ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 515-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2026 թվականի N 515-Ն

 

ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի միջոցների հաշվին «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «32001. Մարզական օբյեկտների շինարարություն» միջոցառման շրջանակներում իրականացվող մարզական համալիրների կառուցման ծրագրերի գնման գործընթացների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ՝ կարգ)՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

1) շինարարական աշխատանքների հետ կապված հրավերով (պայմանագրի նախագծով) նախատեսվում է, որ՝

ա. հայտի և պայմանագրի ապահովման չափը հավասար է հրավերով հրապարակված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գնի համապատասխանաբար հինգ և տասը տոկոսին: Եթե առկա է տեղակապված նախագծանախահաշվային փաստաթուղթ, ապա ապահովման չափերը հաշվարկվում են այդ փաստաթղթով սահմանված և հրավերով հրապարակված գնի նկատմամբ: Ընդ որում՝ սույն պարբերությամբ նախատեսված գները մասնակցի կողմից գնային առաջարկ ներկայացնելու համար համարվում են կողմնորոշիչ: Մասնակցի գնային առաջարկը սույն պարբերության մեջ նշված գինը գերազանցելու դեպքում հայտի և պայմանագրի ապահովման չափը հավասար է մասնակցի գնային առաջարկի համապատասխանաբար հինգ և տասը տոկոսին: Եթե հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների գները չեն գերազանցում հրավերով հրապարակված գնի տասը տոկոսը, ապա անկախ հայտեր ներկայացրած մասնակիցների քանակից՝ գնահատող հանձնաժողովը ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարում է ընտրված մասնակից,

բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցը հայտով ներկայացնում է նախորդող հինգ տարվա համախառն եկամուտների (ավելացված արժեքի հարկի կամ շահութահարկի հաշվարկ-հաշվետվություններից) հանրագումարի վերաբերյալ տեղեկատվություն, որի իսկությունը գնահատող հանձնաժողովն ստուգում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցով՝ կարգի 67-րդ կետով նախատեսված ընթացակարգով: Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ հանդիսացող մասնակիցը հայտով ներկայացնում է հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարվա ընթացքում բնակելի կամ հասարակական նշանակության շենքերի կառուցման կամ վերակառուցման պատշաճ կատարված և ամբողջովին ավարտված առնվազն երեք կապալի օբյեկտներին վերաբերող պայմանագրերը (ներառյալ համաձայնագրերը) և պատվիրատուի կողմից հաստատված ավարտական ակտերը,

գ. կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման նախագծման և դրա քաղաքաշինական (պարզ) փորձաքննության աշխատանքների կատարումը՝ օրենքով նման գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձանց միջոցով, եթե դրանք չեն ապահովվում պատվիրատուի կողմից: Մասնակիցը հայտով ներկայացնում է տեղակապումն իրականացնող անձի տվյալները, վերջինիս գրավոր համաձայնությունը տեղակապումն իրականացնելու, ինչպես նաև պատվիրատուի հետ եռակողմ պայմանագիր կնքելու միջոցով աշխատանքների կատարման ամբողջական նախագծային փաստաթղթերի (տիպային և տեղակապման նախագծեր) նկատմամբ հեղինակային հսկողության աշխատանքները կատարելու մասին,

դ. որակավորման ապահովման չափը հաշվարկվում է սույն ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված գնի նկատմամբ: Եթե ընտրված մասնակցի՝ սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված համախառն եկամուտների հանրագումարը՝

- մինչև 2 միլիարդ դրամ է, ապա որակավորման ապահովման չափը հավասար է գնի 30 տոկոսին.

- 2 միլիարդ դրամից մինչև 4 միլիարդ դրամ է, ապա որակավորման ապահովման չափը հավասար է գնի 20 տոկոսին.

- 4 միլիարդ դրամից բարձր է, ապա որակավորման ապահովման չափը հավասար է գնի 10 տոկոսին.

եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է գինը, ապա որակավորման ապահովման չափը հաշվարկվում է ընտրված մասնակցի գնային առաջարկի նկատմամբ,

ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ընտրված մասնակցի դեպքում սույն ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված պայմանները կիրառվում են՝ հաշվի առնելով սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված պայմանագրերի արժեքների հանրագումարը: Ընդ որում՝ արտարժույթով արտահայտված պայմանագրերի արժեքները հաշվարկվում են՝ հիմք ընդունելով հայտերը բացվելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը,

զ. տեղակապման նախագծի տեղակապված մասի նախահաշվային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների պայմանագրային արժեքը հաշվարկվում և դրանց մասով պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է հետևյալ բանաձևի կիրառմամբ՝ ՎԳՏ= ԾԳՏx(ՄԳ/Գ), որտեղ՝

ՎԳՏ–ն տեղակապված մասի նախահաշվով սահմանված առանձին տեսակների աշխատանքների դիմաց վճարվելիք գումարն է,

ԾԳՏ-ն տեղակապված նախահաշվով ըստ աշխատանքի առանձին տեսակների համար սահմանված միավոր գինն է,

ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է,

Գ-ն գինն է:

Ընդ որում՝ այս բանաձևի կիրառմամբ հաշվարկն իրականացվում է անմիջապես տեղակապման նախագծի մասով նախագծանախահաշվային փորձաքննություն անցած փաստաթղթերը պատվիրատուին հանձնելուց, և դրանք վերջինիս կողմից ընդունվելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ վճարումներն իրականացվում են դրանց մասով կնքված համաձայնագրի ծավալաթերթ-նախահաշվին համապատասխան: Եթե պայմանագրի գինը գերազանցում է հրավերով հրապարակված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գինը, ապա սույն պարբերությամբ նախատեսված բանաձևը չի կիրառվում, իսկ տեղակապված մասի աշխատանքների համար պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է փորձաքննված նախահաշվային արժեքով,

է. կապալառուին թույլատրվում է պատվիրատուի առաջարկությամբ կատարել փոփոխություններ տիպային և տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերում, եթե դրանք հանգեցնելու են կատարվելիք աշխատանքների որակի բարելավմանը։ Պատվիրատուի նախաձեռնությամբ տիպային և տեղակապման նախագծային փաստաթղթերում ներկայացվող այն առաջարկությունները, որոնց կատարումը հանգեցնում է լրացուցիչ ֆինանսավորման, կարող են իրականացվել բյուջետային միջոցների առկայության դեպքում,

ը. սույն որոշմամբ սահմանվող առանձնահատկությունների հաշվառմամբ կնքված պայմանագրերի ծավալաթերթ-նախահաշվում ներառվող նոր աշխատանքային ծավալների դիմաց ըստ կատարողականների վճարումներն իրականացվում են պայմանագրով նախատեսված վճարումների կատարման գործակցով,

թ. գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրին կից ծավալաթերթ-նախահաշվում ներառված աշխատանքների (այդ թվում՝ տեղակապման աշխատանքներ համարվող ծավալների) միավոր գներն անփոփոխ են, իսկ տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերով ավելացվող ծավալների միավոր գները կարող են տարբեր լինել գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրին կից ծավալաթերթ-նախահաշվում ներառված նույն աշխատանքների միավոր գներից,

ժ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պայմանները կիրառելի են տեղակապված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա կնքված պայմանագրի նոր ձևավորված (տիպային և տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերում ներառված ծավալներ) գնի նկատմամբ,

ժա. շինարարական աշխատանքների պայմանագրի սկզբնական նախահաշվում ներառված աշխատանքների ծավալներից ավել ծավալների կատարումը, որը չի հանգեցնում նախագծային փաստաթղթերի փոփոխության և տվյալ տարում լրացուցիչ բյուջետավորման, նախապես գրավոր համաձայնեցվում է պատվիրատուի հետ, և փաստացի կատարված այդ աշխատանքների դիմաց վճարումներն իրականացվում են, եթե կատարողական փաստաթղթերը ստորագրված են կապալառուի, տեխնիկական ու հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից.

2) շինարարական ծրագրերի իրականացման տեխնիկական հսկողության ծառայության հրավերով (պայմանագրի նախագծով) նախատեսվում է, որ՝

ա. գնման գինը սահմանվում է օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գնի համամասնությամբ՝ հաշվարկի համար հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից 2022-2025 թվականներին կազմակերպված մրցույթների կամ գնանշման հարցումների արդյունքում ձևավորված պայմանագրային արժեքները և դրանց միջակայքերը,

բ. նախագծի տեղակապված մասի նախահաշվային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների մասով տեխնիկական հսկողության ծառայության համար պայմանագրային արժեքը հաշվարկվում և դրա մասով համաձայնագիրը կնքվում է հետևյալ բանաձևի կիրառմամբ՝ ՎԳՏ=ՏՆԱx(ՄԳ/ՕՆԱ), որտեղ՝

ՎԳՏ-ն տեղակապված մասի տեխնիկական հսկողության ծառայության դիմաց վճարվելիք գումարն է,

ՏՆԱ-ն տեղակապված մասի փորձաքննություն անցած նախահաշվային արժեքն է,

ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է, որը չի կարող ավել լինել տվյալ ծառայության համար սահմանված գնման գնից,

ՕՆԱ-ն օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթով (փաստաթղթերով) սահմանված գինն է,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պայմանները կիրառելի են սույն ենթակետի «բ» պարբերությամբ հաշվարկված պայմանագրի գնի նկատմամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական: