ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԿԴ/0552/01/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.02.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ ԱՎարոսյան

ԿԴ/0552/01/24

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  ՍՀամբարձումյան

դատավորներ՝

 ԼՀովհաննիսյան

 ՄՄելքոնյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ. ԹԱԴևոՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

27 փետրվարի 2026 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Մնացական Սերյոժայի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի օգոստոսի 1-ին Մնացական Սերյոժայի Մուրադյանը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդածի 1-ին մասով և 404-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 20807923 քրեական վարույթը։

2023 թվականի օգոստոսի 3-ին՝ ՄՄուրադյանն ազատ է արձակվել ձերբակալումից։

2024 թվականի հունիսի 13-ին Մնացական Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել։

2024 թվականի հունիսի 14-ին մեղադրյալ ՄՄուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

2024 թվականի հունիսի 19-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճռով Մնացական Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Մնացական Մուրադյանի փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 3 (երեք) օրը, և վերջինին թողնվել է կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականության սահմանմամբ։ ՄՄուրադյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Կոտայքի մարզի դատախազության դատախազ ՀԲաղյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտում, մասնավորապես՝ ակնհայտ մեղմ պատիժ նշանակելու և ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում մեղադրյալ ՄՄուրադյանի նկատմամբ նշանակված պատժաչափը և այն պայմանականորեն չկիրառելը համարել է իրավաչափ, ինչն ազդել է գործի ելքի վրա:

51 Բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալ ՄՄուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը բնութագրող հանգամանքները, դրանց չեն տվել անհրաժեշտ քրեաիրավական նշանակություն։

52 Բողոք բերած անձի պնդմամբ՝ պատժաչափի որոշման և ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարցը քննարկելիս, ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Մասնավորապես՝ որպես մեղադրյալի անձը բնութագրող տվյալ, ստորադաս դատարանները հաշվի են առել, որ նա համարվում է դատվածություն չունեցող, ամուսնալուծված է, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, ունի երկու անչափահաս երեխա, որոնք իր խնամքին չեն, մինչդեռ, բողոքաբերի գնահատմամբ՝ նշված հանգամանքներն օբյեկտիվորեն չեն կարող համարվել նրա կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը նվազեցնող և պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ:

Անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող գնահատված մյուս հանգամանքին, մասնավորապես՝ մեղքն ընդունելուն, բողոքաբերը փաստել է, որ դրա ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի և չափի վրա մեխանիկական չէ։

53 Բողոքաբերը փաստարկել է նաև, որ անձի մարված դատվածությունը ենթակա է գնահատման որպես բնութագրական հատկանիշ, որը դիտարկվում է անձի դրսևորած իրավահպատակ կամ իրավախախտ վարքագիծ դրսևորելու չափանիշ: Հետևաբար, բողոք բերած անձի պնդմամբ՝ սույն պարագայում հաստատված է, որ ՄՄուրադյանը նախկինում՝ 2011 թվականի դեկտեմբերի 8-ի դատավճռով դատապարտվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պահելու համար:

Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի համաձայն ՄՄուրադյանը 2024 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ԿԴ/0276/01/24 օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 375.000 ՀՀ դրամ տուգանքի։

Բողոքաբերի ընդգծմամբ՝ հիշատակված քրեական գործերով մի դեպքում անցել են ՄՄուրադյանի դատվածություն ունենալու ժամկետները, իսկ մյուս դեպքում հանցանքը կատարվել է սույն գործով մեղսագրվող արարքը կատարելուց առաջ, սակայն դատական ակտը կայացվել է սույն գործով դատավճռի կայացումից հետո:

Հետևաբար, բողոքաբերի գնահատմամբ՝ բողոքում մեջբերված փաստական տվյալները վկայում են Մնացական Մուրադյանի կողմից կայուն հակաիրավական և հակասոցիալական վարքագիծ դրսևորելու մասին, որպիսի հանգամանքը պետք է գնահատական ստանար վերջինիս նկատմամբ պատժաչափը որոշելու և այն ռեալ կրելու նպատակահարմարության հարցը քննարկելու համար:

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ: Մնացական Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակել պատիժ՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկում՝ հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ անթույլատրելի ճանաչելով Մնացական Մուրադյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.

7. ՄՄուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է ներկայացվել և նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «(…) [Նա] առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Այսպես

Մնացական Սերյոժայի Մուրադյանը խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ Կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու և իրացնելու թույլտվություն, 2023 թվականի հուլիս ամսվա վերջին՝ գործով չպարզված օրը, Արամուս գյուղի հարակից դաշտամիջյան տարածքից քաղելու և չորացնելու միջոցով ապօրինի ձեռք է բերել և պահել ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման 1-ին հավելվածի 81-րդ կետով սահմանված՝ առանձնապես խոշոր չափերի՝ 8576 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 2023 թվականի օգոստոսի 1-ին նետել է ընկերոջը՝ ******* ********-ին, պատկանող ****** քաղաքի ******* փողոցի *****-րդ հասցեում գտնվող շան բնի մեջ և հայտնաբերվել է նույն օրը նշված վայրում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ (...)»1։

8. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ ՄՄուրադյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով, արձանագրել է հետևյալը. «(...) Արագացված վարույթ կիրառելու պայմաններում դատարանն ապացուցված է համարում մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը), այդ արարքի քրեական հակաիրավականությունը, մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը, մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ, ինչպես նաև գտնում է, որ մեղադրյալի արարքի նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասը։

Հաստատված փաստական հանգամանքների հիման վրա դատարանը գտնում է, որ Մնացական Սերյոժայի Մուրադյանի անձը բնութագրող հանգամանք է դատվածություն չունենալը և առողջական որոշակի խնդիրներ ունենալը։

Դատարանը արձանագրում է, որ Մնացական Սերյոժայի Մուրադյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքներ առկա չեն՝ հաշվի առնելով մեղադրյալի հայտարարությունն այն մասին, որ ամուսնալուծված է, չունի մշտական բնակության վայր և անչափահաս երեխաները բնակվում են կնոջ հետ:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, գտնում է, որ Մնացական Սերյոժայի Մուրադյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք պետք է դիտել ներկայացված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը, կատարածի համար զղջալը և նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներ տալը։

Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Մնացական Սերյոժայի Մուրադյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքներ առկա չեն։

(…) Գնահատման ենթարկելով մեղադրյալ Մնացական Սերյոժայի Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով մեղսագրվող հանցագործության առարկան` դատարանն արձանագրում է, որ պայմանավորված մարիխուանա թմրամիջոցի տեսակով այն օժտված է համեմատաբար ոչ բարձր հանրային վտանգավորությամբ:

Հաշվի առնելով Մնացական Սերյոժայի Մուրադյանի կատարած հանցանքի հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված մյուս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով որպես հիմնական պատիժ է նախատեսված միայն ազատազրկման ձևով՝ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակներն ապահովելու համար նրա նկատմամբ հիմնական պատիժ պետք է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Դատարանը միաժամանակ գտնում է, որ Մնացական Սերյոժայի Մուրադյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու հիմքերն ու անհրաժեշտությունը բացակայում են։

Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժին պետք է հաշվակցել Մնացական Սերյոժայի Մուրադյանի ձերբակալման հիմքով անազատության մեջ գտնված ժամկետը՝ 3 օրը և վերջինին պետք է թողնել կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:

Անդրադառնալով մեղադրյալ Մնացական Սերյոժայի Մուրադյանի կողմից իր նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցին՝ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը(…)

- Մնացական Սերյոժայի Մուրադյանի կատարած հանցանքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին,

- մարիխուանա տեսակի թմրամիջոցը օժտված է համեմատաբար ոչ բարձր հանրային վտանգավորությամբ,

- Մնացական Սերյոժայի Մուրադյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Վերոգրյալ հանգամանքների հաշվառմամբ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց Մնացական Սերյոժայի Մուրադյանի կողմից իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, հետևաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ այդ պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել։

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Մնացական Սերյոժայի Մուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմաններում դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ պետք է սահմանել փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով՝ փորձաշրջանի ընթացքում նրա վրա դնելով պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը (…)»2:

9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը «(...) Սույն գործով Առաջին ատյանի դատարանն անդրադառնալով մեղադրյալ Մնացական Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու հարցին, հաշվի առնելով այն, որ վերջինիս կատարած հանցանքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը օժտված է համեմատաբար ոչ բարձր հանրային վտանգավորությամբ, ուսումնասիրելով մեղադրյալի անձը (դատվածություն չունենալը և տեսողության հետ կապված առողջական խնդիրներ ունենալը), որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի առնելով մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը, կատարածի համար զղջալը և նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներ տալը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում հիմնավորված կերպով գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց Մնացական Սերյոժայի Մուրադյանի կողմից իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, հետևաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ այդ պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել:

(...) Վերաքննիչ դատարանը նույնպես գտնում է, որ մեղադրյալ Մնացական Մուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, այլև հանցավորի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցությունը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, սեռը, դատվածությունը և այլն):

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պայմանական դատապարտում կիրառելու դեպքում դատարանի կողմից մեղադրյալ Մնացական Մուրադյանի վրա դրվել է պարտականություն՝ չլքել ՀՀ տարածքը, մեղադրյալը փորձաշրջանի ընթացքում գտնվելու է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ մեղադրյալի բնակության վայրի ստորաբաժանման վերահսկողության տակ և օրենքով նախատեսված համապատասխան դեպքերում այդ մարմնի միջնորդությամբ կարող է դրվել նաև պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը:

(...) Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պնդմանը, թե՝ (...), ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) դատվածությունը բնորոշվում է որպես անձի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հանգամանք, հետևաբար դատվածություն ունեցող անձի համար նոր հանցագործություն կատարելու դեպքում ծագում են քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ։ Միևնույն ժամանակ, նախկինում դատվածություն ունենալը չի նշանակում, որ անձն իր ամբողջ կյանքի ընթացքում համարվում է հանրային բարձր վտանգավորություն ունեցող։ Քրեական օրենքը նախատեսում է դատվածությունը հանելու կամ մարելու հնարավորություն, որի դեպքում անձը օրենքի տեսանկյունից համարվում է որևէ հանցանք չկատարած, ուստի և նրա դատվածությունը չի կարող առաջացնել քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ, այդ թվում՝ չի կարող հաշվի առնվել նոր հանցագործության համար պատիժ նշանակելիս»։

Տվյալ դեպքում Մնացական Մուրադյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, հետևաբար սույն քրեական գործի շրջանակներում նրա նախկին դատվածությունը որևէ քրեաիրավական հետևանք չի կարող առաջացնել, ինչպես նաև չի կարող հաշվի առնվել նոր հանցագործության համար պատիժ նշանակելիս (...)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ ՄՄուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատժաչափի և այն պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործությամբ պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, հանցագործության շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներով, ինչպես նաև նշանակվող պատժի՝ հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամբ (…)»:

Պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների4 լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով ՄՄուրադյանի անձը բնութագրող հանգամանքները՝ դատվածություն չունենալը, «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ»-ի համաձայն տեսողության հետ կապված առողջական խնդիրներ ունենալը և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում մեղադրյալ ՄՄուրադյանի նկատմամբ պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին։

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՄՄուրադյանի նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ։ Հետևաբար, դրա վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են։

13. Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՄՄուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում5: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։

14. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա6` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն7:

ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝

(...)

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով (...)»:

15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- ՄՄուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել8:

- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Մ.Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց ՄՄուրադյանի կողմից իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ ՄՄուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով9։

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճիռը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ10։

16. Վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ ՄՄուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից ՄՄուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջիններիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՄՄուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալ ՄՄուրադյանին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություն,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ,

գ) մեղադրյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանրացնող հանգամանքի առկայությունը, այն է՝ հանցանքն առանձնապես խոշոր չափերով կատարելը,

դ) շրջանառվող թմրամիջոցի տեսակը և չափը, այն, որ մեղադրյալն Արամուս գյուղի հարակից դաշտամիջյան տարածքից քաղելու և չորացնելու միջոցով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի՝ 8576 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

18. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ ՄՄուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ ՄՄուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել՝ ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է ՄՄուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից ՄՄուրադյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված անձը բնութագրող և քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ դատվածություն չունենալը, «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ»-ի համաձայն տեսողության հետ կապված առողջական խնդիրներ ունենալը, մեղքն ընդունելը և կատարած արարքի համար զղջալը, քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, իրենց համակցության մեջ չեն կարող ողջամտորեն փաստել ՄՄուրադյանի կատարած արարքի և նրա անձի՝ հանրային վտագավորության աստիճանի նվազեցման մասին և մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք հանդիսանալ։

19Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ ՄՄուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

20Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 53-րդ կետում վկայակոչած փաստարկին, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մարված դատվածությունն անձի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնելու հնարավորության հարցին, արձանագրել է, որ քրեական օրենքի իմաստով դատվածությունը քրեաիրավական հետևանք առաջացնել չի կարող և անձի նկատմամբ պատիժ նշանակելիս չի կարող գնահատվել որպես մեղադրյալի անձը բացասական բնութագրող հանգամանք11։

21 Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ՄՄուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում։ Հետևաբար, անհրաժեշտ է ՄՄուրադյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ի դատական ակտը փոփոխել։ ՄՄուրադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճռով նրա նկատմամբ նշանակված՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով ՄՄուրադյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Մնացական Սերյոժայի Մուրադյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը փոփոխել։

Մնացական Սերյոժայի Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Մնացական Սերյոժայի Մուրադյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_________________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 150-151։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 37-42։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 44-56։

4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարսևան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14 և Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները։

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

6 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արտաշ Շաքարյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13, Սարգիս Գալստյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԿԴ1/0078/01/13, Ռաֆայել Սամվելյանի գործով 2025 թվականի նոյեմբերի 21-ի թիվ ԱՐԴ/0040/01/21 որոշումները։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան
 

Հ. Գրիգորյան

 

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ. Թադևոսյան

  Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան