ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ1/0074/01/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.02.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2026

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Տ. Ոսկանյան

ԵԴ1/0074/01/23

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

 

նախագահող դատավոր՝  Լ. Ալավերդյան

դատավորներ՝

 Գ. Հովհաննիսյան

 

 Կ. Հովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ. ԹԱԴևոՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

13 փետրվարի 2026 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի հունվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է թիվ 14110823 քրեական վարույթը:

2023 թվականի հունվարի 17-ին Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցը ձերբակալվել է:

2023 թվականի հունվարի 18-ին Էրիկ Տեր-Օհանյանցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 19-ի որոշմամբ մեղադրյալ Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշմամբ մեղադրյալ Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ բացակայելու արգելքը:

2023 թվականի ապրիլի 26-ին Է.Տեր-Օհանյանցի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2024 թվականի հունիսի 17-ի դատավճռով Էրիկ Տեր-Օհանյանցը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ՝ Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ նշանակված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը հաշվակցվել է նրա՝ արգելանքի տակ պահվելու 3 (երեք) օրը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով: Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը թողնվել է անփոփոխ: Վճռվել է նաև իրեղեն ապացույց ճանաչված՝ 65.000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերադարձնել տուժող Գագիկ Սարգսյանին:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հոկտեմբերի 8-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունիսի 17-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի հունվարի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները ինչպես Էրիկ Տեր-Օհանյանցի արարքի որակման, այնպես էլ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։

6. Բողոքի հեղինակը գտել է, որ Է.Տեր-Օհանյանցի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով, այլ ոչ թե նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով որակելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումներն իրավաչափ չեն:

Բողոքաբերը փաստարկել է, որ Է.Տեր-Օհանյանցին վերագրվող արարքը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայի գործադրմամբ կատարված լինելու հանգամանքն ապացուցված չլինելու մասին ստորադաս դատարանների հետևություններն անհիմն են: Ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն արժանացրել տուժող Գագիկ Սարգսյանի հայտնած այն տվյալները, որ սալիկապատ սանհանգույցի ներսում է տեղի ունեցել միջադեպը, ինքը սանհանգույցում քար չի տեսել, եթե քար լիներ, ինքը դեն կնետեր, Էրիկ Տեր-Օհանյանցը ձեռքին եղած քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր գլխի շրջանին՝ միաժամանակ պահանջելով իր մոտի եղած գումարը, ապա իր գրպանից հանել է գումարը և հեռացել: Տուժողը հայտնել է նաև, որ իրեն հրել-գցելը և քարով հարվածելը միանգամից է եղել, ուստի քարը նախօրոք եղել է Էրիկի մոտ:

Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները գնահատման չեն արժանացրել այն իրողությունը, որ Է.Տեր-Օհանյանցը նախապես ծագած դիտավորությամբ իր հետ վերցրել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկա հանդիսացող քար և դրանով նախօրոք պլանավորել է վնաս պատճառել տուժողին ու հափշտակել նրա մոտ առկա գումարը: Ստորադաս դատարաններն արժանահավատ են համարել Է.Տեր-Օհանյանցի տված հակասական ցուցմունքն այն մասին, որ ինքը հիշյալ հանցագործության գործիք քարը վերցրել է դեպքի վայրից: Մինչդեռ, դատաքննությամբ հերքվել է դեպքի վայրում՝ սալիկապատված սանհանգույցում, քարի առկայության հանգամանքը:

Ըստ բողոքաբերի՝ դեպքի վայրում քարերի բացակայության հանգամանքը ողջամտորեն հիմնավորում է մեղադրյալի կողմից հանցագործության գործիք հանդիսացող քարն իր հետ նախօրոք վերցնելու և այն մարմնական վնասվածք պատճառելու նպատակով օգտագործելու դիտավորության առկայությունը:

Բողոքաբերը գտել է, որ վերը շարադրված հանգամանքները հնարավորություն են տալիս փաստելու, որ հայտնաբերված քարը հանդիսացել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկա, քանի որ «նախապես» բառը հարկավոր է դիտարկել կոնկրետ արարքի օբյեկտիվ կողմը սկսելուց առաջ ընկած ժամանակահատվածի կտրվածքով, ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ առարկան պատրաստելու կամ հարմարեցնելու և մարմնական վնասվածք պատճառելու պահերի միջև ժամանակային տևական խզման առկայությունը: Այս հարցում էական է այն հանգամանքը, որ հանցավորը մինչև արարքի օբյեկտիվ կողմը սկսելը պետք է կատարած լինի գործողություն, որն ուղղված կլինի առարկայի կամ միջոցի հարմարեցմանը, այդ թվում՝ առարկան կարող է վերցվել նաև անմիջականորեն դեպքի վայրից և անմիջապես հարմարեցվել պլանավորված արարքի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների կատարմանը:

7. Անդրադառնալով Էրիկ Տեր-Օհանյանցի նկատմամբ նշանակված պատիժը պայմանակորեն չկիրառելու առնչությամբ ստորադաս դատարանների եզրահանգումներին՝ բողոքաբերը դրանք նույնպես հիմնազուրկ է համարել:

Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարաններն Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի են առել մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, տուժողի դիրքորոշումը, սակայն անթույլատրելիորեն անտեսել են կատարված արարքի բնույթը և հանրային վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև հանցագործության կատարման եղանակը:

Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները բավարար իրավական վերլուծության չեն ենթարկել արարքի արդյունքում խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, մասնավորապես այն, որ մեղադրյալը ոտնձգել է մարդու սեփականության իրավունքի, կյանքի և առողջության իրավունքների պաշտպանության դեմ, ինչպես նաև հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը նախապես պլանավորել է նշված արարքի կատարումը և գործել է ուղղակի դիտավորությամբ:

7.1. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ հանցագործությամբ պատճառված վնասը չի հատուցվել:

7.2. Ըստ բողոքաբերի՝ ակնհայտ է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված հանգամանքները բավարար չեն կարող համարվել մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար։ Ըստ այդմ, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, այդ թվում՝ ամուսնացած լինելը, խնամքին անչափահաս երեխայի առկայությունը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, դրական բնութագրվելն ինքնին չեն կարող ողջամտորեն նվազեցնել Է.Տեր-Օհանյանցի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և հիմք հանդիսանալ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը բեկանել և գործը վերադարձնել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Էրիկ Տեր-Օհանյանցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա «2023 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, (...) Երևան քաղաքի ******* հասցեում գործող «***** ***» բենզալցակայանի սանհանգույցից օգտվելու պատրվակով, ****** ******-ի ********-ից վերցրել է դրա բանալին և շուրջ 30 րոպե գտնվել է նշված վայրում: Այնուհետև, ****** ******-ի ********-ը գնացել է պարզելու նրա՝ սանհանգույցում այդքան ժամանակ գտնվելու պատճառը, որտեղ վերջինս հայտնել է, որ վատ է զգում և խնդրել է օգնել իրեն, որից հետո Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցը անսպասելի կերպով ****** *********-ին հրելով գցել է գետնին և իր մոտ գտնվող՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայով՝ քարով, բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, պահանջելով նրա մոտ եղած գումարը, այնուհետև, Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցը ******* ********-ի տաբատի գրպանից հանելու եղանակով հափշտակել է 65.000 ՀՀ դրամ գումարը և դիմել փախուստի»1։

10. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) [Օ]րենսդրի կողմից ավազակության նշված որակյալ տեսակի սահմանումը պայմանավորված է դրա օբյեկտիվ կողմի դրսևորման առավել բարձր հանրային վտանգավորությամբ, ինչն արտահայտվում է անձի առողջության նկատմամբ առավել ինտենսիվորեն ներազդող միջոցի՝ գործիքի/ների կիրառելիությամբ: Սակայն, ավազակության որակյալ տվյալ տեսակի շրջանակներում ենթակա են դիտարկման, ոչ թե մարմնական վնասվածք պատճառելու հնարավորություն ունեցող բոլոր առարկաները, այլ միայն նրանք, որոնք նախապես պատրաստված կամ հարմարեցված են եղել մարմնական վնասվածք պատճառելու համար, ինչպես նաև զենքը: Անդրադառնալով մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կիրառելիությանը՝ Դատարանն արձանագրում է, որ հոդվածի դիսպոզիցիայում օգտագործվող նախապես եզրույթի ներքո անհրաժեշտ է դիտարկել նախքան մեղսագրվող արարքի օբյեկտիվ կողմի մեկնարկը՝ մինչև հանցավոր իրադրության առաջացումը գոյություն ունեցող իրավիճակը: Այլ խոսքով, այն գործիքները, որոնք մարմնական վնասվածք պատճառելու համար պատրաստվել կամ հարմարեցվել են հենց դեպքի պահին, այլ ոչ թե՝ նախապես, քննարկվող որակյալ տարատեսակի առարկա հանդիսանալ չեն կարող:

(...) [Գ]նահատելով Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցի արարքում՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկայի՝ նախապես հարմարեցված լինելու և ըստ այդմ ավազակության որակյալ հանցակազմի առկայության հարցը, Դատարանն արձանագրում է, որ քրեական գործով հաստատված հանգամանքներին ճիշտ քրեաիրավական գնահատական չի տրվել և Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցին մեղսագրվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայի գործադրմամբ ավազակության հանցակազմը, մինչդեռ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով ողջամիտ կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հիմնավորվում մեղադրյալի մեղքը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկայի նախապես հարմարեցված լինելու հանգամանքի մեջ: Այդ մասին կարելի է ենթադրություն անել, կարծիք հայտնել, վարկած առաջադրել, սակայն արժանահավատորեն համարել ապացուցված, որպեսզի կասկած չմնա, հնարավոր չէ:

Դատարանի հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես մեղադրական եզրակացության, այնպես էլ հիմնական դատալսումների ընթացքում հանրային մեղադրողի կողմից հայտնած կարծիքից, եզրափակիչ ելույթից պարզ է դառնում, որ վերոգրյալ վարկածը, կարծիքը էապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դեպքի վայրի զննությամբ այլ քարեր չեն հայտնաբերվել:

Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը դատարանում ցուցմունքներ տալուց հայտնել է, որ երեխայի և կնոջ առողջական խնդիրներով պայմանավորված որոշել է հանցանք կատարել՝ նրանց դեղորայքի հարցը լուծելու նպատակով, որպիսի հանգամանքով պայմանավորված, սանհանգույցում գտնվելիս, ներս է մտել տուժող ******* ********-ը, ում քաշքշելու ընթացքում, վերջինիս գցել է գետնին, հարվածել, վերցրել գումարը, և դիմել փախուստի: Նախապես չի պլանավորել, որ տուժողը կգա սանհանգույց: Եթե չգար տուժողը, պետք է դուրս գար և գնար: Տրամադրված որևէ բան իր հետ չի վերցրել, ինքը քարը նախապես չի վերցրել և իր մոտ չի պահել՝ հանցանք կատարելու համար: (...) Ավելին՝ տուժող ******* ********-ը դատարանում ցուցմունքներ տալուց հայտնել է, որ սանհանգույցի ներսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում չի բացառում և ոչ էլ հաստատում այն հանգամանքը, որ այնտեղ կարող էր քար լիներ և որ մեղադրյալը կարող էր այնտեղից վերցրած լիներ: Նա չի տեսել քարը, այլ անմիջականորեն զգացել է քարի հարվածը: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ սանհանգույց մտնելու համար տուժողից թույլտվություն ստանալիս տուժողը մեղադրյալի մոտ, ձեռքին որևէ առարկա չի նկատել: Վերոգրյալը առավել հավանական է դարձնում այն վարկածը, որ մեղադրյալը քարը վերցրել է սանհանգույցից՝ միջադեպի պահին:

Դատարանը գտնում է, որ դատաքննության ընթացքում մեղադրյալի կողմից ի պաշտպանություն բերված նշված փաստարկները չեն հերքվել սույն քրեական գործում առկա որևէ այլ ապացույցներով, ավելին՝ տուժողի կողմից հայտնած փաստական տվյալների համատեքստում, Դատարանն արձանագրում է, որ որպես մեղադրյալի մոտ գտնված՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկայի նախապես հարմարեցված լինելու հանգամանք՝ հայտնաբերված քարը, ինքնըստինքյան նախապես հարմարեցված լինելու անվիճելի ապացույց չի կարող հանդիսանալ և պետք է գնահատվի միայն մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկայի նախապես հարմարեցված լինելու հանգամանքի մասին վկայող այլ տեղեկությունների հետ համակցության մեջ, որպիսիք սույն քրեական գործով բավարար չափով առկա չեն և նոր ապացույցներ հավաքելու հնարավորությունները սպառվել են:

Ինչ վերաբերվում է նրան, որ դեպքի վայրի զննությամբ սանհանգույցում այլ քարեր չեն հայտնաբերվել, ապա Դատարանն արձանագրում է, որ տվյալ հանգամանքը ինքնին չի բացառում մեղադրյալի կողմից ի պաշտպանություն իրեն բերված փաստարկը, որ քարը նախապես հարմարեցված չի եղել և վերցվել է միջադեպի ժամանակ՝ սանհանգույցից:

Այսպիսով, Դատարանը (...) գտնում է, որ պետք է փոխել մեղադրյալին վերագրվող արարքին տրված իրավական գնահատականը, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նրան մեղսագրված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով: (...)

Դատարանը հաստատված համարելով հանցագործության և դրա կատարման մեջ Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցի մեղքի ապացուցված լինելը, գտնում է, որ նա ենթակա է պատժի կատարած հանցանքի համար:

(...) [Գ]նահատելով մեղադրյալ Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը՝ Դատարանը հանգում է այն հետևության, որ Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով՝ 3 (երեք) տարի ժամկետով: (...)

Մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալներ գործով ձեռք չեն բերվել:

(...) [Ք]ննության առնելով Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարցը, Դատարանը բացահայտելով Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը, հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, մեղքի ձևը և տեսակը, հանցագործության նպատակը և շարժառիթը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ինչպես նաև՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքի առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ մեղադրյալ Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու և այդ կերպ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին (...):

Պատիժը պայմանականորեն չկիրառելու համատեքստում էական նշանակություն ունի այն, որ Դատարանի մոտ համոզմունք է ձևավորվել, որ մեղադրյալ Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցը գիտակցել է կատարածի հանրային վտանգավորության աստիճանը, կատարած արարքի բացասական հետևանքները, որպիսի պայմաններում պատժի նպատակների իրացվելիության տեսանկյունից ռեալ ձևով պատիժ կրելը առավել քան աննպատակահարմար է սույն դեպքում: Իսկ պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու և պարտականություններ դնելու պայմաններում հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը:

Դատարանի համար գնահատման է արժանի նաև այն հանգամանքը, որ Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցը նախկինում դատապարտված չի եղել, ըստ էության մեղքն ընդունել է, ամուսնացած է, խնամքին ունի անչափահաս երեխա, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ՝ դրանով իսկ աջակցելով նախաքննությանը, ունի մշտական աշխատանք, բնութագրվում է դրական: Պատիժը պայմանականորեն չկիրառելու համատեքստում Դատարանը, մասնավորապես, հաշվի է առնում նաև այն, որ մեղադրյալը տուժողին պատճառված առողջական վնասի հատուցումը կատարել է, հոգացել է տուժողի՝ անաշխատունակության մեջ գտնվելու ընթացքում չստացված եկամուտի հարցը, տուժողը բողոք և պահանջ չունի: (...)»2:

11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից քրեական գործով հաստատված հանգամանքներին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական՝ Է.Տեր-Օհանյանցին ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղսագրված արարքը վերաորակելով նույն օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը. նշյալ ծանրացնող հանգամանքի առկայությունը փաստելու համար անհրաժեշտ է գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորել, որ մարմնական վնասվածք պատճառելու համար առարկան կամ միջոցը նախապես հարմարեցվել է այդ նպատակի համար։ Այսինքն, յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հիմնավորել, որ հանցավորը տվյալ առարկան կամ միջոցը նախապես հարմարեցրել է մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու համար։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ «նախապես» եզրույթը անհրաժեշտ է դիտարկել արարքի օբյեկտիվ կողմը սկսելուց առաջ ընկած ժամանակահատվածի համար, ընդ որում՝ պարտադիր չէ ժամանակային տևական խզումը։ Այստեղ էական է այն, որ հանցավորը մինչև արարքի օբյեկտիվ կողմը սկսելը կատարում է որևէ գործողություն/գործողություններ, որոնք ուղղված են առարկայի կամ միջոցի հարմարեցմանը։ Նշյալի լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ դեպքի վայրից վերցված առարկայի կամ միջոցի (թեկուզև այն օժտված լինի մարմնական վնասվածք պատճառելու հնարավորությամբ) գործադրումը չի կարող որակվել վայակոչված ծանրացնող հանգամանքով։ Անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական գործով առկա չէ ապացույցների այնպիսի համակցություն, որով կհիմնավորվեր, որ Էրիկ Տեր-Օհանյանցը քարը նախապես վերցրել է իր հետ, այլ կերպ ասած՝ նախապես հարմարեցրել է՝ դրանով մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու համար։

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պատշաճ իրավական վերլուծության է ենթարկել գործի կոնկրետ հանգամանքները, հաշվի առել պատիժը մեղմացնող հանգամանքները (կատարվածում իրեն մեղավոր ճանաչելը և զղջալը, խնամքին անչափահաս երեխայի առկայությունը), ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող հանգամանքները (դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը), տուժողի դիրքորոշումը, արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցում եկել է ճիշտ եզրահանգման։

Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ վերը նշված հանգամանքների ամբողջական վերլուծությունը բավարար հիմք է տալիս հետևություն անելու մեղադրյալ Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ նշանակված պատժատեսակի արդարացիության և առանց այդ պատիժը նրա կողմից ռեալ (իրական) կրելու սույն գործով պատժի նպատակների իրացվելիության ապահովմանը հասնելու հնարավորության մասին: (...)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

I. Էրիկ Տեր-Օհանյանցին վերագրվող արարքի իրավական որակումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք Էրիկ Տեր-Օհանյանցի արարքում ավազակության հանցակազմի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ավազակությունը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված հափշտակությունը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Ավազակությունը, որը կատարվել է՝

(...)

5) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,

(...)

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: (...)»:

14. Վճռաբեկ դատարանը, Ռուստամ Շավալյանի որոշմամբ անդրադառնալով անձի արարքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի առկայությանը, փաստել է, որ որակյալ է համարվում ոչ թե առարկայի կամ միջոցի պարզապես օգտագործումը, այլ մարմնական վնասվածք պատճառելու համար որոշակի նախապատրաստական գործողությունների իրականացումը, այն է՝ առարկան կամ միջոցը նախապես պատրաստելը կամ հարմարեցնելը։ Այլ կերպ՝ արարքը քննարկվող ծանրացնող հանգամանքով որակելու համար, անհրաժեշտ է նախևառաջ ուշադրություն դարձնել հանցավորի սուբյեկտիվ ընկալմանը և վերջինիս կողմից օբյեկտիվորեն իրականացված գործողությունների բնույթին։ 

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերոնշյալ որակյալ հանգամանքն անձին մեղսագրելու համար, կարևոր է, որ վերջինս մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես որոշակի ակտիվ գործողություններ իրականացնի, այն է՝ պատրաստի կամ հարմարեցնի համապատասխան առարկան կամ միջոցը։ Հաշվի առնելով «պատրաստել» կամ «հարմարեցնել» արտահայտությունների լեզվաբացատրական նշանակությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ առկա դոկտրինալ մեկնաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առարկան կամ միջոցը պատրաստել ասելով պետք է հասկանալ ցանկացած գործողություն, որի արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու համար պատրաստի առարկա կամ միջոց է ստացվում կամ ստեղծվում։ Ինչ վերաբերում է առարկան կամ միջոցը հարմարեցնելուն, ապա այն ենթադրում է հանցավորի կողմից արդեն իսկ գոյություն ունեցող առարկայի կամ միջոցի նկատմամբ որևէ ներգործության իրականացում՝ լրիվ կամ մասնակի կառուցվածքային փոփոխության ենթարկում, կարգավորում կամ ձևափոխում, որպեսզի դրանք առավել արդյունավետ կամ հարմար լինեն օգտագործման համար (օրինակ՝ մետաղյա ձողը կամ խոհանոցային դանակը սրելը, մետաղական մալուխը ընդհանուր զանգվածից կտրելով առանձնացնելը և այլն)4։

15. Վերահաստատելով Ռուստամ Շավալյանի գործով կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ ավազակության որակյալ տեսակն անձին մեղսագրելու համար անհրաժեշտ է հաստատված համարել, որ ավազակությունը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։

16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Էրիկ Տեր-Օհանյանցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով այն բանի համար, որ նա, ***** ********-ին հրելով գցել է գետնին և իր մոտ գտնվող՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայով՝ քարով, բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին՝ պահանջելով նրա մոտ եղած գումարը, այնուհետև ******* ********-ի տաբատի գրպանից հանելով հափշտակել է 65.000 ՀՀ դրամ գումարը և դիմել փախուստի5,

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Էրիկ Տեր-Օհանյանցին վերագրվող արարքին տրված իրավական գնահատականը պետք է փոխել, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նրան մեղսագրված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանն արձանագրել է, որ ավազակության որակյալ տվյալ տեսակի շրջանակներում դիտարկման են ենթակա ոչ թե մարմնական վնասվածք պատճառելու հնարավորություն ունեցող բոլոր առարկաները, այլ միայն նրանք, որոնք նախապես պատրաստված կամ հարմարեցված են եղել մարմնական վնասվածք պատճառելու համար, ինչպես նաև զենքը: Դատարանն արձանագրել է, որ հոդվածի դիսպոզիցիայում օգտագործվող նախապես եզրույթի ներքո անհրաժեշտ է դիտարկել նախքան մեղսագրվող արարքի օբյեկտիվ կողմի մեկնարկը գոյություն ունեցող իրավիճակը: Այլ խոսքով, այն գործիքները, որոնք մարմնական վնասվածք պատճառելու համար պատրաստվել կամ հարմարեցվել են հենց դեպքի պահին, այլ ոչ թե՝ նախապես, քննարկվող որակյալ տարատեսակի առարկա հանդիսանալ չեն կարող: Գնահատելով Է.Տեր-Օհանյանցի արարքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկայի՝ նախապես հարմարեցված լինելու և, ըստ այդմ, ավազակության որակյալ հանցակազմի առկայության հարցը, դատարանն արձանագրել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով ողջամիտ կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հիմնավորվում մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկայի նախապես հարմարեցված լինելու հանգամանքը: Իսկ դեպքի վայրի զննությամբ սանհանգույցում այլ քարեր հայտնաբերված չլինելու առնչությամբ դատարանն արձանագրել է, որ տվյալ հանգամանքն ինքնին չի բացառում մեղադրյալի կողմից ի պաշտպանություն իրեն բերված փաստարկը, որ քարը նախապես հարմարեցված չի եղել և վերցվել է միջադեպի ժամանակ՝ սանհանգույցից6,

- Վերաքննիչ դատարանն իր հերթին ընդգծել է, որ դեպքի վայրից վերցված առարկայի կամ միջոցի գործադրումը չի կարող հիմք հանդիսանալ վերոնշյալ արարքը՝ հիշյալ ծանրացնող հանգամանքի առկայությամբ կատարված լինելը հաստատված համարելու համար։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ քրեական գործով առկա չէ ապացույցների այնպիսի համակցություն, որով կհիմնավորվեր, որ Էրիկ Տեր-Օհանյանցը քարը նախապես վերցրել է իր հետ, այլ կերպ ասած՝ նախապես հարմարեցրել է՝ դրանով մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու համար7:

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 13-15-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն Էրիկ Տեր-Օհանյանցի արարքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայի գործադրմամբ ավազակության ծանրացնող հանգամանքի բացակայության և կատարված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով որակելու հարցում եկել են ճիշտ հետևության, թեև սխալ են մեկնաբանել հիշյալ իրավակարգավորումը։ Մասնավորապես, ստորադաս դատարաններն իրավաչափորեն փաստել են, որ համապատասխան առարկայի կամ միջոցի գործադրման փաստը դեռևս բավարար չէ անձի արարքում ծանրացնող հանգամանքի առկայությունը հավաստելու համար, այլ նաև անհրաժեշտ են տվյալներ առ այն, որ անձն առարկան կամ միջոցը նախապես պատրաստել կամ հարմարեցրել է տվյալ հանցանքը կատարելու համար։

18. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ավազակության հանցակազմի քննարկվող որակյալ տեսակն անձին մեղսագրելու համար անհրաժեշտ է գործում առկա փաստական տվյալներով հաստատված համարել, որ ավազակությունը կատարվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։

Մինչդեռ, սույն գործում առկա չէ որևէ տվյալ առ այն, որ Է.Տեր-Օհանյանցը նախապես պատրաստել կամ հարմարեցրել է համապատասխան առարկան՝ հանցանքը կատարելու համար։

Այդ առումով բողոքաբերի այն փաստարկը, որ գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է մեղադրյալի կողմից հանցագործության գործիք հանդիսացող քարը մարմնական վնասվածք պատճառելու նպատակով իր հետ նախօրոք վերցնելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բավարար չէ մեղադրյալ Է.Տեր-Օհանյանցի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով որակելու համար, քանի որ նշված որակյալ ծանրացնող հանգամանքի ձևակերպումից հետևում է, որ դրա առկայությունը կարելի է փաստել առարկան կամ միջոցը ոչ թե մարմնական վնասվածք պատճառելու նպատակով նախապես վերցնելու, այլ այդ նպատակով կոնկրետ գործողություններ իրականացնելու՝ նախապես պատրաստելու կամ հարմարացնելու դեպքում։ Հակառակ մեկնաբանությունը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, ողջամտորեն կվտանգի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) հանրահայտ սկզբունքը, որից, ի թիվս այլնի, բխում է, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս անձի տարածական մեկնաբանության ենթարկվի։ Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Վերոնշյալ կանոնը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում և իրավունքի գերակայության կարևորագույն տարր է, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղումն անթույլատրելի է8:

19. Այսպիսով, ամփոփելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Էրիկ Տեր-Օհանյանցի արարքում ավազակության հանցակազմի՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի բացակայության և վերջինիս արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով որակելու վերաբերյալ ստորադաս դատարանները հանգել են ճիշտ հետևության, թեև այն սխալ են հիմնավորել։

 

II. Էրիկ Տեր-Օհանյանցի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափությունը.

20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ Էրիկ Տեր-Օհանյանցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

21. Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին Վճռաբեկ դատարանը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում9: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:

22. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվորեն գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա10` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն11:

23. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ավազակության վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը:

Առանց վերը թվարկված համգամանքների գնահատման՝ ավազակության վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի մասին։ Արդյունքում, նշանակված պատժով չի ապահովվի կատարած արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները:

24. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Էրիկ Տեր-Օհանյանցը ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկում է նշանակվել այն արարքի համար, որ վերջինս 2023 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի ************ հասցեում գործող «********» բենզալցակայանի սանհանգույցում բենզին լիցքավորող ********* *********-ին հրելով գցել է գետնին, քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին՝ պահանջելով նրա մոտ եղած գումարը, այնուհետև ******* *********-ի տաբատի գրպանից հանելու եղանակով հափշտակել է 65.000 ՀՀ դրամ գումարը և դիմել փախուստի12,

- Անդրադառնալով Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ բացահայտելով Է.Տեր-Օհանյանցի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը, հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, մեղքի ձևը և տեսակը, հանցագործության նպատակը և շարժառիթը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ինչպես նաև՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ մեղադրյալ Էրիկ Տեր-Օհանյանցի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու և այդ կերպ հնարավոր է հասնել պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը: Դատարանը նաև նշել է, որ իր մոտ համոզմունք է ձևավորվել, որ մեղադրյալ Է.Տեր-Օհանյանցը գիտակցել է կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, բացասական հետևանքները, որպիսի պայմաններում պատժի նպատակների իրացվելիության տեսանկյունից ռեալ ձևով պատիժ կրելը առավել քան աննպատակահարմար է սույն դեպքում: Իսկ պատիժը պայմանականորեն չկիրառելու, փորձաշրջան սահմանելու և պարտականություններ դնելու պայմաններում հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը: Դատարանը նշել է, որ իր համար գնահատման է արժանի նաև այն հանգամանքը, որ Է.Տեր-Օհանյանցը նախկինում դատապարտված չի եղել, ըստ էության մեղքն ընդունել է, ամուսնացած է, խնամքին ունի անչափահաս երեխա, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ՝ դրանով իսկ աջակցելով նախաքննությանը, ունի մշտական աշխատանք, բնութագրվում է դրական: Դատարանը նշել է նաև, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու համատեքստում հաշվի է առնում նաև այն, որ մեղադրյալը կատարել է տուժողին պատճառված առողջական վնասի հատուցում, հոգացել է տուժողի՝ անաշխատունակության մեջ գտնվելու ընթացքում չստացված եկամուտի հարցը, տուժողը բողոք և պահանջ չունի13,

- Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ ստորադաս դատարանը մեղադրյալ Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պատշաճ իրավական վերլուծության է ենթարկել գործի կոնկրետ հանգամանքները, հաշվի է առել պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող հանգամանքները, տուժողի դիրքորոշումը, արդյունքում պատժի նպատակների իրացվելիության հարցում եկել է ճիշտ եզրահանգման։ Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ վերը նշված հանգամանքների ամբողջական վերլուծությունը բավարար հիմք է տալիս հետևություն անելու մեղադրյալ Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ նշանակված պատժատեսակի արդարացիության և առանց այդ պատիժը նրա կողմից ռեալ (իրական) կրելու սույն գործով պատժի նպատակների իրացվելիության ապահովմանը հասնելու հնարավորության մասին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ փաստացի չկրելու նպատակահարմարության հարցում ստորադաս դատարանը թույլ չի տվել դատական սխալ14:

25. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 22-23-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես.

- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ավազակությունը՝ հափշտակության հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանով օժտված տեսակն է, որը, ուղղված լինելով սեփականության դեմ, վտանգի տակ է դնում նաև մարդու կյանքն ու առողջությունը,

- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը նախապես պլանավորել է նշված արարքի կատարումը և գործել է ուղղակի դիտավորությամբ, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը, գիտակցել է, որ իր գործողություններով պատճառում է ինչպես գույքային վնաս, այնպես էլ վնաս է հասցնում տուժողի առողջությանը,

- հանրորեն վտանգավոր արարքը քարի գործադրմամբ կատարելը,

- պատճառված հարվածների քանակը, այն, որ տուժողի մոտ եղած գումարին տիրանալու նպատակով մեղադրյալը քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան,

- տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ մեղադրյալը քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։

26. Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի այն փաստարկին, որ հանցագործությամբ պատճառված վնասը չի հատուցվել, որպիսի հանգամանքն էլ համարժեք ուշադրության չի արժանացել ստորադաս դատարանների կողմից15, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի կողմից հիշյալ գումարը ներկայացվել է նախաքննության մարմնին16, ճանաչվել է իրեղեն ապացույց17, իսկ դատավճռով վճռվել է իրեղեն ապացույց ճանաչված 65.000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերադարձնել տուժող ******* ***********-ին:

27. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված՝ մեղադրյալ Է.Տեր-Օհանյանցի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող վերը շարադրված փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Է.Տեր-Օհանյանցի կատարած արարքի և նրա անձի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

28. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար անհրաժեշտ է Է.Տեր-Օհանյանցի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի հունիսի 17-ի դատավճռով նշանակված՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ,  361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի հունիսի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը փոփոխել։

2. Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և Էրիկ Համլետի Տեր-Օհանյանցին թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի հունիսի 17-ի դատավճռով նշանակված՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը։

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 98-99:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 2-32:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 74-87:

4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ռուստամ Շավալյանի գործով 2025 թվականի հուլիսի 11-ի թիվ ԵԴ/1157/01/19 որոշումը, Վահե Բադիկյանի գործով 2025 թվականի նոյեմբերի 21-ի թիվ ԼԴ4/0036/01/23 որոշումը։

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 10-րդ կետերը։

7 Տե՛ս սույն որոշման 3-րդ և 11-րդ կետերը։

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13, Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշումները։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

10 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

12 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

15 Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը։

16 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 149-152:

17 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 169-170։

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: