ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Բ. Բախշիյան |
ՍԴ3/0005/11/21 ՍԴ3/0006/11/21 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||
|
| |||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
13 փետրվարի 2026 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ա.Վ.Հ.-ի և Մ.Գ.Ա.-ի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշումների դեմ տուժողի իրավահաջորդ Ա.Ա.Մ.-ի ներկայացուցիչ Ա.Մկրտչյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2020 թվականի հունվարի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող Ա.Ղ.-ի մահվան փաստի առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ ******** քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Ա.Մ.-ը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 30-ի որոշմամբ Հ.Ջ.ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 30-ի որոշմամբ Ա.Ղ.-ին բուժօգնություն ցուցաբերած բժիշկներ Կ.Մ.-ի, Վ.Պ.-ի, Ս.Գ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 4-ի որոշումներով Ա.Վ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ Մ.Գ.Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործով վարույթը կարճվել է՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Թիվ երրորդ կայազորի զինվորական դատախազի պաշտոնակատար Է.Աղաբալյանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի և թիվ երրորդ կայազորի զինվորական դատախազ Հ.Մկրտչյանի՝ 2021 թվականի հունիսի 7-ի որոշումներով տուժողի իրավահաջորդ Ա.Մ.-ի ներկայացուցիչ Ա.Հոբոսյանի ներկայացրած բողոքները վերոնշյալ որոշումների դեմ մերժվել են:
2. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումներով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Հոբոսյանի բողոքները վերոնշյալ որոշումների դեմ մերժվել են:
3. Վերոնշյալ որոշումների դեմ տուժողի իրավահաջորդ Ա.Մ.-ի ներկայացուցիչ Ա.Հոբոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշումներով բողոքները մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումները:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումների դեմ տուժողի իրավահաջորդ Ա.Մ.-ի ներկայացուցիչ Ա.Մկրտչյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոքներ է ներկայացրել, որոնք Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մարտի 1-ի որոշումներով ընդունվել են վարույթ և սահմանվել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգեր:
5. Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող թիվ ՍԴ3/0005/11/21 և թիվ ՍԴ3/0006/11/21 դատական վարույթները միացվել են մեկ վարույթում:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Թիվ ՍԴ3/0005/11/21 և ՍԴ3/0006/11/21 գործերի շրջանակներում, բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները կայացրել են անօրինական և ոչ հիմնավոր դատական ակտեր, որոնք էլ հանգեցրել են տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտման։
Բողոքաբերը նշել է, որ չի վիճարկում նախաքննական մարմնի կողմից պատշաճ ջանասիրություն դրսևորելը. կատարվել են մի շարք քննչական գործողություններ, սակայն իրականացված քննչական գործողությունները պատշաճ գնահատման չեն ենթարկվել:
7. Բողոքի հեղինակը թիվ ՍԴ3/0005/11/21 վարույթով ներկայացված բողոքում նշել է, որ թիվ ******** քրեական գործի շրջանակներում պատշաճ գնահատման չեն ենթարկվել Ա.Հ.-ի հարցաքննության արձանագրությունը, դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0015/1 և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 153/hձ եզրակացությունները:
Բողոք բերած անձը փաստել է, որ տուժող Ա.Ղ.-ի անձնական գործում առկա փաստաթղթերի համաձայն՝ վերջինս բացի գիշերամիզությունից և հարթաթաթությունից ունեցել է նաև առողջական այլ խնդիրներ. գանգատվել է ոտքերի, գլխի ցավերից, եղել է դեպք, որ ուշագնաց է եղել, և, բացի այդ, նախքան զորակոչվելը, նրա նկատմամբ 2016 թվականի փետրվարի 3-ին իրականացված էլեկտրասրտագրության ժապավենից պարզ է դարձել, որ Ա.Ղ.-ն մինչև զորակոչվելը տառապել է սրտի հիվանդությամբ, որն էլ նրա մահվան պատճառ է դարձել։ Մասնավորապես, 2016 թվականի փետրվարի 3-ին, մինչև զորակոչվելը, երբ Ա.Ղ.-ն «Արմավիր» ՓԲԸ-ում անցել է բժշկական հետազոտություններ, էլեկտրասրտագրության ժապավենի վրա հստակ նկատելի են եղել Ա.Ղ.-ի մոտ առկա խնդիրները, ինչը հաստատվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 153/հձ եզրակացությամբ, սակայն վերջինիս նկատմամբ էլեկտրասրտագրության եզրակացություն տվող բժիշկը՝ Ա.Հ.-ն, ժապավենի վրա առկա խնդիրները չի նկատել։ Ընդ որում, Ա.Հ.-ն իր հարցաքննության ընթացքում հստակ նշել է, որ այդ խնդիրները չի տեսել եզրակացություն տալու ընթացքում և եթե տեսներ՝ պարտավոր էր դրանք եզրակացության մեջ ներառել։ Արդյունքում, Ա.Ղ.-ն զորակոչվել է ծառայության և որևէ տեղում չի հիշատակվել վերջինիս մոտ առկա առողջական խնդիրների մասին։
Բողոքաբերը փաստել է, որ 2016 և 2018 թվականների էլեկտրասրտագրության ժապավեններում եղել են սրտի զարկերի տատանումներ, սակայն Ա.Հ.-ն նույնիսկ այդ պայմաններում չի նկատել Ա.Ղ.-ի առողջական խնդիրները։
Բողոք բերած անձը նշել է, որ Ա.Ղ.-ն փաստացի մինչև զորակոչվելը տառապել է մահվան պատճառ դարձած հիվանդություններով։
Բողոքի հեղինակը նաև նշել է, որ փորձագետներին առաջադրվել է հետևյալ հարցը՝ Ա.Ղ.-ի մոտ առկա հիվանդությունները կարո՞ղ էին կամ պե՞տք է արդյոք հայտնաբերվեին նախազորակոչային, ինչպես նաև՝ զորակոչային հետազոտությունների ընթացքում, թե ոչ, եթե այո, ապա նշված հիվանդությունները կոնկրետ ինչպիսի՞ հետազոտություններով պետք է հայտնաբերվեին, սակայն հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 153/hձ եզրակացությամբ այդ հարցին հստակ պատասխան չի տրվել։
Արդյունքում բողոքաբերը եկել է հետևության, որ անհրաժեշտություն է առաջացել նախաքննության ընթացքում նշանակել լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն՝ պարզելու համար Ա.Հ.-ի կողմից բժշկական սխալի առկայության կամ բացակայության հանգամանքը։ Մինչդեռ, այն հանգամանքով պայմանավորված, որ, այնուամենայնիվ, Ա.Ղ.-ն ծառայել է վերապահումով, ընդ որում առկա հիվանդության հայտնաբերման դեպքում ևս պետք է ծառայեր վերապահումով, նախաքննական մարմինն այլևս չի նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ պարզելու համար Ա.Հ.-ի մեղավորության հանգամանքը, մինչդեռ պարտավոր էր այն նշանակել, որի պատասխանից հետո միայն կարող էր անդրադառնալ Ա.Ղ.-ի մահվան և բժշկական սխալի պատճառահետևանքային կապին։ Մասնավորապես, այն պայմաններում, երբ չի պարզվել, թե Ա.Ղ.-ի մոտ առկա հիվանդությունների պայմաններում ինչպիսի վերապահումներից նա պետք է օգտվեր, ստորադաս դատարանները, նախաքննական մարմնի որոշումը չվերացնելով, ևս կայացրել են անօրինական և ոչ հիմնավոր դատական ակտեր, ինչն էլ հանգեցրել է տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտման։
7.1. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ՍԴ3/0005/11/21 որոշումը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ պարտավորեցնելով նախաքննության մարմնին վերացնել Ա.Մ.-ի իրավունքերի խախտումը։
8. Բողոքի հեղինակը թիվ ՍԴ3/0006/11/21 վարույթով ներկայացված բողոքում նշել է, որ թիվ ******** քրեական գործի շրջանակներում պատշաճ գնահատման չեն ենթարկվել սրտաբան Մ.Ա.-ի հարցաքննության արձանագրությունը, դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0015/1 և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 153/hձ եզրակացությունները։
Բողոքի հեղինակը նշել է, որ զինվորական ծառայության պիտանելիության որոշման համար հետազոտություններ անցնելն ինքնանպատակ չէ, և սույն դեպքում, երբ Ա.Ղ.-ն իր առողջական վիճակի վերաբերյալ կազմված փաստաթղթերով հետազոտություն պետք է անցներ սրտաբան Մ.Ա.-ի մոտ, վերջինս Ա.Ղ.-ին առհասարակ որևէ զննության չի ենթարկել, այլ ուսումնասիրել է միայն նրա բժշկական փաստաթղթերը և համարել պիտանի զինվորական ծառայության համար։
Բողոքաբերը փաստել է, որ Մ.Ա.-ն միայն Ա.Ղ.-ի գիշերամիզության և հարթաթաթության խնդիրն է նկատել և այդ հիմքով համարել, որ նա պիտանի է ծառայության համար, սակայն սահմանափակումով։ Բողոքաբերն ընդգծել է, որ Մ.Ա.-ն ևս չի նկատել Ա.Ղ.-ի մոտ առկա խնդիրները, մասնավորապես էլեկտրասրտագրության ժապավենի վրա առկա խնդիրը, որի պայմաններում կրում էր Ա.Ղ.-ին նեղ մասնագիտական հետազոտությունների ուղարկելու պարտականություն։
Արդյունքում, Ա.Ղ.-ն զորակոչվել է ծառայության և որևէ տեղում չի հիշատակվել վերջինիս մոտ առկա առողջական խնդիրների մասին:
Բողոքի հեղինակը վկայակոչել է սրտաբան Մ.Ա.-ի ցուցմունքը, որի համաձայն՝ եթե զորակոչիկի մոտ նկատելի են լինում նման խնդիրներ, ապա ինքը պարտավոր է զորակոչիկին ուղարկել նեղ մասնագիտական հետազոտության, որից հետո միայն կարող է որոշվել զորակոչիկի պիտանելիությունը զինծառայության համար, սակայն ինքն Ա.Ղ.ի մոտ առկա խնդիրները չի նկատել, հիմնվել է էլեկտրասրտագրության վերաբերյալ Ա.Հ.-ի տված եզրակացության
վրա, և արդյունքում Ա.Ղ.-ին ճանաչել է պիտանի զինվորական ծառայության համար:
Հետևաբար, բողոքաբերը եզրակացրել է, որ փաստացի Ա.Ղ.-ն մինչև զորակոչվելը տառապել է իր մահվան պատճառ դարձած հիվանդություններով, այն է՝ «սուր սրտային անբավարարություն և թոքերի արտահայտված այտուց, որը պայմանավորված է սրտամկանի գերաճով` 370.0 գր., պսակաձև զարկերակների թույլ արտահայտված աթերոսկլերոզով, փխրուն շարակցահյուսվածքային թույլ արտահայտված ներաճով սրտամկանի հենքում, սրտամկանի ծանր դիստրոֆիայով՝ օջախային նեկրոզներով, 62.0 նգ/մլ տրոպոնինի առկայությամբ արյան մեջ, մակերիկամների արտահայտված այտուցով, կեղևային և միջուկային նյութերի գերարյունությամբ, բազմաթիվ մանրօջախային արյունազեղումներով», սակայն Ա.Հ.-ն, այնուհետև Մ.Ա.-ն այդ խնդիրները չեն նկատել, որով պայմանավորված Ա.Ղ.-ն նեղ մասնագիտական հետազոտություններ չի անցել, որի հետևանքով եզրակացության մեջ այդ մասին չի նշվել, ինչը բժշկական սխալ է, որը և հանգեցրել է Ա.Ղ.-ի մահվան։
Բողոքի հեղինակը փաստել է, որ անհրաժեշտ է նշանակել լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն՝ պարզելու համար Մ.Ա.-ի մեղավորության հանգամանքն Ա.Ղ.-ի մահվան մեջ, քանի որ թիվ 153/հձ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ այդ հարցի պատասխանը հստակ չի տրվել։ Բողոքի հեղինակը նշել է, որ նախաքննական մարմինը միայն այդ հարցի պատասխանից հետո կարող էր անդրադառնալ Ա.Ղ.-ի մահվան և Մ.Ա.-ի պաշտոնական անփութության պատճառահետևանքային կապին։
8.1. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ՍԴ3/0006/11/21 որոշումը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ պարտավորեցնելով նախաքննության մարմնին վերացնել տուժողի իրավահաջորդ Ա.Մ.-ի իրավունքերի խախտումը։
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0015/1 եզրակացության համաձայն՝ «(...) Ա.Ղ.-ի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները՝ քերծվածքներ աջ քթանցուղու վրա, ստորին շրթունքի ձախ կեսի առաջային մակերեսին, կարմիր երիզի ընդգրկումով, որոնք պատճառվել են կենդանության օրոք, բութ, կոշտ առարկաների ներգործությամբ, վաղեմությամբ ունեն մահվանից 4-5 օր առաջվա վաղեմություն, չեն գտնվում պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ և նման վնասվածքները կենդանի անձանց մոտ առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Հայտնաբերվել է նաև արյունազեղում գլխի մաշկի տակ աջից ճակատային թմբկության շրջանում, որը պատճառվել է կենդանության օրոք, մահվանից կարճ ժամանակ առաջ (վայրկյաններ, րոպեներ) հետևանք է բութ, կոշտ առարկայի ներգործության, հնարավոր է նման վնասվածքի առաջանալու հնարավորությունը սեփական հասակի բարձրությունից վայր ընկնելու արդյունքում, չի գտնվում պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ և նման վնասվածքը կենդանի անձանց մոտ առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Հայտնաբերվել են նաև ներարկման հետքեր ձախ վերին վերջույթի շրջանում, որոնք հետևանք են բժշկական միջամտությունների:
Ելնելով վաղ դիակային երևույթների զարգացման աստիճանից Ա.Ղ.-ի մահը վրա է հասել դիակի դատաբժշկական փորձաքննությունից 24 ժամից առաջ ժամանակահատվածում: Ա.Ղ.-ի մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտային անբավարարությունը և թոքերի արտահայտված այտուցը, որը պայմանավորված է սրտամկանի գերաճով՝ 370.0 գր., պսակաձև զարկերակների թույլ արտահայտված աթերոսկլերոզով, փուխր շարակցահյուսվածքային թույլ արտահայտված ներաճով սրտամկանի հենքում, սրտամկանի ծանր դիստրոֆիայով՝ օջախային նեկրոզներով, 62.0 նգ/մլ տրոպոնինի առկայությամբ արյան մեջ, մակերիկամների արտահայտված այտուցով, կեղևային և միջուկային նյութերի գերարյունությամբ, բազմաթիվ ամնօջախային արյունազեղումներով, որոնցով հանգուցյալը տառապել է կենդանության օրոք և վերջիններս էլ բերել են մահվան: Ա.Ղ.-ն կենդանության օրոք տառապել է նաև գիշերամիզությամբ, որը սակայն չի գտնվում պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ: Ա.Ղ.-ի արյունը պատկանում է երկրորդ խմբին: Ա.Ղ.-ի արյան և մեզի դատաքիմիական ուսումնասիրությամբ, մեզի մեջ հայտնաբերվել է 0.090 պրոմիլլե էթիլ սպիրտ, որի նման քանակությունը կենդանի անձանց մոտ համապատասխանում է ֆիզիոլոգիական նորմային: Ա.Ղ.-ի արյան, մեզի և ներքին օրգանների դատաքիմիական ուսումնասիրությամբ հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել: Ա.Ղ.-ի արյան, մեզի և ներքին օրգանների դատաքիմիական ուսումնասիրությամբ արյան, մեզի, լյարդի մեջ լեղապարկով հայտնաբերվել են կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ: Մազի նմուշների մեջ հայտնաբերվել են կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ, որոնց օգտագործման ժամանակահատվածը համապատասխանում է մինչև մեկ ամսվա վաղեմության: Ա.Ղ.-ի դիակի հետանցքում կամ դրա շրջակայքում սեռական հարաբերություն ունենալուն բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել: Ա.Ղ.-ի դիակի բերանից և հետանցքից վերցված քսուկներում և խծուծներում սերմնաէակներ չեն հայտնաբերվել (...)»1:
10. Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 153/հձ եզրակացության համաձայն՝ «(...) Ա.Ղ.-ի վերաբերյալ կազմված զինակոչիկի անձնական գործում փակցված «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 03.02.2016թ. կատարված էլեկտրասրտագրության ժապավենի վրա ներկայումս առկա է հետևյալ պատկերը` «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց): Աջ և ձախ փորոքային հիպերտրոֆիա»: «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 03.02.2016թ. կատարված էլեկտրասրտագրության ժապավենի վրա ներկայումս առկա է նույն պատկերը` «ձախ փորոքային գերբեռնվածություն (թթվածնաքաղց): Աջ և ձախ փորոքային հիպերտրոֆիա», ինչպես նաև ԷՍԳ-ի պատկերը նման է CLC համախտանիշին և հիպօքսիային (թթվածնաքաղց): Վերը շարադրված ԷՍԳ պատկերը հաստատվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննությամբ, որտեղ հայտնաբերվել է և արձանագրվել սրտամկանի հիպերտրոֆիա (գերաճ): «Սուր սրտային անբավարարությունը և թոքերի արտահայտված այտուցը, որը պայմանավորված է սրտամկանի գերաճով` 370.0 գր., պսակաձև զարկերակների թույլ արտահայտված աթերոսկլերոզով, փուխր շարակցահյուսվածքային թույլ արտահայտված ներաճով սրտամկանի հենքում, սրտամկանի ծանր դիստրոֆիայով` օջախային նեկրոզներով, 62.0 նգ/մլ տրոպոնինի առկայությամբ արյան մեջ, մակերիկամների արտահայտված այտուցով, կեղևային և միջուկային նյութերի գերարյունությամբ, բազմաթիվ մանրօջախային արյունազեղումներով» ախտորոշումը ենթադրում է թոք-սրտային անբավարարությունը պայմանավորող օրգանների կազմաբանական և ձևաբանական փոփոխությունները, որոնք ունեն քրոնիկական ընթացք` սրացման փուլայնությամբ: Վերջիններիս առաջացման պատճառածագումնաբանությունը ստույգ որոշել հնարավոր չէ, սակայն կարելի է եզրակացնել, որ դրանց հիմքում ընկած է ընդհանուր առմամբ օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումները:
Վերը նշված հիվանդություն(ները), մասնավորապես սրտային փոփոխությունները դրսևորվում են ժամանակ առ ժամանակ սրտի անկանոն աշխատանքի զգացումով, հնարավոր է նաև գլխապտույտներով, ուշագնացության դրվագներով և այլն:
Համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննության տվյալների` Ա.Ղ.-ն մահվանից անմիջապես առաջ օգտագործել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ, և ինչպես նշվել է վերը` վերջինիս կողմից թմրամիջոցի օգտագործումը կարող էր լինել նպաստող գործոն մահվան անմիջական պատճառի առաջացման կենսամեխանիզմում:
Մարտակերտի զինվորական հոսպիտալում (ՊԲ 33240 զորամասում/ Ա.Ղ.-ին տրված հիվանդության(ների) ախտորոշումը եղել է համապատասխան իրականացված հետազոտությունների` գանգատների և կլինիկո-անամնեստիկ տվյալներին: Նշված բուժհաստատությունում հետազոտությունները կատարվել են ճիշտ և բավարար ծավալով: Հետազոտությունների կատարման ընթացքում չեն եղել որևէ օբյեկտիվ պատճառներ, որոնք խոչընդոտել են տվյալ ժամանակ առկա հիվանդության ախտորոշմանը և բուժմանը:
Ա.Ղ.-ի հիվանդության ախտորոշումը տրամադրված փաստաթղթերում համապատասխանում է իրականացված հետազոտություններին: Նշանակված բուժումները համապատասխանել են կայացված ախտորոշմանը, որոնք չեն եղել հակացուցված:
Փորձաքննությանը ներկայացված բժշկական փաստաթղթերում Ա.Ղ.-ին ցուցաբերած բուժօգնությունը եղել է համապատասխան նրա օբյեկտիվ վիճակին, տվյալ ժամանակահատվածներում բուժօգնություն ցուցաբերելիս թերություններ կամ բացթողումներ, որոնք մահվան հետ գտնվեին պատճառական կապի մեջ` թույլ չեն տրվել:
Ըստ միջազգային արձանագրությունների` սրտի ռիթմի և շնչառության բացակայության դեպքում անհրաժեշտ է կատարել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ: Նման վիճակը (սրտի ռիթմի և շնչառության բացակայություն) դիտարկվում է որպես կլինիկական մահ: Վերջինիս դեպքում ցուցված է կատարել առնվազն 30 րոպե տևողությամբ վերակենդանացման միջոցառումներ, որի արդյունքում, եթե չի վերականգնվում սրտի ռիթմը` բժշկի կողմից արձանագրվում է կենսաբանական մահ:
Ա.Ղ.-ի բժշկական փաստաթղթերի` անձնական գործում առկա էլեկտրասրտագրության տվյալների և դիակի դատաբժշկական փորձաքննության տվյալների համադրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ա.Ղ.-ի մահը պայմանավորված է եղել սիրտ-թոքային անբավարարությունից` սրտային ունեցած ախտաբանությունների պայմաններում: Հարկ է նշել նաև, որ մահվան պրոցեսի առաջացման մեջ նպաստող հանգամանք է եղել նաև Ա.Ղ.-ի կողմից մինչ մահը կաննաբինոիդների շարքի թմրալկալոիդների օգտագործումը, որը կարող էր ունենալ և ունենում է բացասական ազդեցություն սիրտ-անոթային համակարգի գործնեության վրա, առավել ևս` հիվանդագին (ախտաբանական) փոփոխությունների առկայության պայմաններում (…)»2:
11. Գործով վկա` սրտաբան Ա.Հ.-ը ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականից աշխատում է «Արմավիրի բժշկական կենտրոնում»՝ որպես սրտաբան-էլեկտրասրտագրության բժիշկ: Աշխատանքի անցնելու պահից իր վրա պարտականություն էր դրված կազմել նախազորակոչային և զորակոչային զինակոչիկների վերաբերյալ կատարված էլեկտրասրտագրության եզրակացությունը: Ներկա պահին կոնկրետ չի հիշում Ա.Ա.Ղ. տվյալներով անձի վերաբերյալ տվել է արդյոք նման եզրակացություն, թե ոչ, բացի այդ, ինքն իր գործի շրջանակներում որևէ զինակոչիկի չի տեսնում, այլ միայն տալիս է եզրակացություն կատարված էլեկտրասրտագրության ժապավենի տվյալների հիման վրա: Ուսումնասիրելով ներկայացված` 2016 թվականի փետրվարի 3-ին և 2018 թվականի մարտի 7-ին Ա.Ղ.-ի վերաբերյալ կազմված էլեկտրասրտագրության եզրակացությունները հայտնել է, որ դրանցում եղած գրառումները ինքն է կատարել, դրանցում իր ձեռագիրն ու ստորագրությունն են: Ուսումնասիրելով ներկայացված՝ 2016 թվականի փետրվարի 3-ի և 2018 թվականի մարտի 7-ի էլեկտրասրտագրության ժապավենները, նշել է, որ երբ դրանք տրվել են իրեն, որպեսզի կազմի էլեկտրասրտագրության եզրակացություն, այդ ժամանակ թվարկված ժապավենների տվյալներում չի տեսել «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց), աջ և ձախ փորոքային հիպերտրոֆիա»: Չի տեսել այն պատճառով, որ միշտ չէ, որ էլեկտրասրտագրությամբ արտացոլվում է սրտամկանի իրական վիճակն ու հնարավոր է նաև այդ ամենը չերևար: Եթե ինքը նման ախտորոշում տեսներ, ապա միանշանակ դա կարձանագրեր իր կողմից կազմած եզրակացությունների մեջ: Այդ ժապավենների տվյալներից միայն հայտնաբերել է մեկում՝ սինուսային ռիթմ՝ 96 զարկ րոպեում, իսկ մյուսում` սինուսային ռիթմ՝ 75 զարկ րոպեում, որոնք էլ արձանագրել է իր եզրակացությունների մեջ: Սրտամկանի աշխատանքի ռիթմը մինչև 99 զարկ րոպեում համարվում է նորմալ: Իր պարտականությունների մեջ չի մտնում որևէ մեկին ավելի խորը մասնագիտական հետազոտության ուղարկել, ինքը միայն եզրակացությունն ուղարկում է զինկոմիսարիատ, որտեղ արդեն սրտաբանն է որոշում խորը մասնագիտական հետազոտության ուղարկելու հարցը: Եթե ինքը էլեկտրասրտագրության ժապավենի վրա տեսներ վերը նշված ախտորոշումները, ապա պարտավոր էր դրանք արձանագրել եզրակացության մեջ, իսկ նեղ մասնագիտական հետազոտության համար ցուցում տալու իրավասություն չունի3:
12. Գործով վկա` «Արմավիրի բժշկական կենտրոնի» սրտաբան Մ.Ա.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ 2013 թվականից մինչև 2018 թվականի ամառային զորակոչը ներառյալ, ընդգրկված է եղել Արմավիրի մարզի զինկոմիսարիատում՝ որպես բժիշկ-սրտաբան: Իր աշխատանքային պարտականությունների մեջ է մտել նախազորակոչիկների և զորակոչիկների զննումը, նրանց վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրումը: Այդ ընթացքում եթե հայտնաբերվել են որոշակի խնդիրներ, կապված սրտի հետ, ապա իր կողմից լրացվել են ուղեգրեր` մասնագիտացված բուժհաստատություններում հետազոտություններ անցնելու նպատակով, որից հետո միայն որոշվել է զորակոչիկի պիտանելիության հարցը: Ա.Ղ.-ը եղել է իրենց զինկոմիսարիատի զորակոչիկը, ով 2018 թվականի ամառային զորակոչին մեկնել է զինվորական ծառայության: Ա.Ղ.-ն ինչպես կցագրման, այնպես էլ զորակոչի ժամանակ ուղեգրվել է տարածքային պոլիկլինիկա` ընդհանուր հետազոտություններ անցնելու նպատակով, որտեղից ստացված պատասխանների` կոնկրետ էլեկտրասրտագրության արդյունքներով նրա մոտ ախտորոշվել է սինուսային ռիթմ` 75 զարկ, իսկ 2018 թվականին նույն պատասխանը եղել է 96 զարկ: Նշված ախտորոշմամբ զորակոչիկը պիտանի է զինվորական ծառայության համար, որպիսի որոշում էլ իր կողմից կայացվել է: Ուսումնասիրելով Ա.Ղ.-ի անձնական գործը, նշել է, որ 2016 թվականի կցագրման արդյունքներում սրտաբանի դիմաց կատարված գրառումներն իրենն են, դրանում կատարված գրառումը, որ Ա.Ղ.-ը, ելնելով էլեկտրասրտագրության արդյունքներից, պիտանի է զինվորական ծառայության համար, ևս իրենն է, դա կատարել է տարածքային պոլիկլինիկայից ստացված հետազոտությունների արդյունքների հիման վրա, որը ինչպես նշել է վերը, 2016 թվականին և 2018 թվականին երկու անգամ էլ եղել են նույն բովանդակությամբ` բացառությամբ զարկերի թվերի, որը եղել է որոշակի տարբերվող, սակայն պիտանելիության տեսանկյունից որոշիչ դեր չի ունեցել: Ուսումնասիրելով ներկայացված փորձաքննության եզրակացությունը և էլեկտրասրտագրության ժապավենները, նշել է, որ ժապավենն ավելի նեղ մասնագիտական ուսումնասիրության է ենթակա, ուստի կատարվել է էլեկտրասրտագրության հատուկ բժշկուհու կողմից, որն ամեն դեպքում չի ֆիքսել «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց), աջ և ձախ փորոքային հիպերտրոֆիա» ախտորոշումը, իսկ ինքը հիմնվել է տվյալ բժշկուհու տված ախտորոշման վրա, որը երկու դեպքում էլ գրեթե նույնն է եղել: Զորակոչի ժամանակ Ա.Ղ.-ը սրտի հետ կապված առողջական որևէ գանգատ չի ներկայացրել, ինքը նրա օբյեկտիվ զննության ժամանակ պաթոլոգիա չի հայտնաբերել, ուստի և սրտի մասով ճանաչել է պիտանի զինվորական ծառայության համար: Նշել է, որ Ա.Ղ.-ն բավականին երկար ժամանակ գտնվել է զինվորական ծառայության մեջ և, թե ինչպիսի պայմաններում է ծառայել, ինչպիսի սթրեսներ կարող էր տարած լիներ, ինքը ոչինչ չի կարող ասել, սակայն չի բացառել, որ այն իր ազդեցությունն է ունեցել սրտի հետ կապված առողջական խնդիրների զարգացմանը: Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ա.Ղ.-ն դեռևս 2019 թվականին ծառայության ժամանակ ենթարկվել է հետազոտությունների, որոնց ժամանակ սրտի մասով նշվել է՝ սրտի տոները մաքուր ռիթմիկ, այսինքն վերոնշյալ խնդիրը դարձյալ չի հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է դիակի դատաբժշկական փորձաքննությամբ տրված ախտորոշմանը` «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց), աջ և ձախ փորոքային հիպերտրոֆիա», ապա եթե զորակոչի ժամանակ Ա.Ղ.-ի մոտ ֆիքսվեր նշված խնդիրը, ապա նա իրենց կողմից կուղարկվեր մասնագիտացված բուժհաստատություն` ավելի մանրակրկիտ հետազոտություններ անցնելու համար, որից հետո միայն կորոշվեր վերջինիս պիտանելիությունը զինվորական ծառայության համար: Էլեկտրասրտագրության ժապավենի ուսումնասիրման և եզրակացություն կազմելու պարտականությունը նեղ մասնագետի ոլորտ է, այսինքն` էլեկտրասրտագրության կոնկրետ բժիշկը` ֆունկցիոնալիստը, ով իրականացրել է նշված հետազոտությունը, պետք է հայտնաբերեր նման խնդիրը, եթե իհարկե կար նման խնդիր: Ինչ վերաբերում է իր կողմից էլեկտրասրտագրության ժապավեններն ուսումնասիրելու հանգամանքին, ապա ինքը դրանք նայել է, սակայն դրա նեղ մասնագետը չէ և կարող էր նաև չնկատել վերը նկարագրված ախտորոշումը: Ըստ Ա.Ղ.-ի անձնական գործի` նա սահմանափակումով է զորակոչվել զինվորական ծառայության, սակայն դրա պատճառը եղել է գիշերամիզությունը և հարթաթաթությունը4:
13. Գործով վկա` ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հ.Հ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ 2018 թվականի ամառային զորակոչին կառավարության որոշմամբ ընդգրկված է եղել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում որպես բժիշկ-սրտաբան և իրականացրել է ԿԲՀ ներկայացված զորակոչիկների բուժզննում, ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրում, որոնց հիման վրա կայացրել է պատճառաբանված որոշում: Ուսումնասիրելով իրեն ներկայացված՝ Ա.Ղ.-ի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և զորակոչիկի անձնական գործը, նշել է, որ որպես բժիշկ-սրտաբան Ա.Ղ.-ն իրեն չի ներկայացվել: Ըստ անձնական գործի՝ նա հետազոտվել է այլ հիվանդություններով և կենտրոնական բժշկական հանձնաժողովում ներկայացվել է այլ մասնագետների: Կոնկրետ նրա պիտանելիության աստիճանը որոշվել է գիշերամիզության կապակցությամբ: Եթե անձնական գործում առկա լինեին սրտի հետ կապված մասնագիտացված հետազոտությունների վերաբերյալ ակտեր, այդ դեպքում Ա.Ղ.-ն կներկայացվեր նաև իրեն: Ինչ վերաբերում է «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց), աջ և ձախ փորոքային հիպերտրոֆիա» ախտաբանությանը, ապա այն ախտորոշում չի համարվում, քանի որ տրվում է էլեկտրասրտագրության ժապավենը ուսումնասիրող բժիշկ-ֆունկցիոնալիստի կողմից, իսկ ախտորոշում իրավունք ունի դնել միայն բժիշկ-սրտաբանը: Անձնական գործում առկա էլեկտրասրտագրության ժապավենների պատճենները վերծանվել են ըստ ամենայնի տեղամասային պոլիկլինիկայի բժիշկ-ֆունկցիոնալիստի կողմից և ախտաբանական փոփոխություններ դրանցում չեն արձանագրվել և չեն նկարագրվել: Զորակոչվելու հետ կապված նշել է, որ էլեկտրասրտագրության վերծանումներով զորակոչիկը պիտանի է զինվորական ծառայության համար, ամեն դեպքում հետազոտությունն իրականացվել է կոնկրետ պոլիկլինիկայի բժիշկ-ֆունկցիոնալիստի կողմից, ով համարվում է նեղ մասնագետ՝ ԷՍԳ վերծանման համար: Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշված փոփոխությունները կարող էին նաև առաջանալ ծառայության ընթացքում՝ հաշվի առնելով ծառայության ընթացքում բազմաթիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների աստիճանը: Ժապավենների ուսումնասիրությամբ ներկայումս նշված փոփոխությունները նկատելի չեն, սակայն դրան առավել կոնկրետ կարող է պատասխանել նեղ մասնագետը` կոնկրետ ԷՍԳ վերծանող ֆունկցիոնալիստ բժիշկը5:
14. Գործով վկա` ՊԲ 33240 զորամասի ընդունման բաժանմունքի պետ, մայոր Վ.Պ.-ի ցուցմունքի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ին հանդիսացել է զորամասի պատասխանատուն և հերթապահ բժիշկը։ Նշված օրը զորամասի ՀԱԿ-ի վերակարգում ընդգրկված են եղել Ա.Ղ.-ն՝ որպես հերթապահ, և Ա.Մ.-ն՝ որպես օգնական: Վերակարգից առաջ, ժամը 10:00-ին, ինքը հրահանգավորել է նրանց, հարցրել է առողջական վիճակից, նրանք որևէ գանգատ չեն ներկայացրել և անցել են իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը: 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 11:43-ի սահմաններում, դրսից լսել է բարձր ձայներ, անմիջապես շինությունից դուրս է եկել, նկատել, որ զորամասի երկու կամ երեք զինծառայողներ Ա.Ղ.-ին գրկած ՀԱԿ-ից տեղափոխում են ընդունարան: Ա.Ղ.-ն գտնվում էր անգիտակից վիճակում: Ինքն անմիջապես Ա.Ղ.-ին պառկեցրել է ընդունարանի զննման սենյակի թախտին, ստուգել է զարկերակային ճնշումը և պուլսը, երկուսն էլ բացակայել են: Արտաքինից նրա մոտ շնչառություն չի նկատվել: Նույն վայրում ինքն անմիջապես կատարել է սրտի անուղղակի մերսում, «անրու բալոնով» տվել է արհեստական շնչառություն, սակայն դրական դինամիկա չի եղել, արհեստական շնչառություն տալու ժամանակ զանգահարել է անեսթեզիոլոգ-ռեանիմոտոլոգ բժշկին և ասել, որ զինծառայող է վատացել, անհրաժեշտ է վերակենդանացման միջամտություն, որպեսզի շտապ ներկայանա, քանի որ նրա հանգստի օրն էր և գտնվում էր Մարտակերտում: Զանգից անմիջապես հետո Ա.Ղ.-ին տեղափոխել են վերակենդանացման սենյակ, որտեղ շարունակել են նույն միջոցառումները: Այդ ընթացքում իրեն միացել է նաև թերապիայի բաժանմունքի պետ Շ.-ն, ով նույնպես կատարել է սրտի անուղղակի մերսում: Իր զանգից մոտ 5 րոպե անց, ներկայացել են բոլոր բժիշկները, այդ թվում՝ լեյտենանտ Մ.-ն, ով անմիջապես կատարել է իր մասնագիտական գործողությունները` վերակենդանացման միջոցառումները, Ա.Ղ.-ին միացրել է արհեստական շնչառության սարքին, միացրել է նաև մոնիթորին։ Ի սկզբանե Ա.Ղ.-ի սրտի աշխատանքը գծի տեսքով է եղել, պուլսը բացակայել է, բբերը լայնացած են եղել, կատարվել են նաև ներարկումներ, շարունակվել է սրտի անուղղակի մերսումը, սակայն Ա.Ղ.-ի մոտ կենդանության նշաններ չեն եղել և ժամը 12:45-ին արձանագրվել է Ա.Ղ.-ի կենսաբանական մահը: Նշել է, որ ի սկզբանե Ա.Ղ.-ի մոտ բացակայել են կենդանության նշանները, պարզապես իրենք հույս են ունեցել, որ հնարավոր էր փրկել նրա կյանքը, այդ իսկ պատճառով կատարել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որոնք սակայն որևէ դրական արդյունք չեն տվել: Դրանից հետո ինքը հարցրել է Ա.Մ.-ին, թե ինչ հանգամանքներում է վատացել Ա.Ղ.-ն, նա պատասխանել է, որ Ա.Ղ.-ն ՀԱԿ-ի հերթապահի սենյակում նստած տեղից վեր է կացել, կատարել երկու քայլ և մեջքի վրա ընկել գետնին` անգիտակից վիճակում: Ինչպես արդեն վերը նշել է, Ա.Ղ.-ն ծառայության ընթացքում սրտի հետ կապված որևէ գանգատ չի ներկայացրել։ Նշել է նաև, որ ինքը, Ա.Ղ.-ն և ևս երկու զինծառայող 2019 թվականի դեկտեմբերի 22-ին մեկնել են արձակուրդ, գնալու ժամանակ Ա.Ղ.-ի քթի ծայրի հատվածում եղել է վերք, որը նման էր թաշկինակով քերվածի։ Ա.Ղ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքեր երբևէ չեն եղել6:
15. Գործով վկա` ՊԲ 33240 զորամասի սպասարկման և ապահովման ջոկի հրաձիգ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Մ.-ի ցուցմունքի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ի առավոտյան ժամը 10:00-ին ինքը և Ա.Ղ.-ն ընդունել են ՀԱԿ-ի վերակարգը։ Նա նշանակվել է հերթապահ, իսկ ինքը՝ հերթապահի օգնական: Վերակարգում իրենց զորամասում նշանակվում են երկու հոգի և այդ օրն իրենք են նշանակվել: 2020 թվականի հունվարի 1-ին, մինչ վերակարգն ընդունելը, առավոտյան ժամը 09:00-ին իրենց անձնակազմին շարել է մայոր Պ.-ն, հարցրել, թե ինչպե՞ս են, արդյո՞ք առողջական խնդիրներ ունեն։ Որևէ մեկը որևէ գանգատ չի ներկայացրել: Նշել է նաև, որ ամբողջ ծառայության ընթացքում Ա.Ղ.-ն երբևէ որևէ առողջական գանգատ չի ներկայացրել, միայն ծառայության ընթացքում նա մեկ անգամ ջրծաղիկ հիվանդություն է ունեցել, իրենց անձնակազմի մեծ մասն այդ հիվանդությունն ունեցել է և այն անցել է շատ վաղուց: Արդեն վերակարգն ընդունելուց հետո ինքը և Ա.Ղ.-ն անցել են իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը: Ժամը 11:43-ի սահմաններում եֆրեյտոր Ա.Ղ.-ն նստած է եղել ՀԱԿ-ի շինության հերթապահի համար նախատեսված սենյակում առկա աթոռի վրա, իսկ ինքը կանգնած է եղել նրանից մոտ 1.5-ից 2 մետր հեռավորության վրա, լուսամուտի մոտ: Այդ ժամանակ նա դեմքով նայում էր ՀԱԿ-ից դուրս՝ ճանապարհի ուղղությամբ: Իրենք լուռ կանգնած էին: Այդ ժամանակ չի հիշում, թե ինչ է հարցրել Ա.Ղ.-ին, սակայն նա որևէ պատասխան չի տվել, լուռ նայելիս է եղել դեպի ճանապարհը։ Ինքը կարծել է, թե նա մտքերով է ընկած և այլևս հարց չի տվել նրան: Նույն պահին նկատել է, որ Ա.Ղ.-ն վեր է կացել նստած տեղից, երկու քայլ կատարել դեպի դուռը և հասնելով դռանը, երկու ձեռքով հենվել է դռանը ու մեջքի ուղղությամբ, որոշակի աջ կողքի վրա ընկել է գետնին: Նրա աչքերը բաց էին, դժվար էր շնչում, գիտակցությունը տեղն էր, սակայն որևէ բան չէր խոսում: Ինքը գրկել է նրան, փորձել է բարձրացնել, սակայն նա անկանոն շարժումներ է կատարել, նրան գրկած մոտեցել է սեղանին, ներքին կապով զանգել է զորանոց, իր հիշելով զանգին պատասխանել է Ա.Բ.-ն, նրան ասել է, որ շուտ հասնեն ՀԱԿ, Ա.-ն լավ չէ: Իր զանգից մոտ մեկ րոպե անց ՀԱԿ են ներկայացել Ա.Բ.-ն, Մ.Վ.-ն և Հ.Մ.-ն, նրանք երեքով գրկել են Ա.Ղ.-ին ու տեղափոխել հոսպիտալի շինություն: Ինքը չի գնացել և մնացել է ՀԱԿ-ում: Ա.Ղ.-ին տեղափոխելու ժամանակ նրա աչքերը բաց էին, սակայն որևէ բան չէր խոսում, կծկվում էր, դժվարությամբ էր շնչում։ Ա.Ղ.-ին հոսպիտալի շինություն տեղափոխելուց հետո, մոտ 4-5 րոպե անց հոսպիտալ են ներկայացել բոլոր բժիշկները, սակայն մինչ նրանց ներկայանալը, իր տեղեկություններով Ա.Ղ.-ին արդեն տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք և ցուցաբերում էին բուժօգնություն7:
16. Տուժողի իրավահաջորդ Ա.Մ.-ի ցուցմունքի համաձայն՝ Ա.Ղ.-ն մինչ բանակ զորակոչվելը որևէ հիվանդությամբ չի տառապել, նա միայն ունեցել է գիշերամիզություն և հարթաթաթություն: Գիշերամիզության համար մանկուց միշտ հետազոտվել և գտնվել է ամբուլատոր հսկողության տակ գյուղի պոլիկլինիկայում: Նշել է, որ Ա.Ղ.-ն ծնված օրից սրտի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, ընդհանրապես սրտի հետ կապված որևէ գանգատ չի ներկայացրել: Բանակ զորակոչվելու ժամանակ նույնպես սրտի հետ կապված գանգատ չի ներկայացրել, ֆիզիկապես առողջ է եղել: Ծառայության ընթացքում հաճախակի են հեռախոսով խոսել, վերջին անգամ նրան տեսել է 2019 թվականի դեկտեմբեր ամսին՝ նա դեկտեմբերի 21-ին եկել էր արձակուրդ և 27-ին վերադարձել էր զորամաս: Արձակուրդի ընթացքում նույնպես առողջական գանգատներ չի ներկայացրել: Ըստ նրա պատմածի, գիշերամիզությունը քիչ թե շատ կարգավորվել էր: Նշել է նաև, որ Արտյոմը համածառայողների և սպայական կազմի հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ, հակասություններ, կոնֆլիկտներ և վիճաբանություններ երբևէ չի ունեցել: Վերջին անգամ իրեն զանգահարել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ի լույս 2020 թվականի հունվարի 1-ի գիշերը՝ ժամը 00:15-ի սահմաններում, շնորհավորել է իրենց Ամանորը։ Նրա տրամադրությունը եղել է շատ բարձր, ուրախ, սակայն նա ոգելից խմիչք չի օգտագործել, քանի որ երբևէ սեր չի ունեցել ոգելից խմիչքի և թմրանյութի նկատմամբ։
Նաև նշել է, որ Ա.Ղ.-ն, երբ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին եկել է արձակուրդ, քթին որևէ վերք չի եղել, իսկ հետո, մեկ կամ երկու օր անց, գրիպով հիվանդացել է, որի արդյունքում քթի ծայրամասային հատվածում, ավելի ճիշտ քթանցքի մոտ գրիպի հետևանքով թեթևակի վերք էր առաջացել։ Ինքն այդպես է զգացել և իր հարցին էլ որդին այդպես է պատասխանել8:
17. Նախաքննության մարմնի՝ Ա.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն՝ «(...) Քննարկելով Ա.Վ.Հ.-ի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների առկայության կամ բացակայության հանգամանքը՝ պետք է նշել, որ Ա.Հ.-ն, հանդիսանալով «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բժիշկ-սրտաբանը, ի պաշտոնե չունենալով զորակոչիկ Ա.Ա.Ղ.-ի վերաբերյալ վերջնական ախտորոշում հաստատելու լիազորություններ, զորակոչիկ Ա.Ղ.-ի էլեկտրասրտագրության եզրակացությունները կազմել է առանձին հանձնարարությամբ՝ հաշվի առնելով այդ ոլորտում նրա մասնագիտական ունակությունները։ Վերոգրյալը վկայում է այն մասին, որ Ա.Վ.Հ.-ն չհանդիսանալով Արմավիրի զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի անդամ, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում պաշտոնատար անձ, այսինքն՝ տվյալ պարագայում հանդես չի եկել որպես վերահսկիչ և կարգադրիչ լիազորություններով օժտված, ՀՀ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ուստի չի կարող հանդիսանալ տվյալ հանցագործությունների սուբյեկտ, իսկ հանցագործության սուբյեկտի բացակայությունն ինքնին բացառում է տվյալ հանցակազմի առկայությունն ընդհանրապես, հետևապես Ա.Վ.Հ.ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
(...)
Բացի այդ, պետք է նշել, որ անգամ Ա.Ղ.-ի ԷՍԳ եզրակացությունում Ա.Վ.Հ.-ի կողմից «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա /թթվածնաքաղց/, աջ և ձախ հիպերտրոֆիա» նշելու դեպքում, վերջինս ՀՀ կառավարության 404-Ն որոշմամբ ենթակա է եղել զորակոչման պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, քանի որ կառավարության որոշումը չի նախատեսում նշված հիվանդության դեպքում ծառայությունից ազատում, իսկ քննարկվող դեպքում Ա.Ղ.-ն այլ հիվանդության պատճառով սահմանափակումներով զորակոչվել է բանակ՝ հեշտացված պայմաններում ծառայություն իրականացնելու և, քանի որ սույն քրեական գործով ստացված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ Ա.Ղ.-ի մահվան պատճառ հանդիսացած՝ սուր սրտային անբավարարությունը և թոքերի արտահայտված այտուցը, որը պայմանավորված է սրտամկանի գերաճով՝ 370.0 գր., պսակաձև զարկերակների թույլ արտահայտված աթերոսկլերոզով, փուխր շարակցահյուսվածքային թույլ արտահայտված ներաճով սրտամկանի հենքում, սրտամկանի ծանր դիստրոֆիայով՝ օջախային նեկրոզներով, 62.0 նգ/մլ տրոպոնինի առկայությամբ արյան մեջ, մակերիկամների արտահայտված այտուցով, կեղևային և միջուկային նյութերի գերարյունությամբ, բազմաթիվ ամնօջախային արյունազեղումներով ախտորոշումը ենթադրում է թոք-սրտային անբավարարությունը պայմանավորող օրգանների կազմաբանական և ձևաբանական փոփոխությունները, որոնք ունեն քրոնիկական ընթացք՝ սրացման փուլայնությամբ, առաջացման պատճառածագումնաբանությունը ստույգ որոշել հնարավոր չէ, դրանց հիմքում ընկած է ընդհանուր առմամբ օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա.Ղ.-ն մահվանից առաջ օգտագործել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ, վերջինիս կողմից թմրամիջոցի օգտագործումը կարող էր լինել նպաստող գործոն մահվան անմիջական պատճառի առաջացման կենսամեխանիզմում, հետևապես Ա.Վ.Հ.-ի կողմից Ա.Ղ.-ի ԷՍԳ ժապավենների եզրակացություններում «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց), աջ և ձախ հիպերտրոֆիա» չհայտնաբերելը անմիջական պատճառական կապի մեջ չի կարող գտնվել Ա.Ղ.-ի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու և հետագայում վերջինիս մահվան պատճառի հետ, ուստի նշված փաստով Ա.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում՝ հանցակազմի բացակայության հիմքով (...)»9:
17.1. Նախաքննության մարմնի՝ Մ.Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2021 թվականի մայիսի 4-ի որոշման համաձայն՝ «(...) Թեև «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում Ա.Ղ.-ի մոտ չի ախտորոշվել «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց), աջ և ձախ հիպերտրոֆիա», այնուամենայնիվ նշված ախտորոշումը չհայտնաբերելու հանգամանքը որոշիչ դեր չի ունեցել Ա.Ղ.-ին զինվորական ծառայության զորակոչելու հարցում, քանի որ նշված ախտորոշումը ներառված չէ ՀՀ ՊՆ 404-Ն որոշման այն ցանկում, որով զորակոչիկը ենթակա չէ զինվորական ծառայության։ Ա.Ղ.-ն այլ հիվանդությունների՝ գիշերամիզության և հարթաթաթության համար 2018 թվականի հուլիսի 18-ին Արմավիրի զինկոմիսարիատից ՀՀ կառավարության 404-Ն որոշման 55ա և 43դ հոդվածների 1-ին սյունակի համաձայն սահմանափակումուվ զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության և նշանակվել ՊԲ 33466 զորամասում՝ հեշտացված ծառայության պայմաններում զինվորական ծառայություն իրականացնելու համար։
(...)
Քննարկելով Մ.Գ.Ա.-ի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների առկայության կամ բացակայության հանգամանքը՝ պետք է նշել, որ վերջինս 2016թ-ին Ա.Ա.Ղ.-ին կցագրման, իսկ 2018թ-ին զորակոչի արդյունքներում դրական եզրակացությունը տվել է տարածքային պոլիկլինիկայից Ա.Ղ.-ի էլեկտրասրտագրության ժապավենների եզրակացությունները ուսումնասիրելու արդյունքում, որում միայն նշված են եղել Ա.Ղ.-ի սրտի ռիթմերը, որը եղել է նորմայի մեջ, ըստ ԷՍԳ ժապավենների եզրակացությունների տվյալների՝ Ա.Ղ.-ին մասնագիտացված բուժհաստատություններում լրացուցիչ հետազոտություններ անցնելու ցուցում չի տրվել, դրա անհրաժեշտության բացակայության պատճառով, այսինքն Մ.Ա.-ն ուսումնասիրելով Ա.Ղ.-ի ԷՍԳ ժապավենների վերծանումների վերաբերյալ տարածքային պոլիկլինիկայում կազմված եզրակացությունները, կատարել է իր պարտականություններից բխող գործողություններ, որը չի հակասել ՀՀ կառավարության 404-Ն որոշման պահանջներին, ինչպես նաև այն հանգամանքը, որ սույն քրեական գործով հիմնավորվել է, որ Ա.Ղ.-ի մահվան պատճառ հանդիսացած՝ սուր սրտային անբավարարությունը և թոքերի արտահայտված այտուցը, որը պայմանավորված է սրտամկանի գերաճով՝ 370.0 գր., պսակաձև զարկերակների թույլ արտահայտված աթերոսկլերոզով, փուխր շարակցահյուսվածքային թույլ արտահայտված ներաճով սրտամկանի հենքում, սրտամկանի ծանր դիստրոֆիայով՝ օջախային նեկրոզներով, 62.0 նգ/մլ տրոպոնինի առկայությամբ արյան մեջ, մակերիկամների արտահայտված այտուցով, կեղևային և միջուկային նյութերի գերարյունությամբ, բազմաթիվ ամնօջախային արյունազեղումներով ախտորոշումը ենթադրում է թոք-սրտային անբավարարությունը պայմանավորող օրգանների կազմաբանական և ձևաբանական փոփոխությունները, որոնք ունեն քրոնիկական ընթացք՝ սրացման փուլայնությամբ, առաջացման պատճառածագումնաբանությունը ստույգ որոշել հնարավոր չէ, դրանց հիմքում ընկած է ընդհանուր առմամբ օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումները և, որ Ա.Ղ.-ն մահվանից առաջ օգտագործել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ, վերջինիս կողմից թմրամիջոցի օգտագործումը կաոող էր լինել նպաստող գործոն մահվան անմիջական պատճառի առաջացման կենսամեխանիզմում, հետևապես Մ.Ա.-ի կողմից Ա.Ղ.-ի զորակոչման պիտանելիության վերաբերյալ դրական եզրակացություն տալը անմիջական պատճառական կապի մեջ չի կարող գտնվել Ա.Ղ.-ի մահվան պատճառի հետ, ուստի նշված փաստով անհրաժեշտ է Մ.Գ.Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով չիրականացնել քրեական հետապնդում և կարճել սույն քրեական գործով վարույթը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով (...)»10:
18. Առաջին ատյանի դատարանը, Ա.Հ.-ի վերաբերյալ 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ տուժող կողմը դատարանի առջև բարձրացրել է բժիշկ [Ա.Հ.-ի] մեղավորության աստիճանը պարզելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հարցը՝ այդ կերպ կարծելով, որ նման փորձաքննություն չնշանակելով՝ քննչական մարմինը խախտել է տուժող կողմի իրավունքները։
Այս հարցի պատասխանը տալու համար Դատարանը գտնում է, որ նախ պետք է պատասխանել հետևյալ հարցերին. 1) ժամկետային զինծառայող Ա.Ղ.-ի մահվան դեպքը արժանացել է արդյոք արագ արձագանքի, 2) վարույթն իրականացնող մարմինը գործել է արդյոք պատշաճ ջանասիրությամբ և արագությամբ, 3) քննության արդյունքում հստակեցվել են արդյոք դեպքի հանգամանքները և կատարվել է արդյոք մանրամասն քննություն, 4) վարույթն իրականացնող մարմինը անկախ է եղել արդյոք տվյալ գործում ներգրավված անձանցից։
Բողոքի շրջանակներում պատասխանելով նշված հարցերին՝ դատարանը փաստում է, որ ժամկետային զինծառայող Ա.Ղ.-ի մահվան դեպքը արժանացել է արագ արձագանքի, որը դրսևորվել է իրավասու պետական մարմինների կողմից անմիջապես դեպքի վայր մեկնելով, քրեական վարույթ նախաձեռնելով և անհետաձգելի քննչական ու այլ դատավարական գործողությունների կատարմանը ձեռնամուխ լինելով։ Ինչ վերաբերում է քրեական վարույթն իրականացնող մարմնի պատշաճ ջանասիրությանն ու արագությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ շուրջ մեկ տարի չորս ամիս տևած նախաքննության ընթացքում գործով քննիչները կատարել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ուղղված սույն գործով պարզաբանման ենթակա հանգամանքները պարզելուն, այդ թվում սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկել մինչզորակոչային գործընթացներում հնարավոր իրավախախտումները բացահայտելու և քննելու ուղղությամբ՝ այդ թվում նաև բժիշկ Ա.Հ.-ի մասով։
Երրորդ հարցի առնչությամբ անհրաժեշտ է արձանագրել, որ այս դեպքի առթիվ վարույթն իրականացնող մարմինը կատարել է մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ապահովելով, Դատարանի գնահատմամբ, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ու գտնելով, որ ենթադրյալ հանցանքի հատկանիշներ չկան, որոշել է քրեական հետապնդում չիրականացնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Այդ որոշումը տուժող կողմի ներկայացուցիչը բողոքարկել է դատախազին, ով մերժել է բողոքը։ Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինն ըստ էության ձեռնարկել և իրականացրել է բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք տվյալ գործի շրջանակներում պարտավոր էր իրականացնել։ Դատարանի նման դիրքորոշումը բխում է քրեական գործի նյութերից, մասնավորապես քրեական գործից դիտվում է, որ քրեական վարույթն իրականացնող քննիչը նշանակել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ստացված եզրակացության կապակցությամբ և քրեական գործի հանգամանքներից ելնելով՝ կատարել է ՊԲ 33240 զորամասի համապատասխան անձնակազմի հարցաքննություն, Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության անձնակազմի հարցաքննություն, նշանակել է մի շարք փորձաքննություններ, կատարել այլ դատավարական գործողություններ։
Ինչ վերաբերում է 4-րդ հարցին, ապա Դատարանն արձանագրում է, որ քրեական գործում առկա չէ, իսկ բողոքաբերը չի ներկայացրել այնպիսի փաստ կամ տեղեկություն, որը ողջամտորեն կասկած կառաջացնի քրեական վարույթն իրականացնող մարմնի անկախության, անաչառության, անկողմնակալության վերաբերյալ, հետևաբար այս առումով դատարանը որևէ խախտում չի կարող փաստել։
Վերը նշվածի համատեքստում անդրադառնալով բողոքաբերի բուն պահանջին ու ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը փաստում է, որ մինչդատական մարմնի կողմից տուժողի իրավունքների խախտում թույլ չի տրվել, ուստի վարույթն իրականացնող մարմնի կողմից թիվ ******** քրեական գործով 2021 թվականի մայիսի 04-ին որոշում է կայացվել Ա.Ղ.-ի մահվան փաստով «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության սրտաբան Ա.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով։ Դատարանն իր համաձայնությունն է հայտնում տվյալ որոշմամբ քննիչի ներկայացրած պատճառաբանությունների կապակցությամբ՝ միաժամանակ արձանագրում, որ վարույթն իրականացնող մարմինները Ա.Հ.-ի գործողությունները ստուգելու, նրա արարքում հնարավոր խախտումներ, հետևաբար նաև հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելու կամ բացակայությունն արձանագրելու համար ձեռնարկել են մի շարք դատավարական միջոցներ, այդ թվում բողոքի մեջ հայցվող գործողությունը՝ դատաբժշկական փորձաքննությունը, այսինքն՝ նման պայմաններում ողջամիտ չէ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնելու տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտումը, այն է՝ նշանակել դատաբժշկական փորձաքննություն, պարզելու համար բժիշկ Ա.Հ.-ի մեղավորության աստիճանը Ա.Ղ.-ի ԷՍԳ ժապավենով ախտաբանական փոփոխությունները չկազմելու հանգամանքի վերաբերյալ և իրավական գնահատական տալ բժիշկ Ա.Հ.-ի արարքին, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննության իրականացման ժամանակ արդեն իսկ նշանակվել է դիակի դատաբժշկական և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև հարցաքննվել է դատաբժիշկ-փորձագետ Ս.Ս.-ն՝ այդ կերպ ստուգելով և որպես հետևանք հավաստիանալով այն բանում, որ Ա.Հ.-ի արարքում հանցակազմի հատկանիշները բացակայում են։
Այսպիսով, վերոգրյալ իրավանորմերի, ՄԻԵԴ և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո ուսումնասիրելով և վերլուծելով բողոքաբերի ներկայացրած փաստարկները՝ մինչդատական վարույթում թույլ տված ենթադրյալ խախտումների վերաբերյալ, դատախազ Է.Աղաբալյանի հակափաստարկները, քրեական գործի նյութերը՝ Դատարանը գտնում է, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Հոբոսյանի կողմից ներկայացված փաստարկները անհիմն են, այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը (մինչդատական մարմինները) պետության հոգածության կամ իրավազորության ներքո գտնվող զինծառայող Ա.Ղ.-ի մահվան դեպքի առթիվ անմիջապես ձեռնարկելով համապատասխան վարույթ՝ կատարել են դրա նպատակներից ու խնդիրներից բխող անհրաժեշտ միջոցի պարտավորությունը, ձեռք բերել որոշակի փաստական տվյալներ, որոնց գնահատման արդյունքում հանգել այն դատողության, որ «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության սրտաբան Ա.Հ.-ի արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը, որի հիմքով որոշում է կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, հետևաբար, Դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման (...)»11։
18.1. Առաջին ատյանի դատարանը, Մ.Ա.-ի վերաբերյալ 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ տուժող կողմը դատարանի առջև բարձրացրել է բժիշկ Մ.Ա.-ի մեղավորության աստիճանը պարզելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հարցը՝ այդ կերպ կարծելով, որ նման փորձաքննություն չնշանակելով՝ քննչական մարմինը խախտել է տուժող կողմի իրավունքները։
Այս հարցի պատասխանը տալու համար Դատարանը գտնում է, որ նախ պետք է պատասխանել հետևյալ հարցերին. 1) ժամկետային զինծառայող Ա.Ղ.-ի մահվան դեպքը արժանացել է արդյոք արագ արձագանքի, 2) վարույթն իրականացնող մարմինը գործել է արդյոք պատշաճ ջանասիրությամբ և արագությամբ, 3) քննության արդյունքում հստակեցվել են արդյոք դեպքի հանգամանքները և կատարվել է արդյոք մանրամասն քննություն, 4) վարույթն իրականացնող մարմինը անկախ է եղել արդյոք տվյալ գործում ներգրավված անձանցից։
Բողոքի շրջանակներում պատասխանելով նշված հարցերին՝ դատարանը փաստում է, որ ժամկետային զինծառայող Ա.Ղ.-ի մահվան դեպքը արժանացել է արագ արձագանքի, որը դրսևորվել է իրավասու պետական մարմինների կողմից անմիջապես դեպքի վայր մեկնելով, քրեական վարույթ նախաձեռնելով և անհետաձգելի քննչական ու այլ դատավարական գործողությունների կատարմանը ձեռնամուխ լինելով։ Ինչ վերաբերում է քրեական վարույթն իրականացնող մարմնի պատշաճ ջանասիրությանն ու արագությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ շուրջ մեկ տարի չորս ամիս տևած նախաքննության ընթացքում գործով քննիչները կատարել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ուղղված սույն գործով պարզաբանման ենթակա հանգամանքները պարզելուն, այդ թվում սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկել մինչզորակոչային և զորակոչային գործընթացներում հնարավոր իրավախախտումները բացահայտելու և քննելու ուղղությամբ՝ այդ թվում նաև բժիշկ Մ.Ա.-ի մասով։
Երրորդ հարցի առնչությամբ անհրաժեշտ է արձանագրել, որ այս դեպքի առթիվ վարույթն իրականացնող մարմինը կատարել է մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ապահովելով, Դատարանի գնահատմամբ, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ու գտնելով, որ ենթադրյալ հանցանքի հատկանիշներ չկան, որոշել է քրեական հետապնդում չիրականացնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Այդ որոշումը տուժող կողմի ներկայացուցիչը բողոքարկել է դատախազին, ով մերժել է բողոքը։ Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինն ըստ էության ձեռնարկել և իրականացրել է բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք տվյալ գործի շրջանակներում պարտավոր էր իրականացնել։ Դատարանի նման դիրքորոշումը բխում է քրեական գործի նյութերից, մասնավորապես քրեական գործից դիտվում է, որ քրեական վարույթն իրականացնող քննիչը նշանակել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ստացված եզրակացության կապակցությամբ և քրեական գործի հանգամանքներից ելնելով՝ կատարել է ՊԲ 33240 զորամասի համապատասխան անձնակազմի հարցաքննություն, Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության անձնակազմի հարցաքննություն, նշանակել է մի շարք փորձաքննություններ, կատարել այլ դատավարական գործողություններ։
Ինչ վերաբերում է 4-րդ հարցին, ապա Դատարանն արձանագրում է, որ քրեական գործում առկա չէ, իսկ բողոքաբերը չի ներկայացրել այնպիսի փաստ կամ տեղեկություն, որը ողջամտորեն կասկած կառաջացնի քրեական վարույթն իրականացնող մարմնի անկախության, անաչառության, անկողմնակալության վերաբերյալ, հետևաբար այս առումով դատարանը որևէ խախտում չի կարող փաստել։
Վերը նշվածի համատեքստում անդրադառնալով բողոքաբերի բուն պահանջին ու ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը փաստում է, որ մինչդատական մարմնի կողմից տուժողի իրավունքների խախտում թույլ չի տրվել, ուստի վարույթն իրականացնող մարմնի կողմից թիվ ******** քրեական գործով 2021 թվականի մայիսի 04-ին որոշում է կայացվել Ա.Ղ.-ի մահվան փաստով «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բժիշկ-սրտաբան Մ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով։ Դատարանն իր համաձայնությունն է հայտնում տվյալ որոշմամբ քննիչի ներկայացրած պատճառաբանությունների կապակցությամբ՝ միաժամանակ արձանագրում, որ վարույթն իրականացնող մարմինները Մ.Ա.-ի գործողությունները ստուգելու, նրա արարքում հնարավոր խախտումներ, հետևաբար նաև հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելու կամ բացակայությունն արձանագրելու համար ձեռնարկել են մի շարք դատավարական միջոցներ, այդ թվում բողոքի մեջ հայցվող գործողությունը՝ դատաբժշկական փորձաքննությունը, այսինքն՝ նման պայմաններում ողջամիտ չէ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնելու տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտումը, այն է՝ նշանակել դատաբժշկական փորձաքննություն, պարզելու համար բժիշկ Մ.Ա.-ի մեղավորության աստիճանը Ա.Ղ.-ի բժշկական փաստաթղթերը չուսումնասիրելու, ախտաբանական փոփոխություններ չնկատելու, նրան չզննելու վերաբերյալ և իրավական գնահատական տալ բժիշկ Մ.Ա.-ի արարքին, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննության իրականացման ժամանակ արդեն իսկ նշանակվել է դիակի դատաբժշկական և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ՝ այդ կերպ ստուգելով և որպես հետևանք հավաստիանալով այն բանում, որ Մ.Ա.-ի արարքում հանցակազմի հատկանիշները բացակայում են։
Այսպիսով, վերոգրյալ իրավանորմերի, ՄԻԵԴ և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո ուսումնասիրելով և վերլուծելով բողոքաբերի ներկայացրած փաստարկները՝ մինչդատական վարույթում թույլ տված ենթադրյալ խախտումների վերաբերյալ, դատախազ Է.Աղաբալյանի հակափաստարկները, քրեական գործի նյութերը՝ Դատարանը գտնում է, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Հոբոսյանի կողմից ներկայացված փաստարկները անհիմն են, այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը (մինչդատական մարմինները) պետության հոգածության կամ իրավազորության ներքո գտնվող զինծառայող Ա.Ղ.-ի մահվան դեպքի առթիվ անմիջապես ձեռնարկելով համապատասխան վարույթ՝ կատարել են դրա նպատակներից ու խնդիրներից բխող անհրաժեշտ միջոցի պարտավորությունը, ձեռք բերել որոշակի փաստական տվյալներ, որոնց գնահատման արդյունքում հանգել այն դատողության, որ «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բժիշկ-սրտաբան Մ.Ա.-ի արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը, որի հիմքով որոշում է կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, հետևաբար, Դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման (…)»12:
19. Վերաքննիչ դատարանը, Ա.Հ.-ի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումն անփոփոխ թողնելով, նշել է՝ «(...) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի դիրքորոշմանը:
(...)
Մասնավորապես, ինչպես երևում է Առաջին ատյանի դատարանին ներկայացված և սույն որոշման 1-4-րդ կետերում նշված փաստական տվյալներից, վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի նախաքննության ընթացքում դրսևորելով համապատասխան ջանասիրություն կատարել է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Ինչպես Առաջին ատյանի դատարանին, այնպես էլ Վերաքննիչ դատարանին չեն ներկայացվել համապատասխան փաստական տվյալներ, որոնք կարող էին վկայել այն մասին, որ վարույթն իրականացրած մարմինն առերևույթ քննություն չի կատարել քննության առարկա հանդիսացող որևէ հանգամանքի վերաբերյալ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են համաձայնվելու ինչպես քննիչի, այնպես էլ դատախազի վիճարկվող որոշումներում առկա հետևություններին:
Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքից բխող հետևություններն այն մասով, որ նախաքննությունը կատարվել է թերի, թույլ են տրվել մի շարք խախտումներ` անհիմն են: Որոշման մեջ նշված, քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վերաբերյալ քննիչի գնահատականների հետ բողոքաբերի` համամիտ չլինելը կամ բողոքաբերի կարծիքը` վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ քննություն չկատարելու, մի շարք հարցեր քննության առարկա չդարձնելու, ոչ օբյեկտիվ, անհիմն և չպատճառաբանված որոշում կայացնելու մասին, բավարար չէ` քննիչի վիճելի որոշման հետևանքով իրավունքների խախտում արձանագրելու համար:
Բացի այդ, նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը, (…) ինչպես նաև մեղադրանք առաջադրելու` վարույթն իրականացնող մարմնի գործառույթներին դատարանի միջամտությունը, ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է` դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար:
Հարկ է նշել նաև, որ դիմողը, վերաքննիչ բողոքում ըստ էության չի նշել և չի հիմնավորել, թե կոնկրետ ինչ խախտում է թույլ տրվել վարույթն իրականացրած մարմնի կողմից, ինչ իրավական ակտով նախատեսված իրավունք է խախտվել և դա դիմողի ինչ իրավունքի խախտման է հանգեցրել: Ավելին, սույն որոշման 1-4-րդ կետերում նշված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ կատարվել է համապատասխան չափանիշներին բավարարող լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, վարույթն իրականացրած մարմնի կողմից թույլ չի տրվել այնպիսի խախտում, որը կարող էր հանգեցնել դիմողի իրավունքների կամ օրինական շահերի խախտման:
(...)
Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ պարագայում տեղի է ունեցել քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, թույլ չի տրվել քրեադատավարական իրավանորմերի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել դիմողի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքների խախտման, հետևաբար բացակայում է վարույթն իրականացնող մարմնի վրա խախտումները վերացնելու պարտականություն սահմանելու հիմքը: Եվ տվյալ դեպքում, վերը նշված փաստական տվյալների առկայության պայմաններում, Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտն իրավաչափ է (...)»13։
19.1. Վերաքննիչ դատարանը, Մ.Ա.-ի վերաբերյալ, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումն անփոփոխ թողնելով, նշել է՝ «(...) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի դիրքորոշմանը:
(...)
Մասնավորապես, ինչպես երևում է Առաջին ատյանի դատարանին ներկայացված և սույն որոշման 1-4-րդ կետերում նշված փաստական տվյալներից, վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի նախաքննության ընթացքում դրսևորելով համապատասխան ջանասիրություն կատարել է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Ինչպես Առաջին ատյանի դատարանին, այնպես էլ Վերաքննիչ դատարանին չեն ներկայացվել համապատասխան փաստական տվյալներ, որոնք կարող էին վկայել այն մասին, որ վարույթն իրականացրած մարմինն առերևույթ քննություն չի կատարել քննության առարկա հանդիսացող որևէ հանգամանքի վերաբերյալ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են համաձայնվելու ինչպես քննիչի, այնպես էլ դատախազի վիճարկվող որոշումներում առկա հետևություններին:
Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքից բխող հետևություններն այն մասով, որ նախաքննությունը կատարվել է թերի, թույլ են տրվել մի շարք խախտումներ` անհիմն են: Որոշման մեջ նշված, քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վերաբերյալ քննիչի գնահատականների հետ բողոքաբերի` համամիտ չլինելը կամ բողոքաբերի կարծիքը` վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ քննություն չկատարելու, մի շարք հարցեր քննության առարկա չդարձնելու, ոչ օբյեկտիվ, անհիմն և չպատճառաբանված որոշում կայացնելու մասին, բավարար չէ` քննիչի վիճելի որոշման հետևանքով իրավունքների խախտում արձանագրելու համար:
Բացի այդ, նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը, (…)) ինչպես նաև մեղադրանք առաջադրելու` վարույթն իրականացնող մարմնի գործառույթներին դատարանի միջամտությունը, ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է` դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար:
Հարկ է նշել նաև, որ դիմողը, վերաքննիչ բողոքում ըստ էության չի նշել և չի հիմնավորել, թե կոնկրետ ինչ խախտում է թույլ տրվել վարույթն իրականացրած մարմնի կողմից, ինչ իրավական ակտով նախատեսված իրավունք է խախտվել և դա դիմողի ինչ իրավունքի խախտման է հանգեցրել: Ավելին, սույն որոշման 1-4-րդ կետերում նշված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ կատարվել է համապատասխան չափանիշներին բավարարող լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, վարույթն իրականացրած մարմնի կողմից թույլ չի տրվել այնպիսի խախտում, որը կարող էր հանգեցնել դիմողի իրավունքների կամ օրինական շահերի խախտման:
(...)
Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ պարագայում տեղի է ունեցել քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, թույլ չի տրվել քրեադատավարական իրավանորմերի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել դիմողի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքների խախտման, հետևաբար բացակայում է վարույթն իրականացնող մարմնի վրա խախտումները վերացնելու պարտականություն սահմանելու հիմքը: Եվ տվյալ դեպքում, վերը նշված փաստական տվյալների առկայության պայմաններում, Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտն իրավաչափ է (…)»14:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները բողոքները քննության են առել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք նախաքննության մարմնի՝ Ա.Հ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2021 թվականի մայիսի 4-ի որոշումների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
22. ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիա) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով (…)»:
Մեջբերված սահմանադրական և կոնվենցիոն նորմերով ամրագրված է կյանքի իրավունքը՝ որպես անձի հիմնարար իրավունք:
23. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), անդրադառնալով Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված նորմին, այն մեկնաբանել է որպես այդ դրույթի նյութաիրավական կողմի ենթադրյալ խախտման կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտականություն սահմանող նորմ` հաշվի առնելով այս իրավունքի հիմնարար բնույթը15:
24. Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի ընթացակարգային բաղադրիչի արդյունավետ քննության մասով Եվրոպական դատարանն իր դիրքորոշումներում բազմիցս ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը պետություններին պարտավորեցնում է ոչ միայն ձեռնպահ մնալ անձանց կյանքի նկատմամբ դիտավորյալ, անօրինական ոտնձգություններից, այլ նաև սահմանում է, որ պետությունները պետք է իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքի պաշտպանության համար համապատասխան քայլեր ձեռնարկեն16: Կյանքի իրավունքի պատշպանությունն անուղղակիորեն պետությունից պահանջում է անձանց մահվան կապակցությամբ պաշտոնապես օբյեկտիվ քննություն իրականացնել: Նման քննություն իրականացնելու պարտականությունը ծագում է բոլոր դեպքերում՝ սպանության կամ կասկած հարուցող մահվան դեպքերում՝ անկախ նրանից, թե հանցանք կատարած անձինք անհատներ են, թե պետական մարմիններ կամ անհայտ անձինք17:
Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջն է, որ իրավասու մարմինները գործեն պատշաճ ջանասիրությամբ ու արագությամբ և պարտավոր լինեն նախաձեռնել քննություն, որն ի վիճակի է նախ որոշակիացնել այն հանգամանքները, որոնցում դեպքը տեղի է ունեցել և կարգավորող համակարգի գործունեության ցանկացած թերություն, երկրորդ` բացահայտել դրանում ներգրավված պետական պաշտոնյաներին և մարմիններին18:
24.1. Քննությունն արդյունավետ կարող է համարվել այն դեպքում, երբ հնարավոր կլինի քննությամբ ձեռք բերված փաստերը համադրել և հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկել: Իշխանությունները տեղի ունեցած իրադարձությունը բացահայտելու համար պետք է ձեռնարկեն հասանելի, խելամիտ քայլեր՝ վկաների հարցաքննություն, դատաբժշկական փորձաքննության նշանակում, ինչպես նաև դիահերձում, ինչը թույլ կտա բացահայտել առկա վնասվածքների ամբողջական և իրական պատկերը, ինչպես նաև մահվան պատճառը19: Քննության եզրակացությունը պետք է հիմնված լինի գործով առկա փաստերի ամբողջական, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա:
24.2. Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քննության արդյունավետությունը գնահատելիս կարևոր է հատկապես այն հանգամանքը, թե որքան արագ են իշխանություններն արձագանքում Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքներին, ինչը նպաստում է հանրության վստահության պահպանմանը՝ օրինականության ամրապնդման և անօրինական գործողությունների նկատմամբ հանդուրժողականության բացառման հարցում20:
24.3. Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քննությունը պետք է լինի մանրամասն: Դա նշանակում է, որ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով իրավասու մարմինները պետք է իրականացնեն լուրջ ջանքեր և քննությունն ավարտելիս կամ իրենց որոշումները պատճառաբանելիս չհենվեն շտապողական կամ թույլ պատճառաբանված եզրահանգումների վրա: Նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ձեռք բերեն դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, ի թիվս այլոց, ականատեսների հարցաքննությունը և բժշկական ապացույցները: Քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը21:
24.4. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված մի շարք վճիռներում արձանագրվել է, որ պետությունն իր պոզիտիվ պարտականության շրջանակներում չի կատարել մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն, ինչը հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի խախտման22: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ քննություն իրականացնող մարմինները չեն գործել բավարար ջանասիրությամբ և չեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պարզեն տուժողի մահվան հանգամանքները23:
25. Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում մշտապես ընդգծել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված` կյանքի իրավունքի առաջնային և հիմնարար բնույթը24: Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(…) Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ իրականացվող քննության արդյունավետության գնահատման հիմնական չափանիշներից են`
ա) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ ջանասիրությամբ և արագությամբ,
բ) քննության արդյունքում պետք է հստակեցվեն դեպքի հանգամանքները,
գ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներ ձեռք բերելու համար: Վարույթն իրականացնող մարմինները պետք է ձեռնպահ մնան շտապողական կամ թույլ պատճառաբանված հետևություններից, քանի որ քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում մահվան պատճառները պատասխանատու անձանց կողմից պարզելու կարողությունը, վտանգում է քննության արդյունավետությունը, հետևաբար և Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պետության ստանձնած պարտավորությունների իրագործումը:
Այն դեպքում, երբ պետության վերահսկողության ներքո (ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկում և այլն) գտնվող անձը մահանում է, և պետությունը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ուժով պարտավորություն է կրում ներկայացնելու մահվանը հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն, ապա իրավասու մարմինները (պաշտոնատար անձինք) կասկածելի մահվան փաստի առթիվ պետք է հարուցեն քրեական գործ և քրեադատավարական ողջ գործիքակազմի ներգրավմամբ իրականացնեն հնարավոր ողջամիտ քայլերը` դեպքի հանգամանքները պարզելու համար (...)»25:
25.1. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պետության իրավասության ներքո գտնվող, այդ թվում՝ զինվորական ծառայության զորակոչված անձի մահվան դեպքում քննություն իրականացնող մարմինները պետք է գործեն արագ և արդյունավետ, կատարեն մանրամասն քննություն, ձեռնարկեն հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անձի մահվան պատճառները պարզելու համար՝ միաժամանակ ձեռնպահ մնալով մահվան հանգամանքների վերաբերյալ հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականներ տալուց: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ պետության վերահսկողության ներքո գտնվող անձանց մահվան դեպքերով վերը նշված պահանջներին համապատասխանող քննությունը միայն կարող է համարվել արդյունավետ և համահունչ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին:
26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Նախաքննական մարմինը Ա.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացրել այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի հանդիսանում պաշտոնատար անձ՝ այսինքն տվյալ դեպքում հանդես չի եկել որպես վերահսկիչ և կարգադրիչ լիազորություններով օժտված, ՀՀ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ուստի չի կարող հանդիսանալ տվյալ հանցագործությունների սուբյեկտ, իսկ հանցագործության սուբյեկտի բացակայությունն ինքնին բացառում է տվյալ հանցակազմի առկայությունն ընդհանրապես, հետևապես նրա արարքում վերոնշյալ հանցակազմերը բացակայում են։
Նախաքննական մարմինը Ա.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացրել այն պատճառաբանությամբ, որ Ա.Հ.-ի կողմից Ա.Ղ.-ի ԷՍԳ եզրակացությունում «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց), աջ և ձախ հիպերտրոֆիա» նշելու դեպքում անգամ, վերջինս ՀՀ Կառավարության 404-Ն որոշմամբ ենթակա է եղել զորակոչման պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, քանի որ կառավարության որոշումը չի նախատեսում նշված հիվանդության դեպքում ծառայությունից ազատում, իսկ քննարկվող դեպքում Ա.Ղ.-ն այլ հիվանդության պատճառով սահմանափակումներով զորակոչվել է բանակ՝ հեշտացված պայմաններում ծառայություն իրականացնելու և, քանի որ սույն քրեական գործով ստացված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ Ա.Ղ.-ի մահվան պատճառ հանդիսացած՝ սուր սրտային անբավարարությունը և թոքերի արտահայտված այտուցը ենթադրում է թոք-սրտային անբավարարությունը պայմանավորող օրգանների կազմաբանական և ձևաբանական փոփոխություններ, որոնք ունեն քրոնիկական ընթացք՝ սրացման փուլայնությամբ, առաջացման պատճառածագումնաբանությունը ստույգ որոշել հնարավոր չէ, դրանց հիմքում ընկած են ընդհանուր առմամբ օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա.Ղ.-ն մահվանից առաջ օգտագործել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ, վերջինիս կողմից թմրամիջոցի օգտագործումը կարող էր լինել նպաստող գործոն՝ մահվան անմիջական պատճառի առաջացման կենսամեխանիզմում, հետևապես Ա.Վ.Հ.-ի կողմից Ա.Ղ.-ի ԷՍԳ ժապավենների եզրակացություններում «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց), աջ և ձախ հիպերտրոֆիա» չհայտնաբերելը անմիջական պատճառական կապի մեջ չի կարող գտնվել Ա.Ղ.-ի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու և հետագայում վերջինիս մահվան պատճառի հետ26:
- Նախաքննական մարմինը Մ.Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացրել և քրեական գործով վարույթը կարճել է այն պատճառաբանությամբ, որ Մ.Ա.-ի 2016 թվականին Ա.Ղ.-ի կցագրման, իսկ 2018 թվականին զորակոչի արդյունքներում դրական եզրակացությունը տվել է տարածքային պոլիկլինիկայից Ա.Ղ.-ի էլեկտրասրտագրության ժապավենների եզրակացությունները ուսումնասիրելու արդյունքում, որում միայն նշված են եղել Ա.Ղ.-ի սրտի ռիթմերը, որը եղել է նորմայի մեջ, ըստ ԷՍԳ ժապավենների եզրակացությունների տվյալների՝ Ա.Ղ.-ին մասնագիտացված բուժհաստատություններում լրացուցիչ հետազոտություններ անցնելու ցուցում չի տրվել, դրա անհրաժեշտության բացակայության պատճառով, այսինքն Մ.Ա.-ն, ուսումնասիրելով Ա.Ղ.-ի ԷՍԳ ժապավենների վերծանումների վերաբերյալ տարածքային պոլիկլինիկայում կազմված եզրակացությունները, կատարել է իր պարտականություններից բխող գործողություններ, որը չի հակասել ՀՀ Կառավարության 404-Ն որոշման պահանջներին, ինչպես նաև այն հանգամանքը, որ սույն քրեական գործով հիմնավորվել է, որ Ա.Ղ.-ի մահվան պատճառ հանդիսացած՝ սուր սրտային անբավարարությունը և թոքերի արտահայտված այտուցը ենթադրում է թոք-սրտային անբավարարությունը պայմանավորող օրգանների կազմաբանական և ձևաբանական փոփոխություններ, որոնք ունեն քրոնիկական ընթացք՝ սրացման փուլայնությամբ, առաջացման պատճառածագումնաբանությունը ստույգ որոշել հնարավոր չէ, դրանց հիմքում ընկած են ընդհանուր առմամբ օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա.Ղ.-ն մահվանից առաջ օգտագործել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ, վերջինիս կողմից թմրամիջոցի օգտագործումը կարող էր լինել նպաստող գործոն՝ մահվան անմիջական պատճառի առաջացման կենսամեխանիզմում, հետևապես Մ.Ա.-ի կողմից Ա.Ղ.-ի զորակոչման պիտանելիության վերաբերյալ դրական եզրակացություն տալն անմիջական պատճառական կապի մեջ չի կարող գտնվել Ա.Ղ.-ի մահվան պատճառի հետ27։
- Դատախազ Է.Աղաբալյանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Հոբոսյանի բողոքն Ա.Հ.-ի մասով մերժել է այն հիմնավորմամբ, որ քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով, այդ թվում դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 153/հձ եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ա.Ղ.-ի մահվան պատճառ հանդիսացած՝ սուր սրտային անբավարարությունը և թոքերի արտահայտված այտուցը ենթադրում է թոք-սրտային անբավարարությունը պայմանավորող օրգանների կազմաբանական և ձևաբանական փոփոխություններ, որոնք ունեն քրոնիկական ընթացք՝ սրացման փուլայնությամբ, առաջացման պատճառածագումնաբանությունը ստույգ որոշել հնարավոր չէ, դրանց հիմքում ընկած են ընդհանուր առմամբ օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև Ա.Ղ.-ի մահվան պրոցեսի առաջացման մեջ նպաստող հանգամանք է եղել նաև նրա կողմից մինչ մահը կանաբինոիդների շարքի թմրալկալոիդների օգտագործումը, որը կարող էր ունենալ և ունենում է բացասական ազդեցություն սիրտ-անոթային համակարգի գործունեության վրա, առավել ևս՝ հիվանդագին (ախտաբանական) փոփոխության առկայության պայմաններում, հետևապես Ա.Հ.-ի կողմից Ա.Ղ.-ի ԷՍԳ ժապավենների եզրակացություններում «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց), աջ և ձախ հիպերտրոֆիա» չհայտնաբերելն անմիջական պատճառական կապի մեջ չի կարող գտնվել Ա.Ղ.-ի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու և հետագայում վերջինիս մահվան պատճառի հետ։
Դատախազն անդրադառնալով տուժողի իրավահաջորդի կողմից բարձրացված այն հարցին, որ քրեական գործով անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու բժիշկ Ա.Հ.-ի սխալմունքի կամ մեղավորության աստիճանը ԷՍԳ ժապավենով եզրակացություն կազմելու ժամանակ, նշել է, որ նախաքննական մարմնի կողմից նշված հարցն արդեն իսկ բարձրացվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելիս և եզրակացությամբ արձանագրվել է, որ Ա.Ղ.-ի մոտ հայտնաբերված ախտորոշումը ենթադրում է թոք-սրտային անբավարարությունը պայմանավորող օրգանների կազմաբանական և ձևաբանական փոփոխություններ, որոնք ունեն քրոնիկական ընթացք սրացման փուլայնությամբ, վերջիններիս առաջացման պատճառածագումնաբանությունը ստույգ որոշել հնարավոր չէ, սակայն կարելի է եզրակացնել, որ դրանց հիմքում ընկած են ընդհանուր առմամբ օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումները, որից միանշանակ բխում է, որ հանձնաժողովը չի հանգել որևէ եզրակացության, որ նախազորակոչային և առավել ևս զորակոչային հետազոտությունները լիարժեք չեն եղել, հետևապես՝ Ա.Հ.-ի կողմից որևէ սխալ հետազոտություն կամ առավել ևս սխալ եզրահանգում թույլ չի տրվել, ուստի Ա.Հ.-ի կողմից հնարավոր սխալմունքի կամ մեղավորության աստիճանի մասին ԷՍԳ ժապավենով եզրակացություն կազմելու ժամանակ անգամ խոսք լինել չի կարող, իսկ քննարկվող փորձաքննության եզրակացության 12-րդ կետում նշվել է նաև, որ Ա.Ղ.-ի բժշկական փաստաթղթերի՝ անձնական գործում առկա էլեկտրասրտագրության տվյալների և դիակի դատաբժշկական փորձաքննության տվյալների համադրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ մինչ մահը կաննաբինոիդների շարքի թմրալկալոիդների օգտագործումը կարող էր ունենալ և ունենում է բացասական ազդեցություն՝ սիրտ-անոթային համակարգի գործունեության վրա, առավել ևս՝ հիվանդագին (ախտաբանական) փոփոխությունների առկայության պայմաններում28։
Դատախազ Հ.Մկրտչյանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Հոբոսյանի բողոքը Մ.Ա.-ի մասով մերժել է այն հիմնավորմամբ, որ նախաքննությամբ ձեռք չեն բերվել այնպիսի ապացույցներ, որոնք կվկայեն այն մասին, որ բժիշկ-սրտաբան Մ.Ա.-ն իր պարտականությունները չի կատարել կամ կատարել է ոչ պատշաճ կերպով։
Դատախազը նշել է, որ սույն քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա.Ղ.-ի ԷՍԳ վերծանման եզրակացությունը կազմած բժիշկը պարտավոր է եղել իր կողմից կազմված եզրակացությունում նշել Ա.Ղ.-ի սրտի իրական պատկերը, իսկ եզրակացության մեջ նշվածը հիմք է զորակոչային բժշկական հանձնաժողովի բժշկի կողմից վերջնական ախտորոշումը որոշելու համար, որն էլ վերջինս կատարել է։ Այլ հարց է առաջանում, թե արդյո՞ք Ա.Ղ.-ի մահվան պատճառը ուղղակի անմիջական պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում համապատասխան բժշկի թույլ տված թերացման, դրա արդյունքում վերջինիս բանակ զորակոչելու հետ, քանի որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատված՝ մահվան պատճառ հանդիսացած ախտորոշումը ունեցել է քրոնիկական ընթացք՝ սրացման փուլայնությամբ, առաջացման պատճառածագումնաբանությունը ստույգ որոշել հնարավոր չէ, դրանց հիմքում ընկած են ընդհանուր առմամբ օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա.Ղ.-ն մահվանից առաջ օգտագործել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ, վերջինիս կողմից թմրամիջոցի օգտագործումը կարող էր լինել նպաստող գործոն՝ մահվան անմիջական պատճառի առաջացման կենսամեխանիզմում, քանի որ այն ունենում է բացասական ազդեցություն սիրտ-անոթային համակարգի գործունեության վրա՝ առավել ևս հիվանդագին (ախտաբանական) փոփոխությունների առկայության պայմաններում։
Դատախազն արձանագրել է, որ այս պատասխանից միանշանակ բխում է, որ հանձնաժողովը չի հանգել որևէ եզրակացության, որ նախազորակոչային և առավել ևս զորակոչային հետազոտությունները լիարժեք չեն եղել, հետևապես՝ Մ.Ա.-ի կողմից որևէ սխալ եզրահանգում թույլ չի տրվել, ուստի վերջինիս կողմից ոչ ճշգրիտ և անօրինական եզրակացություն չի կազմվել, իսկ քննարկվող փորձաքննության եզրակացության 12-րդ կետում նշվել է նաև, որ Ա.Ղ.-ի բժշկական փաստաթղթերի՝ անձնական գործում առկա էլեկտրասրտագրության տվյալների և դիակի դատաբժշկական փորձաքննության տվյալների համադրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ մինչ մահը կաննաբինոիդների շարքի թմրալկալոիդների օգտագործումը կարող էր ունենալ և ունենում է բացասական ազդեցություն սիրտ-անոթային համակարգի գործունեության վրա, առավել ևս՝ հիվանդագին (ախտաբանական) փոփոխությունների առկայության պայմաններում։
Դատախազն անդրադառնալով տուժողի իրավահաջորդի կողմից բարձրացված այն հարցին, որ քրեական գործով անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ բժիշկ Մ.Ա.-ի բժշկական սխալի և դրա առկայության պայմաններում Ա.Ղ.-ի մահվան հետ անմիջական պատճառական կապի հարցը պարզելու վերաբերյալ, նշել է, որ նախաքննական մարմնի կողմից նշված հարցն արդեն իսկ բարձրացվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելիս29։
- Առաջին ատյանի դատարանը, 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումներով քննարկելով Ա.Հ.-ի և Մ.Ա.-ի վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Հոբոսյանի ներկայացրած բողոքները, մերժել է դրանք` նշելով, որ շուրջ մեկ տարի չորս ամիս տևած նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ուղղված սույն գործով պարզաբանման ենթակա հանգամանքները պարզելուն, այդ թվում սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել մինչզորակոչային և զորակոչային գործընթացներում հնարավոր իրավախախտումները բացահայտելու և քննելու ուղղությամբ՝ թե՛ բժիշկ Ա.Հ.-ի, թե՛ բժիշկ Մ.Ա.-ի մասով։ Վերոնշյալ դեպքի առթիվ վարույթն իրականացնող մարմինը կատարել է մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ապահովելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն։
Առաջին ատյանի դատարանն իր համաձայնությունն է հայտնել նախաքննական մարմնի որոշումներով ներկայացված պատճառաբանություններին, արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը Ա.Հ.-ի և Մ.Ա.-ի գործողությունները ստուգելու, նրանց արարքում հնարավոր խախտումներ, հետևաբար նաև հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելու կամ բացակայությունն արձանագրելու համար ձեռնարկել է մի շարք դատավարական միջոցներ, այդ թվում նշանակվել է բողոքի մեջ հայցվող՝ դատաբժշկական փորձաքննությունը, բացի այդ նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև հարցաքննվել է դատաբժիշկ-փորձագետ Ս.Ս.-ն, և նախաքննական մարմինը այդ կերպ ստուգել և հավաստիացել է Ա.Հ.-ի և Մ.Ա.-ի արարքում հանցակազմի բացակայության մեջ30:
- Վերաքննիչ դատարանն իր հերթին, Ա.Հ.-ի և Մ.Ա.-ի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումներն անփոփոխ թողնելով արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը, քրեական գործի նախաքննության ընթացքում դրսևորելով համապատասխան ջանասիրություն, կատարել է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Բացի այդ, չեն ներկայացվել համապատասխան փաստական տվյալներ, որոնք կարող էին վկայել այն մասին, որ վարույթն իրականացրած մարմինն առերևույթ քննություն չի կատարել քննության առարկա հանդիսացող որևէ հանգամանքի վերաբերյալ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են համաձայնելու ինչպես քննիչի, այնպես էլ դատախազի վիճարկվող որոշումներում առկա հետևություններին31:
27. Սույն որոշման 9-19.1-րդ և նախորդ կետերում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով սույն որոշման 22-25.1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերը և արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ա.Հ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը գնահատելիս, պատշաճ ուշադրության չեն արժանացրել սույն գործի մի շարք փաստական հանգամանքներ: Մասնավորապես, ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ եզրակացություններով և ցուցմունքներով հաստատվել է, որ Ա.Հ.-ն և Մ.Ա.-ն չեն արձանագրել «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց), աջ և ձախ փորոքային հիպերտրոֆիա» ախտորոշումը։ Այսպես.
«Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության սրտաբան Ա.Հ.-ի ցուցմունքի համաձայն՝ Ա.Ղ.-ի վերաբերյալ կազմված էլեկտրասրտագրության եզրակացությունները և դրանցում եղած գրառումներն ինքն է կատարել, սակայն թվարկված ժապավենների տվյալներում չի տեսել «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց), աջ և ձախ փորոքային հիպերտրոֆիա»: Սակայն իր պարտականությունների մեջ չի մտնում որևէ մեկին ավելի խորը մասնագիտական հետազոտության ուղարկելը, ինքը միայն եզրակացությունն ուղարկում է զինկոմիսարիատ, որտեղ արդեն սրտաբանն է որոշում խորը մասնագիտական հետազոտության ուղարկելու հարցը: Եթե էլեկտրասրտագրության ժապավենի վրա տեսներ վերը նշված ախտորոշումները, ապա պարտավոր էր դրանք արձանագրել եզրակացության մեջ, որոնք չի տեսել, իսկ նեղ մասնագիտական հետազոտության համար ցուցում տալու իրավասություն ինքը չունի։
Սրտաբան Մ.Ա.-ի ցուցմունքի համաձայն՝ եթե զորակոչիկի մոտ նկատելի են լինում խնդիրներ, ապա ինքը պարտավոր է զորակոչիկին ուղարկել նեղ մասնագիտական հետազոտության, որից հետո միայն կարող է որոշվել զորակոչիկի պիտանելիությունը զինծառայության համար, սակայն ինքն Ա.Ղ.-ի մոտ առկա խնդիրները չի նկատել, հիմնվել է էլեկտրասրտագրության վերաբերյալ Ա.Հ.-ի տված եզրակացության վրա: Ամեն դեպքում չի ֆիքսվել «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց), աջ և ձախ փորոքային հիպերտրոֆիա» ախտորոշումը, իսկ ինքը հիմնվել է տվյալ բժշկուհու տված ախտորոշման վրա, և եթե զորակոչի ժամանակ Ա.Ղ.-ի մոտ ֆիքսվեր նշված խնդիրը, ապա նա իրենց կողմից կուղարկվեր մասնագիտացված բուժհաստատություն` ավելի մանրակրկիտ հետազոտություններ անցնելու համար, որից հետո միայն կորոշվեր վերջինիս պիտանելիությունը զինվորական ծառայության համար, սակայն Ա.Ղ.-ը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար։
Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 153/հձ եզրակացության համաձայն՝ Ա.Ղ.-ի վերաբերյալ կազմված զինակոչիկի անձնական գործում փակցված «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում 2016 թվականի փետրվարի 3-ին կատարված էլեկտրասրտագրության ժապավենի վրա առկա է հետևյալ պատկերը` «ձախ փորոքային գերբեռնվածություն և հիպօքսիա (թթվածնաքաղց): Աջ և ձախ փորոքային հիպերտրոֆիա»: «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2016 թվականի փետրվարի 3-ին կատարված էլեկտրասրտագրության ժապավենի վրա ներկայումս առկա է նույն պատկերը` «ձախ փորոքային գերբեռնվածություն (թթվածնաքաղց): Աջ և ձախ փորոքային հիպերտրոֆիա», ինչպես նաև ԷՍԳ-ի պատկերը նման է «CLC» համախտանիշին և հիպօքսիային (թթվածնաքաղց): Վերը շարադրված ԷՍԳ պատկերը հաստատվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննությամբ, որտեղ հայտնաբերվել է և արձանագրվել սրտամկանի հիպերտրոֆիա (գերաճ): «Սուր սրտային անբավարարությունը և թոքերի արտահայտված այտուցը, որը պայմանավորված է սրտամկանի գերաճով` 370.0 գր., պսակաձև զարկերակների թույլ արտահայտված աթերոսկլերոզով, փխրուն շարակցահյուսվածքային թույլ արտահայտված ներաճով սրտամկանի հենքում, սրտամկանի ծանր դիստրոֆիայով` օջախային նեկրոզներով, 62.0 նգ/մլ տրոպոնինի առկայությամբ արյան մեջ, մակերիկամների արտահայտված այտուցով, կեղևային և միջուկային նյութերի գերարյունությամբ, բազմաթիվ մանրօջախային արյունազեղումներով» ախտորոշումը ենթադրում է թոք-սրտային անբավարարությունը պայմանավորող օրգանների կազմաբանական և ձևաբանական փոփոխություններ, որոնք ունեն քրոնիկական ընթացք սրացման փուլայնությամբ:
Վերոշարադրյալ փաստական հանգամանքների վերլուծության հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է.
- նախաքննության մարմինը բավարար միջոցներ չի ձեռնարկել պարզելու, թե արդյո՞ք Ա.Ղ.-ի մահվան պատճառ հանդիսացած սուր սրտային անբավարարությունը և թոքերի արտահայտված այտուցը պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում էլեկտրասրտագրության վերաբերյալ Ա.Հ.-ի կողմից տրված եզրակացությամբ դրանք չարձանագրելու և Մ.Ա.-ի կողմից զորակոչիկին նեղ մասնագիտական հետազոտությունների չուղարկելու հանգամանքների հետ, թե ոչ։
- նախաքննության մարմնի կողմից մանրամասն քննություն չի տարվել պարզելու հետևյալ հարցը. եթե զորակոչի ժամանակ Ա.Ղ.-ի մոտ արձանագրվեր «ձախ փորոքային գերբեռնվածություն (թթվածնաքաղց): Աջ և ձախ փորոքային հիպերտրոֆիա» և նա ուղարկվեր նեղ մասնագիտական հետազոտության, ապա դա կարո՞ղ էր ազդեցություն ունենալ վերջինիս զորակոչի հարցում՝ զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշելիս՝ հաշվի առնելով նաև վերջինիս մոտ արդեն իսկ արձանագրված գիշերամիզությունն ու հարթաթաթությունը։ Իսկ, եթե անգամ Ա.Ղ.-ն ճանաչվեր պիտանի զինվորական ծառայության համար, ապա իր մոտ արձանագրված հիվանդությունը, գիշերամիզության և հարթաթաթության հետ մեկտեղ, կարո՞ղ էին հիմք հանդիսանալ ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 2-ի 404-Ն որոշմամբ սահմանված զինվորական ծառայության այլ սահմանափակումներ կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության այլ պայմաններ սահմանելու համար։
28. Անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնի այն հետևությանը, որ Ա.Հ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների սուբյեկտ չէ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Հ.-ի արարքում որևէ հանցակազմի առկայության կամ բացակայության հարցը կարող է քննարկման առարկա դառնալ միայն նրա գործողությունների իրավաչափության և Ա.Ղ.-ի մահվան միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ վերջնական եզրահանգման գալուց հետո32։
29. Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ա.Հ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2021 թվականի մայիսի 4-ի որոշումների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։
30. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտ կայացնելիս, ստորադաս դատարանները թույլ են տվել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և դրանց փոխարինող դատական ակտ կայացնելու՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան տուժողի իրավահաջորդ Ա.Մ.-ի ներկայացուցիչ Ա.Հոբոսյանի կողմից ներկայացված բողոքները բավարարելու և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելու վերացնել Ա.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու, Մ.Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2021 թվականի մայիսի 4-ի որոշումները։
31. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Տուժողի իրավահաջորդ Ա.Ա.Մ.-ի ներկայացուցիչ Ա.Մ.-ի բողոքների վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումները և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշումները բեկանել և կայացնել դրանց փոխարինող դատական ակտ՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան տուժողի իրավահաջորդ Ա.Մ.-ի ներկայացուցիչ Ա.Հոբոսյանի կողմից ներկայացված բողոքները բավարարել և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ա.Վ.Հ. նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու, Մ.Գ.Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2021 թվականի մայիսի 4-ի որոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________
1 Տե՛ս, թիվ ******** քրեական գործի նյութեր, հատոր 2, թերթեր 175-193։
2 Տե՛ս, թիվ ******** քրեական գործի նյութեր, հատոր 4, թերթեր 65-78։
3 Տե՛ս, թիվ ******** քրեական գործի նյութեր, հատոր 4, թերթեր 201-204։
4 Տե՛ս, թիվ ******** քրեական գործի նյութեր, հատոր 4, թերթեր 108-111։
5 Տե՛ս, թիվ ******** քրեական գործի նյութեր, հատոր 4, թերթեր 113-115։
6 Տե՛ս, թիվ ******** քրեական գործի նյութեր, հատոր 1, թերթեր 144-148։
7 Տե՛ս, թիվ ******** քրեական գործի նյութեր, հատոր 1, թերթեր 109-112։
8 Տե՛ս, թիվ ******** քրեական գործի նյութեր, հատոր 1, թերթեր 234-248։
9 Տե՛ս, նյութեր, ՍԴ3/0005/11/21, հատոր 1, թերթեր 40-71:
10 Տե՛ս, նյութեր, ՍԴ3/0006/11/21, հատոր 1, թերթեր թերթեր 30-60:
11 Տե՛ս, թիվ ՍԴ3/0005/11/21 վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 98-102։
12 Տե՛ս, թիվ ՍԴ3/0006/11/21 վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 104-108:
13 Տե՛ս, թիվ ՍԴ3/0005/11/21 վարույթի նյութեր, հատոր 2 թերթեր 104-128:
14 Տե՛ս թիվ ՍԴ3/ 0006/11/21 վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 105-130:
15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ McCann and Others v. The United Kingdom գործով 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 18984/91, կետեր 157-164, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 23818/94, կետ 82, Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետեր 101-106:
16 Ի թիվս այլոց, տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Օsman v. the Սnited Kingdom գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 87/1997/871/1083, կետ 115:
17 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Nachova and Օthers v. Bulgaria գործով 2005 թվականի հուլիսի 6-ի վճիռը, գանգատներ թիվ 43577/98, 43579/98, կետ 110:
18 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kats and Others v. Ukraine, 2008 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 29971/04, կետ 116:
19 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Tanrikulu v. Turkey գործով 1999 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 23763/94, կետ 109 և GՖl v. Turkey գործով 2000 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 22676/93, կետ 89:
20 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Hugh Jordan v. United Kingdom գործով 2001 թվականի մայիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 24746/94, կետ 108։
21 Տե՛ս, ի թիվս այլոց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Gorelov v. Russia, 2014 թվականի հունվարի 9-ի վճիռը, գանգատ թիվ 49072/11, կետ 52:
22 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով 2016 թվականի նոյեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 11275/07, Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի գործով 2017 թվականի նոյեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 27524/09 և այլն, Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի գործով 2020 թվականի մայիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 3673/11, Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի նոյեմբերի 8-ի վճիռը, գանգատներ թիվ 2169/12 և 29887/14, Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի գործով 2023 թվականի հունվարի 24-ի վճիռը, գանգատ թիվ 623/13, կետեր 20-33, Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով 2023 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 29906/14, Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով 2024 թվականի հունիսի 4-ի որոշումը, գանգատ թիվ 48998/14:
23 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նույն վճիռները:
24 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Սեյրան Այվազյանի գործով 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08, Լևոն Գուլյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0051/11/09, Կարեն Փափազյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԷԴ/0002/11/10, Սուսաննա Անտոնյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12, Ռուզաննա Նիազյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշումները:
25 Մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռուզաննա Նիազյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշման 25-26-րդ կետերը:
26 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը։
27 Տե՛ս սույն որոշման 17.1-րդ կետը։
28 Տե՛ս, թիվ ՍԴ3/0005/11/21 վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 26-39։
29 Տե՛ս, թիվ ՍԴ3/0006/11/21 վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 61-76։
30 Տե՛ս սույն որոշման 18-18.1-րդ կետերը։
31 Տե՛ս սույն որոշման 19-19.1-րդ կետերը։
32 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ալեքսանդր Այվազյանի, Քրիստինա Ջամալյանի և Էդգար Ջամալյանի գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԵԷԴ/0040/01/16 որոշումը։
|
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|