ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Տ. Ոսկանյան |
ԵԴ1/0137/01/23 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹԱԴևոՍՅԱՆԻ Ա . ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
23 հունվարի 2026 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալներ Նարեկ Արսենի Այվազյանի և Սուրեն Գառնիկի Աղախանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի փետրվարի 9-ին Նարեկ Արսենի Այվազյանը և Սուրեն Գառնիկի Աղախանյանը ձերբակալվել են։
2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 14125523 քրեական վարույթը։
2023 թվականի փետրվարի 10-ին Նարեկ Արսենի Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
2023 թվականի փետրվարի 10-ին Սուրեն Գառնիկի Աղախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ մեղադրյալ Ն.Այվազյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով և գրավը՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Աղախանյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով և գրավը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով։
2023 թվականի ապրիլի 18-ին ներկայացված մեղադրանքը լրացվել է, և Ն.Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով կրկին հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
2023 թվականի ապրիլի 18-ին ներկայացված մեղադրանքը լրացվել է, և Ս.Աղախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով կրկին հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
2023 թվականի մայիսի 2-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի հուլիսի 17-ի դատավճռով մեղադրյալ Նարեկ Արսենի Այվազյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Ն.Այվազյանի տնային կալանքի տակ գտնվելու 5 (հինգ) ամիս 8 (ութ) օր ժամկետը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (ամիս) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով, Ն.Այվազյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։
Նույն դատավճռով Սուրեն Գառնիկի Աղախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Ս.Աղախանյանի կալանքի և տնային կալանքի տակ գտնվելու 5 (հինգ) ամիս 8 (ութ) օր ժամկետը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (ամիս) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով, Ս.Աղախանյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։
3. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Վ.Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 11-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 17-ի դատավճիռը թողնելով անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերի կարծիքով՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման իրավաչափության վերաբերյալ հետևություններն անհիմն են, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, ուստի կայացված որոշումը ենթակա է բեկանման:
Բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ գնահատականի չեն արժանացրել նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։
Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալների նախկինում դատվածություն չունենալը, դրական բնութագրվելն օբյեկտիվորեն չեն կարող համարվել նրանց կամ կատարված արարքների հանրային վտանգավորությունը նվազեցնող հանգամանքներ։ Անդրադառնալով մեղադրյալների անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մյուս հանգամանքներին, մասնավորապես՝ երիտասարդ լինելուն, մեղքն ընդունելուն, անկեղծորեն զղջալուն և վատառողջ լինելուն, բողոքաբերը փաստել է, որ դրանց ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի և չափի վրա կախված է դրանց մեղմացնող նշանակությունից, որոշվում է այդ հանգամանքների էության, արժեքի և կատարված արարքի հետ դրանց հարաբերակցության գնահատմամբ։
Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ մեղադրյալներին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձևով՝ չորսից ութ տարի ժամկետով, իսկ սուբյեկտիվ կողմից այն դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ:
Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել վերջիններիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը բնութագրող հանգամանքները, դրանց չի տվել անհրաժեշտ քրեաիրավական նշանակություն։ Այս առումով բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ հանցագործության առարկա «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը համեմատաբար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցի տեսակ է, քանի որ հարաբերականորեն ավելի մեծ քաշն է պատժելի համարվում, եկել են սխալ եզրահանգման առ այն, որ մեղադրյալների հասարակական վտանգավորության աստիճանը նվազ է և նրանց ուղղվելը հնարավոր է առանց նրանց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, ինչն անթույլատրելի է։ Բացի այդ, մեղադրյալներ Ն.Այվազյանը և Ս.Աղախանյանը հանցավոր շղթայի վերջին օղակներից ամենակարևորն են եղել, և նրանց կողմից թմրամիջոցների չափաբաժինների տեղադրման արդյունքում էր հնարավոր լինելու ավարտին հասցնել անձանց անորոշ շրջանակի թմրամիջոցների ապօրինի իրացման գործընթացը։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է մեղադրյալներ Նարեկ Այվազյանի և Սուրեն Աղախանյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 17-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի որոշումը, մեղադրյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրանց նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նարեկ Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն արարքի համար, որ «(…) [Նա] Սուրեն Գառնիկի Աղախանյանի հետ, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, խախտելով թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործող/ նյութերի մասին 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով թմրամիջոցներ, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք իրացնելու թույլտվություն, իրացնելու նպատակով՝ 2023թ. փետրվարի 09-ին ք.Երևան Ջրվեժ թաղամասի դաշտամիջյան հատվածում «Telegram» հավելվածի անհայտ օգտատիրոջից, ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափի 26,58 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից 21,25 գրամը 2023թ. փետրվարի 09-ին ք.Երևան Քանաքեռ Հեկ 11 շենքի հարակից տարածքում վերջինի և Սուրեն Գառնիկի Աղախանյանի կողմից գետնին նետվելուց հետո հայտնաբերվել և վերցվել է նույն օրը, նույն վայրում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ, իսկ 5,33 գրամը՝ 2023թ. փետրվարի 15-ին, հայտնաբերվել և վերցվել է, իր կողմից շահագործվող «Նիսսան» մակնիշի 01 NA 022 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկությամբ (…)»1։
8. Սուրեն Աղախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն արարքի համար, որ «(…) [Նա] Նարեկ Արսենի Այվազյանի հետ, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, խախտելով թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործող/ նյութերի մասին 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով թմրամիջոցներ, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք իրացնելու թույլտվություն, իրացնելու նպատակով՝ 2023թ. փետրվարի 09-ին ք.Երևան Ջրվեժ թաղամասի դաշտամիջյան հատվածում «Telegram» հավելվածի անհայտ օգտատիրոջից, ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափի 26,58 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից 21,25 գրամը 2023թ. փետրվարի 09-ին ք.Երևան Քանաքեռ Հեկ 11 շենքի հարակից տարածքում վերջինի և Նարեկ Արսենի Այվազյանի կողմից գետնին նետվելուց հետո հայտնաբերվել և վերցվել է նույն օրը, նույն վայրում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ, իսկ 5,33 գրամը՝ 2023թ. փետրվարի 15-ին, հայտնաբերվել և վերցվել է, Նարեկ Արսենի Այվազյանի կողմից շահագործվող «Նիսսան» մակնիշի 01 NA 022 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկությամբ (…)»2։
9. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հուլիսի 17-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Նարեկ Արսենի Այվազյանին և Սուրեն Գառնիկի Աղախանյանին մեղսագրված հանցագործության առարկան «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն է, որը, դատելով ՀՀ կառավարության` «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման թիվ 1 հավելվածի, համեմատաբար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցի տեսակ է, քանի որ հարաբերականորեն ավելի մեծ քաշն է պատժելի համարվում:
(…)
ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունների համատեքստում քննության առնելով Նարեկ Արսենի Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարցը, Դատարանը բացահայտելով Ն.Այվազյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը, հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, մեղքի ձևը և տեսակը, հանցագործության նպատակը և շարժառիթը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ինչպես նաև՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքի առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը գտնում է, որ մեղադրյալ Նարեկ Արսենի Այվազյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու և այդ կերպ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:
Պատիժը պայմանականորեն չկիրառելու համատեքստում Դատարանի համար էական նշանակություն ունի, որ մեղադրյալ Նարեկ Արսենի Այվազյանը տակավին երիտասարդ է, Դատարանի մոտ համոզմունք է ձևավորվել, որ իրապես զղջում է կատարած արարքի համար, գիտակցել է կատարածի հանրային վտանգավորության աստիճանը, կատարած արարքի բացասական հետևանքները, որպիսի պայմաններում պատժի նպատակների իրացվելիության տեսանկյունից ռեալ ձևով պատիժ կրելը առավել քան աննպատակահարմար է սույն դեպքում: Իսկ պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու և պարտականություններ դնելու պայմաններում հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը:
Դատարանի համար գնահատման է արժանի նաև այն հանգամանքը, որ Նարեկ Արսենի Այվազյանը նախկինում դատապարտված կամ արատավորված չի եղել, մեղքն ընդունել է, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ և դրանով իսկ օժանդակել է նախաքննությանը, ունի առողջական խնդիրներ, ունեցել է գրանցած հաջողություններ սպորտի, մասնավորապես բռնցքամարտի և կարատեի ոլորտներում, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր:
Քննության առնելով Սուրեն Գառնիկի Աղախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարցը, Դատարանը բացահայտելով Ս.Աղախանյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը, հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, մեղքի ձևը և տեսակը, հանցագործության նպատակը և շարժառիթը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ինչպես նաև՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքի առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը գտնում է, որ մեղադրյալ Սուրեն Գառնիկի Աղախանյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու և այդ կերպ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:
Պատիժը պայմանականորեն չկիրառելու համատեքստում Դատարանի համար էական նշանակություն ունի, որ մեղադրյալ Սուրեն Գառնիկի Աղախանյանը տակավին երիտասարդ է, Դատարանի մոտ համոզմունք է ձևավորվել, որ իրապես զղջում է կատարած արարքի համար, գիտակցել է կատարածի հանրային վտանգավորության աստիճանը, կատարած արարքի բացասական հետևանքները, որպիսի պայմաններում պատժի նպատակների իրացվելիության տեսանկյունից ռեալ ձևով պատիժ կրելը առավել քան աննպատակահարմար է սույն դեպքում: Իսկ պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու և պարտականություններ դնելու պայմաններում հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը:
Դատարանի համար գնահատման է արժանի նաև այն հանգամանքը, որ Սուրեն Գառնիկի Աղախանյանը նախկինում դատապարտված կամ արատավորված չի եղել, մեղքն ընդունել է, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ և դրանով իսկ օժանդակել է նախաքննությանը, աշխատել է, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, ծառայել է ՀՀ զինված ուժերում, 27.09.2020 թվականից մինչև 09.11.2020 թվականը մասնակցել է մարտական գործողություններին ՀՀ ՊՆ N զորամասի կազմում որպես նռնակաձիգ, ունի առողջական խնդիրներ, ստացել է միջին մասնագիտական կրթություն, պապիկը՝ Սուրեն Շավարշի Աղախանյանը ՀՀ ՊՆ կողմից տրված տեղեկանքի համաձայն 15.08.1993 թվականին վիրավորվել է Հադրութի շրջանում, Մելիքաշեն մարտական գործողությունների ժամանակ, III խմբի հաշմանդամ է, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Դատարանը գտնում է, որ մեղադրյալների նկատմամբ Դատարանի կողմից որոշած պատիժը պայմանականորեն չկիրառելը համապատասխանում է նաև ՀՀ Սահմանադրության 71-րդ և 78-րդ հոդվածներով ամրագրված քրեական պատժի և պետական հարկադրանքի «Համաչափության» սկզբունքին, այսինքն՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալների նկատմամբ նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառելու և դրա արդյունքում սահմանափակվող մեղադրյալների իրավունքներն ու ազատությունները համաչափ են, ավելին՝ Դատարանի կարծիքով՝ այդ կերպ հնարավոր է հասնել ինչպես Սահմանադրությամբ ամրագրված նպատակներին, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված պատժի նպատակներին (…)»3։
10. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունվարի 11-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալների նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս վերլուծելով գործի կոնկրետ հանգամանքները, հաշվի առնելով մեղադրյալ Նարեկ Այվազյանի անձը բնութագրող հանգամանքները՝ նախկինում դատապարտված կամ արատավորված չլինելը, մեղքն ընդունելը, կատարածի համար անկեղծորեն զղջալը, խոստովանական ցուցմունքներ տալը և դրանով նախաքննությանն օժանդակելը, առողջական խնդիրներ ունենալը, սպորտում հաջողություններ ունենալը, դրական բնութագրվելը, մշտական բնակության վայր ունենալը, հաշվի առնելով մեղադրյալ Սուրեն Աղախանյանի անձը բնութագրող հանգամանքները՝ նախկինում դատապարտված կամ արատավորված չլինելը, մեղքն ընդունելը, կատարածի համար անկեղծորեն զղջալը, խոստովանական ցուցմունքներ տալը և դրանով նախաքննությանն օժանդակելը, աշխատելը, դրական բնութագրվելը, մշտական բնակության վայր ունենալը, ՀՀ զինված ուժերում ծառայելը, 27.09.2020 թվականից մինչև 09.11.2020 թվականը մարտական գործողություններին մասնակցելը, առողջական խնդիրներ ունենալը, նաև թմրամիջոցի տեսակը, արձանագրելով նրանց պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայությունը, և նշված հանգամանքների հետ համադրված՝ գնահատելով նաև մեղադրյալների կատարած հանցագործության բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, վերջնական ճիշտ հետևության է հանգել այն մասին, որ մեղադրյալների ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից նրանց մեկուսացնելու: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նշված հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է ինչպես մեղադրյալների, այնպես էլ նրանց կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև՝ նշված հանգամանքների համակցությունը բավարար է գալու հետևության, որ մեղադրյալների ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու և ըստ այդմ՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացվելիությանը: Այսինքն՝ Առաջին ատյանի դատարանի համոզվածությունը, որ մեղադրյալ Նարեկ Այվազյանի և մեղադրյալ Սուրեն Աղախանյանի ուղղումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, բխում է գործի օբյեկտիվ տվյալներից ու դրանց բազմակողմանի և պատշաճ գնահատման արդյունքներից, որպիսի պայմաններում վերջիններիս վերաբերյալ վերաքննիչ բողոքում բերված անհամաձայնությունը Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ, այն անհիմն է, ուստի բողոքաբերի պահանջը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու վերաբերյալ, ենթակա չէ բավարարման, քանի որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են, թույլ չի տրվել դատական սխալ և եկել է ճիշտ եզրահանգման, հետևաբար դատական ակտը բեկանելու և փոփոխելու հիմքեր առկա չեն (…)»4:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալներ Ն.Այվազյանի և Ս.Աղախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
12. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում5: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։
12.1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա6 ` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն7:
ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն՝ «1. Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը` (...)
