ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/0599/01/20 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.02.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ս Գզոգյան

ԵԴ/0599/01/20

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  Ն. Հովակիմյան

դատավորներ`

 Ա Դանիելյան

 ԱՆիկողոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ. ԹադևոՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

  2 փետրվարի 2026 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արթուր Հովիկի Բաբալարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ պաշտպան Մ.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի մարտի 5-ին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է թիվ 14173320 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 24-ի որոշմամբ Արթուր Հովիկի Բաբալարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով։

2020 թվականի մարտի 26-ի որոշմամբ մեղադրյալ ԱԲաբալարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

2020 թվականի հունիսի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 2-ի որոշմամբ ԱԲաբալարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 15-ի դատավճռով Արթուր Բաբալարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, ԱԲաբալարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի հիման վրա, ԱԲաբալարյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է 2020 թվականի մարտի 26-ից մինչև 2023 թվականի մայիսի 5-ն անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս 10 (տասը) օրը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 4 (չորս) ամիս 20 (քսան) օր ժամկետով։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով ԱԲաբալարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքի ապաքրեականացման հիմքով։

ԱԲաբալարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։

Իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված «Հոնոր 7Ց» մոդելի բջջային հեռախոսը որոշվել է վերադարձնել տուժող ԱԱ-ի տնօրինությանը՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Իրեղեն ապացույց ճանաչված և տուժող ԱԱ-ին ի պահ հանձնված «Օպել Զաֆիրա» մակնիշի ******* հաշվառման համարանիշի ավտոմեքենան որոշվել է թողնել վերջինիս տնօրինությանը՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ դատախազի և պաշտպան ՄՊողոսյանի բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Մ.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի մարտի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական իրավունքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

 Մասնավորապես, բողոքաբերը կատարելով որոշակի իրավական վերլուծություն և դրա համատեքստում գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և վկայակոչելով տուժողի ցուցմունքը, նշել է, որ ԱԲաբալարյանը տուժողին չի ծեծել, ֆիզիկական ցավ չի պատճառել, ձեռքերը կամ ոտքերը չի կապել, չի սահմանափակել նրա ազատությունը, հետևաբար, իր գնահատմամբ, ԱԲաբալարյանի գործողություններում բացակայել են ինչպես ավազակության, այնպես էլ կողոպուտի որակյալ հանզակազմերը։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշումը և կայացնելով դրան փոխարինող դատական ակտ՝ ճանաչել և հռչակել ԱԲաբալարյանի անմեղությունը՝ իրեն մեղսագրված արարքը կատարած չլինելու պատճառաբանությամբ։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7 Արթուր Բաբալարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ի մասով այն արարքների համար, որ «[Ն]ա 2020 թվականի մարտի 4-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, չպարզված անձանց հետ որպես ուղևոր գտնվելով ԱԱ-ի կողմից վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ******* հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենայում, Երևան քաղաքի Զեյթուն վարչական շրջանից դեպի Կոմիտաս պողոտա ուղևորվելու ժամանակ՝ վարորդից պահանջել է վերջինիս պատկանող «Հոնոր 78» մոդելի 70.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, որից հետո չպարզված անձն՝ ավտոմեքենայի նստատեղից վերցնելով հեռախոսը` այն փոխանցել է Արթուր Բաբալարյանին։ Դրանից հետո վերջինս պահանջել է նաև գումար, սակայն ԱԱ-ն հայտնել է, որ գումար չունի։ Նույն պահին Արթուր Բաբալարյանը բռունցքով հարվածել է ԱԱ-ի դեմքին, որից հետո քաշել է ավտոմեքենայի ձեռքի արգելակը և ավտոմեքենան կանգնել է Երևան քաղաքի Կոմիտաս 41 հասցեի դիմաց, որտեղ իր հանցավոր նպատակն իրականացնելու համար ավազակությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ հարձակում է գործել ԱԱ-ի վրա, որը զուգորդվել է վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ տաբատի գրպանից հանելով որպես զենք օգտագործվող դանակը, այն ուղղել է ԱԱ-ի ուղղությամբ` պահանջելով գումար, սակայն վերջինը հայտնել է, որ գումար չունի։ Նույն պահին ԱԱ-ն հրաժարվել է հեռախոսը վերադարձնելուց և Արթուր Բաբալարյանը դանակով հարվածել է ԱԱ-ի ուղղությամբ, սակայն հարվածը նրան չի դիպել, քանզի նրա հետ եղած չպարզված անձը գրկելով հեռացրել է ԱԱ-ին։ (…)

Բացի այդ, նույն միջադեպի ընթացքում, ԱԱ-ն Արթուր Բաբալարյանից պահանջել է հետ վերադարձնել իրեն պատկանող բջջային հեռախոսը, սակայն վերջինս ոտքերով դիտավորությամբ հարվածել և վնասել է ԱԱ-ի «Օպել Զաֆիրա» մակնիշի ******* հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկը՝ պատճառելով զգալի չափերի՝ 52.000 ՀՀ դրամի գույքային վնաս»1։

8 Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 15-ի դատավճռով արձանագրվել է հետևյալը «(...) Նախաքննության մարմինը [ԱԲաբալարյանի] մեղքը հիմնավորված է համարել տուժող ԱԱ-ի, վկաներ Մ.Տերտերյանի, Ս.Մանուկյանի և Հ.Բաբալարյանի ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ, տեսագրության զննության արձանագրություններով, մեքենայի զննության արձանագրությամբ, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումներով։ (...)

Դատարանը փաստում է, որ տուժողն իր նախաքննական ցուցմունքներում հայտնել է իրարամերժ հանգամանքներ, մասնավորապես մեքենայի մեջ հարվածների, դանակի միայն ցուցադրման, թե նաև դրանով հարվածելու փորձ կատարելու, ավտոմեքենային ոտքով և ձեռքով հարվածելու վերաբերյալ։ Մինչդեռ վերոհիշյալ ապացույցներով, մասնավորապես տեսագրության հետազոտությամբ չի փաստվել, որ Արթուր Բաբալարյանի ձեռքին առկա է եղել դանակ, ավելին, տուժողն իր իսկ [դատաքննական] ցուցմունքում հայտնել է, որ Արթուր Բաբալարյանի ձեռքին իր հեռախոսն է եղել։

Ուստի, տուժող ԱԱ-ի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում նշած հանգամանքները գնահատելով գործով ձեռք բերված թույլատրելի և վերաբերելի ապացույցների համակցության մեջ, գնահատելով ցուցմունք տված անձին վերաբերող հատկանիշները, մասնավորապես՝ շահագրգռվածության աստիճանը, ցուցմունքի ձևավորման հանգամանքները՝ Դատարանն գտնում է, որ արժանահավատ է տուժողի դատաքննական ցուցմունքները, այն հաստատվում է գործում առկա մյուս ապացույցներով, այդ թվում` վկաների և ամբաստայալ Արթուր Բաբալարյանի ցուցմունքներով: (...)

Դատարանը, (...) հաստատված է համարում, որ [ԱԲաբալարյանը] 2020 թվականի մարտի 4-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, չպարզված անձանց հետ որպես ուղևոր գտնվելով ԱԱ-ի կողմից վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի (...) տաքսի ավտոմեքենայում, Երևան քաղաքի Զեյթուն վարչական շրջանից դեպի Կոմիտաս պողոտա ուղևորվելու ժամանակ վարորդից պահանջել է վերջինիս պատկանող «Հոնոր 78» մոդելի 70.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, որից հետո չպարզված անձը՝ ավտոմեքենայի նստատեղից վերցնելով հեռախոսը, այն փոխանցել է Արթուր Բաբալարյանին։ Դրանից հետո, վերջինս պահանջել է նաև գումար, սակայն ԱԱ-ն հայտնել է, թե գումար չունի։ Նույն պահին Արթուր Բաբալարյանը բռունցքով հարվածել է ԱԱ-ի դեմքին, որից հետո քաշել է ավտոմեքենայի ձեռքի արգելակը և ավտոմեքենան կանգնել է Երևան քաղաքի Կոմիտաս 41 հասցեի դիմաց, որտեղ ԱԱ-ից պահանջել է գումար, սակայն վերջինս հայտնել է, որ գումար չունի, որի արդյունքում նրանց միջև քաշքշուկ է սկսվել։ Նույն պահին չպարզված անձանց միջամտության արդյունքում ԱԱ-ն հեռացել է դեպքի վայրից։ (…)

Դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Ա.Բաբալարյանը կատարել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք։ Մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցների համակցությունը բավարար չէ Ա.Բաբալարյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու համար այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած։ Այսինքն, մեղադրանքի կողմը դատարանին չի ներկայացրել թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որը հաղթահարելով անմեղության կանխավարկածը՝ անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրող գործողություններն ամբաստանյալ Ա.Բաբալարյանի կողմից՝ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի այդ մեղադրանքի մասով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնելու հիմնավորված ու պատճառաբանված որոշում։

Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գտնում է, որ (…) ամբաստանյալ Ա.Բաբալարյանը՝ գույքի հափշտակությունը կատարել է առանց զենքի կամ զենքի նմանվող առարկայի գործադրմամբ, տուժողի կյանքի կամ առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ուստի նրան մեղսագրված արարքը ենթակա է որակման ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ (…)

(...) 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել, այլևս քրեական պատասխանատվություն չի կարող առաջացնել։ (…)

Այլ կերպ՝ կատարված օրենսդրական փոփոխությամբ վերացվել է Արթուր Բաբալարյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը, այն ապաքրեականացվել է, ինչն ակնհայտորեն բարելավում է ամբաստանյալի իրավական վիճակը և նրա նկատմամբ կիրառելի է (...)»2։

9 Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը «(...) [Առաջին ատյանի դատարանը] կատարել է գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցների պատշաճ իրավական վերլուծություն, արդյունքում եկել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ ամբաստանյալը կատարել է [ՀՀ նախկին] քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արարք: Դատարանի կատարած իրավական վերլուծությունը և եզրահանգումը ընդունելի է Վերաքննիչ դատարանի համար, դրանց հետ չհամաձայնելու օբյեկտիվ հիմքեր չկան:

[ՀՀ նախկին] քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ ամբաստանյալ Արթուր Բաբալարյանի մեղավորության մասին Դատարանի հետևությունը հիմնավոր է, այն բխում է դատաքննությամբ հետազոտված և գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների համակցությունից»3։

10 2025 թվականի մարտի 14-ին պաշտպան ՄՊողոսյանը միջնորդություն է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որով խնդրել է ԱԲաբալարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ մեղադրյալ Ա.Բաբալարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով այն, մի կողմից՝ պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից՝ անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։ Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից։ Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ, իր հերթին, պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով4։

13 Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արարքում Ա.Բաբալարյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

Մասնավորապես, Ա.Բաբալարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված և հիմնավորված են, և նրա մեղավորությունը հաստատվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ տուժող ԱԱ ցուցմունքով, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ և այլ ապացույցներով։

14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ Ա.Բաբալարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

15 Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ա.Բաբալարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(...)

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից. (...)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (...)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(…)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Կողոպուտը, որը՝

(…)

4) զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

(…)

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»:

16 Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Բաբալարյանին վերագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված արարքն ավարտվել է 2020 թվականի մարտի 4-ին5: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Ա.Բաբալարյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2024 թվականի մարտի 15-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի հուլիսի 31-ին6։ Նշված որոշման դեմ պաշտպան ՄՊողոսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվել 2025 թվականի մարտի 25-ին7:

18 Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Ա.Բաբալարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2025 թվականի մարտի 4-ին, իսկ այդ պահի դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի պետք է Ա.Բաբալարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 15-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել՝ Ա.Բաբալարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։

19․ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արթուր Բաբալարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը պետք է վերացնել, իսկ վճարված 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գրավի գումարը՝ վերադարձնել գրավատուին։

Անդրադառնալով իրեղեն ապացույցների տնօրինման հարցին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված՝ «Հոնոր 7Ց» մոդելի բջջային հեռախոսը պետք է վերադարձնել տուժող ԱԱ-ի տնօրինությանը:

Իրեղեն ապացույց ճանաչված և տուժող ԱԱ-ին ի պահ հանձնված «Օպել Զաֆիրա» մակնիշի ******* հաշվառման համարանիշի ավտոմեքենան պետք է թողնել նրա տնօրինությանը։

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ արտավարութային փաստաթուղթ ճանաչված և սույն վարույթի նյութերին կցված փաստաթղթերը պետք է թողնել քրեական վարույթում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Արթուր Հովիկի Բաբալարյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 15-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել:

2 Արթուր Հովիկի Բաբալարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3 Արթուր Հովիկի Բաբալարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ գրավը, վերացնել և վճարված 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գրավի գումարը վերադարձնել գրավատուին։

4 Իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված՝ «Հոնոր 7Ց» մոդելի բջջային հեռախոսը վերադարձնել տուժող ԱԱ-ի տնօրինությանը:

Իրեղեն ապացույց ճանաչված և տուժող ԱԱ-ին ի պահ հանձնված «Օպել Զաֆիրա» մակնիշի ******* հաշվառման համարանիշի ավտոմեքենան թողնել նրա տնօրինությանը։

5 Արտավարութային փաստաթուղթ ճանաչված և վարույթին կցված փաստաթղթերը թողնել քրեական վարույթում։

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 ____________________________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 300-306։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 122-151։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7, թերթեր 77-91։

4 Տե՛ս, ի թիվս այլնի, ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 և Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0216/01/12 որոշումները։

5 Տե՛ս սույն որոշման 7–րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը։

7 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. ԹադևոՍՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: