ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Հ․ Պետրոսյան |
ԱՎԴ1/0035/01/14 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹադևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
27 փետրվարի 2026 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանի պաշտպան Հ.Սարգսյանի բացառիկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 26-ի դատավճռով Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և երկու դրվագ՝ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Հանցանքների և դատավճիռների համակցության կանոններով, Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի ժամկետով՝ մաքսանենգության առարկա գույքի բռնագրավմամբ:
Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թվականի օգոստոսի 16-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 26-ի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին։
2․ Նոր քննության արդյունքներով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռով Ա.Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել. «2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (2 դրվագ) և 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (2 դրվագ) նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ և դատապարտել.
2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով (1-ին դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (1-ին դրվագ) Ա․Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով (2-րդ դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (2-րդ դրվագ) պատիժ նշանակել ազատազրկում 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (1-ին դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (1-ին դրվագ) Ա․Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2-րդ դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (2-րդ դրվագ) պատիժ նշանակել ազատազրկում 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
2003թ. [ապրիլի 18-ին] ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (1-ին դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (1-ին դրվագ) նշանակված ազատազրկում 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով պատժին մասնակիորեն գումարել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ([2-րդ] դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (2-րդ դրվագ) նշանակված ազատազրկում 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով պատժից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով (1-ին դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (1-ին դրվագ) 6 (վեց) տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում պատժից 6 (վեց) ամիս ազատազրկումը, 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով (2-րդ դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին ([2-րդ] դրվագ) 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 12 (տասներկու) տարի ժամկետով, որը նա պետք է կրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Պատժի կրման սկիզբը հաշվել Ա․Մարտիրոսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից»։
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արթուր Նորիկի Խաչատրյանը։
3․ Ա․Մարտիրոսյանի և Ա․Խաչատրյանի պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի նոյեմբերի 27-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ պաշտպան Կ.Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որով վիճարկել է Ա․Մարտիրոսյանի մեղավորությունը՝ խնդրելով առաջադրված մեղադրանքում վերջինիս արդարացնել կամ վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ պաշտպան Կ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
5. 2025 թվականի դեկտեմբերի 3-ին Ա․Մարտիրոսյանի պաշտպան Հ.Սարգսյանի կողմից ներկայացվել է բացառիկ վերանայման վճռաբեկ բողոք, որի հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի հունվարի 5-ի որոշմամբ հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Ըստ բողոքի հեղինակի՝ առկա է հիմնարար խախտման հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու անհրաժեշտություն, քանի որ Ա․Մարտիրոսյանին մեղսագրված երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում, կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ։
Այսպես, բողոքի հեղինակը, վերլուծելով սույն վարույթի փաստական հանգամանքները, արձանագրել է, որ երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքների համար հաշվարկվող տասնամյա վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատվել է մեկ այլ քրեական գործի քննության արդյունքում հաստատված՝ Ա․Մարտիրոսյանի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 11-ին միջին ծանրության նոր հանցանք կատարելու փաստով, ապա լրացել՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին, իսկ այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժ չէր ստացել։ Հետևաբար Ա․Մարտիրոսյանին մեղսագրված երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հետևանքով:
7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բացառիկ վերանայման արդյունքում մասնակիորեն բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշումն ու Ա․Մարտիրոսյանին մեղսագրված երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հետևանքով։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Արմեն Մարտիրոսյանը երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով, երկու դրվագ՝ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչվել այն արարքների համար, որ նա` «(…) [Ն]ախնական հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Ա․Խաչատրյանի հետ՝ իրացման նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից (այսուհետ` ԻԻՀ) թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու ու վերջինիս հետ հանցավոր համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` ՀՀ), զբաղվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ, միաժամանակ նաև կազմակերպելով Ա․Խաչատրյանի կողմից մաքսանենգությամբ տվյալ թմրամիջոցների ներկրումը ՀՀ, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում.
Այսպես.
Ա․Մարտիրոսյանը (մականունը «Մոշ») ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում հեռախոսակապի միջոցով ԻԻՀ-ից իրացնելու նպատակով ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, մաքսանենգությամբ ՀՀ փոխադրելու, ինչպես նաև այն ապօրինի իրացնելու եղանակի և դրանից գոյացած գումարը հավասարապես բաշխելու շուրջ նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի *** ***** *-րդ ******* ** շենքի ** բնակարանի բնակիչ Ա․Խաչատրյանի հետ, որից հետո գործով չպարզված անձի միջոցով Ա․Խաչատրյանին է փոխանցել ուղևորության և թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման ծախսերը հոգալու համար անհրաժեշտ 700 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև, 2013թ. հունիսի 21-ին, Ա․Խաչատրյանը մեկնել է ԻԻՀ Թավրիզ քաղաք, որտեղ չպարզված հանգամանքներում, Ա․Մարտիրոսյանի հետ խմբի կազմով ունեցած հանցավոր համաձայնության շրջանակներում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի' 100 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, ապա այն 2013թ. հունիսի 22-ին, մաքսանենգությամբ, մաքսային հսկողությունից հագուստների գրպաններում թաքցնելով, Մեղրիի մաքսակետով ապօրինի փոխադրել է ՀՀ: Ա․Մարտիրոսյանի հետ ձեռք բերած նախնական հանցավոր համաձայնությամբ, Ա․Խաչատրյանը նշված թմրամիջոցից մոտ 55 գրամն իրացրել է Ա․Մարտիրոսյանի կողմից ուղարկած անձանց, նրա կողմից մատնանշած եղանակով` լուցկու տուփերի մեջ փաթեթավորելուց հետո նախապես պայմանավորված վայրերում թաքցնելով, ովքեր վճարումը կատարել են Ա․Մարտիրոսյանի մշակած եղանակով` Երևանում և ՀՀ տարբեր մարզերում տեղակայված «Թելլ Սելլ» կամ «Տանդեմ Փեյմինտս» վճարային համակարգերի տերմինալներով նրա ծանոթ տաքսու վարորդ Գ․Սիմոնյանի միջոցով, վերջինիս անվամբ «Վիվառո Բեթթինգ» ՍՊ ընկերության գրասենյակում խաղադրույքներ կատարելու համար բացված և իր անձնական տնօրինության տակ գտնվող թիվ ******* հաշվեհամարին գումարները մուտքագրելով: Գ․Սիմոնյանն իր հերթին, թմրամիջոցի ապօրինի իրացումից գոյացած գումարները կանխիկ ստացել է հիշյալ բուքմեյքերական կետի դրամարկղից և Ա․Մարտիրոսյանի ցուցումով փոխանցել Ա․Խաչատրյանին ու իր կողմից մատնանշած, ինքնությունները չպարզված այլ անձանց, ինչի արդյունքում հանցավոր խմբի անդամներն Ա․Մարտիրոսյանն ու Ա․Խաչատրյանը հիշյալ գումարները տնօրինել են նախապես ունեցած պայմանավորվածության շրջանակներում հավասարապես բաշխելու միջոցով:
Շարունակելով իր հանցավոր գործունեությունը, Ա․Մարտիրոսյանը, գործով ինքնությունը չպարզված անձի միջոցով Ա․Խաչատրյանին է փոխանցել իրացման նպատակով թմրամիջոցի երկրորդ խմբաքանակի ապօրինի ձեռք բերման համար նախատեսված 1000 ԱՄՆ դոլար, որից հետո, Ա․Խաչատրյանը 2013թ. հոկտեմբերի 31-ին մեկնել է ԻԻՀ Թավրիզ քաղաք, որտեղ ինքնությունը չպարզված անձից նշված գումարով, իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի' 198,621 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որը մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից գրպանում թաքցնելով, նույն օրը Մեղրիի մաքսակետով փոխադրել է ՀՀ: 2013 թվականի նոյեմբերի 1-ին, Երևան գալու ճանապարհին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ, Ա․Խաչատրյանը բռնվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի մարզի Մեծամորի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի աջ ծոցագրպանում թաքցված մուգ շագանակագույն տոպրակից հայտնաբերվել է ապօրինի իրացման նպատակով իր մոտ պահվող առանձնապես խոշոր չափերով 198,621 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը:
Նույն օրը, Ա․Խաչատրյանը ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել նաև իր բնակարանի նկուղում թաքցրած, ապօրինի իրացման նպատակով ներկրված նախորդ խմբաքանակից մնացած 45,015 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը: (…)»1:
9. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Ա․Մարտիրոսյանը կատարել է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (2 դրվագ) և 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին (2 դրվագ) նախատեսված հանցագործություններ, (․․․) և վերջին[ս] ենթակա [է] քրեական պատասխանատվության և պատժի, (…)»2։
10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) [Ա]ռաջադրված մեղադրանքի կապակցությամբ գործով ձեռք բերված և դատալսումների ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները բավարար են, (․․․) [Ա․Մարտիրոսյանին] մեղսագրված հանցավոր արարքների փաստական հանգամանքները հաստատված համարելու համար, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, և վերջին[իս] այդ հանցագործությանների կատարման մեջ մեղավոր ճանաչելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար: (…)»3։
11․ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թվականի մայիսի 16-ի դատավճռով Ա․Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար, որ նա, 2013 թվականի դեկտեմբերի 11-ին, ոստիկանության աշխատակիցների կողմից կալանավորների փոխադրման համար նախատեսված ավտոմեքենայից դեպի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղեկցվելու ժամանակ, ազատվելով ոստիկանության աշխատակիցների հսկողությունից` վազելով փորձել է դիմել փախուստի4։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատաքննության ընթացքում թույլ է տրվել հիմնարար խախտում։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներում կրկին դատվի կամ պատժվի այն արարքի համար, որի համար նա օրինական ուժի մեջ մտած դատավճռով արդարացվել կամ դատապարտվել է:
(…)
3. Անձի վիճակի բարելավման պահանջով վարույթը եզրափակող ակտի վերանայումը կրկին դատվել չէ (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝
(…)
2) հիմնարար խախտման հիմքով վարույթը.
(…)
2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը (…)․
(…)
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «2. Հիմնարար խախտման հիմքով բողոք կարող է բերվել միայն հօգուտ տվյալ մեղադրյալի՝ հետևյալ հիմքերով․
1) քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից»:
13.1. Քրեադատավարական նախկին նորմերի համատեքստում անդրադառնալով «հիմնարար խախտման» բնույթին՝ Վճռաբեկ դատարանը Մկրտիչ Սարգսյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ վերջինս ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին5:
13.2. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ` ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: (...) [Ա]ռերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»6:
13.3. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը դատական ակտերի բացառիկ վերանայման կառուցակարգի շրջանակներում որպես դրա տեսակ նախատեսել է նաև հիմնարար խախտման հիմքով վարույթը, որի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ ի տարբերություն վերանայման այլ կառուցակարգերի, բացառիկ վերանայման վարույթով հիմնարար խախտման հիմքով բողոքարկման դեպքում առկա է ասիմետրիա՝ ի շահ մեղադրյալի, քանի որ հիմնարար խախտման հիմքով բողոք կարող է բերվել միայն հօգուտ մեղադրյալի:
Անդրադառնալով հիմնարար խախտման հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի, ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է հիմնարար խախտման հիմքով բողոք բերելու սպառիչ հիմքեր, որոնցից մեկն էլ հանդիսանում է քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում մեղադրական դատավճռի կայացված և օրինական ուժի մեջ մտած լինելը:
14․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից. (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:»:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն ` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից..
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)։
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից: (…)»։
Մինչև 2016 թվականի մայիսի 16-ը գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, (․․․) մաքսանենգությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»:
15․ Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։
16․ Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատաքննության արդյունքում Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել Ա․Մարտիրոսյանի կողմից իրեն մեղսագրված երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով, երկու դրվագ՝ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելը7, և համաձայն մեղադրանքի փաստական նկարագրի՝ Ա․Մարտիրոսյանին մեղսագրված վերջին արարքն ավարտվել է 2013 թվականի նոյեմբերի 1-ին8։ Մինչև երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքների համար հաշվարկվող վաղեմության ժամկետներն անցնելն Ա․Մարտիրոսյանը, 2013 թվականի դեկտեմբերի 11-ին, կատարել է վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատող՝ միջին ծանրության դիտավորյալ նոր հանցանք9, որպիսի պայմաններում, Ա․Մարտիրոսյանին երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման 2013 թվականի դեկտեմբերի 11-ից10։
Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Ա․Մարտիրոսյանին երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքների՝ որպես ծանր հանցանքների համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու տասնամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել11, ուստի նրա նկատմամբ երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա․Մարտիրոսյանին մեղսագրված երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում այդ մեղադրանքով կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ։
17․ Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմնարար խախտում։ Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, անհրաժեշտ է Ա․Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 28-ի որոշումը վերանայել, ստորադաս դատարանների դատական ակտերը մասնակիորեն բեկանել, երկու դրվագ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով Ա․Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հետևանքով։ Նկատի ունենալով, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա․Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանն Առաջին ատյանի դատարանը մասնակիորեն գումարել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիսը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցանքների համակցության կանոններով Ա․Մարտիրոսյանին պետք է թողնել կրելու ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 162-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 401-403-րդ և 407-408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանի պաշտպան Հ.Սարգսյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 28-ի որոշումը հիմնարար խախտման հիմքով վերանայել։
2. Բացառիկ վերանայման արդյունքում Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը մասնակիորեն բեկանել։
3. Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանի նկատմամբ երկու դրվագ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հետևանքով։
4․ Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանին թողնել կրելու երկու դրվագ՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանցանքների համակցության կանոններով նշանակված ազատազրկումը՝ 11 (տասնմեկ) տարի ժամկետով։
Պատժի կրման սկիզբը հաշվել Արմեն Վարդգեսի Մարտիրոսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 25, թերթեր 1-99։
2 Տե՛ս նույն տեղում:
3 Տե'ս քրեական գործ, հատոր 30, թերթեր 1-134:
4 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵՇԴ/0032/01/14 քրեական գործը և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա տեղեկատվությունը, հատոր 34, թերթեր 117-120։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մկրտիչ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։
6 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
10 Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։
|
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ Լ. ԹադևոՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|