ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԴԻՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.04.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.04.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«13» ապրիլ 2026 թ.

N 29-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԴԻՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը․

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցներին ներգրավելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

13.04.2026

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

 2026 թվականի ապրիլ «13»-ի

N 29-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԴԻՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողություն իրականացնող գործադիր հանձնաժողովի (այսուհետ` Վերահսկողություն իրականացնող հանձնաժողով) աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցներին ներգրավելու հետ կապված հարաբերությունները:

2. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովում խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների ներգրավման գործընթացը կազմակերպում և անցկացնում է Հիմնադրամը:

3. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն կազմակերպությունները (ի դեմս վերջիններիս ներկայացուցիչների), որոնք

1) գործունեություն են ծավալում բուժաշխատողների, գործատուների, աշխատողների, պացիենտների իրավունքների և շահերի պաշտպանության (հասարակական կազմակերպությունների դեպքում), դեղերի շրջանառության կամ բժշկական օգնության և սպասարկման (այլ կազմակերպությունների դեպքում) ոլորտներից որևիցե մեկում.

2) ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ.

3) չեն հանդիսանում Հիմնադրամի այլ մարմնի անդամ

4) պայմանագրային հարաբերությունների մեջ չեն գտնվում Հիմնադրամի հետ:

4. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովում խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների ներգրավման համար սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ներգրավման մասին Հիմնադրամի ինտերնետային կայքէջում հրապարակվում է հայտարարություն:

5. Հայտարարության մեջ պետք է առնվազն ներառվեն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հայտերը ընդունող պատասխանատու անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերը առձեռն հանձնելու դեպքում` ընդունելու օրերը և ժամերը.

3) հայտեր ներկայացնող կազմակերպությանը ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

6. Հայտերը ներկայացնում են հայտարարությունը հրապարակելու հաջորդ օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Հայտում պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները՝

1) կազմակերպության անվանումը, գտնվելու կամ գործունեության իրականացման վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն.

2) կազմակերպության կողմից առաջադրվող մասնակցի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, ինքնակենսագրականը, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն),

3) կազմակերպության գործունեության ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը:

8. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) կազմակերպության կանոնադրության և գրանցող մարմնի կողմից տրված գրանցման վկայականի պատճենները.

2) տեղեկություններ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ոլորտում առկա փորձի, դրա տևողության վերաբերյալ.

3) Հիմնադրամի այլ մարմիններում ընդգրկված չլինելու մասին և Հիմնադրամի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չգտնվելու մասին հայտարարություն, որում նշվում է, որ Կազմակերպությունը ընդգրկված չէ Հիմնադրամի այլ մարմիններում և Հիմնադրամի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չի գտնվում:

9. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ միասին՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և տեսաներածված:

10. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:

11. Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվում:

12. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետի ավարտը:

13. Փաստաթղթերը ստանալուց հետո ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը: Կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին որոշում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ «Հիմնադրամների մասին» օրենքին համապատասխան հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստի քվեարկության արդյունքներով:

14. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում (էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երեք աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

15. Սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

16. Վերահսկողության իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցողների (մասնակիցների) թիվը չպետք է պակաս լինի հինգից, իսկ առավելագույն թիվը չպետք է գերազանցի տասը:

17. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների ներգրավման ժամանակ հաշվի է առնվում սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված յուրաքանչյուր ոլորտից առնվազն մեկ հասարակական կազմակերպության առաջադրած մասնակցի ներգրավման և դեղերի շրջանառության կամ բժշկական օգնության և սպասարկման ոլորտներում գործունեության ծավալող մեկ այլ կազմակերպության առաջադրած մասնակցի ներգրավման հանգամանքը (համամասնության չափանիշ):

18. Սույն կարգի 17-րդ կետով սահմանված համամասնության չափանիշի հաշվառմամբ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված ոլորտներից յուրաքանչյուրից մասնակից ներգրավելու անհնարինության դեպքում նախապատվությունը տրվում է սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված ոլորտներից յուրաքանչյուրում առավել մեծ փորձառություն ունեցող (առավել երկար գործունեություն ծավալած) կազմակերպություններին (առավել երկար փորձառնության չափանիշ):

19. Եթե ներկայացված հայտերի ընտրությունը չի կարող իրականացվել սույն կարգի 17-18-րդ կետերով սահմանված չափանիշների հիման վրա, ապա առավելությունը տրվում է հայտը առավել շուտ ներկայացրած կազմակերպությանը:

20. Ներգրավման արդյունքների մասին տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է Հիմնադրամի ինտերնետային կայքէջում:

21. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավված մասնակիցները մասնակցում են Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին 5 տարի ժամկետով, որից հետո նոր մասնակիցների ներգրավումը իրականացվում է սույն կարգի համաձայն:

22. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար ընտրված մասնակիցները կարող են դուրս գալ Վերահսկողության իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցող անձանց ցանկից իրենց դիմումի հիման վրա: Այս դեպքում նոր մասնակցի ներգրավումը իրականացվում է սույն կարգի համաձայն:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2026 թվական: