ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
13 մարտի 2020 թ. |
N 111-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ` սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության կարգը տարածվում է նաև «Սնանկության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքում սնանկության ժամանակավոր կառավարչի նոր թեկնածուի ընտրության նկատմամբ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:
| Ռ. Բադասյան |
|
Հավելված Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի N 111-Ն հրամանի |
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
1. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
1. Արդարադատության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից օրենքով սահմանված դեպքերում սնանկության գործով կառավարչի (այսուհետ՝ կառավարիչ) թեկնածուի ընտրությունը կատարվում է էլեկտրոնային սնանկության համակարգում (այսուհետ՝ համակարգ) գործող հատուկ համակարգչային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) միջոցով կատարվող վիճակահանությամբ՝ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան:
2. Յուրաքանչյուր կառավարիչ համակարգում իր անձնական էջի միջոցով ընտրում է Հայաստանի Հանրապետության տարածքի այն մասը կամ մասերը, որոնք նա ընտրել է որպես սպասարկման տարածք նախարարությունում հաշվառման ընթացքում։ Եթե կառավարիչը չի ընտրում սպասարկման որևէ տարածք, ապա համարվում է, որ նա ընտրել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Սպասարկման տարածքի փոփոխության դեպքում կառավարիչը պարտավոր է համապատասխան փոփոխություններ կատարել համակարգում։ Ընդ որում, սպասարկման տարածքի փոփոխությունը կարող է կատարվել նախորդ փոփոխության կատարման օրվանից հետո ոչ շուտ, քան 30 օր անց։
3. Հայաստանի Հանրապետության տարածքի յուրաքանչյուր մասի գործերով վիճակահանությանը մասնակցում են տվյալ տարածքում գործունեություն իրականացնող՝ վիճակահանությանը մասնակցելու համար այդ տարածքն ընտրած բոլոր այն կառավարիչները, որոնց անձնական էջում վիճակահանությանը մասնակցելու կոճակը ակտիվ է: Եթե որևէ սպասարկման տարածքում գործունեություն իրականացնելու համար գրանցված բոլոր կառավարիչների անձնական էջերում վիճակահանության մասնակցելու կոճակը պասիվացված է, ապա վիճակահանությանը մասնակցում են այդ տարածքում գործունեություն իրականացնող բոլոր կառավարիչները:
4. Յուրաքանչյուր կառավարիչ իր անձնական էջում ունի հատուկ դաշտ՝ վիճակահանություններին մասնակցելու կամ չմասնակցելու համար ընտրություն կատարելու համար։ Եթե կառավարիչը ցանկանում է մասնակցել վիճակահանություններին, ապա ակտիվացնում է այդ դաշտում առկա կոճակը, եթե չի ցանկանում մասնակցել՝ պասիվացնում է։ Կոճակի կարգավիճակը (ակտիվացումից պասիվացում կամ հակառակը) կարող է փոփոխվել ոչ շուտ, քան 24 ժամը մեկ անգամ։
5. Կառավարչի վերաբերյալ տվյալները նախարարության կողմից անհապաղ հանվում են ծրագրից, եթե`
1) կառավարիչը հանվել է հաշվառումից.
2) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը (65 տարին), սակայն ստացել է թույլտվություն շարունակելու իր գործունեությունը դեռևս չավարտված գործերով: Սույն ենթակետի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական ստացել են մինչև ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՕ-105-Ն օրենքի ուժի մեջ մտնելը:
6. Սույն կարգով սահմանված պարտադիր գործողությունները չիրականացնելու կամ ոչ պատշաճ իրականացնելու համար կառավարիչը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի պահանջների չկատարման հիմքով:
2. ՊԱՀԱՆՋԱԳՐԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
7. Կառավարչի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ պահանջագիրը (այսուհետ՝ պահանջագիր) Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանից (այսուհետ՝ դատարան) ստացվում է համակարգի միջոցով և ինքնաշխատ եղանակով արտացոլվում է ծրագրում: Պահանջագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) սնանկության գործի համարը.
2) դատավորի անունը և ազգանունը.
3) սնանկության գործով պարտապանի և դիմումատուի տվյալները.
ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ներառյալ՝ Երևան քաղաքի կամ մարզի մասին նշումով.
բ. իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, ներառյալ՝ Երևան քաղաքի կամ մարզի մասին նշումով, պետական գրանցման համարը.
4) պահանջի ընդհանուր չափը (առկայության դեպքում).
5) նշում պահանջագիրը ժամանակավոր կառավարչի կամ սնանկության գործով (հիմնական) կառավարչի ընտրության համար ներկայացված լինելու մասին.
6) եթե սնանկության գործով նշանակված է ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ՝ նաև վերջինիս անունը, ազգանունը.
7) եթե «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածին համապատասխան՝ պահանջագիրը ներկայացվում է այն հիմքով, որ դատարան ներկայացված սնանկության ժամանակավոր կառավարչի (կառավարչի) թեկնածուն չի համապատասխանում օրենքի 22-րդ հոդվածին կամ թեկնածուի համար հայտնաբերվել են օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքեր կամ դատարանը հիմնավոր է համարել կառավարչի առարկությունը իր թեկնածության վերաբերյալ կամ նախկին ժամանակավոր կառավարչի (կառավարչի) լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, ապա պահանջագիրը պարունակում է նշում նման դեպքերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) թեկնածուի վերաբերյալ:
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները ծրագրում մուտքագրվելու պահից ծրագիրը ինքնաշխատ եղանակով գեներացնում է պահանջագրի հերթական համարը, վիճակահանության ամսաթիվը:
9. Սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները՝ որպես դատարանի կողմից ներկայացված պահանջագիր, դրանց մուտքագրման պահից հասանելի են դառնում ծրագրում:
3. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
10. Մուտքագրված յուրաքանչյուր պահանջագրի մասով վիճակահանությունն անցկացվում է ծրագրի միջոցով ինքնաշխատ եղանակով` առանց նախարարության միջամտության:
11. Ծրագիրը, սույն կարգի 13-րդ կետին համապատասխան, պատահականության սկզբունքով իրականացնում է վիճակահանություն՝
1) ծրագրում ներառված այն բոլոր կառավարիչների ցանկից, որոնք վիճակահանության անցկացման պահին սույն կարգի 4-րդ կետին համապատասխան նշում են կատարել իրենց հասանելիության վերաբերյալ,
2) ծրագրում ներառված այն բոլոր կառավարիչների ցանկից, որոնք սպասարկում են համապատասխան պահանջագրում նշված պարտապանի վայրին համապատասխանող տարածքը:
12. Սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով կառավարիչ ընտրելու անհնարինության դեպքում վիճակահանությունը կատարվում է ծրագրում ներառված բոլոր կառավարիչների ցանկից` հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետը:
13. Գործերի բաշխման վիճակահանությունն իրականացվում է ավտոմատացված եղանակով՝ վիճակահանությամբ ընտրվելու հավանականության գործակիցների հիման վրա կատարվող պատահական ընտրությամբ: Ծրագիրը յուրաքանչյուր տարածքի մասով վիճակահանությունը անցկացնելու նպատակով տվյալ տարածքում գործունեություն իրականացնելու համար գրանցված և վիճակահանությանը մասնակցելու կոճակը ակտիվացրած կառավարիչներից յուրաքանչյուրի համար, հետևյալ բանաձևով հաշվարկում է վիճակահանությամբ ընտրվելու հավանականության գործակից՝
ԸՀԳ = ԱԳՔ + ԳՄՔ - ԿԳՔ, որտեղ.
ԸՀԳ – վիճակահանությամբ ընտրվելու հավանականության գործակիցն է,
ԱԳՔ – սույն կարգի 11-րդ կետում նշված կառավարիչների ցանկում առավելագույն գործերի քանակ ունեցող կառավարչի գործերի քանակն է,
ԳՄՔ – գործերի միջին քանակն է, որը հաշվարկվում է սույն կարգի 11-րդ կետում նշված բոլոր կառավարիչների գործերի քանակի հանրագումարը բաժանելով այդ կառավարիչների թվի վրա,
ԿԳՔ – այն կառավարչի գործերի քանակն է, ում համար հաշվարկվում է վիճակահանությամբ ընտրվելու հավանականության գործակիցը։
14. Յուրաքանչյուր առանձին գործով ներկայացված պահանջագրի հիման վրա վիճակահանությանը չի կարող մասնակցել այն կառավարիչը`
1) որն արդեն իսկ տվյալ գործով նշանակված է ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ.
2) որի թեկնածությունը տվյալ գործով ներկայացվել է դատարան և դատարանը գտել է, որ նա չի համապատասխանում օրենքի 22-րդ հոդվածին կամ թեկնածուի համար հայտնաբերվել են օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքեր կամ դատարանը հիմնավոր է համարել կառավարչի առարկությունը իր թեկնածության վերաբերյալ կամ նրա` որպես ժամանակավոր կառավարչի (կառավարչի) լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:
4. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
15. Վիճակահանության անցկացումից հետո յուրաքանչյուր պահանջագրի մասով արդյունքների մասին արձանագրությունը անմիջապես գեներացվում և արտացոլվում է համակարգում: Կառավարչի թեկնածուի ընտրության դեպքում կառավարիչը համակարգի իր անձնական գրասենյակում ծանուցում է ստանում այդ մասին և ինքնաշխատ եղանակով հասանելիություն է ստանում սնանկության գործին:
16. Արձանագրությունը պարունակում է տվյալներ դատարանի կողմից ներկայացված պահանջագրի (դատարանի անվանում, գործի համար, դատավորի անուն, ազգանուն), պահանջագրի հերթական համարի, վիճակահանության ամսաթվի, վիճակահանությանը մասնակցած կառավարիչների թվի, վիճակահանության արդյունքում ընտրված կառավարչի թեկնածուի (անուն, ազգանուն, որակավորման վկայականի համար) վերաբերյալ:
17. Վիճակահանության արդյունքների մասին արձանագրությունը դատարան է ներկայացվում համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով:
18. Յուրաքանչյուր օրվա ընթացքում անցկացված վիճակահանությունների արդյունքների մասին ինքնաշխատ գեներացվում է արձանագրություն, որը հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում:
19. Վիճակահանության արդյունքները արխիվացվում են և պահպանվում են ծրագրում:
(հավելվածը խմբ. 23.04.26 N 206-Ն)