ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄ-ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2259-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
05.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2259-Ա

«05» մայիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄ-ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 2026 թվականի ապրիլի 8-ի թիվ Դ-34679-26 դիմում-ծանուցման հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:

2026 թվականի ապրիլի 8-ի թիվ Դ-34679-26 դիմում-ծանուցման (այսուհետ՝ նաև Դիմում) առարկայի քննության կապակցությամբ 2026 թվականի ապրիլի 27-ին հրավիրվել են լսումներ, որի մասին ծանուցումն ապահովվել է «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության էլեկտրոնային փոստի հասցեին ուղղարկված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ 07/45929-26 գրությամբ, սակայն «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության որևէ ներկայացուցիչ լսումներին չի ներկայացել:

Ուսումնասիրելով 2026 թվականի ապրիլի 8-ի թիվ Դ-34679-26 դիմում-ծանուցումը և գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 2026 թվականի ապրիլի 8-ի թիվ Դ-34679-26 դիմում-ծանուցմամբ, հիմք ընդունելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի RL1-001 կանոնների 18-րդ գլխի 118-րդ կետի կարգավորումները, հետադարձ պահանջի իրավունքով խնդրել է Ընկերությանը վճարել 2025 թվականի նոյեմբերի 9-ին Վահե Կարապետյանի վարած «Maz» մակնիշի «839 CU 61» հաշվառման համարանիշի և Ալբերտ Հակոբյանի վարած «Mercedes-Benz» մակնիշի «37 AA 798» հաշվառման համարանիշի ամտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում տուժած կողմին հատուցված 228.000 (երկու հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ գումարը:

Դիմումում նշված փաստերի համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 9-ին Վահե Կարապետյանի վարած «Maz» մակնիշի «839 CU 61» հաշվառման համարանիշի և Ալբերտ Հակոբյանի վարած «Mercedes-Benz» մակնիշի «37 AA 798» հաշվառման համարանիշի ամտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում (այսուհետ՝ Պատահար) մեղավոր կողմ է հանդիսացել Վահե Կարապետյանը:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն, ինչպես նաև իր կողմից «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքներում ներգրավված կամավորի՝ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ հետադարձ պահանջի իրավունք կարող է ձեռք բերվել վնաս պատճառած անձի նկատմամբ, ընդ որում՝ օրենսդիրը հստակեցրել է, թե «այլ անձ» եզրույթը անձանց ինչ շրջանակ է նախատեսում:

Ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավանորմի բովանդակային վերլուծությունից, կարելի է փաստել, որ քննարկվող իրավահարաբերություններում Երևանի քաղաքապետարանը կամ Երևան համայնքը նշված նորմի կարգավորման իմաստով չեն հանդիսանում «այլ անձ», քանի որ վարույթով ներկայացված նյութերով չի ապացուցվել վնասը Երևանի քաղաքապետարանի կամ Երևան համայնքի մեղքով առաջանալու փաստական հանգամանքը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով «վնաս պատճառած անձ կամ վնաս պատճառող» հասկացությունը բնորոշված է որպես «անձ, որի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառվել է վնասը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված են ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի ծագման դեպքերը, սակայն Դիմումում հիմնավորված չէ, թե նշված հոդվածում թվարկվածների ստույգ ո՞ր դեպքի առկայությամբ պայմանավորված է հետադարձ պահանջը ներկայացվել Երևանի քաղաքապետարանին, այն պարագայում, երբ ըստ Դիմումում նշված փաստերի՝ Պատահարում մեղավոր կողմ է հանդիսացել Վահե Կարապետյանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Քննարկվող պարագայում՝ Դիմումում հիմնավորված չէ, թե ինչ փաստական հանգամանքների հիմքով է Պատահարում տուժած կողմին հատուցված վնասի գանձման հետադարձ պահանջը Երևանի քաղաքապետարանին ներկայացվել, հետևաբար Պատահարում Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ մեղավորությանն առնչվող փաստական հանգամանքները մնում են չապացուցված:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

Ընկերության կողմից Դիմումին կից չեն ներկայացվել Պատահարի հանգամանքների փորձաքննության, Պատահարում տուժած կողմի ավտոմեքենայի հետքաբանական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական փորձաքննության վերաբերյալ՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից կազմված եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել (առկա չէ) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործությունը, գործողությունը կամ իրավական ակտը:

Դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ հիմնավորվում է, որ.

1) Ընկերությունը չի ներկայացրել գրավոր ապացույցներ Պատահարի հանգամանքների, Պատահարի և 228.000 (երկու հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամի չափով վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության մասին,

2) Ընկերությունը չի ապացուցել Պատահարում Երևանի քաղաքապետարանի մեղավորության առկայությունը,

3) Ընկերությունը չի ապացուցել Պատահարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը (վարչական մարմնի ենթադրյալ՝ ոչ իրավաչափ վարչարարության և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայություն),

4) Ընկերությանը չի հիմնավորել Պատահարի հետևանքով փոխհատուցված՝ 228.000 (երկու հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ գումարի չափով Երևան համայնքի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք ձեռք բերած լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության անունից Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2026 թվականի ապրիլի 8-ի թիվ Դ-34679-26 դիմում-ծանուցմամբ ներկայացված պահանջը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան