ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Ժ. Նազարյան |
ԱՐԱԴ/0036/13/24 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||
|
| |||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
2 փետրվարի 2026 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշման դեմ դատապարտյալ Վրեժ Հրաչիկի Գևորգյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի դատավճռով Վրեժ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամի չափով։ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված տուգանքի վճարումը թույլատրվել է կատարել մաս առ մաս՝ 1 (մեկ) տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս 31.250 (երեսունմեկ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի մարտի 1-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի պետ Լ.Ասատրյանի՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու մասին միջնորդությունը բավարարվել է, և որոշվել է դատապարտյալ Վրեժ Գևորգյանից բռնագանձել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի դատավճռով նշանակված 375․000 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ տուգանքի չվճարված չափին՝ 245.000 (երկու հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամին, համարժեք գույք։
2. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի պետ Լ.Ասատրյանի միջնորդությունը՝ տուգանքի չվճարված մասը որոշակի ժամկետով ազատարկմամբ փոխարինելու վերաբերյալ, բավարարվել է, և դատապարտյալ Վրեժ Գևորգյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի դատավճռով նշանակված տուգանքի չվճարված մասը՝ 245.000 (երկու հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամը, փոխարինվել է 9 (ինը) օր ժամկետով ազատազրկմամբ։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ դատապարտյալ Վրեժ Հրաչիկի Գևորգյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Վրեժ Հրաչիկի Գևորգյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի հունվարի 7-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոք բերած անձը գտել է, որ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական հանգամանք։
Ըստ բողոքաբերի՝ «Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը», ինչն ազդել է վարույթի ելքի վրա, որի հետևանքով խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 68-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածներով նախատեսված՝ կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտման։
5.1. Բողոքաբերը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշման կայացումից հետո իր կողմից ամբողջությամբ վճարվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի դատավճռով նշանակված տուգանքը, մինչդեռ վիճարկվող դատական ակտի առկայության պայմաններում՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, ստացվում է, որ դատապարտյալը մի արարքի համար երկու անգամ է ենթարկվում քրեական պատասխանատվության։
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բողոքը բավարարել, ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշումը դատապարտյալ Վրեժ Գևորգյանը ստացել է 2024 թվականի օգոստոսի 1-ին1։
7․1․ Նշված որոշման դեմ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին հասցեագրված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2024 թվականի օգոստոսի 9-ին2, և նշված բողոքի հիման վրա թիվ ԱՐԱԴ/0036/13/24 վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ և՛ վարույթի նյութերը, և՛ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացված վերոնշյալ բողոքը մուտքագրվել են 2024 թվականի օգոստոսի 20-ին3։
8․ Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ, 390-րդ և 391-րդ հոդվածները, արձանագրել է, որ «(․․․) [թ]իվ ԱՐԱԴ/0036/13/24 դատական գործի նյութերում բացակայում է դատապարտյալ Վրեժ Հրաչիկի Գևորգյանի կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բերված հատուկ վերանայման բողոքը՝ նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտը ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, հետևաբար այն պետք է թողնել առանց քննության։ Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված վերաքննիչ բողոքին, ապա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված վերաքննիչ բողոքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածին հատուկ վերանայման բողոքի համապատասխանությունը ստուգելու հնարավորություն Վերաքննիչ դատարանը չունի» 4։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դատապարտյալ Վրեժ Գևորգյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված լինելու պատճառաբանությամբ, առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:
10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1.Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ «1.Վարույթի մասնավոր մասնակիցները և վարույթին օժանդակող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն և իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն։
2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին: (…)»։
10.1. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով5,
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը6,
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն7,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա8։ Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի9։
Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ. «(…) «[Դ]ատարանի իրավունքը», որի մի մասն է կազմում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ։ Այն ենթակա է սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները, քանի որ այն իր բնույթով թողնված է պետության կարգավորմանը, որն այս առնչությամբ ունի հայեցողության որոշակի սահման։ Սակայն այդ սահմանափակումները չպետք է անձի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակեն կամ նվազեցնեն այն կերպ կամ այն չափով, որ խախտվի իրավունքի բուն էությունը, վերջապես նման սահմանափակումները չեն համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև առկա չէ ողջամիտ համամասնություն (…)։ Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (…)։
Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին։ Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն։ Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (…)»10:
10.2. ՀՀ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ արձանագրել է հետևյալը.
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման11:
10․3․ Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման ու հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը12, ինչն իր հերթին, ի թիվս այլոց, հանգեցնում է նրան, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները13:
Անդրադառնալով վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող իմպերատիվ պահանջների պահպանման հարցին, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում, մասնավորապես՝ դրանք չպետք է այնպես մեկնաբանվեն և այն աստիճան ձևականացվեն (excessive formalism), որ անձի դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը:
Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանման մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը: Ընդ որում, չափազանցված ձևականությունը վերաբերում է հատկապես ընթացակարգային կանոնների նեղ մեկնաբանություններին, որոնք կարող են հանգեցնել անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման։
11. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հուլիսի 26-ի որոշումը դատապարտյալ Վրեժ Գևորգյանը ստացել է 2024 թվականի օգոստոսի 1-ին14,
- 2024 թվականի օգոստոսի 9-ին (փոստային ծառայությանն է հանձնվել օգոստոսի 7-ին)՝ հատուկ վերանայման վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված տասնօրյա ժամկետի պահպանմամբ, վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Վրեժ Գևորգյանը հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է ներկայացրել դատական ակտը կայացրած Առաջին ատյանի դատարան15,
- թիվ ԱՐԱԴ/0036/13/24 վարույթի նյութերը, ներառյալ դատապարտյալ Վ.Գևորգյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, Վերաքննիչ դատարանում ստացվել են 2024 թվականի օգոստոսի 20-ին16,
- Վերաքննիչ դատարանը՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ դատապարտյալի հատուկ վերանայման բողոքը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ դատական գործի նյութերում բացակայում է դատապարտյալ Վրեժ Գևորգյանի կողմից Վերաքննիչ դատարան բերված հատուկ վերանայման բողոքը, իսկ ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարան ներկայացված վերաքննիչ բողոքին, ապա Առաջին ատյանի դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի համապատասխանությունը ստուգելու հնարավորություն Վերաքննիչ դատարանը չունի17։
12. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները քննարկելով սույն որոշման 10-10.3-րդ կետերում ներկայացված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատապարտյալ Վ.Գևորգյանի դատական պաշտպանության իրավունքի իրացման սահմանափակումը կրել է ձևական բնույթ։
Մասնավորապես, թեև տվյալ դեպքում դատական վերանայման բողոքի օրինակը դատապարտյալը ներկայացրել է Առաջին ատյանի դատարան, ինչը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վերաքննիչ բողոքի ներկայացմանը վերաբերող` բնույթով ձևական պայմանի խախտում է, այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ որոշում կայացնելիս փաստացի առկա են եղել և՛ վարույթի նյութերը, և՛ համապատասխան բողոքը։ Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ «հատուկ վերանայման բողոքի համապատասխանությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածին ստուգելու հնարավորություն չունի», անհիմն է։
Միևնույն ժամանակ, անդրադառնալով այն հանգամանքին, որ բողոքարկվող որոշման պատճառաբանական մասում վկայակոչվել են նաև բողոքարկման ժամկետների հաշվարկման օրենսդրական կարգավորումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը դատական ակտը կայացրած Առաջին ատյանի դատարան է ներկայացվել օրենքով նախատեսված ժամկետների պահպանմամբ։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի պահանջի չպահպանումը մեկնաբանել է այնպես, որ դատապարտյալի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվել է անհամաչափ սահմանափակման: Հետևաբար, ձևական պահանջների չպահպանման պատճառաբանությամբ բողոքն առանց քննության թողնելով ոչ իրավաչափորեն սահմանափակվել է դատապարտյալ Վրեժ Գևորգյանի դատարանի մատչելիության իրավունքը, ինչպես նաև խախտվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը:
13. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.1.-րդ կետում բարձրացված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելուց հետո:
14. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Վրեժ Գևորգյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:
15. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար18։
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետևության՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
16. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 362-րդ, 363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Դատապարտյալ Վրեժ Հրաչիկի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________
1 Տե՛ս նյութեր, թերթ 53:
2 Տե՛ս նյութեր, թերթ 55:
3 Տե՛ս նյութեր, թերթեր 55, 68:
4 Տե՛ս նյութեր, թերթեր 69-70:
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
6 Տե՛ս նույն տեղում:
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:
10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով 2010 թվականի մարտի 16-ի վճիռը, գանգատ թիվ 25083/05, կետեր 25 և 27։
11 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1-րդ կետ:
12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նաիրա Գրիգորյանի գործով 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ Մ-6168/21 որոշումը, կետ 16։
13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:
14 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը։
15 Տե'ս սույն որոշման 7.1-րդ կետը։
16 Տե'ս սույն որոշման 7.1-րդ կետը։
17 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը։
18 Տե՛ս, mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը։
Նախագահող` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: