ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ1/1743/01/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.02.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Գ. Գասպարյան

ԵԴ1/1743/01/24

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  ՏԳրիգորյան

դատավորներ՝

 Մ. Հարությունյան

 Ա. Նիկողոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ. ԹԱԴևոՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

27 փետրվարի 2026 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2024 թվականի մայիսի 6-ին` Վարդան Իշխանի Մելքոնյանը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է թիվ 11-0298-24 քրեական վարույթը:

2024 թվականի մայիսի 9-ին Վարդան Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել։

2024 թվականի մայիսի 9-ին ՎՄելքոնյանն ազատ է արձակվել, և նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

2024 թվականի հուլիսի 18-ին նախաքննության մարմնի որոշմամբ թիվ 11-0298-24 քրեական վարույթից անջատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված թիվ 11155924 քրեական վարույթը։

2024 թվականի հուլիսի 29-ին թիվ 11-0298-24 քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

 2Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճռով Վարդան Մելքոնյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ առանց վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականությունների սահմանմամբ: ՎՄելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

3. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ ԴԹադևոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հունվարի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման իրավաչափության վերաբերյալ հետևություններն անհիմն են, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, ուստի կայացված որոշումը ենթակա է բեկանման:

51 Բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարցը քննարկելիս, ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Մասնավորապես՝ որպես մեղադրյալ Վարդան Մելքոնյանի անձը դրական բնութագրող տվյալ, ստորադաս դատարանները հաշվի են առել, որ նա նախկինում դատապարտված չի եղել, մինչդեռ, բողոքաբերի պնդմամբ՝ նշված հանգամանքն օբյեկտիվորեն չի կարող համարվել նրա կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը նվազեցնող՝ հաշվի առնելով այն, որ անձի դատապարտված չլինելը բնութագրական է անձանց լայն շրջանակի և, ինքնին, պատիժը պայմանականորեն չկիրառելու համար չի կարող հիմք հանդիսանալ։

Անդրադառնալով մեղադրյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող գնահատված հանգամանքին, մասնավորապես՝ իրեն մեղավոր ճանաչելուն և կատարած արարքի համար զղջալուն, բողոքաբերը փաստել է, որ դրա ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի և չափի վրա մեխանիկական չէ և կախված է մեղմացնող նշանակությունից, որոշվում է այդ հանգամանքի էության, արժեքի և կատարված արարքի հետ դրանց հարաբերակցության գնահատմամբ։

52 Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Վարդան Մելքոնյանն ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն ունի սինթետիկ ծագում և անձի օրգանիզմի վրա դրա բացասական ազդեցության աստիճանն ավելի բարձր է, ինչպես նաև այն հանգամանքը, որ Վարդան Մեքոնյանը որևէ հիվանդությամբ չի տառապել և նրա կողմից վերոնշյալ թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելն ու պահելը հիվանդությամբ պայմանավորված ցավերը թեթևացնելու նպատակ չեն հետապնդել:

53 Բողոքաբերը նշել է նաև, որ առկա է անհստակություն Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերում՝ կապված մեղադրյալի նկատմամբ սահմանված փորձաշրջանի ժամկետի հետ:

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մեղադրյալ Վ.Մելքոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի որոշումը, մեղադրյալ Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել ու թողնել կրելու նրա նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վարդան Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է ներկայացվել, և նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «(…) [Նա] խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործող) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-ն որոշման պահանջները, քննությամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի՝ իր անձնական օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել և հագին եղած վերարկուի գրպաններում ապօրինի պահել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը թունավոր նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707 որոշման 1-ին հավելվածով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 1.36 գրամ հաստատուն քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց` պոլիէթիլենային 2 փաթեթի մեջ փաթեթավորված, որը 2024 թվականի մայիսի 06-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀ բաժնի աշխատակիցների կողմից նրան Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին բերելուց հետո հայտնաբերվել է նրա անձնական խուզարկությամբ (…)»1։

8. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ Վ.Մելքոնյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով, արձանագրել է հետևյալը. «(...) Հաստատված համարելով մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի: (...)

Անդրադառնալով մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի կատարած հանցագործությունների համար պատասխանատվության և պատժի հարցերին՝ Դատարանը եկավ հետևյալ եզրահանգման

Վարդան Իշխանի Մելքոնյանի անձը բնութագրող հանգամանքներ պետք է դիտել նախկինում դատապարտված չլինելը:

Վարդան Իշխանի Մելքոնյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք պետք է դիտել իրեն մեղավոր ճանաչելը, կատարածի համար զղջալը: 

Վարդան Իշխանի Մելքոնյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն: (...)

Դատարանը մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում ինչպես նրա կատարած հանցագործությունների բնույթը, եղանակն ու նպատակը, վերջինիս պատիժը մեղմացնող հանգամանքները, պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, դիտավորության տեսակը, հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի վրա պատժի ազդեցությունը, այնպես էլ նրա անձը բնութագրող տվյալները: (...)

Դատարանը, հաշվի առնելով Վարդան Իշխանի Մելքոնյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողության վտանգավորության աստիճանը, նրա անձը, նրան բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը գտնում է, որ պատժի նպատակներն ապահովելու համար նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար պատիժ պետք է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: (...)

Դատարանը հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի դրույթները, մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մեղադրյալը չի օգտագործում թմրանյութ, որը հաստատվել է ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ից տրված տեղեկանքի, գտնում է, որ մեղադրյալի կողմից կատարված հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը, ուստի Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել և պետք է սահմանել փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով (...)»2։

9. Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունվարի 16-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ ստուգման և գնահատման է ենթարկել նրա անձը բնութագրող բարոյահոգեբանական և սոցիալ-հոգեբանական հատկանիշները, վերջինիս պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքի առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

5.10. Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի նյութերում առկա՝ մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի անձը բնութագրող փաստական տվյալների, քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքի համակցությունը, մասնավորապես՝ նախկինում դատապարտված չլինելը, ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը և կատարածի համար զղջալը, ինչպես նաև քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, վկայում է մեղադրյալի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու աննպատակահարմարության ու առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, ուստի վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության՝ համակողմանի վերլուծության ենթարկելով կատարված արարքի հանրային վտանգավորությունը և բնույթը, մեղադրյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքի, անձը բնութագրող տվյալների համակցությունը։

Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված վերոնշյալ հանգամանքներն էականորեն նվազեցնում են մեղադրյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը և վկայում այն մասին, որ սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը և հանցագործությունների կանխումը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վարդան Իշխանի Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր են (...)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ Վարդան Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում4: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։

12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա5` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն6:

ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝

(...)

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով (...)»:

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ Վ.Մելքոնյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի դրույթները, մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքն ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ մեղադրյալը չի օգտագործում թմրանյութ, ինչը հաստատվել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ից տրված տեղեկանքով, գտել է, որ մեղադրյալի կողմից կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը, ուստի մեղադրյալ Վարդան Մելքոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով7։

- Վերաքննիչ դատարանը, ըստ էության համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ, 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճիռը թողել է անփոփոխ8։

14. Վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալ Վ.Մելքոնյանին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություն,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ,

գ) մեղադրյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանրացնող հանգամանքի առկայությունը, այն է՝ հանցանքն առանձնապես խոշոր չափերով կատարելը,

դ) շրջանառվող թմրամիջոցի տեսակը և չափը, այն, որ մեղադրյալը ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 1.36 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել՝ ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Վ.Մելքոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Վ.Մելքոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ մեղադրյալի անձը բնութագրող և քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ նախկինում դատապարտված չլինելը, ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը և կատարած արարքի համար զղջալը, քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, իրենց համակցության մեջ չեն կարող ողջամտորեն փաստել Վ.Մելքոնյանի կատարած արարքի և նրա անձի՝ հանրային վտագավորության աստիճանի նվազեցման մասին և մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք հանդիսանալ։

17 Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վ.Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

18 Անդրադառնալով բողոքաբերի կողմից՝ սույն որոշման 53-րդ կետում վկայակոչված փաստարկին առ այն, որ առկա է անհստակություն Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերում՝ կապված մեղադրյալի նկատմամբ սահմանված փորձաշրջանի ժամկետի հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում վերոնշյալ փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։

19 Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Վ.Մելքոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում։ Հետևաբար, անհրաժեշտ է Վ.Մելքոնյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 16-ի դատական ակտը փոփոխել։ Վ.Մելքոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճռով նրա նկատմամբ նշանակված՝ 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը։ Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին պետք է հաշվակցել 2024 թվականի մայիսի 6-ից մինչև մայիսի 9-նն ընկած ժամանակահատվածում Վ.Մելքոնյանի անազատության մեջ գտնվելու՝ 3 (երեք) օր ժամկետը, և նրան թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վարդան Իշխանի Մելքոնյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի հունվարի 16-ի որոշումը փոփոխել։ Վ.Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճռով նշանակված՝ 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ հաշվակցել Վարդան Իշխանի Մելքոնյանի՝ անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օր ժամկետը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։

Պատժի կրման սկիզբը հաշվել Վարդան Իշխանի Մելքոնյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_____________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 53-54։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 33-35։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 38-48։

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ. ԹադևոՍՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան