ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂ «ՎԻՆՉԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ԳՐԱՆԴՍ ՓՐՈՋԵՔԹՍ» ՈՒ «ՌԱԶԵԼ-ԲԵԿ-ՍԱՍ» ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ՝ «ՀՀ-ՈՒՄ ԲԱՐԳՈՒՇԱՏԻ ԹՈՒՆԵԼԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 609-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2026 թվականի N 609-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂ «ՎԻՆՉԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ԳՐԱՆԴՍ ՓՐՈՋԵՔԹՍ» ՈՒ «ՌԱԶԵԼ-ԲԵԿ-ՍԱՍ» ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՐԳՈՒՇԱՏԻ ԹՈՒՆԵԼԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանության տալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և համատեղ գործող «Վինչի Քոնսթրաքշն Գրանդս Փրոջեքթս» ու «Ռազել-բեկ Սաս» ֆրանսիական ընկերությունների միջև կնքվող՝ «Հայաստանի Հանրապետությունում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի նախագծին՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հուշագրի ստորագրումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 30-ի N 609-Ա որոշման

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԲԱՐԳՈՒՇԱՏԻ ԹՈՒՆԵԼԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵՎ

«ՎԻՆՉԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ԳՐԱՆԴՍ ՓՐՈՋԵՔԹՍ»-Ի,

«ՌԱԶԵԼ-ԲԵԿ ՍԱՍ»-Ի ՄԻՋԵՎ

 

Սույն փոխըմբռնման հուշագիրը (ՓՀ) կազմվել և կնքվել է 2026 թվականի մայիսի xx-ին (Ուժի մեջ մտնելու ամսաթիվ)՝ հետևյալ անձանց կողմից և միջև՝

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ ՏԿԵՆ), որի գլխամասային գրասենյակի գտնվելու վայրի հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Կառավարական տուն 3, Հանրապետության հրապարակ, որը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության անունից՝ ի դեմս […………]-ի,

մի կողմից,

ԵՎ

«ՎԻՆՉԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ԳՐԱՆԴՍ ՓՐՈՋԵՔԹՍ»-ի (այսուհետ՝ ՎՔԳՓ)՝ ֆրանսիական ընկերություն, որի գլխամասային գրասենյակի գտնվելու վայրի հասցեն է՝ Ֆրանսիա, Նանտեր, 1973 բուլվար դե լա Դեֆանս (92), ի դեմս տարածաշրջանային նախագծերի ղեկավար Ժան-Ֆիլիպ Սալայի,

ԵՎ

«ՌԱԶԵԼ-ԲԵԿ ՍԱՍ»-ի (այսուհետ՝ ՌզԲ)՝ ֆրանսիական ընկերություն, որի գլխամասային գրասենյակի գտնվելու վայրի հասցեն է՝ Ֆրանսիա, 91892 Օրսե Սեդեքս, Քրիստ դե Սաքլե, Ռենե Ռազել փողոց 3, ի դեմս՝ Միջազգային տնօրեն պրն Ալեն Բեսոնի,

ՎՔԳՓ-ն և ՌզԲ-ն այսուհետ միասին՝ Հետաքրքրված կապալառուներ,

մյուս կողմից․

ՏԿԵՆ-ը և Հետաքրքրված կապալառուներն այսուհետ առանձին՝ Կողմ, իսկ միասին՝ Կողմեր:

 

ՔԱՆԻ ՈՐ՝

Ա․ ՏԿԵՆ-ը ցանկանում է զարգացնել Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Բարգուշատի թունելի ծրագիրը (Ծրագիր

Բ․ Ծրագրի նախագծման և շինարարական աշխատանքներն իրականացնելու համար ՏԿԵՆ-ն իր պատրաստակամությունն է հայտնել ներգրավելու համապատասխան որակավորում ունեցող և փորձառու շինարարական կապալառուի։

Գ․ Հաշվի առնելով Ծրագրին ֆինանսապես աջակցելու հարցում Ֆրանսիայի կառավարության ցուցաբերած հետաքրքրությունը, ինչպես նաև Ծրագրի կատարմանը մասնակցելու հարցում ՎՔԳՓ-ի ցուցաբերած հետաքրքրությունը՝ ՏԿԵՆ-ը և ՎՔԳՓ-ն դիտարկել են Նախագծի ուղղությամբ համատեղ աշխատանքներ տանելու հնարավորությունը։ Նշվածի համատեքստում ՎՔԳՓ-ն առաջարկել է համագործակցել ՌզԲ-ի հետ։

Դ․ ՎՔԳՓ-ն և ՌզԲ-ն մասնակցել են ամբողջ աշխարհում թունելների կառուցման աշխատանքներին, ներառյալ երկար ճանապարհային կամ երկաթուղային թունելները՝ բարձր պատվածքով և տարբեր մեթոդաբանությունների կիրառմամբ, ինչպիսիք են հորատումը և պայթեցումը: Այս առումով ամենավերջին ծրագրերը ներառում են.

ՎՔԳՓ-ի դեպքում՝ Լիոն-Թուրին տրանսալպյան թունելը՝ երկարությունը՝ 21 կմ, միջին փորված լայնական հատույթը՝ 150 մ2,

ՌզԲ-ի դեպքում՝ Ֆրեյուսի թունելը Ֆրանսիայի և Իտալիայի միջև՝ երկարությունը՝ 13 կմ, միջին փորված լայնական հատույթը՝ 70 մ2։

Ե․ Հետաքրքրված կապալառուները ՏԿԵՆ-ին առաջարկել են կապալառուի վաղ ներգրավման (ԿՎՆ) ռազմավարություն՝ երկու փուլից բաղկացած Ծրագրի իրականացման համար․ առաջին փուլում իրականացվելու են Ծրագրի նախագծման և պայմանների համախմբման և հնարավոր օպտիմալացման աշխատանքները, այդ թվում՝ գնումներին վերաբերվող գործողությունները, շինարարական աշխատանքների ծավալի մշակումը, շինարարության փուլի ժամկետները, շինարարական աշխատանքների արժեքը, ինժեներական, գնման և շինարարության պայմանագրի պայմանները և 2-րդ փուլի վերաբերյալ պայմանագրի կնքումը խթանող օբյեկտիվ չափանիշները՝ Կողմերի կողմից հաստատման դեպքում (Փուլ 1), իսկ երկրորդ փուլում՝ Ծրագրի նախագծային մշակման, գնումների և շինարարական աշխատանքների մնացած մասը (Փուլ 2

Զ․ Ֆրանսիայի կառավարությունն արդեն իսկ արտահայտել է իր նախնական հետաքրքրվածությունն 1-ին փուլի համար ֆինանսական աջակցության հնարավորությունն ուսումնասիրելու հարցում, որը կարող է լինել ուղղակի վարկի և (կամ) «BPI France Assurance Export» ընկերության կողմից ծածկվող արտահանման վարկի ձևով։ Ցանկացած այդպիսի աջակցություն կշարունակի ենթակա լինել ՏՀԶԿ-ի «Կարգավորմանը» և Ֆրանսիայի կիրառելի նորմերին, մասնավորապես՝ Ֆրանսիայի՝ բովանդակությանը ներկայացվող պահանջներին։

Է․ ՏԿԵՆ-ը ցանկանում է համագործակցել հետաքրքրված կապալառուների հետ՝ Ծրագրի իրականացմանը նրանց հնարավոր մասնակցության համար, պայմանով, որ (i) հաջողությամբ բանակցեն 1-ին փուլի բավարար պայմանագրի (ինչպես սահմանված է ստորև) և, հետագայում, 2-րդ փուլի բավարար պայմանագրի (ինչպես սահմանված է ստորև) շուրջ, և ii) ՏԿԵՆ-ը՝ Հետաքրքրված կապալառուների աջակցությամբ, ապահովելու է Նախագծի ֆինանսավորումը։

Ը․ Արդյունքում, Կողմերը համաձայնել են կնքել սույն ՓՀ-ն՝ սույն ՓՀ-ի գործողության ժամկետի ընթացքում իրենց բանակցությունների շրջանակը սահմանելու համար` հետևյալ համատեղ նպատակներով. i) 1-ին հավելվածում շարադրված «Նախագծի զարգացման հետագա միջոցառումների պլանը»-ի օգտագործում որպես ղեկավար ուղեցույց, և ii) 1-ին փուլի աշխատանքների իրականացման մասով պայմանագրային պայմանների շուրջ համաձայնության ձեռքբերում (1-ին փուլի պայմանագիր) և, այնուհետև, 2-րդ փուլի՝ նախագծման, գնումների և շինարարական աշխատանքների մասով ընդհանուր պայմանների շուրջ համաձայնության ձեռքբերում (2-րդ փուլի պայմանագիր)։

Համաձայնություն է ձեռք բերվել հետևյալի շուրջ․

 

Կետ 1․ Սույն ՓՀ-ի նպատակը

1․1. Սույն ՓՀ-ի նպատակն է Կողմերի միջև 1-ին և 2-րդ փուլերի առնչությամբ հնարավոր համագործակցության պայմանների սահմանումը, և մասնավորապես՝ 1-ին փուլի պայմանագրի ընդհանուր պայմանների շուրջ բանակցությունների վարումը, ներառյալ հետևյալը, սակայն չսահմանափակվելով դրանով.

- 1-ին փուլի գործողությունների շրջանակ, այդ թվում՝ նախագծային փաթեթի մանրամասն նկարագրություն, որը կպատրաստվի 1-ին փուլի շրջանակներում՝ 2-րդ փուլին նախապատրաստվելու համար,

- 1-ին փուլի աշխատանքների հանձնման ժամկետ,

- 1-ին փուլի իրականացման համար մոբիլիզացման ենթակա ռեսուրսների պլանավորում,

- 1-ին փուլի արժեք և ֆինանսավորում, և

- օբյեկտիվ չափորոշիչներ, որոնք կհանգեցնեն 2-րդ փուլի պայմանագրի կնքմանը։

1․2. Այս նպատակով Կողմերը բանակցությանը զուգընթաց անցկացնում են կանոնավոր հանդիպումներ՝ համատեղ համակարգող կոմիտեի (Կոմիտե) միջոցով, որը կազմված է նվազագույնը 4 անդամից, այն է՝ ՏԿԵՆ-ի երկու ներկայացուցիչ և Հետաքրքրված կապալառուների երկու ներկայացուցիչ։ Կոմիտեի նպատակն է նպաստել Կողմերի միջև սահուն համագործակցությանը։ Եթե որևէ Կողմ անհրաժեշտ համարի, ապա Կոմիտեն կարող է աջակցության համար ներգրավել փորձագետների և խորհրդատուների։

1․3. Ուժի մեջ մտնելու ամսաթվից երեք (3) շաբաթվա ընթացքում Հետաքրքրված կապալառուները տրամադրում են 1-ին փուլի պայմանագրի նախագիծը կամ 1-ին փուլի պայմանագրի նախագծի հիմնական դրույթները՝ որպես բանակցությունների հիմք։ ՏԿԵՆ-ի կողմից այդ նախագիծը ստացվելուն պես Կողմերը քննարկում են այն՝ 1-ին փուլի պայմանագրի պայմանները նախքան սույն ՓՀ-ի գործողության ավարտը համաձայնեցնելու նպատակով։

1․4. Ինչ վերաբերում է 2-րդ փուլին, Կողմերն ընդունում են, որ նախատեսված 2-րդ փուլի պայմանագիրը, որը ներառում է նախագծի մանրամասն մշակումը, Ծրագրի հիմնական աշխատանքների կատարումը, փորձարկումը և հանձնումը, 1-ին փուլում սահմանված կարգով, պետք է հիմնվի հետևյալ պայմանագրային կառուցվածքի վրա, որը ենթակա է քննարկման և փոփոխության՝

ա) ընդհանուր պայմաններ (հիմնված է «Պատվիրատուի կողմից տրամադրված հղումային նախագծին և գեոտեխնիկական բազային հաշվետվությանը համապատասխան կապալառուի կողմից նախագծվող ստորգետնյա աշխատանքների» ԽԻՄՖ-ի պայմանագրի պայմանների վրա (ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ. 2019 թ. Հրատարակություն՝ 2023 թվականի փոփոխություններով), որոնք փոփոխվել են հատուկ պայմաններով,

բ) 1-ին փուլի ընթացքում մշակված նախնական նախագիծ,

գ) 1-ին փուլի ընթացքում մշակված գեոտեխնիկական բազային հաշվետվություն,

դ) Պատվիրատուի պահանջներ, որոնք կներառեն 1-ին փուլի ընթացքում մշակված և համաձայնեցված տեխնիկական պահանջները, և

ե) Աշխատանքների ծավալաթերթը։

Շինարարական պայմանագիրը նաև կսահմանի դրա մեկնարկին նախորդող պայմանները, այդ թվում՝ Ծրագրի ֆինանսավորման ապահովման հետ կապված պայմանները։

1.5. Կողմերն ընդունում են Շահագրգիռ կապալառուի (կապալառուների) կողմից տրամադրված պայմանագրի գնի նախնական գնահատումը, որը չունի պարտադիր իրավական ուժ և կախված է պայմանագրային փաստաթղթերի հետագա մշակման ընթացքից, աշխատանքների շրջանակի սահմանումից և 1-ին փուլի արդյունքների վերջնական ձևակերպումից։

1.6. 1-ին փուլի պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Հետաքրքրված կապալառուները, ըստ պահանջի, աջակցություն են ցուցաբերում ՏԿԵՆ-ին և Հայաստանի կառավարությանը Ֆրանսիայի կողմից Ծրագրի պետական ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ։

 

1.7. Բանակցությունների փուլում նախատեսվող ծախսերը

1.7.1. Յուրաքանչյուր կողմ հոգում է 1-ին փուլի պայմանագրի բանակցությունների հետ կապված իր բոլոր ծախսերը, ծախքերը և վճարները: 1-ին փուլի և 2-րդ փուլի համար Հետաքրքրված կապալառուների վարձատրությունը համաձայնեցվում և սահմանվում է 1-ին փուլի պայմանագրում և 2-րդ փուլի պայմանագրում, համապատասխանաբար:

1.7.2. Կողմերի միջև այլ պայմանավորվածությունների բացակայության դեպքում Հետաքրքրված կապալառուները չեն ունենա սույն ՓՀ-ի գործողության ընթացքում 1-ին փուլի պայմանագրի բանակցություններին մասնակցության համար ՏԿԵՆ-ից որևէ վարձատրություն, ծախսերի վերադարձ կամ փոխհատուցում ստանալու իրավունք։

 

1.8. Պայմանագիրը շարունակելու պարտավորության բացակայությունը

1.8.1. Չնայած սույն ՓՀ-ի մյուս դրույթներին, սույն փաստաթղթում ոչինչ չի պարտավորեցնում Կողմերից որևէ մեկին մյուս Կողմի հետ շարունակել, հաստատել, ֆինանսավորել կամ կնքել 1-ին փուլի պայմանագիր, 2-րդ փուլի պայմանագիր կամ որևէ այլ նախնական համաձայնագիր, մինչշինարարական, նախապատրաստական կամ շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր կամ համաձայնագիր այլ կողմի հետ։

1.8.2. Կողմերից որևէ մեկի կողմից 1-ին փուլի պայմանագրի կամ 2-րդ փուլի պայմանագրի կատարումից հրաժարվելու մասին ցանկացած որոշում չի առաջացնում որևէ պայմանագրով, դելիկտային իրավունքով կամ այլ կերպ սահմանված պարտավորություն մյուս Կողմի համար։

1.8.3. Կողմերից յուրաքանչյուրը անվերապահորեն հրաժարվում է մյուս Կողմին կամ վերջինիս գործակալին ներկայացնել մյուս Կողմի հետ 1-ին փուլի պայմանագիրը, 2-րդ փուլի պայմանագիրը կամ որևէ այլ նախնական համաձայնագիր, մինչշինարարական, նախապատրաստական կամ շինարարական աշխատանքների կատարման պայմանագիրը կամ համաձայնագիրը չշարունակելու, չհաստատելու, չֆինանսավորելու կամ չկնքելու մասին որոշումից բխող կամ որոշման հետ կապված որևէ պահանջ, այդ թվում՝ առանց բացառությունների, բաց թողնված շահույթի, բաց թողնված եկամտի, բաց թողնված հնարավորության, ապարդյուն ծախսերի կամ ցանկացած այլ ուղղակի, անուղղակի կամ հետևանքային կորստի կամ վնասի համար։

 

Կետ 2. Գաղտնիությունը և հարաբերությունների բացառիկ բնույթը

2.1. Բոլոր փաստաթղթերը, տեղեկությունները և տվյալները (անկախ այն հանգամանքից՝ դրանք էլեկտրոնային, թղթային, թե այլ ձևով են), որոնք մեկ Կողմի (Բացահայտող կողմ) կողմից փոխանցվել են մյուս Կողմին (Ստացող կողմ) ՓՀ-ի, Նախագծի, Բացահայտող կողմի գործունեության առնչությամբ, և դրանց հետ կապված ցանկացած տեղեկություն (միասին՝ Գաղտնի տեղեկություններ) Ստացող կողմը պետք է համարի գաղտնի։ Այդպիսի տեղեկությունները չպետք է օգտագործվեն ՓՀ-ի կամ Կողմերի կողմից կնքված որևէ այլ պայմանագրի նպատակներից բացի որևէ այլ նպատակով, ինչպես նաև չպետք է հաղորդվեն, հրապարակվեն կամ որևէ այլ ձևով հասանելի դարձվեն որևէ երրորդ կողմի առանց Բացահայտող կողմի նախնական գրավոր համաձայնության, եթե հաղորդելը, հրապարակելը կամ որևէ այլ ձևով հասանելի դարձնելը նախատեսված չէ ՓՀ-ով։

2.2. Բացահայտումը թույլատրվում է, ըստ անհրաժեշտության, Ստացող կողմի բոլոր խորհրդատուներին և խորհրդականներին, ենթակապալառուներին, մատակարարներին և աուդիտորներին՝ պայմանով, որ վերջիններս գրավոր համաձայնեն կրել սույն ՓՀ-ով սահմանված գաղտնիության պահպանման պարտավորություններին համանման, սակայն բոլոր դեպքերում դրանցից ոչ պակաս խիստ գաղտնիության պահպանման պարտավորություններ։

2.3. Սույն ՓՀ-ով նախատեսված գաղտնիության պարտավորությունները չեն կիրառվում, եթե Ստացող կողմը կարող է ապացուցել, որ այդ Գաղտնի տեղեկությունները՝

ա) գտնվել են իր տիրապետման ներքո՝ առանց սույն 2-րդ կետով սահմանված պայմանների խախտման,

բ) հրապարակվել են կամ այլ կերպ հայտնվել են հանրային տիրույթում Բացահայտող կողմի կողմից դրանց բացահայտումից հետո՝ սույն 2.1 կետի խախտումից բացի այլ հետևանքով, կամ

գ) պետք է բացահայտվեն օրենքին կամ որևէ այլ կարգավորող դրույթին համապատասխան կամ դատարանի պահանջով։

2.4. Եթե Կողմերն այլ համաձայնության չեն հասնում հետագա համաձայնագրի շրջանակներում, ապա ՓՀ գործողությունը դադարեցվելու կամ դրա ժամկետը լրանալու պահից՝

ա) Ստացող կողմն անհապաղ Բացահայտող կողմին է վերադարձնում վերջինից ստացված Գաղտնի տեղեկությունների բոլոր բնօրինակները և պատճենները,

բ) Բացահայտող կողմի կողմից պահանջվելու դեպքում Ստացող կողմի լիազորված ներկայացուցիչը հավաստում է, որ Ստացող կողմը վերադարձրել է կամ ոչնչացրել է այդ Գաղտնի տեղեկությունները՝ նախորդ պարբերությանը համապատասխան:

2.5. Ստացող կողմի՝ Բացահայտող կողմից ստացված Գաղտնի տեղեկություններն օգտագործելու, կրկնօրինակելու և բացահայտելու իրավունքը դադարում է։

2.6. Կասկածներից խուսափելու նպատակով Կողմերն ընդունում են, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված և Կողմերի կողմից ստորագրված ՓՀ-ն կհրապարակվի Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում։ Այսպիսով, այն հանրային փաստաթուղթ, որը հասանելի է ազատ կերպով ծանոթանալու համար։

2.7. ՓՀ-ի՝ 3-րդ կետով նախատեսված գործողության ընթացքում Կողմերը պետք է համագործակցեն և բանակցություններ վարեն բարեխղճորեն և բացառիկության հիմունքներով՝ կապված Նախագծի հետ։ Հետևաբար, մինչև սույն ՓՀ-ի գործողության ժամկետի ավարտը ՏԿԵՆ-ը Նախագծի կառուցման հետ կապված չպետք է համագործակցի որևէ այլ կազմակերպության հետ՝ լինի դա խմբավորում, թե համատեղ ձեռնարկություն:

 

2.8. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատման և Ծրագրի հաստատման գործընթացը

2.8.1. Գաղտնիության մասով սահմանափակումները չեն կիրառվում ՏԿԵՆ-ի կողմից Ծրագրի և (կամ) սույն ՓՀ-ի պաշտոնական վերանայման, հավանության, հաստատման կամ թույլտվության տրամադրման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իր պարտավորությունների իրականացման ընթացքում արվող որևէ բացահայտման նկատմամբ, ներառյալ, առանց սահմանափակման՝

ա) ցանկացած բացահայտում, որը պահանջվում է Հայաստանի Հանրապետության պետական գնումների մասին օրենսդրությամբ, բյուջեի մասին օրենսդրությամբ կամ ենթակառուցվածքների զարգացման մասին օրենսդրությամբ՝ կապված ցանկացած փուլում Նախագծի հավանության կամ հաստատման հետ,

բ) ցանկացած բացահայտում, որն արվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, նախարարություններին, գերատեսչություններին, խորհրդարանական հանձնաժողովներին կամ այլ հանրային մարմիններին, որոնց հավանությունը, խորհրդատվությունը կամ մասնակցությունն անհրաժեշտ կամ նպատակահարմար է Ծրագրի, դրա ֆինանսավորման և (կամ) ցանկացած շինարարական պայմանագրի առնչությամբ,

գ) ցանկացած բացահայտում, որն արվում է Հայաստանի Հանրապետության պետական աուդիտի մարմիններին, կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններին, ֆինանսական վերահսկողություն իրականացնող հաստատություններին կամ որևէ այլ կարգավորող կամ վերահսկող մարմնի, որոնք օրենքով սահմանված կարգով վերահսկողություն են իրականացնում ՏԿԵՆ-ի, դրա ներկայացուցիչների կամ Նախագծի նկատմամբ,

դ) ցանկացած բացահայտում, որն արվում է միջազգային ֆինանսական հաստատություններին, զարգացման բանկերին, երկկողմ ֆինանսավորման գործընկերներին, գործընկեր կառավարություններին կամ այլ ֆինանսավորող կազմակերպություններին, որոնց մասնակցությունը, հավանությունը կամ պատշաճ ստուգումն անհրաժեշտ է Ծրագրի ֆինանսավորման առնչությամբ,

ե) ցանկացած բացահայտում, որն արվում է ՏԿԵՆ-ի կամ վերոնշյալ «ա»-ից «դ» ենթակետերում նշված մարմիններից որևէ մեկի կողմից ներգրավված տեխնիկական հարցերով խորհրդատուներին, իրավական հարցերով խորհրդատուներին, անկախ փորձագետներին, ֆինանսական հարցերով խորհրդատուներին կամ այլ խորհրդատուներին՝ բացառապես Ծրագրի գնահատման, դրա մասով խորհրդատվության տրամադրման կամ հաստատման նպատակով։

2.8.2. ՓՀ-ով սահմանված գործընթացներին համապատասխան տրամադրվող և գաղտնի տեղեկություն համարվող ցանկացած փաստաթղթի կամ տեղեկության բոլոր ստացողները պետք է տեղեկացվեն դրա գաղտնի բնույթի մասին և, օրենքով թույլատրելի և գործնականում հնարավոր լինելու դեպքում, նրանց պետք է խնդրել պահպանել գաղտնիությունը։ Ստացողների կողմից ցանկացած խախտում չի համարվի Կողմի կողմից սույն ՓՀ-ի խախտում՝ պայմանով, որ տվյալ Կողմը բացահայտումն անելիս գործել է բարեխղճորեն և Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենսդրությանը համապատասխան։

2.8.3. Կասկածներից խուսափելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող կարգով գաղտնի տեղեկության բացահայտումը համապատասխան պետական և ինստիտուցիոնալ շահագրգիռ կողմերին չի համարվի բացահայտող Կողմի կողմից սույն ՓՀ-ի խախտում։

2.8.4. Վերոնշյալից անկախ, եթե սույն Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում փոխանակվող գաղտնի տեղեկատվությունը համապատասխանում է՝ 2003 թվականի սեպտեմբերի 23-ի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8(1) հոդվածում թվարկված պաշտպանված կատեգորիաներից մեկին (ներառյալ, ի թիվս այլոց, առևտրային գաղտնիքները և անձնական տվյալները), ՏԿԵՆ-ը, օրենքով թույլատրելի դեպքերում, պետք է կիրառի համապատասխան բացառությունը՝ ի պատասխան նման ցանկացած հարցման:

 

2.9. Պետական մարմինների կողմից պահանջվող բացահայտում

2.9.1. 2-րդ կետով նախատեսված գաղտնիության մասով սահմանափակումները չեն կիրառվում ՏԿԵՆ–ի կողմից արվող ցանկացած բացահայտման նկատմամբ, եթե այդ բացահայտումը պահանջվում է, դրա մասով խնդրանք կամ հրահանգ է ներկայացվում՝

ա) Հայաստանի Հանրապետության կամ ցանկացած այլ իրավազորության ցանկացած դատարանի, տրիբունալի կամ դատական իշխանության կողմից, որը համապատասխան իրավասություն ունի ՏԿԵՆ-ի կամ Նախագծի նկատմամբ,

բ) Հայաստանի Հանրապետության որևէ պետական, կարգավորող, վարչական կամ վերահսկող մարմնի կողմից, ներառյալ, առանց սահմանափակման, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ֆինանսների նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Հաշվեքննիչ պալատը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կամ օրենքով սահմանված լիազորություններ իրականացնող որևէ այլ մարմին,

գ) ՏԿԵՆ-ի հետ կապված վեճի նկատմամբ իրավազորություն ունեցող ցանկացած արբիտրաժային տրիբունալի կողմից,

դ) ցանկացած միջազգային կազմակերպություն, պայմանագրային մարմին կամ երկկողմ համաձայնագրային մեխանիզմ, որի կողմ է Հայաստանի Հանրապետությունը, եթե նման պայմանագրով կամ համաձայնագրով պահանջվում է բացահայտում։

2.9.2. Ցանկացած նման դեպքում ՏԿԵՆ-ը, կիրառելի օրենսդրությամբ թույլատրելի չափով և տվյալ հանգամանքներում գործնականում հնարավոր լինելու դեպքում, պետք է՝

ա) ողջամտորեն սեղմ ժամկետում՝ մինչև բացահայտում անելը, պահանջվող

բացահայտման մասին գրավոր տեղեկացնի Հետաքրքրված կապալառուներին,

բ) Հետաքրքրված կապալառուներին տրամադրի ողջամիտ հնարավորություն՝ դիմելու պաշտպանիչ դատական հրամանի կամ այլ համապատասխան իրավական միջոցի համար, եթե Հետաքրքրված կապալառուները նման պահանջ ներկայացնեն, և ինչը պետք է արվի իրենց հաշվին,

գ) բացահայտի միայն գաղտնի տեղեկության այն նվազագույն ծավալը, որը խիստ անհրաժեշտ է համապատասխան պահանջը կամ հրահանգը կատարելու համար։

2.9.3. Սույն կետին համապատասխան ՏԿԵՆ-ի կողմից արված ցանկացած բացահայտում չի համարվի սույն ՓՀ-ի խախտում՝ անկախ այն հանգամանքից՝ Հետաքրքրված կապալառուներին նախապես ծանուցում տրվել է, թե ոչ՝ պայմանով, որ ՏԿԵՆ-ը պետք է գործի բարեխղճորեն և իր իրավական պարտավորություններին համապատասխան։

 

Կետ 3․ Գործողության ժամկետը

Սույն ՓՀ-ն ուժի մեջ է մտնում Ուժի մեջ մտնելու ամսաթվից և ամբողջությամբ գործում է 4 (չորս) ամիս տևողությամբ, եթե այն վաղաժամկետ չի դադարեցվում հետևյալ կարգով.

ա) Կողմերից որևէ մեկի կողմից առանց պատճառի, մյուս Կողմին գրավոր ծանուցում տալուց հետո, այն պայմանով, որ դադարեցման նման իրավունքը կարող է իրականացվել միայն մինչև ՏԿԵՆ-ի կողմից 1-ին փուլի պայմանագրի նախագծի կամ 1-ին փուլի պայմանագրի նախնական պայմանների ստացումից երեք (3) շաբաթ անց ընկած ամսաթիվը, ինչպես նախատեսված է 1.3 ենթակետում, կամ

բ) Կողմերից որևէ մեկի կողմից՝ մյուս Կողմի կողմից սույն ՓՀ-ի որևէ դրույթի էական խախտման դեպքում, կամ

գ) Նախագծի համար ֆինանսավորում չապահովվելու դեպքում, կամ

դ) եթե Հետաքրքրված կապալառուներից որևէ մեկը չի համապատասխանում միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) կողմից շինարարական պայմանագրեր կնքելու համար սահմանված պայմանագրային պահանջներին, կամ

ե) Կողմերի միջև 1-ին փուլի պայմանագրի ստորագրման դեպքում։

3.1. Այս նախնական չորս (4) ամիս ժամկետը կարող է Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ երկարաձգվել՝ առավելագույնը մինչև վեց (6) ամիս ժամկետով։

3.2. Նախատեսվում է, որ 1-ին փուլի տևողությունը կկազմի մոտավորապես յոթից (7) տասը (10) ամիս, իսկ 2-րդ փուլի տևողությունը կհաստատվի 1-ին փուլի արդյունքների հիման վրա։

 

Կետ 4․ Ներկայացուցչությունը

4.1. Որևէ Կողմ լիազորված չէ հանդես գալու, պայմանագիր կնքելու կամ ստանձնելու որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն մյուս Կողմի անունից, եթե այլ բան նախատեսված չէ սույն ՓՀ-ով է կամ պատշաճ ձևակերպված լիազորագրով։

4.2. Կողմերն ընդունում են, որ ՏԿԵՆ-ին աջակցում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը (ՃԴՀ), որը ՏԿԵՆ-ի կողմից լիազորված է հանդես գալու որպես Նախագիծն իրականացնող մարմին և, հետևաբար, պատասխանատու է Նախագծի իրականացման համար։

 

Կետ 5․ Զիջումը և փոխանցումը

5.1. Որևէ Կողմ ամբողջությամբ կամ մասամբ չի կարող զիջել կամ այլ կերպ փոխանցել սույն ՓՀ-ով սահմանված իր իրավունքները, շահերը կամ պարտավորություններն առանց մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի զիջումը կամ փոխանցումը տեղի է ունենում Կողմի վերակազմակերպման և (կամ) իրավահաջորդության արդյունքում։

 

Կետ 6․Փոփոխությունը

6.1. Սույն ՓՀ-ի ցանկացած փոփոխություն վավեր է միայն այն դեպքում, երբ կատարվել է գրավոր և ստորագրվել է յուրաքանչյուր Կողմի լիազորված ներկայացուցչի կողմից կամ անունից։

 

Կետ 7․Պատասխանատվությունը

7.1. Չնայած սույն ՓՀ-ի կամ կիրառելի օրենքների որևէ դրույթի՝ որևէ Կողմ պայմանագրով կամ այլ եղանակով պատասխանատվություն չի կրում մյուս Կողմի առջև անուղղակի կամ կողմնակի կորուստների կամ վնասների, օգտագործման հնարավորության կորստի, հեղինակության կորստի, շահույթի կորստի (կանխատեսված կամ այլ), եկամտի կորստի, բարի համբավի կորստի և պայմանագրի կամ ցանկացած բնույթի գործարար հնարավորության կորստի համար։

7.2. Սույն ՓՀ-ն նախատեսված է բացառապես բանակցությունները խթանելու նպատակով և Կողմերից որևէ մեկի համար չի ստեղծում շինարարական և/կամ այլ պայմանագիր կամ որևէ միջանկյալ համաձայնագիր կնքելու որևէ պարտավորություն։ Բացառությամբ սույն ՓՀ-ով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, որևէ Կողմ իրավունք չունի ստանալու որևէ վարձատրություն կամ փոխհատուցում՝ կապված բանակցություններին իր մասնակցության հետ։

 

Կետ 8. Նամակագրությունը և ծանուցումները

8.

8.1. Սույն ՓՀ-ի հետ կապված ցանկացած հաղորդակցություն պետք է լինի գրավոր և այլ բան նշված չլինելու դեպքում կարող է հանձնվել անձամբ, առաջին կարգի փոստային կապի (օդային փոստով՝ առկայության դեպքում), նախապես վճարվող սուրհանդակային ծառայության միջոցով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով։ Սույն ՓՀ-ի նպատակով էլեկտրոնային հաղորդակցությունը կհամարվի գրավոր կատարված։ Եթե հակառակի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվում, ապա սույն ՓՀ-ով պահանջվող ցանկացած համաձայնություն պետք է տրվի գրավոր։

8.2. Սույն ՓՀ-ի շրջանակներում կամ դրա հետ կապված բոլոր ծանուցումները կամ պաշտոնական հաղորդակցությունները պետք է լինեն անգլերենով կամ այլ լեզվով կազմված լինելու դեպքում պետք է ուղեկցվեն անգլերեն թարգմանությամբ։ Հակասության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։

 

Կետ 9. Վեճերը

9.

9.1. Կողմերը գործադրում են իրենց բոլոր ողջամիտ ջանքերը՝ սույն ՓՀ-ից կամ դրա առնչությամբ կամ դրա առարկայի առնչությամբ ծագող ցանկացած վեճ, հակասություն կամ պահանջ, այդ թվում՝ սույն ՓՀ-ի առկայության, վավերության կամ գործողության դադարեցման վերաբերյալ ցանկացած հարց (Վեճ) արագ և արդարացիորեն լուծելու համար: Կարգավորման հասնելու փորձը համարվում է ձախողված, երբ Կողմն այդ մասին գրավոր ծանուցում է մյուս Կողմին։

9.2. Այդպիսի ծանուցման դեպքում Կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ Վեճն ուղարկել արբիտրաժի՝ համաձայն Առևտրի միջազգային պալատի արբիտրաժի կանոնների (Կանոններ):

9.3. Արբիտրաժային տրիբունալը կազմված է երեք արբիտրից, որոնք նշանակվում են Կանոններին համապատասխան։

9.4. Արբիտրաժի նստավայրը Ֆրանսիայի Փարիզ քաղաքն է։

9.5. Արբիտրաժի լեզուն անգլերենն է:

9.6. Արբիտրաժի վճիռը վերջնական է և պարտադիր Կողմերի համար։

9.7. Արբիտրաժը գաղտնի է:

 

Կետ 10․ Կիրառելի իրավունքը և լեզուն

10.1. Սույն ՓՀ-ն և դրանից բխող կամ դրա առարկայի հետ կապված ցանկացած վեճ կամ պահանջ կարգավորվում է և մեկնաբանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։

10.2. ՓՀ-ի և Նախագծի վերաբերյալ Կողմերի միջև հաղորդակցության լեզուն անգլերենն է։

 

Կետ 11․ Էթիկան և պահանջներին համապատասխանությունը

11.1. Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պահպանել, ինչպես նաև ապահովել, որ իր պաշտոնատար անձինք, տնօրենները, գործակալները, փոխկապակցված անձինք, աշխատողները և ներկայացուցիչները պահպանեն գործարար վարքագծի էթիկական չափանիշները և համապատասխանեն արտահանման վերահսկման, հակամենաշնորհային և մրցակցային օրենքների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ բոլոր կիրառելի օրենքներին ու կանոնակարգերին:

11.2. ՏԿԵՆ-ը հայտարարում է, որ իրավունք ունի և ունի անհրաժեշտ բոլոր իրավական և կանոնադրական լիազորություններն ու իրավասությունները, կիրառելի օրենքների, իր ինստիտուցիոնալ տեքստերի և համապատասխան մարմինների կանոնակարգերի համաձայն բանակցելու Հետաքրքրված կապալառուների հետ՝ սույն ՓՀ-ով սահմանված պայմաններին համապատասխան և 1-ին փուլի պայմանագիրը և 2-րդ փուլի պայմանագիրը կնքելու հնարավորությամբ, եթե Կողմերն այդ կապակցությամբ գան համաձայնության:

11.3. Հետաքրքրված կապալառուները հայտարարում են, որ իրավունք ունեն և ունեն անհրաժեշտ բոլոր իրավական, կորպորատիվ և կանոնադրական լիազորու թյուններն ու իրավասությունները, այդ թվում՝ այն լիազորությունները, որոնք պահանջվում են իրենց գլխավոր ընկերությունների կողմից՝ բանակցելու ՏԿԵՆ-ի հետ սույն ՓՀ-ով սահմանված պայմաններին համապատասխան և 1-ին փուլի պայմանագիրը և 2-րդ փուլի պայմանագիրը կնքելու հնարավորությամբ, եթե Կողմերն այդ կապակցությամբ գան համաձայնության:

 

Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ՝ Կողմերն իրենց պատշաճ լիազորված ներկայացուցիչների միջոցով կնքեցին սույն ՓՀ-ն Երևանում, երեք օրինակից՝ վերևում առաջինը նշված ամսաթվին։

 

Ում կողմից և անունից՝

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարություն

Ում կողմից և անունից՝

«ՎԻՆՉԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ԳՐԱՆԴՍ ՓՐՈՋԵՔԹՍ»

Ում կողմից և անունից՝

«ՌԱԶԵԼ-ԲԵԿ»

Ստորագրություն՝

Անուն՝

Պաշտոն/գործառույթ՝

Ստորագրություն՝

Անուն՝

Պաշտոն/գործառույթ՝

Ստորագրություն՝

Անուն՝

Պաշտոն/գործառույթ՝

 

Հավելված 1

 

Ներմուծեք նկարագրությունը_24627

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