ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 ապրիլի 2026 թվականի ք. Երևան |
թիվ 44-Ն |
ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ և 44-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել թեմատիկ ուղղվածության չափորոշիչները, դրանց հասկացությունները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման դրույթները տարածվում են Հանրային հեռարձակողի և հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի արդյունքում լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների վրա:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2026 թ. ապրիլի 27 ք. Երևան |
|
Հավելված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 27-ի թիվ 44-Ն որոշման |
ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն որոշմամբ սահմանվում են տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների կողմից սպառողին ներկայացվող տեսալսողական տեղեկատվության թեմատիկ ուղղվածությունների բովանդակությունը, դրանց հասկացությունները, թեմատիկ տեսալսողական հաղորդումների տեսակները և դրանց բնութագրերը:
2. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրության դրույթները վերաբերում են թեմատիկ տեսալսողական հաղորդումներին:
3. Թեմատիկ ուղղվածությունը տեսալսողական հաղորդումների ուղղվածությունն է` ըստ բովանդակային առանձնահատկությունների։
4. Թեմատիկ տեսալսողական հաղորդումը տեսալսողական տեղեկատվություն պարունակող նյութ է, որը նախատեսված է սպառողների որոշակի խմբի (հատուկ թիրախային լսարանի) համար, և որի շրջանակում տարածվում է միայն մեկ թեմա, կամ տարածվում են միայն նույնական կամ հարակից ժանրեր (կամ առաջարկում է սպառողի անհատական ճաշակին և նախասիրություններին համապատասխան բովանդակություն):
5. Լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների կողմից ներկայացվող տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումներին ընդհանուր հատկացվում է շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը:
6. Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը չպետք է գերազանցի տեսալսողական հաղորդման եթերաժամի 25 տոկոսը:
2. ԹԵՄԱՏԻԿ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Թեմատիկ տեսալսողական հաղորդումների չափորոշիչները և դրանց հասկացություններն են՝
1) տեղեկատվական տեսալսողական հաղորդում - ընթացիկ իրադարձությունների (քաղաքականությունից մինչև եղանակի տեսություն) վերաբերյալ կանոնավոր մասնագիտացված և վերլուծական բնույթի տեսալսողական նյութ պարունակող տեսալսողական հաղորդումներ, որոնք գործնական նշանակություն ունեն և բավարարում են յուրաքանչյուր սպառողի՝ բնակավայրում, երկրում, տարածաշրջանում և աշխարհում կատարվող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջը.
2) լրատվական տեսալսողական հաղորդում (լրատվական թողարկում) - տեսալսողական տեղեկատվություն պարունակող, սպառողի համար քաղաքական, սոցիալական, մշակութային կամ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող նոր, դեռ ոչ ոքի հայտնի չդարձած, թարմ նյութ, այսինքն` տեղեկություններ այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում այս պահին, կամ պահպանել են իրենց արդիականությունը և ազդեցությունը գործընթացների, իրավիճակների վրա: Ըստ իրենց առանձնահատկությունների՝ սովորաբար թողարկվում են օրական մի քանի անգամ (ամենօրյա լուրեր, լուրերի գլխավոր թողարկում, ուղիղ միացումներ, եղանակի տեսություն, պաշտոնական լրահոս և այլն).
3) քաղաքական տեսալսողական հաղորդում - ներքին իրադարձությունների, ինչպես նաև միջազգային իրավիճակի, երևույթների, փաստերի, տարբեր գործընթացների հետ կապված քաղաքական գնահատականներ, վերլուծություններ և կարծիքներ պարունակող տեղեկատվական նյութ, այդ թվում՝ քաղաքական բանավեճեր, հարցազրույցներ, կլոր սեղաններ, հանրային քննարկումներ, պաշտոնական լրահոս և այլն.
4) մշակութային տեսալսողական հաղորդում - համամարդկային և ազգային մշակութային ժառանգությանը (պատմության և մշակույթի անշարժ, շարժական և ոչ նյութական ժառանգություն), մշակութային ստեղծագործական և հոգևոր արժեքներին ծանոթացնելու, սպառողի մոտ մշակութային գիտելիքներ, մտածողություն, գեղագիտական ճաշակ ձևավորելու, առօրյայի կազմակերպման մեջ մշակույթի ունեցած դերակատարության մասին հանրային ընկալումների վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ստեղծված տեսալսողական հաղորդումներ: Մշակութային տեսալսողական հաղորդումների թեմաներն են մշակույթի և արվեստի պատմությունն ու ներկա վիճակը, գրականությունը (այդ թվում՝ գրահրատարակչական գործը), արվեստի տարբեր դրսևորումները (թատրոն, կինո երաժշտարվեստ, պարարվեստ, երգարվեստ, կերպարվեստ և այլն).
5) կրթական տեսալսողական հաղորդում - գիտության, մշակույթի, արվեստի և հանրային կյանքի ոլորտներում սպառողին գիտելիքներ տալու կամ ուսուցանելու նպատակով ստեղծված տեսալսողական հաղորդումներ: Կրթական տեսալսողական հաղորդման ժանրային առանձնահատկությունները բազմազան են (կրթական-ուսումնական և մասնագիտական-տեխնիկական առարկաների կանոնավոր տեսալսողական նյութեր, պարապմունքներ, վավերագրական ֆիլմեր և այլն).
ա. ուսումնական տեսալսողական հաղորդում - կրթական և մասնագիտական առարկաներ ուսուցանելու, տարբեր ոլորտներում հմտությունների, գիտելիքների և ունակությունների ձեռքբերման նպատակով ստեղծված տեսալսողական հաղորդումներ, այդ թվում՝ դասախոսություններ, պարապմունքներ, ուսումնական ֆիլմերի ցուցադրություն, օտար լեզվի ուսուցման նպատակով արտադրված տեսալսողական հաղորդումներ և այլն.
բ. գիտակրթական տեսալսողական հաղորդում - գիտության, մշակույթի և սոցիալական կյանքի ոլորտներին վերաբերող գիտելիքներին սպառողին ծանոթացնելու նպատակով տեսալսողական հաղորդումներ, որոնց նպատակն է բարձրացնել նշված ոլորտներում քաղաքացիների տեղեկացվածության, հետաքրքրվածության և ընթացող գործընթացներին մասնակցության մակարդակը (հատուկ մասնագիտական տեսալսողական հաղորդումներ, վավերագրական ֆիլմեր, հարցազրույցներ, տեսալսողական վիկտորինաներ և այլն)․
6) մանկական տեսալսողական հաղորդում - ըստ ձևի և ժանրի բազմազանության՝ հարմարեցված և հասցեագրված է հիմնականում մինչև 16 տարեկան սպառողին երիտասարդ սերնդի համակողմանի դաստիարակության, կրթության և սոցիալականացման նպատակով: Այս տեսալսողական հաղորդումները բազմազան են, դրանք անիմացիոն և գեղարվեստական կինոնկարներն են, հանրամատչելի գիտական ծրագրերը, տեսալսողական վիկտորինաները, կրթական և ուսումնական ծրագրերը, տեսալսողական հաղորդումների շարք դպրոցական և ուսանողական կյանքի մասին և այլն: Մանկական տեսալսողական հաղորդումները չպետք է ունենան այնպիսի բովանդակություն, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա, չպետք է անչափահասներին ուղղակիորեն ներքաշեն ապրանքների կամ ծառայությունների գնման կամ վարձակալության կամ անձի գովաբանման գործընթացների մեջ՝ չարաշահելով նրանց անփորձությունը կամ դյուրահավատությունը.
7) մարզական տեսալսողական հաղորդում - մարզական իրադարձությունների հեռարձակումների, մարզական լրատվական ամենօրյա նորությունների, սպորտի, այդ թվում՝ զանգվածային սպորտի, ֆիզկուլտուրային-առողջարարական, առողջ կենսակերպի քարոզման և մարզիկների մասին, մարզիկների հաղթանակների և պարտությունների վերլուծության մասին տեսալսողական հաղորդումներ, որոնք խթանում են բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի, սպորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, նպաստում սպորտի տարածմանը, առողջ ապրելակերպի արմատավորմանը.
8) ժամանցային տեսալսողական հաղորդում - նախատեսված են սպառողի հուզական արձագանքի համար՝ կապված հարմարավետության, հանգստի և հաճույք ստանալու հետ։ Զվարճալի տեսալսողական հաղորդումները ցանկացած տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կողմից ներկայացվող ժամանցային տեսալսողական հաղորդման անբաժանելի մասն են, և տեսալսողական մեդիայի զարգացմանը զուգահեռ այս տեսալսողական հաղորդումները հիմնականում կատարում են զվարճանքի և ժամանցի վայրերը լրացնելու գործառույթ: Այս տեսալսողական հաղորդումները շատ բազմազան են՝ գեղարվեստական, վավերագրական ֆիլմերի և տեսալսողական սերիալների ցուցադրում, հումորային տեսալսողական հաղորդումներ, էստրադային և կրկեսային ներկայացումների, համերգների, խաղերի և մրցույթների, երաժշտական ստեղծագործությունների, երգերի, համերգների և երաժշտության մասին ծրագրերի ներկայացում, շոու ծրագրեր, տեսալսողական վիկտորինաներ և այլն:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|