ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Մ․ Մարտիրոսյան |
ԵԴ/0058/01/20 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
2 փետրվարի 2026 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արսեն Դավթի Համբարձումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի փետրվարի 5-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ ******** քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արսեն Դավթի Համբարձումյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 34-184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ ամբաստանյալ Արսեն Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ քննությունից թաքնվելու պատճառաբանությամբ, իսկ 2022 թվականի մարտի 17-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է։
1.2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի հունիսի 30-ին որոշում է կայացրել քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու և հեռակա վարույթ իրականացնելու մասին։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով Արսեն Դավթի Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 256-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 1-ին մասով և 44-259-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 34-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով)։
Նույն դատավճռով Ա.Համբարձումյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասով և 255-րդ հոդվածի 1-ին մասով ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 44-259-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով վերջինիս նկատմամբ արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի սանկցիայով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ մեղադրյալ Ա.Համբարձումյանն ազատվել է նշանակված պատժից։
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի մայիսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, մասնավորապես չեն պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 91-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև սխալ են մեկնաբանվել Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետի դրույթները։
Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոք բերած անձը փաստել է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ սույն գործով մեղադրյալ Ա.Համբարձումյանը 2018 թվականի հունվարի 9-ից գտնվել է հետախուզման մեջ և մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին չի ներկայացել քրեական հետապնդման մարմին, այլ 2019 թվականի հունվարի 9-ին ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել, ինչը Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վերջինիս նկատմամբ համաներման կիրառումը բացառող հանգամանք է։
5.1. Բողոքաբերը, անդրադառնալով ստորադաս դատարանների այն դատողությանը, որ բավարար տեղեկություններ չեն ներկայացվել առ այն, որ 2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Ա.Համբարձումյանը գտնվել է հետախուզման մեջ, ընդգծել է, որ կոնկրետ դեպքում էականը ոչ թե վերջինիս՝ 2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ գտնվելու կամ չգտնվելու հանգամանքն է, այլ այն, որ նա մինչև Համաներման մասին օրենքի ուժի մեջ մտնելը գտնվել է հետախուզման մեջ և մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին չի ներկայացել քրեական հետապնդման մարմին։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հուլիսի 30-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հունվարի 9-ի որոշմամբ, թիվ ********* քրեական գործով Արսեն Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում1։
8. Անձին բերման ենթարկելու մասին 2019 թվականի հունվարի 9-ի արձանագրության համաձայն՝ Արսեն Համբարձումյանը, 2019 թվականի հունվարի 9-ին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին2։
9. Առաջին ատյանի դատարանը, Ա.Համբարձումյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 1-ին մասով և 44-259-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 34-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով) հաստատված է համարել հետևյալ փաստերը. «(...) Արսեն Դավթի Համբարձումյանը 2017թ. հունիսի 10-ին, Երևան քաղաքի ******* ** * հասցեում գործող «***** **** *** ****» ՍՊ ընկերության հետ՝ ի դեմս ընկերության տնօրեն Վ․Գ․-ի, կնքել է տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր, համաձայն որի՝ 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ օրավարձով մինչև 2017թ. հունիսի 20-ը նրա տիրապետմանն է հանձնվել «*** *****» մակնիշի, ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Ա.Համբարձումյանը նշված ավտոմեքենան պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտին չի ներկայացրել ընկերություն և յուրացնելով իր վստահությանը հանձնված, այդ ավտոմեքենայի վրա առկա, զգալի չափերի՝ 25.000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ արժողության մարտկոցը, 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ արժողության հետևի թափարգելը և ավտոմեքենայի վրա տեղադրված 70.000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ արժողության «Ջի Փի Էս» սարքը՝ այն կայանել է *** ********* շրջանում գտնվող ******** ոսկու բազմամետաղային հանքավայրի շրջակայքում գործող հացատան տարածքում, որն էլ այդ վիճակում 2017թ. դեկտեմբերի 27-ին հայտնաբերվել է Վ․Գ․-ի կողմից:
Բացի այդ՝ Արսեն Համբարձումյանը խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով, նախքան հափշտակության առարկան իր տիրապետման տակ անցնելը նպատակ ունենալով ապօրինի տիրանալու և չվերադարձնելու այն՝ օգտվել է իր և Ա․Հ․-ի միջև առկա փոխադարձ մտերիմ հարաբերություններից և չարաշահելով վերջինիս վստահությունը՝ ներգործել նրա գիտակցության ու կամքի վրա, ինչը դրսևորվել է Ա.Հ․-ի հետ համատեղ բիզնես սկսելու կեղծ առաջարկություն և խոստում տալով: Դրանից հետո իր հանցավոր մտադրությունն իրականացնելու և Ա.Հ․-ին մոլորության մեջ գցելու նպատակով դիտավորյալ խեղաթյուրելով իրական, ճշմարիտ փաստերը՝ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Արսեն Համբարձումյանը պահանջել է Ա.Հ․-ից, որպեսզի վերջինս իր անվամբ «********» ԲԲ, «***** ** **» ՈւՎԿ և «********» ՓԲ ընկերություններում ձևակերպի վարկեր: Ի սկզբանե համատեղ բիզնես սկսելու նպատակի իսպառ բացակայության պայմաններում, նույն ժամանակահատվածում՝ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում, մեղադրյալ Արսեն Համբարձումյանը տուժող Ա.Հ․-ից ստացել է ձևակերպված վարկերի արդյունքում տրամադրված բանկային քարտերն ու դրանց ծածկագրերը, որոնցից կանխիկացում կատարելու եղանակով հափշտակել է Ա.Հ․-ին պատկանող զգալի չափերի՝ ընդհանուր 446.860 (չորս հարյուր քառասունվեց հազար ութ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ՝ Ա.Համբարձումյանը, ըստ իր ընկալման զրկված լինելով վարորդական իրավունքից, 2018թ. հունվարի 17-ին, Ս․Խ․-ին պատկանող և «**** ******» ԱՓԲ ընկերությունում ապահովագրված «*** ******» մակնիշի, ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող «******» գազալցակայանի հարևանությամբ ավտովթարի ենթարկվելու մասին տեղեկացրել է իր ծանոթ Հ․Հ․-ին, ով ժամանել է պատահարի վայր: Արսեն Համբարձումյանը լինելով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր կողմ և գիտակցելով վարորդական իրավունքից զրկված լինելու պարագայում որպես վարորդ ներկայանալու դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժող կողմին պատճառված գույքային վնասի հատուցումն իրականացնելուց հետո, հետադարձ պահանջի իրավունքով փոխհատուցվող գումարն իրենից պահանջելու հանգամանքը՝ «***** *******» ԱՓԲ ընկերությանը խոշոր չափերի վնաս պատճառելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել մեկ այլ անձի հետ, ով, ժամանելով պատահարի վայր՝ ՃՈ ծառայության և ապահովագրական ընկերության աշխատակիցներին խաբեության եղանակով ներկայացել է որպես «*** *******» մակնիշի, ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ և ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր կողմ ու տվել համապատասխան բացատրություն:
«**** *******» ԱՓԲ ընկերությունը պատահարից տուժած վարորդին կատարել է փոխհատուցում 646.000 (վեց հարյուր քառասունվեց հազար) ՀՀ դրամի չափով, որից հետո պարզվել է ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ Արսեն Համբարձումյանի՝ վարորդական իրավունքից զրկված չլինելու հանգամանքը»3։
10. Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով մեղադրյալ Ա.Համբարձումյանի նկատմամբ Համաներման մասին օրենքը կիրառելու հարցին, փաստել է, որ. «(...) Դատարանին բավարար տեղեկություններ չեն ներկայացվել այն մասին, որ 2019թ. փետրվարի 1-ի դրությամբ Արսեն Համբարձումյանը գտնվել է հետախուզման մեջ։
Վերոգրյալից ելնելով և հաշվի առնելով, որ մեղադրյալ Արսեն Համբարձումյանն իրեն մեղսագրված արարքները կատարել է մինչև 2018թ. հոկտեմբերի 21-ը, իսկ 2019թ. փետրվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ չի գտնվել՝ Դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում նշանակվելու դեպքում նա ենթակա է ազատման պատժից՝ Համաներման մասին վերոհիշյալ օրենքի կիրառմամբ (...)»4։
11. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ սույն օրենքը կարգավորում է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները, բացի այդ, նույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ համաներում հայտարարելով պատժից պետք է ազատել՝ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց: Սույն գործով Ա.Համբարձումյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի [18.04.2003 թվականի] 184-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ, որի համար որպես պատիժ է նշանակվել ազատազրկում 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Համաներման օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասում շարադրված են այն դեպքերը, որոնց առկայության պայմաններում օրենսդիրը բացառել է համաներման կիրառումը: Մասնավորապես, համաներման օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով օրենսդիրը բացառել է համաներման կիրառումը և որպես համաներման կիրառման սահմանափակման նախապայման է նշել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվելը, բացառությամբ այն անձանց, ովքեր 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ: Մինչդեռ գործի նյութերում, ինչպես իրավացիորեն նշել է Առաջին ատյանի դատարանը, բավարար տեղեկություններ չեն ներկայացվել այն մասին, որ 01.02.2019 թվականի դրությամբ Արսեն Համբարձումյանը գտնվել է հետախուզման մեջ։ Հետևաբար համաներման կիրառման նշված սահմանափակումը Ա.Համբարձումյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ գործի նյութերից պարզվում է, որ Ա.Համբարձումյանը 01.02.2019 թվականի դրությամբ չի գտնվել հետախուզման մեջ:
Ամփոփելով վերոշարադրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի բողոքարկված դատական ակտը բեկանելու և վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան, Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալի նկատմամբ Համաներման օրենքը կիրառելով թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այսինքն՝ բացակայում են վիճարկվող դատական ակտը բեկանելու հիմքերը (...)»5։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ Ա.Համբարձումյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման արգելքի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
13. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ենթադրյալ հանցանք կատարած անձը համաներման մասին օրենքով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժով, կամ կարող է վերացվել դատվածությունը»։
13.1. Համաներման ինստիտուտի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ համաներումն իրենից ներկայացնում է ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից՝ օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը։ Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում։ Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսվում են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն։ Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը։ Այդ կանոններից շեղումները, այդ թվում՝ նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության6:
14. Համաներման մասին օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Սույն օրենքը կարգավորում է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները»։
Նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել՝ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց (…)»։
Նույն օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Համաներումը չկիրառել (բացառությամբ սույն հոդվածի 9-րդ և 11-րդ մասերով նախատեսված դեպքերի) մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան (…)»։
14.1. Համաներման ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, վերլուծելով Համաներման մասին օրենքի վերը վկայակոչված կարգավորումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաներման կիրառելիության համար օրենսդիրը նախ և առաջ սահմանել է համաներում հայտարարելով պատժից և քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերը, պայմանները և ըստ այդ պայմանների` համաներումից օգտվելու սահմանները: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերոգրյալից բացի, օրենսդիրը սահմանել է նաև համաներման կիրառելիության որոշակի սահմանափակումներ, որոնք նախատեսված են Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասով, ինքնավար են և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես՝ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետը սահմանում է, որ hամաներումը կիրառելի չէ այն անձանց նկատմամբ, որոնք մինչև տվյալ օրենքն ուժի մեջ մտնելը, այն է՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 6-ը, գտնվել են հետախուզման մեջ։ Դրա հետ մեկտեղ վերոնշյալ սահմանափակումն ունի նաև բացառություն, որը վերաբերում է այն անձանց, որոնք 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին ներկայացել են քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է՝ դատարան։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված բացառության նպատակն է շահագրգռել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ ենթադրյալ հանցագործություն կատարած և հետախուզման մեջ գտնվող անձանց կամովին ներկայանալ համապատասխան վարույթն իրականացնող մարմին և ազատվել քրեական պատասխանատվությունից ու պատժից։
Փաստորեն, Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետի վերլուծությունից բխում է, որ մինչև Համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելը, այն է՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 6-ը, հետախուզման մեջ գտնվող անձի նկատմամբ համաներում չկիրառելու օրենսդրական սահմանափակումը վերանում է բոլոր այն դեպքերում, երբ անձը մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ և կամովին ներկայանում է քրեական հետապնդման մարմիններ կամ դատարան։ Այլ խոսքով՝ հետախուզման մեջ գտնվող անձի նկատմամբ համաներման կիրառման հնարավորությունն առաջանում է այն ժամանակ, երբ վերջինս սահմանված ժամկետի շրջանակում և կամովին ներկայանում է վարույթն իրականացնող համապատասխան մարմին։ Հետևաբար, անձի նկատմամբ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված սահմանափակման բացակայության մասին հետևության հանգելիս, վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի ոչ թե 2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ անձի հետախուզման մեջ գտնվելու կամ չգտնվելու հանգամանքը, այլ այն, թե արդյո՞ք վերջինս սահմանված ժամկետի պահպանմամբ և կամովին է ներկայացել վարույթն իրականացնող համապատասխան մարմին, թե ոչ։
14.2. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կարգավորման մեջ տեղ գտած քննարկվող բացառությունը կիրառելի է միայն այն անձանց նկատմամբ, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին՝ մինչև Համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելը, այն է՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 6-ը, գտնվել են հետախուզման մեջ, 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներկայացել են քրեական հետապնդման մարմիններ կամ դատարան և այդ մարմիններ են ներկայացել կամովին։
15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- 2018 թվականի հունվարի 9-ին Ա.Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում7,
- 2019 թվականի հունվարի 9-ին Ա.Համբարձումյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին8,
- Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով Ա.Համբարձումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-259-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության համար 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու հարցին, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանին բավարար տեղեկություններ չեն ներկայացվել այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Ա.Համբարձումյանը գտնվել է հետախուզման մեջ, և գտել է, որ վերջինս Համաներման մասին օրենքի կիրառմամբ ենթակա է պատժից ազատման9,
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճիռը, իր հերթին փաստել է, որ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված սահմանափակումն Ա.Համբարձումյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ վարույթի նյութերից պարզվում է, որ վերջինս 2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ չի գտնվել10։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.2-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված սահմանափակումն Ա.Համբարձումյանի նկատմամբ կիրառելի չլինելու և վերջինիս Համաներման մասին օրենքի հիման վրա պատժից ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։ Այսպես՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա.Համբարձումյանը 2018 թվականի հունվարի 9-ից գտնվել է հետախուզման մեջ և մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին չի ներկայացել քրեական հետապնդման մարմիններ, այլ իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հունվարի 9-ին բերման է ենթարկվել։ Այլ կերպ՝ Ա.Համբարձումյանը մինչև Համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելը, այն է՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 6-ը, գտնվել է հետախուզման մեջ և մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին չի ներկայացել քրեական հետապնդման մարմիններ, ինչը բացառում է վերջինիս նկատմամբ Համաներման մասին օրենքի քննարկվող իրավակարգավորմամբ սահմանված բացառության կիրառման հնարավորությունը։
16.1. Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն դատողությանը, որ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով սահմանված սահմանափակումն Ա.Համբարձումյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ վերջինս 2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ չի գտնվել, ապա այս առումով Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ տվյալ դեպքում էականը ոչ թե վերջինիս՝ 2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ գտնվելու կամ չգտնվելու հանգամանքն է, այլ այն, որ նա մինչև Համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելը գտնվել է հետախուզման մեջ և մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին չի ներկայացել քրեական հետապնդման մարմին11։
Ավելին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների մոտեցումն ընդունելի համարելու պարագայում ստացվում է, որ բոլոր այն անձինք, որոնք մինչև Համաներման մասին օրենքն ուժի մեջ մտնելը գտնվել են հետախուզման մեջ, կամովին չեն ներկայացել քրեական հետապնդման մարմիններ և մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ հայտնաբերվել և բերման են ենթարկվել իրավապահ մարմինների կողմից իրենց լիազորությունների իրականացման շրջանակներում, պետք է Համաներման մասին օրենքի հիման վրա ազատվեն քրեական պատասխանատվությունից և պատժից, որպիսի մոտեցումն ակնհայտ է, որ չի բխի Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետի կարգավորման էությունից և կհակասի համաներման ինստիտուտի տրամաբանությանը:
17. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արսեն Համբարձումյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման արգելքի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, Ա.Համբարձումյանին Համաներման մասին օրենքի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից ազատելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել են «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել նույն օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման։ Ուստի անհրաժեշտ է Ա.Համբարձումյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժից ազատելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. Ա.Համբարձումյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժից ազատելը պետք է վերացնել և թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Ա.Համբարձումյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ և 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արսեն Դավթի Համբարձումյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հուլիսի 30-ի որոշումը փոփոխել։ Արսեն Դավթի Համբարձումյանի նկատմամբ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-259-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված պատժից ազատելը վերացնել և վերջնական թողնել կրելու նրա նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը։
Պատժի կրման սկիզբը հաշվել Արսեն Դավթի Համբարձումյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 96:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 245:
3 Տե՛ս վարույթի նյութեր , հատոր 6-րդ, թերթեր 119-120:
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6-րդ, թերթեր 125-126:
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 85-86:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Գարիկ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ՏԴ/0088/01/11, Լևոն Խոստիկյանի և Արտյոմ Ալեքսանյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԿԴ/0046/01/14, Արիգ Տիգրանյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0501/01/18, Գրիշա Նավասարդյանի գործով 2021 թվականի մայիսի 14-ի թիվ ՏԴ/0024/01/18 որոշումները:
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: