ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26280/02/20 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26280/02/20 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան |
|
զեկուցող |
Ս. Մեղրյան |
|
Ա. Աթաբեկյան | |
|
Ն. Հովսեփյան | |
| Ա. Մկրտչյան | |
|
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Վ. Քոչարյան |
2026 թվականի փետրվարի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Այման Ուաժանովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Այման Ուաժանովայի հայցի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի, Գևորգ Թորամանյանի և Գագիկ Ծառուկյանի, երրորդ անձ «Մուլտի ակվամարին» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` առուվաճառքի պայմանագիրը, ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրությունն ու կանոնադրության փոփոխությունն անվավեր ճանաչելու, բաժնեմասի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Այման Ուժանովան պահանջել է անվավեր ճանաչել Գևորգ Թորամանյանի և Սեդրակ Առուստամյանի միջև 14.03.2011 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 21.03.2011 թվականի թիվ 2/11-Լ համարի տակ գրանցված արձանագրությունը, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնի տարածքային բաժնի կողմից գրանցված Ընկերության կանոնադրության թիվ 001.3 փոփոխությունը, ինչպես նաև ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Ընկերության 1/2 բաժնեմասի նկատմամբ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 05.08.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26․05․2023 թվականի որոշմամբ Սեդրակ Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի և Ընկերության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 05.08.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ որոշվել է․ «Այման Ուժանովայի հայցն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի, Գևորգ Թորամանյանի, Գագիկ Ծառուկյանի, երրորդ անձ «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի` 14.03.2011թ. բաժնեմասի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու, «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 21.03.2011թ. թիվ 2/11-Լ համարի տակ գրանցված արձանագրությունն անվավեր ճանաչելու, պահանջի մասին, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնի տարածքային բաժնի կողմից գրանցված «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի կանոնադրության թիվ 001.3 փոփոխությունն անվավեր ճանաչելու, Այման Ուաժանովայի համատեղ սեփականության իրավունքը «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին մերժել։ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատական ծախսերի հարցը համարել լուծված։ Այման Ուաժանովայից հօգուտ Սեդրակ Գարիկի Առուստամյանի, Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի պետք է բռնագանձել 120,000.00 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարներ:»
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Այման Ուժանովան (ներկայացուցիչ Արսեն Համբարձումյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սեդրակ Առուստամյանը (ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63‑րդ, 75-րդ, և 172-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածը, Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածն ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ, 103-րդ, 367-րդ, 368-րդ, 379-րդ և 380-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա նյութերը, Դատարանում արված հայտարարությունները, չվիճարկված փաստերը, ուսումնասիրել է վերաքննիչ բողոքում չներառված փաստեր, որի արդյունքում եկել է սխալ եզրահանգման։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության 1/2 բաժնեմասի առուվաճառքի գործարքը կնքելիս ինքը ոչ միայն իր համաձայնությունը չի տվել, այլ նաև չի ունեցել իր կամահայտնությունն արտահայտելու հնարավորություն։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր համաձայնության բացակայության և առուվաճառքի պայմանագրի կողմ չհանդիսանալու պայմաններում Ընկերության 1/2 բաժնեմասը չէր կարող վաճառվել։ Ինքը, հանդիսանալով վիճելի բաժնեմասի առուվաճառքի իրավահարաբերությունների պատշաճ սուբյեկտ, չի դրսևորել Ընկերության 1/2 բաժնեմասը վաճառելու կամք, որը կառարկայանար համապատասխան պայմանագրի կնքմամբ, հետևաբար դրա վերաբերյալ այլ անձանց կողմից պայմանագրի կնքումը համարվում է օրենքի խախտում՝ պայմանագրի սուբյեկտային կազմի առումով, ինչն էլ իր հերթին հանգեցնում է կնքված գործարքների անվավեր լինելու փաստին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ պետական տուրքը ենթակա է վերադարձման՝ մասնակի կամ լրիվ, եթե այն վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելիս բողոքաբերների կողմից վճարվել է օրենքով չնախատեսված չափով՝ ավելի պետական տուրքի գումար, և Վերաքննիչ դատարանը որոշել է իրենից բռնագանձել 120․000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.08.2022 թվականի վճռին:
2.1 Սեդրակ Առուստամյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ․
Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անդրադարձել է բողոքի հիմքերին և հիմնավորումներին, դրանցից երեքը համարել է հիմնավոր, մեկը համարել է անհիմն, իսկ երկուսի առնչությամբ գտել է, որ դրանց անդրադառնալու դատավարական անհրաժեշտությունը բացակայում է։
Ինքը չգիտեր և պարտավոր էլ չէր իմանալ Գևորգ Թորամանյանի ամուսնացած լինելու, ամուսնությունը գրանցված լինելու կամ չլինելու մասին:
Ընկերության փաստաթղթերում որևէ տեղ նշված չի եղել, որ Այման Ուաժանովան հանդիսանում է 1/2 բաժնեմասի սեփականատեր, հետևաբար վերջինիս համաձայնությունը ստանալու անհրաժեշտությունը բացակայել է:
Ինչ վերաբերում է պետական տուրքը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափից ավել վճարված լինելու և այն Այման Ուաժանովայից ամբողջությամբ բռնագանձելու վերաբերյալ փաստարկներին, ապա անհրաժեշտ է նշել, որ վերաքննության կարգով բողոքարկվել է Դատարանի 05.08.2022 թվականի վճռով բավարարված թվով չորս պահանջ, որոնցից յուրաքանչյուրի համար վճարվել է 30.000-ական ՀՀ դրամ, և քանի որ վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Վերաքննիչ դատարանը որոշել է պետական տուրքը բռնագանձել Այման Ուաժանովայից: Հետևաբար Վերաքննիչ դատարանը որևէ խախտում թույլ չի տվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը․
1) Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայի Շարիաթի դատարանի կողմից տրված թիվ 1440/Մ/2004 համարի ամուսնության փաստաթղթի պատճենի՝ արաբերենից կատարված թարգմանության համաձայն՝ Գևորգ Թորամանյանը և Այման Ուաժանովան ամուսնացել են 13.12.2004 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 20)․
2) ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Կենտրոնի տարածքային բաժնի կողմից 04.03.2009 թվականին գրանցված «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի կանոնադրությամբ հաստատվել է ընկերության մասնակիցների ցուցակը՝ Գագիկ Ծառուկյան՝ 50%, Կևորկ-Սարկիս Թորամանյան՝ 50% (հատոր 1-ին, գ.թ. 24-34)․
3) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ.Մինասյանի կողմից 01.09.2020 թվականին տրված թիվ 8‑52376 տեղեկանքի համաձայն՝ Կեվորկ-Սարկիս Թորամանյանն ու Գևորգ Սարգիսի Թորամանյանը հանդիսանում են նույն անձը (հատոր 1-ին, գ.թ. 18).
4) Սեդրակ Առուստամյանի և Կևորկ-Սարկիս Թորամանյանի միջև 14.03.2011 թվականին կնքված ու նոտարական կարգով վավերացված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Սեդրակ Առուստամյանը Կևորկ-Սարկիս Թորամանյանից, որի անունից հանդես է եկել Հակոբ Գասպարյանը, ձեռք է բերել Կևորկ-Սարկիս Թորամանյանին սեփականության իրավունքով պատկանող Ընկերության 50% բաժնեմասը (հատոր 1-ին, գ.թ. 21-23)․
5) ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Կենտրոնի տարածքային բաժնի կողմից 04.03.2009 թվականին գրանցված Ընկերության կանոնադրության մեջ 24.03.2011 թվականին կատարվել է թիվ 001.3 փոփոխությունը, որով հաստատվել է Ընկերության մասնակիցների ցուցակը՝ Գագիկ Ծառուկյան՝ 50% և Սեդրակ Առուստամյան՝ 50% (հատոր 1-ին, գ.թ. 37, 38).
6) 18.11.2022 թվականին Սեդրակ Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի և Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 120.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարման անդորրագիր (հատոր 4-րդ, գ․թ․ 20, 40).
7) Վերաքննիչ դատարանը 26.05.2023 թվականի որոշմամբ գտել է, որ բողոքը մասնակիորեն բավարարելու, Դատարանի 05.08.2022 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու՝ հայցը մերժելու պայմաններում, Այման Ուաժանովայից հօգուտ Սեդրակ Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի և Ընկերության ենթակա է բռնագանձման 120.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարման պետական տուրքի գումար (հատոր 4-րդ, գ․թ․ 99)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102‑րդ ու 103‑րդ հոդվածների և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի խախտում:
Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին՝
1) արդյո՞ք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժնեմասը` դրանում ներառված իրավունքների և պարտականությունների ամբողջ ծավալով, կարող է համարվել ամուսինների համատեղ սեփականություն՝ վերահաստատելով նախկին արտահայտած իրավական դիրքորոշումները.
2) արդյո՞ք հայցադիմումը կամ բողոքը բավարարվելու պայմաններում գործին մասնակցող մի անձի կողմից ավել վճարված պետական տուրքի գումարը կարող է ամբողջությամբ բռնագանձվել գործին մասնակցող մյուս անձից։
1․ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3‑րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ` ընկերություն) է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընկերության ստեղծումն իրականացվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը պետք է բովանդակի դրույթներ ընկերության հիմնադրման, մասնակիցների կազմի, մասնակիցների բաժնեմասերի չափերի, ընկերության կանոնադրության հաստատման, ընկերության գործադիր մարմնի ձևավորման մասին, դրույթ այն մասին, որ բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն: Ընկերության ստեղծման (հիմնադրման) մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշումը կամ ընկերության հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ընկերության բոլոր հիմնադիրները:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին համաձայն` ընկերություն հիմնադրել ցանկացող անձինք (հիմնադիրները) կնքում են գրավոր պայմանագիր: (...)
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընկերության հիմնադրման մասին պայմանագրով սահմանվում են նրա հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, ընկերությանն իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները, (...) ընկերության հիմնադիրների կազմը, ընկերության կանոնադրական կապիտալի և յուրաքանչյուր հիմնադրի բաժնեմասի չափը, (...):
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 10‑րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընկերության հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում նրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից հաստատված կանոնադրությունը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը հիմնադիրները (մասնակիցները) պետք է ընդունեն միաձայն: Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`
(...) գ) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը.
դ) տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին, (...):
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընկերության կանոնադրությունում փոփոխությունները կատարվում են ընդհանուր ժողովի կողմից:
Ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում նրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին տեղյակ պահելուց հետո:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 18‑րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե ընկերության կանոնադրությանը համապատասխան, մասնակցի բաժնեմասի (դրա մասի) օտարումը երրորդ անձանց հնարավոր չէ, իսկ ընկերության մյուս մասնակիցները հրաժարվում են այն գնելուց, ապա ընկերությունը պարտավոր է մասնակցի պահանջով ձեռք բերել մասնակցի բաժնեմասը:
Բաժնեմասն ընկերությանը փոխանցվում է մասնակցի կողմից այն ձեռք բերելու պահանջն ընկերությանը ներկայացնելու պահից, կամ ընկերության մասնակցին ընկերությունից հեռացնելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու, կամ եթե ընկերության որևէ մասնակցից ստացվել է մերժում բաժնեմասն ընկերության մասնակցի ժառանգներին (իրավահաջորդներին) փոխանցելու, կամ այն ընկերության մասնակից լուծարված իրավաբանական անձի մասնակիցների միջև բաշխելու կապակցությամբ, ինչպես նաև ընկերության կողմից նրա մասնակիցների պարտատերերի պահանջով բաժնեմասի (դրա մասի) արժեքի վճարման դեպքում:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 19‑րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընկերության մասնակցին պատկանող բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդհանուր ժողովի միաձայն որոշմամբ պետք է բաշխվի ընկերության բոլոր մասնակիցների միջև` նրանց բաժնեմասերին համապատասխան կամ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ` երրորդ անձանց, և ամբողջությամբ վճարվի: Բաժնեմասի չբաշխված մասը պետք է մարվի` ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներում բազմիցս անդրադարձել է ամուսինների համատեղ սեփականության հարցին` մասնավորապես արձանագրելով, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը՝ բացի ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի (տե՛ս Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի ու «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի, երրորդ անձ Սիրանուշ Աբազյանի թիվ 3‑415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ կապված ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը բաժնեմասերի միավորմամբ գործող տնտեսական ընկերություն է, այսինքն` ընկերություն, որի գործունեությանն անձի մասնակցության աստիճանը որոշվում է այդ անձի բաժնեմասի` ընդհանուր կանոնադրական կապիտալում ունեցած տոկոսով: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ընկերության ստեղծման և գործունեության ընթացքում առանցքային նշանակություն ունի հենց ընկերության մասնակիցների ունեցած բաժնեմասը և դրա հարաբերակցությունն ընդհանուր կանոնադրական կապիտալին: Մասնավորապես, ընկերության բարձրագույն մարմնում` ընդհանուր ժողովում, ընկերության յուրաքանչյուր մասնակցի ձայների քանակը որոշվում է ըստ ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասերի քանակի («Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդված): Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը կարևորել է ընկերության հիմնադիրների և մասնակիցների դերն ընկերության համար բոլոր առանցքային որոշումների կայացման հարցում: Այսպես, ընկերությունը ստեղծվում է հիմնադրման պայմանագրով, որը հիմնադիրների համաձայնությունն է` համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կանոնները որոշելու վերաբերյալ: Այնուհետև ընկերությունը հիմնադրած անձինք միաձայն հաստատում են ընկերության կանոնադրությունը, որն ընկերության հիմնադիր փաստաթուղթն է (տե՛ս Անահիտ Ղազարյանն ընդդեմ Հարություն Ղազարյանի, «Շանտան» ՍՊԸ-ի, երրորդ անձինք Արմեն Մարտիրոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության թիվ ԵԿԴ/4634/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ կանոնադրությունն ընկերության իրավական կարգավիճակը սահմանող կարևորագույն փաստաթուղթ է: Կանոնադրությունը կարգավորում է հիմնադիրների (մասնակիցների) ներքին փոխհարաբերությունները, դրանով սահմանվում են, մասնավորապես, ընկերության անվանումը, գտնվելու վայրը, գործունեության նպատակը և առարկան, կառավարման և վերահսկողության մարմինները, շահույթի բաշխման կարգը և այլն: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընկերության, ընկերության մասնակիցների, ընկերության կանոնադրության (նաև փոփոխությունների) գրանցումն ինքնանպատակ չէ: Բացի այն, որ պետական գրանցումը հնարավորություն է տալիս միասնական ամբողջական տեղեկատվություն հավաքել պետության տարածքում գործող իրավաբանական անձանց մասին, այն նաև հնարավորություն է տալիս հանրությանը` ամբողջական տեղեկություններ ստանալ իրավաբանական անձանց մասին: Դա հատկապես կարևորվում է առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, այդ թվում` ընկերությունների համար, քանի որ վերջիններիս ապագա հնարավոր կոնտրագենտները հնարավորություն են ունենում տեղեկություններ ձեռք բերել իրենց ապագա գործընկերների մասին` բացահայտելով վերջիններիս գործունեության նպատակները, կառավարման մարմինների արդյունավետությունը, մասնակիցների շրջանակը, ինչը ոչ պակաս կարևոր է, քանի որ մասնակիցների շրջանակով պայմանավորված` ապագա կոնտրագենտները կարող են հրաժարվել պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել տվյալ իրավաբանական անձի հետ: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ անկախ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների կամ հնարավոր մասնակիցների ներքին հարաբերություններից, ներքին պայմանավորվածությունից` բաժնեմասը ձեռք բերող անձի իրավունքը ծագում է միայն ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու, ընկերության կանոնադրությունում փոփոխություն կատարելու և այն գրանցելու պահից (տե՛ս Սուսաննա Խաչատրյանն ընդդեմ Վիգեն Ասլանյան Ավանեսյանի թիվ ԵԿԴ/0779/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաժնեմասով պայմանավորված` ընկերության մասնակիցները ձեռք են բերում իրավունքներ և կրում պարտականություններ` մասնավորապես իրավունք ունեն մասնակցել ընկերության կառավարմանը, ստանալ տեղեկություններ ընկերության գործունեության վերաբերյալ, ստանալ ընկերության գործունեությունից ստացվող` օրենքով սահմանված շահույթի մասը, իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց, անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից, ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից, ընկերության լուծարման դեպքում բաժին ստանալ ընկերության մնացած գույքից («Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդված)։ Միաժամանակ մասնակիցները պարտավոր են ներդրումներ կատարել ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ սահմանված կարգով, չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկություններ, բացի օրենքով սահմանված դեպքերից («Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված):
ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ անգամ բաժնեմասի օտարման դեպքում գործում են սահմանափակումներ, և օտարվող բաժնեմասի իրավական ճակատագիրը կախված է ընկերության մասնակիցների կամքից: Այսպես, վերջիններս կանոնադրությամբ կարող են արգելել բաժնեմասի օտարումը երրորդ անձանց, և եթե անգամ մասնակիցները հրաժարվեն բաժնեմասը գնելուց, բաժնեմասն օտարող մասնակիցն իրավունք չունի այն օտարել երրորդ անձի. տվյալ դեպքում բաժնեմասը ձեռք է բերում ընկերությունը` այնուհետ մեկ տարվա ընթացքում բոլոր մասնակիցների միաձայն որոշմամբ բաշխվում է բոլոր կամ մեկ կամ մի քանի մասնակիցների միջև:
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ համանման կարգավորում գործում է նաև այն դեպքում, երբ ընկերության որևէ մասնակցից ստացվել է մերժում բաժնեմասն ընկերության մասնակցի ժառանգներին (իրավահաջորդներին) փոխանցելու վերաբերյալ: Այլ կերպ ասած` եթե անգամ ընկերության մասնակիցը մահացել է, իսկ ընկերության թեկուզ մեկ մասնակից համաձայն չէ, որ վերջինիս ժառանգները դառնան ընկերության մասնակից, ապա այդ մասնակիցն ունի բացարձակ իրավունք` խոչընդոտելու այլ երրորդ անձի` ընկերության մասնակից դառնալուն: Այսինքն` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում մասնակիցների շրջանակը որոշվում է միայն մասնակիցների ցանկությամբ, և անգամ օրենքի ուժով ծագող իրավունքը (օրինակ` ժառանգման իրավունքը) չի կարող սահմանափակել ընկերության մասնակցի իրավունքը:
Նման մոտեցումը պայմանավորված է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առանձնահատուկ կարգավիճակով, մասնակիցների առավել սերտ գործընկերային հարաբերություններով, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների` իրավաբանական անձի ավելի պարզ կազմակերպաիրավական ձևով:
Ամփոփելով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժնեմասի և դրանից բխող` ընկերության մասնակցի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վերոգրյալ կարգավորումները` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ բաժնեմասն ընկերության և ընկերության մասնակցի միջև կորպորատիվ հարաբերությունների ծագման հիմքն է, որի միջոցով որոշվում է ընկերության և ընկերության մասնակցի` միմյանց միջև փոխադարձ իրավունքների և պարտականությունների ծավալը:
Այդուհանդերձ կորպորատիվ բնույթի օբյեկտ լինելուց բացի, բաժնեմասը հիմք է հանդիսանում նաև այլ գույքի ձեռքբերման (ներառյալ` գույքային իրավունքների առաջացման համար): Մասնավորապես, բաժնեմասն իրավունք է տալիս մասնակցին` ստանալ ընկերության գործունեությունից ստացվող շահույթի մասը, ընկերության լուծարման դեպքում բաժին ստանալ ընկերության մնացած գույքից, բաժնեմասի օտարման դեպքում ստանալ դրա արժեքը:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանին եզրահանգել է, որ բաժնեմասն իրենում ներառում է ինչպես զուտ քաղաքացիաիրավական, այնպես էլ կորպորատիվ բնույթի տարրեր: Հետևաբար գնահատելու համար, թե որքանով կարող է բաժնեմասը համարվել ամուսինների համատեղ կյանքում ձեռք բերված գույք, անհրաժեշտ է տարանջատել բաժնեմասի այդ երկու առանցքային տարրերը:
Այսպես, կորպորատիվ տեսանկյունից բաժնեմասը չի կարող համարվել ընդհանուր համատեղ սեփականություն` նկատի ունենալով, որ ամուսինը չի կարող համարվել ընկերության մասնակից օրենքի ուժով` առանց ընկերության մյուս մասնակիցների համաձայնության և առանց ընկերության հանդեպ պարտականությունների կատարման (մասնավորապես` ավանդի վճարման): Ավելին, հակառակ մեկնաբանության դեպքում խախտվում են ոչ միայն ընկերության մյուս մասնակիցների, այլ նաև ընկերության կոնտրագենտների շահերը, ովքեր լիարժեք տեղեկություն չեն ունենում ընկերության մասնակիցների կազմի վերաբերյալ:
Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել փաստել, որ եթե բաժնեմասի նկատմամբ ամուսնու իրավունքը ծագեր օրենքի ուժով ամբողջ ծավալով` և կորպորատիվ իմաստով և քաղաքացիաիրավական գույքի իմաստով, ապա բազմաթիվ իրավիճակներում կարող էին ծագել իրավական խնդիրներ: Օրինակ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող (...) զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, (...) (նույն օրենքի իմաստով` ձեռնարկատիրական գործունեություն է համարվում նաև առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման): ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ եթե բաժնեմասն ամբողջությամբ համարվի համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք, ապա այն բոլոր հանրային ծառայողները կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց ամուսիններն ընկերության մասնակից են, կհամարվեն անհամատեղելիության պահանջը խախտած:
Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ կորպորատիվ իրավունքներն իրականացնելու նպատակով և իմաստով ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք կարող է համարվել միայն բաժնեմասի միջոցով ձեռք բերվող այլ գույքը` ընկերության գործունեությունից ստացվող շահույթը, ընկերության լուծարումից հետո ստացվող գույքը, բաժնեմասի օտարման դիմաց ստացվող հատուցումը, իսկ ընդհանուր քաղաքացիաիրավական իմաստով` ամուսինների համատեղ գույքը բաժանելու կամ ժառանգման կարգով բաժնեմասը փոխանցվելու, ինչպես նաև ոչ կորպորատիվ բնույթի այլ իրավունքների դեպքերում: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ամուսնուն բաժնեմասը կորպորատիվ առումով չի կարող պատկանել, քանի դեռ վերջինս օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով չի դարձել ընկերության մասնակից (տե՛ս Անահիտ Ղազարյանն ընդդեմ Հարություն Ղազարյանի, «Շանտան» ՍՊԸ-ի, երրորդ անձինք Արմեն Մարտիրոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության թիվ ԵԿԴ/4634/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2021 թվականի որոշումը):
2․ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերը և կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգը և պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար։ Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ անձն իր իրավունքների դատական պաշտպանության համար պետք է կատարի օրենքով սահմանված դատական ծախսեր, որոնք իրենց մեջ ներառում են նաև հայցադիմումի, դիմումի, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական բյուջե վճարվող պետական տուրքի գումարները: Ընդ որում, պետական տուրքի գանձման օբյեկտների ցանկը և դրույքաչափերը` ըստ պահանջների ու գործը քննող ատյանների, ամրագրված են ու կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով (տե՛ս «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունն ընդդեմ Վահագն Հովհաննիսյանի և այլոց թիվ ԵԴ/24249/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):
Բացի այդ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման հիմնախնդրին, նշել է, որ յուրաքանչյուր գործով պետական տուրքի վճարման ենթակա չափը որոշվում է հաշվի առնելով տվյալ գործով ներկայացված հայցապահանջը, իսկ դատական ակտը բողոքարկելիս՝ բողոքարկման ծավալը: Ըստ այդմ էլ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի դրույքաչափերը՝ այն պայմանավորելով օրենքով սահմանված մի շարք հանգամանքներով: Օրինակ՝ ըստ ներկայացված հայցապահանջի տեսակի (գույքային և ոչ գույքային, դրամական և ոչ դրամական), ըստ բողոքարկվող ատյանների (վերաքննիչ և վճռաբեկ), ըստ վարույթի տեսակների (հատուկ վարույթի վերաբերյալ գործերով դիմումների և այլ դիմումների): Ընդ որում օրենսդրի կողմից կարևորվել է նաև այն հանգամանքը, որ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս պետական տուրքի վճարման չափը կախված է դատական ակտի բողոքարկման ծավալից: Այսինքն՝ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս անձի կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից: Հետևաբար անձն օգտվելով իր տնօրինչական իրավունքից ինչ ծավալով, որ բողոքարկում է դատական ակտը՝ այն չափով էլ օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան ենթակա է հաշվարկման և վճարման պետական տուրքը (տե՛ս Կարեն Գևորգյանը և Ալիս Ղանթարչյանն ընդդեմ Լևոն Գևորգյանի թիվ ԵԱՔԴ/4664/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2018 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքի ընդունելիության փուլում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարված լինելու հարցը ճիշտ որոշելու համար առանցքային նշանակություն ունեն գործով ներկայացված պահանջների, դրանց քանակի, տեսակների պարզումը, հիմնական և ածանցյալ պահանջների ճշգրիտ տարանջատումը, ինչպես նաև հայցվորի նյութաիրավական պահանջը դրա իրականացման միջոցներից տարբերակելը՝ ինչպես օրենքի պահանջը պահպանելու, այնպես էլ բողոք բերած անձի վրա ֆինանսական ավելորդ պարտականություն դնելը բացառելու տեսանկյունից (տե՛ս ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության դիմումի թիվ ԵԴ/24461/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ եզրափակիչ դատական ակտերում դատական ծախսերի հարցին անդրադառնալիս և դատավարության մի մասնակցից հօգուտ մյուս մասնակցի նախապես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելիս նախևառաջ պարզման են ենթակա գործով ներկայացված պահանջները, դրանց քանակը, տեսակը, հիմնական և ածանցյալ բնույթը: Եթե հայցադիմում կամ բողոք ներկայացրած անձի պահանջը բաղկացած է և՛ հիմնական, և՛ ածանցյալ պահանջներից, ու հիմնական պահանջի բավարարումն անվերապահորեն հանգեցնելու է նաև ածանցյալ պահանջների բավարարմանը, ապա անձը պարտավորություն չի կրում պետական տուրքի գումար վճարել նաև ածանցյալ պահանջների համար, քանի որ ածանցյալ պահանջները երկրորդական կամ լրացուցիչ պահանջներ են, որոնք կախված են հիմնական պահանջի առնչությամբ կայացրած որոշման արդյունքից։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարագայում, երբ հայցադիմում կամ բողոք ներկայացնող անձի կողմից վճարվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերից ավելի պետական տուրքի գումար, ապա հայցադիմումը կամ բողոքը բավարարվելու պայմաններում դատավարության մյուս մասնակցից պետական տուրքի գումարը կարող է բռնագանձվել միայն այն չափով, որը հայցադիմում կամ բողոք ներկայացնող անձը պետք է վճարեր՝ դատարան դիմելու իրավունքն իրացնելու համար: Հետևաբար ավել վճարված պետական տուրքի գումարը պետք է վերադարձվի այն վճարած դատավարության մասնակցին, այլ ոչ թե բռնագանձի դատավարության մյուս մասնակցից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը դատավարության որևէ մասնակցի չի կարող ծանրաբեռնել այնպիսի պարտավորությամբ, որը չի առաջացել դատավարության տվյալ մասնակցի կատարած գործողությունների արդյունքում:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Այման Ուաժանովան, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Գևորգ Թորամանյանի և Սեդրակ Առուստամյանի միջև 14.03.2011 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 21.03.2011 թվականի թիվ 2/11-Լ համարի տակ գրանցված արձանագրությունը, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնի տարածքային բաժնի կողմից գրանցված Ընկերության կանոնադրության թիվ 001.3 փոփոխությունը, ինչպես նաև ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Ընկերության 1/2 բաժնեմասի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ Ընկերության 1/2 բաժնեմասը համարում է իր ու Գևորգ Թորամանյանի համատեղ սեփականությունը և վերջինս չէր կարող առանց իր համաձայնության երրորդ անձի հետ կնքել բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր։
Դատարանը, 05.08.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «Սույն գործով ձեռք բերված ապացույցների հետազոտմամբ Դատարանը հաստատված համարեց, որ վիճելի՝ «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը ձեռք է բերվել հայցվոր Այման Ուաժանովայի և Գևորգ Թորամանյանի համատեղ ամուսնության ընթացքում: Դատարանը հաստատված համարեց նաև այն փաստը, որ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի օտարմանը չի մասնակցել սույն գործով պատասխանողը, ինչի արդյունում խախտվել է նրա՝ որպես սեփականատիրոջ, իր հայեցողությամբ իր գույքը տնօրինելու իրավունքը: (…) Փաստորեն, Հայցվորը հանդիսանալով պատշաճ սուբյեկտ վիճելի բաժնեմասի առուվաճառքի իրավահարաբերությունների ծագման մասով, իր բաժնեմասի օտարման կամք չի դրսևորել, որը կառարկայանար համապատասխան պայմանագրի կնքմամբ, հետևաբար այլ անձանց կողմից առուվաճառքի պայմանագրի կնքումը, սույն դեպքում համարվում է օրենքի խախտմամբ կնքված գործարք, ինչն էլ իր հերթին հանգեցնում է կնքված գործարքի անվավերության: Վերոգրյալի հաշվառմամբ, դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր է, քանի որ վիճելի անշարժ գույքը ձեռք է բերվել համատեղ կյանքի ընթացքում, իսկ վիճարկվող առուվաճառքի պայմանագիրը կնքվել է համատեղ կյանքում ձեռք բերված գույքի վերաբերյալ և ամուսիններից մեկը, սույն գործով հայցվորը, չի տվել իր համաձայնությունը, «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի զ-րդ բաժնեմասը վաճառելու համար: Հետևաբար Դատարանը գտնում է, որ վերը նշված հոդվածի ուժով պետք է անվավեր ճանաչել Կևորկ-Սարկիս Թորամանյանի /որպես լիազորված անձ հանդես է եկել Հակոբ Վարազդատի Գասպարյանը/ և Սեդրակ Գագիկի Առուստամյանի միջև 14.03.2011թ.-ին կնքված /Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ռոզա Սահակյան/ սեղանամատյանի 804 համարի տակ գրանցված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը»:
Վերաքննիչ դատարանը, 26.05.2023 թվականի որոշմամբ հիմնավոր է համարել Սեդրակ Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի և Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի փաստարկները այն պատճառաբանությամբ, որ (․․․) «Գևորգ Թորամանյանը «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի հիմնադրման արդյունքում դարձել է այդ ընկերության 50% բաժնեմասի սեփականատեր։ Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Այման Ուաժանովան, այդ բաժնեմասը համարելով որպես ամուսնության ընթացքում ձեռք բերված և, ըստ այդմ, համատեղ սեփականություն հանդիսացող գույք, կարող էր սեփականության հավակնություններ ունենալ ոչ թե անմիջապես բաժնեմասի նկատմամբ, այլ միայն բաժնեմասի միջոցով ստացվող այլ գույքի նկատմամբ։ Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործով ներկայացված չեն ապացույցներ այն մասին, որ Այման Ուաժանովան սույն գործով հավակնում է բաժնեմասի միջոցով ստացվող այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման, ընդհակառակը սույն գործով վերջինս հայցադիմումով ակնկալում է Դատարանից հիշատակված բաժնեմասի օտարման պայմանագիրն անվավեր ճանաչելու արդյունքում դառնալ այդ բաժնեմասի ½ սեփականատեր, որպիսի իրավական հնարավորությունը վերը նշված պատճառաբանությամբ, մասնավորապես թիվ ԵԿԴ/4634/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2021թ․ կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հիմքով բացակայում է։ Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել թիվ ԵԿԴ/4634/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2021թ․ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ կորպորատիվ տեսանկյունից բաժնեմասը չի կարող համարվել ընդհանուր համատեղ սեփականություն՝ նկատի ունենալով, որ ամուսինը չի կարող համարվել ընկերության մասնակից օրենքի ուժով՝ առանց ընկերության մյուս մասնակիցների համաձայնության և առանց ընկերության հանդեպ պարտականությունների կատարման և անհիմն կերպով եզրահանգել է, որ Այման Ուաժանովայի իրավունքն ամբողջ ծավալով տարածվում է Գևորգ Թորամանյանի հենց բաժնեմասի նկատմամբ։ Ավելին, Դատարանը անհիմն կերպով հաստատված է համարել, որ Գևորգ Թորամանյանի կողմից «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի բաժնեմասի օտարումը համատեղ սեփականություն հանդիսացող գույքի տնօրինում է, որն իրականացվել է առանց Այման Ուաժանովայի համաձայնության։ Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը սույն որոշմամբ արտահատված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ եզրահանգում է, որ տվյալ դեպքում Դատարանը պետք է ղեկավարվեր «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի մեկնաբանման արդյունքում թիվ ԵԿԴ/4634/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2021 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշմամբ, մինչդեռ Դատարանը կիրառել է Քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածը, որը չէր կարող կիրառվել։ Հետևաբար՝ վերաքննիչ բողոքի այն փաստարկը, համաձայն որի՝ Սեդրակ Առուստամյանը չգիտեր և պարտավոր չէր իմանալու Գևորգ Թորամանյանի և Այման Ուաժանովայի ամուսնության մասին և, ըստ այդմ, օտարվող բաժնեմասը «ընդանուր համատեղ սեփականություն» հանդիսանալու մասին հիմնավոր է»։
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում արձանագրել, որ նշված հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը և պատճառաբանությունները բխում են թիվ ԵԿԴ/4634/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2021 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների առանձնահատկություններից, մասնավորապես՝ դրա կառավարման ու կորպորատիվ իրավունքների իրացման, մասնակիցների առավել սերտ գործընկերային հարաբերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների` իրավաբանական անձի ավելի պարզ կազմակերպաիրավական ձևից:
Գևորգ Թորամանյանն իրեն պատկանող բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը կնքելիս պարտավոր չէր ունենալու Այման Ուաժանովայի համաձայնությունը միայն այն պատճառաբանությամբ, որ այդ բաժնեմասը ձեռք էր բերվել իրենց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում: Այման Ուաժանովան կորպորատիվ տեսանկյունից չէր կարող համարվել Ընկերության 1/2 բաժնեմասի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք ունեցող անձ` նկատի ունենալով, որ ամուսինը չի կարող համարվել ընկերության մասնակից օրենքի ուժով` առանց ընկերության մյուս մասնակիցների համաձայնության և առանց ընկերության հանդեպ պարտականությունների կատարման: Այման Ուաժանովան կարող էր հավակնություններ ունենալ միայն բաժնեմասի միջոցով ձեռք բերվող այլ գույքի` Ընկերության գործունեությունից ստացվող շահույթի, ընկերության լուծարումից հետո ստացվող գույքի, բաժնեմասի օտարման դիմաց ստացվող հատուցման, իսկ ընդհանուր քաղաքացիաիրավական իմաստով` ամուսինների համատեղ գույքը բաժանելու կամ ժառանգման կարգով բաժնեմասը փոխանցվելու, ինչպես նաև ոչ կորպորատիվ բնույթի այլ իրավունքների դեպքերում:
Վերը շարադրվածի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունները՝ վճռաբեկ բողոքն այս մասով դիտարկելով անհիմն:
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին՝ Վերաքննիչ դատարանը նշել է․ «Տվյալ դեպքում գործով այլ դատական ծախսերի բռնագանձման պահանջ չի ներկայացվել, բողոքաբերները նախապես վճարել են վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի գումարները, հետևաբար՝ վերաքննիչ բողոքի մասնակի բավարարման հետևանքով դատական ակտի բեկանման և փոփոխման՝ հայցի մերժման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Այման Ուաժանովայից հօգուտ Սեդրակ Գարիկի Առուստամյանի, Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի պետք է բռնագանձել 120,000.00 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումարներ»։
Հիմք ընդունելով դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերը շարադրված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքը հաշվարկելիս պետք է պարզել, թե բավարարված հայցապահանջների մեջ առկա՞ է արդյոք ածանցյալ պահանջ, որի համար պետական տուրք չի գանձվում։ Դիմելով դատարան՝ Այման Ուաժանովան պահանջել է․
1) ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Ընկերության 1/2 բաժնեմասի նկատմամբ,
2) անվավեր ճանաչել Գևորգ Թորամանյանի և Սեդրակ Առուստամյանի միջև 14.03.2011 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը,
3) անվավեր ճանաչել Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 21.03.2011 թվականի թիվ 2/11-Լ համարի տակ գրանցված արձանագրությունը,
4) անվավեր ճանաչել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնի տարածքային բաժնի կողմից գրանցված Ընկերության կանոնադրության թիվ 001.3 փոփոխությունը:
Վերլուծության ենթարկելով Այման Ուաժանովայի կողմից ներկացրած պահանջները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերջինիս կողմից ներկայացվել են չորս ոչ դրամական պահանջներ, որոնցից երկուսն են հանդիսանում հիմնական, այն է՝ ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Ընկերության 1/2 բաժնեմասի նկատմամբ և անվավեր ճանաչել Գևորգ Թորամանյանի ու Սեդրակ Առուստամյանի միջև 14.03.2011 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը: Ինչ վերաբերում է Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 21.03.2011 թվականի թիվ 2/11-Լ համարի տակ գրանցված արձանագրությունը և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնի տարածքային բաժնի կողմից գրանցված Ընկերության կանոնադրության թիվ 001.3 փոփոխությունն անվավեր ճանաչելու պահանջներին, ապա դրանք ածանցվում են Ընկերության 1/2 բաժնեմասի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներից, քանի որ վերը նշված պահանջները բավարարելու դեպքում դրանք ենթակա են անվերապահ բավարարման: Անհնարին է անվավեր ճանաչել Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 21.03.2011 թվականի թիվ 2/11-Լ համարի տակ գրանցված արձանագրությունը, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնի տարածքային բաժնի կողմից գրանցված Ընկերության կանոնադրության թիվ 001.3 փոփոխությունը, առանց Ընկերության 1/2 բաժնեմասի նկատմամբ Այման Ուաժանովայի համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և Գևորգ Թորամանյանի ու Սեդրակ Առուստամյանի միջև 14.03.2011 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն առանձնահատուկ կարգավորել է այն դեպքը, երբ հիմնական պահանջից բացի, ներկայացված են նաև ածանցյալ պահանջներ` սահմանելով, որ եթե հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման նաև ածանցյալ պահանջները, ապա վերջիններիս համար պետական տուրք չի գանձվում։ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ պատճառաբանություններից բխում է, որ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրությունը և կանոնադրության փոփոխությունն անվավեր ճանաչելու պահանջներն իրենց բնույթով ածանցյալ են, ուստիև դրանց համար պետական տուրք չի գանձվում։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ Սեդրակ Առուստամյանը, Գագիկ Ծառուկյանը և Ընկերությունը, մեկ փաստաթուղթ կազմելով, Դատարանի 05.08.2022 թվականի վճռի դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք՝ ներկայացնելով ընդամենը մեկ պահանջ՝ բեկանել Դատարանի 05.08.2022 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության (հատոր 4-րդ, գ.թ. 6-22): Նրանից ոչ մեկն առանձին, տարբերվող ակնկալիք չի ունեցել, և նրանց պահանջի բավարարումը կամ մերժումն ունենալու էր նույն իրավական հետևանքները բոլորի համար, քանի որ նրանք ունեցել են ընդհանուր շահ ու նրանցից յուրաքանչյուրը չէր կարող պարտավորություն ունենալ վճարելու պետական տուրքի գումարն առանձին-առանձին:
Հաշվի առնելով վերը նշված վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն այս մասով հիմնավոր է համարում բողոք բերած անձի փաստարկները և գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ և 103‑րդ հոդվածների ու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի խախտում՝ Այման Ուաժանովայից ամբողջությամբ բռնագանձելով Սեդրակ Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի և Ընկերության կողմից ավել վճարված պետական տուրքի գումարը: Փոխարենը Վերաքննիչ դատարանը պետք է Այման Ուաժանովայից բռնագանձեր միայն երկու ոչ դրամական հիմնական պահանջների համար վճարված պետական տուրքի գումարը, իսկ ավել վճարված մասը վերադարձներ վերաքննիչ բողոք ներկայացրած անձանց:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390‑րդ հոդվածի 3‑րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 26․05․2023 թվականի որոշումը մասնակիորեն՝ դատական ծախսերի մասով բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3‑րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը մասնակիորեն՝ դատական ծախսերի մասով փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները` Ընկերության 1/2 բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի վերաբերյալ, հիմնավորվում են, իսկ դատական ծախսերի բաշխման հարցի վերաբերյալ փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով։
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով։
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի քսանապատիկի չափով։
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի 26․05․2023 թվականի որոշումը մասնակիորեն՝ դատական ծախսերի մասով, բեկանման և փոփոխման, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ․
- Այման Ուաժանովայի կողմից հայցադիմումը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված գումարը նախապես վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի հարցն այդ մասով պետք է համարել լուծված․
- Այման Ուաժանովայից հօգուտ Սեդրակ Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի և Ընկերության պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ու Սեդրակ Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի և Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ նկատի ունենալով նաև այն, որ Սեդրակ Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի և Ընկերության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարել է 120․000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, որից միայն 20.000 ՀՀ դրամը՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար, ուստի մնացած 100.000 ՀՀ դրամը պետք է վերադարձնել վերջիններիս որպես ավել վճարված պետական տուրքի գումար․
- Այման Ուաժանովան վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարել է 40․000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, ուստի դատական ծախսերի հարցն այդ մասով պետք է համարել լուծված։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2023 թվականի որոշումը մասնակիորեն՝ Այման Ուաժանովայից հօգուտ Սեդրակ Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի 120.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելու մասով, բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. Այման Ուաժանովայից հօգուտ Սեդրակ Առուստամյանի, Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Ակվամարին» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար։ Մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2023 թվականի որոշումը թողնել անփոփոխ։
2. Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
|
Նախագահող |
Գ. Հակոբյան |
|
Զեկուցող |
Ս. Մեղրյան |
|
Ա. Աթաբեկյան | |
|
Ն. Հովսեփյան | |
|
Ա. Մկրտչյան | |
|
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական: