախսերի գծով հայտը (այսուհետ՝ հայտ) ներառում է ֆինանսների նախարարություն ներկայացվող բյուջետային ընդհանուր հայտում:

5. Կապիտալ ծախսերի գծով ֆինանսների նախարարություն ներկայացվող հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝

1) կապիտալ ծախսի իրականացման անհրաժեշտության հիմնավորումները.

2) կապը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի, ռազմավարական և նպատակային ծրագրերի հետ: Առանձին նպատակային ծրագրի բացակայության դեպքում բյուջետային ծրագիրը կարող է դիտարկվել որպես նպատակային ծրագիր.

3) գնագոյացման վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները.

4) ֆինանսավորման աղբյուրները (ներքին, արտաքին): Արտաքին աղբյուրի դեպքում հայտում ներկայացվում է մանրամասն տեղեկատվություն համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետի.

5) բազմամյա ծախսերի դեպքում ծախսերի՝ ըստ տարիների բաշխվածությունը.

6) ոչ ֆինանսական ակտիվի ձեռքբերման կամ կառուցման դեպքում, բացառությամբ վարչական բնույթի կապիտալ ծախսերի, հանրությանը մատուցվող ծառայությունների կամ պետական, հասարակական անվտանգության վրա ակտիվի ազդեցության նկարագրությունը.

7) ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշները.

8) կապիտալ ծախսի իրականացման և հետագա շահագործման համար լրացուցիչ ընթացիկ ծախսերի հաշվարկը՝ նման ծախս առաջանալու դեպքում:

 

4. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Ֆինանսների նախարարություն ներկայացվող հայտը, սույն հավելվածի 5-րդ կետով նշված տեղեկատվությունից բացի, կապիտալ ծախսերի առանձին տեսակների գծով պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝

1) շինարարական աշխատանքների դեպքում՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, դրական փորձագիտական եզրակացություն ստացած (անհրաժեշտության դեպքում նաև շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությունը) նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը, որը ներառում է նաև տեխնիկական և հեղինակային հսկողությունների ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարները.

2) ճանապարհային ցանցի պարբերական և տեղայնացված բնույթ կրող և նախագծային լուծում պահանջող ճանապարհաշինական աշխատանքների (ճանապարհի վերակառուցում, հիմնանորոգում, միջին նորոգում (նորոգում) համար՝ բազմաչափանիշային վերլուծության հիման վրա գնահատված առաջնահերթության հիմնավորումները, մասնավորապես՝

ա. միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առաջնահերթությունների որոշման համար հիմք հանդիսացած՝ էլեկտրոնային HDM-4 տնտեսագիտական վերլուծությունների մոդելի կիրառման միջոցով ճանապարհը որպես առաջնահերթ դիտարկելու գնահատումների վերաբերյալ տվյալները՝ տնտեսական արդյունավետությունը (ծրագրի իրականացման ծախսերի և արդյունքում տրանսպորտային միջոցների շահագործման ծախսերի և ժամանակի խնայողությունների հետ հաշվարկը, ներքին շահութաբերության նորման (EIRR) կամ ներդրումների և օգուտների զուտ ներկա արժեքի վերլուծությունը), այլընտրանքային ճանապարհի առկայությունը, ճանապարհի ինտենսիվությունը,

բ. մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առաջնահերթությունների որոշման համար հիմք հանդիսացած՝ տվյալ մարզի աղքատության մակարդակի տվյալները, մարզում ճանապարհահատվածի վիճակի «վատ» գնահատական ունեցող մարզային (տեղական) ճանապարհների տվյալներն ու մարզում վիճակի «վատ» գնահատական ունեցող մարզային ճանապարհների կշիռը մարզային ճանապարհային ցանցում, մարզում տվյալ բնակավայրին կապող այլընտրանքային ճանապարհի առկայության, ինչպես նաև տվյալ մարզային (տեղական) ճանապարհի ինտենսիվության վերաբերյալ տեղեկատվությունը.

