ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 58.1-ին հոդվածով․
| «Հոդված 58.1. | Քաղաքապետի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում |
1. Քաղաքապետը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կենդանիների կացարանների և հարակից ենթակառուցվածքների (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան և այլն) նախագծումը, կառուցումը և կառավարումը, այդ թվում՝ արտապատվիրակման կամ համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափով.
2) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման և կացարաններ տեղափոխման աշխատանքները.
3) համաքաղաքային կանոններին համապատասխան՝ տալիս է քաղաքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում.
4) աջակցում է անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների աշխատանքների վարմանը.
5) սահմանված կարգով տրամադրում է կենդանիների բուծարանների և կացարանների գործունեության թույլտվություններ.
6) սահմանում է Երևանի տարածքում անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման կամ թաղման վայրերը.
7) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն և ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում.
8) կենդանի տիրապետողից պահանջում է կենդանի պահելուն առնչվող ցանկացած տեղեկատվություն, բացատրություններ, փաստաթղթեր:»:
Հոդված 2. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.
«4) վարչական շրջանի տարածքում, սահմանված կանոններին համապատասխան, տալիս է կենդանիների վաճառքի թույլտվություն.
5) վարչական շրջանի տարածքում տալիս է կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվություն:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ղեկավարի՝ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 58․1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորության իրականացման համար համայնքներին կտրվի սուբվենցիա, իսկ երկրորդ և հաջորդող տարիների համար դրանց ֆինանսավորումը կիրականացվի համայնքային բյուջեներից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 17 Երևան ՀՕ-128-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|