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) շահադիտական դրդումներով,
3) խոշոր չափերով,
(...)
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Նարեկ Այվազյանի և Սուրեն Աղախանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար8:
- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, մեղադրյալների անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արձանագրել է, որ մեղադրյալների ուղղմանը և պատժի՝ օրենքով սահմանված նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը, հնարավոր է հասնել առանց Ն.Այվազյանի և Ս.Աղախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու, ինչը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից9։
- Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ և եզրահանգել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 17-ի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ, իսկ դատախազի վերաքննիչ բողոքը՝ մերժել10։
14. Վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալներ Ն.Այվազյանի և Ս.Աղախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ն.Այվազյանի և Ս.Աղախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալների կամ նրանց կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջիններիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Այվազյանի և Ս.Աղախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալների կողմից կատարված հանցավոր արարքների բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ․
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալներին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ իրացնելու նպատակով,
բ) մեղադրյալներին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանրացնող երեք հանգամանք, մասնավորապես, արարքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով և խոշոր չափերով կատարելը։
Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցագործության և հանցավորի անձի հանրային վտանգավորության աստիճանի բարձր լինելու մասին է վկայում անձի արարքում հանցակազմը որակյալ դարձնող մեկից ավելի հանգամանքների առկայությունը, հետևաբար դա նույնպես պետք է համաչափ գնահատականի արժանանա դատարանի կողմից և հաշվի առնվի պատիժ նշանակելիս ու այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս11։
գ) հանցագործության եղանակը, այն, որ մեղադրյալները, տելեգրամյան ալիքի անհայտ օգտատիրոջից, Երևան քաղաքի տարբեր հատվածներից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել և պահել թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել և վերցվել են դեպքի վայրի զննությամբ և ավտոմեքենայի խուզարկությամբ։
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալներ Ն.Այվազյանի և Ս.Աղախանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալներ Ն.Այվազյանի և Ս.Աղախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել՝ ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ն.Այվազյանի և Ս.Աղախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ն.Այվազյանի և Ս.Աղախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալների կամ նրանց կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
17․ Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալներ Ն.Այվազյանի և Ս.Աղախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Նարեկ Այվազյանի և Սուրեն Աղախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար, անհրաժեշտ է Ն.Այվազյանի և Ս.Աղախանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի դատական ակտը փոփոխել։ Նարեկ Այվազյանի և Սուրեն Աղախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 17-ի դատավճռով նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ նշանակված՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով ազատազրկումը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նարեկ Արսենի Այվազյանի և Սուրեն Գառնիկի Աղախանյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հունվարի 11-ի որոշումը փոփոխել։ Նարեկ Արսենի Այվազյանի և Սուրեն Գառնիկի Աղախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 17-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կանոններով վերջնական նշանակված՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով ազատազրկումը։
Պատժի կրման սկիզբը հաշվել Նարեկ Արսենի Այվազյանին և Սուրեն Գառնիկի Աղախանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_____________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 226-227։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 224-225։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 144-163։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 77-85։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
6 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:
8 Տե՛ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը։
9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռոստամ Բրոյանի և մյուսների գործով 2016 թվակա
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹԱԴևոՍՅԱՆ Ա . ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: