ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/0594/01/22 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.01.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ն․ բաղդասարյան

ԵԴ/0594/01/22

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  կ. Հովհաննիսյան

 

 ԳՀովհաննիսյան

 Լալավերդյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ. ԹադևոՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

  23 հունվարի 2026 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Սերոբ Հովհաննեսի Եսայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԼԳրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի հունվարի 27-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 181-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11158422 քրեական գործը:

2022 թվականի հունվարի 30-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 12158222 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2022 թվականի մարտի 30-ի որոշմամբ թիվ 12158222 քրեական գործով Սերոբ Հովհաննեսի Եսայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2022 թվականի ապրիլի 21-ին Սերոբ Եսայանի վերաբերյալ թիվ 12158222 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), որտեղ քրեական գործին շնորհվել է ԵԴ/0594/01/22 համարը։

Նախաքննության մարմնի` 2022 թվականի մայիսի 16-ին որոշմամբ թիվ 11158422 քրեական գործով Սերոբ Եսայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

2022 թվականի հունիսի 8-ին Սերոբ Եսայանի վերաբերյալ թիվ 11158422 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, որտեղ քրեական գործին շնորհվել է ԵԴ/0916/01/22 համարը։

2023 թվականի մարտի 23-ին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ թիվ ԵԴ/0916/01/22 քրեական գործը միացվել է ԵԴ/0594/01/22 քրեական գործին։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 13-ին դատավճռով Սերոբ Եսայանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 257-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, և նրա նկատմամբ առաջին դրվագով պատիժ է նշանակվել տուգանք՝ տասնապատիկի՝ 680000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով, երկրորդ դրվագով՝ տուգանք՝ տասնապատիկի՝ 680000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ՝ պատիժները լրիվ գումարելու միջոցով, Սերոբ Եսայանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 1360000 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի կիրառմամբ` նշանակված պատժին լրիվ գումարվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի հունվարի 8-ի թիվ ԱՐԴ/0145/01/22 դատավճռով նշանակված պատժի՝ 816.000 (ութ հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ տուգանքի չվճարված մասը՝ 680000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամը, և Սերոբ Եսայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 2040000 (երկու միլիոն քառասուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի վերաքննիչ բողոքները մերժվել են, Սերոբ Եսայանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մայիսի 13-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի մայիսի 27որոշմամբ ընդունվել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը նշել է, որ գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորում, համակարգ հասկացությունն իր մեջ ներառում է բացառապես այն կառույցները, համակարգերն ու բոլոր միջոցները, որոնք նախատեսված են կամ օգտագործվում են գույքը հափշտակությունից պաշտպանելու համար: Այդ նպատակով նախատեսված պահպանման միջոց է հանդիսանում նաև բանկոմատը:

Բողոքաբերը փաստարկել է, որ համակարգչային հափշտակության օբյեկտիվ կողմը բնութագրվում է ուրիշի գույքը հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով, որը կատարվել է համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով: Տվյալ դեպքում Սերոբ Եսայանն ապօրինի տիրացել է տուժողների մուտքանուններին ու գաղտնաբառերին, որոնք որևէ պայմաններում համակարգչային տվյալներ համարվել չեն կարող. դրանք սովորական անձնական տվյալներ են, որոնք Սերոբ Եսայանը մուտքագրել է վճարահաշվարկային սարքի վրա՝ այդ կերպ շրջանցելով գույքի պաշտպանության համակարգը, ապօրինի տիրացել է տուժողներին պատկանող դրամական միջոցներին:

Բողոք բերած անձի պնդմամբ՝ ստորադաս դատարաններն վերոնշյալ արարքները սխալ են տարանջատել, քանի որ տարբերություն չկա՝ հանցանք կատարած անձը, օգտագործելով տուժողի բանկային քարտը և իմանալով նրա գաղտնաբառը, բանկոմատի վրա այն հավաքելով է հափշտակել քարտային հաշվին առկա գումարը, թե առանց ֆիզիկապես բանկային քարտի օգտագործման է նույն գաղտնաբառի թվերը հավաքելով հափշտակել գումարը: Այս դեպքում դրանք նույն անձնական տվյալներն են, որոնք համակարգչային տվյալներ դիտվել չեն կարող, ուստի բոլոր դեպքերում արարքները ենթակա են որակման որպես գողություն:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը, և վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության կամ կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Սերոբ Եսայանին 2022 թվականի մարտի 30-ին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ն]ա ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2022 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի ******* փողոցի *** հասցեում տեղակայված պահեստարան հանդիսացող «**************» ՓԲ ընկերության բանկոմատի հավելված և ՀԱ-ի «************» խաղային հաշվեհամարից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 20.000 ՀՀ դրամ գումարը:

Այսպես.

Սերոբ Հովհաննեսի Եսայանը, 2022 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նկատելով Երևան քաղաքի ******* փողոցի *** հասցեում տեղակայված ************* ՓԲ ընկերության բանկոմատի «**************» խաղային հաշվեհամարից ՀԱ-ի կողմից գումար կանխիկացնելու անհաջող փորձերը, վերջինիս պատկանող զգալի չափերի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ՝ օգնություն ցուցաբերելու պատրվակով, մոտեցել և իմացել է հիշյալ խաղային հաշվեհամարի մուտքանունն ու գաղտնաբառը, իսկ ՀԱ-ի հեռանալուց հետո, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով պահեստարան համարվող «************» ՓԲ ընկերության բանկոմատի համապատասխան հավելվածում հավաքել է խաղային հաշվեհամարի մուտքանունն ու գաղտնաբառը, ապօրինի մուտք գործել պահեստարան հանդիսացող հիշյալ բանկոմատի համապատասխան հավելված և հափշտակել է Հ.Ա-ին պատկանող զգալի չափերի 20.000 ՀՀ դրամ գումարը»1։

Բացի այդ, Սերոբ Եսայանին 2022 թվականի մայիսի 16-ին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար «[Ն]ա 2022 թվականի հունվարի 18-ին Երևան քաղաքի ******** փողոցի * հասցեում գտնվող «**********» ՓԲ ընկերության վճարահաշվարկային սարքի մոտ հետևելով «*********» բուքմեյքերական ընկերությունում առկա խաղային հաշվից գումարը կանխիկացնել փորձող Ա․Ե․-ի գործողություններին և իմանալով ծածկագիրը` նույն օրը, ժամը՝ 18:18-ին, Երևան քաղաքի ******* փողոցի ** հասցեում գտնվող «*********» ՓԲ ընկերության պահեստարան համարվող վճարահաշվարկային սարքից՝ (բանկոմատից) ապօրինի մուտք գործելու եղանակով, գաղտնի հափշտակել է Ա․Ե․-ին պատկանող զգալի չափի ընդհանուր՝ 160.000 ՀՀ դրամ գումարը»2:

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 13-ի դատավճռի համաձայն՝ «(…) Ամփոփելով վերոշարադրյալը, դատարանը փաստում է, որ դատաքննությամբ հետազոտված՝ թույլատրելիության և վերաբերելիության չափանիշներին համապատասխանող, դատարանի կողմից որպես արժանահավատ գնահատված ապացույցներն իրենց համակցության մեջ հաստատում են Սերոբ Եսայանին առաջադրված մեղադրանքի ձևակերպմամբ ընդգրկված բոլոր հանգամանքները։

(…)

Վերոգրյալի հիման վրա դատարանը փաստում է, որ Սերոբ Եսայանն առանց համակարգչային տվյալն օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելու եղանակով կատարել է ՀԱ․-ի և ԱԵ գույքի հափշտակություն, հետևաբար՝ Սերոբ Եսայանին մեղսագրվող արարքներն ակնհայտ կերպով համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքի հատկանիշներին։

Վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, վերոնշյալ ապացույցների բավարար համակցության հիման վրա, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան դատարանը գտնում է, որ ապացուցված են Սերոբ Եսայանին մեղսագրվող արարքները, որոնք համապատասխանում են 05.05.2021թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին (երկու դրվագով), դրանք Սերոբ Եսայանի կողմից կատարելը և վերջինիս մեղավորությունն այդ արարքները կատարելու մեջ:

Դատարանը գտնում է, որ իր կատարած հանցագործությունների համար Սերոբ Եսայանը ենթակա է պատժի (...)»3:

9. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման համաձայն՝ «(…) Վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կատարել առ այն, որ ապացուցված է մեղադրյալ Սերոբ Եսայանի կողմից 2 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարումը:

(...)

