ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, դատավոր՝ Մ․ Շահվերդյան |
ԵԴ/1767/01/22 |
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
|
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ. ԹԱԴևոՍՅԱՆԻ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
13 մարտի 2026 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արթուր Երջանիկի Մակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի ապրիլի 20-ին Ղազախստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 173900121000073 քրեական գործը։
2017 թվականի հունիսի 21-ին Արթուր Երջանիկի Մակյանը ճանաչվել է կասկածյալ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար։
2017 թվականի հունիսի 22-ին Ա.Մակյանի արարքը որակվել է Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
2017 թվականի հունիսի 26-ին Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 173900121000132 քրեական գործը։
2017 թվականի հունիսի 26-ին Ա.Մակյանը ճանաչվել է կասկածյալ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ։
2017 թվականի հունիսի 26-ին թիվ 173900121000073 և 173900121000132 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում՝ հիմնական գործին տալով 173900121000073 համարը։
2017 թվականի հունիսի 26-ին կայացվել է նոր որոշում՝ Ա.Մակյանի արարքները Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 241-րդ հոդվածով որակելու մասին։
2017 թվականի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական ակտով ուղարկվել է դատախազին՝ Ղազախստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված կարգով։
2017 թվականի հուլիսի 10-ին քրեական գործն ուղարկվել է Կոստանայ քաղաքի № 2 դատարան՝ ըստ էության քննելու համար։
2017 թվականի հուլիսի 31-ին Կոստանայ քաղաքի № 2 դատարանի որոշմամբ քրեական գործը վերադարձվել է դատախազին՝ քրեադատավարական օրենքի էական խախտումները վերացնելու համար։
2017 թվականի հոկտեմբերի 10-ին դատավարական դատախազը կազմել է նոր մեղադրական ակտ Ա.Մակյանի՝ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 241-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով։
2017 թվականի հոկտեմբերի 10-ին քրեական գործն ուղարկվել է Կոստանայ քաղաքի № 2 դատարան՝ ըստ էության քննելու համար։
2017 թվականի նոյեմբերի 20-ին պետական մեղադրողը Ղազախստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածով նախատեսված կարգով առաջադրել է Ա.Մակյանի մեղադրանքի նոր ձևակերպում՝ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 241-րդ հոդվածով։
2017 թվականի դեկտեմբերի 20-ին Կոստանայ քաղաքի № 2 դատարանը Ա.Մակյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում՝ խափանման միջոցը փոխարինելով կալանավորմամբ։
2018 թվականի փետրվարի 9-ին Ա.Մակյանը հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունում, սակայն հանձման կարգով չի ձերբակալվել՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու պատճառով։
2018 թվականի ապրիլի 17-ին Կոստանայ քաղաքի № 2 դատարանի որոշմամբ քրեական գործը վերադարձվել է դատախազին՝ Ղազախստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 596-րդ հոդվածով նախատեսված կարգով գործի նյութերը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ ուղարկելու հարցը լուծելու համար՝ Ա.Մակյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակելու համար։
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի Կոստանայի մարզի Պետական եկամուտների դեպարտամենտի Կոստանայ քաղաքի Պետական եկամուտների վարչության հանրապետական պետական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին է ներկայացվել հայցադիմում, որով խնդրվում է Ա.Մակյանից հօգուտ պետության բռնագանձել նրա կողմից պատճառված 728.987.051,43 տենգե գումարի չափով վնասը։
2018 թվականի օգոստոսի 14-ին Կոստանայի մարզի պետական եկամուտների դեպարտամենտի ՏՀԾ ֆինանսական ոլորտում հանցագործությունների հետաքննության վարչության կողմից կայացվել է որոշում՝ Ա.Մակյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու համար քրեական գործն ըստ քննչական ենթակայության Հայաստանի Հանրապետություն ուղարկելու մասին։
2018 թվականի նոյեմբերի 27-ին Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից՝ ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել թիվ 173900121000073 քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Արթուր Երջանիկի Մակյանի՝ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածով և 245-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի կոնվենցիայի համաձայն հետագա նախաքննությունը շարունակելու նպատակով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ս.Թասալյանի՝ 2022 թվականի մայիսի 13-ի որոշմամբ թիվ 173900121000073 քրեական գործն ընդունվել է վարույթ:
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հ.Մկրտչյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, Արթուր Մակյանի նկատմամբ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հ.Մկրտչյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, Ա.Մակյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և 2022 թվականի նոյեմբերի 10-ին նրան ներկայացվել է մեղադրանք։
2022 թվականի դեկտեմբերի 2-ին թիվ 173900121000073 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի մարտի 10-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Մակյանի պաշտպան Վ.Մակյանի միջնորդությունը բավարարվել է, Ա.Մակյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ և քրեական վարույթը կարճվել է: Որոշվել է Ա.Մակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացնել, վարույթի նյութերին կցված արտավարութային փաստաթղթերը պահել վարույթի նյութերի հետ՝ դրանք պահելու ամբողջ ընթացքում և Ա.Մակյանի նկատմամբ սույն քրեական գործի շրջանակներում կիրառված սահմանափակումները վերացնել:
3. ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հ․Մկրտչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 10-ի որոշումը թողնելով անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մարտի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և քրեադատավարական օրենքների էական խախտում, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտումներ՝ կայացնելով դատական ակտ, որը պատշաճ ձևով պատճառաբանված չէ և չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 157-րդ, 162-րդ հոդվածներով, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի 72-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի 91-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով սահմանված իրավակարգավորումներից:
5.1. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի՝ Վահան Սարգսյանի գործով 2021 թվականի փետրվարի 12-ի թիվ ՍԴ/0114/01/18 որոշումը, նշել է, որ Ա.Մակյանի քրեական պատասխանատվության հարցը պետք է լուծվի բացառապես ՀՀ օրենսդրությամբ: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասում (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասին) նշված չէ անձի համար առավել արտոնյալ կամ բարենպաստ նորմը կիրառելու մասին: ՀՀ քրեական օրենսդրությունը կիրառելու պայմանի միակ բացառությունն օտարերկրյա պետության քրեական օրենսգրքով կոնկրետ հանցավոր արարքի համար սահմանված պատժի առավելագույն չափն է:
Բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով պետք է որոշեր անձի մեղավորության հարցը' արդյունքում սահմանելով այնպիսի պատիժ, որը չպետք է գերազանցեր Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատժի վերին սահմանը: Մինչդեռ, Ա.Մակյանին մեղսագրվող ծանր հանցագործությունը դիտարկվել է որպես միջին ծանրության և կիրառելով միջին ծանրության հանցագործության կատարման համար վաղեմության կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75֊րդ հոդվածով սահմանված նորմերը, վերջինս անհիմն կերպով ազատվել է քրեական պատասխանատվությունից: Այսինքն, դատարանը կիրառել է և՛ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (Ա.Մակյանի կատարած արարքը դիտարկելով որպես միջին ծանրության), և՛ ՀՀ քրեական օրենսգիրքը՝ նշված միջին ծանրության հանցանքի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետները, ինչը հակասում է նշված իրավակարգավորումներին և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված դիրքորոշմանը:
Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն Ա.Մակյանի կատարած արարքն ավարտված է համարել 2016 թվականին, և նկատի ունենալով, որ այն հանդիսանում է ծանր հանցագործություն, ՀՀ քրեական օրենսգրքի նորմերի կիրառման դեպքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետը լրանում է միայն 2026 թվականին:
5.2. Բողոքի հեղինակը նաև նշել է, որ Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից ներկայացվել է նաև 728.987.051,43 տենգեի չափով հայցադիմում, սակայն Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ անդրադարձ չի կատարել գույքային հայցի լուծման հարցին, ինչը պարտավոր էր կատարել՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջները:
Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն արձանագրմանը, որ սույն գործի քննության ժամանակ Առաջին ատյանի դատարանն օրենսդրորեն սահմանված հաջորդականությամբ քննարկելով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցը՝ գույքային հայցի հետ կապված հարցերը քննության առարկա չի դարձրել, որպիսի պայմաններում հայցի ապացուցվածության կամ հակառակի վերաբերյալ դիրքորոշում չէր կարող արտահայտել և դրանով պայմանավորված՝ լուծել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու հարցը, նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածով սահմանված կարգավորումը որևէ կերպ փոխկապակցված չէ նախնական դատական լսումների ժամանակ քննարկվող հարցերի շրջանակի հետ, ավելին, օրենսդիրը սահմանելով նախնական դատալսումների ընթացքում քննարկվող հարցերի շրջանակը, չի արգելել գույքային հայցի հարցին անդրադառնալ վարույթը կարճելու որոշում կայացնելիս: Նույն տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստացվում է, որ դատարանը չպետք է անդրադառնար նաև Ա.Մակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին, ինչը կատարել է դատական ակտով:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 10-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը և վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ղազախստանի Հանրապետության Կոստանայի մարզի պետական եկամուտների դեպարտամենտի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ե.Տոբուլբաևի կողմից ՀՀ իրավասու մարմիններին հասցեագրված՝ ՀՀ տարածքում մեղադրյալի քրեական հետապնդումն իրականացնելու վերաբերյալ հանձնարարականի համաձայն՝ «(...) Արթուր Երջանիկի Մակյանը 2015-2016 թվականների ժամանակահատվածում ք.Կոստանայում ունենալով հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման վարման համապատասխան գիտելիքներ, տիրապետելով ձեռնարկության ֆինանսատնտեսական գործունեության մասին ամբողջական տվյալներին (այդ թվում՝ գնորդների և մատակարարների հետ գործարքների մասին), իրականացնելով իր ֆունկցիոնալ գործառույթները և «Ժուզ Ժոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (ՀՎԳՀ՝ ************, ԲՆՀ՝(*************) ղեկավարի պարտականությունները, իրականացնելով հարկային հաշվառման մեջ գտնվող, ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) և ԿԵՀ (կորպորատիվ եկամտահարկի) վճարող հանդիսացող վերոնշյալ ՍՊ ընկերակցության հաշվապահական հաշվառման վարման, հարկային հաշվետվության կազմման և հանձնման հետ կապված անմիջական փաստացի գործունեություն (աշխատանք), իր ծառայողական դիրքից ելնելով և 28.02.2007 թվականի Ղազախստանի Հանրապետության «Հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվության մասին» №234 օրենքի համաձայն պարտավոր լինելով ապահովել տվյալ ՍՊ ընկերակցության պահանջներին ու պահանջմունքներին համապատասխան հաշվառման համակարգի ստեղծումը և հաշվապահական հաշվառման կազմակերպումը, ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների և Ղազախստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվության մասին օրենսդրության պահանջների խախտման մեջ՝ շահադիտական նկատառումներից ելնելով, հարկերի վճարումից խուսափելու, հաշվապահական հաշվառման և ձեռնարկության կողմից կատարված տնտեսական գործառնությունների մասին հավաստի տվյալները թաքցնելու հանցավոր նպատակներին հասնելու համար, գործելով ԱԱՀ և ԿԵՀ մասով բյուջեում հարկային պարտավորությունները վճարելուց խուսափելուն ուղղված ուղղակի նկատառմամբ, Ղազախստանի Հանրապետության «Բյուջե վճարվող հարկերի և այլ պարտադիր վճարների մասին» օրենսգրքի (այսուհետ՝ ՂՀ ՀՕ) նորմատիվային պահանջների, այդ թվում հավաստի տվյալներով հարկային հայտարարագրերը հարկային ծառայություններ ներկայացնել պարտավորեցնող խախտման մեջ, գիտակցելով, որ գործում է պետությանը վնաս պատճառելուն հանգեցնող քրեորեն պատժվող արարքներ, լինելով պատասխանատու իր գործողությունների համար՝ չցանկանալով օրենքով սահմանված կարգով վճարել հարկերի գումարները՝ օգտագործելով առանց աշխատանքների փաստացի կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների բեռնման հաշիվ ապրանքագրեր, կատարյալ համագումարի պայմաններում օգտագործել է «ՍՈՅՈՒԶ 7» ՍՊ ընկերակցության ԲՆՀ՝ 140940023435, և «Բարակատ Տեկս KZ» ՍՊ ընկերակցության, ԲՆՀ՝ 111040017504, շինծու (կեղծ) սկզբնական հաշվապահական փաստաթղթեր, որոնցում արտացոլված են եղել «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերակցության համար անհրաժեշտ ծառայություններ (աշխատանքներ), որոնք իրենց հերթին «ՍՈՅՈՒԶ 7» ՍՊ ընկերակցությունը և «Բարակատ Տեկս KZ» ՍՊ ընկերակցությունը «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերակցության համար չեն մատուցել և չեն իրականացրել, և որոնք անհրաժեշտ են եղել միայն ԱԱՀ գումարների հաշվանցման և կրած ծախսերի (ԿԵՀ) չափազանցման համար։ Օգտագործելով տվյալ փաստաթղթերը՝ Ա.Ե.Մակյանը հանցավոր նպատակների հասնելու համար «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերակցության հաշվապահական փաստաթղթերում և հարկային հաշվետվության մեջ ներառել է ՍՊ ընկերակցության տնտեսական և ֆինանսական գործողության մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերակցության հաշվապահական հաշվառման և հարկային հայտարարագրերի ձևաթղթերում արտացոլելով 2015 թվականի երկու եռամսյակի ԱԱՀ` 2015 թվականի օգոստոսի 15-ի ԱԱՀ հերթական հայտարարագիրը և 2015 թվականի հոկտեմբերի 6-ի ԱԱՀ լրացուցիչ հայտարարագիրը, ինչպես նաև 2015 թվականի նոյեմբերի 9-ին հանձնված 2015 թվականի 3 եռամսյակի ԱԱՀ հերթական հայտարարագիրը և 2015 թվականի ԿԵՀ մասով «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերակցության անապրանք փոխհաշվարկների և հակաօրինական նպատակներ հետապնդող մատակարարներ «ՍՈՅՈՒԶ 7» ՍՊ ընկերակցության և «Բարակատ Տեկս KZ» ՍՊ ընկերակցության հետ առանց ծառայությունների (աշխատանքների) փաստացի մատուցման կեղծ գործարքների մասով շրջանառությունները՝ խուսափելով 2015 թվականի 2-3 եռամսյակների ԱԱՀ 38 079 015 տենգեի չափով գումարի և 2015 թվականի ԿԵՀ 54 548 707 տենգեի չափով գումարի վճարումից, որը կազմում է խոշոր չափ։
«ՍՈՅՈՒԶ 7» ՍՊ ընկերակցությունը և «Բարակատ Տեկս KZ» ՍՊ ընկերակցությունը «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերակցության հասցեին փաստացի որևէ ծառայություններ (աշխատանքներ) չեն մատուցել (չեն կատարել)։
Այդպիսով Ա.Ե.Մակյանը գործել է ՂՀ ՔՕ 245-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված քրեական իրավախախտում. Հայտարարագրերում եկամուտների և ծախսերի մասին ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու ճանապարհով կազմակերպության կողմից բյուջե վճարվող հարկերի վճարումից խուսափում, եթե առանց փաստացի աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ապրանքների բեռնման հաշիվ-ապրանքագրերի օգտագործմամբ կատարված այդ արարքը հանգեցրել է խոշոր չափով հարկ չվճարելուն։
(...)
Բացի այդ, Ա.Ե.Մակյանը գործել է ՂՀ ՔՕ 241-րդ հոդվածով նախատեսված քրեական զանցանք. հաշվապահական հաշվառման վարման համար իրավասու անձի կողմից Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների փաստաթղթավորումից խուսափում, կամ այդ անձի կողմից հաշվապահական փաստաթղթերում կազմակերպության տնտեսական և ֆինանսական գործունեության մասին ակնհայտ կեղծ տեղեկատվության ներառում, որը հավասար է հաշվապահական փաստաթղթերը մինչ դրանց պահպանման ժամկետի ավարտը ոչնչացնելուն, որը պատճառել է խոշոր վնաս։
(...)
Ա.Ե.Մակյանի գործողությունները ճիշտ որակավորվել են ՂՀ ՔՕ 241-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Ա.Ե.Մակյանին մեղսագրվող ՂՀ ՔՕ 245-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սանկցիան նախատեսում է պատիժ ազատազրկման տեսքով՝ մինչև 5 տարի ժամկետով։
(...)
Այդպիսով, Ղազախստանի Հանրապետության տարածք Ա.Ե.Մակյանի արտահանձնման համար հիմքեր առկա չեն, Ա.Ե.Մակյանի քրեական հետապնդումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նրա բնակության վայրի և 07.10.2002 թվականի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի 91-րդ, 92-րդ հոդվածների համաձայն (...)»1։
8. Արթուր Մակյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «(...) [Ն]ա, ունենալով հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման վարման մեջ համապատասխան գիտելիքներ, տիրապետելով ձեռնարկատիրական, ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկությունների (այդ թվում՝ գնորդների և մատակարարների հետ գործարքների մասին), 2015-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում, Ղազախստանի Հանրապետության Կոստանայ քաղաքում, հանդիսանալով «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերության տնօրեն և կատարելով ընկերության ղեկավարի իր պարտականություններն ու գործառնական լիազորությունները, իրականացնելով հարկային հաշվառման մեջ գտնվող, ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) և ԿԵՀ (կորպորատիվ եկամտային հարկ) վճարող հանդիսացող՝ վերոնշյալ ՍՊ ընկերության հաշվապահական հաշվառման վարման, հարկային հաշվետվությունների կազմման և հանձնման հետ կապված անմիջական փաստացի գործունեությունը, իր ծառայողական դիրքի ուժով ու «Հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվության մասին» Ղազախստանի Հանրապետության 28.02.2007թ. թիվ 234 օրենքին համապատասխան պարտավոր լինելով ապահովել տվյալ ՍՊ ընկերության պահանջներին համապատասխանող հաշվառման համակարգի ստեղծումը և հաշվապահական հաշվառման կազմակերպումը, խախտել է ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների և Ղազախստանի Հանրապետության՝ հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվության մասին օրենսդրության պահանջներն ու շահադիտական դրդումներից ելնելով, հարկեր վճարելուց խուսափելու հանցավոր նպատակին հասնելու, հաշվապահական հաշվառման և ընկերության իրականացրած տնտեսական գործարքների հավաստի տեղեկությունները թաքցնելու համար, գործելով ուղղակի դիտավորությամբ, բյուջե վճարման ենթակա՝ ԱԱՀ և ԿԵՀ հարկային պարտավորությունները չվճարելու նպատակով, խախտել է «Բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մասին» Ղազախստանի Հանրապետության օրենսգրքի՝ հարկային ծառայություն հավաստի տվյալներով հարկային հայտարարագրեր ներկայացնելու պարտավորեցնող պահանջները, գիտակցելով, որ կատարում է պետությանը վնաս պատճառող, քրեական օրենսգրքով պատժելի արարք, հաշիվ տալով իր գործողություններին, չցանկանալով օրենքով սահմանված կարգով վճարել հարկային գումարները, առանց աշխատանքների փաստացի իրականացման, ծառայությունների մատուցման, օգտագործել է «Սոյուզ 7» ՍՊ ընկերության՝ «ԲՆՀ *************» և «Բարակատ Տեկս KZ» ՍՊ ընկերության՝ «ԲՆՀ *************» կեղծ (շինծու) նախնական հաշվապահական փաստաթղթերը, որոնց մեջ արտացոլված են եղել «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերությանն անհրաժեշտ ծառայությունները (աշխատանքները), որոնք «Սոյուզ 7» ՍՊ ընկերությունը և «Բարակատ Տեկս KZ» ՍՊ ընկերությունն իրենց հերթին չեն մատուցել և չեն իրականացրել «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերության համար, սակայն դրանք անհրաժեշտ են եղել ԱԱՀ-ի գումարների դիմաց անօրինական հաշվանցման և կատարված ծախսերի ուռճացման համար: Օգտագործելով տվյալ փաստաթղթերը՝ հանցավոր նպատակին հասնելու համար Ա.Մակյանը «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերության հաշվապահական փաստաթղթերում և հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում մտցրել է ՍՊ ընկերության տնտեսական և ֆինանսական գործունեության մասին ակնհայտ կեղծ տվյալներ՝ արտացոլելով «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերության՝ ԱԱՀ-ով հաշվապահական հաշվառման և հարկային հայտարարագրերում 2015 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ 2015թ. օգոստոսի 15-ի ԱԱՀ-ի հերթական հայտարարագրում և 2015թ. հոկտեմբերի 6-ի ԱԱՀ-ի լրացուցիչ հայտարարագրում, ինչպես նաև 2015թ. նոյեմբերի 9-ին հանձնված, 2015 թվականի 3-րդ եռամսյակի համար ներկայացված հայտարարագրում և ԿԵՀ 2015 թվականի համար հարկային հաշվետվությունում՝ խուսափելով 2015 թվականի 2-3 եռամսյակների համար առանձնապես խոշոր չափի՝ 83.230.465 ՀՀ դրամին համարժեք 38.079.015 տենգե գումարի ԱԱՀ և 2015 թվականի համար 77.815.559 ՀՀ դրամին համարժեք 54.548.707 տենգե գումարի ԿԵՀ պետական բյուջե վճարելուց:
Փաստացի, «Սոյուզ 7» ՍՊ ընկերությունը և «Բարակատ Տեկս KZ» ՍՊ ընկերությունը ոչ մի ծառայություն «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերությանը չեն մատուցել (...)»2։
9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ ակնհայտ է, որ մեղադրյալ Ա.Մակյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացվելու դեպքում չի կարող նշանակվել Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի վերին սահմանը գերազանցող պատիժ, քանի որ նրա նկատմամբ նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսդրությամբ այդ արարքի համար նախատեսված պատժի վերին սահմանը:
Վերոգրյալից բացի, դատարանն արձանագրում է, որ Ա.Մակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող հանցանքը, ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի, ՀՀ քրեական օրենսգրքով ծանր հանցագործություն է, իսկ դրան համապատասխանող՝ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի վերին սահմանի հաշվառմամբ՝ միջին ծանրության հանցագործություն:
Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ Ա.Մակյանի նկատմամբ նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատժի վերին սահմանը, որն ավելի մեղմ է, քան ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժաչափը, դատարանը գտնում է, որ Ա.Մակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող հանցանքի տեսակը (ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի) որոշելիս, պետք է հիմք ընդունել Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի վերին սահմանը: Հակառակ մեկնաբանության դեպքում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ Արթուր Երջանիկի Մակյանի վերաբերյալ քրեական գործը Ղազախստանի Հանրապետությունում քննվելու դեպքում վերջինիս համար ավելի բարենպաստ պայմաններ կառաջան, քան Հայաստանի Հանրապետությունում քննվելու դեպքում:
Վերոգրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով, որ Ա.Մակյանի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ տարածվում է նաև հանցանքի կատարման պահին գործող օրենքով ղեկավարվելու պահանջը:
(...)
Համադրելով քրեական օրենսդրության նախկին և ներկա կանոնակարգումները՝ դատարանն արձանագրում է, որ հանցանք կատարած անձի վիճակն առավել ամբողջական բարելավող է մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը, հետևաբար՝ դատարանը գտնում է, որ մինչև 01.07.2022թ. կատարված հանցագործությունների նկատմամբ կիրառելի է այդ նորմը:
(...)
Համակարգային վերլուծության ենթարկելով Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքերը՝ դատարանն արձանագրում է, որ ինչպես Ղազախստանի Հանրապետության, այնպես էլ մինչև 01.07.2022թ. գործող, ինչպես նաև 05.05.2021թ. ընդունված և 01.07.2022թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքերով դիտավորյալ հանցագործությունների մասով նախատեսված են պատժի նույն ժամկետները, որոնք դրված են հանցագործությունը որպես միջին ծանրության դասակարգելու հիմքում: Մինչդեռ վաղեմության ժամկետների հաշվարկման առումով ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսվել են ավելի երկար ժամկետներ։ Ավելին՝ ՀՀ քրեական նոր օրենսգիրքը վաղեմության ժամկետի հաշվարկը նախատեսել է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից։ Այսինքն՝ վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է հանցանքն ավարտելուն հաջորդող օրվանից, ի տարբերություն նախկին իրավակարգավորման, որով, որպես վաղեմության ժամկետի սկիզբ, նշվում էր հանցանքն ավարտված համարելու օրը։ ՀՀ քրեական նոր օրենսգրքով փոփոխվել է նաև վաղեմության ժամկետի հաշվարկման ավարտի պահը: Մասնավորապես՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքով այն ավարտվում է անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելով, ի տարբերություն նախկին իրավակարգավորման, որով, որպես վաղեմության ժամկետի ավարտ, նշվում էր դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Այսինքն՝ տեղի է ունեցել անձի վիճակը վատթարացնող փոփոխություններ, հետևաբար՝ այդ փոփոխությունների տարածումը նախքան դրանց ընդունվելը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ անթույլատրելի է, քանի որ խախտում է անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջը:
Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը գտնում է, որ մինչև 01.07.2022թ. միջին ծանրության հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:
(...)
Դատարանը, գործում առկա տվյալները ենթարկելով պատշաճ գնահատման, իսկ գործի նյութերից բխող մյուս տվյալների հետ համադրված վերլուծության արդյունքում արձանագրում է, որ մեղադրյալ Արթուր Մակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքն ավարտվել է 2016 թվականին:
(...)
Միևնույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ Կոստանայի մարզի Կոստանայ քաղաքի թիվ 2 դատարանի՝ 20.12.2017թ. որոշմամբ՝ Արթուր Երջանիկի Մակյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ նրա գտնվելու վայրը դատարանին և դատավարության մասնակիցներին անհայտ լինելու հիմքով:
09.02.2018թ. Ա.Մակյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 1-ին վարչություն: Այսինքն` Ա.Մակյանը սույն գործով վարույթի ընթացքում քննությունից ընդհանուր առմամբ խուսափել է 1 ամիս 19 օր ժամկետով։
Վերոգրյալի հաշվառմամբ հիմք ընդունելով մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի պահանջը՝ դատարանն արձանագրում է, որ Արթուր Մակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի (Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի վերին սահմանի հաշվառմամբ) համար մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա և դրան գումարած՝ քննությունից խուսափելու 1 ամիս 19-օրյա ժամկետը լրանալու օրվա (եթե նույնիսկ որպես արարքի ավարտման պահ հիմք ընդունել առավելագույն ժամկետը՝ 31.12.2016թ.)՝ 2022թ. փետրվարի 19-ի դրությամբ վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատված չի եղել:
Այսպիսով՝ սույն գործի փաստական հանգամանքները գնահատելով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արթուր Մակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է և վերջինս չի առարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում նշված հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեմ:
Միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանքի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց ապացույցների հետազոտման, դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին՝ դատարանը գտնում է, որ Արթուր Երջանիկի Մակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, և թիվ ԵԴ/1767/01/22 (նախաքննական համարը՝ 173900121000073) վարույթը կարճել (...)»3։
10. Վերաքննիչ դատարանը համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ, արձանագրել է հետևյալը. «(...) Անդրադառնալով Բողոքաբերի փաստարկին առ այն, որ դատարանը Ա.Մակյանին մեղսագրվող ծանր հանցագործությունը դիտարկել է որպես միջին ծանրության և կիրառելով միջին ծանրության հանցագործության կատարման համար վաղեմության կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված նորմերը, վերջինիս անհիմն կերպով ազատել է քրեական պատասխանատվությունից, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ նման մեկնաբանության դեպքում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ Արթուր Երջանիկի Մակյանի վերաբերյալ քրեական գործը Ղազախստանի Հանրապետությունում քննվելու դեպքում վերջինիս համար ավելի բարենպաստ պայմաններ կառաջան, քան Հայաստանի Հանրապետությունում քննվելու դեպքում։
Քննության առարկա դարձնելով Բողոքաբերի փաստարկն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջները, իր որոշմամբ անդրադարձ չի կատարել գույքային հայցի լուծման հարցին, ինչը պարտավոր էր կատարել, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նախնական դատալսումների ժամանակ, քննության առնելով և լուծելով քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը և չանդրադառնալով գույքային հայցին, Առաջին ատյանը դատական սխալ թույլ չի տվել։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արդարացման դատավճիռ կայացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու դեպքում, ելնելով հայցի ապացուցվածությունից, դատարանն իրավասու է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ սույն գործի քննության ժամանակ Առաջին ատյանի դատարանը, օրենսդրորեն սահմանված հաջորդականությամբ քննարկելով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցը, գույքային հայցի հետ կապված հարցերը քննության առարկա չի դարձրել, որպիսի պայմաններում հայցի ապացուցվածության կամ հակառակի վերաբերյալ դիրքորոշում չէր կարող արտահայտել և դրանով պայմանավորված՝ լուծել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու հարցը։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նման իրավիճակներում, երբ նախնական դատալսումների ժամանակ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցը քննարկվում և լուծվում է գույքային հայցի հետ կապված հարցերից առաջ, օրենսդիրը հնարավորություն է ընձեռնում առանց լուծման թողնված գույքային հայցը հետագայում քաղաքացիական դատավարության կարգով հարուցել:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի բողոքարկված դատական ակտը բեկանելու և Բողոքաբերի վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան (...)»4։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է իրավունքի զարգացման գործառույթի իրացմամբ: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարելու դեպքում քրեական օրենքի գործողության վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք ուղղորդող նշանակություն կունենան նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը՝ Ա.Մակյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:
13. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Քիշնևի կոնվենցիա) 91-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է, մյուս Պայմանավորվող կողմի հանձնարարությամբ, Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, քրեական հետապնդում իրականացնել իր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կասկածվում, մեղադրվում են հայցող Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործություններ կատարելու մեջ:
(...)
3. Հայցվող Պայմանավորվող կողմում քրեական հետապնդումը կարող է իրականացվել` պայմանով, որ արարքը քրեորեն պատժելի է համարվում նաև այդ Պայմանավորվող կողմում:
Կատարած հանցագործության համար դատապարտելու դեպքում նշանակվող պատիժը չի կարող ավելի խիստ լինել, քան այն պատիժն է, որը նախատեսված է հայցող Պայմանավորվող կողմից օրենսդրությամբ (...)»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելու նպատակով՝
1) օրենքով սահմանված հաշվետվությունում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը կամ
2) օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ (...)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1. Իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ պատասխանատու այլ անձի կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարները խոշոր չափերով չվճարելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկը, տուրքը կամ այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում չներկայացնելը կամ հաշվետվության, հաշվարկի, հայտարարագրի կամ հարկը, տուրքը կամ այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթի մեջ խեղաթյուրված տվյալ մտցնելը կամ հարկման օբյեկտը թաքցնելը կամ խաբեության այլ դրսևորումը՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
(...)
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
(...)
2) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով (...)»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 3.Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (...)»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը (...)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(...)
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում.
(...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը (...)»։
Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «(...) Ղազախստանի Հանրապետության տարածքում քրեական իրավախախտում կատարած անձը պատասխանատվության է ենթարկվում սույն օրենսգրքով (...)»։
Արարքի կատարման պահին գործող խմբագրությամբ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կազմակերպությունների կողմից բյուջե հարկերի և (կամ) այլ պարտադիր վճարումների վճարումից խուսափելը՝ հայտարարագիր չներկայացնելով, երբ հայտարարագիրը ներկայացնելը պարտադիր է, կամ հայտարարագրում եկամուտների և (կամ) ծախսերի վերաբերյալ դիտավորյալ աղավաղված տվյալներ մուտքագրելով, հարկման այլ օբյեկտներ և (կամ) այլ պարտադիր վճարումներ թաքցնելով, եթե այդ արարքը հանգեցրել է խոշոր չափի հարկերի և (կամ) այլ պարտադիր վճարումների չվճարման՝
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) հաշիվ-ապրանքագիրն օգտագործելով՝ առանց աշխատանքի իրական կատարման, ծառայությունների մատուցման կամ ապրանքների առաքման.
(...)
պատժվում է տուգանքով՝ մինչև հինգ հազար ամսական հաշվարկային դրույքաչափով, կամ նույն չափի ուղղիչ աշխատանքներով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով, կամ նույն ժամկետով ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով (...)»։
Ղազախստանի Հանրապետության ներկայիս խմբագրությամբ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կազմակերպությունների կողմից բյուջե հարկերի և (կամ) այլ պարտադիր վճարումների վճարումից խուսափելը՝ հայտարարագիր չներկայացնելով, երբ հայտարարագիրը ներկայացնելը պարտադիր է, կամ հայտարարագրում եկամուտների և (կամ) ծախսերի վերաբերյալ դիտավորյալ աղավաղված տվյալներ մուտքագրելով, հարկման այլ օբյեկտներ և (կամ) այլ պարտադիր վճարումներ թաքցնելով, եթե այդ արարքը հանգեցրել է խոշոր չափի հարկերի և (կամ) այլ պարտադիր վճարումների չվճարման՝
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) հաշիվ-ապրանքագիրն օգտագործելով՝ առանց աշխատանքի իրական կատարման, ծառայությունների մատուցման կամ ապրանքների առաքման.
(...)
պատժվում է տուգանքով՝ բյուջե չվճարված գումարի երեքից հնգապատիկի չափով, կամ համայնքային աշխատանքներով՝ մինչև հազար ժամ ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մինչև չորս տարի ժամկետով, կամ նույն ժամկետով ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով (...)»։
Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորյալ այն արարքները, որոնց կատարման համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց կատարման համար նախատեսված պատիժը հինգ տարուց ավելի ժամկետով ազատազրկումն է»։
Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական իրավախախտումը կատարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(...)
3) հինգ տարի միջին ծանրության հանցանք կատարելու օրվանից
(...)
2. Վաղեմության ժամկետները հաշվարկվում են քրեական իրավախախտումը կատարելու օրվանից մինչև դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»։
14. Վճռաբեկ դատարանը Գարեգին Հովսեփյանի վերաբերյալ գործով արձանագրել է հետևյալը․ «(․․․) [Տ]արածության մեջ քրեական օրենքի գործողության կանոնները սահմանող շարադրված նորմերից բխում է, որ օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած անձինք, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները (Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք) ենթակա են պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանք քրեական պատասխանատվության են կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում (չեն դատապարտվել այլ պետությունում): Այս դեպքում քրեական պատասխանատվության հարցը լուծելիս հաշվի է առնվում նաև այն պետության օրենսդրությունը, որի տարածքում կատարվել է հանցավոր ոտնձգությունը, և նման անձանց նկատմամբ չի կարող նշանակվել տվյալ օտարերկրյա պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը գերազանցող պատիժ (․․․)»5:
Վերահաստատելով և զարգացնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը Վահան Սարգսյանի գործով արձանագրել է հետևյալը. «(․․․) [Տ]արածության մեջ քրեական օրենքի գործողության քաղաքացիության սկզբունքից բխում է, որ այլ պետության տարածքում հանցանք կատարած անձանց նկատմամբ (Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի), ովքեր պատասխանատվության են կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, ամբողջությամբ կիրառելի են ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված իրավակարգավորումները, իսկ օտարերկրյա պետության քրեական օրենսդրությունը հաշվի է առնվում միայն այն առումով, որ անձի նկատմամբ նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել տվյալ պետության օրենսդրությամբ այդ արարքի համար նախատեսված պատժի վերին սահմանը։ Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ «ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով» արտահայտությունը ենթադրում է, որ անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս, պատիժ նշանակելիս, պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս, ինչպես նաև քրեաիրավական այլ հետևանքները որոշելիս ամբողջովին գործում են ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված իրավադրույթները։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասում ամենևին խոսք չի գնում անձի համար առավել արտոնյալ կամ բարենպաստ նորմը կիրառելու մասին. ՀՀ քրեական օրենսդրությունը կիրառելու պայմանի միակ բացառությունն օտարերկրյա պետության քրեական օրենսգրքով կոնկրետ հանցավոր արարքի համար սահմանված պատժի առավելագույն չափն է, եթե, իհարկե, այն ավելի մեղմ է, քան ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժաչափը։
Վերոշարադրյալի լույսի ներքո անդրադառնալով պատիժ նշանակելու հատուկ կանոնների կիրառման առանձնահատկություններին (օրինակ՝ չավարտված հանցագործությունների, հանցագործությունների ռեցիդիվի կամ արագացված դատաքննության դեպքում)՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումները, արձանագրում է, որ տվյալ դեպքում որպես ելակետ պետք է դիտարկվեն ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված կոնկրետ պատժատեսակի նվազագույն և առավելագույն չափերը՝ այն պայմանի պահպանմամբ, որ անձի նկատմամբ նշանակվող վերջնական պատիժը չպետք է գերազանցի այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը (...)»6։
15. Վճռաբեկ դատարանը Միշա Մուրադյանի գործով անդրադարձել է քրեական պատասխանատվության և քրեական պատժի հարաբերակցության առանձնահատկություններին և արձանագրել հետևյալը. «(...) [Ք]րեական պատասխանատվությունը բարդ և բազմաբովանդակ երևույթ է, որի էության, բովանդակության և ծավալների առումով դոկտրինալ աղբյուրներում մինչ այժմ միասնական ընդունված որևէ սահմանում առկա չէ։ Միևնույն ժամանակ, կարելի է փաստել, որ քրեական պատասխանատվությունը ծագում է հանցանք կատարելու փաստով և ենթադրում է անձի պարտականությունը՝ կրելու պատասխանատվություն իր կատարած հանցանքի համար, արտահայտվում է պետության կողմից անձի արարքին տրվող բացասական գնահատականով և, որպես կանոն, եզրափակվում դատարանի դատավճռով անձի նկատմամբ քրեական պատժի նշանակմամբ։
Վերոնշյալից հետևում է, որ քրեական պատասխանատվությունը շատ ավելի լայն երևույթ է և իր մեջ, ի թիվս այլնի, ներառում է նաև հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվող պատիժը, այլ կերպ՝ քրեական պատասխանատվությունը և պատիժը հարաբերակցվում են որպես ամբողջ և մաս։ Ընդ որում, թեև քրեական պատասխանատվության իրագործման հիմնական ձևը հենց քրեական պատիժն է, այնուամենայնիվ, շատ դեպքերում քրեական պատասխանատվությունը կարող է իրագործվել՝ առանց վերոնշյալ փուլին հասնելու, օրինակ՝ քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող նորմերի կենսագործման արդյունքում, մինչդեռ պատիժը քրեական պատասխանատվության սահմաններից դուրս գոյություն ունենալ չի կարող ։
Այսպիսով, պետք է փաստել, որ պատիժն առավել համընդգրկուն երևույթի՝ քրեական պատասխանատվության, բաղկացուցիչ մասն է միայն, դրա տարրերից և իրագործման փուլերից մեկը, հետևաբար քրեական պատասխանատվությունից իմպերատիվ կերպով ազատում նախատեսող նորմի կիրառման բոլոր հիմքերի և պայմանների առկայության դեպքում դատարանը չի հասնում անձի նկատմամբ պատիժ նշանակելու փուլին և դրանով իսկ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը եզրափակվում է։
(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու պահանջը հավասարապես պետք է կիրառելի լինի նաև քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նորմերի պարագայում։ Մասնավորապես, եթե օրենսդիրը եզրափակիչ դատավարական ակտի բացակայության պայմաններում երաշխավորել է պատիժը մեղմացնող քրեական օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հնարավորությունը՝ առանց որևէ բացառության, ապա վերոնշյալն առավել ևս պետք է կիրառելի լինի՝ իր բովանդակությամբ և ծավալով ավելի լայն և համընդգրկուն երևույթի՝ քրեական պատասխանատվությունից ազատելու նկատմամբ։
Հակառակ պարագայում կստացվի, որ քրեական պատասխանատվության բաղադրիչ հանդիսացող պատժի մեղմացման ցանկացած դեպքում քրեական օրենքը հետադարձ ուժ ունի (օրինակ՝ հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի փոփոխության կամ այլընտրանքային ավելի մեղմ պատիժ նախատեսվելու դեպքում և այլն), մինչդեռ քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նոր օրենքի պարագայում պետք է կիրառվեն արարքի կատարման պահին գործող կարգավորումները, և անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության ու պատժի, ինչն անընդունելի է։
Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ տվյալ իրավիճակում կանտեսվեն հանցանք կատարած անձի համար տեղի ունեցած բարենպաստ օրենսդրական փոփոխությունները, և անձը կենթարկվի քրեական պատասխանատվության՝ չնայած որ պետությունը, անձին իմպերատիվ կերպով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ նոր կարգավորում նախատեսելով, արդեն իսկ համանման դեպքերում անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չափազանց ծանր է համարել (...)»7։
16. Հիմք ընդունելով Միշա Մուրադյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության սկզբունքի, ինչպես նաև միջազգային-իրավական կարևորագույն փաստաթղթերով երաշխավորված՝ մարդու հիմնարար իրավունքների հետևողական կենսագործումն ապահովելու նկատառումներից ելնելով, անհրաժեշտություն է առաջացել զարգացնել Վահան Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները։
Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի կատարման վայրի պետության օրենսդրությամբ նախատեսված պատժից ավելի խիստ պատիժ նշանակելու արգելքը հավասարապես պետք է կիրառելի լինի նաև արարքի կատարման վայրի պետության օրենսդրությամբ քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նորմերի պարագայում։ Մասնավորապես, եթե կոնվենցիոն դրույթը երաշխավորել է արարքի կատարման վայրի պետության օրենսդրությամբ նախատեսված պատժից ավելի խիստ պատիժ նշանակելու արգելքը ՝ առանց որևէ բացառության, ապա վերոնշյալն առավել ևս պետք է կիրառելի լինի՝ իր բովանդակությամբ և ծավալով ավելի լայն և համընդգրկուն երևույթի՝ քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտի նկատմամբ։ Այսինքն, արարքի կատարման վայրի պետության քրեական օրենքով քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նորմի առկայության դեպքում ևս, Քիշնևի կոնվենցիայի 91-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով անձի նկատմամբ չի կարող կիրառվել ավելի խիստ պատիժ, քան այն, որը նախատեսված էր հայցող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ։
Հակառակ պարագայում ստացվում է, որ առկա է արգելք՝ արարքը կատարելու վայրի պետության քրեական օրենքով նախատեսված պատժից ավելի խիստ պատիժ նշանակելու համար, սակայն առկա չէ արգելք՝ արարքը կատարելու վայրի պետության քրեական օրենքով քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նորմի առկայության և կիրառելիության դեպքում անձին ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկելիս և նրա նկատմամբ պատիժ նշանակելիս, այն դեպքում, երբ արարքի կատարման վայրի պետության օրենսդրության համաձայն՝ անձի նկատմամբ, առանց որևէ բացառության, տվյալ արարքի համար չէր կարող որևէ պատիժ նշանակվել։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ իրավիճակում պետք է անմիջականորեն կիրառվի Քիշնևի կոնվենցիայի 91-րդ հոդվածի 3-րդ մասն այն հիմնավորմամբ, որ արարքի կատարման վայրի պետության քրեական օրենքով նախատեսված քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նորմը բացառում է անձի նկատմամբ պատիժ նշանակելու հնարավորությունը։
17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Ա.Մակյանին Ղազախստանի Հանրապետությունում մեղադրանք է առաջադրվել Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով8։
- Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից ՀՀ իրավասու մարմնին հասցեագրված հանձնարարականի համաձայն՝ Ա.Մակյանը կատարել է Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված քրեական իրավախախտում, որը ճիշտ է որակավորված, և Ա.Մակյանի քրեական հետապնդումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ըստ նրա բնակության վայրի և «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի 91-րդ, 92-րդ հոդվածների համաձայն9։
- Ա.Մակյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով10։
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ա.Մակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող հանցանքը, ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի, ՀՀ քրեական օրենսգրքով ծանր հանցագործություն է, իսկ դրան համապատասխանող՝ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի վերին սահմանի հաշվառմամբ՝ միջին ծանրության հանցագործություն, և նկատի ունենալով, որ Ա.Մակյանի նկատմամբ նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատժի վերին սահմանը, որն ավելի մեղմ է, քան ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժաչափը, գտել է, որ Ա.Մակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող հանցանքի տեսակը (ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի) որոշելիս, պետք է հիմք ընդունել Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի վերին սահմանը՝ արձանագրելով, որ հակառակ մեկնաբանության դեպքում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ Ա.Մակյանի վերաբերյալ քրեական գործը Ղազախստանի Հանրապետությունում քննվելու դեպքում, վերջինիս համար ավելի բարենպաստ պայմաններ կառաջանային, քան Հայաստանի Հանրապետությունում քննվելու պարագայում:
Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ, նկատի ունենալով այն, որ Ա.Մակյանի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, նրա նկատմամբ տարածվում է նաև հանցանքի կատարման պահին գործող օրենքով ղեկավարվելու պահանջը:
Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Ա.Մակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքն ավարտվել է 2016 թվականին, և հիմք ընդունելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի պահանջը՝ գտել, որ Ա.Մակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի (Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի վերին սահմանի հաշվառմամբ) համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա և դրան գումարած՝ քննությունից խուսափելու՝ 1 ամիս 19-օրյա ժամկետը լրանալու օրվա (եթե նույնիսկ որպես արարքի ավարտման պահ հիմք ընդունել առավելագույն ժամկետը՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը)՝ 2022 թվականի փետրվարի 19-ի դրությամբ, վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատված չի եղել:
Վերոգրյալի հաշվառմամբ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ մեղադրյալ Ա.Մակյանին՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է և վերջինս չի առարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում նշված հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեմ11:
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ արձանագրելով, որ բողոքարկված դատական ակտը բեկանելու և բողոքաբերի վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան12:
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում ներկայացված իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, գտնելով, որ Ա.Մակյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է, հանգել են իրավաչափ հետևության, սակայն սխալ են պատճառաբանել այն։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի վերաբերելի կանոնների հաշվառմամբ, Ա.Մակյանին վերագրվող արարքը միջին ծանրության հանցանք է և նրան քրեական պատասխանատավության ենթարկելու վաղեմության ժամկետը 5 տարի է, որը ենթակա է հաշվարկման քրեական իրավախախտումը կատարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը13։ Հետևաբար, ստորադաս դատարանները, Քիշնևի կոնվենցիայի 91-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի վերին սահմանը որոշելիս, պետք է հիմք ընդունեին Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը՝ որպես անձին քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատող և նրա նկատմամբ պատժի նշանակումն արգելող նորմ, այլ ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկելիս կիրառեին ՀՀ քրեական օրենսգրքի իրավակարգավորումները։
19. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Մակյանին Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2016 թվականին՝ 2015 թվականի համար հարկային հաշվետվության ներկայացմամբ, և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը՝ հաշվակցված վերջինիս հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ 1 ամիս 19 օրը, Առաջին ատյանի դատարանի կողմից 2023 թվականի մարտի 10-ին որոշում կայացնելու պահին եղել է լրացած։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունը՝ Ա.Մակյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ թեև իրավաչափ է, սակայն սխալ է պատճառաբանված։
20. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում վկայակոչված փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքային հայցը լուծվում է եզրափակիչ դատական ակտով` լրիվ կամ մասնակի բավարարվում է, ներառյալ հաշտության համաձայնության տեսքով, մերժվում է կամ թողնվում առանց լուծման:
2. Արդարացման դատավճիռ կայացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու դեպքում, ելնելով հայցի ապացուցվածությունից, դատարանն իրավասու է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու:
(...)
4. Առանց լուծման թողնված գույքային հայցը կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով»։
21. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից վարույթի շրջանակներում ներկայացվել է 728.987.051,43 տենգեի չափով գույքային հայց14։
- Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ անդրադարձ չի կատարել գույքային հայցին և դրա վերաբերյալ որոշում չի կայացրել15։
- Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, նախնական դատալսումների ժամանակ, քննության առնելով և լուծելով քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը և չանդրադառնալով գույքային հայցին, դատական սխալ թույլ չի տվել, քանի որ սույն գործի քննության ժամանակ Առաջին ատյանի դատարանը, օրենսդրորեն սահմանված հաջորդականությամբ քննարկելով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցը, գույքային հայցի հետ կապված հարցերը քննության առարկա չի դարձրել, որպիսի պայմաններում հայցի ապացուցվածության կամ հակառակի վերաբերյալ դիրքորոշում չէր կարող արտահայտել և դրանով պայմանավորված՝ լուծել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու հարցը։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նման իրավիճակներում, երբ նախնական դատալսումների ժամանակ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու հարցը քննարկվում և լուծվում է գույքային հայցի հետ կապված հարցերից առաջ, օրենսդիրը հնարավորություն է ընձեռում առանց լուծման թողնված գույքային հայցը հետագայում քաղաքացիական դատավարության կարգով հարուցել16:
22. Նախորդ կետում ներկայացված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 21-րդ կետում վկայակոչված իրավակարգավորման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի հետևությանն այն մասով, որ Առաջին ատյանի դատարանը, նախնական դատալսումների փուլում Ղազախստանի Հանրապետության կողմից հարուցված գույքային հայցը քննության առարկա չի դարձրել և դրանով պայմանավորված չէր կարող լուծել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու հարցը, սակայն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, առկա պայմաններում, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածով, պետք է եզրափակիչ դատական ակտով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա.Մակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու վերաբերյալ որոշմամբ, հարուցված գույքային հայցն առանց լուծման թողնելու մասին որոշում կայացներ, որի պայմաններում գույքային հայցը կարող էր ներկայացվել քաղաքացիական դատավարության կարգով։
23. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի պահանջը, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի 91-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արթուր Երջանիկի Մակյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 10-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը փոփոխել և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Կոստանայ քաղաքի Պետական եկամուտների վարչության հանրապետական պետական հաստատության կողմից ներկայացված՝ 728.987.051,43 տենգե գումարի չափով գույքային հայցը թողնել առանց լուծման։
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
__________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 30-րդ, թերթեր 309-311, 350-352։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 31, թերթեր 119-121։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 32-րդ, թերթեր 59-67։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 33, թերթեր 77-83։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարեգին Հովսեփյանի գործով 2012 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ ԵԷԴ/0033/15/09 որոշման 19-րդ կետը։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահան Սարգսյանի գործով 2021 թվականի փետրվարի 12-ի թիվ ՍԴ/0114/01/18 որոշումը։
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը։
8 Տե՛ս, սույն որոշման 1-ին կետը։
9 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը։
10 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը։
11 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը։
12 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը։
13 Տե՛ս, սույն որոշման 13-րդ կետը։
14 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը։
15 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը։
16 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Հ. Գրիգորյան Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս. Ավետիսյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|