ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/4076/05/23 Վարչական գործ թիվ ՎԴ/4076/05/23
Մ․ Մելքումյան Դատավորներ՝ Ա Հ.
Նախագահող դատավոր՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Հ. Բեդևյան | |
| զեկուցող |
Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ք. Մկոյան |
2026 թվականի ապրիլի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2025 թվականի որոշման դեմ, վարչական գործով ըստ հայցի Վահրամ Խաչատրյանի ընդդեմ Տեսչական մարմնի՝ Տեսչական մարմնի 04.04.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 0547 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վահրամ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 04.04.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 0547 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 21.05.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2025 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.05.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Սլավիկ Սարգսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործում առկա նյութերի համաձայն՝ հայցվորը 14.03.2023 թվականին ծանուցվել է (փոստային հետադարձ հավաստագիր՝ ALО108436109AM) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու մասին, իսկ հայցվորի լիազորված անձը ծանուցվել է 13.03.2023 թվականին, սակայն վերջիններս չեն ներկայացել և չեն ներկայացրել միջնորդություն՝ այն հետաձգելու վերաբերյալ, որով կարող էին ապահովել հայցվորի իրավունքների իրացումը։ Այսինքն՝ վարչական մարմինը հայցվորին չի զրկել լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունից, ընդհակառակը՝ վերջինս չի ցանկացել իրացնել իր իրավունքները։
Թեև 15.03.2023 թվականի թիվ 0478 արձանագրությունը կազմվել է իրավախախտի բացակայությամբ և արձանագրությունում բացակայում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական իրավախախտում կատարած անձի ստորագրությունը և նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտում կատարած անձի ստորագրելուց հրաժարվելու մասին նշումը, այդուհանդերձ գործի քննության ողջ ընթացքում այդ հանգամանքները չեն ազդել իրավախախտի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված իրավունքների իրակացմանը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարչական մարմինը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ ապահովելով վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու սահմանդրական իրավունքի իրացման հնարավորությունը: Պատշաճ ծանուցված լինելու դեպքում հայցվորի չներկայանալը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը չի կարող արգելք հանդիսանալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն իրավախախտի բացակայությամբ կազմելու, գործի քննություն իրականացնելու և վարչական պատասխանատվություն կիրառելու համար:
Վերաքննիչ դատարանի դատական ակտով չի պարզաբանվել, թե Տեսչական մարմինը, բացի հայցվորի պատշաճ ծանուցումն ապահովելուց, ինչ այլ միջոցներով պետք է ապահովեր իրավախախտի ներկայությունը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը։
Ամբողջ վերոնշյալի հիման վրա պետք է փաստել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում կիրառվող «(...) արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը» եզրույթը դեռևս չի նշանակում, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն իրավախախտի ներկայությամբ կամ մասնակցությամբ կազմելը, վերջինիս կողմից դրա մասին նախապես տեղյակ լինելու պարագայում իմպերատիվ պահանջ է։
Վերաքննիչ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը չպետք է մեկնաբաներ այնպես, որ արդյունքում հաստատված համարեր, որ բացառապես իրավախախտի մասնակցությամբ կամ ներկայությամբ կարող է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը՝ այն դեպքում, երբ իրավախախտը և իր ներկայացուցիչը նախապես ծանուցված են եղել այն կազմելու մասին։ Դեռ ավելին, նույն հոդվածում արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու մասին նշումը դեռևս չի նշանակում, որ այն պարտադիր կերպով պետք է կազմվի իրավախախտի մասնակցությամբ։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2025 թվականի որոշումը և փոփոխել այն կամ գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին և վերջինիս լիազորված անձ Վահե Սեդրակյանին ուղղված 07.03.2023 թվականի թիվ 14/4437-2023 ծանուցագրի համաձայն՝ 15․03.2023 թվականին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը կամ վերջինիս կողմից լիազորված անձը հրավիրվել են մասնակցելու վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնում՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Ա. Խաչատրյան թիվ 116 հասցեում (գ.թ. 57, լազերային կրիչ).
2) Համաձայն ստացման, հանձնման, վճարման, գրանցման մասին թիվ ALO108436109AM ծանուցագրի՝ Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին հասցեագրված թիվ 14/4437-2023 ծանուցագիրը 14.03.2023 թվականին ստացվել է Վահրամ Խաչատրյանի կողմից (գ.թ. 57, լազերային կրիչ).
3) Համաձայն ստացման, հանձնման, վճարման, գրանցման մասին թիվ ALO108436627AM ծանուցագրի՝ Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի լիազորված անձ Վահե Սեդրակյանին հասցեագրված թիվ 14/4437-2023 ծանուցագիրը 13.03.2023 թվականին ստացվել է Վահե Սեդրակյանի կողմից (գ.թ. 57, լազերային կրիչ).
4) Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության ավագ տեսուչներ Մհեր Աղեկյանի և Տաթևիկ Համբարձումյանի կողմից 15.03.2023 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 0478 արձանագրության համաձայն՝ «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատի բժշկական ամբուլատորիայի» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի էլեկտրոնային փոստին ուղարկվել են հետևյալ փաստաթղթերը.
1. Գրետա Գրիգորյանի աշխատանքային պայմանագրերը,
2. Քաղվածքներ հրամանագրքից,
3. Դիմումներ՝ արձակուրդ գնալու մասին,
4. Եզրակացություն և վերջնահաշվարկի հաշվարկ,
5. 2021-2022 թվականների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություն
6․ Բանկային քաղվածք՝ աշխատավարձի և արձակուրդի վճարման վերաբերյալ։
Փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի պահանջը՝ այն է՝ Գրետա Գրիգորյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու օրը (06.09.2022 թվականին) չի կատարվել լրիվ վերջնահաշվարկ, այն է 2004 (13 օր), 2005 (22 օր), 2006 (22 օր), 2007 (22 օր), 2008 (22 օր), 2009 (22 օր), 2012 (22 օր), 2013 (22 օր), 2015 (22 օր), 2016 (14 օր), 2018 (22 օր), 2019 (22 օր), 2020 (22 օր), 2021 (22 օր), 2022 (15 օր) թվականների չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված ընդհանուր գումարով 4.850.501 ՀՀ դրամ միջին աշխատավարձ չի վճարվել։
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը՝ այն է՝ գործատուի մեղքով Գրետա Գրիգորյանի չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի վճարումը չի կատարվել աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետում, ինչպես նաև գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար Գրետա Գրիգորյանին չի վճարել տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի՝ 4.850.501 ՀՀ դրամի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը։
Տվյալ իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածով։
Խախտման համար պատասխանատու է Վահրամ Խաչատրյանը (գ.թ. 36-39).
5) Տեսչական մարմնի 04.04.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 0547 որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը` որպես խախտում թույլ տված անձ, ենթարկվել է՝
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով վարչական տույժի՝ նախազգուշացման,
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի պահանջը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Գրետա Գրիգորյանին օրենքով սահմանված ժամկետում չվճարված վերջնահաշվարկի՝ ամենամյա չօգտագործված արձակուրդային օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի՝ 4.850.501 ՀՀ դրամի մեկ քառորդի չափով՝ 1.212.625 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 40-44)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):
Տվյալ դեպքում օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման առանձնահատկություններին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի առանձնահատկությունները, այդ թվում՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները, ապացույցների տեսակները, դրանց գնահատումը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը ներկայացվող պահանջները, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս և վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պարզման ենթակա հարցերը, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու և վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը կայացնելու կարգն ու պայմանները սահմանող իրավական ակտ է հանդիսանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (…):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Այդ տվյալները, ի թիվս այլնի, հաստատվում են նաև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ:
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ընդհանուր կանոնները, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ և 255-րդ հոդվածներով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) (…):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:
Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:
Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում: (…):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որը մեկնարկում է վարչական արձանագրության կազմմամբ (հարուցման փուլ), որի ընթացիկ փուլում վարչական վարույթն իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի) խնդիրն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված ապացույցների գնահատման արդյունքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ և 279-րդ հոդվածներում նշված հանգամանքները, և երկամսյա ժամկետում վարչական վարույթը եզրափակել կա՛մ վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ, կա՛մ վարույթը կարճելու մասին որոշմամբ (եզրափակիչ փուլ) (տե՛ս, Աշոտ Ազիզյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/9371/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.10.2023 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ևս ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը մեկնարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ և եզրափակվում նույն օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հետևյալ որոշումներից որևէ մեկի կայացմամբ. վարչական տույժ նշանակելու մասին որոշում կամ գործի վարույթը կարճելու մասին որոշում (տե՛ս, Հադի Գուլռոզիին ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6934/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.10.2025 թվականի որոշումը)։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը), ի թիվս այլնի, լուծում է նաև այն հարցը, թե արդյո՞ք ճիշտ են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը։
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավակարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկը պայմանավորելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ՝ օրենսդիրը կարևորել է նշված ապացույցը, ինչն արտահայտվել է մասնավորապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող կոնկրետ պահանջների ամրագրմամբ։ Նշված իրավանորմը, սակայն, չի պարունակում հատուկ կարգավորում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վայրի մասին։ Այդուհանդերձ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ որոշ տեղեկությունների պարտադիր ներառման ենթակա լինելը վկայում է այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես կանոն, պետք է կազմվի վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի մասնակցությամբ կազմելու օրենսդրական կարգավորումը, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու համար, քանի որ վերջինս պետք է իրական հնարավորություն ունենա դիրքորոշում հայտնելու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկի փուլից սկսած և ներկայացնի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ պարտադիր ներառման ենթակա տեղեկություններ՝ դրանով իսկ նպաստելով տվյալ գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, խախտողի բացատրությունը, արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը, վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք, եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում:
Ինչպես վերն արդեն նշվել է, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես կանոն, պետք է կազմվի վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում։ Այս կանոնից, սակայն, որոշ հանգամանքներով պայմանավորված կարող են լինել բացառություններ, որոնց անդրադարձ կկատարվի ստորև։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ առանձին դեպքերում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումներից որոշ մասի պարագայում վերոգրյալ այնպիսի տվյալները, ինչպիսիք են՝ տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, կարող են պարզվել վարչական իրավախախտումը հայտնաբերելու վայրում։ Այսպես օրինակ, որոշ իրավախախտումների՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը» (հոդված 43.1), «Ներտնտեսային հողաշինարարության նախագծերից ինքնագլուխ շեղվելը» (հոդված 57), «Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները կամ պայմանները չկատարելը» (հոդված 63.2), «Անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելը» (հոդված 64), «Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը կամ դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելը» (հոդված 88.1), «Ռադիոկայանքների տեղակայումը և շահագործումը առանց գրանցման կամ առանց թույլտվության» (հոդված 146), «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, տեղադրումը» (հոդված 150.6), «Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելը» (հոդված 154), «Առևտրի, հանրային սննդի, սահմանափակման ենթակա և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը» (հոդված 169.16), «Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը» (հոդված 175) և այլն, դեպքերում վերոգրյալ տվյալները վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ կարող են նշվել միայն այն դեպքում, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմող պաշտոնատար անձը վարչական իրավախախտումը հայտնաբերել է վարչական իրավախախտման վայրում, քանի որ թվարկված հոդվածներում նկարագրված իրավախախտումները, դրանք կատարող սուբյեկտների մասին տվյալները, ինչպես նաև իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը չեն կարող արձանագրվել այն կատարելու վայրից դուրս։
Միևնույն ժամանակ, սակայն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված մի շարք հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումների պարագայում վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտման վայրում կազմելու անհրաժեշտությունը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բացակայում է, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ ներառման ենթակա տեղեկություններին, այդ թվում՝ վարչական իրավախախտման կատարման տեղի, ժամանակի և էության վերաբերյալ, տիրապետելու համար անմիջապես իրավախախտման վայրում գտնվելը պարտադիր չէ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ իրավախախտումները դրսևորվում են օրենքով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմիններ ներկայացնելու սահմանված կարգի խախտումների ձևով և իրավախախտման դեպքը պարզելու համար պետք է ստուգվի միայն համապատասխան փաստաթղթերը ներկայացված լինելու կամ չլինելու, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկությունների ճիշտ կամ սխալ լինելու հանգամանքները։
Այսպես օրինակ, Վարչական իրավախախտումերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներում՝ «Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը» (հոդված 169.1), «Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը» (հոդված 169.2), «Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը» (հոդված 169.8), «Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը, ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը» (հոդված 169.12), «Անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով և ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը» (հոդված 169.18), «Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը» (հոդված 169.18), ««Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը» (հոդված 169.19), «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը» (հոդված 169.24), «Հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելը» (հոդված 169.26), «Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը» (հոդված 169.32), «Զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը կամ պարտադիր օրինակները չուղարկելը կամ թողարկման տվյալները չներառելը» (հոդված 189), «Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն չներկայացնելը կամ դա չհրապարակելը» (հոդված 189.13), «Օրենքով սահմանված փաստաթղթերը պետական լիազոր մարմնին չտրամադրելը» (հոդված 189.14), «Ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից հաշվետվությունները չներկայացվելը» (հոդված 189.30), «Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն չներկայացնելը» (հոդված 201.5) և այլն, նկարագրված իրավախախտումների հայտնաբերումը պայմանավորված է փաստաթղթային ուսումնասիրությամբ, որպիսի պարագայում զանցանքի կոնկրետ սուբյեկտի գտնվելու վայր այցելելու և վարչական իրավախախտման արձանագրությունը տեղում կազմելու անհրաժեշտությունը բացակայում է։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում պետք է կազմվի բոլոր այն դեպքերում, երբ վարչական իրավախախտումը հնարավոր չէ հայտնաբերել վարչական իրավախախտման վայրից դուրս՝ զուտ միայն փաստաթղթային ստուգումների միջոցով և իրավախախտումը կատարող սուբյեկտների մասին տվյալները, ինչպես նաև իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը կարող են արձանագրվել միայն այն կատարելու վայրում, իսկ այն դեպքերում, երբ վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը հնարավոր է պարզել փաստաթղթային ստուգումների միջոցով, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կարող է կազմվել վարչական իրավախախտման վայրից դուրս։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջները պահպանելու անհրաժեշտությանն ու իրական հնարավորությանը՝ պայմանավորված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն ինչպես դրա կատարման վայրում, այնպես էլ կատարման վայրից դուրս կազմելու հանգամանքով։
Այսպես. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտման վայրում կազմելու պարագայում գործում է այն կանխավարկածը, որ ենթադրյալ իրավախախտը գտնվում է վարչական իրավախախտման վայրում և մասնակցում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը, վարչական իրավախախտման վերաբերյալ պաշտոնատար անձին տրամադրում է տեղեկություններ, տալիս է բացատրություն, ստորագրում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կամ հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, որի մասին նշում է արվում արձանագրության մեջ։ Այդուհանդերձ, գործնականում կարող են լինել դեպքեր, երբ ենթադրյալ իրավախախտը բացակայում է վարչական իրավախախտումը կատարելու վայրից և օբյեկտիվ պատճառներով չի կարողանում ներկա գտնվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը կամ իր գործողություններով խուսափում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակից դառնալ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը չի կարգավորել նկարագրված դեպքերում վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի գործողությունների շրջանակը, ինչի հետևանքով վարչական իրավախախտման գործի վերաբերյալ վարույթը հաճախ հնարավոր չի լինում մեկնարկել։ Մասնավորապես՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը պետք է կազմվի ենթադրյալ իրավախախտի մասնակցությամբ, սակայն վերջինս բացակայում է։
Վճռաբեկ դատարանը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը ենթադրյալ իրավախախտի մասնակցությունը կարևորելով հանդերձ, գտնում է, որ վերջինիս բացակայությունը չպետք է արգելք կամ խոչընդոտ հանդիսանա վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ նախաձեռնելու համար։ Ըստ այդմ՝ ելնելով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթում, այդ թվում՝ վարույթի հարուցման փուլից սկսած, անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու օրենսդրական իմպերատիվ պահանջից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ ենթադրյալ իրավախախտը ներկա չէ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը և տվյալ դեպքում հնարավոր չէ ապահովել վերջինիս ներկայությունը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պետք է պատշաճ ձևով ծանուցի ենթադրյալ իրավախախտին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու համար ներկայանալու վայրի և ժամանակի մասին և միայն պատշաճ ծանուցված անձի կողմից անգործություն դրսևորելու, մասնավորապես՝ ծանուցագրում նշված ժամկետում պաշտոնատար անձի հայտնած վայր չներկայանալու պարագայում՝ վերջինս իրավասու է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել ենթադրյալ իրավախախտի բացակայությամբ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը կողմի մասնակցությունն ապահովելը պետք է իրականացվի այն հաշվառմամբ, որ կողմը հնարավորություն ունենա մասնակցելու դրա կազմմանը և ներկայացնելու իր դիրքորոշումը արձանագրվածի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ ծանուցումը պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը դրա կազմմանը։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արձանագրության կազմմանը մասնակցելու իրական հնարավորությունը կարող է երաշխավորվել միայն այն պարագայում, եթե ծանուցումը դրա հասցեատիրոջը հանձնվի արձանագրությունը կազմելու օրվան նախորդող առնվազն երեք աշխատանքային օր առաջ, ինչը հնարավորություն կտա ենթադրյալ իրավախախտին կազմակերպելու իր իրավունքների պաշտպանությունը ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմող պաշտոնատար անձն իրավասու կլինի արձանագրությունը ենթադրյալ իրավախախտի բացակայությամբ կազմել միայն այն դեպքում, երբ իր տիրապետության տակ առկա լինի վերջինիս պատշաճ ծանուցված լինելու փաստը հաստատող թույլատրելի ապացույց։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում ամրագրված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու կառուցակարգը պետք է հանգի հետևյալին.
Առաջին՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտումը կատարելու վայրում՝ ենթադրյալ իրավախախտի մասնակցությամբ, եթե վարչական իրավախախտումը կարող է հայտնաբերվել միայն վարչական իրավախախտման վայրում։
Երկրորդ՝ ենթադրյալ իրավախախտի բացակայության պատճառով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտումը կատարելու վայրում կազմելու անհնարինության դեպքում, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կարող է կազմվել վարչական իրավախախտման վայրից դուրս՝ պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձևով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի և վայրի մասին։
Երրորդ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտումը կատարելու վայրից դուրս, եթե վարչական իրավախախտումը հնարավոր է հայտնաբերել վարչական իրավախախտման վայրից դուրս՝ զուտ միայն փաստաթղթային ստուգումների միջոցով՝ պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձևով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի և վայրի մասին։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունն ապահովելու պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում վարչական մարմինն իրավասու է գործը քննել տվյալ անձի բացակայությամբ: Հետևաբար վարչական մարմնի ուղղակի պարտականությունն է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ քննելը, բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական վարույթի մասնակիցը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վայրի և ժամանակի մասին, սակայն չի ցանկացել իրացնել գործի քննությանը մասնակցելու իր իրավունքը, ինչպես նաև եթե վարչական վարույթի մասնակիցը միջնորդություն չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման կապակցությամբ հարկ է համարել արձանագրել, որ իրավունքի սուբյեկտներին սուբյեկտիվ իրավունքներ վերապահելուց զատ, օրենսդիրը կանխորոշել է նաև այդ իրավունքների իրացման սահմանները։ Եթե իրավունքի սուբյեկտն անտեսում է օրենքով նախատեսված սահմանափակումները, ապա թույլ է տալիս իրավունքի չարաշահում (տե՛ս Արթուր Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8816/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը և իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու Վճռաբեկ դատարանի առաքելությունը և այդ առումով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են բավարարված համարվել ինչպես այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտման կատարման վայրում՝ ենթադրյալ իրավախախտի մասնակցությամբ, այնպես էլ այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտման կատարման վայրից դուրս՝ պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձևով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի և վայրի մասին։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Վահրամ Խաչատրյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 04.04.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 0547 որոշումը։
Դատարանը 21.05.2024 թվականի վճռով հայցը բավարարել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) արձանագրության վրա բացակայում են այն անձի ստորագրությունը, ում նկատմամբ այն կայացվել է, բացակայում են նաև որևէ նշում կապված սույն արձանագրության հասցեատիրոջ կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու վերաբերյալ, որպիսի պարագայում դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ սույն գործով հայցվորը մասնակից չի դարձվել արձանագրության կազմման գործընթացին:
Ինչ վերաբերում է պատասխանողի դիրքորոշմանն առ այն, որ 07.03.2023թ. թիվ 14/4437-2023 ծանուցագրով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմման համար հայցվորը հրավիրվել է Տեսչական մարմին, սակայն չի ներկայացել, ապա դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Արձանագրության կազմմանը կողմի մասնակցությունն ապահովելը պետք է իրականացվի այն հաշվառմամբ, որ կողմը հնարավորություն ունենա մասնակցելու դրա կազմմանը և ներկայացնելու իր դիրքորոշումը արձանագրվածի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ ծանուցումը պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը դրա կազմմանը:
(…) Տվյալ դեպքում ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը և վերջինիս լիազորված անձ Վահե Սեդրակյանը հրավիրվել են մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը 15.03.2023թ., մինչդեռ ծանուցագիրը հայցվորի կողմից ստացվել է 14.03.2023թ., իսկ Վահե Սեդրակյանի կողմից՝ 13.03.2023թ., այսինքն նշանակված օրվանից համապատասխանաբար մեկ և երկու օր առաջ։
(…) նման պայմաններում հայցվորը գործնականում չէր կարող ողջամտորեն ապահովել իր իրավունքի իրացումը։
(…) արձանագրությունը, որի հիման վրա կայացվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 04.04.2023թ. վարչական տույժ նշանակելու մասին թիվ 0547 որոշումը, չի համապատասխանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված՝ վարչական իրավախախտման արձանագրության կազմման գործընթացին ներկայացնող վավերապայմաններին»:
Վերաքննիչ դատարանը 07.05.2025 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 21.05.2024 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված պահանջների խախտմամբ: Մասնավորապես՝ դրանում բացակայում է Հայցվորի ստորագրությունը, ինչպես նաև որևէ նշում՝ արձանագրությունը ստանալուց հրաժարվելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները պարզաբանված լինելու վերաբերյալ, որպիսի պայմաններում օրենքի խախտմամբ կազմված արձանագրությունը չի կարող հիմք հանդիսանալ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
Բացի այդ, Պատասխանողը վերաքննիչ բողոքով ևս հաստատել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Հայցվորի բացակայությամբ կազմված լինելու փաստական հանգամանքը: Ավելին՝ նշված հանգամանքը հաստատվում է նաև Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետի 07.03.2023 թվականի թիվ 14/4437-2023 ծանուցմամբ, որով Վահրամ Խաչատրյանը հրավիրվել են մասնակցելու Վ/Դ-034 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը:
(…) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ կազմելու կանոնը չի կարող նույնացվել նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության անցկացման տեղի և ժամանակի մասին ծանուցելու՝ վարչական մարմնի պարտականությունը սահմանող կանոնին: (…)»։
Վերը նշված վերլուծությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով վիճարկվող Տեսչական մարմնի 04.04.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 0547 որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը` որպես խախտում թույլ տված անձ, ենթարկվել է՝
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով վարչական տույժի՝ նախազգուշացման,
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի պահանջը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Գրետա Գրիգորյանին օրենքով սահմանված ժամկետում չվճարված վերջնահաշվարկի՝ ամենամյա չօգտագործված արձակուրդային օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի՝ 4.850.501 ՀՀ դրամի մեկ քառորդի չափով՝ 1.212.625 ՀՀ դրամ վարչական տուգանքի։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ «Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը» վերտառությամբ 169.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգում անել այն մասին, որ դրանում նկարագրված իրավախախտումը հայտնաբերելու և արձանագրելու համար բավարար է փաստաթղթային ստուգում իրականացնելը, ուստի արձանագրությունը գործատուի գտնվելու վայրում կազմելու անհրաժեշտությունը բացակայում է, և այն կարող է կազմվել վարչական իրավախախտման կատարման վայրից դուրս՝ պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձևով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի և վայրի մասին։
Տվյալ դեպքում Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին և վերջինիս լիազորված անձ Վահե Սեդրակյանին ուղղված 07.03.2023 թվականի թիվ 14/4437-2023 ծանուցագրի համաձայն՝ 15․03.2023 թվականին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը կամ վերջինիս կողմից լիազորված անձը հրավիրվել են մասնակցելու վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը պետք է տեղ ունենար Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնում՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Ա. Խաչատրյան թիվ 116 հասցեում։
Համաձայն ստացման, հանձնման, վճարման, գրանցման մասին թիվ ALO108436109AM և թիվ ALO108436627AM ծանուցագրերի՝ Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին և վերջինիս լիազորված անձ Վահե Սեդրակյանին հասցեագրված թիվ 14/4437-2023 ծանուցագրերը ստացվել են Վահրամ Խաչատրյանի և վերջինիս լիազորված անձ Վահե Սեդրակյանի կողմից համապատասխանաբար՝ 14.03.2023 թվականին և 13.03.2023 թվականին։
Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության ավագ տեսուչներ Մհեր Աղեկյանի և Տաթևիկ Համբարձումյանի կողմից 15.03.2023 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 0478 արձանագրությունը, որի համաձայն՝ «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատի բժշկական ամբուլատորիայի» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի էլեկտրոնային փոստին ուղարկված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի պահանջը՝ այն է՝ Գրետա Գրիգորյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու օրը (06.09.2022 թվականին) չի կատարվել լրիվ վերջնահաշվարկ, այն է 2004 (13 օր), 2005 (22 օր), 2006 (22 օր), 2007 (22 օր), 2008 (22 օր), 2009 (22 օր), 2012 (22 օր), 2013 (22 օր), 2015 (22 օր), 2016 (14 օր), 2018 (22 օր), 2019 (22 օր), 2020 (22 օր), 2021 (22 օր), 2022 (15 օր) թվականների չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված ընդհանուր գումարով 4.850.501 ՀՀ դրամ միջին աշխատավարձ չի վճարվել։
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը՝ այն է՝ գործատուի մեղքով Գրետա Գրիգորյանի չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի վճարումը չի կատարվել աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետում, ինչպես նաև գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար Գրետա Գրիգորյանին չի վճարել տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի՝ 4.850.501 ՀՀ դրամի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը։
Վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 0478 արձանագրության մեջ նշվել է, որ տվյալ իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածով։ Որպես խախտման համար պատասխանատու նշվել է Վահրամ Խաչատրյանը։ Արձանագրության վրա բացակայում է իրավախախտում կատարած անձի ստորագրությունը, արձանագրությունը ստանալու, ինչպես նաև առկա չէ արձանագրությունը ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու վերաբերյալ որևէ նշում։
Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում վերահաստատել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի մասնակցությամբ կազմելու օրենսդրական կարգավորման նպատակի վերաբերյալ վերն արտահայտված իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ այն միտված է անձի լսված լինելու իրավունքի իրացման ապահովմանը, հետևաբար վարչական մարմինը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի այդ իրավունքի արդյունավետ իրացման համար։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վահրամ Խաչատրյանը և վերջինիս լիազորված անձ Վահե Սեդրակյանը 07.03.2023 թվականի թիվ 14/4437-2023 ծանուցագրով հրավիրվել են մասնակցելու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը պետք է տեղի ունենար Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնում՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Ա. Խաչատրյան թիվ 116 հասցեում՝ 15․03.2023 թվականին՝ ժամը 11։00-ին։ Վահրամ Խաչատրյանը նշված ծանուցագիրը ստացել է 14.03.2023 թվականին, իսկ Վահե Սեդրակյանը՝ 13.03.2023 թվականին, սակայն վերջիններս չեն ներկայացել արձանագրության կազմմանը, և այն կազմվել է նրանց բացակայությամբ։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտի բացակայությամբ կազմելու համար անհրաժեշտ պայմանը, այն է՝ վերջինիս պատշաճ ծանուցված լինելու փաստը հաստատող բավարար ապացույցը, սույն գործում բացակայում է։
Այսպես. թեև գործում առկա ստացման, հանձնման, վճարման, գրանցման մասին թիվ ALO108436109AM և թիվ ALO108436627AM ծանուցագրերի համաձայն՝ Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին և վերջինիս լիազորված անձ Վահե Սեդրակյանին հասցեագրված թիվ 14/4437-2023 ծանուցագրերը Վահրամ Խաչատրյանի և վերջինիս լիազորված անձ Վահե Սեդրակյանի կողմից ստացվել են համապատասխանաբար 14.03.2023 թվականին և 13.03.2023 թվականին, այդուհանդերձ գործում բացակայում է ապացույց այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու պահին՝ 15.03.2023 թվականի դրությամբ վարչական մարմնի տիրապետության տակ եղել են ծանուցագիրը վերջիններիս կողմից ստանալու վերաբերյալ ապացույցները։ Ավելին, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը նշում չի պարունակում ենթադրյալ իրավախախտի կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու մասին։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում եզրահանգում անել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտի բացակայությամբ կազմելու իրավական հնարավորության մասին և գտնում է, որ սույն գործով վիճարկվող 04.04.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 0547 որոշման իրավաչափության գնահատման համար այդ հարցի պարզումն ունի էական նշանակություն, ինչը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու, այդ թվում՝ հայցվորի կողմից ներկայացված բոլոր փաստերին անդրադառնալու և իրավական գնահատկան տալու միջոցով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: