ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/54054/02/22 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.04.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.01.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի

քաղաքացիական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54054/02/22

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54054/02/22

2026 թ.

 

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

 

Ա. Աթաբեկյան

 

Ն. Հովսեփյան

 

Ս. Մեղրյան

  Ա. Մկրտչյան
 

Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան

 

2026 թվականի հունվարի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ «Հայլեվել» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) բողոքը քաղաքացիական գործով ըստ Ընկերության հայցի ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) և «Վի Առ Էյչ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)` արձանագրությունն ու մրցույթը մասնակիորեն անվավեր ճանաչելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը հայցի առարկայի և հիմքի փոփոխության արդյունքում պահանջել է «անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված *1****** հասցեում գտնվող ***2 քմ մակերեսով շենք շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված ******3 քմ մակերեսով հողամասի՝ մրցույթով օտարման արդյունքի ամփոփման» 06.10.2022 թվականի թիվ 2 արձանագրությունը «Հայլեվել» ՍՊԸ-ի հայտը մերժելու և մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու մասով, պարտավորեցնել «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը բավարարել և տալ մասնակցի կարգավիճակ, ինչպես նաև անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված *************4 հասցեում գտնվող ****5* քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված *****6 քմ մակերեսով հողամասի մրցույթը` «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչելու մասով»։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.05.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.05.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդ. Սեդրակյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Կարեն Հակոբյան):

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Արսեն Հարությունյան):

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխան է ներկայացրել նաև Կոմիտեն:

 

2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սահմանադրական դատարանի 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1790 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք է, քանի որ այդ որոշմամբ սույն քաղաքացիական գործով դատարանների կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը՝ Կառավարության 15.04.2021 թվականի թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված կարգի 29-րդ կետը, որի կիրառումը հանգեցրել է Ընկերության հայցը մերժելուն, ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով վերանայել թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում բեկանել թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2023 թվականի որոշումը և փոփոխել այն հետևյալ կերպ. բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.05.2023 թվականի վճիռը և փոփոխել այն՝ «Հայլեվել» ՍՊԸ-ի հայցը բավարարել»:

 

2.1  Կազմակերպության կողմից ներկայացված բողոքի պատասխանի հիմքը և հիմնավորումը

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ընկերության պահանջը հիմնավորված է, առկա է բողոքը վարույթ ընդունելու հիմքը, սակայն մնացած մասով բողոքի պահանջն անհիմն է, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից հայցը բավարարելու արդյունքում Կազմակերպությունը կզրկվի անբարենպաստ ելքով եզրափակիչ դատական ակտը որևէ վերադաս դատական ատյան բողոքարկելու՝ դատարանի մատչելիության իրավունքից, ինչն անթույլատրելի է։

Ընկերության կողմից մրցութային հանձնաժողովին ներկայացված հայտում և կից փաստաթղթերում առկա չէ վաճառքի ներկայացված գույքի գնի վերաբերյալ իրական առաջարկը, առանց որի հաղթողի որոշման էական այդ պայմանի շտկումն օբյեկտիվորեն անհնար է, քանի որ այդ բացը չի կարող լրացվել դատական ակտով։

Վերանայման բողոքում Ընկերության մատնանշած հանգամանքը քաղաքացիադատավարական իմաստով նոր հանգամանք չէ՝ պատասխանում նշված հիմնավորումներով։

 

2.2 Կոմիտեի կողմից ներկայացված բողոքի պատասխանի հիմքը և հիմնավորումը

Կոմիտեի գործողությունները մրցույթի ընթացքում եղել են իրավաչափ և հիմնված գործող օրենսդրության իմպերատիվ պահանջների վրա։

Սահմանադրական դատարանի որոշումը չի ստեղծում հայցի ինքնաշխատ բավարարման հիմք և պահանջում է փաստերի համակողմանի քննություն։

Սահմանադրական դատարանի որոշման ազդեցությունը հետադարձ ուժ չունի և պետք է տարածվի դրա ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպվող մրցույթների վրա՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո:

Կառավարության համապատասխան որոշումները մինչև օրս գործող իրավական ակտեր են, դատական կարգով չեն վերացվել և անվավեր չեն ճանաչվել։

Եթե Վճռաբեկ դատարանը գտնի, որ գործը ենթակա է բեկանման, ապա այն պետք է ուղարկվի ստորադաս դատարան նոր քննության։ Դատական ակտի բեկանումը կրելու է խիստ ձևական բնույթ, իսկ մրցույթի արդյունքների վերանայումը կխախտի հավասարության, մրցակցության սկզբունքները և բարեխիշճ հաղթողի իրավունքները:

 

3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կոմիտեի և Կազմակերպության՝ պահանջելով «անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված ********7 հասցեում գտնվող *****8 քմ մակերեսով շենք շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված *****9 քմ մակերեսով հողամասի՝ մրցույթով օտարման արդյունքի ամփոփման» 06.10.2022 թվականի թիվ 2 արձանագրությունը «Հայլեվել» ՍՊԸ-ի հայտը մերժելու և մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու մասով, պարտավորեցնել «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը բավարարել և տալ մասնակցի կարգավիճակ, ինչպես նաև անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված քաղաք *********10 հասցեում գտնվող ******11 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված *****12 քմ մակերեսով հողամասի մրցույթը` «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչելու մասով» (հատոր 2-րդ, գ.թ. 63-65).

2) Դատարանը, նշելով նաև, որ «քննության ենթակա իրավահարաբերությունը հանդիսանում է պետության սեփականությանը պատկանող գույքի՝ մրցույթի եղանակով օտարման իրավահարաբերություն, որի նկատմամբ կիրառելի են հանդիսանում (...) ՀՀ կառավարության 15 ապրիլի 2021թ. «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) և դրա թիվ 3 հավելվածի (այսուհետ՝ նաև Հավելված) կարգավորումները», «Անդրադառնալով Հայցվորի կողմից վկայակոչված մյուս հիմքերին՝ կապված գնային առաջարկի և փաստաթղթերի ներկայացման պահանջի, հետ, Դատարանը գտնում է, որ հիմնական կարգավորումներ են հանդիսանում՝ (...) - Հավելվածի 29-րդ կետը, որի համաձայն՝ եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ մրցույթի համար սահմանված պայմանների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է», և արձանագրելով, որ «հաշվի առնելով գնային առաջարկի մասով փաստի վերաբերյալ իրավակարգավորումները, որի պարագայում հնարավորություն չի ընձեռվում շտկել անհմապատասխանությունը, քննարկվող փաստը չի կարող հանգեցնել Հավելվածի 29-րդ կետով սահմանված խախտման», եզրահանգել է, որ «ներկայացված է ակնհայտ անհիմն հայց, (...) որից ելնելով Դատարանը որոշել է գործը քննել արագացված դատաքննության կարգով՝ ՔԴՕ 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով։ (...) արագացված դատաքննության որոշումից հետո ի հայտ չեն եկել ՔԴՕ 306-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու հիմքերը: Հաշվի առնելով նշված փաստական հիմքերը, Դատարանը գտնում է, որ դրանք բավարար են արձանագրելու ակնհայտ անհիմն հայց ներկայացված լինելու հանգամանքը, այն է՝ Հայցվորի կողմից վկայակոչված փաստական հիմքերը՝ անկախ դրանց ապացուցված լինելու հանգամանքից, չեն հանգեցնում հայցապահանջի բավարարման, այսինքն՝ հայցն անհիմն է և ենթակա է մերժման» (հատոր 2-րդ, գ.թ. 96-107).

3) Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նաև Կառավարության 15.04.2021 թվականի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված՝ պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) 29-րդ կետը, արձանագրել է, որ «գնային առաջարկով կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշները վերջնական են, դրանց վերաբերյալ անհամապատասխանությունները շտկման ենթակա չեն, իսկ հայտատուներին մրցույթի մասնակցի կարգավիճակ է տրվում միայն այն դեպքում, երբ ներկայացված հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին», «գույքի վաճառքի գնի սյունակում Հայցվորի կողմից առաջարկվել է Կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն գնից՝ 2.207.670.000 ՀՀ դրամից պակաս չափով գումար, ինչը հանգեցնում է Հավելվածի 29-րդ կետի իմպերատիվ պահանջի կիրառմանը, այն է՝ եթե անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա նշված թերությունը վերացնելու հնարավորություն հայտը ներկայացնող կողմին չի տրամադրվում», «Վերոգրյալը հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 3 hավելվածով հաստատված կարգի 29-րդ կետի հիման վրա Հայցվորի հայտը մերժելու, նրան մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու և Պատասխանողին հաղթող ճանաչելու համար», «Նշված փաստերը հերքող ապացույցներ Հայցվորի կողմից չեն ներկայացվել, ինչն ակնհայտ անհիմն է դարձնում ներկայացված հայցը և հետևապես այդ հիմքով հայցը մերժելու կապակցությամբ Դատարանին որևէ խախտում վերագրվել չի կարող» (հատոր  3-րդ, գ.թ. 50-56).

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը քննել է բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմքի և հիմնավորման շրջանակներում՝ պայմանավորված Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ ու 169-րդ հոդվածների կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ, ինչպես նաև՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքի ու հիմնավորումների շրջանակներում՝ պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 63-րդ, 64-րդ, 304-րդ և 306-րդ հոդվածների այնպիսի խախտում թույլ տալով, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, պատճառաբանելով, որ հիմնավորված չի համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածների կիրառման կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայության վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը, քանի որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում բացակայում է նշված նորմերը զարգացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ,  63-րդ, 64-րդ, 304-րդ ու 306-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, եզրահանգել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման (հատոր 4-րդ, գ.թ. 15-20).

5) Սահմանադրական դատարանը 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1790 որոշմամբ Ընկերության դիմումի հիման վրա ստորադաս դատարանների կողմից կիրառված Կարգի 29-րդ կետն այնքանով, որքանով բացառում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձևական անհամապատաս­խանու­թյունը (վրիպակը) շտկելու հնարավորությունը, ճանաչել է Սահմանադրության 59 և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ միաժամանակ նշելով, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն`  նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող են վերանայվել նաև Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ նաև գործին մասնակցող անձանց բողոքի հիման վրա։

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավակարգավորմամբ օրենսդիրը որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել նաև Սահմանադրական դատարանի կողմից տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը:

Միևնույն ժամանակ վերը նշված հիմքով դատական ակտը վերանայելու համար օրենսդիրը նախատեսել է եռամսյա ժամկետ՝ դրա հաշվարկի սկիզբը համարելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրը։

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ցանկացած վերանայում դրանց կայունության և անփոփոխելիության, կամ որ այն է՝ իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի խախտում է: Մինչդեռ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, երբ առկա են res judicata սկզբունքի հանդեպ գերակա հանգամանքներ, այդ սկզբունքից շեղվելը և օրինական ուժի մեջ մտած ակտերը վերանայելն արդարացված է՝ պայմանով, որ այդ վերանայումը հետապնդի դատական էական սխալներն ուղղելու, արդարադատության չարաշահումները վերացնելու նպատակ։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կոմիտեի և Կազմակերպության՝ պահանջելով «անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված ************13 հասցեում գտնվող ******14 քմ մակերեսով շենք շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված15 ***** քմ մակերեսով հողամասի՝ մրցույթով օտարման արդյունքի ամփոփման» 06.10.2022 թվականի թիվ 2 արձանագրությունը «Հայլեվել» ՍՊԸ-ի հայտը մերժելու և մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու մասով, պարտավորեցնել «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը բավարարել և տալ մասնակցի կարգավիճակ, ինչպես նաև անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված քաղաք ****************16 հասցեում գտնվող ******17 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված ******18 քմ մակերեսով հողամասի մրցույթը` «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչելու մասով»։

Դատարանը, նշելով նաև, որ «քննության ենթակա իրավահարաբերությունը հանդիսանում է պետության սեփականությանը պատկանող գույքի՝ մրցույթի եղանակով օտարման իրավահարաբերություն, որի նկատմամբ կիրառելի են հանդիսանում (...) ՀՀ կառավարության 15 ապրիլի 2021թ. «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետու-թյան կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) և դրա թիվ 3 հավելվածի (այսուհետ՝ նաև Հավելված) կարգավորումները», «Անդրադառնալով Հայցվորի կողմից վկայակոչված մյուս հիմքերին՝ կապված գնային առաջարկի և փաստաթղթերի ներկայացման պահանջի, հետ, Դատարանը գտնում է, որ հիմնական կարգավորումներ են հանդիսանում՝ (...) Հավելվածի 29-րդ կետը, որի համաձայն՝ եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ մրցույթի համար սահմանված պայմանների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է», և արձանագրելով, որ «հաշվի առնելով գնային առաջարկի մասով փաստի վերաբերյալ իրավակարգավորումները, որի պարագայում հնարավորություն չի ընձեռվում շտկել անհմապատասխանությունը, քննարկվող փաստը չի կարող հանգեցնել Հավելվածի 29-րդ կետով սահմանված խախտման», եզրահանգել է, որ «ներկայացված է ակնհայտ անհիմն հայց, (...) որից ելնելով Դատարանը որոշել է գործը քննել արագացված դատաքննության կարգով՝ ՔԴՕ 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով։ (...) արագացված դատաքննության որոշումից հետո ի հայտ չեն եկել ՔԴՕ 306-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու հիմքերը: Հաշվի առնելով նշված փաստական հիմքերը, Դատարանը գտնում է, որ դրանք բավարար են արձանագրելու ակնհայտ անհիմն հայց ներկայացված լինելու հանգամանքը, այն է՝ Հայցվորի կողմից վկայակոչված փաստական հիմքերը՝ անկախ դրանց ապացուցված լինելու հանգամանքից, չեն հանգեցնում հայցապահանջի բավարարման, այսինքն՝ հայցն անհիմն է և ենթակա է մերժման»։

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նաև Կարգի 29-րդ կետը, արձանագրել է, որ «գնային առաջարկով կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշները վերջնական են, դրանց վերաբերյալ անհամապատասխանությունները շտկման ենթակա չեն, իսկ հայտատուներին մրցույթի մասնակցի կարգավիճակ է տրվում միայն այն դեպքում, երբ ներկայացված հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին», «գույքի վաճառքի գնի սյունակում Հայցվորի կողմից առաջարկվել է Կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն գնից՝ 2.207.670.000 ՀՀ դրամից պակաս չափով գումար, ինչը հանգեցնում է Հավելվածի 29-րդ կետի իմպերատիվ պահանջի կիրառմանը, այն է՝ եթե անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա նշված թերությունը վերացնելու հնարավորություն հայտը ներկայացնող կողմին չի տրամադրվում», «Վերոգրյալը հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 3 hավելվածով հաստատված կարգի 29-րդ կետի հիման վրա Հայցվորի հայտը մերժելու, նրան մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու և Պատասխանողին հաղթող ճանաչելու համար», «Նշված փաստերը հերքող ապացույցներ Հայցվորի կողմից չեն ներկայացվել, ինչն ակնհայտ անհիմն է դարձնում ներկայացված հայցը և հետևապես այդ հիմքով հայցը մերժելու կապակցությամբ Դատարանին որևէ խախտում վերագրվել չի կարող»։

Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը, որի վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի որոշմամբ մերժվել է: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը քննել է բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմքի և հիմնավորման շրջանակներում՝ պայմանավորված Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ ու 169-րդ հոդվածների կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ, ինչպես նաև՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքի ու հիմնավորումների շրջանակներում՝ պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 63-րդ, 64-րդ, 304-րդ և 306-րդ հոդվածների այնպիսի խախտում թույլ տալով, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, պատճառաբանելով, որ հիմնավորված չի համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածների կիրառման կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայության վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը, քանի որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում բացակայում է նշված նորմերը զարգացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ,  63-րդ, 64-րդ, 304-րդ ու 306-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, եզրահանգել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման։

Ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1790 որոշմամբ ստորադաս դատարանների կողմից կիրառված Կարգի 29-րդ կետն այնքանով, որքանով բացառում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձևական անհամապատաս­խանու­թյունը (վրիպակը) շտկելու հնարավորությունը, ճանաչել է Սահմանադրության 59 և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ միաժամանակ նշելով, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10‑րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով:

Այժմ Ընկերությունը ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ բողոք՝ պատճառաբանելով, որ Սահմանադրական դատարանի 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1790 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք է, քանի որ այդ որոշմամբ սույն քաղաքացիական գործով դատարանների կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը՝ Կառավարության 15.04.2021 թվականի թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված Կարգի 29-րդ կետը, որի կիրառումը հանգեցրել է Ընկերության հայցը մերժելուն, ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր։

Նման պայմաններում, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 21.02.2024 թվականին «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանի 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1790 որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված Կարգի 29-րդ կետը չի կիրառել, այնուամենայնիվ, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի նույն որոշման 2-րդ կետը, որով արձանագրվել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով, ինչպես նաև այն, որ նույն օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, Վճռաբեկ դատարանը բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք նշել է նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը՝ պատճառաբանելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նաև Կարգի 29-րդ կետի խախտում՝ ներկայացնելով դրա վերաբերյալ հիմնավորումներ։

Հիմք ընդունելով վճռաբեկ բողոքում նշված վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները, բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները, Սահմանադրական դատարանի 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1790 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն ու եզրահանգումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ:

 

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխաններում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ, 408-րդ, 419-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ «Հայլեվել» ՍՊԸ-ի բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

____________________

1 Առկա է անձնական տվյալ։

2 Առկա է անձնական տվյալ։

3 Առկա է անձնական տվյալ։

4 Առկա է անձնական տվյալ։

5 Առկա է անձնական տվյալ։

6 Առկա է անձնական տվյալ։

7 Առկա է անձնական տվյալ։

8 Առկա է անձնական տվյալ։

9 Առկա է անձնական տվյալ։

10 Առկա է անձնական տվյալ։

11 Առկա է անձնական տվյալ։

12 Առկա է անձնական տվյալ։

13 Առկա է անձնական տվյալ։

14 Առկա է անձնական տվյալ։

15 Առկա է անձնական տվյալ։

16 Առկա է անձնական տվյալ։

17 Առկա է անձնական տվյալ։

18 Առկա է անձնական տվյալ։

 

Նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

 

Ա. Աթաբեկյան

 

Ն. Հովսեփյան

 

Ս. Մեղրյան

  Ա. Մկրտչյան
  Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական: