ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Հ․ Պետրոսյան |
ԱՎԴ/0055/06/23 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||
|
| |||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
23 հունվարի 2026 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Սամվել Հրաչյայի Բարսեղյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի դեկտեմբերի 5-ին Սամվել Հրաչյայի Բարսեղյանը ձերբակալվել է։
2023 թվականի դեկտեմբերի 6-ին Սամվել Բարսեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել։
1.1. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ մեղադրյալ Սամվել Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը` 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ից, և մերժել պաշտպանի՝ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։
2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), մեղադրյալ Ս.Բարսեղյանի պաշտպաններ Ա.Կարապետյանի և Ս.Հովհաննիսյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ բողոքը մասնակի բավարարել է, Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը բեկանել՝ մեղադրյալ Ս.Բարսեղյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառելով գրավ՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելքը։ Ս.Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է, և նա ազատ է արձակվել։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մարտի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, այն չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 17-րդ, 18-րդ և 21-րդ հոդվածների պահանջներից, դրանով սխալ են մեկնաբանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ և 118-րդ հոդվածները, ուստի թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը։
4.1. Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ մեղադրյալ Ս.Բարսեղյանի կողմից հանցանքի կատարումը կանխելու առնչությամբ Առաջին ատյանի դատարանի դատողությունները հիմնավոր չեն և չունեն օբյեկտիվ հիմքեր, նշել է, որ դրանք բխում են դատարան ներկայացված՝ տուժողի և վկաների ցուցմունքներով հայտնած տվյալներից, միջադեպի տեսաձայնագրություններից, մեղադրյալ Ս.Բարսեղյանի անձը բնութագրող տվյալներ պարունակող տեղեկանքներից։
4.2. Ըստ բողոք բերած անձի, վարույթի նյութերից հետևում է, որ մեղադրյալ Ս.Բարսեղյանը ձևավորված ակնհայտ անհարգալից, արհամարհական և ագրեսիվ վերաբերմունք ունի ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչը պայմանավորված է զուտ այն հանգամանքով, որ վերջիններս հանդիսանում են ՀՀ ոստիկանության աշխատակիցներ։ Մասնավորապես՝ մեղադրյալ Ս.Բարսեղյանը գտել է, որ սեռական բնույթի հայհոյանքներ, բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով ու նույնիսկ բռնություն գործադրելով՝ կարող է միջամտել ոստիկանության աշխատակիցների օրինական գործունեությանը։
4.3. Անդրադառնալով Ս.Բարսեղյանի անձը բնութագրող տվյալներին՝ բողոքաբերը նշել է, որ վերջինս հանցանք կատարելու կապակցությամբ 15 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտված եղել Չեխիայի Հանրապետությունում, ՀՀ ոստիկանության գրության համաձայն՝ հանդիսանում է քրեական ենթամշակույթ կրող անձ, որպիսի հանգամանքների անտեսումը մեղադրյալ Ս.Բարսեղյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելիս, իրավաչափ չէ։
4.4. Բողոքաբերը, անդրադառնալով Ս.Բարսեղյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայությանը, նշել է, որ վերջինիս անձը բնութագրող տվյալների համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ բարձր է Ս.Բարսեղյանի կողմից ազատության մեջ մնալու և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ առնչվելու դեպքում նոր հանցանքի կատարման հավանականությունը։
Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալ Ս.Բարսեղյանի դրսևորած հակաիրավական վարքագիծը հիմք է տալիս պնդելու նրա՝ որոշակիորեն անպատասխանատու վերաբերմունքն իրավապահ համակարգի ներկայացուցիչների նկատմամբ, իսկ մեղսագրվող պատժի սպառնալիքով արգելված արարքի համար նախատեսված պատժի տեսակն ու պատժաչափը, այն է՝ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով, հիմք են տալիս բարձր գնահատելու հավանականությունն առ այն, որ Ս.Բարսեղյանը կարող է դիմել փախուստի։
Բողոքաբերը նաև նշել է, որ բարձր է հավանականությունն առ այն, որ մեղադրյալ Ս.Բարսեղյանը, մնալով ազատության մեջ, կխոչընդոտի մինչդատական վարույթի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց, մասնավորապես՝ հարցաքննված և դեռևս չհարցաքննված, դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց վրա՝ դեպքի իրական հանգամանքները թաքցնելու, մասնավորապես՝ տեղեկություններն այլափոխելու կամ իրեն ցանկալի բովանդակությամբ ցուցմունքներ ստանալու ճանապարհով։
Այս առումով, անդրադառնալով նաև մեղադրյալին վերագրվող արարքը ՀՀ ոստիկանության աշխատակիցներին ամրակցված տեսախցիկներով ամրագրված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի փաստարկին, բողոքաբերը նշել է, որ թեև տեսագրություններով արձանագրվել է մեղադրյալ Ս.Բարսեղյանի կողմից ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու փաստը, այնուամենայնիվ, վերջիններիս ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքը ենթակա է պարզման տուժողների հարցաքննության միջոցով, որպիսի պայմաններում կարևորվում են վերջիններիս ցուցմունքներով հայտնած տվյալները։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ բողոքաբերը գտել է, որ մեղադրյալ Ս.Բարսեղյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջոցով։
4.5. Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, սահմանելով այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի չափը, հաշվի չի առել մեղադրյալին վերագրվող հանցանքի ծանրության աստիճանը, մեղադրյալի գույքային դրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանում մեղադրյալ Ս.Բարսեղյանի պաշտպանի միջնորդած 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով գրավը համարվել է ոչ բավարար՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով գրավի կիրառմամբ, ինչն անընդունելի է ներկայացված բողոքի հիմնավորումներով, և որևէ կերպ չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշումը և մեղադրյալ Ս.Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6․ Սամվել Բարսեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ «(…) [Նա] 2023 թվականի դեկտեմբերի 05-ին՝ ժամը 16:14-ի սահմաններում, ********** մարզի ******* համայնքի *********** փողոցում երթևեկել է «Ֆորդ» մակնիշի, ******** հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, որտեղ թիվ **** կողային համարի, ծառայողական «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ **************-ը և ***************-ը։ Ծառայության ընթացքում պարեկային ծառայության պարեկներ ********* *********-ը և ************** ************-ը ************ փողոցում՝ «*******» խանութ սրահի մոտ, ծառայություն իրականացնելիս հայտնաբերել են երթևեկելի մասում կիսով չափ կայանված տրանսպորտային միջոց, ինչի կապակցությամբ ********* ********-ը կանգնեցրել է ծառայողական «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան, իջել է ավտոմեքենայից՝ ավտոմեքենան նույնականացնելու, վարչարարություն կատարելու համար, իսկ այդ ընթացքում վերջինիս կարգախմբի անդամ՝ ************** **********-ը, նստելով ավտոմեքենայի ղեկին՝ այն վարել է դեպի առաջ։ Նույն պահին «Ֆորդ» մակնիշի, ************* հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ******** *********-ին է մոտեցել հիշյալ փողոցով երթևեկող Սամվել Հրաչյայի Բարսեղյանը, ով իջեցնելով ավտոմեքենայի ապակին, ասել է «էս որտեղ եք կանգնել, ես ձեր տիրոջ մերը․․․» արտահայտությունը, որից հետո վարորդ Սամվել Բարսեղյանը ավտոմեքենայի անիվներով տեղապտույտ կատարելով հեռացել է։ ********** *********-ն անմիջապես ծառայողական ռադիոկապի միջոցով հայտնել է տեղի ունեցած միջադեպի մասին և խնդրել է պարեկային ծառայություն իրականացնող այլ կարգախմբի կանգնեցնել «Ֆորդ» մակնիշի, ********** հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որին արձագանքել է նույն տարածքում թիվ ****** կողային համարի, ծառայողական «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով ծառայություն իրականացնող ***************-ը։ Այնուհետև ********* համայնքի *********** և ********** փողոցների խաչմերուկում **************-ը բարձրախոսով հրահանգել է «Ֆորդ» մակնիշի, ************ հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սամվել Բարսեղյանին կանգնեցնել ավտոմեքենան, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնել է «ստեղ կանգնեմ արա» արտահայտությունը և կանգնել է *********-ի համայնքի «******» առևտրի կենտրոնի մոտ։ ******** *********-ը մոտեցել է վարորդ Սամվել Բարսեղյանին, նախ հարցրել է առանց ամրագոտի վարելու պատճառը, ինչին ի պատասխան՝ Սամվել Բարսեղյանը հայտնել է «դրանք ասեցին» արտահայտությունը, ինչից հետո ***** *******-ը հորդորել է հարգանքով խոսել պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին և հայտնել է, որ այլ կարգախումբ է հրավիրում խախտումն արձանագրելու և վարչարարություն իրականացնելու նպատակով։ Քիչ անց հիշյալ վայր են ժամանել նաև Արտաշատ համայնքի Մարքսի փողոցում ծառայություն իրականացնող, պարեկային ծառայության աշխատակիցներ ******* *******-ը և ******** ********-ը, որի ընթացքում, Սամվել Բարսեղյանը, դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ և անտեսելով վերջինների ներկայությունը, պարեկային ծառայության աշխատակիցների կողմից վարչարարություն իրականացնելը խոչընդոտելու նպատակով, անհասցե հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով անկանոն շարժումներ է կատարել, ինչի կապակցությամբ ******** *********-ը մի քանի անգամ հորդորել է հայհոյանքներ չհնչեցնել և դրսևորել պատշաճ վարքագիծ։ Մինչդեռ Սամվել Բարսեղյանը չենթարկվելով ******* ********-ի՝ հանդարտվելու և հայհոյանքներ չհնչեցնելու վերաբերյալ կոչերին՝ հակադրվելով շարունակել է իր հակաիրավական գործողությունները, ինչի կապակցությամբ ******* ********-ը հրահանգել է ձերբակալել Սամվել Բարսեղյանին, սակայն Սամվել Բարսեղյանը պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձ հանդիսացող պարեկային ծառայության աշխատակից ******** *******-ի կողմից ձեռնաշղթա հագցնելը խոչընդոտելու նպատակով ձեռքով հրել է նրան և շարունակել է հայհոյանքներ հնչեցնել; Այնուհետև մոտեցել է նաև ******* ********-ը, որի ընթացքում Սամվել Բարսեղյանը չդադարեցնելով իր հակաիրավական գործողությունները, ավելի ագրեսիվ տոնայնությամբ պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձինք հանդիսացող պարեկային ծառայության աշխատակիցներ ********** *********-ի, ******* ******-ի և ********** ********-ի հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու՝ մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ սպառնալիքներ, մասնավորապես՝ ******* *******-ի հասցեին հնչեցրել է «հեսա կտամ չանդ կծռեմ» արտահայտությունը, ապա նաև պաշտոնատար անձ՝ *********** ********-ի օրինական ծառայողական գործունեությանը միջմտելու՝ վերջինիս կողմից ձեռնաշղթա հագցնելը խոչընդոտելու նպատակով ձեռքի բռունցքով մեկ անգամ հարվածել է ***** ******-ի կրծքավանդակի շրջանին, որն էլ ուղեկցվել է պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելով, ինչից հետո օգնության հասած ոստիկանության ************-ի բաժնի աշխատակիցների հետ միասին Սամվել Բարսեղյանին ձերբակալել ու տեղափոխել են ************-ի բաժին (…)»1։
7. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի գրության համաձայն՝ «Թիվ 27-0366-23 քրեական վարույթի շրջանակներում հայտնում ենք Ձեզ, որ Սամվել Հրաչյայի Բարսեղյանը (ծնվ. 04.01.1982թ., հաշվ. է և բն. է ********** համ. ********** բն. *********** փ. ** տ.) հանդիսանում է քրեական ենթամշակույթ կրող անձ, նախկինում սպանություն կատարելու մեղադրանքով *********** Հանրապետությունում դատապարտվել է 15 տարի ազատազրկման, մշտապես դրսևորել է հակաօրինական վարքագիծ, Արտաշատ և հարակից համայնքներում ունի քրեածին ազդեցություն»2։
8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ բարձր է հավանականություն[ն] առ այն, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ կխոչընդոտի մինչդատական վարույթում գործի քննությանը և ապացուցման գործընթացին՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց՝ մասնավորապես հարցաքննված և դեռևս չհարցաքննված, դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց վրա՝ դեպքի իրական հանգամանքները թաքցնելու՝ մասնավորապես տեղեկություններն այլափոխելու կամ իրեն ցանկալի բովանդակությամբ ցուցմունքներ ստանալու ճանապարհով, նկատի ունենալով նաև, որ վերը նշված [պատճառաբանությամբ], առկա է հիմնավոր կասկած վերջինիս կողմից ոստիկանության համապատասխան աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու և դրանով վերջիններիս վրա ազդեցություն գործադրելու վերաբերյալ:
Անդրադառնալով մեղադրյալ Ս.Բարսեղյանի կողմից նոր հանցանք կատարելու և փախուստի դիմելու հիմքերին՝ Դատարանը գտնում է, որ բարձր է հավանականությունն առ այն, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ կկատարի հանցանք՝ հաշվի առնելով վերջինիս առաջադրված մեղադրանքի բնույթը, մեղադրյալին վերագրվող արարքի ծանրությունը, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչպես նաև այն, որ համաձայն ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության 06.12.2023թ. գրության՝ վերջինս հանդիսանում է քրեական ենթամշակույթ կրող անձ։
Այսպիսով, Դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածում թվարկված վերոհիշյալ` մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու և մեղադրյալի կողմից հանցանք կատարելու և փախուստի դիմելու վերաբերյալ մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք առաջ են բերում անձի ազատության իրավունքի սահմանափակում, հիմնված են գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա։ Ընդհանրացնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ մեղադրանքի կողմը սույն օրենսգրքով սահմանված կարգով պատշաճորեն հիմնավորել է միջնորդվող խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը և իրավաչափությունը՝ միջնորդված պայմաններով, ուստի որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ առկա են բավարար փաստական տվյալներ, այսինքն` միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է ամբողջությամբ բավարարման: Դատարանը հարկ է համարում նշել նաև, որ, որպես խափանման միջոց, կալանքը ընտրելու մասին որոշում կայացնելով, Դատարանն այդ որոշումը հիմնավորված է համարում ներկայացված նյութերում այնպիսի տեղեկությունների առկայությամբ, որոնք վերոնշյալ հիմնավորումներով հանդերձ հաստատում են տվյալ փուլում մեղադրյալի նկատմամբ ազատությունից չզրկելու հետ կապված այլընտրանքային խափանման միջոցների՝ այդ թվում գրավի կիրառման անհնարինությունը (…)»3։
9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) Կալանքի հիմքերի առնչությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Սամվել Բարսեղյանի կողմից հանցանքի կատարումը կանխելու առնչությամբ դատարանի դատողությունները հիմնավոր չեն և չունեն նախաքննական մարմնի կողմից ներկայացված նյութերից բխող օբյեկտիվ հիմքեր: Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից տրված տեղեկանքին, ապա դրա ուսումնասիրությունը վկայում է, որ մեղադրյալ Սամվել Բարսեղյանը ներկայում չունի դատվածություն, իսկ նախկինում կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելն ինքնին չի կարող վկայել հետագայում նրա հնարավոր հանցավոր վարքագծի դրսևորման մասին (…):
Անդրադառնալով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից տրված գրությանը, որի համաձայն՝ Սամվել Բարսեղյանը հանդիսանում է քրեական ենթամշակույթ կրող անձ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պարզ չէ՝ այդ տեղեկությունը հիմնավոր է, թե ոչ, քանի որ որևէ կերպ չի կարող գնահատվել այդ տվյալի իսկությունը կամ հավաստիությունը: Ավելին՝ ներկայացված նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ մեղադրյալ Սամվել Բարսեղյանը քրեական ենթամշակույթի առնչությամբ որևէ հանցավոր արարքի ենթադրյալ կատարման համար քրեական հետապնդման չի ենթարկվում, այսինքն՝ քրեական ենթամշակույթին առնչվող որևէ արարք մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ նկարագրված չէ:
Ինչ վերաբերում է մեղադրյալ Սամվել Բարսեղյանի կողմից փախուստի դիմելու հավանականությանը, ապա Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ դրա առնչությամբ նույնպես անհրաժեշտ ու բավարար հիմնավորումներ և փաստարկներ առկա չեն: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ տվյալ դեպքում միայն մեղսագրվող հանցանքի տեսակը և բնույթը չեն կարող վկայել մեղադրյալի կողմից փախուստի դիմելու բարձր հավանականության մասին (…)։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև առկա է մեղադրյալ Սամվել Բարսեղյանի կողմից քրեական վարույթի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, սակայն նման մտավախությունն այն աստիճան էական ու բարձր չէ, որ դրա չեզոքացմանը հնարավոր լինի հասնել բացառապես ամենախիստ կամ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց(ներ)ի կիրառմամբ: Հատկանշական է, որ տվյալ դեպքում մեղադրյալին վերագրվում է միջին ծանրության հանցանքի կատարում, ընդ որում, ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկություններ տիրապետող անձանց մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են, ավելին՝ մեղադրյալին վերագրվող արարքի ընթացքը, ըստ էության, ամրագրված է վերջիններին ամրակցված տեսախցիկներով:
(…)
Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Սամվել Բարսեղյանի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի կիրառման անհրաժեշտությունը բացակայում է, ուստի վերջինի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել բացակայելու արգելքի և գրավի համակցված ընտրության արդյունքում։ (…)»4:
10. Սամվել Բարսեղյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով մինչդատական վարույթն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և 2024 թվականի դեկտեմբերի 12-ին կայացվել է դատավճիռ5։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավի և բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ մեղադրյալ Ս.Բարսեղյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
12․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոցներն են կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները։
2. Այլընտրանքային խափանման միջոցներն են՝
3) գրավը.
(…)
5) բացակայելու արգելքը (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը։
2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ «2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
(…)
4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները (…)»։
12.1. Վկայակոչված իրավադրույթների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման ու կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ ու պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս, վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգության մեջ, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից՝ կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող ու դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները6։
12.2. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով7։ Ընդ որում՝ կալանավորման անհրաժեշտության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա8:
12.3. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր ու գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին9:
13․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Սամվել Բարսեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար10:
- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ներկայացված փաստերը և ապացույցները, արձանագրել է, որ մեղադրյալ Ս.Բարսեղյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում բարձր է հավանականությունն առ այն, որ վերջինս կխոչընդոտի գործի քննությանը և ապացուցման գործընթացին՝ ազդեցություն գործադրելով հարցաքննված և դեռևս չհարցաքննված վկաների, ինչպես նաև դեպքի վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց վրա, կկատարի նոր հանցանք և կդիմի փախուստի՝ հաշվի առնելով առաջադրված մեղադրանքի բնույթը, վերագրվող արարքի ծանրությունը (միջին ծանրության հանցագործությունների շարքին դասվելը), ինչպես նաև այն, որ վերջինս, համաձայն ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության 2023 թվականի դեկտեմբերի 6-ի գրության, հանդիսանում է քրեական ենթամշակույթ կրող անձ։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ս.Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով11։
- Վերաքննիչ դատարանը, անդրադառալով մեղադրյալ Ս.Բարսեղյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերին, արձանագրել է, որ վերջինիս կողմից նոր հանցանք կատարելու և փախուստի դիմելու հավանականության մասին Առաջին ատյանի դատարանի դատողությունները հիմնավոր չեն և չունեն նախաքննական մարմնի կողմից ներկայացված նյութերից բխող օբյեկտիվ հիմքեր: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ թեև առկա է մեղադրյալ Ս.Բարսեղյանի կողմից քրեական վարույթի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, սակայն նման մտավախությունն այն աստիճան էական ու բարձր չէ, որ դրա չեզոքացմանը հնարավոր լինի հասնել բացառապես կալանքի կիրառմամբ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալ Ս.Բարսեղյանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել բացակայելու արգելքի և 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով գրավի համակցված ընտրության արդյունքում:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ դատարանի որոշմամբ գրավը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրելու դեպքում, վերջինս ենթակա է ազատ արձակման մինչև գրավի գումարը վճարելը։ Այս առումով Վերաքննիչ դատարանը նշել է, որ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու և դրա կիրառման, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահը, կարող են չհամընկնել, և չնայած այն հանգամանքին, որ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումն օրենսդիրը պայմանավորում է կոնկրետ գործողության կատարմամբ, դա չի նշանակում, որ մինչև համապատասխան գործողության կատարումն անձը պետք է շարունակի մնալ կալանքի տակ12։
14․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-12.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառմամբ մեղադրյալ Ս.Բարսեղյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ:
14.1. Այսպես, Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկվել այն փաստական տվյալը, որ ոստիկանների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելուն նախորդել են մեղադրյալի մի շարք ենթադրյալ հակաիրավական գործողություններ, մասնավորապես՝ վերջինիս կողմից մեքենայով ********** քաղաքի *********** փողոցում առաջացած խցանման ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկաններին մոտենալը և ավտոմեքենայի ապակին իջեցնելով, նրանց նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալն ու իր դժգոհությունը ոստիկանների՝ այդ վայրում ծառայություն իրականացնելու առթիվ հայտնելը, որից հետո, վթարային իրավիճակ ստեղծելով, մեքենան վարելը և հեռանալը։ Բացի այդ, ըստ վարույթում առկա նյութերի, իր ավտոմեքենան ոստիկանների կողմից կանգնեցվելուց հետո, Ս.Բարսեղյանը, ավտոմեքենայից իջնելով և չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ենթադրաբար դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ փորձելով ստիպել ոստիկանության ծառայողներին դադարեցնել իրենց վարչարարությունը, շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ և բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնել նրանց հասցեին, հրել և հայհոյել է իրեն ձեռնաշղթա հագցնել փորձող պարեկային ծառայության աշխատակից ****************-ին, որից հետո բռունցքով հարվածել է նույն ծառայության պարեկ ************-ին։
14.2. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մեղադրյալ Ս.Բարսեղյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայությանը, իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևությանն առ այն, որ դատական ակտը կայացնելու պահի դրությամբ բարձր է եղել Ս.Բարսեղյանի կողմից գործի քննությանը և ապացուցման գործընթացին խոչընդոտելու հավանականությունը, հաշվի առնելով, որ վարույթը գտնվել է սկզբնական փուլում, և բացի գործին առնչություն ունեցող ոստիկաններից, դեպքին ականատես են եղել նաև այլ՝ դեռևս չհարցաքննված անձինք, որոնց նկատմամբ Ս.Բարսեղյանը կարող էր գործադրել որոշակի ազդեցություն՝ իրականությունն այլափոխելու և տվյալ անձանց կողմից դեպքի հանգամանքներն ի օգուտ իրեն ներկայացնելու ճանապարհով։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է եղել կատարել որոշակի ապացուցողական գործողություններ՝ Ս.Բարսեղյանի կողմից ոստիկանության ծառայողներին ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքը, առհասարակ դրա առկայությունը կամ բացակայությունը հաստատելու կամ հերքելու համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրված՝ Ս.Բարսեղյանի քրեական ենթամշակույթ կրող անձ լինելու փաստը հավաստող գրության առկայությունը վարույթի տվյալ փուլում, ըստ էության, բավարար էր վերջինիս կողմից հանցավոր վարքագիծ դրսևորելու հավանականությունը բարձր գնահատելու համար։
Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի հետևությանն առ այն, որ մարված դատվածությունը կամ նախկինում կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելն ինքնին չի կարող վկայել հետագայում անձի հնարավոր հանցավոր վարքագծի դրսևորման մասին։
ՀՀ քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածով նախատեսված հիմքերով դատվածության մարումը կամ վերացումը հանգեցնում է դատվածության հետ կապված քրեաիրավական հետևանքների վերացման»։
Վերոնշյալ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ խոսքը գնում է դատվածության մարման կամ վերացման քրեաիրավական, այլ ոչ թե քրեադատավարական հետևանքների վերացման մասին13։
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մարված դատվածության առկայությունը կամ նախկինում կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելն անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման շրջանակներում կարող է հաշվի առնվել ենթադրյալ հանցանք կատարած անձի կողմից հետագայում դրսևորվելիք հնարավոր վարքագծի վերաբերյալ կանխատեսումներ անելիս։
Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն ևս՝ կրկնահանցագործության ռիսկը գնահատելիս դրա հավանականությունը որոշելու հանգամանք է դիտարկվում անձի անցյալը՝ պայմանով, որ նախկին մեղադրանքները և դրա հիմքում դրված փաստերը իրենց բնույթով կամ լրջության աստիճանով համեմատելի լինեն ընթացիկ մեղադրանքի հետ14։
15. Ընդհանրացնելով նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի շրջանակներում ձևավորված փաստական հանգամանքների ամբողջությունից ողջամտորեն բխում է, որ քրեական վարույթի քննության տվյալ փուլում առկա է եղել մեղադրյալ Ս.Բարսեղյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու բարձր հավանականություն։
16. Հետևաբար, այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավի և բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ մեղադրյալ Ս.Բարսեղյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
17․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն Արշակ Հակոբյանի գործով կայացրած որոշմամբ փաստել է, որ կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարաձգելու միջնորդությունը քննելիս, դատարանը, գտնելով որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ, իրավասու է կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն միայն այն դեպքում, երբ այդպիսի խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառման դեպքում դրա մեջ ներառված խափանման միջոցներից առնվազն մեկի ընտրության լիազորությունը վերապահված է դատարանին։ Նման դեպքերում դատարանը քննիչի միջնորդությունը բավարարում է մասնակի և կիրառում համապատասխան խափանման միջոցը (օրինակ՝ տնային կալանք) կամ դրանց համակցությունը (օրինակ՝ տնային կալանք և գրավ)։ Իսկ այն դեպքերում, երբ դատարանը միջնորդության քննության արդյունքում գտնում է, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար ոչ միայն միջնորդվող կալանքի, այլև իր իրավասությանը վերապահված խափանման միջոցի ընտրության անհրաժեշտությունը բացակայում է, ապա դատարանը պետք է մերժի քննիչի միջնորդությունը՝ առավել մեղմ խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառման հարցի լուծումը թողնելով վարույթի համապատասխան հանրային մասնակիցների հայեցողությանը15։
17.1. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Ս.Բարսեղյանի պաշտպաններ Ա.Կարապետյանի և Ս.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում հանգելով հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ խափանման միջոցի կիրառմամբ, իրավասու չէր կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ գրավը և բացակայելու արգելքը, քանի որ դրանց կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցի լուծումը դուրս է խափանման միջոցների դատական երաշխիքների շրջանակից, և պետք է թողնվեր վարույթի համապատասխան հանրային մասնակիցների հայեցողությանը։
18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ս.Բարսեղյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, և այն բեկանելու արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ս.Բարսեղյանի վերաբերյալ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրել է եզրափակիչ դատական ակտ, որով լուծվել է նաև խափանման միջոցի հարցը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
19. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Սամվել Հրաչյայի Բարսեղյանի վերաբերյալ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 92-94։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 45։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 102-131:
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 153-165։
5 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԱՎԴ/0038/01/24 գործով դատավճիռը։
6 Տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշման 13․1-րդ կետը։
7 Տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները:
8 Տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը։
9 Տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը:
10 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12, Արտաշ Շաքարյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13, Սարգիս Գալստյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԿԴ1/0078/01/13, Ռաֆայել Սամվելյանի գործով 2025 թվականի նոյեմբերի 21-ի թիվ ԱՐԴ/0040/01/21 որոշումները։
14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Dervishi v. Croatia գործով 2012 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 67341/10, 137-րդ կետը։
15 Տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշումը, կետ 17։
Նախագահող` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: