ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ա.Ասատրյան |
ԵԴ1/0387/01/24 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. Թադևոսյանի Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
13 փետրվարի 2026 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Լյովա Ստյոպայի Մարկոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հունվարի 27-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 12112423 քրեական վարույթը:
2023 թվականի հունվարի 27-ին Լյովա Ստյոպայի Մարկոսյանը ձերբակալվել է։
2023 թվականի հուլիսի 11-ին Լյովա Մարկոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։
2024 թվականի փետրվարի 29-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի մարտի 20-ի դատավճռով մեղադրյալ Լյովա Մարկոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ, Լյովա Մարկոսյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է նրա փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը, և վերջնական պատիժ է սահմանվել կարճաժամկետ ազատազրկում` 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, Լ․Մարկոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 20-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Մասնավորապես, բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ, 84-րդ և 335-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ստորադաս դատարանի որոշմամբ տվյալ նորմերին տրված մեկնաբանությունները և հիմնավորումները հակասում են Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքին։
Բողոքաբերը նշել է, որ մեղադրյալ Լ․Մարկոսյանի նկատմամբ նշանակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված համեմատաբար մեղմ պատիժ՝ կարճաժամկետ ազատազրկում, և տվյալ պատիժը նշանակելն ու այն պայմանականորեն չկիրառելը չի բխում վերաբերելի օրենսդրական իրավակարգավորումներից։
Միևնույն ժամանակ, բողոք բերած անձը փաստել է, որ մեղադրյալը թեև ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը և միջնորդել է արագացված դատաքննություն, սակայն, ըստ էության չի հայտնել հանցագործության առարկա հրազենի ձեռքբերման աղբյուրը, դրա ապօրինի շրջանառության իրական նպատակը և շարժառիթը, ուստի վերջինիս հետհանցավոր վարքագծի նշանակության և քրեաիրավական ներգործության միջոցների ընտրության վրա դրա ազդեցության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։
5․1․ Բացի այդ, բողոքի հեղինակն արձանագրել է, որ կոնկրետ հանցավոր դրսևորման հանրային բարձր վտանգավորության մասին ակնհայտ վկայում է հանցագործության առարկան՝ մարտական նռնակը, որը գործադրման և խոցման առանձնահատկություններով պայմանավորված, առավել մեծ վտանգ է ներկայացնում։
Մասնավորապես, այդ մասին վկայում է Լ․Մարկոսյանի կողմից մարտական պաշտպանողական նռնակը պայուսակում պահելով ավտոմեքենայի բեռնախցիկում տեղափոխելու հանգամանքը, որը մեծացնում է հանցագործության առարկա ռազմամթերքի ապօրինի գործադրման հավանականությունը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձն ընդգծել է, որ ստորադաս դատարաններն անհիմն կերպով գտնելով, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված ակնհայտ մեղմ պատժատեսակի կանխարգելիչ բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով, նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը գնահատելիս, ըստ այդմ էլ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն կիրառելու հարցին անդրադառնալիս, հաշվի չեն առել հանցավորի կողմից հանցանքի կատարման հանգամանքները, հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մեղավորության աստիճանը, հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանն ու հետևանքները։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը Լ․Մարկոսյանի նկատմամբ ակնհայտ մեղմ՝ կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակը նշանակելու և այն պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Լ․Մարկոսյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ առանց պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Լ.Մարկոսյանի պաշտպան Ա.Ջուվանովան, վճռաբեկ բողոքի պատասխանում անդրադառնալով մեղադրյալի կողմից հանցագործության առարկայի ձեռքբերման աղբյուրի, դրա ապօրինի շրջանառության նպատակի ու շարժառիթի վերաբերյալ տեղեկություն չհայտնելու և հետհանցավոր մտադրության մասին բողոքաբերի փաստարկին, նշել է, որ տվյալ պարագայում առաջնորդվելով բողոքաբերի տրամաբանությամբ, խախտվում է մեղադրյալի լռելու իրավունքը, քանի որ դրանից օգտվելը մեկնաբանվում է ի վնաս նրա, հետևաբար այս փաստը չի կարող օգտագործվել մեղադրյալի դեմ և պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմք դիտարկվել։ Հետհանցավոր մտադրության մասին խոսելը նույնպես առարկայազուրկ է, քանի որ ազատության մեջ գտնվելու ընթացքում, Լ․Մարկոսյանը չի դրսևորել որևէ վարքագիծ, կամ չկա որևէ փաստական տվյալ, որով կհավաստվի նրա կողմից նոր հանցանք կատարելու հանգամանքը։
Բացի այդ, պաշտպան Ա․Ջուվանովան փաստել է, որ օրենսդիրը Լ․Մարկոսյանին վերագրվող արարքի համար որպես պատժի տեսակ, ի թիվս այլնի, նախատեսել է նաև կարճաժամկետ ազատազրկումը, որն էլ կարող է պայմանականորեն չկիրառվել, այսինքն օրենսդիրը դա հնարավոր է համարել նաև դիտավորությամբ կատարված հանցանքների համար։
Պաշտպանը, անդրադառնալով մարտական նռնակը պայուսակում դնելու և մեքենայում պահելու պայմաններում դրա կիրառման հավանականության մեծացման վերաբերյալ բողոքաբերի փաստարկին, գտել է, որ թե՛ ՀՀ քրեական օրենսգրքի և թե՛ քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ, մեքենան համարվում է բնակարան և այնտեղ մարտական նռնակը պահելը և իր հետ տեղափոխելը կարող է վկայել ոչ թե հավանական կիրառության, այլ հակառակը՝ այն այլ անձանց կողմից կիրառելու վտանգը կանխելու նպատակի մասին։
Ամփոփելով, պաշտպանը փաստել է, որ հաշվի առնելով, որ Լ․Մարկոսյանի արարքում առկա չեն ծանրացնող հանգամանքներ, ընդհակառակը՝ առկա են մեղմացնող հանգամանքներ, հանցագործությամբ վնաս չի պատճառվել, անձը բնութագրվում է դրական, ինչպես նաև այն, որ մեղադրյալը բազմիցս մասնակցել է մարտական գործողությունների, տիրապետում է զենքի, ռազմամթերքի հետ կապված անվտանգության կանոններին, մտադրություն չի ունեցել կիրառելու այդ նռնակը, ինչը նվազեցնում է, այլ ոչ թե բարձրացնում է արարքի հանրային վտանգավորության աստիճանը։
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ա․Ջուվանովան խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը և Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը թողնել անփոփոխ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Լյովա Մարկոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքի համար, որ «(…) [Ն]ա չունենալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հրազենի, ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու` այն ձեռք բերելու և պահելու իրավունք, ինչպես նաև հրազենի և ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձևակերպված համապատասխան թույլտվություն, դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել, պահել ու ***** *******-ին պատկանող «Նիսսան» մակնիշի ************* հաշվառման համարանիշի մեքենայի բեռնախցիկում՝ իր պայուսակի մեջ պահել և տեղափողել ռազմամթերք հանդիսացող՝ «Y3PГM» տեսակի պայթուցիչով գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի ձեռքի մարտական պաշտպանողական նռնակ, որը հայտնաբերվել և վերցվել է 2023 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 16։10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում կատարված անձնական խուզարկությամբ (...)»1։
10. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի մարտի 20-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Արագացված վարույթ կիրառելու պայմաններում Դատարանն ապացուցված է համարում մեղադրյալ Լյովա Մարկոսյանին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը), այդ արարքի քրեական հակաիրավականությունը, մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը, մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ, ինչպես նաև գտնում է, որ մեղադրյալի արարքի նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասը։
Դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքների հիման վրա Դատարանը գտնում է, որ Լյովա Մարկոսյանի անձը բնութագրող հանգամանքներ են դատվածություն չունենալը և դրականորեն բնութագրվելը:
Ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, Դատարանը գտնում է, որ Լյովա Մարկոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ պետք է դիտել ներկայացված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը, ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին մասնակցելը, մարտական հերթապահություն իրականացնելը:
Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Լյովա Մարկոսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքներ առկա չեն:
Դատարանը գտնում է, որ կատարած հանցանքի համար մեղադրյալ Լյովա Մարկոսյանը ենթակա է պատժի։
Հաշվի առնելով Լյովա Մարկոսյանի կատարած հանցանքի հանգամանքները, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված մյուս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով որպես հիմնական պատիժ է նախատեսված նաև կարճաժամկետ ազատազրկման ձևով՝ Դատարանը գտնում է, ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակներն ապահովելու համար նրա նկատմամբ հիմնական պատիժ պետք է նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Դատարանը միաժամանակ գտնում է, որ Լյովա Մարկոսյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու հիմքերն ու անհրաժեշտությունը բացակայում են։
Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ Լյովա Մարկոսյանի նկատմամբ նշանակված կարճաժամկետ ազատազրկման ձևով պատժին պետք է հաշվակցել սույն քրեական գործով 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2023 թվականի հունվարի 29-ը փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ 3 (երեք) օրը և որպես պատիժ պետք է թողնել կարճաժամկետ ազատազրկում` 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
Անդրադառնալով մեղադրյալ Լյովա Մարկոսյանի կողմից իր նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցին՝ Դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
(...) Մեղադրյալ Լյովա Մարկոսյանի կողմից իր նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցը լուծելիս Դատարանը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները՝
- Լյովա Մարկոսյանի կատարած հանցանքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին,
- Լյովա Մարկոսյանի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները:
Դատարանը կարևորություն է տալիս նաև այն հանգամանքին, որ Լյովա Մարկոսյանը մասնակցում է մարտական հերթապահությանը:
Վերոգրյալ հանգամանքների հաշվառմամբ Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց Լյովա Մարկոսյանի կողմից իր նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, հետևաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ այդ պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել (...)»2։
11. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունիսի 10-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Լյովա Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժ նշանակելով թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, մասնավորապես Լյովա Մարկոսյանի նկատմամբ՝ նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած լինելու պայմաններում չէր կարող նշանակվել կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժ, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ըստ քրեական գործի նյութերի՝ մասնավորապես դատվածության մասին ձև 8 տեղեկանքի, Լյովա Մարկոսյանը 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից ազատվել է 11.09.2003թ-ին, նրա դատվածությունը մարված է, հետևաբար այն ինքնին չի կարող առաջացնել քրեաիրավական հետևանք, այդ թվում նաև արգելք հանդիսանալ տվյալ դեպքում սույն գործով նրա նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու համար: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու սահմանափակումը բացառապես վերաբերվում է նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած և դատվածությունը չմարված պայմաններում նոր հանցանք կատարած անձանց նկատմամբ պատիժ նշանակելուն, մինչդեռ ինչպես վերը նշվեց տվյալ դեպքում մեղադրյալ Լյովա Մարկոսյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, իսկ դատվածության մարումը հանգեցնում է դրա հետ կապված քրեաիրավական հետևանքների վերացմանը, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված սահմանափակումը չի կարող կիրառվել մեղադրյալ Լյովա Մարկոսյանի նկատմամբ, հետևաբար պետք է արձանագրել, որ բողոքաբերի փաստարկներն անհիմն են, Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Լյովա Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժ նշանակելով թույլ չի տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում։
Անդրադառնալով մեղադրյալ Լյովա Մարկոսյանի նկատմամբ նշանակված կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Լյովա Մարկոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պատշաճ իրավական վերլուծության է ենթարկել գործի կոնկրետ հանգամանքները՝ նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ ներկայացված մեղադրանքում լիովին մեղավոր ճանաչելը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը, ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին մասնակցելը, մարտական հերթապահություն իրականացնելը, ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը, և նշված հանգամանքների հետ համադրված՝ գնահատելով նաև մեղադրյալի կատարած հանցագործության բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, վերջնական ճիշտ հետևության է հանգել այն մասին, որ մեղադրյալ Լյովա Մարկոսյանի ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից նրան մեկուսացնելու:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերոգրյալ հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է ինչպես մեղադրյալ Լյովա Մարկոսյանի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և, որ նշված հանգամանքների համակցությունը բավարար է գալու հետևության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու և ըստ այդմ՝ հնարավոր է հասնել պատժի նպատակների իրացվելիությանը:
Այսինքն՝ Առաջին ատյանի դատարանի համոզվածությունն առ այն, որ մեղադրյալ մեղադրյալ Լյովա Մարկոսյանի ուղղումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, բխում է գործի օբյեկտիվ տվյալներից ու դրանց բազմակողմանի և պատշաճ գնահատման արդյունքներից, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանի հետևության հետ վերաքննիչ բողոքում բերված անհամաձայնությունը Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ, այն հիմնավոր չէ, ուստի բողոքաբերի պահանջը՝ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին, ենթակա չէ բավարարման(...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Լյովա Մարկոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այն պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն՝ «(...) Պատժի նպատակներն են` վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործությամբ պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, հանցագործության շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով, ինչպես նաև նշանակվող պատժի` հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամբ»։
ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝
պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»։
Վճռաբեկ դատարանը նշանակված պատժի արդարության և համաչափության հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներով4։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշանակված պատժի արդարության և համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստում է, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ։ Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են։ Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի5, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից։
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Լյովա Մարկոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել ու մեքենայի բեռնախցիկում՛ իր պայուսակի մեջ, պահել և տեղափոխել է ռազմամթերք հանդիսացող՝ «УЗРГМ» տեսակի պայթուցիչով գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի ձեռքի մարտական պաշտպանողական նռնակ6:
- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Լ․Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժը նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում մեղադրյալի կողմից կատարված հանցանքի՝ միջին ծանրության հանցագործությունների շարքին դասվելը, նրա անձը բնութագրող տվյալները՝ դատվածություն չունենալը և դրականորեն բնութագրվելը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները՝ իրեն լիովին մեղավոր ճանաչելը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը, ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին մասնակցելը, մարտական հերթապահություն իրականացնելը, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը։ Նշված հանգամանքների հաշվառմամբ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց Լ․Մարկոսյանի կողմից իր նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու7։
- Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի հիշյալ եզրահանգմանը, ընդգծել է, որ մեղադրյալ Լյովա Մարկոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ իրավական վերլուծության է ենթարկել գործի կոնկրետ հանգամանքները՝ նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ ներկայացված մեղադրանքում լիովին մեղավոր ճանաչելը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը, ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին մասնակցելը, մարտական հերթապահություն իրականացնելն ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը, և նշված հանգամանքների հետ համադրված՝ գնահատելով նաև մեղադրյալի կատարած հանցագործության բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, վերջնական ճիշտ հետևության է հանգել այն մասին, որ մեղադրյալ Լյովա Մարկոսյանի ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից նրան մեկուսացնելու8։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո, ուսումնասիրության և գնահատման ենթարկելով Լ․Մարկոսյանի կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում մեղադրյալ Լ․Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին։
16. Հետևաբար Լ.Մարկոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են։
17. Միևնույն ժամանակ, անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից Լ․Մարկոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության վերաբերյալ բողոքաբերի փաստարկին և հիմք ընդունելով հրազենի և ռազմամթերքի օրինական շրջանառության սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքների վերաբերյալ նախադեպային իրավունքը9, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Լ.Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս վարույթի փաստական հանգամանքները չեն դիտարկել համակցության մեջ և պատշաճ վերլուծության չեն ենթարկել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վերջինիս մեղսագրվող հանցավոր արարքի բնույթը, հանցագործության եղանակն ու հանգամանքները, ինչպես նաև ձեռք բերված ռազմամթերքի տեսակն ու հատկությունները։
Այսպես, մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության տեսանկյունից նախ գնահատման է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով Լ.Մարկոսյանին մեղսագրվում է հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող մեկից ավելի արարքների կատարում, այն է՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռքբերելը, պահելը և տեղափոխելը (փոխադրելը)։ Մասնավորապես, Լ.Մարկոսյանը քննությամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել, մեկ այլ անձի մեքենայի բեռնախցիկում՝ իր պայուսակի մեջ, պահել և տեղափողել է ռազմամթերք հանդիսացող՝ «У3PГM» տեսակի պայթուցիչով գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի ձեռքի մարտական պաշտպանողական նռնակ։
Բացի այդ, դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել ապօրինի շրջանառվող ռազմամթերքի տեսակն ու հատկությունները (ձեռքի մարտական նռնակ), ինչն էականորեն բարձրացնում է ոչ միայն կատարված արարքի, այլև հանցավորի անձի վտանգավորության աստիճանը։
18. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Լ.Մարկոսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Լ.Մարկոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Լ.Մարկոսյանի նկատմամբ նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Լ.Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
19․ Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լ.Մարկոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
20․ Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Լ.Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։
Հետևաբար անհրաժեշտ է Լ.Մարկոսյանի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ու թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 20-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով կարճաժամկետ ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Լ.Մարկոսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Լյովա Ստյոպայի Մարկոսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 20-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հունիսի 10-ի որոշումը փոփոխել։
Լյովա Ստյոպայի Մարկոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով կարճաժամկետ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 20-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով կարճաժամկետ ազատազրկումը։
Պատժի կրման սկիզբը հաշվել Լյովա Ստյոպայի Մարկոսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 219։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 51-54։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 109-112։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշումները:
5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարսևան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14 և Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները։
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
9 Տե՛ս, inter alia, Վճռաբեկ դատարանի` Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Արտակ Հակոբյանի գործով 2022 թվականի մարտի 30-ի թիվ ԼԴ/0090/01/20, Հարություն Իսկանդարյանի գործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԵԴ1/1777/01/23 և Երվանդ Պետրոսյանի գործով 2025 թվականի ապրիլի 25-ի թիվ ԵԴ/1946/01/21 որոշումները:
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: