ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2105-Ա |
«21» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Աննա Աղաջանյանի 2026 թվականի մարտի 23-ի թիվ Դ-27934-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի մարտի 23-ի թիվ Դ-27934-26 դիմումի քննության կապակցությամբ 2026 թվականի մարտի 27-ին, ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ, որին ներկայացել և մասնակցել է դիմումատու Աննա Աղաջանյանը:
Ուսումնասիրելով 2026 թվականի մարտի 23-ի թիվ Դ-27934-26 դիմումը, դիմումին կից ներկայացված տեսագրություններն ու լուսանկարները, 2026 թվականի մարտի 27-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի մարտի 23-ի թիվ Դ-27934-26 դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում ներկայացված փաստարկներով Աննա Աղաջանյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում իր վարած ավտոմեքենան ճանապարհներին առկա փոսերի պատճառով վնասվելու արդյունքում առաջացած վնասը:
Վարույթի լսումների ընթացքում Աննա Աղաջանյանը հայտնել է, որ Երևան քաղաքի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկից սկսված ամբողջ ճանապարհը պատված է փոսերով, որոնց պատճառով վնասվել են իր սեփականությունը հանդիսացող «BYD» մակնիշի «37 EG 119» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի չորս անվադողերն ու անվահեծերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
2024 թվականի օգոստոսի 19-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB921955 վկայագրի համաձայն՝ «BYD» մակնիշի «37 EG 119» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Աննա Աղաջանյանի սեփականությունը:
2026 թվականի մարտի 23-ի թիվ Դ-27934-26 դիմումին կից, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում Աննա Աղաջանյանի կողմից չեն ներկայացվել «BYD» մակնիշի «37 EG 119» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները ճանապարհի երթևեկելի մասում առկա փոսերի պատճառով տեղի ունենալու, ինչպես նաև պատահարի հետևանքով առաջացած ավտոմեքենայի վնասվածքների հետքաբանական ու ապրանքագիտական փորձաքննության, պատահարների ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող և պատահարները Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման պահանջներին համապատասխան կանխելու անհնարինության վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատված է պահանջված վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
2026 թվականի մարտի 23-ի թիվ Դ-27934-26 դիմումին կից և վարույթի ընթացքում չեն ներկայացվել «BYD» մակնիշի «37 EG 119» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները վարորդի կողմից կանխելու անհնարինության վերաբերյալ՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից կազմված փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել (առկա չէ) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի՝ պատահարների պատճառ հանդիսացած գործոններում դրսևորած ենթադրյալ գործողությունը կամ անգործությունը: Ինչ վերաբերում է ներկայացված լուսանկարներին և տեսագրություններին, ապա դրանցում պարունակվող տեղեկատվությունը բավարար չէ ապացուցված համարելու համար այն փաստը, թե ենթադրյալ վնասվածքներն ինչ հանգամանքներում են առաջացել, քանի որ պատահարի հանգամանքների հետազոտությունը պահանջում է նեղ մասնագիտական գիտելիքներ, ինչն իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների՝ փորձագետների կողմից:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2026 թվականի մարտի 23-ի թիվ Դ-27934-26 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել «BYD» մակնիշի «37 EG 119» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները ստույգ երբ են տեղի ունեցել, չի ապացուցվել դիմումատուի կողմից նկարագրված պատահարները Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի ներկայացվել վնասի առաջացումը պատահարների վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, փոսերի առկայությամբ պայմանավորված լինելու վերաբերյալ ապացույցներ և Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ գործողությունը կամ անգործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չի հիմնավորվել պահանջված վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, չեն ներկայացվել պատահարները Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման պահանջներին համապատասխան դիմումատուի կողմից կանխելու անհնարինության վերաբերյալ, ինչպես նաև պահանջը հիմնավորող՝ ավտոմեքենայի հետքաբանական, ապրանքագիտական և պատահարների հանգամանքները հետազոտող փորձագիտական եզրակացություններ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Աննա Աղաջանյանի 2026 թվականի մարտի 23-ի թիվ Դ-27934-26 դիմումով ներկայացված՝ վնասի հատուցման պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|