ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ՍԵԼԻՄՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2991/16 և 2 այլ գանգատներ
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 15.05.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.04.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԵԼԻՄՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 2991/16 և 2 այլ գանգատներ. տե՛ս կից ցանկը)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

16 ապրիլի 2026 թ.

 

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Սելիմյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Դիանա Սարկու [Diana Sârcu],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

2026 թվականի մարտի 26-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Դատարան ներկայացված գանգատների հիման վրա՝ կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է դիմումատուների ձերբակալման օրինականության վերաբերյալ 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքների մասին։

 

ՓԱՍՏԵՐԸ

3. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները ներկայացված են կից աղյուսակում։

4. Դիմումատուները բողոքել են ապօրինի ազատազրկման դեմ։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ

5. Հաշվի առնելով գանգատների քննության առարկաների համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռով։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

6. Դիմումատուները բողոքում էին ապօրինի ազատազրկման դեմ։ Նրանք հստակ կամ ըստ էության հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա։

7. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը պահանջում է, որպեսզի որևէ տեսակի ազատազրկում լինի «օրինական», ներառում է այն պայմանը, որ այն պետք է կիրառվի «օրենքով սահմանված կարգով» (Ս.-ն, Վ.-ն և Ա․-ն ընդդեմ Դանիայի [ՄՊ] [S., V. and A. v. Denmark] [GC], թիվ 35553/12 և 2 այլ գանգատներ, § 74, 2018 թվականի հոկտեմբերի 22): Այնուամենայնիվ, համապատասխանությունն ազգային օրենսդրությանը բավարար չէ. 5-րդ հոդվածի 1-ին կետը հավելյալ սահմանում է, որ ազատազրկման ցանկացած դեպք պետք է ուղղված լինի անհատին կամայականությունից պաշտպանելու նպատակին։ 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «կամայականություն» հասկացությունը դուրս է ազգային օրենսդրությանը հակասող հասկացությունների շրջանակից, հետևաբար ազատազրկումը ներպետական օրենսդրության տեսանկյունից կարող է համարվել օրինական, սակայն դեռևս կարող է առկա լինել կամայականություն, և հետևաբար կարող է հակասել Կոնվենցիային (տե՛ս Իշխանյանն ընդդեմ Հայաստանի [Ishkhanyan v. Armenia], թիվ 5297/16, § 154, 2025 թվականի փետրվարի 13՝ լրացուցիչ հղումներով)։ Դատարանը նաև վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի առաջին հայեցակետով պահանջվում է, որ քրեական վարույթի համատեքստում ձերբակալությունը պետք է հիմնված լինի հանցագործություն կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի վրա (նույն տեղում, § 155, հետագա հղումներով):

8. Իշխանյանի [Ishkhanyan] (վերևում հիշատակված) հիմնական գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի մասով (§§ 160-62):

9. Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված բոլոր նյութերը, այդ թվում՝ գործի ընդունելիության հետ կապված Կառավարության առարկությունները, չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Հաշվի առնելով տվյալ հարցի վերաբերյալ նախադեպային իրավունքը՝ Դատարանը մերժում է Կառավարության առարկությունները և համարում, որ սույն գործով դիմումատուների ձերբակալությունը հիմնված չէր նրանց կողմից հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի վրա (համեմատե՛ք վերևում հիշատակված Իշխանյանի [Ishkhanyan] գործը, §§ 147-62): Այդ եզրակացությանը հանգելով՝ Դատարանը անհրաժեշտ չի համարում անդրադառնալ դիմումատուների մնացած բողոքներին՝ կապված կալանքի օրինականության հետ։

10. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են և բացահայտում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։

 

ՍՈՒՅՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Որոշում է միացնել գանգատները.

2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.

3. Վճռում է, որ սույն գանգատներով բացահայտվում է ապօրինի ազատազրկման վերաբերյալ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

4. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 16-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վիկտորիա Մարադուդինա՝

Անդրեաս Զունդ՝

Քարտուղարի տեղակալի

պաշտոնակատար

Նախագահ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բողոքներ պարունակող գանգատների ցանկը

 

(ապօրինի ազատազրկում)

 

Թիվ

Գանգատ թիվ, ներկայացնելու ամսաթիվը

Դիմումատուի անունը Ծննդյան ամսաթիվը

Ներկայացուցչի անունը և գտնվելու վայրը

Ձերբա-կալման ամսաթիվը

Հատուկ թերացումները

Դիմումա-տուներից յուրա-քանչյուրին ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը (եվրոյով)1

Յուրաքանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը (եվրոյով)2

1․

2991/16
23/12/2015

Դավիթ ՍԵԼԻՄՅԱՆ
1996

Չատինյան Անի
Վանաձոր

23/06/2015

հիմնավոր կասկածների բացակայությունը

2,000

250

2․

5234/16
23/12/2015

Արինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՍԱԼՄԱՍԻ
1979

Հարությունյան Հասմիկ
Երևան

23/06/2015

հիմնավոր կասկածների բացակայությունը

2,000

250

3․

5294/16
23/12/2015

Տարոն ՍԻՄՈՆՅԱՆ
1988

Հարությունյան Հասմիկ
Երևան

23/06/2015

հիմնավոր կասկածների բացակայությունը

2,000

250

 

________________________________

1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:

2 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան