ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԽԱԼՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 20544/14)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
9 ապրիլի 2026 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Խալոյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici]՝ Նախագահ,
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],
Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 1963 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի պրն Արմեն Խալոյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 25-ին Դատարան ներկայացված (թիվ 20544/14) գանգատը, որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ռևազյանը,
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ քրեական վարույթի ընթացքում անվճար իրավաբանական օգնության բացակայության վերաբերյալ դիմումատուի բողոքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու, ինչպես նաև գանգատի մնացած մասն անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,
կողմերի դիտարկումները,
2026 թվականի մարտի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է քրեական վարույթի շրջանակում դիմումատուին ժամանակին պաշտպան չտրամադրելու ենթադրյալ դեպքին, ինչը հարցեր է առաջացնում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն:
2. 2012 թվականի հոկտեմբերի 25-ին դիմումատուն Ոստիկանության գլխավոր վարչության նախասրահում ոստիկանության պետի օգնական Մ.Հ.-ի հետ վեճի է բռնվել: Դիմումատուի պնդմամբ՝ Մ.Հ.-ն հայհոյել և մետաղական գրիչով հարվածել է իրեն, ինչի հետևանքով վերջինիս շուրթը վնասվել է։ Միջադեպից հետո դիմումատուն հարկադրաբար տարվել է Ոստիկանության Մարաշի բաժին՝ հասարակական կարգը խախտելու կասկածանքով։
3. Ոստիկանության բաժանմունքում նա խուզարկվել է, և նրա մոտ հայտնաբերվել է դանակ։ Այնուհետև նա կարծես ազատ է արձակվել։
4. 2012 թվականի հոկտեմբերի 31-ին դիմումատուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և սառը շեղբավոր զենք ապօրինի պահելու համար։
5. 2012 թվականի նոյեմբերի 2-ին դիմումատուն ձերբակալվել և տարվել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրա խոսքով՝ Քրեական հետախուզության բաժնի պետ Հ.Կ.-ն ապտակել և բանավոր վիրավորանքներ է հասցրել իրեն։
6. 2012 թվականի նոյեմբերի 3-ին դիմումատուին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի վրա հարձակում գործելու, Ոստիկանության աշխատանքը խոչընդոտելու, Հ.Կ.-ին հայհոյելու և նրան հարվածելու համար։
7. Նույն ամսաթվին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը դիմումատուի նկատմամբ կիրառել է երկու ամիս ժամկետով կալանք։ Լսումների ընթացքում դիմումատուն հայտնել է, որ քննություն իրականացնող մարմինը, չնայած իր խնդրանքին, իրեն փաստաբան չի տրամադրել։
8. 2012 թվականի նոյեմբերի 9-ին դիմումատուն դիմել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու խնդրանքով։ Նույն ամսաթվին նշանակվել է հանրային պաշտպան։
9. 2012 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հարցաքննության ժամանակ դիմումատուն հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց և խնդրել է, որ իրեն ներկայացնի Հանրային պաշտպանի գրասենյակի մեկ այլ փաստաբան։
10. 2012 թվականի նոյեմբերի 14-ին դիմումատուն քննիչին գրավոր միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով նշանակել հանրային պաշտպան և իրականացնել ստացված վնասվածքների դատաբժշկական փորձաքննություն։
11. 2012 թվականի դեկտեմբերի 20-ին քրեական գործը դատաքննության նպատակով ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան (Վարչական շրջանների դատարան):
12. 2012 թվականի դեկտեմբերի 28-ին Վարչական շրջանների դատարանը Փաստաբանների պալատին հանձնարարել է դիմումատուի համար նշանակել փաստաբան՝ նշելով, որ 2012 թվականի նոյեմբերի 14-ի նրա միջնորդությունը հիմնավորված է՝ հաշվի առնելով նրա գործազուրկ լինելու և նյութական միջոցներ չունենալու հանգամանքը: Նշվածի հիման վրա նա ազատվել է իրավաբանական ծառայությունների դիմաց վճարներից:
13. 2013 թվականի հունվարի 8-ին Վարչական շրջանների դատարանում կայացած լսումների ընթացքում դիմումատուին տրամադրվել է փաստաբան։ Հետագայում դիմումատուն կարծես հրաժարվել է տվյալ փաստաբանի ծառայություններից և ընտրել է մասնավոր հիմունքներով վարձած փաստաբան:
14. 2013 թվականի ապրիլի 16-ին Վարչական շրջանների դատարանը մեղավոր է ճանաչել դիմումատուին և դատապարտել է հինգ տարի ժամկետով ազատազրկման և տուգանքի։ Իր դատավճռում Դատարանը հղում է կատարել Մ.Հ.-ի և Հ.Կ.-ի ցուցմունքներին, նրանց վնասվածքների վերաբերյալ երկու դատաբժշկական եզրակացություններին, ոստիկանության ծառայողների և անձնակազմի ցուցմունքներին, դիմումատուին Ոստիկանության Մարաշի բաժին հարկադրաբար տանելու վերաբերյալ արձանագրությանը, դիմումատուի անձնական խուզարկության ընթացքում հայտնաբերված դանակին, այդ անձնական խուզարկության մասին կազմված արձանագրությանը և այն հաստատող երկու վկաների ցուցմունքներին, ինչպես նաև դատաբժշկական եզրակացությանը, համաձայն որի՝ տվյալ դանակը դասակարգվել է որպես սառը զենք։
Դիմումատուի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ենթադրյալ խախտման մասով՝ Վարչական շրջանների դատարանը նշել է հետևյալը.
«Փաստաբանի այն փաստարկները, թե քննության ընթացքում [դիմումատուի] իրավունքները, այդ թվում՝ փաստաբանի օգնությունից օգտվելու իրավունքը խախտվել են, անհիմն են, քանի որ [դիմումատուին] տրամադրվել է [փաստաբան], սակայն նա կամովին հրաժարվել է վերջինիս ծառայություններից և ընտրել այլ փաստաբան …»։
15. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ բողոքելով, ի թիվս այլնի, իրավաբանական օգնություն ստանալու իր իրավունքի խախտման մասով։
16. 2013 թվականի հունիսի 14-ին Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջովին անփոփոխ է թողել Վարչական շրջանների դատարանի վճիռը։
17. Դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ բողոքելով, ի թիվս այլնի, իրավաբանական օգնություն ստանալու իր իրավունքի խախտման մասով։ 2013 թվականի օգոստոսի 24-ին Վճռաբեկ դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով: Որոշումը նրան ծանուցվել է 2013 թվականի օգոստոսի 30-ին։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ «գ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
18. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ դիմումատուն բողոքել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի ընթացքում իրեն ժամանակին չի տրամադրվել պաշտպան։
19. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրեն հասանելի իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ նա չի վիճարկել ապացույցների ընդունելիությունը։ Դատարանը, սակայն, նշում է, որ դիմումատուն իր բողոքը պատշաճ կերպով բարձրացրել է բոլոր ատյաններում։ Նա նաև վիճարկել է իր դեմ տրված ցուցմունքների իսկությունը և ապացուցողական արժեքը։ Դատարանը նաև նշում է, որ ներպետական դատարաններն ունեցել են իրենց սեփական նախաձեռնությամբ ապացույցների թույլատրելիությունը որոշելու լիազորություն (տվյալ ժամանակահատվածում գործող նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ և 106-րդ հոդվածներ)։ Ամեն դեպքում քրեական վարույթի արդարացիությունը չի սահմանափակվում միայն ապացույցների թույլատրելիության հարցերով, այլ նաև ընդգրկում է իրավաբանական օգնության հետ կապված ծառայությունների ամբողջ շրջանակը (տե՛ս ներքոհիշյալ 27-րդ պարբերությունը): Հետևաբար Կառավարության առարկությունը չի կարող ընդունվել։
20. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն կամ որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է ճանաչվի ընդունելի:
21. Պաշտպանի ծառայություններից օգտվելու իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Բյոզն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Beuze v. Belgium [GC]] գործում, (թիվ 71409/10, §§ 119-50, 2018 թվականի նոյեմբերի 9):
22. Դատարանը նշում է, որ դիմումատուն 2012 թվականի հոկտեմբերի 25-ին հասարակական կարգը խախտելու կասկածանքով հարկադրաբար տարվել է ոստիկանության բաժին։ Այդ պահից սկսած՝ նրա նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ինքնավար իմաստով առաջադրվել է «մեղադրանք»։ Հետևաբար փաստաբանի ծառայություններից օգտվելու նրա իրավունքը կիրառելի է դարձել (տե՛ս վերևում հիշատակված՝ Բյոզի գործը, §§ 119 և 124)։
23. Այնուամենայնիվ, դիմումատուին ո՛չ տրամադրվել, ոչ էլ առաջարկվել է իրավաբանական օգնություն, և ո՛չ էլ նա անմիջապես տեղեկացվել է իր այդ իրավունքի մասին՝ Կոնվենցիայով սահմանված կարգով (նույն տեղում, § 129)։ Հատկապես ուշագրավ է, որ դիմումատուին փաստաբան չի տրամադրվել նույնիսկ այն դեպքում, երբ նա այդ մասին բողոք է ներկայացրել կալանքի մասով 2012 թվականի նոյեմբերի 3-ին անցկացված լսումների ընթացքում (տե՛ս վերոնշյալ 7-րդ պարբերությունը)։
24. Դատարանը չի կարող ընդունել Կառավարության այն պնդումը, թե դիմումատուն հրաժարվել է փաստաբանի իր իրավունքից, քանի որ այդ պնդումը հիմնված է միայն վիճարկվող արձանագրությունների վրա, որոնք ստորագրվել են միայն քննիչի, այլ ոչ թե դիմումատուի կողմից։ Սույն արձանագրությունները չեն կարող հիմք ծառայել իրավաչափ հրաժարման համար:
25. Թեև 2012 թվականի նոյեմբերի 9-ին նրան նշանակվել է հանրային պաշտպան, այնուամենայնիվ, դիմումատուն կարճ ժամանակ անց հրաժարվել է վերջինիս ծառայություններից և պահանջել է նշանակել նոր փաստաբան։ 2012 թվականի նոյեմբերի 14-ին նա նույն պահանջը կրկին ներկայացրել է գրավոր։ Թվում է, թե այդ միջնորդությունը ներկայացնելուց հետո նա ունեցել է նոր փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, ինչը հաստատվել է այդ պահանջը բավարարվելու մասին Վարչական շրջանների դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ։ Այնուամենայնիվ, մինչև 2013 թվականի հունվարի 8-ը դիմումատուին նոր փաստաբան չի տրամադրվել, ինչի արդյունքում դիմումատուն նախաքննության ամբողջ ընթացքում և գործը Վարչական շրջանների դատարան դատաքննության ուղարկվելուց հետո ևս 19 օր մնացել է առանց պաշտպանի (տե՛ս վերոնշյալ 8-13-րդ պարբերությունները)։ Ուստի Դատարանը նկատում է, որ փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունքի սահմանափակումն ունեցել է էապես երկարատև բնույթ։
26. Դատարանը նաև նշում է, որ դիմումատուի՝ փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունքի սահմանափակումը հիմնավորելու համար որևէ ծանրակշիռ պատճառ չի եղել։ Նմանատիպ հանգամանքներում ապացուցման պարտականությունը կրում է Կառավարությունը, որպեսզի համոզիչ կերպով հիմնավորի, թե ինչու բացառիկ կերպով և տվյալ գործի կոնկրետ հանգամանքներում քրեական վարույթի ընդհանուր արդարացիությունն անդառնալիորեն չի խախտվել (տե՛ս վերևում հիշատակված՝ Բյոզի գործը, § 145)։
27. Դատարանը վերահաստատում է, որ քրեական վարույթի արդարացիության պահանջը ենթադրում է մեղադրյալի կողմից իրավաբանական օգնության հետ կապված ծառայությունների ամբողջ շրջանակից օգտվելու հնարավորություն, այդ թվում՝ գործի ուսումնասիրություն, պաշտպանության կազմակերպում, արդարացնող ապացույցների հավաքագրում, հարցաքննությանը նախապատրաստում, ծանր վիճակում գտնվող մեղադրյալին աջակցություն և կալանքի պայմանների ստուգում (տե՛ս Դվորսկին ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Dvorski v. Croatia [GC], թիվ 25703/11, §§ 78 և 108, ՄԻԵԴ 2015 և վերևում հիշատակված՝ Բյոզի գործը, § 136): Դիմումատուն զգալիորեն զրկված է եղել այդ ծառայություններից օգտվելու հնարավորությունից, ինչն էապես սահմանափակել է նրա՝ իր դեմ ներկայացված մեղադրական փաստարկները վիճարկելու կամ իր օգտին ապացույցներ հավաքելու հնարավորությունից։ Այդ բացը հատկապես նշանակալի է եղել՝ հաշվի առնելով դիմումատուի ներկայացրած վարկածի և մեղադրական ցուցմունքների միջև առկա հիմնարար հակասությունները։
28. Մասնավորապես դիմումատուն հերքել է Մ.Հ.-ի նկատմամբ հարձակում գործելու հանգամանքը և փոխարենը, պնդել է, որ ինքն է ենթարկվել հարձակման։ Նա նշել է, որ Մ.Հ.-ի հետ վեճի ընթացքում մետաղական գրիչով հարվածի հետևանքով վնասվել է շուրթը, մինչդեռ Մ.Հ.-ն և մի շարք վկաներ պնդել են, որ վնասվածքն առաջացել է դիմումատուի՝ հարբած վիճակում աթոռից պատահաբար ընկնելու հետևանքով։
29. Եթե դիմումատուն ներկայացված լիներ փաստաբանի կողմից, ապա հնարավոր կլիներ ժամանակին նախաձեռնել բժշկական և թունաբանական փորձաքննություններ՝ վիճարկվող հարցերը պարզաբանելու համար։ Գործի նյութերը պարունակում են քննիչի՝ բժշկական փորձաքննություն նշանակելու մասին 2012 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումը։ Սակայն նշված որոշումը փորձագետին է փոխանցվել միայն 2012 թվականի նոյեմբերի 21-ին, իսկ դիմումատուի զննումը կատարվել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին, որի ընթացքում վնասվածքներն արդեն, ըստ էության, վերականգնված էին եղել։
30. Բացի այդ, փաստաբանը կարող էր ժամանակին նախաձեռնել նաև թունաբանական փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք դիմումատուն 2012 թվականի հոկտեմբերի 25-ին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, ինչպես նշված էր ներպետական դատարանների կողմից վկայակոչված մեղադրական ցուցմունքներում։ Թեև Կառավարությունը պնդել է, որ միջադեպի օրը նշանակված փորձաքննությունը հաստատել է այդ հանգամանքը, այնուամենայնիվ, այն չի ներկայացրել այդ փաստաթղթի առկայությունը հաստատող որևէ ապացույց։
31. Դատարանը նաև նկատում է, որ 2012 թվականի նոյեմբերի 2-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղի ունեցած միջադեպի պաշտոնական նկարագրության և ներկայացրած իրադարձությունների վերաբերյալ դիմումատուի տարբերակի միջև առկա են հիմնարար հակասություններ։ Դիմումատուն հերքել է Հ.Կ.-ին հարվածելու հանգամանքը և պնդել է, որ հենց Հ.Կ.-ն է իրեն ապտակել և բանավոր վիրավորանքներ հասցրել (տե՛ս վերոնշյալ 5-րդ և 6-րդ պարբերությունները)։ Անվիճելի ապացույցների բացակայության պայմաններում Դատարանը չի կարող պարզել, թե որ վարկածն է ճիշտ։ Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ փաստաբանի ծառայություններից օգտվելու հնարավորությունն ունի կանխարգելիչ դեր և ոստիկանության կողմից կասկածյալների նկատմամբ վատ վերաբերմունքի դեմ ուղղված հիմնարար երաշխիք է (տե՛ս վերոնշյալ Բյոզի գործը, § 126)։ Փաստաբանի ծառայություններից օգտվելու հնարավորությունը կօգներ պարզաբանել միջադեպը, և եթե դիմումատուի ներկայացրած իրադարձությունների վարկածը ճիշտ է, ապա կարող էր նպաստել դրա կանխմանը, սակայն դիմումատուն իշխանությունների մեղքով զրկված է եղել այդ կարևոր երաշխիքից։ Դատարանը նաև նշում է, որ այդ միջադեպին վերաբերող որոշ առանցքային մեղադրական ապացույցների որակը կասկածի տեղիք է տալիս։ Մասնավորապես վկաների ցուցմունքները բաղկացած էին միայն Հ.Կ.-ի ենթակա երեք ծառայողների հայտարարություններից։ Այդ հայտարարությունները, այդ թվում՝ քննիչի հարցերն ու պատասխանները, գրեթե բառացիորեն համընկնում էին (ընդհուպ մինչև կետադրությունը), տարբերվում էին միայն անձնական տվյալները և մի քանի տող, ինչը վկայում է, որ համաձայնությունը կանխելու ոչ մի երաշխիք չի եղել։
32. Առկա չէ նաև որևէ տվյալ այն մասին, որ առանց փաստաբանի դիմումատուն կարող էր լիարժեք իրացնել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իր դատավարական իրավունքները։ Մ.Հ.-ի և Հ.Կ.-ի վնասվածքների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությունների համատեքստում դրանցում, ի թիվս այլնի, ներառված էին փորձագետների անաչառությունը վիճարկելու, հարցեր ուղղելու և բացատրություններ ներկայացնելու իրավունքները (Քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մաս)։ Առկա չէ որևէ տվյալ, որը կվկայի, որ նրան տրամադրվել էին այդ հնարավորությունները։
33. Վերջապես, ներպետական դատարանները պատշաճ կերպով չեն գնահատել դիմումատուի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի սահմանափակման ազդեցությունը և վերջինիս ազդեցությունը դատավարության ընդհանուր արդարացիության վրա (տե՛ս Բյարկի Հ. Դիեգոն ընդդեմ Իսլանդիայի [Bjarki H. Diego v. Iceland], թիվ 30965/17, §§ 59, վերջում և 60, 2022 թվականի մարտի 15, ինչպես նաև Կոհենը և այլք ընդդեմ Թուրքիայի [Kohen and Others v. Turkey], թիվ 66616/10 և ևս 3 գործեր, § 59, 2022 թվականի հունիսի 7)։ Փոխարենը, նրանք սահմանափակվել են մեկ ամփոփ հայտարարությամբ, համաձայն որի՝ դիմումատուին տրամադրվել է փաստաբան, և նա հրաժարվել է այդ փաստաբանի ծառայություններից (տե՛ս վերոնշյալ 14-րդ և 16-րդ պարբերությունները)։
34. Նման հանգամանքներում Դատարանը գտնում է, որ դիմումատուի՝ իրավաբանական օգնությունից օգտվելու սահմանափակումները եղել են երկարատև, հիմնավորված չեն եղել ծանրակշիռ պատճառներով, և նրան զրկել են իրավաբանական օգնության հետ կապված հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Հետևաբար դրանք անդառնալիորեն խաթարել են ամբողջ դատավարության արդարացիությունը։
35. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «գ» ենթակետի խախտում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
36. Հիմք ընդունելով իր ներկայացուցչի հետ կնքված իրավաբանական ծառայությունների վերաբերյալ պայմանագիրը՝ դիմումատուն պահանջել է 13 000 եվրո (EUR)՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 3 500 եվրո՝ իրավաբանական ներկայացուցչության ծախսերի համար։
37. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջները։
38. Դատարանը, առաջնորդվելով արդարացիության սկզբունքով, դիմումատուին շնորհում է 3 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
39. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուին շնորհել 2 500 եվրո՝ ներպետական վարույթներում և Դատարանում կրած իրավաբանական ներկայացուցչության ծախսերի փոխհատուցման համար, ներառյալ՝ դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։ Այդ գումարը ուղղակիորեն փոխանցվում է դիմումատուի ներկայացուցչի բանկային հաշվին։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «գ» ենթակետի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը պարտավոր է երեք ամսվա ընթացքում դիմումատուին վճարել հետևյալ գումարները՝ փոխարկելով դրանք պատասխանող պետության արժույթով՝ հաշվարկման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝
i) 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)՝ ոչ նյութական վնասի դիմաց՝ գումարած ոչ նյութական վնասի դիմաց գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) 2 500 եվրո (երկու հազար հինգ հարյուր եվրո), որը ենթակա է փոխանցման իր ներկայացուցչի բանկային հաշվին ծախսերի և ծախքերի դիմաց՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 9-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Մարտինա Կելլեր՝ |
Ջիլբերտո Ֆելիչի՝ |
|
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |