ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Հ. Ավագյան |
ԿԴ/0091/01/23 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹԱԴևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
6 մարտի 2026 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 13-ի որոշման դեմ մեղադրյալ Վրեժան Վլադիմիրի Հարությունյանի պաշտպան Ս.Կեսոյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի հունվարի 21-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 20155022 քրեական գործը:
2022 թվականի հունվարի 31-ին քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
2. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ «**** *******» ՍՊ ընկերությունը ճանաչվել է տուժող, իսկ Ա.Իսախանյանը՝ տուժողի ներկայացուցիչ:
3. 2022 թվականի օգոստոսի 16-ին Վրեժան Վլադիմիրի Հարությունյանը ձերբակալվել է։
2022 թվականի օգոստոսի 17-ին Վրեժան Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։
4. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ՝ Վ.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։ Նույն օրը Վ.Հարությունյանն արգելանքից ազատ է արձակվել։
4.1. 2023 թվականի ապրիլի 5-ին Վ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
5. Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տ.Առաքելյանը 2023 թվականի ապրիլի 18-ին որոշում է կայացրել Վ.Հարությունյանին վերագրվող արարքի իրավական գնահատականը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով փոխելու մասին:
6. 2023 թվականի ապրիլի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ մեղադրյալ Վրեժան Վլադիմիրի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողի հետ հաշտության հիմքով:
8. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունիսի 13-ի որոշմամբ բողոքը բավարարել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշումը բեկանել է և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
8.1. Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Մաթևոսյանը, չհամաձայնելով դատական կազմի մյուս դատավորների դիրքորոշման հետ, հայտնել է տարբերվող հատուկ կարծիք:
9. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Վ.Հարությունյանի պաշտպան Ս.Կեսոյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
10. Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը Վրեժան Հարությունյանի նկատմամբ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման:
Բողոք բերած անձն ընդգծել է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ Վ.Հարությունյանը տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից չի կարող ազատվել, քանի որ առաջին անգամ չէ, որ կատարել է հանցավոր արարք։
Բողոքաբերը փաստարկել է, որ սույն քրեական գործի շրջանակներում Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2022 թվականի հունվարի 11-ին կատարել է ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն, իսկ մեկ այլ՝ թիվ ԿԴ/0285/01/21 գործով, Վ.Հարությունյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հաշտության հիմքով, քրեական պատասխանատվությունից ազատվել է 2023 թվականի հունվարի 13-ին:
Բողոքի հեղինակը նշել է, որ իրավական խոչընդոտ առկա չի եղել Վ.Հարությունյանի նկատմամբ սույն քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, նույն օրենսգրքի 82-րդ հոդվածի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար, քանի որ Վ.Հարությունյանն իրեն մեղսագրվող արարքը 2022 թվականի հունվարի 11-ին կատարելու պահին որևէ քրեական գործով տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված չի եղել, այսինքն՝ պետության կողմից «նախազգուշացված» չի եղել, որ հաջորդ անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու դեպքում երկրորդ անգամ հնարավորություն չի ունենալու տուժողի հետ հաշտվելու հիմքով ազատվելու քրեական պատասխանատվությունից:
Բողոքաբերը նշել է, որ ի տարբերություն Վերաքննիչ դատարանի, Առաջին ատյանի դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, որը պետք է թողնվեր անփոփոխ:
11. Ելնելով վերոգրյալից՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 13-ի որոշումը և oրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
12. Վրեժան Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Նա] 2022 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 03։54-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, *******-ի մարզի *********** քաղաքի ***-րդ շենքի տանիքի վերելակի շարժիչի տեղադրման սրահի պատին ամրացված մետաղյա արկղը հարմարեցված գործիքով բացելու եղանակով, այնտեղից գողացել է «*** *****» ՍՊ ընկերությանը պատկանող թվով երկու հատ ինտերնետային միկրոտիկ սվիչ սերվերները, ձայնաազդանշանային ու տեսանկարահանող սարքերը՝ հիշյալ ընկերությանը պատճառելով խոշոր չափի՝ ընդհանուր 1.600.000 ՀՀ դրամի գույքային վնաս»1։
13. Առաջին ատյանի դատարանի դատական նիստում, նախնական դատական լսումների ընթացքում, տուժողի ներկայացուցիչ Արա Իսախանյանը հայտնել է, որ Վրեժան Հարությունյանն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը, նրա նկատմամբ բողոք կամ պահանջ չունի, չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության: Մեղադրյալ Վրեժան Հարությունյանը նախնական դատական լսումների ընթացքում նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ զղջացել է իր կատարած արարքի համար, հաշտվել է տուժողի հետ և չի առարկում, որ քրեական պատասխանատվությունից ազատվի հաշտության հիմքով2։
14. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշման համաձայն. «(…) Նախնական դատական լսումների ընթացքում քննարկելով պաշտպանության կողմի միջնորդությունը՝ մեղադրյալ Վրեժան Հարությունյանին հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, լսելով կողմերի դիրքորոշումները և հիմնվելով վարույթի նյութերի վրա՝ Դատարանը հանգում է հետևության, որ միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանություններով. (…)
Մեջբերված նորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից սահմանվել է առաջին անգամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու իմպերատիվ հիմք այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձի ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն։ Միևնույն ժամանակ, նշված քրեաիրավական կառուցակարգի գործադրման արգելք է սահմանվել այն դեպքերի համար, երբ կատարված հանցանքը բովանդակում է ընտանիքում բռնության հատկանիշներ։
Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ Դատարանն արձանագրում է, որ Վրեժան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով, որը դասվում [է] միջին ծանրության հանցագործությունների շարքին: Նշված հանցագործությունը ընտանիքում բռնության հատկանիշներ չի բովանդակում։
Մեղադրյալ Վրեժան Հարությունյանը թեև նախկինում եղել է դատապարտված դիտավորյալ հանցագործությունների կատարման համար, սակայն այդ դատվածությունները մարված են։ (…)
Հարկ է նաև փաստել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը նախատեսում է, որ առաջին անգամ հանցանք կատարած անձ է համարվում այն անձը, ով նախկինում հանցանք չի կատարել կամ կատարել է, սակայն ազատվել է քրեական պատասխանատվությունից, կամ որի դատվածությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է։
Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանն արձանագրում է, որ Վրեժան Հարությունյանը համարվում է առաջին անգամ հանցանք կատարած անձ և նրա նախկին դատվածությունը չի կարող արգելք հանդիսանալ հաշտության հիմքով նրան քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերի առկայության հարցը լուծելիս։
Անդրադառնալով կողմերի հաշտության վերաբերյալ արված հայտարարություններին՝ Դատարանն արձանագրում է, որ նախնական դատական լսումների ընթացքում տուժողի ներկայացուցիչ Արա Իսախանյանը հայտնել է, որ Վրեժան Հարությունյանն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը, նրա նկատմամբ բողոք-պահանջ չունի և չի ցանկանում, որ վերջինը ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչպես նաև՝ նույն բովանդակությամբ դիմում է ներկայացրել Դատարանին, որը կցվել է վարույթի նյութերին։
Մեղադրյալ Վրեժան Հարությունյանը նույնպես հայտարարել է, որ զղջացել է իր կատարած արարքի համար, հաշտվել է տուժողի հետ և չի առարկում, որ քրեական պատասխանատվությունից ազատվի հաշտության հիմքով:
Վերը մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործով տուժողի և մեղադրյալի հաշտությունը՝ Դատարանն արձանագրում է, որ հաշտությունը կողմերի փոխադարձ կամահայտնությունն է և հիմքեր չկան ենթադրելու, որ այն հետևանք է նրանց նկատմամբ գործադրված ոչ իրավաչափ ներգործության։
Քննարկելով միջնորդության քննության ժամանակ հանրային մեղադրողի ներկայացրած առարկությունն այն մասին, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի հունվարի 13-ի որոշմամբ Վրեժան Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, որպիսի պայմաններում սույն մեղադրանքով քրեական պատասխանատվությունից ազատելն իրավաչափ չի լինի՝ Դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում նշված դիրքորոշման հետ։
(…) Դատարանն արձանագրում է, որ նախկինում հանցանք կատարած է համարվում բացառապես այն անձը, ում վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ և տվյալ դատվածությունը մարված կամ հանված չէ։ Հետևաբար, առաջադրված մեղադրանքներից մեկով անձին քրեական օրենսդրությամբ նախատեսված որևէ հիմքով, այդ թվում՝ հաշտությամբ պատասխանատվությունից ազատելու դեպքում, տվյալ անձը չի դադարում առաջին անգամ հանցանք կատարած անձ համարվել։
Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է, որ՝ «Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից»:
Այսինքն, օրենսդիրը սահմանելով առաջին անգամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարած անձին հաշտության դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու իմպերատիվ հիմք, միևնույն ժամանակ նախատեսել է, որ նախկինում հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից:
Դատարանը գտնում է, որ շարադրված օրենսդրական արգելքում կիրառված «նախկինում» եզրույթը պետք է մեկնաբանվի և կիրառվի այն հաշվով, որ անձին վերագրվող հանցավոր արարքից առաջ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից։
Նման մեկնաբանության համար հիմք է հանդիսանում նախևառաջ օրենսդրական նշված արգելքի նպատակը, այն, որ եթե անձը մեկ անգամ արդեն իսկ ազատվել է քրեական պատասխանատվությունից հաշտության հիմքով և կրկին կատարել է հանցանք, չի կարող երկրորդ անգամ նույն հիմքով ազատվել պատասխանատվությունից։ (...)
Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ անձին մի քանի մեղադրանք առաջադրված լինելն ինքնին չի բացառում դրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշտության կառուցակարգի գործադրումը՝ այլ արգելքների բացակայության պայմաններում, առավել ևս երբ տվյալ վարույթները քննվում են տարբեր մարմինների կողմից։ Հետևաբար, սույն վարույթով այդ առնչությամբ հանրային մեղադրողի ներկայացրած առարկությունները հիմնազուրկ են և չեն կարող հիմք հանդիսանալ Վրեժան Հարությունյանին հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու համար։
Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը հանգում է հետևության, որ Վրեժան Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի, այն է՝ տուժողի հետ հաշտության հիմքով:
Քրեական վարույթը ենթակա է կարճման` նկատի ունենալով, որ մեղադրյալ Վրեժան Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։ (…)»3։
15. Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հունիսի 13-ի որոշման համաձայն. «(…) [Ա]յս ինստիտուտը կիրառելի է բացառապես այն պարագայում, երբ անձն առաջին անգամ է կատարել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք։ Օրենքում հատուկ նշվել է, որ հաշտությունը պետք է լինի հիմնված տուժողի և հանցանք կատարած անձի ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա։ Քննարկվող հոդվածի 5-րդ մասով նախատեսվել է՝ «նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից»։ Այս դրույթի նախատեսումը ևս հույժ կարևոր է, քանզի տուժողի նկատմամբ որոշակի ազդեցություն կամ հեղինակություն ունեցող անձը կարող է նրա նկատմամբ բազմաթիվ հանցանքներ կատարել և հետագայում այս հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Քննարկվող դրույթի նախատեսումը բացառում է նման իրավիճակները։
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվում է, որ (…) մեղադրյալ Վրեժան Հարությունյանը նախկինում՝ 13.01.2023 թվականին տուժողի հետ հաշտվելու հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդված ազատված է եղել քրեական պատասխանատվությունից՝ դատվածության և հետախուզման առկայության Ձև 8 հարցման համաձայն։
(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) մեղադրյալ Վրեժան Հարությունյանի նկատմամբ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր չէ, այն չի բխում նշված իրավակարգավորումներից, որպիսի պայմաններում այն ընդունելի չէ Վերաքննիչ դատարանի համար:
(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ (…) նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով սահմանված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու առկայության պարագայում մեղադրյալի նկատմամբ տուժողի հետ հաշտության հիմքով քրեական հետապնդման դադարեցումը չի բխում գործող քրեաիրավական կարգավորումներից, հետևաբար անհրաժեշտ է արձանագրել, որ նման պայմաններում հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելն ու քրեական գործի վարույթը կարճելը իրավաչափ չէ: (…)»4։
16. Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Մաթևոսյանը ներկայացրել է տարբերվող հատուկ կարծիք, գտնելով, որ Վրեժան Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելի չէ, և հետևաբար վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն օրինական են և հիմնավորված5։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը Վրեժան Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում հանգել է սխալ հետևության։
18. ՀՀ քրեական օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացություններ սահմանող նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «առաջին անգամ հանցանք կատարած` անձ, որը նախկինում հանցանք չի կատարել կամ կատարել է, սակայն ազատվել է քրեական պատասխանատվությունից, կամ որի դատվածությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է»։
ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
(…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ:
(…)
5. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից»:
ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Գողությունը, որը կատարվել է՝
(…)
3) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ
4) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
(…)»:
19. Վճռաբեկ դատարանը Մարզպետ Բեգլարյանի գործով որոշման շրջանակներում նախադեպային դիրքորոշում է ձևավորել «առաջին անգամ հանցանք կատարած անձ» հասկացության, ինչպես նաև տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի մեկնաբանման վերաբերյալ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե անձի նկատմամբ պետությունը դեռևս չի իրագործել քրեաիրավական ներգործություն, սահմանված կարգով չի արտահայտել իր պարսավանքը կատարված հանցավոր արարքին ու գնահատական տվել դրան, այն կատարող անձին չի ենթարկել քրեական պատասխանատվության և պատժի, իրավական տեսանկյունից տվյալ անձը պետք է դիտարկվի որպես առաջին անգամ հանցանք կատարած՝ անկախ մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների քանակից։ Այլ կերպ՝ նշված դեպքում անձը չի կարող համարվել նախկինում հանցանք կատարած, քանի դեռ պետությունը՝ ի դեմս իրավասու մարմնի՝ դատարանի, մեղադրական դատավճռի կայացմամբ չի հաստատել վերջինիս մեղավորությունը մեղսագրվող հանցավոր արարքում կամ արարքներում։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ «առաջին անգամ հանցանք կատարած անձի» բնորոշման մեջ առկա՝ «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել» ձևակերպմանը, արձանագրել է, որ որպես այդպիսին պետք է դիտարկել այն անձին, որի՝ նախկինում դատապարտման վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Այլ կերպ՝ եթե անձին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը կամ արարքները կատարելու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ առկա չի եղել նախկինում (կոնկրետ գործով մեղսագրվող արարքից/արարքներից առաջ կատարված) հանցանքի կատարումը հավաստող օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, անձը պետք է դիտվի որպես առաջին անգամ հանցանք կատարած կամ որ նույնն է՝ «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել»։
Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ անձը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով չի համարվի առաջին անգամ հանցանք կատարած, եթե վերջինս նախկինում կատարված հանցանքի համար դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվելուց հետո, չմարված կամ չվերացված դատվածության պայմաններում, կատարում է նոր հանցանք։
19.1. Նույն որոշմամբ անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի կիրառելիության սահմանափակմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից նշված արգելքի սահմանումը պայմանավորված է չարաշահումները բացառելու, քրեական պատասխանատվության անխուսափելիությունը հետևողականորեն ապահովելու և անպատժելիության մթնոլորտ չստեղծելու անհրաժեշտությամբ, ուստի անձը պետք է գիտակցի, որ իր նկատմամբ խրախուսական նորմի կիրառումից հետո հանցավոր վարքագիծը շարունակելու դեպքում, այլևս չի կարող հավակնել քրեական պատասխանատվությունից նույն հիմքով ազատման։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նշված արգելքը գործում է միայն այն դեպքում, երբ անձը տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո կրկին հանցանք է կատարում, հակառակ պարագայում, երբ հանցանքը կատարվել է նախքան հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու ակտի կայացումը, տվյալ նորմի կիրառելիությունը չի կարող սահմանափակվել։ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձի համար պետք է ակնհայտ լինի, որ պետությունը, մեկ անգամ առանց ռեաբիլիտացնելու «ներելով» իր հանցավոր վարքագիծը և քրեական պատասխանատվությունից ազատելով, հնարավորություն է տալիս անհրաժեշտ դասեր քաղելու և ուղղման ճանապարհին կանգնելու համար, հակառակ պարագայում՝ հանցավոր վարքագիծը շարունակելու դեպքում, վերջինս զրկվում է նույն հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունից6։
20. Սույն վարույթի փաստական տվյալների վերլուծությունից հետևում է, որ՝
- Վրեժան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով7,
- Տուժողի ներկայացուցիչ Արա Իսախանյանի և մեղադրյալ Վրեժան Հարությունյանի միջև առկա է հաշտության վերաբերյալ փոխադարձ համաձայնություն8,
- Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի օգոստոսի 25-ին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Վրեժան Հարությունյանը համարվում է առաջին անգամ հանցանք կատարած անձ: Անդրադառնալով սույն գործով տուժողի և մեղադրյալի՝ հաշտվելու վերաբերյալ հայտարարություններին, դատարանն արձանագրել է, որ հաշտությունը կողմերի փոխադարձ կամահայտնությունն է և հիմքեր չկան ենթադրելու, որ այն հետևանք է նրանց նկատմամբ գործադրված ոչ իրավաչափ ներգործության։ Այնուհետև անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորմանը, դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սահմանելով առաջին անգամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարած անձին հաշտության դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու իմպերատիվ հիմք, միևնույն ժամանակ նախատեսել է, որ նախկինում հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս առնչությամբ դատարանը գտել է, որ շարադրված օրենսդրական արգելքում կիրառված «նախկինում» եզրույթը պետք է մեկնաբանվի և կիրառվի այն հաշվով, որ անձին վերագրվող հանցավոր արարքից առաջ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից9,
- Վերաքննիչ դատարանը չի համաձայնել Առաջին ատյանի դատարանի դիրքորոշմանը, արձանագրելով, որ մեղադրյալ Վրեժան Հարությունյանը նախկինում՝ 2023 թվականի հունվարի 13-ին, տուժողի հետ հաշտվելու հիմքով ազատված է եղել քրեական պատասխանատվությունից, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով, նա սույն գործով չէր կարող տուժողի հետ հաշտության հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից10։
21. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 18-19.1-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Վրեժան Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված՝ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում, եկել է ճիշտ եզրահանգման։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելու համար անհրաժեշտ է անձի կողմից ենթադրյալ հանցավոր արարքի կատարման պահի դրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիմքով նախկինում քրեական պատասխանատվությունից ազատված լինելը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը՝
- մեղադրյալ Վրեժան Հարությունյանին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն,
- Վ.Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով համարվում է առաջին անգամ հանցանք կատարած անձ,
- նրա և տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն,
- Վրեժան Հարությունյանը սույն գործով իրեն վերագրվող հանցանքը կատարել է 2022 թվականի հունվարի 11-ին, իսկ թիվ ԿԴ/0285/01/21 քրեական գործով վերջինիս նկատմամբ, տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը կայացվել է 2023 թվականի հունվարի 13-ին11։
Այսպիսով, Վ.Հարությունյանն իրեն մեղսագրվող արարքը 2022 թվականի հունվարի 11-ին կատարելու պահին որևէ քրեական գործով տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված չի եղել, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասը սույն դեպքում կիրառելի չէ։
Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով մեղսագրվող արարքի կատարման պահի՝ 2022 թվականի հունվարի 11-ի դրությամբ, Վ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը կիրառված չի եղել։ Հետևաբար, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելի չէ, և վերջինս ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման՝ տուժողի հետ հաշտության հիմքով, ինչն իրավացիորեն փաստել է Առաջին ատյանի դատարանը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով Վ.Հարությունյանին քրեական պատասխանատվությունից ազատելու անթույլատրելիությունն արձանագրելով՝ եկել է սխալ եզրահանգման։
22. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը Վրեժան Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում հանգել է սխալ հետևության։
23. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասը, որը սույն դեպքում ենթակա էր կիրառման, և կիրառել է նույն հոդվածի 5-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման։ Այսինքն՝ թույլ է տրվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Վրեժան Հարությունյանին տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 13-ի դատական ակտը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշմանը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վրեժան Վլադիմիրի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 13-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 25-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 126։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 101՝ Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրության էլեկտրոնային կրիչը։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 102-108։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 99-103։
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 104-108։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մարզպետ Բեգլարյանի և այլոց վերաբերյալ գործով 2025 թվականի հունվարի 17-ի թիվ ՏԴ/0023/01/22 որոշումը, կետեր 14-18:
7 Տե՛ս սույն որոշման 5-րդ և 12-րդ կետերը։
8 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը։
11 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԿԴ/0285/01/21 քրեական գործը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Հ. Գրիգորյան Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս. Ավետիսյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: