ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ - ԱՇՏԱՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՆԱՎԱՐՏ ՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 522-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2026 թվականի N 522-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ - ԱՇՏԱՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՆԱՎԱՐՏ ՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող՝ Երևանի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի մինչև 270 մետր (կմ 1 + 820 մինչև կմ 1 + 980՝ գումարած 110 մ մոտեցնող ճանապարհներ) անավարտ հատվածի կառուցման (այսուհետ` ծրագիր) շրջանակներում շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

1) շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների հրավերներով (պայմանագրերի նախագծերով) ներկայացված նախագծանախահաշվային փաստաթղթերը և ծավալաթերթը օրինակելի են, և դրանք ենթակա են վերանայման և փորձաքննության՝ տեղանքի ճշգրտման (տեղակապման), ինժեներական հաղորդուղիների փոփոխության, տեխնիկական արդիականացման, շահագործվող հատվածներին տեխնիկական կապակցման կամ հիմնավորված ծավալների ճշգրտման դեպքերում։ Ընդ որում՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի և ծավալաթերթի վերանայման աշխատանքներն իրականացվում են պատվիրատուի կողմից ներգրավված նախագծող կազմակերպության կողմից։ Նախագծահաշվային փաստաթղթերը հաստատվում են պատվիրատուի կողմից և պայմանագրի կատարման համար պարտադիր պայման են.

2) շինարարական աշխատանքների հետ կապված հրավերով (պայմանագրի նախագծով) նախատեսվում է, որ՝

ա. հայտի և պայմանագրի ապահովման չափերը հավասար են հրավերով սահմանված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերով տրված գնման գնի՝ համապատասխանաբար հինգ և տասնհինգ տոկոսին: Ընդ որում՝ սույն պարբերությամբ նախատեսված գումարները մասնակցի կողմից գնային առաջարկ ներկայացնելու համար համարվում են կողմնորոշիչ: Մասնակցի գնային առաջարկը սույն պարբերության մեջ նշված գնման գինը գերազանցելու դեպքում հայտի և պայմանագրի ապահովման չափերը հավասար են մասնակցի գնային առաջարկի համապատասխանաբար հինգ և տասնհինգ տոկոսին,

բ. շինարարական աշխատանքների ոչ ավելի, քան 30 տոկոսը կարող է իրականացվել ենթակապալի կամ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու միջոցով: Եթե պայմանագիրն իրականացվելու է ենթակապալի միջոցով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է նաև ենթակապալի պայմանագրի պատճենը, դրա կողմ հանդիսացող անձի տվյալները, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձի դեպքում՝ ենթակապալառու իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքէջի հղումը: Ընդ որում, եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն պարբերությամբ նախատեսված տեղեկությունը պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է տեղեկագրում: Մասնակցի կողմից հայտը ներկայացվելու օրվա դրությամբ ենթակապալառուն չպետք է ներառված լինի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում,

գ. սույն որոշման հիմքով կնքված պայմանագրերի ծավալաթերթ-նախահաշվում ներառվող նոր աշխատանքային ծավալների դիմաց ըստ կատարողականների վճարումներն իրականացվում են պայմանագրով նախատեսված վճարումների կատարման գործակցով,

դ. գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրին կից օրինակելի ծավալաթերթ-նախահաշվում ներառված աշխատանքների միավոր գներն անփոփոխ են, իսկ նախագծանախահաշվային վերջնական փաստաթղթերով փոփոխվող ծավալների միավոր գները պետք է լինեն գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրին կից ծավալաթերթ-նախահաշվում ներառված նույն տեսակի աշխատանքների միավոր գներով, իսկ նոր տեսակի աշխատանքների մասով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող գնի միջինացված ինդեքսը,

ե. հրավերով սահմանվում է որակավորման ապահովում, որի չափը հաշվարկվում է «ա» պարբերությամբ նախատեսված գնի նկատմամբ,

զ․ եթե ընտրված մասնակցի՝ հայտով ներկայացված համախառն եկամուտների հանրագումարը, իսկ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ընտրված մասնակցի դեպքում՝ հրավերով նախատեսված պայմանագրերի արժեքների հանրագումարը՝

- մինչև 2 միլիարդ դրամ է, ապա որակավորման ապահովման չափը հավասար է գնի 30 տոկոսին.

- 2 միլիարդ դրամից մինչև 4 միլիարդ դրամ է, ապա որակավորման ապահովման չափը հավասար է գնի 20 տոկոսին.

- 4 միլիարդ դրամից բարձր է, ապա որակավորման ապահովման չափը հավասար է գնի 10 տոկոսին,

է․ եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է գինը, ապա որակավորման ապահովման չափը հաշվարկվում է ընտրված մասնակցի գնային առաջարկի նկատմամբ,

ը․ թույլատրվում է կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալներն ավելացնել պայմանագրի սկզբնական գնի մինչև երեսուն տոկոսի չափով, իսկ աշխատանքները փոխարինել այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով պայմանագրի սկզբնական գնի մինչև հիսուն տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները: Ընդ որում՝ սույն ենթակետով նախատեսվող փոփոխությունները կարող են կատարվել պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետում մինչև երեք անգամ՝ պայմանով, որ ծավալների ավելացման կամ բնութագրերի փոխարինման հանրագումարները չեն կարող գերազանցել սույն ենթակետով սահմանված սահմանաչափերը.

3) տեխնիկական հսկողության ծառայության հրավերով (պայմանագրի նախագծով) նախատեսվում է, որ՝

ա․ գնման գինը սահմանվում է օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա՝ հաշվարկի համար հիմք ընդունվելով հրավերով նախատեսված՝ անձնակազմի մասով սահմանված պահանջների համաձայն մասնագետ/օր ներգրավվածությունը, և չի կարող գերազանցել օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված արժեքի 5 տոկոսը,

բ․ փետրվարի փաստացի աշխատանքները մեկնարկում են պատվիրատուի գրավոր հրահանգով՝ տեղանքը շինարարության համար ֆիզիկապես փաստացի հասանելիությունն արձանագրելու հիմքով,

գ․ շինարարական անգործության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնողի խորհրդատուի կողմից չեն կարող հաշվարկվել և պատվիրատուին ներկայացվել պայմանագրի դիմաց վճարումներ կատարելու պահանջներ։

2. Ընդունել ի գիտություն, որ ծրագրի իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի միջոցով իրականացվելիք գնման գործընթացների կազմակերպման արդյունքում կնքվող պայմանագրերի համար վճարումների ֆինանսավորումն իրականացվում է Երևան համայնքի 2026 թվականի ֆինանսական միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