ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1942-Ա |
«14» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված քաղաքացի Վահան Ծատուրյանի օրինական ներկայացուցիչ փաստաբան Կարեն Մեժլումյանի կողմից 2026 թվականի փետրվարի 16-ի Դ-14012-26 բողոք՝ Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 8‑ի հ.45-Ա որոշման իրավաչափության և Դավթաշեն 2-րդ թաղամաս 9/24 հասցեում գտնվող 01-004-0082-0061 ծածկագրով հողամասի մասով որոշման կետը վերացնելու վերաբերյալ, որի հիման վրա՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է բողոքի քննություն:
2026 թվականի փետրվարի 16-ի Դ-14012-26 բողոքի քննության շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության 02.03.2026թ. հ.20/25789-26 գրությամբ քաղաքացի Վահան Ծատուրյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը և Միքայել Մարտիրոսյանի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանը հրավիրվել էին լսումների 2026 թվականի մարտի 17-ին, և լսումներին ներկայացել և մասնակցել են Վահան Ծատուրյանը, Կարեն Մեժլումյանը և Միքայել Մարտիրոսյանը:
Ուսումնասիրելով 2026 թվականի փետրվարի 16-ի Դ-14012-26 բողոքը, գնահատելով բողոքի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված փաստական հանգամանքները և դիրքորոշումները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստեր.
Երևանի քաղաքապետի 2025 թվականի նոյեմբերի 25-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին» հ.4767-Ա որոշմամբ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի հ.9/24 հասցեում գտնվող 01-004-0082-0061 կադաստրային ծածկագրով հողամասը ներկայացվել էր աճուրդային կարգով օտարման:
Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների /աճուրդը/ կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասն աճուրդով վաճառելու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի արձանագրությամբ հողամասի ձեռքբերող է ճանաչվել քաղաքացի Վահան Ծատուրյանը:
ՀՀ վարչական դատարանի վարույթում է քննվում ՎԴ/15806/05/24 վարչական գործն, ըստ հայցի Միքայել Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի Դավթաշեն 2-րդ թաղամասին հարակից տարածքում գտնվող հողամասի նկատմամբ քաղաքացի Միքայել Մարտիրոսյանի սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը ճանաչելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու մասին:
Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարում ապահովող ծառայության 2026 թվականի դեկտեմբերի 29‑ի որոշման (կատարողական վարույթ 14385101) համաձայն՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2026 թվականի դեկտեմբերի 26‑ի ՎԴ/15806/05/24 կատարողական թերթը, արգելվել է Երևանի քաղաքապետարանին օտարել 01-004-0082-0061 ծածկագրով հողամասը մինչև վարչական գործով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը:
Հաշվի առնելով վերոգրյալը կայացվել է Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 8-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք հողամասերի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի աճուրդը չկայացած համարելու և աճուրդում հաղթող ճանաչված անձանց կողմից վճարված գումարները վերադարձնելու մասին» հ.45-Ա որոշումը:
Վարույթի առարկայի կապակցությամբ փաստաբան Կարեն Մեժլումյանի ներկայացրել է դիրքորոշում այն մասին, որ 26.12.2025թ-ին կայացած և ավարտված աճուրդը չի կարող 29.12.2025թ. ստացված ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/15806/05/24 կատարողական թերթի հիման վրա չկայացած համարվել, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի 69-րդ հոդվածում բացակայում են աճուրդը չկայացած համարելու համար դրույթներ և խնդրել է վերացնել Երևանի քաղաքապետի 08.01.2026թ. N 45-Ա որոշումը` Դավթաշեն 2-րդ թաղամաս հ.9/24 հասցեում գտնվող 01-004-0082-0061 ծածկագրով հողամասի մասով, որով հաղթող է ճանաչվել Վահան Լևոնի Ծատուրյանը։
Վարույթի առարկայի կապակցությամբ Միքայել Մարտիրոսյանը հայտնել է, որ քննարկվող հողամասը տիրապետում է երկար տարիներ, նշված հողամասում տնկել և խնամել է ծառեր, սակայն տևական ժամանակ ոռոգման ջրի բացակայության և հարևան բնակելի տների սեփականատերերի կողմից շինարարական աղբ կուտակելու հետևանքով հողամասը դարձել է անմխիթար և անօգտագործելի: Հայտնել է նաև, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում քննվում է Միքայել Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Դավթաշեն 2-րդ թաղամասի հ.9/24 հասցեում գտնվող 01-004-0082-0061 ծածկագրով հողամասի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի շրջանակներում սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը ճանաչելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու մասին, և որ քննարկվող հողամասի օտարմանը հնարավոր կլինի անդրադառնալ ՀՀ վարչական դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումից հետո:
Բողոքաբերը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քննարկվող հողամասի նկատմամբ ձեռք է բերվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով, ՀՀ Սահմանադրության 60-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված սեփականության (գույքային) իրավունք, որից բողոքաբերը չի կարող զրկվել բողոքարկվող վարչական ակտով, գտել է, որ բողոքարկվող վարչական ակտով խախտվել է Վահան Ծատուրյանի սեփականության իրավունքը, քանի որ այն ընդունվել է ՀՀ հողային օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի ու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի սխալ կիրառման հետևանքով։
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը:
Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն օրենքի երկրորդ բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե չորրորդ բաժնով այլ բան նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից:
Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝
ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.
բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։
ՀՀ հողային օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աճուրդը համարվում է չկայացած, եթե աճուրդի մասնակցության համար հայտ չի ներկայացվել, կամ սակարկությունում հաղթած անձը հրաժարվել է հողամասը ձեռք բերելուց կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Քննարկվող պարագայում Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 8-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք հողամասերի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի աճուրդը չկայացած համարելու և աճուրդում հաղթող ճանաչված անձանց կողմից վճարված գումարները վերադարձնելու մասին» հ.45-Ա որոշումը կայացվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 26‑ի ՎԴ/15806/05/24 կատարողական թերթը, որով արգելվել է Երևանի քաղաքապետարանին օտարել 01-004-0082-0061 ծածկագրով հողամասը՝ մինչև վարչական գործով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը, և չի ներկայացվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարում ապահովող ծառայության 2026 թվականի դեկտեմբերի 29‑ի որոշմամբ (կատարողական վարույթ 14385101) կիրառված արգելանքի վերացման համապատասխան որոշում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման մասին վարչական դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
Կատարողական վարույթի հարուցման պահին գործող՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում կայացրած որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշումները, պահանջները և հանձնարարականները պարտադիր են բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածով, կատարողական վարույթի հարուցման պահին գործող՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 71-րդ հոդվածով, «Կատարողական վարույթի մասին» օրենքի 115-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով, որ խնդրո առարկա հանդիսացող հողամասի վերաբերյալ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարում ապահովող ծառայության 2026 թվականի դեկտեմբերի 29‑ի որոշմամբ (կատարողական վարույթ 14385101) կիրառված արգելանքի վերացման համապատասխան որոշում.
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Վահան Ծատուրյանի լիազորված անձ Կարեն Մեժլումյանի 2026 թվականի փետրվարի 16-ի թիվ Դ-14012-26 դիմում-բողոքը մերժել և Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 8-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք հողամասերի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի աճուրդը չկայացած համարելու և աճուրդում հաղթող ճանաչված անձանց կողմից վճարված գումարները վերադարձնելու մասին» N 45-Ա որոշումը թողնել անփոփոխ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|