ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«23» ապրիլի 2026 թ. |
N 207-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 108-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հրամայում եմ`
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 108-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) լրացնել նոր 6.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Հաշվառվելուց հետո կառավարիչը պարտավոր է սնանկության էլեկտրոնային համակարգում, գործիքակազմին համապատասխան, լրացնել հետևյալ տվյալները.
1) որակավորման վկայականի համարը,
2) սպասարկման տարածքը (տարածքները),
3) քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի գործողության ժամկետը (կցելով նաև լուսապատճենը),
4) «Սնանկության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի լուսապատճենը:».
2) 8-րդ կետը լրացնել նոր նախադասություններով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սպասարկման տարածքի (տարածքների) փոփոխությունը կառավարիչը կատարում է ինքնուրույն, սնանկության էլեկտրոնային համակարգի գործիքակազմի միջոցով` համապատասխան փոփոխություն կատարելով համակարգում իր անձնական էջում: Ընդ որում, սպասարկման տարածքի փոփոխությունը կարող է կատարվել նախորդ փոփոխության կատարման օրվանից հետո ոչ շուտ, քան 30 օր անց:».
3) 13-րդ կետում կայքում հրապարակված կառավարիչների ցանկից» բառերից առաջ լրացնել «սնանկության էլեկտրոնային համակարգից և» բառերը, ինչպես նաև կետը լրացնել նոր՝ երրորդ նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Իր դիմումի հիման վրա հաշվառումից հանված կառավարչի վերաբերյալ տվյալները սնանկության էլեկտրոնային համակարգում պահպանվում են բացառապես ընթացիկ (չավարտված) սնանկության գործերով օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով, և տվյալ կառավարիչը նախարարության կողմից հանվում է կառավարչի թեկնածուի ընտրության (վիճակահանության) գործընթացից:».
4) 13.1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կառավարչի կողմից կրկին հաշվառման դիմում ներկայացվելու և դրա հիման վրա հաշվառման մասին որոշում կայացվելու դեպքում՝ նախարարությունը որոշումը կայացնելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում սնանկության էլեկտրոնային համակարգում վերականգնում է կառավարչի նախկինում առկա տվյալները և վերաակտիվացնում է նրա անձնական հաշիվը:»:
2. Հաշվառված կառավարիչները պարտավոր են սնանկության էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո համակարգում, գործիքակազմին համապատասխան, լրացնել հետևյալ տվյալները.
1) որակավորման վկայականի համարը,
2) սպասարկման տարածքը (տարածքները),
3) քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի գործողության ժամկետը (կցելով նաև լուսապատճենը),
4) «Սնանկության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի լուսապատճենը:
3. Սույն հրամանի 2-րդ կետում նշված տվյալները պետք է բացառապես նույնական լինեն կառավարչի կողմից նախարարությունում հաշվառվելու պահին ներկայացված կամ հետագայում սահմանված կարգով փոփոխված վերջին տվյալներին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ս. ԳԱԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|