ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Տավուշի մարզի առաջին ատյանի նախագահող դատավոր՝ Զ. Զաքինյան |
ՏԴ/0051/01/21 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱսատրՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹԱԴևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
13 փետրվարի 2026 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արթուր Լևոնի Չոբանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի մարտի 13-ին Արթուր Լևոնի Չոբանյանը ձերբակալվել է։
2020 թվականի մարտի 14-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության երրորդ բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 1-ին մասի և 267.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 84101120 քրեական գործը։
2020 թվականի մարտի 16-ին Ա.Չոբանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 267.1-րդ հոդվածի 1-ին մասով։
Նույն օրը Ա.Չոբանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
2020 թվականի հունիսի 5-ին Ա.Չոբանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
2021 թվականի մարտի 31-ին Ա.Չոբանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով։
2021 թվականի ապրիլի 6-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի հունվարի 31-ի դատավճռով Արթուր Չոբանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին) և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին) ու ՀՀ գործող քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի կիրառմամբ՝ նույն օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով յուրաքանչյուր հանցանքի համար պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով։ Հանցագործությունների համակցության կանոններով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Չոբանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Չոբանյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս ժամկետով։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Տավուշի մարզի դատախազության դատախազ Հ.Աղասարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մայիսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ և 84-րդ հոդվածների կիրառման իրավաչափության վերաբերյալ հետևություններն անհիմն են, այսինքն՝ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժն անարդարացի է, հետևաբար կայացված դատական ակտը՝ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով անօրինական է և չհիմնավորված։
Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է՝ նյութական օրենքի սխալ կիրառում, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի նշված որոշումը ենթակա է բեկանման։
5.1. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների կողմից թվարկված մեղմացնող հանգամանքները, այն է՝ խմբի կազմում կատարած հանցագործության բացահայտմանն աջակցելը, 2020 թվականին և դրանից հետո կամավոր կերպով ՀՀ զինված ուժերի կազմում զինվորագրվելով՝ մարտական գործողություններին մասնակցելը, որոնք դրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի կիրառման հիմքում, այն աստիճան առանձնահատուկ չեն, որ վերածվեն բացառության և էականորեն նվազեցնեն կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը՝ հիմք հանդիսանալով ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար, իսկ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները՝ խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, նախկինում արատավորված չլինելը, մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը, բավարար չեն ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման համար։
5.2. Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանների կողմից Ա.Չոբանյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելիս և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ չեն գնահատվել կատարված արարքի բնույթը և դրա՝ հանրության համար վտանգավորության աստիճանը։ Մասնավորապես՝ ստորադաս դատարանները քննարկման առարկա չեն դարձրել արարքը կատարելու նպատակը, շարժառիթը, կատարման եղանակը, թմրամիջոցի տեսակը (սինթետիկ ծագմամբ «մեթամֆետամին») ու քաշը, որն ավելի քան 170 անգամ գերազանցում է նշված թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի ստորին սահմանը։
Նման պայմաններում, բողոքաբերի պնդմամբ, ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժի նշանակումը և դրա պայմանականորեն չկիրառումը չեն կարող ուղղված լինել պատժի՝ հանցագործությունների կանխման նպատակի իրականացմանը։
Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքներն ինքնին անհերքելիորեն վկայում են այն մասին, որ Ա.Չոբանյանի մոտ ձևավորված է գույքային օգուտ ստանալու մոլուցքով թմրամիջոցի ապօրինի իրացման կայուն հանցավոր վարքագիծ, ինչը միանշանակ հանրության համար առավել բարձր վտանգ ներկայացնող հանգամանք է։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է ամբաստանյալ Ա.Չոբանյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 31-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշումը, Ա.Չոբանյանի նկատմամբ նշանակել համաչափ պատիժ՝ նրան վերագրվող հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածների սանկցիաների սահմաններում՝ առանց ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման, կամ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշումը՝ վարույթը փոխանցելով Վերաքննիչ դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արթուր Չոբանյանին ՀՀ նախկին քրեական 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «(…) *** *******-ը կնոջ՝ ** ******-ի հետ բնակվելով *********-ի Հանրապետության ******* քաղաքում, նախնական համաձայնության է եկել վերջինիս հետ՝ առանձնապես խոշոր չափի «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց **********-ից մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելը կազմակերպելու և այն ՀՀ-ում ապօրինի իրացնելու շուրջ։ Հանրորեն վտանգավոր մտադրություններն ի կատար ածելու նպատակով *** *******-ը դիմել է Արթուր Լևոնի Չոբանյանին և նրան նյութապես շահագրգռելով՝ կնոջ հետ առաջարկել են ՀՀ-ից մեկնել **********, ********** քաղաքում իրենցից ստանալ թմրամիջոցն, այն մաքսանենգությամբ տեղափոխել ՀՀ՝ իրացնել իրենց նախանշած անձանց՝ դրա դիմաց խոստանալով 2000 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն։ Ա.Չոբանյանը, ընդունելով հիշյալ առաջարկը, 2020 թվականի մարտի 9-ին ՀՀ-ից ուղևորվել է ***********։ 2020 թվականի մարտի 12-ին **********-ի ********** քաղաքում այցելելով *** ********-ի և *** ********-ի վարձակալած բնակարան՝ ******** **********-ը Ա.Չոբանյանին փոխանցել է 2 զուգագուլպայի մեջ թաքցված, պոլիէթիլային փաթեթների մեջ լցված, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 215,63 գրամ, «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, ինչից հետո նրան [հրահանգավորել] են մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելուց հետո դրանց մի մասը՝ 30 գրամ, հանձնել **** *******-ի մորը՝ ****** ******-ի ************-ին, իսկ մյուս մասը՝ *** ********-ի մորը՝ ******* *******-ի ***********-ին, ինչը հաջողությամբ կատարելու դիմաց, խոստացել են մյուս անգամ ********* այցելելու ժամանակ վճարել 2000 ԱՄՆ դոլար գումար։
Ա.Չոբանյանը, **** ********-ից և **** *********-ից ստանալով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 215,63 գրամ, «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով հիշյալ 2 փաթեթները, խոստացել է մաքսանենգությամբ տեղափոխել ՀՀ և օժանդակել վերջիններիս՝ դրանք ՀՀ-ում իրացնելու դիտավորությանը և այդ նպատակով թմրամիջոցների փաթեթները նախապես թաքցրել է իր վարտիքի մեջ և ուղևորվել ՀՀ։ 2020թ. մարտի 13-ին Ա.Չոբանյանը **********-ից մուտք է գործել ՀՀ և իր վարտիքում պահած առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 215,63 գրամ, «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը, *** *******-ի և **** ********-ի կազմակերպմամբ, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, 2020թ. մարտի 13-ին՝ ժամը 18։31-ին, ՀՀ ՊԵԿ *********-ի մաքսային կետ-բաժնի տարածքով, ապօրինի իրացնելու նպատակով տեղափոխել է ՀՀ, որոնք նույն օրը՝ ժամը 20։50-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում, կատարված զննությամբ հայտնաբերվել են ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից՝ Ա.Չոբանյանի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում (…)»1։
8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հունվարի 31-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Վերլուծելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները` ղեկավարվելով ներքին համոզմամբ, դատարանը գտավ, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, և նա ենթակա է պատասխանատվության 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:
(…)
2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է նոր քրեական օրենսգրքի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին, իսկ հին քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը համապատասխանում է նոր քրեական օրենսգրքի 399 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին:
(…)
Պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, ինչպես նաև այն, որ նա աջակցել է խմբի կողմից կատարած հանցագործության բացահայտմանը, Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ` 2020թ. սեպտեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 25-ը, մասնակցել է մարտական գործողություններին, 2022թ. Սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 30-ը կամավոր հիմունքներով ծառայության է անցել ՀՀ ՊՆ ******** զորամասում և մասնակցել մարտական գործողություններին, բնութագրվում է դրական, նախկինում արատավորված չի եղել, ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում է կատարածի համար:
Գործում ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` դատարանը գտավ, որ հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը նվազեցրել է նրա անձի վտանգավորության աստիճանը: Նրա վարքագծի հետ կապված բացառիկ հանգամանքները` խմբի կողմից կատարած հանցագործության բացահայտմանն աջակցելը, 2020թ.-ին և դրանից հետո Հայաստանի Հանրապետության սահմանները վտանգվելու դեպքում կամավոր կերպով ՀՀ զինված ուժերի կազմում զինվորագրվելով` մարտական գործողություններին մասնակցելը, հնարավորություն են տալիս նրա նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ: Միաժամանակ դատարանը հանգում է այն հետևության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է` առանց նշանակված պատիժն ամբաստանյալի կողմից իրական կրելու, ուստի ամբաստանյալի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 84 հոդվածի 2-րդ մասը և պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան (…)»2:
9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ կարող է նշանակվել հանցանք կատարելու ընթացքում ու դրանից հետո մեղադրյալի վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում։ Ընդ որում, բացառիկ կարող է դիտվել ինչպես պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող մեկ հանգամանքը, այնպես էլ նման հանգամանքների համակցությունը, որը, կոնկրետ քրեական գործի առանձնահատկություններով պայմանավորված, դրա շրջանակներում բացառիկ բնույթ է ձեռք բերում։ Այլ կերպ ասած՝ մեղադրյալի նկատմամբ օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ է նշանակվում նաև այն դեպքում, երբ կոնկրետ քրեական գործի շրջանակներում անձի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և սովորականի շրջանակից դուրս փաստական հանգամանքներն իրենց համակցության մեջ վերածվում են բացառիկության։ Այսինքն՝ հանգամանքների այդ ամբողջությունը համակցության մեջ այն աստիճան առանձնահատուկ է, որ էականորեն նվազեցնում է ինչպես անձի, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը։
Տվյալ դեպքում մեղադրյալ Արթուր Չոբանյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը [մեղմացնող] մի շարք հանգամանքներ են առկա: Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարում մեղադրյալ Արթուր Չոբանյանի հետհանցավոր դրական վարքագիծը:
Մասնավորապես՝ վերջինը քրեական վարույթի քննության հենց սկզբից տվել է խոստովանական ցուցմունքներ, քրեական գործի քննության ողջ ընթացքում չի խուսափել, ինչպես նաև որևէ խոչընդոտ չի հարուցել վարույթի բնականոն քննության համար: Բացի այդ, նրա հայտնած տեղեկությունների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը և դրանց հետագա հնարավոր իրացման շղթան:
Ավելին՝ մեղադրյալն ունի կայուն սոցիալական կապեր, ամուսնացած է, խնամքին են երկու անչափահաս երեխաները, ինչպես նաև ձեռք է բերել մշտական աշխատանք, որով հոգում է ընտանիքի կարիքները: Վերաքննիչ դատարանը հատկապես հատկանշական է համարում Արթուր Չոբանյանի կողմից հայրենիքի սահմանների պաշտպանությանը կամավոր մասնակցությունը, որպիսի հանգամանքն էականորեն նվազեցնում է վերջինի անձի վտանգավորությունը և, ըստ էության, վկայում նրա՝ արդեն իսկ ուղղման ճանապարհին գտնվելու մասին:
Հետևապես, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ելնելով սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացման և նոր հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից՝ հանգում է այն հետևության, որ Արթուր Չոբանյանը չպետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, այն պայմանականորեն չկիրառելու հիմքերն առկա են և այն չկիրառելու պայմաններում հնարավոր է ապահովել պատժի նպատակները:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հանգամանքների համալիր գնահատման ու համադրման արդյունքում դատարանը մեղադրյալ Արթուր Չոբանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում եկել է իրավաչափ եզրահանգման (...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու և այն պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործությամբ պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, հանցագործության շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներով, ինչպես նաև նշանակվող պատժի՝ հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամբ (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք այն աստիճան են նվազեցրել անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որ դատարանի համոզմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափը կամ ժամկետը խիստ է տվյալ անձի համար, ինչպես նաև խմբի կողմից կատարված հանցանքի մասնակցի կողմից այդ խմբի կատարած հանցագործությունը բացահայտելուն աջակցելու դեպքում դատարանը կարող է նշանակել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից կամ ժամկետից պակաս չափ կամ ժամկետ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով կամ հոդվածի մասով: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը (…)»։
Պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումների4 լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով Ա.Չոբանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները (խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, 2020 թվականին և դրանից հետո կամավոր մարտական գործողություններին մասնակցելը, դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը, մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը), պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, վերջինիս հետհանցավոր դրական վարքագիծը և հանցագործության բացահայտմանն աջակցելու հանգամանքը, մասնավորապես՝ իր ցուցմունքներով հանցագործության կատարման մեխանիզմի վերհանումը, հանցակիցներին և հանցագործության կատարմանը ներգրավված այլ անձանց հնարավորինս բացահայտելը, վերջիններիս գտնելու նպատակով իրեն հայտնի տվյալները վարույթն իրականացնող մարմնին հայտնելը՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին։
12. Հետևաբար Ա.Չոբանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են։
13. Միևնույն ժամանակ, անդրադառնալով Ա.Չոբանյանի նկատմամբ նշանակված օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին՝ Վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքը5, գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ա.Չոբանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքների արդյունքում խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ Ա.Չոբանյանը կատարել է երկու հանցավոր արարք՝ նախ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությունը և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացմանն օժանդակելը, և շահադիտական դրդումներով՝ հետագայում 2000 ԱՄՆ դոլարի չափ վարձատրություն ստանալու դիմաց, թմրամիջոց իրացնելուն օժանդակելու նախնական համաձայնությամբ, մեկնել է *********-ի Հանրապետություն, իր ծանոթներից վերցրել առանձնապես խոշոր չափերով՝ 215,63 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը, նախապես ստացել այն Հայաստանի Հանրապետությունում կոնկրետ անձանց փոխանցելու մասին հրահանգները, այնուհետև, գործելով ուղղակի դիտավորությամբ, *********-ի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով (այն իր վարտիքի մեջ տեղադրելով) տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետությունում դրա իրացմանը։
Բացի այդ, ստորադաս դատարանների կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքներն արդեն իսկ հաշվի են առնվել Ա.Չոբանյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելիս, հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի կարող արդյունավետորեն նպաստել պատժի նպատակների իրականացմանը։
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել՝ ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ա.Չոբանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ա.Չոբանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
17․ Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Չոբանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ա.Չոբանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված՝ օրենքով նախատեսվածից մեղմ պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար, անհրաժեշտ է Ա.Չոբանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 31-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի դատական ակտը փոփոխել։ Ա.Չոբանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված՝ օրենքով նախատեսվածից մեղմ պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի հունվարի 31-ի դատավճռով նշանակված՝ 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արթուր Լևոնի Չոբանյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի հունվարի 31-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հունվարի 15-ի որոշումը փոփոխել։ Արթուր Լևոնի Չոբանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու Արթուր Լևոն Չոբանյանի նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի հունվարի 31-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ և 79-րդ հոդվածների կիրառմամբ վերջնական նշանակված՝ 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկումը։
Պատժի կրման սկիզբը հաշվել Արթուր Լևոնի Չոբանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 101-103:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 71-76:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 123-133:
4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Գարսևան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14 և Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշումները։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 և այլ որոշումները:
|
Նախագահող` Դատավորներ` |
Հ. Ասատրյան Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ | |
|
|
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹԱԴևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|