ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 54338/17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 15.05.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատ թիվ 54338/17

 

Վարդգես ԳԱՍՊԱՐԻՆ ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի ապրիլի 2-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Գեորգիոս Ա .Սերղիդես [Georgios A. Serghides]՝ Նախագահ,

Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],

Դիանա Սարկու [Diana Sârcu]՝ դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2017 թվականի հունիսի 29-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 54338/17) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 1957 թվականին ծնված, Երևանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Վարդգես Գասպարիի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Տ. Եգորյանը, տկն Լ. Հակոբյանը և պրն Դ. Գյուրջյանը,

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դատարանի մատչելիությունից ենթադրաբար զրկելու վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որը ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված դատավոր պրն Վահե Գրիգորյանին գործի քննությունից հեռացնելը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոնի 3-րդ կետ),

կողմերի դիտարկումները,

անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը․

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի մատչելիության իրավունքից ենթադրաբար զրկելուն` դատավարական ժամկետի ենթադրաբար չհիմնավորված կիրառման պատճառով` հարցը բարձրացնելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

2. 2016 թվականի մարտի 29-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանը (այսուհետ` Վարչական շրջանի դատարան) որոշում է կայացրել՝ դիմումատուի նկատմամբ նշանակելով 450 000 ՀՀ դրամի չափով (տվյալ պահին մոտավորապես 1000 եվրոյին համարժեք) տուգանք՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Դատարանը նշել է, որ դատարանի որոշումը կարող էր բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում, այն է` համապատասխան պահին գործող նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 379–րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` օրենքով սահմանված ժամկետում:

3. Որոշումը դիմումատուին հանձնվել է 2016 թվականի ապրիլի 4-ին:

4. 2016 թվականի մայիսի 4-ին դիմումատուն այդ որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան:

5. 2016 թվականի մայիսի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանը դիմումատուի բողոքն անընդունելի է ճանաչել ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով` սահմանելով, որ համապատասխան ժամկետը լրացել է 2016 թվականի ապրիլի 29-ին:

6. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական գործերով դատարան` անընդունելիության մասին որոշման դեմ, սակայն 2016 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանը նրա բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով: Նշված որոշումը դիմումատուին է հանձնվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին:

7. Դիմումատուն իր գանգատը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (Դատարան) 2017 թվականի հունիսի 29-ին:

8. Դատարանի քարտուղարության 2017 թվականի նոյեմբերի 3-ի գրությամբ դիմումատուին խնդրել են Դատարանին տեղյակ պահել գործի վերաբերյալ ցանկացած նշանակալի զարգացման վերաբերյալ։

9. Դատարանի քարտուղարությունը 2022 թվականի հունվարի 26-ի գրությամբ փորձել է դիմումատուից պարզել, թե արդյոք վերջինս ցանկանում է պահպանել իր գանգատը: Դիմումատուն 2022 թվականի մարտի 9-ի գրությամբ ներկայացված հարցին դրական պատասխան է տվել:

10. 2022 թվականի սեպտեմբերի 9-ին Բաժանմունքի նախագահը, որին մակագրված էր գործի քննությունը, որոշել է ծանուցել Հայաստանի կառավարությանը գանգատի մի մասի վերաբերյալ։

11. 2023 թվականի մարտի 28-ին ներկայացված դիտարկումներում Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին գործի վերաբերյալ նշանակալի նոր զարգացումների վերաբերյալ։ Մասնավորապես, 2017 թվականի հուլիսի 3-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով բողոքարկման ենթակա որոշման կայացման օրվանից բողոքարկման ժամկետի հաշվարկման սահմանադրականությունը: 2017 թվականի դեկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանը որոշել է, որ վիճարկվող դատավարական նորմերը դիմումատուի գործում կիրառվել են հակասահմանադրական ձևով, և որ նրա գործով կայացված անընդունելիության մասին որոշումը ենթակա է վերանայման: 2018 թվականի մարտի 12-ին դիմումատուն դիմել է Վճռաբեկ դատարան՝ իր գործը վերանայելու միջնորդությամբ՝ պնդելով, որ Սահմանադրական դատարանի որոշումը համարվում է նոր զարգացում: 2018 թվականի հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է դիմումատուի բողոքը՝ բեկանելով Վերաքննիչ քրեական դատարանի՝ անընդունելիության մասին որոշումը և գործն ուղարկել տվյալ դատարան՝ նոր քննության: 2018 թվականի հուլիսի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանը դիմումատուի բողոքն ընդունել է նոր քննության: 2018 թվականի հոկտեմբերի 30-ին դատարանը մեղավոր է ճանաչել դիմումատուին, սակայն որոշել է բեկանել Վարչական շրջանի դատարանի որոշումը և դիմումատուի նկատմամբ տուգանք չկիրառել՝ հաշվի առնելով, որ վաղեմության ժամկետը լրացել էր մինչ այդ պահը: 2019 թվականի հունվարի 8-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով արդարացում, սակայն 2019 թվականի մայիսի 21-ին Վճռաբեկ դատարանը նրա բողոքն անընդունելի է ճանաչել հիմքերի բացակայության պատճառով:

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

12. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1 ին կետի համաձայն այն մասին, որ Վճռաբեկ դատարանը, 2016 թվականի մայիսի 27-ի իր որոշմամբ ժամկետը բաց թողնելու հիմքով նրա վճռաբեկ բողոքը հայտարարելով անընդունելի, խախտել է դատարանի մատչելիության իր իրավունքը։

13. Կառավարությունը պնդել է, որ գանգատն անընդունելի է անհատական գանգատի իրավունքի խախտման հիմքով, քանի որ դիմումատուն Դատարանին չի տեղեկացրել իր գործում նոր զարգացումների մասին: Այն նաև պնդել է, որ դիմումատուն կորցրել է իր՝ զոհի կարգավիճակը նշված նոր զարգացումների արդյունքում:

14. Դիմումատուի՝ անհատական գանագատ ներկայացնելու իրավունքի չարաշահման հիմքերով մերժմանը վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Գրոսն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ][Gross v. Switzerland[GC]] ( թիվ 67810/10 գործում, § 28, ՄԻԵԴ 2014)։ Մասնավորապես Դատարանը վերահաստատում է, որ ոչ ամբողջական և հետևաբար ապակողմնորոշող տեղեկություններ ներկայացնելը կարող է համարվել գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում, հատկապես, եթե տեղեկությունները վերաբերում են գործի բուն էությանը, և այդ տեղեկությունները չբացահայտելու համար բավարար բացատրություն չի տրամադրվել։ Նույնը վերաբերում է այն դեպքին, երբ Դատարանում վարույթի ընթացքի մեջ լինելու ժամանակ տեղի են ունեցել կարևոր նոր զարգացումներ, ինչպես նաև այն դեպքին, երբ դիմումատուն տեղեկություններ չի տրամադրել Դատարանին, չնայած դա հստակորեն պահանջվում է Դատարանի կանոնակարգի 47-րդ կանոնի 7-րդ կետով՝ դրանով խոչընդոտելով վերջինիս՝ փաստերի լիակատար իմացությամբ գործի մասով որոշում կայացնելուն (նույն տեղում)։

15. Սույն գործով կարևոր նոր զարգացումներ են տեղի ունեցել գանգատը Դատարան ներկայացնելուց հետո։ Նշված զարգացումներով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, ի վերջո, դիմումատուի բողոքն ընդունել է կրկնակի քննության և քննել այն` կայացնելով որոշում՝ գործի էության վերաբերյալ, 2018 թվականի հոկտեմբերի 30-ին (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը): Դատարանն անտեղյակ է եղել նշված զարգացումներից, երբ բողոքի մի մասի վերաբերյալ ծանուցել է Կառավարությանը: Դատարանը տեղեկացել է այդ մասին միայն Կառավարության 2023 թվականի մարտի 28-ի դիտարկումների արդյունքում, այսինքն՝ նշված զարգացումները տեղի ունենալուց գրեթե չորս տարի հինգ ամիս անց։

16. Դրանք կարևոր զարգացումներ են, որոնք վերաբերել են գործի բուն էությանը, մասնավորապես՝ թե արդյոք խախտվել է դիմումատուի՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ պայմանավորված իր բողոքը ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով մերժելու որոշմամբ։ Դիմումատուն, որին ներկայացրել է պաշտպանը, Դատարանին չի տրամադրել տեղեկություններ՝ նշված զարգացումների վերաբերյալ: Դիմումատուի իրավաբանը նշել է, որ չի կարողացել ճշգրիտ բացատրություն տալ նշված անգործության համար, սակայն պնդել է, որ տվյալ ժամանակահատվածը բարդ է եղել` մեծ ծանրաբեռնվածության, անձնակազմի և ֆինանսական ռեսուրսների պակասի, գրասենյակի վայրի կրկնվող փոփոխության և որոշ փաստաթղթերի կորստի պատճառով։ Դատարանը գտնում է, որ այդ հանգամանքները, որոնք հիմնավորված չեն որևէ ապացույցով, չեն կարող արդարացում լինել դիմումատուի կողմից մի քանի տարի շարունակ Դատարանին իր գործով կարևոր նոր զարգացումների վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելու համար:

17. Վերոնշյալի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ դիմումատուի կողմից իր գործով էական զարգացումների մասին չհայտնելը համարվում է անհատական գանգատի իրավունքի չարաշահում (տե՛ս Կոմատինովիչն ընդդեմ Սերբիայի (որոշում) [Komatinović v. Serbia (dec.)] գործը, թիվ 75381/10, 2013 թվականի հունվարի 29, Գևորգյանը և այլք ընդդեմ Հայաստանի (որոշում) [Gevorgyan and Others v. Armenia (dec.)] գործը, թիվ 66535/10, §§ 31-39, 2020 թվականի հունվարի 14 և Այվազյանն ընդդեմ Հայաստանի (որոշում) [Կոմիտե] [Ayvazyan v. Armenia(dec.)] [Committee] գործը, թիվ 11519/16, § 16, 2025 թվականի մայիսի 22):

18. Հետևաբար գանգատը պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն։

 

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

 

Հայտարարում է գանգատն անընդունելի:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 30-ին։

 

Մարտինա Կելլեր

Գեորգիոս Ա. Սերղիդես

Նախագահ

Բաժանմունքի քարտուղարի տեղակալ