ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան 29 ապրիլի 2026 թ.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 236-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
|
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | |
|
նախագահող` դատավորներ` |
Ա րման Դիլանյանի, Արտակ Զեյնալյանի,Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի (զեկուցող), Վլադիմիր Վարդանյանի, |
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ դիմողի՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ նաև՝ Դիմող), ներկայացուցիչ՝ պատգամավոր Արծվիկ Մինասյանի, պատասխանողի՝ Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող), ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մարի Ստեփանյանի, | |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 68-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրությունները, դիրքորոշումները, Վենետիկի հանձնաժողովի CDL-AD (2025)037 խորհրդատվական կարծիքը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օժանդակ կարծիքը, ինչպես նաև վերլուծելով վիճարկվող և վերաբերելի այլ օրինադրույթներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Ա․ Վարույթը Սահմանադրական դատարանում
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2021 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին:
2. Օրենսգրքի՝ «Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» վերտառությամբ 236-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է.
«2. Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը`
պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
3. Քննության առարկա հոդվածը լրացվել է 2022 թվականի հունիսի 9-ին ՀՕ-240-Ն օրենքով, որով կատարվել են հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագիրը «հարկադրելը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» բառերով․
2) 2-րդ մասը «միջոցով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» բառերով։
4. Գործի քննության առիթն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի՝ 2024 թվականի հունիսի 21-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
5. Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 3-ի ՍԴԱՈ-107 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, և սույն գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի հոկտեմբերի 15-ին:
6. Սույն գործով զեկուցող դատավորի 2024 թվականի օգոստոսի 6-ի ՍԴԴ-28 գրությամբ ՀՀ քննչական կոմիտեից պահանջվել է ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված, մինչդատական վարույթում գտնվող քրեական վարույթների և նախաձեռնված այն քրեական վարույթների վերաբերյալ, որոնց կապակցությամբ կայացվել է քրեական վարույթը կարճելու մասին որոշում: ՀՀ քննչական կոմիտեի պատասխան գրությունը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի օգոստոսի 14-ին:
7. Սույն գործով զեկուցող դատավորի 2024 թվականի օգոստոսի 6-ի ՍԴԴ-29 գրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջվել է ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված, մինչդատական վարույթում գտնվող քրեական վարույթների և նախաձեռնված այն քրեական վարույթների վերաբերյալ, որոնց կապակցությամբ կայացվել է քրեական վարույթը կարճելու մասին որոշում: ՀՀ գլխավոր դատախազության պատասխան գրությունը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի օգոստոսի 19-ին:
8. Սույն գործով զեկուցող դատավորի 2024 թվականի օգոստոսի 6-ի ՍԴԴ-30 գրությամբ Դատական դեպարտամենտից պահանջվել է ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ իրավասու դատարաններում, ըստ մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող և քննված քրեական գործերի վերաբերյալ: Դատական դեպարտամենտի պատասխան գրությունը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի օգոստոսի 9-ին:
9. Սահմանադրական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի ՍԴԱՈ-156 աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը կասեցվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ մինչև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Վենետիկի հանձնաժողով) կողմից հետևյալ հարցի կապակցությամբ խորհրդատվական կարծիք (amicus curiae) ստանալը՝ արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» ձևակերպումը համահունչ է իրավական որոշակիության սկզբունքի եվրոպական չափանիշներին:
10. 2025 թվականի հոկտեմբերի 13-ին ստացվել է Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի CDL-AD(2025)037 խորհրդատվական կարծիքը (թիվ 1252/2025) (այսուհետ նաև՝ Խորհրդատվական կարծիք)1։
11․ Սույն գործով զեկուցող դատավորի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴԴ-65 գրությամբ ՀՀ քննչական կոմիտեից պահանջվել է տրամադրել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված, մինչդատական վարույթում գտնվող քրեական վարույթներով քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումների, ինչպես նաև նշված դրույթն ուժի մեջ մտնելու պահից ի վեր նախաձեռնված քրեական վարույթներով վարույթը կարճելու մասին որոշումների պատճենները։ ՀՀ քննչական կոմիտեից պահանջված փաստաթղթերի պատճենները Սահմանադրական դատարան են մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 29-ին:
12. Սույն գործով զեկուցող դատավորի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴԴ-66 գրությամբ Դատական դեպարտամենտից պահանջվել է տրամադրել ՀՀ իրավասու դատարաններում ըստ մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործերով մեղադրական եզրակացությունների պատճենները: Դատական դեպարտամենտից պահանջված փաստաթղթերի պատճենները Սահմանադրական դատարան են մուտքագրվել 2026 թվականի հունվարի 15-ին:
13. Սահմանադրական դատարանի 2026 փետրվարի 6-ի ՍԴԱՈ-15 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է, և գործի դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի ապրիլի 14-ին։ Սահմանադրական դատարանի 2026 ապրիլի 14-ի ՍԴԱՈ-53 աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը հետաձգվել է, և նոր դատաքննությունը նշանակվել է ս. թ. ապրիլի 28-ին։
Բ. Դիմողի դիրքորոշումները
14․ Դիմողի համոզմամբ հավաքների ազատությունը կարող է հանգեցնել հանրային շահերի կամ այլոց իրավունքների խաթարմանը բացառապես այն դեպքերում, երբ խախտվում են Սահմանադրությամբ ամրագրված հիմնադրույթները, վտանգվում են այլոց իրավունքներն ու ազատությունները և/կամ դրանց պաշտպանությունն ու երաշխավորումը, որը որևէ աղերս չունի հավաքի մասնակցին նյութապես շահագրգռելն արգելելու ենթադրյալ նպատակի հետ: Այդպիսի նպատակ որևէ կերպ սահմանված չէ թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավունքի աղբյուրներով: Ավելին, միջազգային փորձը միանշանակ վկայում է, որ հավաքի մասնակցին ձևական առումով նյութապես շահագրգռելը որոշ դեպքերում ոչ միայն տարածված է, այլև կրում է խիստ կանոնակարգված բնույթ:
15․ Ըստ Դիմողի՝ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված է ճանաչվել և ընդհուպ քրեական պատասխանատվություն է սահմանվել մի արարքի համար, որը Սահմանադրության 44-րդ հոդվածի ուժով անմիջապես խաղաղ հավաքների ազատությանն առնչվող հարաբերությունները կարգավորելու համար կոչված օրենքով ընդհանրապես չի դիտարկվել որպես արգելված արարք:
16․ Դիմողը պնդում է, որ «Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ խաղաղ հավաքների ազատության համատեքստում հավաքին մասնակցությունը գրավիչ դարձնելը, այդ թվում՝ նյութապես շահագրգռելու եղանակով, բացառելու որևէ նպատակ: Հատկապես, «նյութապես շահագրգռել» բառակապակցության բազմիմաստության պարագայում առավել քան ընդգծուն է դառնում. հավաքների առնչությամբ և հավաքների ազատության հետ կապված քրեական օրենսդրության դրույթները պետք է ունենան այնպիսի կարգավորումներ, որոնք համահունչ են և որևէ կերպ չեն սահմանափակում հավաքների ազատության՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքը»:
17․ Դիմողը, անդրադառնալով նյութապես շահագրգռելու հանրային վտանգավորությանը՝ որպես Սահմանադրությամբ սահմանված անհրաժեշտություն ազատության սահմանափակման համար, նշում է, որ ցանկացած հավաք ենթադրում է նաև որոշակի շահագրգռվածություն, այդ թվում՝ նյութական: Ավելին, հավաքների ընթացքում հնչող կոչերը, առաջարկները և խոստումները կարող են նաև ունենալ նյութական շահագրգռման իմաստ: Դիմողը որպես օրինակ է բերում տարբեր հարկեր, տուրքեր, տուգանքներ և վճարներ նվազեցնելու կամ առհասարակ վերացնելու, դրանց մասով համաներում կիրառելու, աշխատավարձեր և կենսաթոշակներ բարձրացնելու վերաբերյալ կոչեր, որոնք, իր կարծիքով, նույնպես պարունակում են վիճարկվող դրույթով նկարագրված արարքի հանցակազմի պարտադիր բաղադրիչները, «(...) մինչդեռ դրանով պայմանավորված ապօրինի և ոչ իրավաչափ, Սահմանադրությանը հակասող եղանակով զրկվում է անձանց քաղաքական գործունեությամբ զբաղվելու և ազատ գործելու հնարավորությունից»:
18․ Դիմողը նշում է նաև, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով «նյութապես շահագրգռելը» տերմինը խնդրահարույց է նաև այն տեսանկյունից, որ հավաքի կազմակերպչի կողմից հավաքին մասնակցելուն ֆինանսական տեսանկյունից նյութապես օժանդակելու վերաբերյալ բոլոր գործողությունները, որոնք ըստ էության կազմակերպչական են, կարող են դիտարկվել որպես հանցագործություններ, օրինակ՝ տրանսպորտային ծախսերի հատուցումը կամ փոխհատուցումը, սննդի և այլ կարիքների մասին հոգ տանելը և այլն, ուստի՝ պատասխանատու վարքագծի տեսանկյունից ողջամտորեն ենթադրելի և հետևաբար՝ անթույլատրելի է հիշատակված հանգամանքների հաշվանցմամբ այնպիսի օրենսդրության ձևավորումը, որը դուրս է անհրաժեշտության և պիտանելիության սկզբունքներից և/կամ հակասում է դրանց:
19․ Դիմողը պնդում է, որ «նյութապես շահագրգռել» տերմինն ինքնին որևէ որոշակիություն չունի: Նման անորոշության պայմաններում հավանական է այնպիսի իրավիճակ, երբ անձը քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվի նաև այնպիսի պայմաններում, երբ նյութական շահագրգռվածությունը մեկնաբանվում է որպես ցանկացած աջակցություն՝ տրանսպորտային ապահովում, սննդի ու կեցության կազմակերպում, ընդհուպ մինչև՝ պաստառների պատրաստում և տրամադրում, ինչը դուրս է ողջամտության սահմաններից, իրավական տեսանկյունից անորոշ է, ինչով պայմանավորված դրա հասցեատերերն ի վիճակի չեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
20․ Հղում կատարելով Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված մի շարք իրավական դիրքորոշումների՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը պասիվ և անորոշ միջամտություն է նախատեսում անձի անձնական ազատության հիմնական իրավունքին, ձևակերպված է այնքան անորոշ, որ հնարավորություն չի տալիս ընկալելու դրա իմաստը, դրանով իսկ այն կարող է հանգեցնել անկանխատեսելի, հետևապես՝ նաև կամայական կիրառման, և թույլ է տալիս ընդլայնել հանցագործության սահմանները՝ պայմանավորված չափազանց բարձր վերացականության աստիճան ունեցող սահմանադրական նորմերին հղում անելու հանգամանքով:
21․ Դիմողը եզրահանգել է, որ անորոշության բարձր աստիճանն ինքնին այսքան խնդրահարույց չէր լինի, եթե հանցակազմի դիսպոզիցիայի այս դրսևորումը ձևակերպված լիներ հստակ և թույլ տար ողջամտորեն նույնականացնելու նկարագրվող արարքի արտահայտման եղանակը: Մինչդեռ այս ձևակերպման պայմաններում անձը, իրացնելով իր սահմանադրական իրավունքները, կազմակերպելով և անցկացնելով հավաք կամ հանդես գալով նման նախապատրաստական աշխատանքներով, կարող է քրեական հետապնդման ենթարկվել հավաքից առաջ կամ դրա ընթացքում խոստումներ, ծրագրեր ներկայացնելու համար այն դեպքում, երբ դրանք ունեն նյութական հենք կամ ուղղակիորեն փոխկապակցված են սոցիալ-իրավական հարցերին, կամ անձը կարող է քրեական հետապնդման ենթարկվել այն դեպքում, երբ որպես կազմակերպիչ հոգում է որոշակի բնական, ողջամտորեն ենթադրելի և կանխատեսելի ծախսեր:
22․ Դիմողը գտնում է, որ նորմի անորոշության բարձր աստիճանը, սահմանված պատասխանատվության ակնհայտ անհամաչափությունը, իրավակիրառ պրակտիկայում դրա դրսևորումներն էականորեն ազդում են Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու այլ հիմնական իրավունքների վրա, այդ թվում՝ կարծիքի արտահայտման ազատության, միավորումների ազատության և այլն, որոնք փաստացի արգելափակվում են՝ խաթարելով մարդու հիմնական իրավունքների սահմանադրական և կոնվենցիոնալ երաշխիքները:
23․ Դիմողը միջազգային մի շարք փաստաթղթերի վերլուծության արդյունքում եզրակացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված՝ «հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու» վիճարկվող նորմը չի համապատասխանում Սահմանադրությանը, քանի որ դրանով չի հետապնդվում Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակ, և դրանով նախատեսված սահմանափակումը գերազանցում է ԵԱՀԿ-ի կողմից սահմանված սահմանափակումները, և այն հաշվի չի առնում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Գ. Պատասխանողի դիրքորոշումները
24․ Պատասխանողը նշում է, որ հավաքը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտվելու անձի իրավունքն է, որը բացարձակ բնույթ չի կրում և կարող է սահմանափակվել որոշակի շահերի պաշտպանության նպատակով:
25․ Պատասխանողի կարծիքով հավաքներին մասնակցելու, արտահայտվելու և կարծիք արտահայտելու իրավունքների իրացմանը հարկադրելը կամ նյութապես շահագրգռելը չի բխում այդ իրավունքի էությունից, այլ հանդիսանում է ուղղակի միջամտություն անձի սահմանադրական իրավունքին: Անձնական կարծիքը ձևավորվում է անձի ներքին համոզմունքների հիման վրա, և ստիպել անձին մտածել իր համոզմունքներին հակառակ կամ նյութական արժեքի դիմաց հարկադրել արտահայտելու այնպիսի կարծիք, որը չի արտահայտում իր ներքին համոզմունքները, խախտում է անձի սահմանադրական իրավունքը:
26․ Նյութապես շահագրգռելու միջոցով անձանց հավաքին մասնակցելուն հարկադրելը, ըստ Պատասխանողի, կասկածի տակ է դնում հավաքի իրական լինելու փաստը: Այսինքն՝ եթե անձը մասնակցում է հավաքներին միայն «վարձատրվելու» պատճառով, ապա խարխլվում են անձնական համոզմունքներով հավաքներին մասնակցելու և ընդհանրապես հավաքի բնույթն ու գաղափարը: Այսպիսով, անձանց խաղաղ հավաքին մասնակցել ստիպելու կամ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է նրանց սահմանադրական իրավունքները և խաթարում հավաքների և միավորումների կամավոր բնույթը:
27․ Պատասխանողը եզրակացնում է, որ Սահմանադրության 44-րդ հոդվածով սահմանված՝ անձի սահմանադրական իրավունքից օգտվելը անձի սեփական հայեցողությունն է: Անձին նյութապես շահագրգռելու միջոցով ստիպել իրացնել հավաքներին մասնակցելու իր իրավունքը, կամ հարկադրել իրացնել իր այդ իրավունքը, արդեն իսկ միջամտություն է անձի սահմանադրական իրավունքին: Հաշվի առնելով հավաքների կամավոր բնույթը, դրանց անցկացման էությունը, գաղափարը, նպատակը և/կամ հաշվի առնելով անձի արտահայտվելու, կարծիք արտահայտելու, հավաքներին մասնակցելու ազատության սահմանադրական իրավունքները և հիմքում ունենալով այդ իրավունքների արդյունավետ իրացման հնարավոր խաթարումների ռիսկերը՝ օրենսդրի կողմից քրեականացվել է արարքը, որպեսզի բացառվի և/կամ կանխվի անձի հարկադրաբար մասնակցությունը կամ սին համոզմունքի արտահայտումը հավաքներին:
28․ Պատասխանողը պնդում է, որ Սահմանադրության 44-րդ հոդվածով նախատեսված իրավունքից ազատ օգտվելու հնարավորությունը երաշխավորելու և այդ իրավունքի իրացման հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ նախատեսվել է, որ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում են:
29․ Պատասխանողը նշում է, որ խաղաղ հավաքների ժամանակ տրված խոստումները, բողոքի ակցիաները կամ ցույցերն արտացոլում են սովորաբար մասնակիցների պահանջները, դժգոհությունները կամ ձգտումները, ցանկությունները: Այդ խոստումները տարբեր են՝ կախված կոնկրետ համատեքստից և/կամ բարձրացված խնդիրներից, հարցերից:
30․ Ըստ Պատասխանողի՝ ցանկացած շարժառիթ կարող է ազդեցություն ունենալ անձի իրական համոզմունքի վրա: Հետևաբար՝ հավաքների ազատության անձի սահմանադրական իրավունքին միջամտությունը կանխելու նպատակով օրենսդրի կողմից նախատեսվել է քրեական պատասխանատվություն բոլոր այն դեպքերի համար, երբ անձին հարկադրում են մասնակցել հավաքին, ինչպես նաև, երբ անձին նյութապես շահագրգռում են հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու համար: «Նման մոտեցումն ինքնանպատակ չէ, կոչված է երաշխավորելու անձի սահմանադրական իրավունքի անխոչընդոտ իրացումը՝ կանխելով որոշակի հանգամանքով կաշկանդված կամ որոշակի հանգամանքից կախվածության մեջ գտնվելով անձի սին կարծիքի արտահայտումը կամ ստիպված կերպով հավաքին մասնակցությունը»:
31․ Պատասխանողի համոզմամբ քաղաքական խոստումները, այդ թվում՝ քաղաքական գործունեության ընթացքում օրենսդրական փոփոխությունները, բարեփոխումները կամ դրանք իրագործելու մասին խոստումները չպետք է նույնացնել հավաքներին մասնակցելուն անձին նյութապես շահագրգռելուն, քանի որ Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասում հանցանքի էությունը տվյալ հոդվածի, գլխի, բաժնի և ընդհանրապես տվյալ նորմատիվ իրավական ակտի կարգավորման համատեքստում մեկնաբանելիս միանշանակ պարզ է և հստակ, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելն արարք է, որի նպատակը տվյալ հավաքին անձի մասնակցության բացակայությունն է կամ հակառակը՝ անձի մասնակցությունն ապահովելն է, այլ ոչ թե ապագայում իրագործվելիք քաղաքական գործունեությամբ պայմանավորված բարեփոխումներ կատարելու խոստումը: Այսինքն՝ Օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված արարքի նպատակին հասնելու միջոցը նյութապես շահագրգռելն է, «(...) որի միջոցով ենթադրյալ հանցանք կատարած անձն իրագործում է իր նպատակը՝ հավաքին անձի մասնակցելուց հրաժարվելուն դիտավորությամբ հասցնելը կամ հակառակը՝ անձի հավաքին մասնակցելն ապահովելը, իսկ հավաքի ընթացքում հնչեցված քաղաքական հայտարարություններն ու կոչերը, արդեն իսկ մասնակցող անձանց, չի կարող բնութագրվել որպես Օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված հանցագործության միջոց, հետևաբար դուրս է նշյալ դրույթի կարգավորման շրջանակներից»:
32․ Պատասխանողը եզրակացնում է, որ վիճարկվող դրույթի համատեքստում «նյութապես շահագրգռել» հասկացությունը նշանակում է այնպիսի հանգամանք, որի միջոցով կամ որով շահագրգռված կամ կաշկանդված՝ անձը մասնակցում կամ հրաժարվում է մասնակցել հավաքին, ու անհրաժեշտ է տարբերակել հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու դիմաց տրված խոստումը (նյութապես շահագրգռել) ապագայում իրագործվելիք բարեփոխումներն իրականացնելու հաստատակամություն արտահայտելու խոստումից:
33․ Այսպիսով, սահմանափակումների հիմքերը և ծավալը պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ, այսինքն՝ իրավակարգավորումը պետք է լինի հնարավորինս հստակ և ապահովի կանխատեսելիություն:
34․ «Նյութապես շահագրգռել» բառակապակցությունն օգտագործվում է նաև Օրենսգրքի 46 և 210-րդ հոդվածներում, և այդ հոդվածների համատեքստում քննարկվող հասկացության մեկնաբանումը բացահայտում է նաև վիճարկվող հոդվածում նշված «նյութապես շահագրգռել» հասկացության իմաստը: Ինքնին վիճարկվող դրույթում կիրառված հասկացությունը միանշանակ է, որոշակի, իմաստային բացահայտված և չի առաջացնում անորոշություն: Ըստ Պատասխանողի՝ վիճարկվող դրույթը չի սահմանափակում անձին՝ ձևավորելու իր վարքագիծը կամ կանխատեսելու, թե ինչպիսին կարող են լինել հանրային իշխանության գործողությունները, և ինչ հետևանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում, այսինքն՝ անձը զրկված չէ իր վարքագիծը դրույթին համապատասխանեցնելու հնարավորությունից:
35․ Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը որոշակիության տեսանկյունից խնդրահարույց չէ, ինչպես նաև խնդրահարույց չէ համաչափության սկզբունքին համապատասխանելու տեսանկյունից, քանի որ վիճարկվող դրույթով ընտրվել են այնպիսի միջոցներ, որոնք համաչափ են անձի՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու սահմանադրական իրավունքի իրականացման դեմ ուղղված ոտնձգությունը պատժելու հարցում: Պատասխանողը պնդում է, որ նշյալ հոդվածում հիմնական իրավունքին միջամտելն անհրաժեշտ է, քանի որ հետապնդվող նպատակին անհնար է հասնել մեկ այլ, սակայն նույնչափ արդյունավետ ճանապարհով, որն ավելի քիչ կսահմանափակի խնդրո առարկա հիմնական իրավունքով պաշտպանված իրավական բարիքը:
36․ Ըստ Պատասխանողի՝ վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը:
Դ․ Սահմանադրաիրավական վեճի շրջանակները
37․ Սույն սահմանադրական վեճով իրականացվելիք վերացական ստուգման շրջանակում գործի քննությունը վերաբերելու է Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումների սահմաններում Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցավոր արարքի օրենսդրական ձևակերպման սահմանադրականությանը՝ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված հավաքների ազատության իրավունքին և 79-րդ հոդվածով երաշխավորված որոշակիության սկզբունքին համապատասխանության համատեքստում:
Ե․ Գործի շրջանակներում պարզման ենթակա հարցադրումները
38․ Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատելու նպատակով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրումներին.
ա) արդյո՞ք հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար քրեական պատասխանատվության նախատեսումը համապատասխանում է Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված հավաքների ազատության սահմանադրական կարգավորումներին,
բ) արդյո՞ք վիճարկվող իրավակարգավորումը, իրավական պետության չափորոշիչներին համապատասխան, ձևակերպված է այնքան որոշակի և հստակ, որ հնարավորություն է տալիս ընկալելու օրենսդրի պահանջը, կանխատեսելու դրա հետևանքները և անձի վարքագիծը համապատասխանեցնելու այդ պահանջներին՝ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի լույսի ներքո:
Զ. Վեճի լուծմանը վերաբերելի սահմանադրական դրույթները
39․ Սահմանադրության 1-ին հոդված․ «Հայաստանի Հանրապետությունն (...) ժողովրդավարական, (...) իրավական պետություն է»։
40․ Սահմանադրության «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր․
«1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»:
Սահմանադրության «Մարդու արժանապատվությունը» վերտառությամբ 23-րդ հոդված. «Մարդու արժանապատվությունն անխախտելի է»:
41․ Սահմանադրության «Հավաքների ազատությունը» վերտառությամբ 44-րդ հոդված․
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
(...)
4. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:
5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
42․ Սահմանադրության «Որոշակիության սկզբունքը» վերտառությամբ 79-րդ հոդված. «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»։
Է․ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
ա) Հավաքների ազատության հիմնական իրավունքի սահմանադրական դրույթների բովանդակության և դրանց համակարգային հարաբերակցության վերաբերյալ
43․ Սույն սահմանադրական վեճի լուծման համար կարևոր նշանակություն ունի Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված հավաքների ազատության հիմնական իրավունքի իրավական բովանդակության, ինչպես նաև այդ իրավունքի սահմանափակման հիմքերի և կարգի հարաբերակցության բացահայտումը:
44․ Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին մասի տառացի բովանդակությունից բխում է, որ հավաքների ազատության իրավունքը ենթադրում է երկու առանձին իրավական հնարավորություններ. (1) յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն, խաղաղ, առանց զենքի հավաքների մասնակցելու իրավունք (հավաքներին մասնակցելու իրավունք), (2) յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն կազմակերպելու խաղաղ, առանց զենքի հավաքներ (հավաքներ կազմակերպելու իրավունք):
45․ Սահմանադրությունից բխում է, որ հավաքներին մասնակցելու հիմնական իրավունքի կրող է յուրաքանչյուր ոք, որի առջև պարտավոր սուբյեկտներ են բոլորը և յուրաքանչյուրը, ինչպես նաև հանրային իշխանությունը: Դրան համապատասխան՝ «Հավաքների ազատության մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի օրենքի (այսուհետև՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը սահմանում են, որ հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով, և ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։
46․ Հավաքներին մասնակցելու սահմանադրական սուբյեկտիվ իրավունքի իրականացման պայմաններ են խաղաղ, առանց զենքի և ազատորեն մասնակցությունը, այսինքն՝ մասնակցությունը պետք է ընթանա խաղաղ կամ կրի խաղաղ բնույթ, մասնակցությունը պետք է լինի առանց զենքի, իսկ մասնակցի կողմից մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի սեփական ազատ կամքով և կամ արտահայտությամբ, այլ կերպ ասած՝ մասնակցող սուբյեկտի մասնակցությունը հավաքին պետք է զերծ լինի հարկադրանքից՝ սպառնալիքից, շանտաժից և կամքի ազատության վրա այլ բնույթի ազդեցություններից:
47․ Հետևաբար՝ հավաքներին մասնակցելու իրավունքի հասցեատերերը՝ այլք և հանրային իշխանությունը, պարտավոր են ձեռնպահ մնալ հավաքներին մասնակցելուն խոչընդոտելուց, ինչպես նաև դրան մասնակցելուն հարկադրելուց (սպառնալիք, շանտաժ և այլն) կամ բնույթով հանրորեն վտանգավոր այլ եղանակներով մասնակցելը կամ չմասնակցելն ապահովելուց:
48․ Հավաքներ կազմակերպելու սահմանադրական իրավունքով օժտված սուբյեկտը հավաքի կազմակերպիչն է։ Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է, եթե նա հավաքի ղեկավարումը չի հանձնարարել այլ անձի։
49․ Հավաքի կազմակերպչի՝ որպես իրավատիրոջ առջև հիմնական պարտավոր կողմը հանրային իշխանությունն է, որը կրում է պարտականություն՝ Սահմանադրությամբ սահմանված չափորոշիչներին և օրենքով սահմանված կարգին համապատասխան ապահովել հավաք անցկացնելու կազմակերպչի սահմանադրական իրավունքը: Այս իրավահարաբերության իրացման պայմանները նույն են՝ խաղաղ, առանց զենքի և ազատորեն: Սակայն հավաքներ կազմակերպելու ազատության իրավունքի դեպքում «ազատորեն» սահմանադրական հասկացությունը ձեռք է բերում նոր իմաստ և ուղղված է հավաքի կազմակերպման ազատ ընթացակարգի երաշխավորմանը, որպեսզի կազմակերպիչներն առանց խոչընդոտների կարողանան իրականացնել հավաք կազմակերպելու իրենց իրավունքը:
50․ Եթե հավաքներին մասնակցելու ազատության իրավունքի դեպքում «ազատորեն» սահմանադրական հասկացությունը առաջին հերթին ենթադրում է մասնակցի կամքի ինքնավարություն ու ազատություն, ապա հավաքներ կազմակերպելու իրավունքի դեպքում այն առաջին հերթին նշանակում է հավաքի անցկացման ազատական ընթացակարգ, որի ապահովման երաշխավորը հանրային իշխանությունն է, որը պարտավոր է սահմանել հավաքի կազմակերպման այնպիսի կարգ, որը հնարավորություն կտա ազատորեն, առանց ավելորդ արգելքների ու խոչընդոտների կազմակերպել և անցկացնել հավաքը։
51․ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում հատուկ անդրադառնալ Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «ազատորեն» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը՝ ելնելով այն հանգամանքից, որ այն իրավական հարուստ բովանդակություն կրող առանցքային հասկացություն է, որը պարունակում է հավաքների ազատության իրավունքի բովանդակային ծավալի (սահմանների) և իրականացման սահմանադրական կարևորագույն պայմաններ։
52․ Ազատության՝ որպես մարդու իրավունքների հիմնական սահմանադրական արժեքի փիլիսոփայությանը համապատասխան՝ Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին մասում առկա «ազատորեն» եզրույթի բովանդակային կառուցվածքը ներառում է սուբյեկտիվ սահմանադրական իրավունքի բովանդակությունը կազմող որոշակի գործողություններ կատարելու իրական հնարավորությունները, ազատությունն այլոց ոչ լեգիտիմ միջամտությունից այդ իրավունքն իրականացնելիս, ինչպես նաև իրավունքը կրողի սեփական կամային ինքնավարությունը, ինքնորոշումը, որոնք, որպես ներքին և արտաքին տարրերի ամբողջություն, կազմում են հավաքների ազատության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության առանցքը։
53․ Սահմանադրական դատարանը՝ վերոնշյալ մեթոդաբանությանը համահունչ, հավաքների ազատության իրավունքի տարրերից մեկի՝ հավաքներին ազատորեն մասնակցելու (հավաքներին մասնակցելու) իրավունքի սահմանադրական բովանդակության մեջ առանձնացնում է այդ իրավունքը կրողի ազատության առնվազն երեք նշանակություն՝ դրական ազատություն, բացասական ազատություն, կամքի ազատություն։
54․ Հավաքներին մասնակցելու իրավունքի սահմանադրական բանաձևում «ազատորեն» հասկացությունը ենթադրում է դրական ազատություն (status activus), ինչը նշանակում է ինչ-որ բան անելու (գործելու) ազատություն, որն օբյեկտիվ իրավունքում արտահայտվում է հավաքին մասնակցելու և դրանից բխող սուբյեկտիվ այլ իրավունքներով, ենթադրում է անձի՝ որպես սուբյեկտիվ իրավունքի կրողի գործնական-վարքագծային ազատություն, որպիսի պայմաններում նա ունի ինչ-որ բան անելու իրական հնարավորություն, կոնկրետ դեպքում՝ մասնակցելու հավաքներին, դրանում արտահայտելու իր տեսակետները և այլն։
55․ Հավաքներին մասնակցելու իրավունքի սահմանադրական բանաձևում «ազատորեն» հասկացությունը ենթադրում է բացասական ազատություն (status negativus), որն արտահայտվում է այլ սուբյեկտներից ելնող խոչընդոտներից ու սահմանափակումներից, բռնությունից ազատ (զերծ) լինելու անհատի կարգավիճակում և իրավաբանորեն ամրագրվում է որպես իրավահավասարության, խտրականության արգելքի, անձնական անվտանգության, ինքնավարության և այլնի երաշխավորում։ Բացասական ազատությունն այլ անձանց և հանրային իշխանության համար ծնում է պարտականություն՝ ձեռնպահ մնալ հավաքին մասնակցող սուբյեկտի իրավունքների ու շահերի խախտումներից։ Հանրային իշխանությունը միաժամանակ կրում է նաև հավաքներին մասնակցելու իրավունքի բացասական ազատության երաշխավորի պարտականություն։
56․ Հավաքներին մասնակցելու իրավունքի կառուցվածքում բացասական ազատությունը վերաբերում է այն իրավական և փաստական միջավայրին, որի պայմաններում անձը կարող է գործել և իրացնել իր իրավունքը, որը, ի թիվս այլնի, ներառում է՝ (1) հանրային իշխանության անհամաչափ միջամտության բացակայություն, որին համապատասխան այն պարտավոր է ձեռնպահ մնալ անհարկի միջամտություններից (օրինակ՝ չհիմնավորված արգելքներ, վարչական խոչընդոտներ և այլն), (2) կամայական սահմանափակումների բացառում, ինչը ենթադրում է, որ պետք է բացառվեն վարչական կամ օրենսդրական այնպիսի կարգավորումները, որոնք իրենց բնույթով կամ կիրառմամբ կամայական են և անհամաչափորեն սահմանափակում են հիմնական իրավունքը, (3) հավասար հասանելիություն. իրավունքը պետք է իրացվի առանց խտրականության․ «ազատորեն» հասկացությունը ներառում է սահմանադրաիրավական պահանջն առ այն, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա հավասար հնարավորություն՝ մասնակցելու հավաքներին՝ անկախ, ի շարս այլնի, նաև իր քաղաքական կամ այլ հայացքներից, (4) իրավունքի կենսագործման համար նպաստավոր պայմանների ապահովում. «ազատորեն» հասկացությունը չի սահմանափակվում միայն չմիջամտելու պահանջով, այլ ներառում է նաև պետության դրական պարտականությունը՝ ապահովելու այնպիսի միջավայր, որտեղ հավաքներին մասնակցելու ազատությունը կարող է արդյունավետ իրացվել (օրինակ՝ անվտանգության ապահովում, հակառակ խմբերի բախումների կանխում և այլն)։
57․ Հավաքներին մասնակցելու իրավունքի սահմանադրական բանաձևում «ազատորեն» հասկացությունը ենթադրում է կամքի ազատություն (status libertas voluntatis), ինչն անհատի ներքին բնութագիրն է, նրա՝ որպես մարդու բնական հատկությունը։ Կամքի ազատությունն օրենսդիրն առաջին հերթին պայմանավորում է անձի իրավասուբյեկտությամբ։ Այսպես՝ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։ Սակայն իրավունքը կրող սուբյեկտի կամքի ազատության անհրաժեշտ դրսևորում է նաև նրա՝ որպես մարդու ինքնորոշումը, անկախությունը և ինքնավարությունը, հնարավորությունը մտածել և գործել՝ մասնակցել հավաքներին սեփական կամքով՝ առանց կամքի վրա արտաքին բացասական գործոնների ազդեցության։
58․ Հավաքներին մասնակցելու իրավունքի իրացման գործընթացում կամքի ազատությունը հանգում է անձի ներքին ինքնավարությանը՝ առանց արտաքին ճնշման և բացասական այլ ազդեցության ձևավորելու իր վարքագիծը, որը ենթադրում է. (1) կամքի ինքնավարություն. «ազատորեն» սահմանադրաիրավական որակը ենթադրում է, որ հավաքին մասնակցելու որոշումը կայացվում է անձի կողմից՝ առանց հարկադրանքի, սպառնալիքի և նման բնույթի այլ բացասական ազդող գործոնի։ Այստեղ առանցքային է կամքի ձևավորման ազատությունը՝ որպես իրավունքի իրացման նախադրյալ, (2) ինքնադրսևորման ազատություն. հավաքը՝ որպես կոլեկտիվ արտահայտման ձև, ենթադրում է, որ անձը կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը, դիրքորոշումը կամ պահանջները։ «Ազատորեն» հասկացությունն այս համատեքստում ապահովում է, որ այդ արտահայտումը չլինի նախապես պայմանավորված կամ սահմանափակված գաղափարական գրաքննությամբ կամ այլ հանգամանքով, (3) ներքին համոզմունքների անձեռնմխելիություն. անձը ոչ միայն ազատ է մասնակցելու կամ չմասնակցելու հավաքին, այլև ազատ է իր համոզմունքների ձևավորման և պահպանման հարցում՝ առանց պետության կամ այլ սուբյեկտների ներգործության։
59․ Այսպիսով, Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին մասում Սահմանադրի կողմից ամրագրված «ազատորեն» եզրույթը պետք է դիտարկել որպես յուրաքանչյուրի՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին մասնակցելու իրավունքի որակական բնութագիր, անձի իրավաչափ գործողությունների, բացասական ազդեցություններից զերծ լինելու և մասնակցության կամավորության ազատություն։ Ժողովրդավարության շարունակական զարգացման հանձնառությունն ստանձնած հանրային իշխանությունը պետք է վարի իրավական և գործնական համալիր քաղաքականություն, որի առանցքում պետք է լինի անձի՝ հավաքներին մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքն իրապես ազատորեն կենսագործելու համար նպաստավոր միջավայրի ձևավորումը, որտեղ անձի կամքի ինքնավարությունը կլինի իրական, գործունակ և արդյունավետորեն երաշխավորված:
60․ Հանրային իշխանությունը՝ որպես հավաքներին մասնակցելու իրավահարաբերության պարտավոր կողմ, ունի հավաքների ազատության իրավունքի սահմանադրական պայմանների՝ խաղաղ բնույթի և առանց զենքի, ինչպես նաև դրա ազատության երեք առումների երաշխավորի պարտականություն, ինչից բխում է, որ հանրային իշխանությունը պետք է ձևավորի այնպիսի երաշխիքների և կառուցակարգերի (ներառյալ իրավական) համալիր, որոնք կապահովեն հավաքներին մասնակցության ազատության սահմանադրական պայմանները, ընդհուպ մինչև մասնակցության ազատությունը ոտնձգող հանրորեն վտանգավոր արարքների համար իրավական պատասխանատվության սահմանումը:
61․ Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է հավաքների կազմակերպման ազատության իրավունքին, իսկ 4-րդ մասն ազդարարում է, որ հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմանները և կարգը սահմանվում են օրենքով: Այսպիսով, Սահմանադրության 44-րդ հոդվածում ամրագրված հավաքների ազատության հիմնական իրավունքի բովանդակային հիմնական դրույթները՝ որպես սուբյեկտիվ իրավունքի սահմաններ, ամրագրված են նշյալ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, մանրամասնեցված են Օրենքով: Սահմանադրության 44-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերում ամրագրված են հավաքների ազատության հիմնական իրավունքի սահմանափակման ընդհանուր և հատուկ իրավակարգավորումները, որոնք, սակայն, բովանդակային և համակարգային առնչություն չունեն Օրենսգրքի 236-րդ հոդվածի՝ որպես արգելող իրավադրույթի հետ. մատնանշված իրավակարգավորումը ոչ թե խնդրո առարկա հիմնական իրավունքի սահմանադրական բովանդակության սահմանափակման եղանակ է, այլ նշված հիմնական իրավունքի սահմանադրական բովանդակության մաս կազմող «ազատության» սկզբունքի քրեաիրավական երաշխիք:
62․ Հիմք ընդունելով այս ելակետային եզրակացությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս տեսանկյունից անհիմն են դիմողի այն հիմնավորումները, ըստ որոնց՝ Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելու մասով, հիմնական իրավունքի սահմանափակում է և որպես այդպիսին հակասում է Սահմանադրության 44-րդ հոդվածին, 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքին, 81-րդ հոդվածին2:
63․ Ամփոփելով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հանցավոր արարքները, մասնավորապես նաև «օրինական կամ անօրինական հավաքին (...) մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը», հանդիսանում են հավաքներին մասնակցելու ազատության սահմանադրական պայմանի քրեաիրավական երաշխիքներ։
բ) Հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու քրեականացման մասով
64․ Սահմանադրական դատարանը, Օրենսգրքի 236-րդ հոդվածը որպես իրավակարգավորում դիտարկելով ոչ թե խնդրո առարկա հիմնական իրավունքի սահմանադրական բովանդակության սահմանափակման դրսևորում, այլ նշված հիմնական իրավունքի սահմանադրական բովանդակության մաս կազմող «ազատություն» սկզբունքի երաշխիք, անհրաժեշտ է համարում այդ համատեքստում անդրադառնալ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների երաշխավորման հարցում հանրային իշխանության սահմանադրական պարտականություններին:
65․ Հավաքների ազատության իրավունքի սահմանադրական ամրագրումը ենթադրում է այն երաշխավորված՝ իրական և արդյունավետ դարձնելու հանրային իշխանության ինչպես բացասական (negative), այնպես էլ դրական (positive) պարտականությունները։ Հանրային իշխանությունը պարտավոր է ձեռնպահ մնալ խաղաղ հավաքների կազմակերպման և անցկացման գործընթացին միջամտելուց, եթե բացակայում է սահմանադրորեն հիմնավորված պատճառաբանությունը։ Սակայն ցանկացած իրավունքի գործնական իրացումը, կենսագործման արդյունավետությունը պահանջում են նաև պետության դրական՝ ակտիվ դերակատարում։ Եթե հավաքների ազատության երաշխավորման առումով պետության բացասական պարտականությունը հանգում է հանրային իշխանության միջամտության սահմանների որոշմանը, ապա դրական պարտականությունը՝ իրավունքի կենսունակության իրավական, գաղափարական, ինստիտուցիոնալ, նյութական և ընթացակարգային բաղադրիչներին ու պայմաններին, որոնք կոչված են երաշխավորելու իրավունքի կենսագործման գաղափարական, իրավական և վարչարարական (կազմակերպական) կանխատեսելի ու թափանցիկ միջավայրը։ Դրական պարտականության առանցքային բաղադրիչներից է հավաքի մասնակիցների պաշտպանությունը երրորդ անձանց միջամտությունից։
66․ Այսպիսով, առանց հիմնական իրավունքների նկատմամբ հարգանք և պաշտպանություն ապահովող արդյունավետ օրենսդրական կառուցակարգերի ու երաշխիքների դրանք կվերածվեն հռչակագրային և գործնականում անիրագործելի իրավունքների: Ընդ որում՝ հանրային իշխանությունը՝ ի դեմս օրենսդրի, կարող է նախընտրել հիմնական իրավունքների երաշխավորման ու պաշտպանության քրեաիրավական գործիքակազմը:
67․ Սահմանադրական դատարանը գտնում է, որ հավաքներին մասնակցելու իրավունքի սահմանադրական բովանդակության անքակտելի մասը կազմող ազատության բոլոր առումների, հատկապես կամքի ազատության՝ որպես սահմանադրական արժեքների պաշտպանության անհրաժեշտությունն անկասկած իրավական աքսիոմ է, հետևաբար՝ այդ իրավական տրամաբանությունից ելնելով՝ օրենսդիրը հանցագործություն է համարել «Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» և Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասում՝ որպես պատժի սպառնալիքով արգելված արարք ամրագրվել է «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը»։
68․ Վերոգրյալը նկատի ունենալով՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ հիմնական իրավունքի իրականացման սահմանադրական պայմանները ոտնձգող արարքների համար իրավական պատասխանատվության սահմանումը չի կարող դիտարկվել որպես հիմնական իրավունքի խախտում օրենսդրի կողմից: Մյուս կողմից Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ քրեականացման օբյեկտիվ հիմքը, այն է՝ որոշակի սահմանադրական արժեքների քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն անքակտելիորեն պայմանավորված է նաև հասարակության քաղաքական-իրավական գիտակցության մակարդակով, ժողովրդավարական ինստիտուտների կայացման աստիճանով, սոցիալական ու տնտեսական առանձնահատկություններով, անցյալի քաղաքական փորձով և բազում այլ գործոններով։
69․ Հասարակության սոցիալ-տնտեսական ոչ բավարար զարգացածության պայմաններում հասարակական հարաբերությունները հաճախ բնութագրվում են նյութական կախվածությունների բարձր աստիճանով։ Այդպիսի միջավայրում հասարակության անդամների մի զգալի հատված, գտնվելով սոցիալապես անապահով վիճակում, առավել խոցելի է արտաքին ներգործություններից, ինչը կարող է հանգեցնել նաև նյութական խթանման միջոցով հասարակական և քաղաքական գործընթացներին ներգրավմանը։ Այս համատեքստում հավաքներին մասնակցելու կամ դրանց մասնակցելուց հրաժարվելու համար նյութապես շահագրգռելը դադարում է լինել «անմեղ» խթանման ձև և վերածվում է ժողովրդավարական ինստիտուտների էության խաթարման գործիքի։ Այն փոխակերպում է հավաքների ազատությունը՝ որպես ինքնավար և ազատ կամարտահայտման ձև, կառավարվող և արհեստականորեն խթանվող «մասնակցության», ինչը փաստացի քայքայում է հրապարակային քննարկման իսկությունը։
70․ Ժողովրդավարական հասարակությունում հավաքներին մասնակցությունը ենթադրում է ոչ թե հարկադրված, նյութապես ուղղակի վարձատրվող մասնակցություն, այլ գիտակցված, ինքնուրույն և անկաշկանդ կամարտահայտում։ Երբ մասնակցությունը պայմանավորվում է նյութական շահագրգռվածությամբ, տեղի է ունենում կամքի ձևախեղում՝ այն վերածելով շուկայական փոխանակման առարկայի, ինչն անթույլատրելի է: Այս երևույթն օբյեկտիվորեն սաղմնավորում է մի շարք համակարգային սպառնալիքներ, այդ թվում՝ հասարակական և քաղաքական գործընթացների լեգիտիմության նվազում, քանի որ հավաքներում դրսևորված հասարակական կարծիքը դադարում է արտացոլել իրական տրամադրությունները, հիմնական իրավունքի իրացման գործընթացում ֆինանսական առավել ռեսուրսներ ունեցող անձինք ձեռք են բերում անհամաչափ ազդեցություն, տեղի է ունենում հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակական վստահության արհեստական անկում։
71․ Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու պարագայում իրապես առկա են ազատ կամարտահայտման սահմանադրական հրամայականը խոցելի դարձնող հանրային վտանգներ ու սպառնալիքներ․ հասարակական-քաղաքական գործընթացները կարող են պայմանավորվել «ֆինանսական մանիպուլյացիաներով»՝ վերջնարդյունքում հանգեցնելով հավաքների ազատության սահմանադրական էության և բովանդակության կորստի։ Այս պայմաններում քրեականացումը (1) հանդես է գալիս ոչ թե որպես հավաքներին մասնակցության իրավունքի սահմանափակում, այլ որպես դրա իրական սահմանադրական բովանդակության երաշխավորման և պահպանման միջոց, (2) նպատակամղված է ժողովրդավարության ուղին բռնած պետության սահմանադրական հիմքերը վտանգող միտումների, այն է՝ հասարակական-քաղաքական գործընթացների առևտրայնացման, սոցիալական խոցելիության շահագործման, ժողովրդավարության էության խաթարման հաղթահարմանը, (3) հետապնդում է ոչ թե հավաքներին մասնակցության սահմանափակման կամ արգելման, այլ այդ մասնակցության իսկության երաշխավորման նպատակ՝ կանխելով սոցիալապես խոցելի խմբերին նյութական վարձատրության միջոցով քաղաքական գործիքի վերածելը։
72․ Սահմանադրական դատարանը, նախկինում արտահայտված դիրքորոշումներում անդրադառնալով մարդու արժանապատվության` որպես բարձրագույն արժեքի սահմանադրական իրավական բովանդակությանը3, հիմք ընդունելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ Նախաբանի այն հիմնարար դրույթը, որ «մարդու իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից», գտել է, որ «(...) մարդու արժանապատվությունը, լինելով բոլոր իրավունքների և ազատությունների հիմք, կանխորոշում է իրավունքների և ազատությունների թե´ բովանդակությունը, թե´ իրացման սահմանները» (ՍԴՈ-1612), և ի թիվս այլնի, մարդու արժանապատվության առանցքային բաղադրատարր է նաև «(...) անհատական հատկանիշներով պայմանավորված բարոյական տառապանքներից զերծ մնալը» (ՍԴՈ-1121)4։ Այս համատեքստում Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ վերոնշյալ հանրային վտանգներն ու սպառնալիքները ոտնձգում են Սահմանադրության 3-րդ հոդվածի երկրորդ նախադասությամբ սահմանված՝ «Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է» սահմանադրական կարգի հիմունքը, հակասում են Սահմանադրության 23-րդ հոդվածով ամրագրված՝ «Մարդու արժանապատվությունն անխախտելի է» հիմնադրույթին:
73․ Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար քրեական պատասխանատվության սահմանումը բխում է Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված ժողովրդավարական պետության, ինչպես նաև 3 և 23-րդ հոդվածներով ամրագրված մարդու արժանապատվության անօտարելիության ու անխախտելիության սկզբունքներից և կոչված է երաշխավորելու Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքը:
գ) «Հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել» քրեաիրավական ձևակերպման որոշակիության մասով
74․ Իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքն իրավադրույթներին ներկայացվող հստակության, մատչելիության և կանխատեսելիության պահանջներով առանցքային երաշխիք է իրավական պետություն սահմանադրական կարգի հիմունքից բխող իրավունքի գերակայության և իրավական անվտանգության գաղափարներն իրավական համակարգում նյութականացնելու համար, ինչը կարևորվել է Սահմանադրական դատարանի բազմաթիվ որոշումներում (2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630, 2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753, 2014 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1148, 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270)։ Այդ որոշումներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում արտահայտված որոշակիության սկզբունքին համահունչ մշակված դիրքորոշումները պահանջում են, որ համապատասխան իրավադրույթները ձևակերպված լինեն բավարար աստիճանի հստակությամբ և ճշգրտությամբ, ինչը հնարավորություն կտա հասցեատերերին դրանց համապատասխանեցնելու իրենց վարքագիծը, կանխատեսելու այն իրավական հետևանքները, որոնք կարող են առաջանալ դրանց գործողության արդյունքում։
75․ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ (1) սահմանադրական մի շարք իրավունքների ու ազատությունների իրականացման կամ իրականացնելուց հրաժարվելու դրդապատճառների հիմքում երբեմն նյութական շահը կամ այդպիսի շահագրգռումը էական դեր է խաղում, իսկ որոշակի քաղաքական, իրավական գործընթացներում դրանք շատ հաճախ բնականոն և իրավաչափորեն ենթադրելի են։ Խաղաղ հավաքները կարող են հետապնդել տարատեսակ ու բազմազան նպատակներ, ներառյալ որոշակի նյութական ակնկալիքներ ենթադրող տեսակետների արտահայտման, շահերի և իրավունքների պաշտպանության կապակցությամբ։ Օրինակ՝ հավաքի կազմակերպիչը կամ անցկացնողը կարող է քարոզել հավաքին մասնակցելու կամ դրան մասնակցելուց հրաժարվելու ակտիվություն՝ քարոզելով նաև նյութական որոշակի օգուտներ և շահեր՝ որպես հավաքի անցկացման նպատակ կամ դրանից ակնկալվող արդյունք, (2) մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ հնարավոր տարածական մեկնաբանման հետևանքով առաջացող վտանգները, որոնց մասին ակնարկում է Վենետիկի հանձնաժողովը՝ CDL-AD(2025)037 խորհրդատվական կարծիքում՝ 25-րդ կետում նշելով, որ նյութատեխնիկական (լոգիստիկ) ապահովման այնպիսի եղանակները, ինչպիսիք են ցուցարարների տեղափոխումը, սննդի, կացարանի ապահովումը կամ հիմնական բանախոսների ծախսերի փոխհատուցումը, խաղաղ հավաքի կազմակերպման ստանդարտ գործընթացներ են:
76․ Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1646 որոշմամբ գնահատելով քրեաիրավական ձևակերպման սահմանադրականությունը որոշակիության սկզբունքի դիրքերից, արձանագրել է․ «Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ իրավական որոշակիությունը չպետք է բացարձականացնել: Գնահատողական եզրույթների առկայության պատճառով իրավակարգավորումն ինքնին խնդրահարույց չէ, որպիսի պայմաններում որոշակիության ծավալը լրացնելու ու իրավադրույթների կիրառման համար անհրաժեշտ ու բավարար բովանդակություն հաղորդելու առաքելությունը վերապահված է իրավակիրառողին»։ Նշված որոշման մեջ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ իրավադրույթներում առկա եզրույթների և ձևակերպումների ընդհանրական և գնահատողական բնույթը չի խաթարում իրավական որոշակիության սկզբունքը, և հետևաբար՝ «(...) Վիճարկվող դրույթում առկա ընդհանրական ձևակերպումների բովանդակությունը պետք է բացահայտվի իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում՝ նկատի ունենալով յուրաքանչյուր կոնկրետ դեպքը և դրա առանձնահատկությունները (...)»։
77․ Այս առնչությամբ կայուն իրավական դիրքորոշում ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ըստ որի՝ չնայած սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց. իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է (The Sunday Times v. the United Kingdom, Application no. 6538/74, 26.04.1979, §49):
78․ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» հանցակազմի օրենսդրական ձևակերպմանը բնորոշ չէ անհստակությամբ և անճշտությամբ պայմանավորված անորոշությունը, այլ խնդիրը հանգում է ձևակերպման վերացականությամբ պայմանավորված գնահատողական բնույթին, որը սակայն չի խաթարում իրավական որոշակիության սկզբունքը: Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասում առկա նյութապես շահագրգռման՝ որպես վերացական իրավադրույթի իրավական որոշակիությանը համահունչ ճշգրտության, կանխատեսելիության և մատչելիության ապահովման պատշաճ միջոցը դրա, ըստ հանցակազմի բոլոր տարրերի (օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ և սուբյեկտիվ կողմ) հետ առնչության, մեկնաբանությունն ու կիրառումն է։
79․ Այսպիսով, «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» հանցակազմի օրենսդրական ձևակերպման մեջ «նյութապես շահագրգռել» հասկացության պատշաճ մեկնաբանման խնդիրը, դրանով պայմանավորված հանցավոր արարքի առկայության կամ բացակայության հարցը, ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից, իրավակիրառ պրակտիկայի, այսինքն՝ վարույթն իրականացնող մարմնի, այդ թվում՝ եռաստիճան դատական համակարգի գնահատման տիրույթում է: Իրավակիրառ և դատական մարմինները պետք է առաջնորդվեն վիճարկվող դրույթի կիրառման միասնական պրակտիկա ձևավորելու հրամայականով, ինչը կնպաստի իրավական կանխատեսելիության բարձրացմանը և վերացական հասկացությունների գնահատման հայեցողության սահմանների հստակեցմանը։
80․ «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270):
81․ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական որոշակիությունը սահմանադրական չափանիշ է, որին մշտապես պետք է ձգտի ոչ միայն իրավաստեղծը (օրենսդիրը), այլ նաև իրավակիրառ պրակտիկան, որի մեկնաբանողական իրավական դիրքորոշումները յուրաքանչյուր հանցակազմի շրջանակում պետք է կառուցվեն հանցավոր արարքի օրենսդրական բնութագրի գնահատման և մեկնաբանության իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքից բխող հստակ մեթոդաբանական հիմքերի վրա՝ առաջնահերթորեն ապահովելով հիմնարար իրավունքների և ազատությունների պահպանումը, պաշտպանությունը:
82․ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ «նյութապես շահագրգռել» չի կարող որակվել հավաքի անցկացմամբ հետապնդվող նպատակներից ու արդյունքներից ակնկալվող իրավաչափ նյութական շահը, հավաքի կազմակերպման ու անցկացման ընթացքում կազմակերպչական անհրաժեշտ ծախսերը։ Իրավակիրառող սուբյեկտները պարտավոր են խնդրո առարկա ձևակերպումը սահմանափակել միայն այնպիսի վարքագծով, որն ազդեցություն ունի անձի կամքի ձևավորման վրա և այդպիսով խախտում է անհատի՝ որոշում կայացնելու ազատ կամարտահայտությունը՝ մասնակցությունը կամ մասնակցելուց հրաժարվելը վերածելով իրականում «գնված» վարքագծի։
83․ Իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր նյութական խթան չէ, որ քրեորեն արգելված է, այլ միայն այն, որը (1) կարող է ազդեցություն ունենալ վարքագծի ընտրության վրա, (2) ներառված է նյութապես շահագրգռելու նպատակի դիտավորության շրջանակներում՝ հասնել հավաքներին մասնակցելու կամ դրանց մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ մասնակցի կամքի ձևավորմանը՝ խաթարելով նման որոշման կայացման ազատության սկզբունքը։
84․ Ըստ այդմ՝ հավաքին մասնակցության կազմակերպչական և ընթացիկ ծախսերը, որոնք նպատակային կերպով չեն պայմանավորում անձի մասնակցությունը հավաքին, փաստացի չեն խաթարում անձի՝ հավաքին մասնակցելու ազատ կամարտահայտությունը, չեն կարող դիտարկվել իբրև Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել»: Նշյալ հանցավոր արարքի օբյեկտիվ կողմում «նյութապես շահագրգռելը» առկա է միայն այն դեպում, երբ նյութական խթանն իր էությամբ և ինտենսիվությամբ կարող է ազդել անձի ազատ կամքի վրա:
Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումների շրջանակում ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1․ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը:
2․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
________________
1 Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-AD(2025)037-e:
2 Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ դիմումի 14-21-րդ էջերում միջազգային պայմանագրերին և խորհրդատվական փաստաթղթերին կատարված հղումները, դրանցից, ինչպես նաև Մարդու իրավունքնեի եվրոպական դատարանի «Աշուղայնն ընդդեմ Հայաստանի» 17․07․2008 թ․ և «Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» 11․07․2007 թ․ վճիռներից կատարված մեջբերումները վերաբերում են հավաքների կազմակերպման, անցկացման ազատության հարցերին կամ հավաքներին մասնակցելու ազատության status activus կամ status negativus առումներին, բայց ոչ status libertas voluntatis տարրին։
3 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 4-ի ՍԴՈ-649, 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-913, 2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121, 2021 թվականի հոկտեմբերի 5-ի ՍԴՈ-1612 որոշումները:4 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես անդրադարձել է մարդու արժանապատվության իրավական բովանդակության բացահայտման հիմնահարցին, մասնավորապես՝ նշելով, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի զարգացրած իրավունքն ընդհանուր առմամբ ճանաչում է անձնական կյանքի և դրա հետ կապված արժեքների կարևորությունը։ Այդ արժեքները, ի թիվս այլնի, ներառում են հոգեբանական բարեկեցությունը և արժանապատվությունը (Beizaras and Levickas v. Lithuania, Application no. 41288/15, 14.01.2020, Final 14.05.2020, §117), ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը (Söderman v. Sweden, Application no. 5786/08, 12.11.2013, § 80):
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
29 ապրիլի 2026 թվականի ՍԴՈ-1826 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2026 թվական: