ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ԿԻՎԻՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17997/16 և 73070/16
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 15.05.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.04.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԿԻՎԻՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատներ թիվ 17997/16 և 73070/16)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

9 ապրիլի 2026թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Կիվիրյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici]՝ Նախագահ,

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],

Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով`

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Արգիշտի Կիվիրյանի (դիմումատու)՝ ծնված 1977 թվականին Երևանում, որին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ տկն Լ. Սահակյանը և պրն Ե. Վարոսյանը, 2016 թվականի մարտի 23-ին և նոյեմբերի 3-ին Դատարան ներկայացրած գանգատներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության,

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և 10-րդ ու 11-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքների մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որը ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, այնուհետև՝ պրն Կ. Անդրեասյանը, ծանուցելու և թիվ 17997/16 գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2026 թվականի մարտի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է երկու տարբեր ցույցերի ընթացքում դիմումատուի ձերբակալություններին, և այդ դեպքերի ընթացքում նրա վարքագծի առնչությամբ հետագայում հարուցված վարչական վարույթին։ Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի, 10-րդ և 11-րդ հոդվածների վրա։

 

I. գանգատ թիվ 17997/16

 

2. 2014 թվականի ապրիլի 4-ին դիմումատուն մասնակցել է Գլխավոր դատախազության դիմացի մայթին կազմակերպված փոքր բողոքի ակցիային։ Գրասենյակի հարակից մայթին բողոքի ցույց անցկացնելու փորձ կատարած ցուցարարի ձերբակալությունից հետո դիմումատուն փողոցն անցել ու հասել է այդ մայթ և խնդրել է ոստիկաններին բացատրել այդ վայրում ցույցն արգելելու իրավական հիմքը։ Ոստիկաններից մեկը նշել է, որ դա հակասում է «Հավաքների ազատության մասին» օրենքին և Սահմանադրությանը, ինչը թույլ է տալիս սահմանափակումներ կիրառել այլոց իրավունքների պաշտպանության համար։ Այնուհետև Ոստիկանությունը կարգադրել է դիմումատուին անցնել փողոցի մյուս կողմը։ Դիմումատուն հրաժարվել է ենթարկվել և ձերբակալվել է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ինչը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (Օրենսգիրք) 182-րդ հոդվածի համաձայն համարվում է վարչական իրավախախտում։ Ամբողջ միջադեպը տևել է մոտ երեք րոպե։

3. Ներպետական դատարանների հետագա եզրակացությունների համաձայն՝ դիմումատուի ձերբակալությունը հիմնավորված էր Օրենսգրքի 258-րդ և 259-րդ հոդվածներով։ Նշված դրույթներով համապատասխանաբար թույլատրվում է անձին անազատության մեջ պահել մինչև մեկ ժամ՝ ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելու և մինչև երեք ժամ՝ վարչական կալանքի ենթարկելու համար, երկուսն էլ, inter alia (ի թիվս այլնի), վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե այն հնարավոր չէ կազմել իրավախախտման հայտնաբերման վայրում (տե՛ս Իշխանյանն ընդդեմ Հայաստանի [Ishkhanyan v. Armenia], թիվ 5297/16, §§ 59-60, 2025 թվականի փետրվարի 13):

4. Հետագայում Ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով տուգանք նշանակել դիմումատուի նկատմամբ՝ Օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն։ Դիմումատուն հակընդդեմ հայց է ներկայացրել Ոստիկանության դեմ՝ վիճարկելով ինչպես Ոստիկանության պահանջի օրինականությունը, այնպես էլ իր ձերբակալությունը։

5. Վարչական դատարանը բավարարել է Ոստիկանության պահանջը՝ դիմումատուի նկատմամբ նշանակելով 50 000 ՀՀ դրամի չափով տուգանք (ՀՀ դրամ՝ տվյալ ժամանակահատվածում մոտ 90 եվրո), և մերժել է դիմումատուի հակընդդեմ հայցը։ Այն նշել է, որ 182-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության պահանջի օրինականությունն ուղղակիորեն կախված էր այն հանգամանքից, թե արդյոք անհատի վարքագիծը հասարակական կարգի խախտում է։ Դատարանը վիճարկվող պահանջը համարել է օրինական, քանի որ Ոստիկանությունն ուներ Գլխավոր դատախազության գրասենյակը պաշտպանելու պարտականություն, և գլխավոր մուտքի մոտ բողոքի ցույցը կխաթարեր դրա բնականոն գործունեությունը, այդ թվում՝ աշխատակազմի մուտքը՝ շենք։ Դիմումատուն չի կարողացել հավասարակշռել հավաքների ազատության իր իրավունքը հասարակական կարգի նկատմամբ հարգանքի հետ։ Նրա վարքագիծը հավասարազոր է եղել հասարակական կարգի խախտմանը և սոցիալական նորմերի նկատմամբ արհամարհանքին, ինչպես նաև բարոյական և վարքագծի ընդունված չափանիշների նկատմամբ ակնհայտ արհամարհանքին։ Դեպքի վայրում քաոսային իրավիճակով պայմանավորված՝ անհնար էր տեղում կազմել իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ուստի այդ նպատակով դիմումատուն բերման էր ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Նրան Ոստիկանությունում կալանքի տակ պահելը համապատասխանում էր Օրենսգրքի 258-րդ և 259-րդ հոդվածներին։

6. Այդ վճիռը վերաքննիչ բողոքով թողնվել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշումը դիմումատուին հանձնվել է 2015 թվականի սեպտեմբերի 23-ին։

 

II. գանգատ թիվ 73070/16

 

7. 2013 թվականի օգոստոսի 1-ին դիմումատուն մասնակցել է Երևանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված բողոքի ցույցին։ Բողոքի ցույցի մեկնարկից առաջ և շոգ եղանակով պայմանավորված՝ դիմումատուն հայտարարել է վրան տեղադրելու իր մտադրության մասին՝ ցույցին իր մասնակցությունն ապահովելու նպատակով։ Դեպքի վայրում ներկա ոստիկանության ծառայողը նրան տեղեկացրել է, որ դա անելու համար իրեն անհրաժեշտ է պաշտոնական թույլտվություն, քանի որ այդ վարքագծով խախտվում են Օրենսգրքով սահմանված հանրային վայրերի օգտագործման կանոնները։ Դիմումատուն պնդել է, որ վրան տեղադրելն արգելված չէ, և հիմնվելով այդ համոզմունքի վրա՝ սկսել է վրան տեղադրել շենքի գլխավոր մուտքին հարակից սիզամարգի վրա։ Կարճ ժամանակ անց նա ձերբակալվել է Օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։ Ներպետական դատարանների հետագա եզրակացությունների համաձայն՝ դիմումատուի ձերբակալությունը հիմնավորված էր Օրենսգրքի 258-րդ և 259-րդ հոդվածներով։ Նրան ազատ են արձակել մի քանի ժամ անց։

8. Ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով տուգանք նշանակել դիմումատուի նկատմամբ՝ Օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն։ Դիմումատուն հակընդդեմ հայց է ներկայացրել Ոստիկանության դեմ՝ բողոքարկելով մասնավորապես, որ իր ձերբակալությունն անհրաժեշտ չի եղել։

9. Վարչական դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել 182-րդ հոդվածի համաձայն և նրա նկատմամբ նշանակել տուգանք՝ 50 000 ՀՀ դրամի չափով՝ վճռելով, որ Ոստիկանության գործողությունները եղել են օրինական։

10. Վերաքննիչ վարչական դատարանը մասամբ բավարարել է դիմումատուի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրան անազատության մեջ պահելու ընդհանուր ժամանակը, այդ թվում՝ ոստիկանական մեքենայում, գերազանցել էր վարչական կալանքի համար նախատեսված համապատասխան երեք ժամը, և հետևաբար մասամբ հակաօրինական էր։ Այն նաև վճռել է, որ իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո դիմումատուի շարունակվող ձերբականությունն անօրինական էր նույնիսկ ժամկետը լրանալուց առաջ։ Սակայն այն վճռել է, որ Ոստիկանությունն օրինական կերպով պահանջել էր նրան չտեղադրել վրանը, և որ Օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն՝ նրանք տեղում իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու հայեցողություն ունեին՝ բողոքի ցույցի ժամանակ ոչ պատշաճ պայմանների պատճառով, հետևաբար այդ նպատակով բողոքի ցույցից դիմումատուին հեռացնելն արդարացված էր։

11. 2016 թվականի մայիսի 4-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի ներկայացրած վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

12. 2021 թվականի հոկտեմբերի 8-ին առանձին վարույթների շրջանակում Վերաքննիչ վարչական դատարանը Ոստիկանությանը պարտավորեցրել է դիմումատուին տրամադրել 175 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում՝ այդ դատարանի կողմից սահմանված՝ նրա ազատության իրավունքի խախտման համար (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Հաշվի առնելով գանգատների քննության առարկաների համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է համարում դրանք համատեղ քննել մեկ վճռում։

14. Դատարանը նպատակահարմար է համարում դիմումատուի բողոքները քննել դրանց պատճառ դարձած իրադարձությունների ժամանակագրական հերթականությամբ։

 

II. Կառավարության նախնական առարկությունը

 

15. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի տեղեկացրել դատարանին Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված՝ իր ազատության իրավունքի խախտման համար փոխհատուցում ստանալու մասին (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը)։ Կառավարության պնդմամբ դիմումատուի վարքագիծը եղել է անհատական դիմումի իրավունքի չարաշահում: Այլ կերպ՝ այն պնդել է, որ դիմումատուն այլևս չի կարող պնդել, որ ինքը ենթադրյալ խախտման զոհ է։

16. Սակայն դիմումատուի՝ Դատարանում ներկայացրած բողոքի էությունն այն էր, որ նա որևէ իրավախախտում չի կատարել, և որ նրա ձերբակալությունն անհրաժեշտ չի եղել, քանի որ Ոստիկանությունը կարող էր տեղում կազմել իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ նրան ոստիկանական բաժանմունք բերման ենթարկելու փոխարեն։ Մյուս կողմից՝ Վերաքննիչ դատարանի կողմից խախտման ճանաչումը և դիմումատուին հետագա փոխհատուցումը վերաբերում էին այն փաստին, որ նրա ձերբակալությունը գերազանցել էր վարչական կալանքի համար նախատեսված երեքժամյա ժամկետը։ Հետևաբար այդ տեղեկությունը չի վերաբերում Դատարանում քննվող գործի էությանը։ Նույն պատճառով դիմումատուն չի կորցրել իր՝ զոհի կարգավիճակը։

17. Հետևաբար երկու առարկություններն էլ պետք է մերժվեն։

 

III.    ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

18. Հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա՝ դիմումատուն բողոքարկել է, որ 2013 թվականի օգոստոսի 1-ին և 2014 թվականի ապրիլի 4-ին իր ազատությունից զրկումը եղել է անօրինական և կամայական։

19. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

20. 5-րդ հոդվածի 1-ին կետին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Ս.-ն, Վ-ն. և Ա.-ն ընդդեմ Դանիայի [ՄՊ] [S., V. and A. v. Denmark] [GC] գործում (թիվ 35553/12 և 2 այլ գործեր, §§ 73-77, 2018 թվականի հոկտեմբերի 22)։ Բավարար չէ, որ ազատության սահմանափակումը կիրառվի և իրականացվի ազգային օրենսդրությանը համապատասխան, այն պետք է նաև անհրաժեշտ լինի տվյալ հանգամանքներում (նույն տեղում, § 77):

21. 2013 թվականի օգոստոսի 1-ին և 2014 թվականի ապրիլի 4-ին դիմումատուին ազատությունից զրկելու նպատակն էր նրան վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով համապատասխան իրավապահ մարմին ներկայացնելը, և հետևաբար համապատասխանում էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի գործողության շրջանակին (համեմատել Բերկմանն ընդդեմ Ռուսաստանի գործը [Berkman v. Russia], թիվ 46712/15, § 36, 2020 թվականի դեկտեմբերի 1): Ներպետական իրավունքի համաձայն՝ միայն վարչական իրավախախտում կատարելը բավարար չէր նման միջոց կիրառելու համար. ազատությունից զրկումը պետք է անհրաժեշտ լիներ՝ համաձայն Օրենսգրքի 258-րդ և 259-րդ հոդվածների։

22. Ինչ վերաբերում է 2013 թվականի օգոստոսի 1-ի ձերբակալությանը, նույնիսկ եթե ենթադրենք, որ դիմումատուի կողմից չկատարված ոստիկանության ծառայողի պահանջն օրինական է եղել, ապա Դատարանը համոզված չէ, որ նրան Ոստիկանությունում կալանքի տակ պահելն անհրաժեշտ է եղել տվյալ հանգամանքներում։ Մասնավորապես, հաշվի առնելով, որ ցույցի ժամանակ ներկա են եղել մեծ թվով ոստիկաններ, ինչպես արձանագրվել է Դատարանին տրամադրված տեսագրություններում, կասկածելի է, որ նրանց խոչընդոտել են տեղում, կամ առնվազն դիմումատուին ոստիկանական մեքենա նստեցնելուց հետո կազմել են իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իշխանությունները չեն մեջբերել 258-րդ կամ 259-րդ հոդվածներով նախատեսված որևէ այլ հիմք՝ դիմումատուի՝ Ոստիկանությունում կալանքը հիմնավորելու համար: Համապատասխանաբար նրանք չեն կարողացել ցույց տալ, որ խափանման միջոցն անհրաժեշտ էր տվյալ հանգամանքներում։

23. Ինչ վերաբերում է 2014 թվականի ապրիլի 4-ի ձերբակալությանը, Ոստիկանությունը հիմնավորել է մասնավորապես Գլխավոր դատախազությանը հարակից մայթին բողոքի ցույց անցկացնելու իր պահանջի օրինականությունը՝ անորոշ կերպով հղում կատարելով «Հավաքների ազատության մասին» օրենքին և Սահմանադրությանը՝ առանց նշելու տվյալ վայրում բողոքի ցույց անցկացնելու որևէ իրական արգելք։ Ինչ վերաբերում է դատարաններին, չնայած որ նշվել է, որ Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել շենքի պաշտպանությունը, նրանք չեն նշել այնտեղ բողոքի ցույցեր անցկացնելու որևէ կոնկրետ կամ նույնիսկ ընդհանուր արգելք՝ համաձայն ներպետական ​​իրավունքի։ Հաշվի առնելով դիմումատուի ոչ բռնի վարքագիծը՝ նա չի սպառնացել շենքի բնականոն գործունեությանը։ Հետևաբար կասկածելի է, որ Ոստիկանությունը ձերբակալության պահին ունեցել է նրան վերագրվող իրավախախտում կատարելու առնչությամբ որևէ հիմնավոր կասկած (այսինքն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), քանի որ պահանջը զուրկ է եղել որևէ իրավական հիմքից։ Ամեն դեպքում դիմումատուին ձերբակալելու անհրաժեշտություն չի եղել։ Թեև դատարաններն արդարացրել են նրա ձերբակալության փաստը՝ վճռելով, որ դեպքի վայրում քաոսային իրավիճակն անհնար էր դարձրել տեղում իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեսանյութում անկարգության որևէ նշան չկա։ Դիմումատուն, լինելով Գլխավոր դատախազության հարակից մայթի միակ ցուցարարը, չէր կարող ողջամտորեն համարվել քաոսի աղբյուր։ Իշխանությունները որևէ լրացուցիչ հիմնավորում չեն ներկայացրել։

24. Վերոնշյալը բավարար է եզրակացնելու համար, որ երկու դեպքերում էլ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

25. Դիմումատուն բողոքել է, որ 2014 թվականի ապրիլի 4-ի ցույցի ժամանակ իրեն ձերբակալելով և տուգանելով՝ իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված իր իրավունքները։

26. Կառավարությունը պնդել է, որ 10-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը, ratione materiae (առարկայական իրավազորության առումով), անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ, քանի որ դիմումատուին ազատությունից զրկելը չի ազդել ցույցի նպատակի վրա, և նա չի պատժվել իր կարծիքը հայտնելու համար։

27. Դատարանն ընդգծել է, որ 11-րդ հոդվածով նախատեսված հավաքների ազատությունը սերտորեն կապված է 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության հետ, քանի որ վերջինով ապահովված անձնական կարծիքների պաշտպանությունը 11-րդ հոդվածով ամրագրված խաղաղ հավաքների ազատության նպատակներից մեկն է։ Համաձայն իր ձևավորված նախադեպային իրավունքի՝ ցույցի համատեքստում անձի ձերբակալման կամ դատապարտման վերաբերյալ բողոքը պետք է քննվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն այն հիմքով, որ 10-րդ հոդվածը պետք է դիտարկվի որպես lex generalis (ընդհանուր նորմ) 11-րդ հոդվածի համեմատ, որը lex specialis (հատուկ նորմ) է (տե՛ս Նավալնին ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Navalnyy v. Russia [GC], թիվ 29580/12 և 4 այլ գործեր § 101, 2018 թվականի նոյեմբերի 15, հաջորդող հղումների հետ միասին): Ուստի դատարանը մերժում է Կառավարության առարկությունները։ Միևնույն ժամանակ այն համարում է, որ դիմումատուի պահանջները պետք է քննվեն բացառապես Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն, որը մեկնաբանվում է, որտեղ դա նպատակահարմար է, 10-րդ հոդվածի լույսի ներքո (տե՛ս Կուդրևիչուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ][Kudrevičius and Others v. Lithuania] [GC], թիվ 37553/05, § 91, ՄԻԵԴ 2015)։

28. Այս բողոքն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով կամ անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

29. 11-րդ հոդվածին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են «Կուդրևիչուսը և այլք» գործում [Kudrevičius and Others] (հետագա հղումներով՝ մեջբերված վերևում):

30. Վիճարկվող միջոցառումները՝ դիմումատուի ձերբակալությունը և տուգանքի կիրառումը, նրա՝ հավաքների ազատության իրավունքի միջամտություն էին: Մնում է պարզել՝ արդյոք այն «նախատեսված էր օրենքով», հետապնդում էր «իրավաչափ նպատակներ» և արդյոք «ժողովրդավար հասարակությունում անհրաժեշտ» էր:

31. Նախ՝ դիմումատուի ձերբակալությունը նրան խանգարել է մասնակցել ցույցին: Արդեն նշված պատճառներով (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը) նման միջամտությունը նաև անօրինական էր 11-րդ հոդվածի առումով (համեմատեք Բերկմանի գործը, մեջբերված վերևում, § 60): Ավելին, հաշվի առնելով, որ դիմումատուի վարքագիծը հստակորեն բռնի բնույթ չէր կրում, ձերբակալման համար ներպետական մարմինների կողմից բերված պատճառները բավարար չէին նրան ցույցից հեռացնելն արդարացնելու համար։

32. Տուգանքի մասով, ինչպես նշվեց վերևում, դատարանները չեն նշել որևէ ներպետական դրույթ, որն արգելում է ցույցը Գլխավոր դատախազությանը հարակից մայթին։ Այն փաստը, որ Ոստիկանությունն ապահովել է շենքի պետական պաշտպանությունը, չի ենթադրում դրա մոտակայքում բողոքի ցույցեր անցկացնելու արգելք։ Այնտեղ դիմումատուի ներկայությունը չի խաթարել շենքի գործունեությունը, այդ թվում՝ անձնակազմի մուտքը, քանի որ նա այդ մայթեզրին միակ ցուցարարն էր և ներգրավված չէր որևէ խոչընդոտող կամ բռնի վարքագծի մեջ։ Դիմումատուին տուգանելով՝ իշխանությունները, ըստ էության, պատժել են նրան բողոքի ցույց անցկացնելու փորձի համար այնպիսի վայրում, որտեղ նման գործողությունն օրենքով արգելված չէր։ Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ նրան նշանակված տուգանքը նախատեսված էր օրենքով, քանի որ դիմումատուի ոչ բռնի վարքագիծը ցույցի ժամանակ արգելված չէր, և Ոստիկանության այն հրահանգը, որը նա չի կատարել, որևէ իրավական հիմք չուներ՝ ներպետական իրավունքի համաձայն։

33. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:

 

V. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

34. Թիվ 73070/16 գանգատում դիմումատուն նաև բողոքել է 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն, որ իր ձերբակալությունը և տուգանքի նշանակումը նպատակ են ունեցել պատժել իրեն՝ բողոքի ցույցին մասնակցելու համար։ Դատարանը քննել է թիվ 73070/16 գանգատն այս մասով և հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, և այնքանով, որքանով բողոքների հիմքում ընկած հարցերի քննությունն իր իրավասության սահմաններում է՝ գտնում է, որ կա՛մ դրանք չեն համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված ընդունելիության չափանիշներին, կա՛մ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ:

35. Այստեղից հետևում է, որ թիվ 73070/16 գանգատի այս մասը պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետի։

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

36. Դիմումատուն իր երկու գանգատների համար էլ պահանջել է ընդհանուր առմամբ 5 000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նա նաև պահանջել է ընդհանուր առմամբ 2 400 000 ՀՀ դրամ՝ որպես Դատարանում իր դատական ծախսերի փոխհատուցում, որը, ըստ նրա, համարժեք է 5 800 եվրոյի: Նա նյութական վնասի փոխհատուցման որևէ պահանջ չի ներկայացրել:

37. Կառավարությունը վիճարկել է նշված պահանջները:

38. Դատարանը, դիմումատուին շնորհում է 3 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։

39. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուին շնորհել 2 000 եվրո գումար՝ Դատարանում վարույթի ծախսերը ծածկելու համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Որոշում է միացնել գանգատները.

2. Հայտարարում է 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքները՝ դիմումատուի ձերբակալման օրինականության վերաբերյալ՝ երկու գանգատների մասով, և 11-րդ հոդվածի համաձայն ներկայացված պահանջը՝ թիվ 17997/16 գանգատի մասով, ընդունելի, իսկ թիվ 73070/16 գանգատի մնացած մասը՝ անընդունելի.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ երկու գանգատների մասով.

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում՝ թիվ 17997/16 գանգատի առնչությամբ.

5. Վճռում է, որ՝

ա)  պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 9-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Մարտինա Կելլեր՝

Ջիլբերտո Ֆելիչի՝

Քարտուղարի տեղակալ

Նախագահ