3) թվայնացման ոլորտի ոչ ֆինանսական ակտիվ ձեռք բերելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի N 81-Ա որոշմամբ ստեղծված Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի հավանությունը, եթե առաջարկվող ծրագիրը բավարարում է սույն կետում նշված որոշման 1-ին կետով թվարկված ուղղությունները.

4) վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակում՝

ա. կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագիր կամ պայմանագիր,

բ. կնքված համաձայնագրի կամ պայմանագրի շրջանակում իրականացված ծախսերի, պլանավորված գումարների, մնացորդի վերաբերյալ տեղեկություններ,

գ. կապիտալ ծախսերի ընթացքի և կանխատեսումների վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներն՝ ըստ ծրագրերի բաղադրիչների.

5) վարչական բնույթի կապիտալ ծախսերի դեպքում դրանց չիրականացման հետևանքով առաջացող խնդիրները.

6) հրատապ ծախսերի դեպքում՝ ծախսի իրականացման հրատապության հիմքերը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային արձագանքման նպատակով նախատեսվող ծախսերի դեպքում՝

ա. արտակարգ իրավիճակի իրավական հիմքի (հայտարարված արտակարգ իրավիճակի, ճգնաժամային գնահատման) առկայությունը,

բ. շինարարական կամ տեխնիկական լուծումների արագացված ընթացակարգերի նախանշումը՝ շտապ իրականացման պահանջներին համապատասխան,

գ. ֆինանսական և նյութատեխնիկական միջոցների առաջնահերթ հատկացումների վերաբերյալ ժամանակացույցը:

7. Հայտերի վերաբերյալ մանրամասները ներկայացվում են ֆինանսների նախարարության կողմից կազմված ամենամյա՝ պետական մարմինների հայտերի կազմման և ներկայացման մեթոդական ցուցումներում (այսուհետ՝ մեթոդական ցուցումներ):

 

5. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. Ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում իրականացնում է հայտատու մարմինների կողմից ստացված հայտերի նախնական և ամբողջական ուսումնասիրություն.

1) նախնական ուսումնասիրության փուլը ներառում է հետևյալ քայլերը՝

ա. հայտի՝ սույն հավելվածով և մեթոդական ցուցումներով պահանջվող տեղեկատվության առկայության ստուգում,

բ. նմանատիպ ծախսային կրկնությունների բացառում,

գ. հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի կիրառելիությունը.

2) ամբողջական ուսումնասիրության փուլը ներառում է հետևյալ քայլերը՝

ա. հայտատու մարմնի կողմից ներկայացված ծախսերի համապատասխանությունը միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի սահմանաչափին,

բ. վարկային միջոցների ներգրավման դեպքում պետական պարտքի ցուցանիշների վրա ազդեցության նախնական գնահատում,

գ. ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների առկայությունը, դրանց հստակ, չափելի, ստուգելի, համապարփակ և վերահսկելի լինելու աստիճանը: Պետական, հասարակական անվտանգության ապահովման տեսանկյունից, սույն ենթակետով նախատեսված ցուցանիշների տրամադրման ոչ նպատակահարմար լինելու դեպքում՝ վերջինիս հիմնավորումները,

դ. ծախսերի առաջնահերթության գնահատականը՝ հիմք ընդունելով ֆինանսների նախարարության կողմից մեթոդական ցուցումներում ներառված՝ բյուջետային միջոցառումների առաջնահերթությունների գնահատման մեթոդական ուղեցույցը:

9. Սույն հավելվածի 8-րդ կետով իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտում բացահայտված թերությունների մասին տեղեկատվությունը ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցում է հայտատու մարմին՝ հայտը լրամշակելու նպատակով:

10. Սույն հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում վերանայված հայտերը ներառվում են տվյալ տարվա համար կազմվող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայություններից և տվյալ տարվա ֆիսկալ հնարավորություններից:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


15.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2026 թվական: