ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 384-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.25/22(546) Հոդ.528
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
14.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 384-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 24.08.23 N 1436-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.09.12 N 1189-Ն, 30.04.26 N 600-Ն)

1.1. Սույն որոշման գործողությունը տարածվում է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ բնակարանային պայմանների բարելավում չստացած զինծառայողների, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավում չստացած և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների վրա:

(1.1-ին կետը լրաց. 24.08.23 N 1436-Ն)

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ըստ անհրաժեշտության` Երևան քաղաքի թաղային և Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող համայնքների ղեկավարների հետ համատեղ իրականացնել համապատասխան համայնքի տարածքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանային ֆոնդի (բնակելի տարածությունների) ճշգրտումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 6
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 7-ի N 384-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ օրենքով սահմանված նրանց ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՎ ԿԱՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 20.09.12 N 1189-Ն,
30.04.26 N 600-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու պայմանները: Սույն կարգով նախատեսված զինծառայողների և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամների բնակարանային ապահովության պայմանները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամների վրա:

(1-ին կետը փոփ., լրաց. 20.09.12 N 1189-Ն, փոփ. 30.04.26 N 600-Ն)

2. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բնակարանային ֆոնդ են համարվում այն բնակելի տարածությունները (այդ թվում` հանրակացարանային տիպի), որոնք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

1) գնել կամ ձեռք է բերել ֆինանսական փոխհատուցմամբ կամ բնակելի տարածության փոխանակության պայմանագրի հիման վրա,

2) կառուցել կամ վերակառուցել է,

3) ստացել է տեղական ինքնակառավարման մարմիններից կամ նախկին ԽՍՀՄ զինված ուժերից:

(2-րդ կետը լրաց. 30.04.26 N 600-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բնակարանային ֆոնդի այն բնակելի տարածությունների ցանկը, որոնք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված են զինծառայողներին և ենթակա չեն սեփականության իրավունքով տրամադրման, հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Նշված բնակելի տարածություններում բնակվող զինծառայողների` ծառայության նոր վայր փոխադրման կամ զինվորական ծառայությունից արձակման դեպքում այդ բնակելի տարածությունները ենթակա են հանձնման:

(3-րդ կետը լրաց. 20.09.12 N 1189-Ն)

4. Սույն կարգի 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրման և բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովման վարչարարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման (այսուհետ` նաև համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում) կողմից: Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման դրական եզրակացությունների հիման վրա զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

(4-րդ կետը խմբ. 30.04.26 N 600-Ն)

4.1. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է՝

1) ըստ շահառուների՝ բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության և սույն կարգով սահմանված առաջնահերթությամբ շահառուների բնակարանային գործերում առկա փաստաթղթերի ուսումնասիրումը.

2) շահառուի բնակարանային պայմաններն օրենքների, ենթաօրենսդրական ակտերի և սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ եզրակացությունների ընդունումը.

3) բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր բնակարանային գործով շահառուին հասանելիք սենյակների թվի և տրամադրվող աջակցության չափի հաշվարկումը՝ սույն կարգի 10-րդ և 17.4-րդ կետերին համապատասխան.

4) շահառուին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով կամ շահառուին բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը և ներկայացումը.

5) շահառուների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

(4.1-ին կետը լրաց. 30.04.26 N 600-Ն)

 

II. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են համարվում և բնակարանային հաշվառման ենթակա են այն զինծառայողները (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների), ովքեր ունեն անընդմեջ 3 տարվա զինվորական ծառայության ստաժ ու Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն և բնակվում են ժամանակավոր կացարաններում, զինվորական բնակելի ավաններում, 4-րդ աստիճանի վթարային տներում, նկուղային և բնակության համար ոչ պիտանի շինություններում, հարազատների կամ ազգականների մոտ, վարձակալությամբ, ինչպես նաև սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունեցող այն զինծառայողները, որոնց բնակարանում բնակվող օրենքով սահմանված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսով ապահովվածությունը կազմում է 7 ու 7-ից պակաս քառակուսի մետր կամ ընտանիքներում, բացի ամուսիններից, կան ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք կամ բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից:

Օտարման միջոցով իրենց բնակարանային պայմանները վատթարացրած զինծառայողները բնակարանային հաշվառման կարող են վերցվել վատթարացման օրվանից սկսած 5 տարի հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ զինծառայողը բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքը կորցրել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ դրա ձեռքբերման համար գումար ստացած զինծառայողները, անկախ բնակարանային պայմանների վատթարացման ժամանակահատվածից, բնակարանային հաշվառման չեն ընդգրկվում:

Բնակարանային հաշվառման մեջ գտնվող զինծառայողները բնակարանային հաշվառումից հանվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման եզրակացության հիման վրա տրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, եթե բարելավվել են բնակարանային պայմանները, կամ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը:

(5-րդ կետը փոփ., լրաց. 20.09.12 N 1189-Ն, փոփ. 30.04.26 N 600-Ն)

6. Բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու համար կազմվում է բնակարանային գործ` հետևյալ փաստաթղթերով`

1) բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու մասին զեկուցագիր,

2) անմիջական հրամանատարի (պետի) կողմից տրված ծառայողական բնութագիր,

3) ընտանիքի չափահաս անձանց անձնագրերի (հաշվառման էջով), ամուսնության վկայականի (ամուսնալուծված լինելու դեպքում` ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի և անչափահաս երեխաների ծննդյան վկայականների պատճենները, որոնց իսկությունը հաստատում է զորամասի հրամանատարը,

4) տեղեկանքներ բնակարանային պայմանների մասին` մշտական հաշվառման (վերջին 5 տարվա ընթացքում տարբեր վայրերում հաշվառում ունենալու դեպքում` յուրաքանչյուր հաշվառման վայրից) և փաստացի բնակության վայրերից, իսկ առանձին տնտեսություն (ծուխ) համարվող և բնակելի տարածությամբ ապահովված չլինելու դեպքում` նաև այն բնակության վայրից, որտեղից առանձնացել է,

5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված բնակարանի կամ բնակելի տան սեփականության վկայականի պատճենը, իսկ դրա բացակայության դեպքում սեփականության իրավունքը հավաստող այլ փաստաթղթի պատճենը,

6) աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:

7) (ենթակետն ուժը կորցրել է 15.05.25 N 601-Ն)

(6-րդ կետը լրաց. 20.09.12 N 1189-Ն, փոփ. 24.08.23 N 1436-Ն, 15.05.25 N 601-Ն)

6․1․ Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման նպատակով զինծառայողի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության առկայության կամ այդպիսին չլինելու մասին, ինչպես նաև զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության օտարման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը սույն կարգի 1-ին կետում նշված համապատասխան մարմինը Կադաստրի կոմիտեից ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության միջոցով: Սույն կարգի 1-ին կետում նշված համապատասխան մարմնի կողմից սույն կետով սահմանված տեղեկատվությունը ձեռք բերվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այն թղթային տարբերակով՝ առձեռն, ներկայացվում է զինծառայողին, որն անմիջապես գրավոր ձևով հավաստում է, որ այդ տեղեկատվության հետ համաձայն է, և այն համապատասխանում է իրականությանը։ Զինծառայողի կողմից տեղեկատվության վերաբերյալ գրավոր ձևով անհամաձայնություն հայտնվելու դեպքում սույն կարգի 1-ին կետում նշված համապատասխան մարմինն իրավասու է 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Կադաստրի կոմիտե՝ տեղեկատվության հստակեցման նպատակով։

(6.1-ին կետը լրաց. 15.05.25 N 601-Ն)

7. Բնակարանային հաշվառման մեջ գտնվող և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով զինվորական ծառայությունից արձակված և առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ստաժ ունեցող անձինք պահպանում են հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, իսկ հաշվառումից հանվում են բնակարանային պայմանների բարելավման դեպքում:

(7-րդ կետը փոփ. 20.09.12 N 1189-Ն, 24.08.23 N 1436-Ն)

 

III. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

(գլուխն ուժը կորցրել է 30.04.26 N 600-Ն)

 

 

IV. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները, այդ թվում` սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակելի տարածությունները կարող են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվել նաև անհատույց սեփականության իրավունքով, եթե զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամները Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով չունեն բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքով ունեն բնակելի տարածություն, սակայն բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են (բացառությամբ սույն կարգի 12.1-ին կետով սահմանված անձանց), և առկա են հետևյալ պայմանները`

1) զինվորական ծառայությունից արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով.

2) զինվորական ծառայությունից արձակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված հիմքերով և ունի առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ծառայության ստաժ,

3) ունի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք կամ զոհվել (մահացել) է զինվորական ծառայության ընթացքում.

4) գտնվում է զինվորական ծառայության մեջ և ունի առնվազն 10 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ:

(12-րդ կետը խմբ., լրաց. 20.09.12 N 1189-Ն, խմբ., փոփ. 24.08.23 N 1436-Ն, լրաց., խմբ. 19.03.26 N 294-Ն)

12.1. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու պայմանը չի տարածվում մինչև 2026 թվականի հունվարի 1-ն անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան ստացած և ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որոնց անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակելի տարածությունն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է անկախ բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված լինելու և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հանգամանքներից:

(12.1-ին կետը լրաց. 19.03.26 N 294-Ն)

13. Զինծառայողին և նրա ընտանիքի անդամներին անհատույց սեփականության իրավունքով կարող է տրամադրվել նաև տնամերձ հողամաս` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:

14. Զինծառայողին և նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով բնակարան կամ տնամերձ հողամաս տրամադրվում է նրանց մշտական հաշվառման վայրում, իսկ այդպիսին չունենալու դեպքում` ծառայության վայրում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձանց սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են նվիրատվության պայմանագրի հիման վրա: Ընդ որում, եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանը  զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է որպես բնակարանային պայմանների բարելավում, որի դիմաց զինծառայողը կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձը պարտավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նվիրել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանը, ապա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանը զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին տրամադրվում է փոխանակության պայմանագրի հիման վրա:

(14-րդ կետը լրաց. 30.11.17 N 1591-Ն, փոփ. 30.04.26 N 600-Ն)

14.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ցանկում չընդգրկված բնակարանները զինծառայողներին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձանց անհատույց սեփականության իրավունքով տրամադրելիս բնակելի սենյակների թիվը որոշվում է` ըստ բնակարանային պայմանների բարելավման կարիքի և ելնելով նրանց ընտանիքի անդամների հետևյալ թվից`

1) 1-սենյականոց՝ միևնույն սեռի կամ տարբեր սեռի 2 անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև` ամուսիններին.

2) 2-սենյականոց` ինը տարեկանից մեծ` տարբեր սեռերի 2 անձից (բացի ամուսիններից) և 3 անձից բաղկացած ընտանիքին.

3) 3-սենյականոց` 4-5 անձից բաղկացած ընտանիքին.

4) 4-սենյականոց` 6 անձից բաղկացած ընտանիքին.

5) 4-սենյականոց և 1-սենյականոց` 7-8 անձից բաղկացած ընտանիքին.

6) 4-սենյականոց և 2-սենյականոց` 9-10 անձից բաղկացած ընտանիքին.

7) 4-սենյականոց և 3-սենյականոց` 11 անձից բաղկացած ընտանիքին.

8) երկու 4-սենյականոց` 12 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:

Հասանելի բնակելի տարածության չափը որոշելիս հաշվի է առնվում նաև ընտանիքի անդամ համարվող կնոջ 20 շաբաթական հղիությունը, ինչպես նաև օրենքով սահմանված՝ ընտանիքի անդամի կողմից համապատասխան բժշկական տեղեկանքով հաստատված հետևյալ հիվանդություններից որևէ մեկով տառապելու հանգամանքը` բոլոր օրգանների և համակարգերի տուբերկուլոզի ակտիվ ձևերը` տուբերկուլոզային ցուպիկների արտադրությամբ, մտագարություն, մոլագար դեպրեսիվ պսիխոզ, ընկնավորություն, պրեսենիլային և սենիլային պսիխոզներ, կենտրոնական ներվային համակարգի օրգանական ախտահարումները` վերջույթների ֆունկցիայի և կոնքի օրգանների ֆունկցիայի կայուն ծանր խախտումներով (կրած գանգուղեղային ծանր վնասվածքների հետևանքները, տարածուն սկլերոզ, կողային ամիոտրոֆիկսկլերոզ, սիոինգոմելիա, ուղեղային կաթված), բրոնխային ասթմայի ծանր ձևը` հաճախակի նոպաներով, 2-րդ և 3-րդ աստիճանների բարդացած շնչառական անբավարարությամբ, որոնց պարագայում անձին հաշվարկվում է առանձին սենյակ:

(14.1-ին կետը լրաց. 30.04.26 N 600-Ն)

15. Բնակարանները սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու համար զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը, ինչպես նաև սույն կարգի 7-րդ կետում նշված անձինք պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) բնակարանը սեփականության իրավունքով տրամադրելու մասին դիմում,

2) բնակարանի հատկացումը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) տեղեկանք տվյալ հասցեում հաշվառված անձանց մասին, եթե կան նման անձինք,

4) տեղեկանք զինվորական ծառայության ստաժի մասին,

5) կենսաթոշակի վկայականի պատճենը, եթե այդպիսին առկա է,

6) (ենթակետն ուժը կորցրել է 15.05.25 N 601-Ն)

7) իր և իր ընտանիքի անդամների անվամբ սեփականության իրավունքով բնակարանի կամ բնակելի տան առկայության դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանային պայմանների մասին` կցելով սեփականության վկայականի պատճենը,

8) սույն կարգի 6-րդ կետի 3-րդ, 4-րդ, 6-րդ ենթակետերով նախատեսված և 12-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հանգամանքները հաստատող փաստաթղթերը:

(15-րդ կետը փոփ. 24.08.23 N 1436-Ն, 15.05.25 N 601-Ն, խմբ. 30.04.26 N 600-Ն) 

15.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված և սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ցանկում չընդգրկված բնակարանը զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելիս հիմք է ընդունվում զինծառայողի կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձի ընտանիքի անդամների այն կազմը, որը հաշվի է առնվել զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու ժամանակ:

(15.1-ին կետը լրաց. 30.11.17 N 1591-Ն, փոփ., լրաց. 30.04.26 N 600-Ն)

15․2․ Զինծառայողին և նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով բնակարան կամ տնամերձ հողամաս տրամադրելու նպատակով զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության առկայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը սույն կարգի 1-ին կետում նշված համապատասխան մարմինը Կադաստրի կոմիտեից ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության միջոցով: Սույն կարգի 1-ին կետում նշված համապատասխան մարմնի կողմից սույն կետով սահմանված տեղեկատվությունը ձեռք բերվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այն թղթային տարբերակով՝ առձեռն, ներկայացվում է զինծառայողի հաստատմանը, որն անմիջապես գրավոր ձևով հավաստում է, որ այդ տեղեկատվության հետ համաձայն է, և այն համապատասխանում է իրականությանը։ Զինծառայողի կողմից տեղեկատվության վերաբերյալ գրավոր ձևով անհամաձայնություն հայտնվելու դեպքում սույն կարգի 1-ին կետում նշված համապատասխան մարմինն իրավասու է 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Կադաստրի կոմիտե՝ տեղեկատվության հստակեցման նպատակով։

(15.2-րդ կետը լրաց. 15.05.25 N 601-Ն) 

16. (կետն ուժը կորցրել է 30.04.26 N 600-Ն)

16.1. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ցանկում չընդգրկված և զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձանց և նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու դիմումները մերժվում են, և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանները ենթակա են ազատման, եթե`

1) զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերով սահմանված հիմքերով.

2) զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերով սահմանված հիմքերով և չունի 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ծառայության ստաժ.

3) սույն կարգի 7-րդ և 12-րդ կետերում նշված անձինք և նրանց ընտանիքների անդամները չունեն սույն կարգով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիք:

(16.1-ին կետը լրաց. 30.04.26 N 600-Ն)

 

V. ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

17. (կետն ուժը կորցրել է 10.05.19 N 540-Ն)

17.1. Սույն կարգի համաձայն բնակարանային հաշվառման վերցված և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին կամ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին (այսուհետ` շահառու) անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին՝ բնակարանի գնման վկայագիր տրամադրելու միջոցով:

(17.1-ին կետը լրաց. 10.05.19 N 540-Ն, փոփ. 30.04.26 N 600-Ն)

17.2. Բնակարանի գնման վկայագիրը՝ համաձայն N 1 ձևի, անվանական փաստաթուղթ է, որով հավաստվում է վկայագիր ստացած անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձից բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը: Բնակարանի գնման վկայագիրն արժեթուղթ չէ, և այն ենթակա չէ օտարման կամ գրավադրման (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), բռնագանձման կամ այլ անձի փոխանցման (ներառյալ՝ կտակի միջոցով): Բնակարանի գնման վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները`

1) վկայագրի սերիան և համարը.

2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.

3) վկայագրի միջոցով աջակցություն ստացող շահառուի անձնագրային տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.

4) վկայագիր ստացող շահառուին հասանելիք սենյակների թիվը և տրամադրվող աջակցության չափը.

5) վկայագիրը տալու օրը և գործողության ժամկետը:

(17.2-րդ կետը լրաց. 10.05.19 N 540-Ն)

17.3. Անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ եզրակացության ընդունման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակարանների ձևավորված շուկայական միջին գների մասին տեղեկատվության հիման վրա` հետևյալ չափերով՝

1) Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը.

2) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը.

3) Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը:

(17.3-րդ կետը լրաց. 10.05.19 N 540-Ն, փոփ. 24.08.23 N 1436-Ն, 30.04.26 N 600-Ն)

17.4. Սույն կարգի պահանջների համաձայն հաշվառման վերցված շահառուներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու եզրակացությունները համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն ընդունում է շահառուների կողմից սույն կարգի պահանջներին համապատասխանող բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, ընդ որում՝

1) սույն կարգի 14.1-ին կետի համաձայն հասանելիք սենյակների թիվը որոշելիս՝ հիմք է ընդունվում եզրակացության ընդունման օրվա դրությամբ շահառուի բնակարանային գործում որպես շահառուի ընտանիքի անդամ հաշվառված և շահառուի հետ համատեղ բնակվող անձանց թիվը: Եթե զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից արձակվելուց հետո շահառուն մահացել է, ապա անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է նրա ընտանիքին, որի դեպքում հասանելիք սենյակների թիվը որոշվում է՝ առանց մահացած շահառուի անձը հաշվի առնելու.

2) սույն կարգի 17.3-րդ կետի համաձայն անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկելիս՝ հիմք է ընդունվում այն բնակավայրը, որտեղ շահառուն հաշվառված է եղել բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ, իսկ բնակարանային հաշվառման վերցնելու օրվանից հետո հաշվառման բնակավայրը փոխված լինելու (բացառությամբ հատկացված ծառայողական բնակարանում հաշվառվելու համար հաշվառման բնակավայրը փոխվելու) դեպքում՝ բնակարանային հաշվառման վերցնելու օրվանից մինչև եզրակացության ընդունման օրն ընկած ժամանակահատվածում առավել երկար ժամկետով հաշվառման բնակավայրը.

2.1) շահառուի կամ նրա ընտանիքի անդամի կողմից վերջին հինգ տարվա ընթացքում միանձնյա կամ համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություններն օտարելու, փոխանակելու կամ օգտագործման նպատակային նշանակությունը փոխելու միջոցով իրենց բնակարանային պայմաններն արհեստականորեն վատթարացնելու դեպքերում բնակարանի գնման վկայագիր տրամադրելու հարցը քննարկվում և համապատասխան եզրակացությունն ընդունվում է՝ մինչև համապատասխան բնակելի տարածություններն օտարելը շահառուի կամ նրա ընտանիքի անդամի ունեցած բնակարանային պայմանները հաշվի առնելով: Ընդ որում՝ արհեստական վատթարացում չի համարվում, երբ միանձնյա կամ համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածությունների օտարումը, փոխանակումը կամ օգտագործման նպատակային նշանակության փոփոխումը չեն հանգեցրել շահառուին կամ նրա ընտանիքի անդամին լրացուցիչ բնակելի մակերեսով (բնակելի սենյակով) ապահովելու անհրաժեշտության.

3) յուրաքանչյուր տարվա համար հատկացված գումարների հաշվին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է ըստ շահառուների՝ բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, և հետևյալ առաջնահերթությամբ.

ա. սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,

բ. Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,

գ. Երևան քաղաք:

(17.4-րդ կետը լրաց. 10.05.19 N 540-Ն, 24.08.23 N 1436-Ն, փոփ., լրաց. 30.04.26 N 600-Ն)

17.5. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման եզրակացությունների հիման վրա՝ ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում կազմվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի նախագիծ՝ շահառուներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու մասին, և այն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատմանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հաստատման օրվանից հետո ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը գրավոր ծանուցում է շահառուին՝ բնակարանի գնման վկայագիրը տրամադրելու նպատակով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում ներկայանալու մասին: Ծանուցումն ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի կողմից բնակարանի գնման վկայագիրը չստանալու դեպքում այդ շահառուի մասով ընդունված համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման եզրակացությունն ու բնակարանի գնման վկայագիր տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի համապատասխան դրույթը համարվում են անվավեր, իսկ շահառուին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու հարցը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից կրկին անգամ կարող է քննարկվել սույն կարգի 17.8-րդ կետով սահմանված ժամկետում:

(17.5-րդ կետը լրաց. 10.05.19 N 540-Ն, խմբ. 30.04.26 N 600-Ն)

17.6. Բնակարանի գնման վկայագիրը շահառուի կողմից կարող է իրացվել բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման, կառուցվող շենքից բնակարան կամ կառուցվող բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով: Բնակարանի գնման վկայագրի վավերականության ժամկետի ընթացքում շահառուի, բնակելի տարածություն վաճառողի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ նաև նախարարություն) և վարկավորում իրականացնող կազմակերպության միջև կնքվում է հիփոթեքային վարկավորմամբ բնակելի տարածության ձեռքբերման պայմանագիր, որի շրջանակներում պայմանագրում նշված, սակայն ոչ ավելի, քան բնակարանի գնման վկայագրում նշված գումարի 10 տոկոսը նախարարության, իսկ 90 տոկոսը վարկավորում իրականացնող կազմակերպության կողմից փոխանցվում է բնակելի տարածություն վաճառողի հաշվի համարին` օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում` վարկավորման պայմանագրով նախատեսված գումարը վարկավորում իրականացնող կազմակերպությանը մարվում է նախարարության միջոցներից` պայմանագրի պայմաններին համապատասխան: Հիփոթեքային վարկավորմամբ բնակելի տարածության ձեռքբերման պայմանագրի կնքման և բնակելի տարածություն վաճառողի հաշվի համարին համապատասխան գումարը փոխանցելուց հետո՝ վարկավորում իրականացնող կազմակերպությունը նախարարությանն է տրամադրում հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները: Նախարարությունն ամսական պարբերականությամբ վարկային կազմակերպության հաշվին է փոխանցում աջակցության գումարները՝ համաձայն ժամանակացույցի։ Ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարի սահմանաչափին համապատասխան) չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է նախարարությունը:

(17.6-րդ կետը լրաց. 10.05.19 N 540-Ն, խմբ. 30.04.26 N 600-Ն)

17.7. Բնակարանի գնման վկայագրի միջոցով սույն կարգի 17.3-րդ կետով սահմանված համապատասխան չափից ավելի բարձր գնով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի միջոցների հաշվին, և այդ տարբերության վրա չեն տարածվում սույն կարգի 17.6-րդ կետի դրույթները: Բնակարանի գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) բնակելի սենյակների թիվը կարող է տարբերվել սույն կարգի 14.1-ին կետի համաձայն հասանելիք սենյակների թվից, որը չի հանգեցնում վկայագրում նշված գումարի փոփոխության:

(17.7-րդ կետը լրաց. 10.05.19 N 540-Ն, խմբ. 30.04.26 N 600-Ն)

17.8. Բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման (վկայագրի վավերականության) ժամկետը սահմանվում է 6 ամիս` վկայագիրը շահառուին տրամադրելու օրվանից սկսած` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ ժամկետի ընթացքում բնակելի տարածություն ձեռք չբերվելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը համարվում է մարված, իսկ շահառուն պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը` ըստ իր բնակարանային հաշվառման հերթի, և շահառուին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու հարցը ենթակա է քննարկման բնակարանի գնման վկայագիրը մարվելու օրվանից ոչ շուտ, քան վեց ամիս և ոչ ուշ, քան մեկ տարի հետո: Բնակարանի գնման վկայագրի վավերականության ժամկետի ընթացքում շահառուի մահվան դեպքում բնակարանի գնման վկայագրի՝ սույն կարգի 17.6-րդ կետով սահմանված կարգով իրացումն իրականացվում է շահառուի ընտանիքի անդամի կողմից՝ ընտանիքի մյուս անդամների համաձայնությամբ: Սույն կետով սահմանված՝ բնակարանի գնման վկայագիրը մարվելուց հետո շահառուի մահվան դեպքում շահառուի բնակարանային ապահովությունն իրականացվում է սույն կարգի 17.4-րդ կետի պահանջների համաձայն:

(17.8-րդ կետը լրաց. 10.05.19 N 540-Ն, 24.08.23 N 1436-Ն, խմբ. 30.04.26 N 600-Ն)

17.9. (կետն ուժը կորցրել է 30.04.26 N 600-Ն)

17.10. (կետն ուժը կորցրել է 30.04.26 N 600-Ն)

17.11. (կետն ուժը կորցրել է 30.04.26 N 600-Ն)

17.12. Կառուցվող շենքում բնակարանի կամ կառուցվող անհատական բնակելի տան ձեռքբերման հիփոթեքային վարկն ապահովված է՝

ա. կառուցապատողի հատուկ հաշվին գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով՝ մինչև կառուցվող շենքում ձեռք բերվող անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ շահառու ընտանիքի սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը,

բ. կառուցվող շենքում բնակելի անշարժ գույքի (բազմաբնակարան շենքում բնակարանի) կամ կառուցվող անհատական բնակելի տան ձեռքբերման իրավունքի գրավով և կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված վարկային միջոցների գրավով վարկավորման գումարի առնվազն 100 %-ի չափով։

Ընդ որում՝ մինչև կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցվող անհատական բնակելի տան ավարտական ակտի ձևակերպումը կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները ենթակա են սառեցման/կուտակման, և վերջինիս կողմից կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածով սահմանված կարգով:

(17.12-րդ կետը լրաց. 30.04.26 N 600-Ն)

17.13. Աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար հաշվարկվում է՝ 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան և վերաֆինանսավորող վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող ծրագրային վարկերի դեպքում կազմում է 11 %, իսկ բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում է՝

1) հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%.

2) լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 4 % չափով:

Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող 36 ամսվա ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն փոփոխվում է Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1 %-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ)։ Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան 2 անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով։

(17.13-րդ կետը լրաց. 30.04.26 N 600-Ն)

 

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

18. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածությունների պահպանումը և սպասարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով:

(18-րդ կետը խմբ. 24.08.23 N 1436-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_19947

(ձևը լրաց. 10.05.19 N 540-Ն)

 

Ձև N 2

(ձևն ուժը կորցրել է 30.04.26 N 600-Ն)

 

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 20.09.12 N 1189-Ն, լրաց. 30.11.17 N 1591-Ն, փոփ., լրաց. 10.05.19 N 540-Ն, փոփ., լրաց., խմբ. 24.08.23 N 1436-Ն, փոփ., լրաց. 15.05.25 N 601-Ն, փոփ., լրաց., խմբ. 19.03.26 N 294-Ն, 30.04.26 N 600-Ն)