Անդրադառնալով հանրային մեղադրողների այն պնդմանը, որ Սերոբ Եսայանին մեղսագրված հանցավոր արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոգրյալ դատողությունը հիմնավոր չէ և չի բխում քրեական գործի նյութերից: Այլ ընդհակառակը՝ Սերոբ Եսայանի կողմից համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելու եղանակով գույքի հափշտակություն կատարելու հանգամանքը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատվում է դատաքննության ժամանակ հետազոտված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ:

Վերաքննիչ դատարանը, հարկ է համարում արձանագրել, որ ըստ էության առկա է քրեաիրավական նորմերի մրցակցության իրավիճակ, և քննարկվող իրավիճակում, հաշվի առնելով, որ հափշտակությունները սահմանող հանցակազմերը միմյանցից տարբերվում են օբյեկտիվ կողմի ֆակուլտատիվ հատկանիշ հանդիսացող կատարման եղանակով, ուստի անձին մեղսագրվող արարքների քրեաիրավական գնահատական տալու համար պետք է հաշվի առնել, որ համակարգչային հափշտակության հանցակազմը սահմանող նորմը առավել մասնավոր է, նկարագրում է հափշտակության կոնկրետ եղանակ, ուստի նկարագրված արարքը պետք է որակվի որպես համակարգչային հափշտակություն, հետևաբար, Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանությունները կառուցված են տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, և արդյունքում մեղադրյալ Սերոբ Եսայանի կատարած արարքներին տրվել է ճիշտ իրավական գնահատական՝ դուրս չգալով մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակից (…)»4:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համակարգչային հափշտակության հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման և իրավունքի զարգացման համար:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Սերոբ Եսայանին մեղսագրված արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համակարգչային հափշտակության հանցակազմի հատկանիշներին։

11. 2001 թվականի նոյեմբերի 23-ին Բուդապեշտում ընդունված «Կիբերհանցագործությունների մասին կոնվենցիայի» (այսուհետ՝ Բուդապեշտի կոնվենցիա կամ Կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝

 ա) «համակարգչային համակարգ» նշանակում է՝ ցանկացած սարք կամ փոխկապակցվող կամ կապակցվող սարքերի խումբ, որոնցից մեկը կամ մի քանիսը, ծրագրի համաձայն, կատարում են տվյալների ավտոմատ մշակում,

բ) «համակարգչային տվյալներ» նշանակում է՝ փաստերի, տեղեկատվության կամ հասկացության հավաքումը այն ձևով, որը հարմար է համակարգչային համակարգերում մշակման համար, ներառյալ այն ծրագրերը, որոնք ապահովում են համակարգչային համակարգի գործառույթների իրականացումը, (…)»։

11.1. Բուդապեշտի կոնվենցիան առաջին համապարփակ միջազգային-իրավական փաստաթուղթն է, որն ուղղված է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարին։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից մշակված` Բուդապեշտի կոնվենցիայի բացատրական զեկույցում (այսուհետ՝ Բացատրական զեկույց) ընդգծվում է, որ Կոնվենցիայի հիմնական նպատակներն են՝ 1) ներպետական քրեական օրենսդրության ներդաշնակեցումը, 2) քրեադատավարական մեխանիզմների ապահովումը՝ կիբերհանցագործությունների և համակարգչային համակարգերի օգտագործմամբ կատարվող այլ հանցագործությունների արդյունավետ բացահայտման և քննության համար, 3) միջազգային համագործակցության արագ և արդյունավետ իրավական ռեժիմի ձևավորումը։

Բացատրական զեկույցում նշվում է նաև, որ համակարգչային համակարգերում պարունակվող տեղեկատվության փոխանակման և տարածման գործնականում անսահմանափակ հնարավորությունները հանգեցրել են առկա տեղեկատվության քանակի աննախադեպ աճի, ինչը, թեև դրական ակնհայտ ազդեցությանը, ունի նաև իր բացասական կողմերը, քանի որ ի հայտ են գալիս նոր տեսակի հանցավոր արարքներ, իսկ ավանդական հանցագործությունները կատարվում են նոր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով։ Միաժամանակ, սահմանափակված չլինելով որևէ կոնկրետ աշխարհագրական տարածքով կամ ազգային սահմաններով, նման հանցավոր արարքների հետևանքները կարող են շատ ավելի լայնածավալ լինել, քան նախկինում էր։

Այս տեսանկյունից Բուդապեշտի կոնվենցիան հիմնարար նշանակություն ունի կիբերհանցագործությունների դեմ պայքարի նյութաիրավական և դատավարական հիմքերի սահմանման ու հստակեցման հարցում, քանի որ այն մի կողմից նպաստում է ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանը՝ սահմանելով կիբերհանցագործությունների հիմնական շրջանակը և այդ կերպ ապահովելով նաև քրեական պատասխանատվության միասնականությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մյուս կողմից՝ ձևավորում է համապատասխան քրեադատավարական մեխանիզմներ՝ ուղղված վերոնշյալ ոլորտում կատարվող հանցավոր արարքների քննության արդյունավետության բարձրացմանը։

12. Կոնվենցիայի 1-ին հոդվածում տրվում են ընդհանուր սահմանումները, որոնք կարող են ուղենիշային լինել ներպետական մակարդակում համապատասխան հանցակազմերի բովանդակությունը բացահայտելու և վերաբերելի հատկանիշների շրջանակը հստակեցնելու տեսանկյունից։ Մասնավորապես, ընդհանուր հասկացություններում, ի թիվս այլնի, սահմանվում են համակարգչային համակարգի և համակարգչային տվյալների բնորոշումները։

Այսպես՝ համակարգչային համակարգը բնութագրվում է որպես ցանկացած սարք կամ փոխկապակցվող կամ կապակցվող սարքերի խումբ, որոնցից մեկը կամ մի քանիսը, ծրագրի համաձայն, կատարում են տվյալների ավտոմատ մշակում։

Համակարգչային համակարգը Բացատրական զեկույցի մեջ մեկնաբանվում է որպես թվային տվյալների ավտոմատ մշակման համար նախատեսված սարք, որը կարող է գործել ինչպես ինքնուրույն, այնպես էլ նմանատիպ սարքերի հետ ցանցային փոխկապակցվածության պայմաններում։ Ավտոմատ մշակումը ենթադրում է տվյալների մշակման իրականացում առանց մարդու անմիջական միջամտության՝ համակարգչային ծրագրի գործարկման միջոցով։ Համակարգչային ծրագիրը հրահանգների ամբողջություն է, որը գործարկվում է համակարգչային համակարգի կողմից՝ որոշակի արդյունքի հասնելու նպատակով, ընդ որում, նույն համակարգչային համակարգը կարող է գործարկել մեկից ավելի ծրագրեր։

Համակարգչային տվյալները Կոնվենցիայում բնութագրվում են որպես փաստերի, տեղեկատվության կամ հասկացության հավաքումը այն ձևով, որը հարմար է համակարգչային համակարգերում մշակման համար, ներառյալ նաև ծրագրերը։

Բացատրական զեկույցում նշվում է, որ համակարգչային տվյալների վերոնշյալ սահմանումը հիմնված է Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից տրված բնորոշման վրա։ Այն պարունակում է «մշակման համար հարմար» արտահայտությունը, ինչը ենթադրում է, որ տվյալները ներկայացված են այնպիսի ձևով, որը թույլ է տալիս դրանց անմիջական մշակումը համակարգչային համակարգի կողմից։ Ուստի, «համակարգչային տվյալներ» հասկացությունը ներմուծվում է, որպեսզի հստակեցվի, որ Կոնվենցիայի շրջանակում որպես այդպիսին պետք է հասկանալ էլեկտրոնային կամ այլ՝ անմիջական մշակման ենթակա տվյալները:

12.1. Բուդապեշտի կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանվում է համակարգչին առնչվող խարդախությունը, որի համաձայն՝ «Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներքին օրենսդրության համաձայն որպես քրեական հանցագործություն սահմանելու միտումնավոր և անօրեն կերպով մեկ ուրիշ անձի սեփականության կորուստ պատճառելը.

ա) համակարգչային տվյալների ցանկացած մուտքով, փոփոխությամբ, ոչնչացմամբ կամ արգելմամբ,

 բ) համակարգչային համակարգի գործողության ցանկացած աղավաղմամբ, խարդախ և անազնիվ մտադրությամբ, անօրեն` իր կամ մեկ ուրիշ անձի համար տնտեսական շահ հայթայթելու նպատակով»։

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ համակարգչի նկատմամբ միջամտությունը կարող է իրականացվել համակարգչային տվյալների ցանկացած մուտքով, փոփոխությամբ, ոչնչացմամբ կամ արգելմամբ կամ համակարգչային համակարգի գործողության ցանկացած աղավաղմամբ, որը հանգեցնում է մեկ ուրիշի սեփականության կորստի։

Բացատրական զեկույցում նշվում է, որ սույն հոդվածի նպատակն է քրեականացնել տվյալների մշակման ընթացքում կատարվող ցանկացած ապօրինի միջամտություն, որը հանգեցնում է գույքի ապօրինի փոխանցման։

Մասնավորապես, համակարգչին առնչվող խարդախությունն առկա է, եթե առաջացնում է մեկ այլ անձի սեփականության ուղղակի կորուստ, և հանցավորը գործում է իր կամ մեկ այլ անձի համար անօրինական տնտեսական օգուտ ստանալու մտադրությամբ:

«Սեփականության կորուստը» լայն հասկացություն է և ներառում է դրամական միջոցների, տնտեսական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական ակտիվների կորուստը: Միաժամանակ, տնտեսական օգուտը պետք է ստացվի ապօրինի, իսկ նման օգուտ ստանալուն ուղղված օրինական գործողությունները չեն կարող ներառվել սույն հոդվածով սահմանված հանցագործության շրջանակներում։

Բացատրական զեկույցում ընդգծվում է նաև, որ համակարգչային խարդախությունները կատարվում են դիտավորությամբ, որին բնութագրական է խարդախ կամ այլ անազնիվ մտադրության առկայությունը։

13. Հայաստանի Հանրապետությունը Բուդապեշտի կոնվենցիան ստորագրել է 2001 թվականի նոյեմբերի 23-ին և վավերացրել 2006 թվականի մարտի 21-ին։ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների շրջանակը հստակեցնելու նպատակներով պայմանավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-392-Ն ՀՀ օրենքով ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է Հավելված N 2-ով, որով սահմանվել է կիբերհանցագործությունների ցանկը։ Մասնավորապես, վերոնշյալ փոփոխության հիմնավորման մեջ ընդգծվում է, որ գործնական անհրաժեշտություն է ունենալ կիբերհանցագործությունների ընդհանուր շրջանակ՝ հիմքում ունենալով «Կիբերհանցագործությունների մասին» Բուդապեշտի կոնվենցիայով, ըստ էության, առաջ քաշված այն չափանիշը, համաձայն որի՝ իբրև այդպիսին դիտարկվում են այն հանցանքները, որոնցով թիրախավորվում են համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը, կամ այն հանցանքները, որոնք կատարվում են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով:

Նշված ցանկում, ի թիվս այլ հանցանքների, ընդգրկվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածով նախատեսված համակարգչային հափշտակությունը։

14. ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում տրված է հափշտակության բնորոշումը, որի համաձայն՝ հափշտակությունն ուրիշի գույքն ապօրինի, անհատույց հանցավորինը կամ այլ անձինը դարձնելն է: Հափշտակությունն ավարտված է համարվում, եթե հանցավորն այդ գույքն ապօրինաբար տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել։

ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածը, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի, սահմանում է հետևյալը՝ «1. Համակարգչային հափշտակությունը՝ ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով (…)»։

14.1. ՀՀ քրեական օրենսգրքի 30-րդ գլխում սահմանվում են հափշտակության տեսակները, որոնք միմյանցից սահմանազատվում են օբյեկտիվ կողմի հատկանիշներով, այն է՝ հանցագործության կատարման եղանակով։ Հափշտակության տեսակներից մեկն էլ համակարգչային հափշտակությունն է, որին բնութագրական է ուրիշի գույքն ապօրինի, անհատույց հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը հատուկ եղանակով՝ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ ներգործելու միջոցով։ Այլ կերպ՝ համակարգչային հափշտակությունն ըստ էության դրսևորվում է հափշտակության ավանդական եղանակներից որևէ մեկով, սակայն համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի՝ ըստ նպատակային նշանակության օգտագործմամբ։ Հետևաբար, պետք է փաստել, որ հափշտակության մնացած տեսակները և համակարգչային հափշտակությունը հարաբերակցվում են որպես ընդհանուր և հատուկ նորմեր, ուստի արարքը պետք է որակել այն հոդվածով, որն առավել ամբողջական է արտացոլում կատարված հանցանքի բոլոր հատկանիշները։

Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են սույն օրենսգրքի Հատուկ մասի ընդհանուր և հատուկ նորմեր, ապա արարքը որակվում է միայն հատուկ նորմով»:

Տվյալ պարագայում, համակարգչային հափշտակությունը հանդես է գալիս որպես հատուկ նորմ, քանի որ հափշտակությանը բնորոշ ընդհանուր հատկանիշներից բացի, հանցակազմում նկարագրվում են առանձնահատուկ հատկանիշներ, այն է՝ հանցանքը համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ ներգործելով կատարելը, ուստի քրեաիրավական նորմերի մրցակցության կանոններով, նման դեպքերում արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածով՝ անկախ այն հանգամանքից՝ հափշտակությունը կատարվել է գաղտնի կամ բացահայտ, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով կամ այլ եղանակով։

14.2. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածով նախատեսված համակարգչային հափշտակության հատկանիշների մեկնաբանմանը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցագործության հիմնական անմիջական օբյեկտը սեփականության պաշտպանության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս այն հարաբերությունները, որոնք ուղղված են համակարգչային տվյալների, համակարգչի, համակարգչային համակարգի կամ ցանցի անվտանգության ապահովմանը։

Օբյեկտիվ կողմից համակարգչային հափշտակությունը դրսևորվում է ակտիվ գործողություններով՝ ուրիշի գույքի հափշտակությամբ, որը կատարվում է համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ ներգործելու միջոցով։ Ընդ որում, օրենքում թվարկվում է նման ներգործության հնարավոր եղանակների շրջանակը, այն է՝

- համակարգչային տվյալը մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) միջոցով կամ

- այլ եղանակով ներգործելու միջոցով։

Միաժամանակ, պետք է նկատել, որ նման ներգործությունը պետք է լինի ապօրինի, այսինքն՝ առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության առկայության։ Հետևաբար, եթե տվյալ արարքը կատարվում է համապատասխան թույլտվություն ունեցող անձի կողմից, ապա կախված հափշտակության եղանակից, այն կարող է որակվել որպես գողություն, խարդախություն և այլն։

Հանցագործության սուբյեկտը ընդհանուր է՝ 16 տարին լրացած մեղսունակ, ֆիզիկական անձը, իսկ սուբյեկտիվ կողմից համակարգչային հափշտակությունը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ։

15. Սույն որոշման նախորդ կետում վերլուծված համակարգչային հափշտակության հանցակազմի հատկանիշները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում մեջբերված Բուդապեշտի կոնվենցիայի համապատասխան դրույթների վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի իմաստով՝ որպես համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց պետք է հասկանալ ցանկացած սարք կամ փոխկապակցված սարքերի խումբ, որոնք նախատեսված են թվային տվյալների ավտոմատ, այսինքն՝ առանց մարդու անմիջական միջամտության, մշակման համար՝ համակարգչային ծրագրի գործարկման միջոցով։ Համապատասխանաբար, որպես համակարգչային տվյալ պետք է դիտարկել ցանկացած էլեկտրոնային կամ այլ տվյալը, որը ենթակա է անմիջական մշակման համակարգչային համակարգի կողմից։

Համակարգչային տվյալը մուտքագրելը ենթադրում է ցանկացած թվային տվյալ համակարգչային համակարգ ներմուծելը (օրինակ՝ մուտքանուն, գաղտնաբառ և այլն), փոփոխելը՝ դրա սկզբնական բովանդակությունը մոդիֆիկացիայի ենթարկելը, այն տարբերվող տեսքի բերելը, ոչնչացնելը՝ տվյալը վերացնելն է, ջնջելը կամ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար անպիտան դարձնելը, իսկ ուղեփակելը կամ մեկուսացնելը՝ տվյալին հասանելիությունը բացառելն է, արգելափակելը և այլն։ Ինչ վերաբերում է համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելուն, ապա որպես այդպիսին պետք է հասկանալ համակարգչային համակարգի աշխատանքը որևէ կերպ խափանելը, համակարգչային տվյալներին տիրանալը, դրանք վնասելը և այլն։

16. ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գողությունը՝ գաղտնի հափշտակությունը` (...)

2. Գողությունը, որը կատարվել է՝

(...)

3) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ (...)»։

Վճռաբեկ դատարանը գողության վերոնշյալ ծանրացնող հանգամանքին անդրադարձել է Վրեժ Ստեփանյանի գործով որոշման շրջանակներում՝ ընդգծելով հետևյալը. «(…) ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, ՀՀ գործող քրեական օրենսգրքով գողության հանցակազմում (նաև՝ ավազակության և կողոպուտի դեպքում) նախատեսվել է նոր ծանրացնող հանգամանք, որն ավելի խիստ պատասխանատվություն է սահմանում գողությունը որևէ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կատարելու դեպքում։ Մասնավորապես, օրենսդրի կողմից առավել վտանգավոր են գնահատվել գողության այն դրսևորումները, երբ հանցավորն ուրիշի գույքին տիրանալու համար որոշակի ֆիզիկական արգելք է հաղթահարում՝ ընդհուպ մինչև ոչնչացնում կամ վնասում է այդ գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը (…)»5։

Այսպիսով, ինչպես հիշատակվել է վերոնշյալ որոշմամբ, գողության քննարկվող ծանրացնող հանգամանքի պարագայում հանցավորը լրացուցիչ միջոցներ է գործադրում՝ հանցագործության կատարմանը խոչընդոտող արգելքները հաղթահարելու համար։ Ընդ որում, նշված արգելքները պետք է ուղված լինեն գույքի պաշտպանությանը կամ պահպանությանը։ Այլ կերպ՝ հանցավորը գիտակցում է, որ հավելյալ ջանքեր է գործադրում գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելու, վնասելու կամ շրջանցելու համար։ Որպես այդպիսին կարող են դիտարկվել, օրինակ, հանցավորի կողմից պահեստի դուռը կամ կողպեքը կոտրելը, անվտանգության ձայնաազդանշանային համակարգը խափանելը, անվտանգության պահոցը (սեյֆը) բացելը, ցանկապատի վրայով անցնելը և այլն։

16.1. Գողության վերոնշյալ որակյալ հատկանիշի մեկնաբանությունը համադրելով սույն որոշման 14-15-րդ կետերում իրականացված համակարգչային հափշտակության հանցակազմի վերլուծության հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ուրիշի գույքի հափշտակությունը կատարվել է համակարգչային համակարգն ըստ նպատակային նշանակության օգտագործմամբ՝ համակարգչային տվյալն ապօրինի մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու կամ այլ եղանակով ներգործելու միջոցով, ապա արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածով։ Այլ կերպ՝ համակարգչային հափշտակության առանձնահատկությունը կայանում է հենց նրանում, որ հափշտակությունը հնարավոր չէ իրականացնել առանց համապատասխան համակարգչային տվյալն օգտագործելու, առանց քննարկվող հոդվածով նախատեսված եղանակներով համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի վրա ներգործելու և համակարգչային ծրագրում առկա տվյալներին հասանելիություն ստանալու։

Մինչդեռ, եթե անձը համակարգչային համակարգը օգտագործել է ոչ թե ըստ նպատակային նշանակության, այլ ոչնչացրել կամ վնասել է այն՝ դրանում գտնվող նյութական արժեքներին տիրանալու նպատակով (օրինակ` կոտրել է բանկոմատը), ապա արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որպես տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կատարված գողություն։

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝

- Սերոբ Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի ******** փողոցի *** հասցեում տեղակայված պահեստարան հանդիսացող «**********» ՓԲ ընկերության բանկոմատի հավելված և ՀԱ-ի «*********» խաղային հաշվեհամարից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 20000 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, վերջինս, Երևան քաղաքի ******** փողոցի ** հասցեում գտնվող «***********» ՓԲ ընկերության պահեստարան համարվող վճարահաշվարկային սարք (բանկոմատ) ապօրինի մուտք գործելու եղանակով, գաղտնի հափշտակել է ԱԵ-ին պատկանող զգալի չափի՝ 160.000 ՀՀ դրամ գումարը6:

- Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն, որ Սերոբ Եսայանն առանց համակարգչային տվյալն օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելու եղանակով կատարել է ՀԱ-ի և ԱԵ-ի գույքի հափշտակություն, հետևաբար՝ Սերոբ Եսայանին մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքի հատկանիշներին7։

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները և իրավաչափ եզրահանգում կատարել առ այն, որ հաստատված է մեղադրյալ Սերոբ Եսայանի կողմից երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարումը8:

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-16.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և կատարված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատշաճ կերպով վերլուծելով և գնահատման ենթարկելով գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը, մեղադրյալի արարքների քրեաիրավական որակման հարցում հանգել են ճիշտ հետևության՝ իրավացիորեն փաստելով, որ Սերոբ Եսայանն առանց համակարգչային տվյալն օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու եղանակով կատարել է ՀԱ-ի և ԱԵ-ի գույքի հափշտակություն։

Այսպես՝ սույն գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սերոբ Եսայանը, նկատելով «*********» ՓԲ ընկերության բանկոմատի «************» խաղային հաշվեհամարից ՀԱկողմից գումար կանխիկացնելու անհաջող փորձերը, օգնություն ցուցաբերելու պատրվակով, մոտեցել և իմացել է հիշյալ խաղային հաշվեհամարի մուտքանունն ու գաղտնաբառը, իսկ նրա հեռանալուց հետո բանկոմատի համապատասխան հավելվածում հավաքել է խաղային հաշվեհամարի մուտքանունն ու գաղտնաբառը, ապօրինի մուտք գործել բանկոմատի համապատասխան հավելված և հափշտակել տուժողին պատկանող զգալի չափերի՝ 20.000 ՀՀ դրամ գումարը։

Բացի այդ, հետևելով «***********» ՓԲ ընկերության վճարահաշվարկային սարքի մոտ «**********» բուքմեյքերական ընկերությունում առկա խաղային հաշվից գումարը կանխիկացնել փորձող ԱԵգործողություններին և իմանալով ծածկագիրը, «***********» ՓԲ ընկերության պահեստարան համարվող վճարահաշվարկային սարքից (բանկոմատից) ապօրինի մուտք գործելու եղանակով, գաղտնի հափշտակել է տուժողին պատկանող զգալի չափի ընդհանուր՝ 160.000 ՀՀ դրամ գումարը:

Մեջբերված փաստական տվյալներից երևում է, որ Սերոբ Եսայանն իրեն մեղսագրվող հափշտակությունները կատարել է «**********» ՓԲ ընկերության վճարահաշվարկային սարքը (բանկոմատը) օգտագործելով, այն է՝ տուժողների խաղային հաշվեհամարի մուտքանունն ու գաղտնաբառը մուտքագրելով՝ ապօրինի մուտք է գործել բանկոմատի համապատասխան հավելված և հափշտակել տուժողներին պատկանող դրամական միջոցները։

18.1. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի՝ «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման 2-րդ գլխով սահմանված հիմնական հասկացությունների 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ «Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (այսուհետ՝ ՖԳԻԱՍ)՝ գրասենյակային կամ արտաքին օգտագործման համար նախատեսված ինքնասպասարկման սարք, որն ապահովում է ֆինանսական գործառնությունների իրականացումն առանց ֆինանսական կազմակերպության աշխատակցի հաստատման»։

Նույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ «ֆինանսական գործառնություն՝ սույն կարգի իմաստով վճարում, փոխանցում, արտարժույթի փոխանակում, հաշվի համալրում կամ հաշվից կանխիկացում, ինչպես նաև օժանդակող ծառայություններ, որոնք կապված են ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպության գործունեությունը կարգավորող իրավական ակտերով թույլատրված ծառայությունների մատուցման հետ»։

Վերոշարադրյալից բխում է, որ բանկոմատն ավտոմատ ինքնասպասարկող սարք է, որի միջոցով իրականացվում են ֆինանսական գործառնություններ, հետևաբար Բուդապեշտի կոնվենցիայի իմաստով՝ համարվում է համակարգչային համակարգ, քանի որ ծրագրի հիման վրա իրականացնում է տվյալների ավտոմատ մշակում։

Սույն դեպքում Սերոբ Եսայանն օգտագործել է այլ անձանց նույնականացնող տվյալները, որոնց օգտագործման օրինական թույլտվություն չի ունեցել, և խաղային հաշվեհամարի մուտքանունն ու գաղտնաբառը «**********» ՓԲ ընկերության բանկոմատի համապատասխան հավելվածում մուտքագրելու միջոցով հափշտակել է հաշիվներում առկա գումարները։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ նույնականացնող տվյալները հանդիսանում են համակարգչային տվյալներ, քանի որ թույլ են տալիս մուտք գործել համակարգչային համապատասխան հավելված և հասանելիություն ձեռք բերել անձանց անձնական հաշիվներին ու կատարել գործարքներ։ Այլ կերպ՝ դրանք տվյալներ են, որոնք ենթակա են անմիջական մշակման համակարգչային համակարգի կողմից։

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ համակարգչային հափշտակության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հափշտակությունը հնարավոր չէ իրականացնել առանց համապատասխան համակարգչային տվյալն օգտագործելու (մուտքանուն, գաղտնաբառ կամ այլ նույնականացնող տվյալ և այլն), առանց քննարկվող հոդվածով նախատեսված եղանակներով համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի վրա ներգործելու և համակարգչային ծրագրում առկա տվյալներին հասանելիություն ստանալու։ Ուստի, առանց տուժողների մուտքանունները և գաղտնաբառերը համակարգչային համակարգ մոտքագրելու՝ Սերոբ Եսայանը չէր կարող հասանելիություն ստանալ նրանց հաշիվներին և կատարել հափշտակությունը։

19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սերոբ Եսայանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է համակարգչային տվյալն առանց օրինական որևէ հիմքով նախատեսված թույլտվության օգտագործելու, համակարգչի և համակարգչային համակարգի աշխատանքի նկատմամբ ներգործելու միջոցով, որն ուրիշի գույքն ապօրինի, անհատույց իրենը դարձնելու նպատակ է հետապնդել, որպիսի պայմաններում արարքը ենթակա է որակման որպես համակարգչային հափշտակություն։

Հետևաբար, ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Սերոբ Եսայանին մեղսագրված արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համակարգչային հափշտակության հանցակազմի հատկանիշներին, հիմնավոր են։

20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Սերոբ Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում մեղավոր ճանաչելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր, հետևաբար դրանք պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

21 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-րդ, 386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Մեղադրյալ Սերոբ Հովհաննեսի Եսայանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 13-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

_________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 122-128:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 108-113։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 81-89:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 67-73:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վրեժ Ստեփանյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 15-ին կայացված թիվ ՍԴ/0129/01/20 որոշման 14.1-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ. ԹադևոՍՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան