ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 21350/19)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2 ապրիլի 2026թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2026 թվականի մարտի 12-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ 2019 թվականի ապրիլի 15-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Դ. Շաղրամանյանը:
3. Գանգատն ուղարկվել է Հայաստանի կառավարություն (Կառավարություն)։
ՓԱՍՏԵՐԸ
4. Դիմումատուի տվյալները և գանգատին առնչվող համապատասխան տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:
5. Դիմումատուն բողոք է ներկայացրել իր դեմ հարուցված քրեական վարույթի ընթացքում ոչ արդար դատաքննության վերաբերյալ, մասնավորապես՝ այն վկային դատարանում հարցեր ուղղելու հնարավորության բացակայության պատճառով, որի ցուցմունքն էական դեր է ունեցել իր դատապարտումն ապահովելու գործում։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. Կոնվենցիայի 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ «Դ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուն բողոք է ներկայացրել իր դեմ հարուցված քրեական վարույթի ընթացքում ոչ արդար դատաքննության վերաբերյալ, մասնավորապես՝ այն պատճառով, որ նա հնարավորություն չի ունեցել դատարանում հարցեր ուղղել իր դեմ ցուցմունք տված վկային։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի վրա։
7. Ընդհանուր սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այն դեպքերում, երբ մեղադրանքի կողմի վկան չի ներկայացել դատաքննությանը, և նրա կողմից նախկինում տրված ցուցմունքներն ընդունվել են որպես ապացույց, հստակ սահմանված են Դատարանի նախադեպային իրավունքում (տե՛ս Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]], թիվ 9154/10, §§ 100-31, ՄԻԵԴ 2015 թ.)։ Շաչաշվիլիի գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել խախտում, քանի որ իշխանությունները հնարավորություն չեն ընձեռել դիմումատուին վարույթի որևէ փուլում հարցաքննել մեղադրանքի կողմի երկու հիմնական վկաներին (նույն տեղում՝ §§161-65)։ Թեև այս սկզբունքները մշակվել են այն իրավիճակների համար, երբ մեղադրանքի կողմի վկան չի ներկայանում դատաքննությանը, այնուամենայնիվ, դրանք կարող են կիրառելի լինել նաև այն դեպքերում, երբ վկաները ներկայանում են դատարան, սակայն դատավարական խախտումները խոչընդոտում են դիմումատուի՝ նրանց հարցաքննելու հնարավորությունը։ Դրանք կարող են ծառայել նաև որպես ուղեցույց այն դեպքերում, երբ խնդրո առարկա հարցն այն չէ, որ վկաները չեն ներկայացել դատաքննությանը, այլ հարցը նրանց խաչաձև հարցաքննության մեթոդներն են, որոնք կարող են սահմանափակել պաշտպանության կողմի իրավունքները (տե՛ս Չերնիկան ընդդեմ Ուկրաինայի [Chernika v. Ukraine], թիվ 53791/11, § 46, 2020 թվականի մարտի 12):
8. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին և ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, այդ թվում՝ կողմերի դիտարկումները, Դատարանը չի հայտնաբերել սույն բողոքի ընդունելիության և էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Դատարանը համարում է, որ այն փաստը, որ դիմումատուին հնարավորություն չի տրվել առանցքային հարցեր ուղղելու տվյալ վկային, զգալի նշանակություն ունի նրա նկատմամբ իրականացված քրեական վարույթի ընդհանուր արդարացիության գնահատման հարցում։ Դատարանը նաև հաշվի է առնում, որ իր տրամադրության տակ գտնվող նյութերում չկա որևէ փաստ, որի համաձայն ազգային դատական մարմինների կողմից ջանք է գործադրվել կիրառելու հակակշռող միջոցներ՝ փոխհատուցելու համար այն դժվարությունները, որոնց բախվել է դիմումատուն վկայի չստուգված ցուցմունքները որպես ապացույց ընդունելու հետևանքով։
9. Հետևաբար սույն բողոքն ընդունելի է, և դրանով բացահայտվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «Դ» ենթակետի խախտում։
II. այլ բողոքներ
10. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ դիմումատուն նաև բողոքել է, որ ներպետական դատարանները պատշաճ կերպով չեն անդրադարձել վկայի չստուգված ցուցմունքի գնահատման վերաբերյալ իր ներկայացրած փաստարկներին։ Հաշվի առնելով սույն գործով փաստերը, կողմերի փաստարկները և կատարած վերոնշյալ եզրահանգումները՝ Դատարանը համարում է, որ անդրադարձել է գործով հիմնական իրավական հարցերին (տե՛ս վերևում հիշատակված 7-9-րդ պարբերությունները), և մնացած մասով բողոքը քննելու անհրաժեշտություն չկա (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Campeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, § 156, ՄԻԵԴ, 2014 թ.)։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի [Avetisyan v. Armenia], թիվ 13479/11, §§ 73-74, 2016 թվականի նոյեմբերի 10)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն ներկայացված բողոքն ընդունելի և գտնում է, որ դիմումատուի կողմից բերված մնացած բողոքներն առանձին քննելու անհրաժեշտություն չկա.
2. Վճռում է, որ սույն գանգատով բացահայտվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում այն հիմքով, որ դատարանում հնարավորություն չի ընձեռվել հարցեր ուղղել այն վկային, որի ցուցմունքն էական դեր է ունեցել դիմումատուի դատապարտումն ապահովելու գործում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 2-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Վիկտորիա Մարադուդինա՝ |
Անդրեաս Զունդ՝ |
|
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «Դ» ենթակետով ներկայացված բողոքներ պարունակող գանգատ
(ոչ արդար դատաքննություն՝ վկաներին հարցաքննելու իրավունքի սահմանափակումների համատեքստում)
|
Գանգատ թիվ Ներկայացման ամսաթիվը |
Դիմումատուի անունը Ծննդյան տարեթիվը |
Ներկա-յացուցչի անունը և գտնվելու վայրը |
Ներպետական վերջնական որոշումը Առաջադրված մեղադրանքները |
Դատաքննությանը չներկայացած վկան (նշվում են անվան առաջին տառերը) Վկայի ցուցմունքի համառոտ շարադրանքը |
Ներկա չգտնվելու պատճառները |
Դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)[1] |
Յուրաքանչյուր գանգատի դիմաց ծախսերի և ծախքերի համար տրվող գումարը (եվրոյով)[2] |
|
21350/19 15/04/2019 |
Հրայր ՀԱԿՈԲՅԱՆ 1959թ. |
Շաղրամանյան Դիանա Երևան |
Վճռաբեկ դատարան 16/10/2018 Պետական միջոցների յուրացում (առանձնապես խոշոր չափերի խարդախություն և պաշտոնական փաստաթղթերի կեղծում) |
Հ.Զ. Հ.Զ.- ի ցուցմունքը միակ ապացույցն էր, որը նշում էր դիմումատուի անմիջական մասնակցությունը պետական միջոցների յուրացման գործում և վճռորոշ դեր է ունեցել այդ մասով վերջինիս դատապարտման գործում: Դիմումատուին հանցագործությունների կատարման համար առաջադրված մեղադրանքների հետ կապող այլ ուղղակի ապացույցներ չեն եղել։ |
Թեև Հ.Զ.-ն նախաքննության ընթացքում երկու անգամ հարցաքննվել է, այնուամենայնիվ, վկան միայն երկրորդ հարցաքննության ժամանակ է դիմումատուի դեմ տվել մեղադրական ցուցմունքներ։ Դատարանում նա հրաժարվել է այդ ցուցմունքներից՝ պնդելով, որ քննիչը դրանք սխալ է արձանագրել և փորձել է շփոթեցնել իրեն։ Նախագահող դատավորը ձևական պատճառներով թույլ չի տվել Հ.Զ.-ին պատասխանել պաշտպանության կողմի հարցերին, որոնք վերաբերում էին դիմումատուին առաջադրված մեղադրանքներին և նրա համապատասխան մեղադրական ցուցմունքին: Մասնավորապես դատավորը թույլ չի տվել դիմումատուի ներկայացուցչին հարցեր ուղղել վկային նրա ցուցմունքների միջև եղած անհամապատասխանությունների, այդ թվում՝ դիմումատուին գումար փոխանցելու և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ այն հիմքով, որ Հ.Զ.-ն լրացուցիչ հարցաքննության էր կանչվել միայն իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, հետևաբար նա չէր կարող հարցաքննվել այլ հարցերի վերաբերյալ: |
2,400 |
1,000 |
________________________
1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: